Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-3-Ո-02
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.17/11(745) Հոդ.287
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.02.2010
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԽ-3-Ո-02

2010 թ.

 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՅՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ ԱԽ անդամներ

 

Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

Ռ. Բարսեղյանի, Տ. Բարսեղյանի, 

Ա. Թումանյանի, Ա. Խաչատրյանի,

Մ. Մարտիրոսյանի, Գ. Խանդանյանի,

Ն. Տավարացյանի, Ս. Օհանյանի,
  

մասնակցությամբ դատավոր`

Յու. Բաղդասարյանի


քարտուղարությամբ`


Շ. Վարդանյանի

 

2010 թվականի փետրվարի 19-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յու. Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) 26.01.2010թ. թիվ N-Կ-2-01/2010 որոշմամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յու. Բաղդասարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Հայկ Հարությունյանի դիմումը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին է ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որը կարգապահական հանձնաժողովը գնահատել է որպես նյութական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:

Ըստ եզրակացության՝

«Շուստով և Արարատ» ՍՊԸ ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը 23.11.2009թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Սադավ» ՍՊԸ-ի` 48809207,70 դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին:

Հայցվորի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին: Միջնորդության մեջ նշվել է, որ «Սադավ» ՍՊԸ-ի հետ կնքված նպատակային փոխառության և համատեղ գործունեության պայմանագրերով «Շուստով և Արարատ» ՍՊԸ-ն կատարել է մոտավոր 22 միլիոն ՀՀ դրամի ներդրում, սակայն երկու պայմանագրերն էլ ձախողվել են` ընկերությանը պատճառելով նյութական մեծ վնաս, որի հետևանքով ընկերությունը հայց հարուցելու պահի դրությամբ շրջանառու միջոցներ և ակտիվներ չուներ: Ընկերությունը որևէ գործունեություն չի իրականացնում և հնարավորություն չի ունեցել վճարել անհրաժեշտ պետական տուրքի գումարը: Այդ հանգամանքն ապացուցելու համար հայցադիմումին կից ներկայացվել է ընկերության կողմից 2009թ. 3-րդ եռամսյակի համար ՌԴ հարկային մարմիններին ներկայացված հաշվապահական բալանսի և եկամուտների ու ծախսերի հաշվետվությունները:

Հայցվորը խնդրել է դատարանին «Շուստով և Արարատ» ՍՊԸ-ի համար սահմանել պետական տուրքի գծով արտոնություն` ազատել պետական տուրքի վճարումից կամ դրա անհնարինության դեպքում հետաձգել պետական տուրքի վճարումը:

01.12.2009թ. դատարանը կայացրել է որոշումներ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասին:

Դատարանը պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդությունը մերժել է` նշելով. «Հայցվորը միջնորդություն ներկայացնելիս հղումներ է կատարել ՀՀ Սահմանադրության 18 և 19 հոդվածներին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ կետին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի ա) և դ) ենթակետերին, 31-րդ հոդվածի 1-ին մասի գ) ենթակետին, մինչդեռ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական տուրքի վճարումից չեն կարող ազատվել անհատ ձեռնարկատերերը և առևտրային կազմակերպությունները:

Տվյալ դեպքում, ըստ հայցադիմումի և կից փաստաթղթերի բովանդակության` հայցվոր կազմակերպությունը պատասխանող կազմակերպությանը կատարել է նպատակային փոխառություն` նրան տրամադրելով շուրջ 22 000 000 դրամ, այսինքն` նշված գործունեությամբ հայցվոր կազմակերպությունը հանդիսանում է առևտրային կազմակերպություն, որպիսի պայմաններում, հայցվոր կազմակերպության նկատմամբ չի կարող սահմանվել պետ. տուրքի գծով արտոնություն»:

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, գտել է, որ արդարադատություն իրականացնելիս Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յու. Բաղդասարյանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով հիմք է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքներով»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 61.1 հոդվածի 1-ին մասի համաձայն` «Նույն օրենքով նախատեսված իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտերն առոչինչ են և ենթակա չեն կատարման կամ կիրառման»: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Իրավաբանական ուժ չունեցող ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ իրավաբանական ուժը կորցրած իրավական ակտը համարվում է գոյություն չունեցող: Նման ակտի կիրառումը ոչ միայն արգելվում է, այլև հանգեցնում է հոդվածում կոնկրետ նշված հետևանքների` օրենքով նախատեսված պատասխանատվության:

ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ենթակետի համաձայն` «Գործը քննելիս և լուծելիս դատավորը պարտավոր է ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն»:

