Գլխավոր տեղեկություն
Համար
N 381-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (23.06.2011-17.04.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.04.20/23(395) Հոդ.465
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2005 թվականի N 381-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՊԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը և դրանցում երեխաների տեղավորման չափանիշները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների տիպերը սահմանելու, «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2179-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

ա) որոշման 3-րդ կետը «նվազագույնի յուրացման ապահովմամբ» բառերից հետո լրացնել «ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնամքի և պաշտպանության ապահովումը» բառերով.

բ) հանել որոշման 4-րդ կետի «զ» ենթակետը և որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության 25-րդ կետի «գ» ենթակետը.

գ) որոշման 4-րդ կետի «է» ենթակետում և որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության 25-րդ կետի «դ» ենթակետում ու 27-րդ կետում «սոցիալապես վտանգավոր վարք ունեցող երեխաների» բառերը փոխարինել «հակասոցիալական վարք ունեցող երեխաների» բառերով:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկի և դրանցում երեխաների տեղավորման չափանիշների 1, 2, 3, 4, 5, 6 և 7-րդ կետերով սահմանված յուրաքանչյուր հաստատության տիպի համար բժշկական հակացուցումների ցանկը համատեղ հաստատում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարն ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մինչև 2005 թվականի օգոստոսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները մինչև 2007 թվականի ավարտը վերակազմակերպելու, ինչպես նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ ստեղծելու վերաբերյալ առաջարկություն և ժամանակացույց:

(4-րդ կետը փոփ. 23.06.05 N 819-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 30
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 381-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՊԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

ԲԱԺԻՆ I. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՊԵՐԸ

1. Մանկատներ` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, որոնք իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը` մինչև նրանց 18 տարին լրանալը կամ մինչև կենսաբանական ընտանիք վերադարձնելը, կամ որդեգրման հանձնելը, կամ խնամակալություն, կամ հոգաբարձություն սահմանելը, կամ խնամատար ընտանիքում տեղավորելը: Մանկատները լինում են ընդհանուր, մասնագիտացված և ընտանեկան տիպերի։

Ընդհանուր տիպի մանկատներ, որոնք դասակարգվում են ըստ հետևյալ տարիքային խմբերի`

ա) մինչև 6 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն,

բ) 6-18 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն,

գ) մինչև 18 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն:

Մասնագիտացված մանկատներ, որոնք իրականացնում են հատուկ կարիքավոր երեխաների խնամքն ու դաստիարակությունը և դասակարգվում են ըստ հետևյալ տարիքային խմբերի`

ա) մինչև 6 տարեկան երեխաների մասնագիտացված մանկատուն,

բ) 6-18 տարեկան երեխաների մասնագիտացված մանկատուն:

Ընտանեկան տիպի մանկատներ, որոնք իրականացնում են 3-23 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած և նրանց թվին պատկանող երեխաների խնամքը` ըստ հետևյալ տարիքային խմբերի`

ա) մանկական տան փուլ` իրականացնում է 3-13 տարեկանների խնամքը` 8 երեխայից ոչ ավելի խմբերով, ընտանիքների միջոցով (փոխարինող ընտանիքներ), ղեկավարվում են ոչ կենսաբանական մոր/ծնողների կողմից.

բ) երիտասարդական տան փուլ` իրականացնում է 13-18 տարեկանների խնամք` 8 երեխայից ոչ ավելի խմբերով.

գ) կիսաանկախ բնակության փուլ, որը կազմակերպում է 18-23 տարեկանների խնամքը` բնակարաններ վարձակալելու, համապատասխան մասնագետների հսկողությամբ նրանց խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելու, ինչպես նաև ուսման և աշխատանքի հարցերում աջակցելու:

(1-ին կետը փոփ., լրաց. 02.06.11 N 804-Ն)

2. Երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատություն` բուժական հաստատություն, որն իրականացնում է հատուկ կարիքավոր երեխաների բուժումը, խոսքի խանգարումների շտկումը, այլ համալիր վերականգնողական միջոցառումներ, տրամադրում է հոգեբանական աջակցություն, ինչպես նաև բուժման ընթացքում կազմակերպում երեխաների ուսումնադաստիարակչական աշխատանքները:

3. Երեխաների աջակցության կենտրոն` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, որն իրականացնում է` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ժամանակավոր խնամքը, այդ երեխաների և նրանց ընտանիքների անդամների սոցիալ-հոգեբանական վերականգնողական աշխատանքները մինչև երեխային ծնողին վերադարձնելը կամ երեխայի նկատմամբ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը, իսկ դրա անհնարինության դեպքում` մանկատանը տեղավորելը:

(3-րդ կետը խմբ. 02.06.11 N 804-Ն)

4. Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, որն իրականացնում է ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված, սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ ներկայացված սոցիալապես անապահով ընտանիքի երեխաների խնամքը և դաստիարակությունը:

5. Երեխաների խնամքի ցերեկային հաստատություն, որն իրականացնում է երեխաների խնամքի, սոցիալ-հոգեբանական, կրթական և դաստիարակչական աշխատանքները:

6. Երեխաների նախադպրոցական հաստատություն` ուսումնական հաստատություն, որն իրականացնում է մինչև 6 տարեկան երեխաների խնամքը, ինչպես նաև «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործառույթները:

Երեխաների նախադպրոցական հաստատությունները դասակարգվում են ըստ հետևյալ տիպերի`

ա) մսուր-մանկապարտեզներ,

բ) մանկապարտեզներ։

7. Պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ, որոնք ապահովում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը և խնամքը: Ելնելով երեխաների մտավոր և ֆիզիկական զարգացման առանձնահատկություններից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշմամբ սահմանվել են պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների հետևյալ տիպերը`

ա) լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն.

