ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 36469/08)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
25 ապրիլի 2019թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos]` Նախագահ,
Քսենյա Տուրկովիչ [Ksenija Turković],
Ալեշ Պեյխալ [Aleš Pejchal],
Քրշիշթոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek],
Պաուլին Կոսկելո [Pauliine Koskelo],
Յովան Իլևսկի [Jovan Ilievski],
Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici]՝ դատավորներ,
և Ռենատա Դեգեներ [Renata Degener]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2019 թվականի մարտի 26-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն, կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Լևոն Տեր-Պետրոսյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2008 թվականի օգոստոսի 30-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 36469/08) հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Վ. Գրիգորյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը:
3. Դիմումատուն մասնավորապես պնդել է, որ խախտվել է խաղաղ հավաքների ազատության իր իրավունքը, և որ ինքն այդ առնչությամբ իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չի ունեցել:
4. 2012 թվականի մայիսի 15-ին դիմումատուի տնային կալանքի, խաղաղ հավաքների ազատության նրա իրավունքի միջամտության, պաշտպանության արդյունավետ միջոցի ենթադրյալ բացակայության և նրա նկատմամբ ենթադրյալ խտրականության վերաբերյալ բողոքներն ուղարկվել են Կառավարություն, իսկ գանգատը մնացած մասով հայտարարվել է անընդունելի:
5. Կառավարությունն իր դիտարկումները ներկայացրել է 2012 թվականի նոյեմբերի 5-ին, իսկ դիմումատուն՝ 2013 թվականի մարտի 25-ին: Հաշվի առնելով այն փաստը, որ դիմումատուի դիտարկումները ներկայացվել են Դատարանի կողմից սահմանված ժամկետից՝ 2013 թվականի փետրվարի 28-ից ուշ, Բաժանմունքի նախագահը, համաձայն Դատարանի կանոնակարգի 38-րդ կանոնի 1-ին կետի, որոշել է նրա՝ ուշ ներկայացրած դիտարկումները չներառել Դատարանի կողմից քննվելիք գործի քննության շրջանակներում:
6. Հայաստանի կողմից ընտրված դատավոր պրն Արմեն Հարությունյանն ի վիճակի չի եղել մասնակցելու գործի քննությանը (Դատարանի կանոնակարգի 28-րդ կանոն): Հետևաբար, Պալատի նախագահը որոշել է պրն Յովան Իլևսկուն նշանակել որպես ad hoc (ժամանակավոր) դատավոր (29-րդ կանոն):
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
7. Դիմումատուն ծնվել է 1945 թվականին և ապրում է Երևանում: 1991-1998 թվականներին նա եղել է Հայաստանի նախագահը:
Ա. 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները և հետընտրական ցույցերը
8. 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Դիմումատուն իր թեկնածությունն էր առաջադրել որպես հիմնական ընդդիմադիր թեկնածու, իսկ նրա գլխավոր հակառակորդը գործող վարչապետ Սերժ Սարգսյանն էր, որը ներկայացնում էր իշխող կուսակցությունը և որը պաշտոնը լքող նախագահ պրն Քոչարյանի սերտ դաշնակիցն էր:
9. Ընտրությունների նախնական արդյունքները հայտարարելուց անմիջապես հետո դիմումատուն իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Երևանի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում՝ ընտրական գործընթացում ենթադրաբար տեղի ունեցած խախտումների դեմ իրենց բողոքն արտահայտելու նպատակով՝ հայտարարելով, որ ընտրությունները չեն եղել ազատ և արդար։
10. 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած՝ դիմումատուի կողմնակիցներն ամեն օր անցկացրել են համազգային բողոքի ցույցեր՝ իրենց հանդիպումների հիմնական վայրը դարձնելով Ազատության հրապարակը և շրջակա այգին: Ինչպես պարզ է դառնում, ցերեկային ժամերին և մինչև ուշ գիշեր Ազատության հրապարակում անցկացվող ցույցերին երբեմն ներգրավվել են տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ մի քանի հարյուր ցուցարարներ, տեղադրելով վրաններ, քսանչորս ժամ շարունակ մնացել են այդ վայրում։ Դիմումատուն հանրահավաքներին մասնակցել է որպեսընդդիմության առաջնորդ և նախագահի թեկնածու՝ օրը երկու կամ երեք անգամ ելույթներ ունենալով քաղաքական և հանրային շահերին առնչվող խնդիրների վերաբերյալ և իր աջակիցներին պարբերաբար կոչ անելով շարունակել զանգվածային բողոքները: Ինքն անձամբ նույնպես քսանչորս ժամ շարունակ մնացել է Ազատության հրապարակում՝ հեռանալով օրական ընդամենը երկուսից երեք ժամով:
11. 2008 թվականի փետրվարի 23-ին պաշտոնը լքող նախագահն առանձին հանդիպումներ է անցկացրել ոստիկանության պետի, բանակի հրամանատարի և ազգային անվտանգության [ծառայության] տնօրենի հետ՝ հայտարարելով, որ ինքը որևէ մեկին թույլ չի տա ապակայունացնել երկրում տիրող իրավիճակը, և ցուցումներ տալով այդ առնչությամբ: Դիմումատուն պնդել է, որ այդ հանդիպումներից հետո իր աջակիցներից շատերի նկատմամբ սկսվել են հետապնդումներ: Ձերբակալվել են իր թեկնածությանն իրենց աջակցությունը հայտնած տարբեր քաղաքական և հանրային գործիչներ, իր նախընտրական արշավի [թիմի] անդամներ և այլ աջակիցներ, և նրանց նկատմամբ տարբեր հիմքերով մեղադրանքներ են առաջադրվել: Ավելին, մարզերում գտնվող իր աջակիցներից շատերը ոստիկանության բաժիններում ենթարկվել են վատ վերաբերմունքի և հոգեբանական ճնշման, ազատվել են աշխատանքից կամ զրկվել են սոցիալական նպաստներից։ Գաղտնալսվել են իր և իր աջակիցների հեռախոսային խոսակցությունները, և խուզարկություններ են իրականցվել կուսակցությանը պատկանող տարբեր տարածքներում:
12. 2008 թվականի փետրվարի 24-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ պրն Սարգսյանը հաղթել է ընտրություններում՝ ստանալով ընդհանուր ձայների մոտ 52%-ը, իսկ դիմումատուն ստացել է ձայների շուրջ 21%-ը։
13. 2008 թվականի փետրվարի 29-ին դեռևս ընթանում էին թեժ ցույցեր, մինչդեռ ընտրությունների միջազգային բոլոր դիտորդները երկրից հեռացել էին: Դիմումատուն պնդել է, որ իշխանությունները դիտավորյալ սպասել են միջազգային դիտորդների հեռանալուն, որպեսզի ապօրինի կերպով ցրեն Ազատության հրապարակում անցկացվող հավաքը:
14. Դիմումատուն նույն օրը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները և պահանջելով չեղյալ համարել դրանք:
Բ. 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան իրականացված ոստիկանական գործողությունները և դիմումատուի ենթադրյալ տնային կալանքը
15. Դիմումատուն պնդել է, որ 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, ոստիկանությունը ժամանել է Ազատության հրապարակ։ Այդ ժամանակ ինքը քնած է եղել հրապարակում կայանված իր մեքենայում: Այնտեղ՝ վրաններում գտնվող ցուցարարների մեծ մասը նույնպես քնած է եղել, սակայն լուրեր են տարածվել, որ ոստիկանությունը մոտակայքում է, և ցուցարարներն սկսել են արթնանալ: Դիմումատուին արթնացրել է իր թիկնապահը, և նա [դիմումատուն] քայլել է դեպի հրապարակի կենտրոնում գտնվող արձաններից մեկը: Մինչ այդ ոստիկանության ուժերն արդեն իսկ շրջափակել էին հրապարակում գտնվող մի քանի հարյուր ցուցարարների։ Նրանք [ոստիկանության ուժերը] սկսել են բարձր աղմուկ բարձրացնել՝ իրենց ռետինե մահակներով հարվածելով իրենց վահաններին, ինչը ցուցարարների շրջանում խուճապ է առաջացրել: Նրանցից ոմանք կարողացել են միացնել բարձրախոսները և հրապարակի լույսերը, ինչից հետո դիմումատուն հարթակից դիմել է ցուցարարներին. «Տեսնում ենք, որ հրապարակ են ժամանել ոստիկանության ուժեր։ Խնդրում եմ, որևէ կերպ չառնչվեք նրանց հետ և որևէ կերպ չդիպչեք նրանց։ Խնդրում եմ, հեռու մնացեք նրանցից։ Եկեք սպասենք և տեսնենք, թե ինչ է նրանց ուզածը։ Եթե նրանք ինչ-որ բան ունեն մեզ ասելու, ապա պատրաստ ենք լսելու նրանց։ Խնդրում եմ, եղեք համբերատար և պահպանեք հանգստություն»։ Ցուցարարները հետևել են նրա կոչին և հեռավորություն են պահպանել ոստիկանական ուժերից, որոնք մինչ այդ արդեն իսկ շրջափակել էին ցուցարարներին եռաշերտ շղթայով։ Հանկարծ, առանց նախապես զգուշացնելու կամ ցրվելու վերաբերյալ որևէ կարգադրություն անելու, ոստիկանական ուժերը, բարձրաձայն բղավելով, հարձակվել են ցուցարարների վրա, դաժանորեն ծեծել նրանց ռետինե մահակներով և ավերել ճամբարը։ Րոպեների ընթացքում ցուցարարներին դուրս են մղել Ազատության հրապարակից: Նրանք փորձել են փրկել իրենց՝ փախչելով ոստիկանության ծառայողներից, որոնք հետապնդել, դաժանորեն ծեծել և ոտքերով հարվածել են նրանց՝ անկախ նրանց տարիքից և սեռից:
16. Այդ ընթացքում հարթակում գտնվող դիմումատուին է մոտեցել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) պետը, որը նաև Հայաստանի նախագահի թիկնազորի պետն էր, և ՊՊԾ այլ ծառայողներ: Նրանք շրջապատել են դիմումատուին և նրա թիկնապահներին և այնուհետև ուժով նրանց տարել հրապարակի կենտրոնական արձաններից մեկի մոտ, որտեղ դիմումատուին հրամայել են նստել միայն ՊՊԾ ծառայողներով շրջապատված նստարանին: Հրապարակը բոլոր ցուցարարներից ազատելուց հետո ՊՊԾ պետը մոտեցել է դիմումատուին և հրամայել նրան հեռանալ հրապարակից: Դիմումատուն հրաժարվել է ենթարկվել՝ ասելով, որ ինքը կամովին չի հեռանա հրապարակից, և որ նրանք կարող են իրեն ստիպել անել դա միայն իրեն ձերբակալելու միջոցով: Այն բանից հետո, երբ դիմումատուին հրապարակից հեռանալ ստիպելու հետագա փորձերը ձախողվել են, ՊՊԾ պետը դիմումատուին ուժով նստեցրել է մեքենա և նրան տարել Երևանում գտնվող նրա տուն: Այնտեղ հասնելուն պես նրան չեն թույլատրել լքել իր տան և այգու տարածքը: Նրա տուն տանող ճանապարհներն արգելափակվել են ոստիկանության հատուկ ուժերի, ՊՊԾ ծառայողների, Ճանապարհային ոստիկանության և ոստիկանության այլ ստորաբաժանումների կողմից: Ստեղծվել են ստուգման պահակակետեր, և դեպի նրա տուն ուղղվող և այնտեղից եկող բոլոր ավտոմեքենաները ստուգվել և խուզարկվել են: Ոչ ոք չէրկարող կապ հաստատել դիմումատուի հետ կամ նրա տուն մտնել կամ դուրս գալ առանց հատուկ ուժերի թույլտվության: Այցելուների և նրանց ավտոմեքենաների խուզարկություն իրականացնելուց հետո հատուկ ուժերը նրանց ինքնության և այցելության նպատակի մասին զեկուցել են անհայտ վերադասին և այցելուներին թույլատրել են ներս մտնել և դուրս գալ միայն այդ անձից ցուցումներ ստանալուց հետո:
17. Պարզվում է, որ Ազատության հրապարակը ցուցարարներից ազատելուց հետո նրանցից ոմանք տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտակա տարածք, որտեղ նրանց ավելի ուշ միացել են հազարավոր այլ մարդիկ, որոնք ակնհայտորեն դուրս էին եկել Երևանի փողոցներ՝ ի պատասխան վաղ առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների՝ դրանով բարձրաձայնելու իրենց անհամաձայնության մասին: Պարզվում է նաև, որ ցույցերը շարունակվել են ողջ քաղաքում մինչև ուշ երեկո՝ առաջացնելով բախումներ բողոքի ակցիայի մասնակիցների և իրավապահ մարմինների ծառայողների միջև եւ պատճառ դառնալով տասը անձի, այդ թվում՝ ութ քաղաքացիական անձանց մահվան, բազմաթիվ վիրավորների, ինչպես նաև հանգեցնելով պաշտոնը լքող նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելուն: Արտակարգ դրությամբ, inter alia (իթիվս այլնի), քսան օրով արգելվել է հետագա ցույցերի և զանգվածային հրապարակային միջոցառումների իրականացումը:
18. Կառավարությունը վիճարկել է դիմումատուի վերոնշյալ հայտարարությունները և պնդել հետևյալը: Նախ, 2008 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակում իրականացված ոստիկանական գործողությունների պատճառը եղել է նախորդ օրն իրավապահ մարմինների կողմից ձեռք բերված այն տեղեկությունը, ըստ որի՝ Երևանում սադրիչ գործողություններ և զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով բողոքի ակցիայի մասնակիցներին պետք է բաժանվի մեծ քանակությամբ զենք: Տեղեկությունը ճշտելու նպատակով ժամը 7-ի սահմաններում Ազատության հրապարակ են ժամանել ոստիկանության համապատասխան ուժերի ծառայողներ, սակայն նրանք ցուցարարների կողմից հանդիպել են դիմադրության, որոնք փայտե մահակներով, մետաղյա ձողերով և քարերով հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա: Երկրորդ, քանի որ դիմումատուի անվտանգությունը վտանգված էր, Ազատության հրապարակում բռնության ալիքի բռնկումից անմիջապես հետո հարթակում նրան շրջափակել են ՊՊԾ պետը և ՊՊԾ այլ ծառայողներ և տարել հրապարակի ծայրը՝ մոտ 20-30 մ հեռու, որտեղ նա նստել է ՊՊԾ ծառայողների կողմից շրջապատված նստարանին: Հավաքը դադարեցնելուց հետո ՊՊԾ պետը դիմումատուին, որը դեռևս նստած էր նստարանին, խորհուրդ է տվել գնալ տուն, սակայն նա հրաժարվել է: Այդ ընթացքում դիմումատուին ազատորեն մոտեցել է մի լրագրող, հարցազրույց անցկացրել նրա հետ ևհեռացել: ՊՊԾ պետն այդ ժամանակ դիմումատուին կրկին խորհուրդ է տվել գնալ տուն, սակայն նա չի պատասխանել: Այնուհետև մոտեցել է ՊՊԾ մի մեքենա, դիմումատուն կամովին նստել է մեքենան, և ՊՊԾ ծառայողները նրան տարել են Երևանում գտնվող իր տուն: Իրեն տուն տանելիս դիմումատուն այլ վայր գնալու որևէ ցանկություն չի հայտնել: Ավելի ուշ՝ կեսօրին, դիմումատուի տան մոտակայքում տեղակայվել են ՊՊԾ և ոստիկանության լրացուցիչ ուժեր՝ որպես անվտանգության հատուկ միջոցառումների մաս, որոնք այդ օրը կիրառվել են պետական պահպանության ներքո գտնվող բոլոր անձանց նկատմամբ՝ Երևանում բռնության սրացման պատճառով: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ՊՊԾ ծառայողներին դիմումատուի տուն մուտք գործող բոլոր անձանց խուզարկելու ցուցումներ են տրվել, սակայն նրանց երբևէ չի տրվել որևէ մեկին տուն մտնել արգելելու կամ դիմումատուի՝ տնից դուրս գալը կանխելու ցուցում: Դիմումատուն միայն մեկ անգամ՝ մարտի 1-ին, ցանկություն է հայտնել դուրս գալ տնից և միանալ Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում գտնվող ցուցարարներին: ՊՊԾ պետը նրան ասել է, որ նա ազատ է դուրս գալու և գնալու այնտեղ, որտեղ որ ինքն է ցանկանում, սակայն ՊՊԾ-ն չի կարողանալու Ֆրանսիայի դեսպանատան շրջակայքում ապահովել նրա անվտանգությունը, և որ իրենք նրան այնտեղ չեն ուղեկցելու: Դիմումատուն չի ցանկացել տնից դուրս գալ առանց պետական պահպանության:
19. 2008 թվականի մարտի 1-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հրապարակել է հետևյալ մամլո հաղորդագրությունը.
«Շատ մտահոգված եմ Երևանում այս առավոտ անվտանգության ուժերի կողմից բողոքի ակցիայի մասնակիցների ցրելուն ուղղված գործողությունների ընթացքում վիրավորների մասին հաղորդումներով: Եթե այդ հաղորդումները հաստատվեն, ապա անհամաչափ ուժի գործադրման մասին բոլոր պնդումները պետք է պատշաճ քննվեն: Խիստ կարևոր է նաև կանխել ցանկացած հետագա բռնություն:
Ես նաև անհանգստացած եմ այն հաղորդումներով, որ վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած անձը՝ նախկին նախագահ [Լևոն Տեր-Պետրոսյան]-ը գտնվում է տնային կալանքի տակ: Եթե դա ճիշտ է, ապա նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Եթե նա մեղադրվում է հանցագործություն կատարելու մեջ, ապա նրան պետք է, ինչպես ցանկացած այլ անձի նկատմամբ, պատշաճ կերպով մեղադրանք առաջադրվի և նրա նկատմամբ հետապնդում իրականացվի օրենքի հիման վրա գործող դատարանում: Ժողովրդավարական հասարակությունում չի կարելի քաղաքական հակառակորդներին կալանավորել կամայական կերպով:»:
20. Նույն օրը ՊՊԾ-ն հայտարարություն է տարածել, որը հեռարձակվել է հանրային հեռուստատեսությամբ, այն մասին, որ ՊՊԾ ծառայողները որոշել են դիմումատուին հեռացնել Ազատության հրապարակից՝ համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, նրա՝ որպես պետական պահպանության ենթակա Հայաստանի նախկին նախագահի անվտանգությունը 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ոստիկանության կողմից իրականացված գործողությունների ընթացքում ստեղծված իրավիճակից սպառնացող ցանկացած վտանգից ապահովելու նպատակով: Դիմումատուին հեռացրել են հրապարակից և տարել իր տուն, որը նույնպես պետք է պաշտպանվեր ՊՊԾ-ի կողմից՝ նույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն: Նկատի ունենալով դիմումատուի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ դիմումատուի՝ իր տնից դուրս գալը կարող էր հանգեցնել անկանխատեսելի զարգացումների և վտանգ սպառնալ նրա անվտանգությանը, ՊՊԾ-ն ստեղծված իրավիճակում դիմումատուին նախազգուշացրել էր, որ նա պետք է կտրականապես զերծ մնար իր տնից դուրս գալու փորձից՝ նշելով, որ հակառակ դեպքում ՊՊԾ-ն չի կարող պատասխանատվություն կրել նրա անվտանգության համար, քանի որ այն չի կարող ուղեկցել նրան ապօրինի ցույցի:
21. 2008 թվականի մարտի 4-ին դիմումատուի ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում ընթացող նիստի ժամանակ պահանջ է ներկայացրել՝ նշելով, որ դիմումատուն գտնվում է de facto (փաստացի) տնային կալանքի տակ և չի կարող ներկայանալ, և պահանջելով, որ Սահմանադրական դատարանը միջոցներ ձեռնարկի՝ ապահովելու նրա ներկայությունը: Սահմանադրական դատարանի նախագահը պատասխանել է, որ դիմումատուն նիստին [ներկա] երեք ներկայացուցիչ ունի: Այնուամենայնիվ, եթե դիմումատուն նույնպես ցանկանում է ներկա գտնվել, սակայն ինչ-ինչ պատճառով չի կարող, ապա պահանջը քննության կառնվի, և կկայացվի համապատասխան որոշում:
22. Նույն օրը Սահմանադրական դատարանը կայացրել է որոշում՝ Գլխավոր դատախազությանը կարգադրելով պարզաբանել դիմումատուի՝ ազատությունից ենթադրաբար de facto զրկված լինելը, ինչպես պնդում էին նրա ներկայացուցիչները, և ապահովել նրա ներկայությունը Սահմանադրական դատարանում ընթացող նիստին, եթե նա [դիմումատուն] ցանկանում է:
23. Նույն օրը Գլխավոր դատախազությունը պատասխանել է, որ դիմումատուն զրկված չէ իր ազատությունից, տեղաշարժվելու ազատության նրա իրավունքի նկատմամբ որևէ սահմանափակում չկա, օրենքով գոյություն չունի «տնային կալանք» հասկացություն, և նա ազատ է ներկայանալու Սահմանադրական դատարանում ընթացող նիստին, եթե ցանկանում է: Նրա ներկայությունն ապահովելը Գլխավոր դատախազության պարտականությունը չէ:
24. Դիմումատուն պնդել է, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո 2008 թվականի մարտի 5-ին իրեն թույլատրել են մեկ ժամով ներկայանալ նիստին: Չհաշված դա՝ նրա տնային կալանքն առանց ընդհատման տևել է մինչև 2008 թվականի մարտի 20-ը:
25. Կառավարությունը վիճարկել է դիմումատուի պնդումները և պնդել, որ դիմումատուն ներկայացել է Սահմանադրական դատարանում ընթացող նիստին այն բանից հետո, երբ նա այդպիսի ցանկություն է հայտնել, և նրան ուղեկցել են ՊՊԾ ծառայողները: Նիստի ավարտից հետո նա ինքն է խնդրել վերադառնալ տուն և դրանից հետո չի հայտնել իր տնից դուրս գալու որևէ ցանկություն մինչև 2008 թվականի մարտի 20-ը, երբ արտակարգ դրությունը վերացվել է: ՊՊԾ հատուկ համալրումները դիմումատուի տնից հեռացվել են 2008 թվականի մարտի 16-ին: Այդ ողջ ընթացքում դիմումատուն իր տանն ունեցել է բազմաթիվ այցելուներ, այդ թվում՝ լրագրողներ, դիվանագետներ և այլ անձինք, որոնցից ոչ ոքի չի արգելվել ներս մտնել:
26. 2008 թվականի մարտի 8-ին Սահմանադրական դատարանը մերժել է դիմումատուի՝ 2008 թվականի փետրվարի 29-ի դիմումը:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Վարչական դատավարության օրենսգիրքը (2008-2014 թթ.)
27. 65-րդ հոդվածով (Վիճարկման հայցը) նախատեսվում է, որ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:
28. 66-րդ հոդվածով (Պարտավորեցման հայցը) նախատեսվում է, որ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, կամ որը նա չի ընդունել:
29. 67-րդ հոդվածով (Գործողության կատարման հայցը) նախատեսվում է, որ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:
30. 68-րդ հոդվածով (Ճանաչման հայցը) նախատեսվում է, որ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել՝ 1. ճանաչել որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել Օրենսգրքի 65-67-րդ հոդվածներին համապատասխան, 2. ճանաչել վարչական ակտի առ ոչինչ լինելը, 3. ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ գործողությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն՝ ա) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ. բ) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ գ) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Բ. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքը (2004թ.)
31. 1-ին հոդվածով թվարկվում են Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են «պահպանվող օբյեկտներ» [հասկացությունը], այսինքն՝ պետական պահպանության օբյեկտների մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի շենքեր, շինություններ, կառույցներ, դրանց հարող տարածքներ, տրանսպորտային միջոցներ, որոնք պահպանության ենթակա են պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովելու նպատակով:
32. 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
33. 10-րդ հոդվածով նախատեսվում է, որ պետական պահպանությունն իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին)։
34. 11-րդ հոդվածով թվարկվում են լիազոր մարմնի հիմնական խնդիրները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են՝ 2) պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովելը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրում, այդ թվում՝ երթևեկության ժամանակ. և 7) պահպանվող օբյեկտներում սահմանված անցագրային ռեժիմն ապահովելը։
35. 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ լիազոր մարմինը պարտավոր է կազմակերպել և իրականացնել պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն ուղղված պահպանական, ռեժիմային, տեխնիկական և այլ միջոցառումներ:
36. 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ լիազոր մարմինն իրավունք ունի պահպանվող օբյեկտներ մուտք և ելք կատարելու ժամանակ ստուգել պաշտոնատար անձանց և այլ անձանց անձը հաստատող փաստաթղթերը, կատարել նրանց, ինչպես նաև նրանց մոտ գտնվող իրերի, նրանց տրանսպորտային միջոցների և դրանցով տեղափոխվող իրերի զննում, այդ թվում՝ կիրառելով տեխնիկական միջոցներ:
Գ. «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքը (2004-2011թթ.)
37. 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսվում է, որ ոստիկանությունն իրավունք ունի հրապարակային միջոցառման դադարեցման մասին որոշում ընդունելու և սահմանելով դադարեցման համար ողջամիտ ժամկետ` կազմակերպիչներից պահանջելու դադարեցնել միջոցառման անցկացումը, եթե ոստիկանության կողմից զգուշացվելուց հետո շարունակվում են խախտվել հասարակական կարգը, օրենքի պահանջները, և դրա շարունակմամբ իրական վտանգ է առաջանալու այլոց կյանքին, առողջությանը, պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, ինչպես նաև կարող է էական գույքային վնաս հասցվել պետությանը, համայնքին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԸ
Ա. Եվրոպայի խորհրդի մարմինները
1. Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը. Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստանձնած պարտականությունների և հանձնառությունների կատարման հարցերով կոմիտեի (Դիտանցման կոմիտե) զեկույցը, Փաստաթուղթ 11579, 2008 թվականի ապրիլի 15
38. Զեկույցի համապատասխան հատվածի համաձայն՝
«13. 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին հանգեցրած կոնկրետ հանգամանքները, ինչպես նաև դրանց նկատմամբ իշխանությունների արձագանքը, այդ թվում՝ արտակարգ դրություն հայտարարելը պետք է ենթարկվեն անկախ պաշտոնական քննության: Այնուամենայնիվ, պաշտոնական վարկածի համաձայն՝ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունն Ազատության հրապարակում գտնվող վրանային ճամբարը խուզարկելու փորձ է կատարել: Բողոքի ակցիայի մասնակիցների կողմից դիմադրության հանդիպելուց հետո ոստիկանությունը վրանային ճամբարը մաքրելու որոշում է կայացրել: Համաձայն պաշտոնական տեղեկությունների՝ այս գործողության ընթացքում վիրավորվել է 31 անձ, իսկ պրն Լևոն Տեր-Պետրոսյանին de facto տնային կալանքի տակ են վերցրել¹: ...
[Ծանոթագրություն.]
1. Իշխանություններն ասել են, որ նա ազատ է տեղաշարժվելու, եթե հրաժարվում է իր անվտանգության հատուկ խմբից: Այնուամենայնիվ, նրա անձնական անվտանգությանը և կյանքին հստակորեն սպառնացող վտանգները դա անելն անհնարին են դարձնում, ինչն ակնհայտորեն պարզ էիշխանությունների համար:»
2. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի 2008 թվականի մարտի 12-15-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան կատարած իր հատուկ առաքելության զեկույց, CommDH(2008)11REV, 2008 թվականի մարտի 20
39. Զեկույցի համապատասխան հատվածի համաձայն՝
«1. Ներածություն
2008 թվականի մարտի 12-15-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան կատարած իր այցի ընթացքում Հանձնակատարը ... առանձին հանդիպում է ունեցել նախկին նախագահ և նախագահի թեկնածու [Լևոն Տեր-Պետրոսյան]-ի հետ:
...
3. Մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունները
... Ըստ ներկա գտնված որոշ անձանց՝ խուզարկության օպերացիան մեկնարկել է շաբաթ առավոտյան մոտավորապես 06:30-ին: Այս գործողության ընթացքում հանվել են վրանները, մարդիկ ենթարկվել են ծեծի և վիրավորվել: Ցուցարարներն սկսել են դիմադրություն ցուցաբերել, և ոստիկանության ու անվտանգության ուժերի և ցուցարարների միջև բռնկվել են բախումներ:
Ըստ երկու կողմերի՝ նույն օրը՝ առավոտյան ավելի ուշ, կարծես թե ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ տեղափոխելու ցույցն այլ վայր և թույլատրելու այն շարունակել կա՛մ Մյասնիկյանի հուշարձանի մոտ [Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում], կա՛մ գնացքի գլխավոր կայարանի մերձակայքում: Այնուամենայնիվ, պարզվում է, որ առաջնորդները և մասնավորապես [պրն. Տեր-Պետրոսյան]-ը, ում այդ ժամանակ թույլ չէին տալիս դուրս գալ իր բնակարանից, այս համաձայնության մասին այդպես էլ պատշաճ կերպով չեն հաղորդել ցուցարարներին: ...
8. Ձերբակալությունները
... Նախկին նախագահ [պրն. Տեր-Պետրոսյան]-ը ներկայումս պահվում է մի իրավիճակում, որը պետք է որակվի որպես de facto տնային կալանք: Նրան տրամադրված է անձնական անվտանգության պաշտպանության խումբ՝ արտակարգ դրության համար պատասխանատու մարմինների, մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայությունների կողմից: Ըստ Ոստիկանության պետի՝ նա ազատ է դուրս գալու իր տնից, սակայն անձնական անվտանգության պաշտպանության ծառայությունը նրան կուղեկցի միայն անվտանգ վայրեր:»:
Բ. «Հյումն Րայթս ՈՒոթչ»-ի զեկույցը. Ժողովրդավարությունը քարքարոտ ճանապարհին, Հայաստանի 2008 թվականի վիճարկված նախագահական ընտրությունները, հետընտրական բռնությունները և միակողմանի պատասխանատվության կանչելու քաղաքականությունը, 2009 թվականի փետրվար
40. Զեկույցի համապատասխան հատվածի համաձայն՝
«[Լևոն Տեր-Պետրոսյան]-ին, որը քնած է եղել հրապարակի մոտ կայանված իր մեքենայում, արթնացրել են: Համաձայն «Հյումն Րայթս Ուոթչ»-ին իր տված տեղեկության՝ նա դիմել է [բողոքի ակցիայի մասնակիցներին], որոնցից մի քանիսն այդ ժամանակ դուրս էին եկել իրենց վրաններից, խնդրելով նրանց հետ քաշվել ոստիկանության շղթայից, որից հետո մնալ այնտեղ, որտեղ նրանք գտնվում էին և սպասել ոստիկանության հրահանգներին: Նա նաև զգուշացրել է ոստիկանությանը, որ ցուցարարների մեջ կան կանայք և երեխաներ:
Նույնիսկ մինչև [Լևոն Տեր-Պետրոսյան]-ի խոսքի ավարտը, ոստիկանությունը մի քանի գծով առաջացել է դեպի ցուցարարները՝ իրենց ռետինե մահակներով հարվածելով իրենց վահաններին: Ըստ բազմաթիվ վկաների՝ ոստիկանությունը ցրվելու որևէ լսելի պահանջ չի ներկայացրել որևէ մեկին, ոչ էլ որևէ կերպ բացատրել է իրենց ներկայության նպատակը: Նրանք սկսել են իրենց մահակներով հրել ցուցարարներին հրապարակից՝ որոշների մոտ առաջացնելով խուճապ և բղավոցներ, իսկ մյուսների մոտ՝ փախուստ: Որոշ ցուցարարներ պատրաստ են եղել պայքարել ոստիկանության դեմ, և այդ պատճառով է, որ ըստ [Լևոն Տեր-Պետրոսյան]-ի՝ նա հորդորել է ամբոխին չդիմադրել ոստիկանությանը: Մյուսները դեռ իրենց վրաններում են եղել:
Անմիջապես հետո, առանց զգուշացնելու ոստիկանության հատուկ նշանակության և արագ արձագանքման զորքերը հարձակվել են ցուցարարների վրա՝ գործի դնելով իրենց ռետինե մահակները, երկաթե ձողերը և էլեկտրաշոկային մահակները: Ըստ [դիմումատու]-ի՝ մոտ 30 ոստիկաններից կազմված մի խումբ [ՊՊԾ-ի պետ]-ի հրամանատարությամբ մոտեցել են իրեն և ուժով տարել մի կողմ: Այն հարցին, թե արդյոք ինքը ձերբակալված է, [Լևոն Տեր-Պետրոսյան]-ին ասել են, որ ոստիկանությունն այնտեղ է՝ իր անվտանգությունը երաշխավորելու համար, և իրենից պահանջվում էր համագործակցել: [Լևոն Տեր-Պետրոսյան]-ին այնուհետև տարել են տուն և փաստացի տնային կալանքի տակ վերցրել:»:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 4 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
41. Դիմումատուն բողոքել է, որ Ազատության հրապարակում իրականացված ոստիկանական գործողությունների ընթացքում ՊՊԾ ծառայողներն իրեն նախ մեկուսացրել են, իսկ այնուհետև վերցրել են de facto տնային կալանքի տակ, որը տևել է մոտավորապես մինչև 2008 թվականիմարտի 25-ը: Նա հղում է կատարել Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածին, մինչդեռ Դատարանն անհրաժեշտ է համարել այդ բողոքը քննել նաև Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո, որն այնքանով, որքանով վերաբերելի է, ունի հետևյալ բովանդակությունը.
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել ազատությունից այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
ա) անձի՝ օրինական կերպով կալանքի տակ պահելն իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո,
բ) անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը՝ դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,
գ) անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,
դ) անչափահասին կալանքի վերցնելն օրինական կարգադրության հիման վրա՝ դաստիարակչական հսկողության համար, կամ նրա օրինական կալանավորումը՝ նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով,
ե) անձանց օրինական կալանքի վերցնելը՝ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև հոգեկան հիվանդներին, գինեմոլներին կամ թմրամոլներին կամ թափառաշրջիկներին օրինական կալանքի վերցնելը,
զ) անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը՝ նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում՝ նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով:»։
Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածը
«1. Որևէ պետության տարածքում օրինական կարգով գտնվող յուրաքանչյուր ոք ունի այդ տարածքի սահմաններում ազատ տեղաշարժվելու և ազատորեն բնակության վայր ընտրելու իրավունք։
...
3. Այդ իրավունքների իրականացման նկատմամբ չպետք է կիրառվի որևէ սահմանափակում, բացառությամբ այն սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության ապահովության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով:
4. 1-ին կետում շարադրված իրավունքները ևս կարող են որոշ ոլորտներում ենթարկվել սահմանափակումների, որոնք կիրառվում են օրենքին համապատասխան և արդարացվում են ժողովրդավարական հասարակության հասարակական շահերով:»:
Ա. Կողմերի փաստարկները
42. Կառավարությունը պնդել է, որ այդ բողոքներն անընդունելի են հետևյալ հիմքերով:
Նախ, դիմումատուն չի ունեցել տուժողի կարգավիճակ, քանի որ 2008 թվականի մարտին նա երբեք չի զրկվել իր ազատությունից կամ ազատ տեղաշարժվելու իր իրավունքից: Նրան երբեք չեն հեռացրել Ազատության հրապարակից իր կամքին հակառակ կամ ուժով չեն տարել տուն: Նա տեղյակ է եղել, որ ՊՊԾ-ն, որին վստահված էր նրա անվտանգության պաշտպանությունը, Ազատության հրապարակում տեղի ունեցած կատաղի բախումից հետո իրեն տանում էր տուն, և նա չի առարկել դրան: Ոչ էլ նա հայտնել է Ազատության հրապարակում մնալու կամ այլ վայր գնալու ցանկություն: Տանը եղած ժամանակ դիմումատուն ազատ է եղել գնալու ցանկացած վայր, և նա է եղել, ով հրաժարվել է տնից դուրս գալ այն բանից հետո, երբ ՊՊԾ ծառայողները նրան ասել են, որ իրենք նրան չեն ուղեկցի այն ժամանակ, երբ նա հայտնել է Ֆրանսիայի դեսպանատան շրջակայքում գտնվող ցուցարարներին միանալու ցանկություն: Դիմումատուի ներկայությունը Սահմանադրական դատարանում ընթացող նիստին նրա սեփական ազատ կամքի, այլ ոչ թե Սահմանադրական դատարանի կամ Գլխավոր դատախազության որևէ գործողության կամ որոշման արդյունքն էր: Ինչ վերաբերում է ՊՊԾ և ոստիկանական լրացուցիչ ուժերին, որոնք տեղակայվել էին դիմումատուի տան մոտակայքում 2008 թվականի մարտի 1-ին Երևանում բռնության սրացման հետ կապված, ապա դրանք զուտ կատարում էին իրենց՝ դիմումատուի անվտանգությունն ապահովելու պարտականությունը և երբեք չեն խոչընդոտել նրա տնից դուրս գալը կամ չեն կանխել որևէ մեկի մուտքը:
Երկրորդ, դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները։ Մասնավորապես, նա կարող էր վիճարկման հայց ներկայացնել Վարչական դատավարության օրենսգրքի (ՎԴՕ) 65-րդ հոդվածի համաձայն և (կամ) ՊՊԾ-ի ենթադրյալ ապօրինի գործողությունների, մասնավորապես՝ նրան Ազատության հրապարակից ենթադրաբար ուժով հեռացնելու և իր տնից դուրս գալը ենթադրաբար արգելելու դեմ ճանաչման հայց ներկայացնել ՎԴՕ-ի 68-րդ հոդվածի համաձայն: Կառավարությունը պնդել է, որ քննարկվող ժամանակահատվածում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ դիմումատուները հաջողությամբ Վարչական դատարան իրավապահ մարմինների դեմ բողոքներ են ներկայացրել, և ներկայացրել է չորս վճիռների պատճեններ, որոնք այդ դատարանը կայացրել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության դեմ: Այն ավելացրել է, որ չի կարողացել ներկայացնել կոնկրետ ՊՊԾ-ի գործողությունների վերաբերյալ Վարչական դատարանի կողմից կայացրած որևէ վճիռ, քանի որ այդպիսի հայցեր երբևէ չեն հարուցվել այդ դատարանում՝ հաշվի առնելով կոնկրետ այդ վարչական մարմնի իրավապահ գործողությունների նեղ ոլորտը:
43. Ինչ վերաբերում է դիմումատուի բողոքների էական հիմքերին, ապա Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածով և Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների միջամտություն տեղի չի ունեցել: Նրան առանց նրա համաձայնության հեռացրել են միայն Ազատության հրապարակում գտնվող հարթակից և տարել են ապահով վայր՝ մոտ 20-30 մետր հեռու նրա իսկ անվտանգության համար, քանի որ Ազատության հրապարակում բռնության ալիք էր բռնկվել, սակայն դիմումատուի նկատմամբ ուժ կամ հարկադրանք չի կիրառվել Ազատության հրապարակից հեռանալու ընթացքում, ոչ էլ դրանից հետո որևէ սահմանափակում է կիրառվել նրա ազատության կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի նկատմամբ: Ամեն դեպքում, նույնիսկ եթե ենթադրենք, որ եղել է Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքի միջամտություն, ապա դա սահմանված է եղել օրենքով, մասնավորապես՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով և 12-րդ հոդվածի 2-րդ մասով: Միջամտությունը, մասնավորապես՝ անվտանգության միջոցառումները, ուղղված են եղել դիմումատուի դեմ կատարվելիք հնարավոր հանցագործությունների կանխարգելմանը, քանի որ Ազատության հրապարակում բռնի անկարգություններ էին տեղի ունենում, իսկ ավելի ուշ՝ տանը, քանի որ անվտանգության միջոցառումները տարածվում էին պետական պահպանության ներքո գտնվող բոլոր անձանց վրա՝ Երևանում տիրող անվտանգության վիճակի հետ կապված: Միջամտությունն անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում, քանի որ ժողովրդավարական հասարակությունում ինչպես ներկայիս, այնպես էլ նախկին նախագահներին և բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտպանելը բնական գործելակերպ էր, հատկապես՝ արտակարգ իրավիճակներում:
44. Դիմումատուն չի պատասխանել Կառավարության փաստարկներին՝ պատշաճ ժամկետում չներկայացնելով իր դիտարկումները:
Բ. Դատարանի գնահատականը
45. Դատարանն ի սկզբանե նշում է, որ կողմերի միջև անհամաձայնություն կա այն բանի շուրջ, թե արդյոք 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան տեղի ունեցած իրադարձություններից հետո դիմումատուի ազատության և ազատ տեղաշարժվելու իրավունքի նկատմամբ սահմանափակումներ կիրառվել են, թե ոչ: Կառավարությունը վիճարկել է դիմումատուի պնդումներն այն մասին, որ նրան ուժով են տուն տարել և մի քանի շաբաթ չեն թույլատրել դուրս գալ իր բնակության վայրից՝ բացառությամբ Սահմանադրական դատարանում ընթացող նիստին ներկայանալու համար: Ինչպես դիմումատուն, այնպես էլ Կառավարությունը ներկայացրել են վկաների ցուցմունքներ՝ ի հիմնավորումն իրենց տեսակետների: Այդպիսով, կողմերի միջև վեճը հիմնականում փաստի շուրջ է, և, հետևաբար, Դատարանը պետք է նախ քննի, թե արդյոք տվյալ դեպքում առկա է եղել ազատությունից զրկում կամ դիմումատուի ազատ տեղաշարժվելու իրավունքի նկատմամբ սահմանափակում, որոնց նկատմամբ կիրառելի են Կոնվենցիայի 5-րդ հոդվածը և Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածը:
46. Այդ առնչությամբ Դատարանը նշում է այն բազմաթիվ զեկույցները, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մամլո հաղորդագրությունը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտանցման կոմիտեի, «Հյումն Րայթս ՈՒոթչ»-ի և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցները, որը 2008 թվականի մարտի 12-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան կատարած իր հատուկ առաքելության ընթացքում նաև անձամբ է հանդիպել դիմումատուին (տե՛ս վերևում՝ 19-րդ և 38-40-րդ պարբերությունները), որոնք ենթադրում են, որ հնարավոր է, որ դիմումատուին իր քաղաքական գործունեության պատճառով վերցրել են այսպես կոչված «տնային կալանքի» տակ: Միևնույն ժամանակ, Դատարանն իր տրամադրության տակ չունի որևէ զորեղ և անվիճարկելի ապացույց, որով կհիմնավորվեին այդ պնդումները և ողջամիտ կասկածից վեր (beyond reasonable doubt) ցույց կտրվեր, որ դա իսկապես այդպես էր, և որ ՊՊԾ-ն գործել է անբարեխղճորեն և չարաշահել է իր լիազորությունները՝ նրա անվտանգության ապահովման քողի ներքո կամ այլ կերպ սահմանափակելով դիմումատուի ազատությունը կամ տեղաշարժվելու ազատությունը: Այդ խնդիրը երբևէ չի քննվել որևէ ներպետական մարմնում, իսկ վերոնշյալ զեկույցները, թեև միանշանակ անհանգստացնող են, ինքնին բավարար չեն Դատարանին թույլատրելու՝ առանց երկմտանքի ընդունել իրադարձությունների վերաբերյալ դիմումատուի վարկածը: Հետևաբար, Դատարանը չի կարող եզրակացնել, որ դիմումատուին զրկել են իր ազատությունից կամ, որ նրա ազատ տեղաշարժվելը սահմանափակվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի և Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի իմաստով՝ ինչպես պնդում է նա:
47. Այս հանգամանքների պայմաններում Դատարանը գտնում է, որ դիմումատուի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի և Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքները բավարար կերպով հիմնավորված չեն, և որ, հետևաբար, գանգատի այս մասն ակնհայտ անհիմն է և պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետին և 4-րդ կետին համապատասխան:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 11-ՐԴ ԵՎ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
48. Դիմումատուն բողոքել է, որ խաղաղ հավաքների ազատության իր իրավունքը խախտվել է ոստիկանության ապօրինի և անհամաչափ միջամտության, մասնավորապես՝ Ազատության հրապարակի հավաքը ցրելու արդյունքում, և որ նա չի ունեցել արդյունավետ պաշտպանության միջոց այդ իրավունքի խախտման դեմ: Նա հղում է կատարել Կոնվենցիայի 11-րդ և 13-րդ հոդվածների վրա, որոնք, այնքանով, որքանով վերաբերելի են, ունեն հետևյալ բովանդակությունը.
Հոդված 11
«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության իրավունք...
2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով...»:
Հոդված 13
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»։
Ա. Կողմերի փաստարկները
49. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի ենթադրյալ խախտման առնչությամբ իր տրամադրության տակ ունեցել է իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոցներ՝ ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածով: Մասնավորապես, դիմումատուն ազատ էր, ՎԴՕ-ի 68-րդ հոդվածի համաձայն, ճանաչման հայց ներկայացնելու՝ վիճարկելով ոստիկանության գործողությունները, մասնավորապես՝ Ազատության հրապարակի հավաքը ցրելը: Այն պնդել է, որ պաշտպանության այս միջոցն ինչպես տեսականորեն, այնպես էլ գործնականում ադյունավետ է եղել՝ նշելով, որ քննարկվող ժամանակահատվածում եղել են դեպքեր, երբ հայցվորները 11-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների վերաբերյալ հաջողությամբ վարույթ են հարուցել Վարչական դատարանում, և, ի հիմնավորումն իրենց փաստարկի, ներկայացնելով 2008 թվականի օգոստոսից հոկտեմբերն ընկած ամիսների ընթացքում տվյալ դատարանի կողմից կայացված երեք վճիռների պատճեններ: Պաշտպանության այս միջոցից չօգտվելով՝ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, և 11-րդ հոդվածի համաձայն ներկայացված նրա բողոքն այդպիսով անընդունելի է:
50. Կառավարությունն այնուհետև պնդել է, որ 11-րդ հոդվածը կիրառելի չէր Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի նկատմամբ, քանի որ այն խաղաղ բնույթ չէր կրում: Նույնիսկ եթե ենթադրենք, որ 11-րդ հոդվածը կիրառելի էր, հավաքը ցրելն արդարացվում էր տվյալ պահին գործող «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով: Ոստիկանության ծառայողները 2008 թվականի մարտի 1-ի հավաքը դադարեցնելու մտադրություն չեն ունեցել, և նրանց միակ մտադրությունը եղել է զենքիստուգում իրականացնելը, ինչին ցուցարարները բռնությամբ են արձագանքել: Ուստի հավաքը դադարեցնելու մասին որոշումը կայացվել է ինքնաբուխ կերպով՝ ի պատասխան այդ բռնության: Այդպիսով, միջամտությունը համաչափ և անհրաժեշտ է եղել, քանի որ ոչ մի ժողովրդավարական հասարակություն չէր կարող հանդուրժել մեծ ամբոխի կողմից [դրսևորած] այդպիսի ագրեսիվ վարքը և անկարգությունը: Ավելին, իշխանություններն Ազատության հրապարակում տեղի ունեցող հավաքի նկատմամբ ցուցաբերել են շատ մեղմ մոտեցում՝ թույլատրելով դրա ընթացքը 2008 թվականի փետրվարի 20-ից մինչև մարտի 1-ը՝ չնայած այն փաստին, որ այն կազմակերպվել էր ներպետական օրենսդրության խախտմամբ, և այդպիսով ապահովելով դրա մասնակիցների՝ հավաքների ազատության իրավունքը:
51. Դիմումատուն չի պատասխանել Կառավարության փաստարկներին՝ պատշաճ ժամկետում չներկայացնելով իր դիտարկումները:
Բ. Դատարանի գնահատականը
1. Ընդունելիությունը
52. Նկատի ունենալով Կառավարության՝ պաշտպանության միջոցներից չօգտվելու մասին պնդումը (տե՛ս վերևում՝ 49-րդ պարբերությունը), Դատարանը համարում է, որ այդ խնդիրը սերտորեն կապված է դիմումատուի՝ իր տրամադրության տակ հավաքների ազատության իր իրավունքի ենթադրյալ խախտման առնչությամբ պաշտպանության արդյունավետ միջոց չունենալու վերաբերյալ բողոքի էական հիմքի հետ: Այդպիսով, Դատարանն անհրաժեշտ է համարում Կառավարության առարկությունը միացնել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքի ըստ էության քննությանը (տե՛ս Անանևը և այլք ընդդեմ Ռուսաստանի [Ananyev and Others v. Russia], թիվ 42525/07 և թիվ 60800/08, § 70, 2012 թվականի հունվարի 10):
53. Ինչ վերաբերում է Կառավարության՝ [Կոնվենցիայի] 11-րդ հոդվածի՝ ոչ կիրառելի լինելու մասին պնդմանը, Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածով պաշտպանվում է միայն «խաղաղ հավաքների» իրավունքը, հասկացություն, որը չի ընդգրկում այն ցույցը, որտեղ կազմակերպիչները և մասնակիցներն ունեն բռնի մտադրություններ (տե՛ս Կուդրևիչիուսը և այլք ընդդեմ Լիտվայի [ՄՊ] [Kudrevičius and Others v. Lithuania [GC]], թիվ 37553/05, § 92, ՄԻԵԴ 2015): Դատարանը նշում է, որ այն արդեն քննել և մերժել է Կառավարության կողմից ներկայացված համանման բողոք՝ գտնելով, որ բավարար և համոզիչ ապացույցներ չկան՝ եզրակացնելու համար, որ Ազատության հրապարակում տեղի ունեցող հավաքի կազմակերպիչները և մասնակիցներն ունեցել են բռնի մտադրություններ, և որ տվյալ հավաքը խաղաղ չի եղել (տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի [Mushegh Saghatelyan v. Armenia], թիվ 23086/08, §§ 229-233, 2018 թվականի սեպտեմբերի 20): Հետևաբար, Դատարանը մերժում է այս առարկությունը։