Դատարանը հայցվորի ներկայացրած միջնորդությունը մերժել է` կիրառելով այն օրենքը, որն արդեն իսկ ուժը կորցրած է ճանաչվել, ինչի արդյունքում կազմակերպությունը ոչ իրավաչափորեն զրկվել է իր իրավունքների պաշտպանությամբ դատարան դիմելու և ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով ամրագրված իրավունքներից:

Դատարանի կողմից վկայակոչված նորմը, որն արգելում էր անհատ ձեռնարկատերերին և առևտրային կազմակերպություններին ազատել պետական տուրքի վճարումից, նախատեսված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով, որն ուժը կորցրել է ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.04.2009թ. ՀՕ-84-Ն ՀՀ օրենքով:

Նշված փոփոխությամբ անհատ ձեռնարկատերերի և առևտրային կազմակերպությունների համար ճանաչվել է ֆիզիկական անձանց հետ հավասար պետական տուրքի գծով արտոնություններից օգտվելու հնարավորություն` դրանով իսկ ընդլայնելով դատական պաշտպանության իրավունքը:

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը հանգել է այն հետևության, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յու. Բաղդասարյանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում` կիրառելով այն օրենքը, որը չպետք է կիրառեր, ինչի արդյունքում կազմակերպությանը զրկել է դատական պաշտպանության իրավունքի իրականացումից:

 Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական օրենքի նորմերի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել նյութական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յու. Բաղդասարյանը Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին 05.02.2010թ. ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Հայցվոր «Շուստով և Արարատ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Սադավ» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին (հայցագինը` 48.809.207.70 ՀՀ դրամ):

Բացի հայցադիմումից, հայցվորի ներկայացուցիչը առանձին գրավոր միջնորդություններ է ներկայացրել` պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին (պետտուրքից ազատելու կամ հետաձգելու մասին) և հայցի ապահովման միջոց կիրառելու մասին:

Վերը նշված հայցադիմումը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրի գրասենյակ մուտքագրվել է 01.12.2009թ., և նույն օրը (աշխատանքային օրվա 2-րդ կեսին) այն հանձնվել է ինձ:

Քանի որ տվյալ հայցադիմումը վարույթ ընդունելու, այն մերժելու կամ վերադարձնելու մասին որոշումներից մեկը պետք է կայացվեր նույն օրը, ուստի իմ ձեռքի տակ եղած 27.04.2009թ. փոփոխություններով ու լրացումներով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածը, մասնավորապես նրա 3-րդ կետը, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը ուսումնասիրելով և հղում կատարելով վերջինիս այն դրույթին, որ պետտուրքից չեն կարող ազատվել անհատ ձեռնարկատերերը և առևտրային կազմակերպությունները, պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդությունը մերժվել է, և այդ հիմքով հայցադիմումը վերադարձվել է:

Տվյալ պահին ես ղեկավարվել եմ ձեռքի տակ եղած օրենսդրական ակտերով և մինչ այդ, նույն օրը «Ինտերնետ» կապի «Առլիս» հասցեով (հասցեն աշխատում է ընդհատումներով և խափանումներով) փորձել եմ պարզել, թե կան արդյոք փոփոխություններ վերը նշված հոդվածներում և չարձանագրելով այն, կայացրել եմ վերը նշված որոշումները:

Ընդ որում, ես, այսպես, թե այնպես, պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին (պետտուրքից ազատելու կամ հետաձգելու մասին) միջնորդությունը պետք է քննարկեի և կայացնեի որոշում այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ, մերժման հիմքում դնելով չգործող նորմ, ինչը չպետք է անեի:

Հետագայում, ինձ հայտնի է դարձել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությունը և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրել են դեռևս 07.04.2009թ., ինչի մասին ես տեղյակ չեմ եղել, քանի որ մինչ այդ, տվյալ հարցի հետ կապված առնչություններ չեմ ունեցել, իսկ ես, որպես կանոն, «Ինտերնետ» ծրագրին անդրադառնում եմ հայցադիմումը քննարկելու պահին, քանի որ դրանք շատ հաճախ, պարբերաբար փոփոխվում են:

Ընդ որում, իմ ձեռքի տակ եղած 27.04.2009թ. փոփոխություններով ու լրացումներով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում նշված չեն եղել վերը նշված փոփոխությունները:

Հետագայում, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.12.2009թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձնելու մասին 01.12.2009թ. որոշումը վերացվել է և իմ կողմից որոշումներ են կայացվել հայցադիմումը վարույթ ընդունելու, պետտուրքի վճարումը հետաձգելու և հայցի ապահովման միջոց կիրառելու մասին:

Հայտնում եմ նաև, որ 01.12.2009թ. իմ կողմից հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը կայացնելու օրը, դատական նիստերում, քննարկել եմ 13 քաղաքացիական գործ, կատարել եմ ընթացիկ այլ գործեր, և այդ ծանրաբեռնվածությունը, ժամանակի սղությունը նույնպես թույլ չի տվել այլ աղբյուրներից պարզելու վերը նշված օրենսդրական փոփոխությունների մասին:

Այդուհանդերձ, իհարկե, ակնհայտ է, որ ես թույլ եմ տվել սխալ, ինչը ընդունում եմ և հայցում եմ Ձեր ներողամտությունը»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1. «Շուստով և Արարատ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Սադավ» ՍՊԸ-ի` 48.809.207.70 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին` միջնորդելով պետական տուրքի գծով սահմանել արտոնություն, այն է` ազատել պետական տուրքի վճարումից կամ հետաձգել այն:

2. Դատարանը միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու հիմքում դրել է անհատ ձեռնարկատերերի և առևտրային կազմակերպությունների համար պետական տուրքի գծով արտոնության վերաբերյալ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը, որն ուժը կորցրել է 07.04.2009թ.:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յու. Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամին, դատավորի բացատրությունները, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքներով:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 61.1 հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով նախատեսված իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտերն առոչինչ են և ենթակա չեն կատարման կամ կիրառման: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ իրավաբանական ուժ չունեցող ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Նշված հոդվածից հետևում է, որ իրավաբանական ուժ չունեցող ակտի կիրառումը ոչ միայն արգելվում է, այլև հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության:

ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ենթակետի համաձայն` Գործը քննելիս և լուծելիս դատավորը պարտավոր է ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն:

Դատավոր Յու. Բաղդասարյանի կողմից վկայակոչված նորմը, որն արգելում էր անհատ ձեռնարկատերերին և առևտրային կազմակերպություններին ազատել պետական տուրքի վճարումից, նախատեսված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով, որն ուժը կորցրել է ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.04.2009թ. ՀՕ-84-Ն ՀՀ օրենքով:

Այսինքն, նշված փոփոխությամբ անհատ ձեռնարկատերերի և առևտրային կազմակերպությունների համար ճանաչվել է ֆիզիկական անձանց հետ հավասար պետական տուրքի գծով արտոնություններից օգտվելու հնարավորություն:

Սույն գործի փաստերի համաձայն` դատարանը հայցվոր «Շուստով և Արարատ» ՍՊԸ-ի կողմից ներկայացրած պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու, այն է` պետական տուրքի վճարումից ազատելու կամ դրա անհնարինության դեպքում վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժել է` կիրառելով արդեն իսկ չգործող օրենք, ինչը հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված դատական պաշտպանության իրավունքի խախտմանը:

Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Դատարան) «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի 02.06.2008թ. թիվ 21638/03 վճռով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Առևտրային կազմակերպությունները «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի հոդված 21-ի (դ) կետի համաձայն հնարավորություն ունեն օգտվել պետական տուրքի վճարման հետաձգումից: Վճռաբեկ դատարանը, քննության չառնելով դիմումատու ընկերության` պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը, անալոգիայով, թե ոչ, ղեկավարվել է ՔԴՕ 70-րդ հոդվածի 3-րդ մասով, որը հստակորեն արգելում է առևտրային կազմակերպությունների ազատումը պետական տուրքի վճարումից: Սակայն, Դատարանը գտնում է, որ այդ դրույթներով սահմանված պետական տուրքի վճարումից ազատման բացարձակ արգելքն ինքնին խնդիր է առաջացնում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ կապված: Վերը նշվածի ներքո Դատարանը եզրակացնում է, որ դիմումատու ընկերությանը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ մերժվել է դատարանի մատչելիությունը»:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտնում է, որ դատարանը կիրառելով այն օրենքը, որը չպետք է կիրառեր, թույլ է տվել նյութական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, քանի որ չի ապահովել գործի քննության ժամանակ գործող օրենսդրության պատշաճ իմացություն:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յու. Բաղդասարյանին հայտարարել նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան
Գ. Բադիրյան

Ռ. Բարսեղյան

Ա. Թումանյան

Գ. Խանդանյան

Մ. Մարտիրոսյան

Մ. Մակյան

Ս. Օհանյան