ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2007 թվականի N 835-Ա
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրով ֆինանսավորվող գյուղական ճանապարհների վերանորոգման ծրագրի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրով ֆինանսավորվող գյուղական ճանապարհների վերանորոգման ծրագրի (այսուհետ` ծրագիր) նախապատրաստական աշխատանքների` շինարարական աշխատանքների նախագծման, դրանց և շինարարական աշխատանքների վերահսկման, ծրագրի դիտարկման և գնահատման նախապատրաստական աշխատանքների մեկնարկմանը:
2. Ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`
1) ապահովել շինարարական աշխատանքների նախագծման, շինարարական աշխատանքների նախագծային աշխատանքների և շինարարության նկատմամբ վերահսկողության իրականացման, ծրագրի դիտարկման և գնահատման աշխատանքներն իրականացնող խորհրդատուների ընտրության համար մրցույթի անցկացումը` առաջնորդվելով «Ասիական զարգացման բանկի և նրա վարկառուների կողմից խորհրդատուների օգտագործման ուղեցույցի» պահանջներով.
2) Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրով ֆինանսավորվող գյուղական ճանապարհների վերանորոգման վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ուժի մեջ մտնելուց հետո մրցույթում հաղթած անձանց հետ կնքել համապատասխան պայմանագրեր:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|