54. Դատարանը նշում է, որ այդ բողոքները, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չեն: Դատարանն այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով։ Հետևաբար, դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։
2. Ըստ էության քննությունը
ա) Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառումը և Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ենթադրյալ խախտումը
55. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետում նշված` իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու կանոնով դիմումատուները պարտավորվում են նախ և առաջ օգտվել իրավական պաշտպանության այն միջոցներից, որոնք սովորաբար հասանելի և բավարար են ներպետական իրավական համակարգում՝ [իրավունքի] ենթադրյալ խախտումների համար փոխհատուցում ստանալու համար (տե՛ս Դեմոպուլոսը և այլք ընդդեմ Թուրքիայի (որոշում) [ՄՊ] [Demopoulos and Others v. Turkey] (dec.) [GC]], թիվ 46113/99 և այլն, ՄԻԵԴ 2010): Իրավական պաշտպանության այդպիսի միջոցների առկայությունը պետք է լինի բավարար չափով որոշակի ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնականում, որպիսին չլինելու դեպքում դրանք չեն ունենա մատչելիության և արդյունավետության անհրաժեշտ մակարդակ (տե՛ս Պակսասն ընդդեմ Լիտվայի [ՄՊ] [Paksas v. Lithuania] [GC]], թիվ 34932/04, § 75, ՄԻԵԴ 2011 (քաղվածքներ)): Իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասին պնդում անող Կառավարության պարտականությունն է Դատարանում ապացուցել, որ իրավական պաշտպանության այդ միջոցները եղել են արդյունավետ, տվյալ ժամանակահատվածում տեսականորեն ու գործնականում մատչելի, այսինքն` դրանք եղել են հասանելի, դրանց միջոցով հնարավոր է եղել դիմումատուի բողոքների մասով փոխհատուցում տրամադրել, ինչպես նաև դրանով ընձեռվել են հաջողության հասնելու ողջամիտ հնարավորություններ (տե՛ս Քենեդին ընդդեմ Միացյալ Թագավորության [Kennedy v. the United Kingdom], թիվ 26839/05, § 109, 2010 թվականի մայիսի 18)։ Այն դեպքում, երբ ապացուցման այս պարտականությունը կատարված է, արդեն դիմումատուն պետք է ապացուցի, որ Կառավարության կողմից առաջարկվող իրավական պաշտպանության միջոցը փաստացի սպառվել է կամ ինչ-ինչ պատճառներով գործի կոնկրետ հանգամանքներում եղել է ոչ պատշաճ և անարդյունավետ (տե՛ս Սելմունին ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Selmouni v. France [GC]], թիվ 25803/94, § 76, ՄԻԵԴ 1999-V):
56. Կոնվենցիայի 13-րդ հոդվածով երաշխավորվում է ազգային մակարդակով իրավական պաշտպանության միջոցի մատչելիությունը՝ Կոնվենցիոն իրավունքների և ազատությունների էությունն ապահովելու նպատակով՝ անկախ դրանց արտահայտման ձևից։ Այդ դրույթի նշանակությունը, այդպիսով, պահանջելն է Կոնվենցիային համապատասխան իրավական պաշտպանության ներպետական միջոցների տրամադրում՝ «վիճելի բողոքի» էության հետ գործ ունենալու և դատական պաշտպանության արդյունավետ միջոց տրամադրելու համար: Պայմանավորվող պետությունների՝ 13-րդ հոդվածով սահմանված պարտավորությունների շրջանակը տարբերվում է՝ կախված դիմումատուի բողոքի բնույթից։ Այնուամենայնիվ, ինչպես նշվել է վերևում, 13-րդ հոդվածով պահանջվող իրավական պաշտպանության միջոցը պետք է լինի «արդյունավետ» ինչպես գործնականում, այնպես էլ օրենքի մակարդակով: 13-րդ հոդվածի իմաստով «իրավական պաշտպանության միջոցի» «արդյունավետությունը» կախված չէ դիմումատուի համար նպաստավոր ելքի որոշակիությունից, այլ այն պետք է ունակ լինի կա՛մ կանխելու ենթադրյալ խախտումը կամ դրա շարունակվելը, կա՛մ տրամադրելու պատշաճ փոխհատուցում արդեն տեղի ունեցած ցանկացած խախտման համար (տե՛ս Անանևի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 96, և Խլաիֆիան և այլք ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Khlaifia and Others v. Italy [GC]], թիվ 16483/12, § 268, ՄԻԵԴ 2016 (քաղվածքներ)):
57. Սույն գործով դիմումատուն պնդել է, որ ինքը չի ունեցել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ոստիկանության գործողությունների՝ մասնավորապես Ազատության հրապարակում տեղի ունեցող հավաքի՝ ուժով դադարեցման առնչությամբ, մինչդեռ Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն կարող էր այդ հարցը բարձրացնել դատարաններում, ինչը նա չի արել և այդպիսով չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Այս առնչությամբ Կառավարությունը վկայակոչել է ՎԴՕ-ի 68-րդ հոդվածը: Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ թեև Կառավարությունը, ի հիմնավորումն իր փաստարկի, ներկայացրել է երեք վճիռների պատճեններ, ոչնչից չի կարելի ենթադրել, որ այդ վճիռները Վարչական դատարանի կողմից կայացվել են ՎԴՕ-ի 68-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով: Փաստացի, վճիռներից մեկում հստակորեն նշված է, որ հայցը ներկայացվել է ՎԴՕ-ի 65-րդ հոդվածի համաձայն, մինչդեռ մյուս երկու վճիռներում ոչինչ չի ասվում այդ հարցի վերաբերյալ: Եվ որ ամենակարևորն է, բոլոր երեք վճիռները վերաբերում են միջամտող վարչական ակտերի դեմ ներկայացված վիճարկումներին, ինչպիսիք են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կայացրած որոշումը, որով արգելվում էր անցկացնել հանրահավաք, ի հակադրություն ցույցի ընթացքում իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված որևէ միջամտող գործողության, այդ թվում՝ դրա ցրման կամ ուժով դադարեցման: Հետևաբար, Կառավարությունը չի ներկայացրել սույն դեպքին համանման իրավիճակում ՎԴՕ-ի 68-րդ հոդվածի կիրառման որևէ օրինակ: Դա ավելի է խորացել այն փաստով, որ այդ հոդվածի կիրառելիությունն այնպիսի իրավիճակների նկատմամբ, ինչպիսին է քննարկվողիրավիճակը, ակնհայտ չէ նաև դրա շարադրանքից: Մասնավորապես, թեև այդ հոդվածի 3-րդ պարբերությամբ նշվում է «այլևս իրավաբանական ուժ չունեցող» միջամտող վարչական գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի հնարավորությունը, սա կիրառվում է միայն այն գործողության նկատմամբ, որն «այլևս իրավաբանական ուժ չունի», և որը, կախված «ա»-«գ» կետերում նշված որոշակի պայմաններից, անօրինական ճանաչելու մեջ դիմումատուն իրավաչափ շահագրգռվածություն ունի, որոնցից ոչ մեկը սույն գործով, կարծես թե, առկա չէ: Հետևաբար, պարզ չէ, թե արդյոք 68-րդ հոդվածի 3-րդ մասը կարող էր կիրառվել ոստիկանության այնպիսի գործողությունների նկատմամբ, ինչպիսին է սույն գործով հավաքը ցրելը: Հաշվի առնելով հստակության այդպիսի բացակայությունը և ներպետական գործելակերպի օրինակների բացակայությունը, Դատարանը համարում է, որ Կառավարությունը չի կարողացել ցույց տալ, իսկ հակառակ դեպքում այլ պատճառներ չկան կարծելու, որ դիմումատուն ունեցել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոց հավաքների ազատության իր իրավունքի միջամտության առնչությամբ:
58. Հաշվի առնելով վերոնշյալը, Դատարանը մերժում է Կառավարության առարկությունն իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասով և գտնում է, որ դիմումատուին, Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտմամբ, չի տրամադրվել իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոց 11-րդ հոդվածի համաձայն ներկայացված իր դժգոհությունների առնչությամբ:
բ) Կոնվենցիայի 11-րդ հոդվածը
i) Արդյո՞ք եղել է միջամտություն խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացմանը
59. Դատարանը վերահաստատում է, որ միջամտությունը կարող է իրենից չներկայացնել ուղղակի արգելք՝ իրավական կամ փաստացի, այլ կարող է ներառել իշխանությունների կողմից ձեռնարկվող այլ տարբեր միջոցառումներ։ 11-րդ հոդվածի 2-րդ կետում նշված «սահմանափակում» եզրույթը պետք է մեկնաբանվի և՛ հավաքից առաջ, և՛ դրա ընթացքում ձեռնարկվող միջոցառումների ներառմամբ, ինչպիսիք են նախնական արգելքը, հանրահավաքը ցրելը կամ մասնակիցներին ձերբակալելը, ինչպես նաև հետագայում կիրառվող պատժամիջոցները, այդ թվում՝ հանրահավաքին մասնակցելու համար կիրառված պատիժները (տե՛ս Նավալնին և Յաշինն ընդդեմ Ռուսաստանի [Navalnyy and Yashin v. Russia], թիվ 76204/11, 2014 թվականի դեկտեմբերի 4, ևԿուդրևիչիուսի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 100)։
60. Դատարանն ի սկզբանե նշում է, որ Կառավարությունը չի վիճարկել միջամտության փաստը, փոխարենը պնդել է, որ հավաքը չի եղել խաղաղ: Դատարանն այնուհետև նշում է, որ արդեն վճռել է, որ Ազատության հրապարակում անցկացվող հավաքը ցրելը եղել է դրա մասնակիցների՝ հավաքների ազատության իրավունքի միջամտություն (տե՛ս Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, § 234): Այս եզրահանգումն անկասկած կիրառելի է դիմումատուի նկատմամբ, որն Ազատության հրապարակում անցկացվող ցույցերի գլխավոր առաջնորդն էր, ավելին, հավաքը ցրելուընթացքում գտնվում էր այդ վայրում: Դատարանը եզրակացնում է, որ եղել է միջամտություն դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքին։
ii) Արդյո՞ք միջամտությունը եղել է հիմնավորված
61. Դատարանը կրկին նշում է, որ միջամտությունը կհամարվի Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում, եթե այն չլինի «սահմանված օրենքով», չհետապնդի 2-րդ կետով նախատեսված մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակ և չլինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակների իրականացման համար (տե՛ս Գալստյանն ընդդեմ Հայաստանի [Galstyan v. Armenia], թիվ 26986/03, § 103, 2007 թվականի նոյեմբերի 15):
62. Սույն գործով Դատարանն անհրաժեշտ չի համարում որոշում կայացնել այն մասին, թե արդյոք միջամտությունը սահմանված է եղել օրենքով և հետապնդել է իրավաչափ նպատակ՝ հաշվի առնելով միջամտության անհրաժեշտության վերաբերյալ իր՝ ստորև ներկայացված եզրակացությունները (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդավարական կուսակցությունն ընդդեմ Մոլդովայի [Christian Democratic People’s Party v. Moldova], թիվ 28793/02, §§ 49-54, ՄԻԵԴ 2006‑II, և Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, § 237):
63. Դատարանը նախ և առաջ վերահաստատում է, որ ժողովրդավարական հասարակության հիմքերից մեկով՝ հավաքների ազատության իրավունքով, նախատեսվում են մի շարք բացառություններ, որոնք պետք է մեկնաբանվեն նեղ իմաստով, և ցանկացած սահմանափակման անհրաժեշտությունը պետք է համոզիչ կերպով հիմնավորվի: Երբ ուսումնասիրվում է այն հարցը, թե արդյոք Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների մասով սահմանափակումները կարող են համարվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում», Պայմանավորվող պետություններին վերապահվում է հայեցողական լիազորությունների որոշակի, սակայն ոչ անսահմանափակ շրջանակ։ Ամեն դեպքում Դատարանն է վերջնական որոշում կայացնում սահմանափակման՝ Կոնվենցիայի հետ համատեղելիության մասին, և դա պետք է կատարվի կոնկրետ գործի հանգամանքները գնահատելու միջոցով (տե՛ս Կուդրեվիչիուսի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 142)։
64. Դատարանը նշում է, որ արդեն քննել է Ազատության հրապարակում անցկացվող հավաքին միջամտելու անհրաժեշտությունը և հանգել է այն եզրակացությանը, որ այն ցրելը կատարվել է առանց բավարար հիմնավորման և տեղի է ունեցել որոշակի կասկածելի հանգամանքներում, ակնհայտորեն առանց ցրելու մասին նախազգուշացումների և ուժի չհիմնավորված և անհամաչափ գործադրմամբ, և որ դա անհամաչափ միջոց էր, որն անցել էր ողջամտության այն սահմանները, որը հավաքների ազատությունը սահմանափակելիս կարելի էր ակնկալել իշխանություններից (տե՛ս Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 240-248): Դատարանը սույն գործով այդ եզրակացությունից շեղվելու պատճառներ չի տեսնում։
65. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
66. Դիմումատուն նաև բողոքել է, որ իր ենթադրյալ տնային կալանքը և հավաքների ազատության իր իրավունքի միջամտությունը պայմանավորված են եղել իր քաղաքական հայացքներով և հանգեցրել են խտրականության: Դիմումատուն հղում է կատարել Թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածին, սակայն Դատարանը համարում է, որ այդ բողոքը ենթակա է քննության՝ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն, ըստ որի՝
«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից:»:
67. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը։
68. Դատարանը համարում է, որ այնքանով, որքանով վերաբերելի են դիմումատուի՝ իր «տնային կալանքի» հետ կապված խտրականության մասին պնդումները, գանգատի այս մասը պետք է համանման կերպով հայտարարվի անընդունելի՝ որպես Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի համաձայն ակնհայտ անհիմն՝ հաշվի առնելով Դատարանի եզրահանգումները Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի և Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն (տե՛ս վերևում՝ 47-րդ պարբերությունը):
69. Ինչ վերաբերում է դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իր իրավունքի միջամտության հետ կապված խտրականության մասին պնդումներին, ապա Դատարանը, հաշվի առնելով Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն արած իր եզրահանգումները (տե՛ս վերևում՝ 63-65-րդ պարբերությունները), համարում է, որ անհրաժեշտ չէ քննել, թե արդյոք տվյալ գործով եղել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ 11-րդ հոդվածի հետ համադրությամբ:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
70. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»։
71. Դիմումատուն պատշաճ կերպով՝ Դատարանի կանոնակարգի 60-րդ կանոնի պահանջներով սահմանված կարգով, հայց չի ներկայացրել արդարացի փոխհատուցման վերաբերյալ: Հետևաբար, Դատարանը համարում է, որ նրան այդ մասով որևէ գումար շնորհելու անհրաժեշտություն չկա:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է Կառավարության՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասին նախնական առարկությունը միացնել գործի ըստ էության քննությանը և մերժում է այն.
2. Հայտարարում է դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի միջամտության և այդ առնչությամբ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ենթադրյալ բացակայության վերաբերյալ բողոքներն ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում.
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հետ համադրությամբ.
5. Վճռում է, որ բողոքը Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն՝ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հետ համադրությամբ քննելու անհրաժեշտություն չկա:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2019 թվականի ապրիլի 25-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Ռենատա Դեգեներ Քարտուղարի տեղակալ |
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս Նախագահ |