բ) տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն.

գ) խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն.

դ) հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն.

ե) մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ (օժանդակ) հանրակրթական ուսումնական հաստատություն.

զ) հակասոցիալական վարք ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն.

է) արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն:

ԲԱԺԻՆ II. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

8. Ընդհանուր տիպի մանկատուն և ընտանեկան տիպի մանկատուն կարող են ըստ տարիքային խմբերի տեղավորվել հետևյալ չափանիշներով մինչև 18 տարեկան այն երեխաները, որոնց ծնողները կամ միակ ծնողը (այսուհետ` ծնողներ)`

ա) մահացել են,

բ) զրկված են ծնողական իրավունքից,

գ) ինքնակամ հրաժարվել են ծնողական պարտականությունների կատարումից և տվել են որդեգրման մասին գրավոր համաձայնություն,

դ) անհայտ են (ընկեցիկ երեխաներ),

ե) դատարանի կողմից ճանաչված են անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած,

զ) չունեն երեխային խնամելու և դաստիարակելու հնարավորություն` ազատազրկման ձևով պատիժը կրելու կամ նախնական քննության ընթացքում կալանքի տակ գտնվելու պատճառով,

է) խուսափում են երեխայի դաստիարակությունից կամ նրա իրավունքների և շահերի պաշտպանությունից։

(8-րդ կետը լրաց. 02.06.11 N 804-Ն)

9. Մասնագիտացված մանկատուն կարող են ըստ տարիքային խմբերի տեղավորվել սույն հավելվածի
8-րդ կետով սահմանված չափանիշներով, ինչպես նաև երեխաների խնամքից խուսափող ծնողներ ունեցող` մինչև 18 տարեկան հատուկ կարիքավոր այն երեխաները, ովքեր ունեն`

ա) բնածին կամ ձեռքբերովի արատներ,

բ) խոր մտավոր թերզարգացածություն, ինչպես նաև զուգակցված տարբեր ֆիզիկական արատներ:

10. Երեխաների բժշկասոցիալական վերականգնողական կենտրոնում կարող են տեղավորվել հետևյալ չափանիշներով մինչև 18 տարեկան երեխաները`

ա) նյարդաբանական և հոգեկան քրոնիկ խանգարումներ,

բ) զարգացման հապաղումներ,

գ) հոգեբանական խնդիրներ,

դ) բռնության ենթարկված,

ե) բժշկասոցիալական վերականգնման, խնամքի, դաստիարակության և ուսուցման հատուկ կարիք ունեցող:

11. Երեխաների աջակցության կենտրոնում կարող են տեղավորվել հետևյալ երեխաները`

ա) ընտանիքում կոնֆլիկտներ ունեցող, դաժան վերաբերմունքի ենթարկված.

բ) բռնության ենթարկված.

գ) հաշմանդամ.

դ) հակասոցիալական վարք դրսևորած, այդ թվում` մուրացիկ, թափառաշրջիկ.

ե) սոցիալապես անապահով` անօթևան ընտանիքների.

զ) առանց ծնողական խնամքի մնացած.

է) դժբախտ պատահարի ենթարկված կամ արտակարգ իրավիճակում հայտնված.

ը) սոցիալապես մեկուսացված:

(11-րդ կետը խմբ. 02.06.11 N 804-Ն)

12. Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում կարող են տեղավորվել սոցիալապես անապահով ընտանիքների 6-18 տարեկան երեխաները։

13. Երեխաների խնամքի ցերեկային կենտրոն կարող են հաճախել հետևյալ չափանիշներով 6-18 տարեկան երեխաները`

ա) հաշմանդամ,

բ) դաստիարակության դժվարություններ ունեցող,

գ) ծնողական խնամքից զրկված:

14. Երեխաների նախադպրոցական ուսումնական հաստատություններ կարող են հաճախել մինչև 6 տարեկան երեխաները:

15. Պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ կարող են հաճախել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները:

16. Սույն հավելվածի 1-7-րդ կետերով սահմանված հաստատություններում չեն կարող տեղավորվել բժշկական հակացուցումներ ունեցող երեխաները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.10.2022, N 1648-Ն 06.11.2022, N 381-Ն
02.04.2020, N 437-Ն 17.04.2020, N 381-Ն
02.06.2011, N 804-Ն 23.06.2011, N 381-Ն
23.06.2005, N 819-Ն 14.07.2005, N 381-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան