«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ՝ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սույն արձանագրության Կողմ պետությունները,
համարելով, որ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված սկզբունքների համաձայն՝ մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհում ազատության, արդարության և խաղաղության հիմքն է,
ընդունելով, որ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) Կողմ պետությունները ճանաչում են այնտեղ ամրագրված իրավունքներն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր երեխայի համար առանց որևէ խտրականության՝ անկախ երեխայի կամ նրա ծնողի կամ օրինական խնամակալի ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գույքային վիճակից, հաշմանդամությունից, ծննդից կամ այլ կարգավիճակից,
վերահաստատելով մարդու բոլոր իրավունքների և հիմնարար ազատությունների համընդհանրությունը, անօտարելիությունը, փոխկախվածությունը և փոխկապվածությունը,
վերահաստատելով նաև երեխայի կարգավիճակը՝ որպես իրավունքների սուբյեկտ և որպես մարդկային էակ՝ օժտված արժանապատվությամբ և զարգացող ունակություններով,
ճանաչելով այն փաստը, որ երեխաների հատուկ և անկախ կարգավիճակը կարող է նրանց համար ստեղծել իրական բարդություններ իրենց իրավունքների խախտումների դեմ իրավական պաշտպանության միջոցների հետամուտ լինելիս,
համարելով, որ սույն արձանագրությունը կամրապնդի և կլրացնի ազգային և տարածաշրջանային մեխանիզմները, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս բողոքներ ներկայացնելու իրենց իրավունքների խախտումների առնչությամբ,
ճանաչելով այն փաստը, որ երեխայի լավագույն շահերը պետք է լինեն առաջնային մտահոգություն, որոնք պետք է հարգել երեխայի իրավունքների խախտումների դեմ իրավական պաշտպանության միջոցների հետամուտ լինելիս, և որ իրավական պաշտպանության այդ միջոցները պետք է հաշվի առնեն երեխայի նկատմամբ զգայուն ընթացակարգերի անհրաժեշտությունը բոլոր մակարդակներում,
խրախուսելով Կողմ պետություններին՝ մշակել պատշաճ ազգային մեխանիզմներ՝ հնարավորություն տալու համար այն երեխային, ում իրավունքները խախտվել են, ներպետական մակարդակում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների մատչելիություն ունենալու,
վկայակոչելով այն կարևոր դերակատարումը, որը կարող են այս առնչությամբ ունենալ մարդու իրավունքների հարցերով զբաղվող ազգային հաստատությունները և համապատասխան այլ մասնագիտացված հաստատությունները, որոնք լիազորված են խթանելու և պաշտպանելու համար երեխայի իրավունքները,
համարելով, որ այդպիսի ազգային մեխանիզմներն ամրապնդելու և լրացնելու, ինչպես նաև Կոնվենցիայի և համապատասխան դեպքերում դրա՝ «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» և Կոնվենցիային կից՝ «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրությունների կիրարկումն առավել ընդլայնելու համար նպատակահարմար կլինի Երեխայի իրավունքների կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) հնարավորություն տալ իրականացնելու սույն արձանագրությամբ նախատեսված գործառույթները,
համաձայնեցին հետևյալի մասին.
ՄԱՍ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
1. Սույն արձանագրության Կողմ պետությունը ճանաչում է Կոմիտեի՝ սույն արձանագրությամբ նախատեսված իրավասությունը:
2. Կոմիտեն չի իրականացնում իր իրավասությունը սույն արձանագրության Կողմ պետության նկատմամբ այն փաստաթղթով սահմանված իրավունքների խախտումների վերաբերյալ հարցերով, որի կողմ այդ պետությունը չի հանդիսանում:
3. Կոմիտեն չի ընդունում որևէ հաղորդագրություն, որը վերաբերում է սույն արձանագրության Կողմ չհանդիսացող պետության:
ՀՈԴՎԱԾ 2
ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Սույն արձանագրությամբ իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս Կոմիտեն առաջնորդվում է երեխայի լավագույն շահի սկզբունքով: Այն պետք է նաև հաշվի առնի երեխայի իրավունքները և կարծիքը՝ վերջինիս նկատմամբ ցուցաբերելով նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն:
ՀՈԴՎԱԾ 3
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
1. Կոմիտեն ընդունում է կանոնակարգ, որով պետք է առաջնորդվել սույն արձանագրությամբ Կոմիտեին վերապահված գործառույթներն իրականացնելիս: Դա անելիս նա պետք է հաշվի առնի, մասնավորապես, սույն արձանագրության 2-րդ հոդվածը՝ երաշխավորելու նպատակով երեխայի նկատմամբ զգայունակ ընթացակարգեր:
2. Կոմիտեն իր կանոնակարգում ներառում է երաշխիքներ՝ կանխելու համար երեխայի մանիպուլյացիայի ենթարկվելը նրա անունից գործող անձանց կողմից, և կարող է մերժել ուսումնասիրել որևէ հաղորդագրություն, որը հակասում է երեխայի լավագույն շահերին:
ՀՈԴՎԱԾ 4
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
1. Կողմ պետությունը ձեռնարկում է բոլոր պատշաճ քայլերը՝ ապահովելու համար, որ իր իրավազորության ներքո գտնվող ոչ մի անհատ սույն արձանագրության համաձայն ներկայացրած հաղորդագրությունների կամ Կոմիտեի հետ համագործակցության պատճառով չենթարկվի մարդու իրավունքների որևէ խախտման, վատ վերաբերմունքի կամ ահաբեկման:
2. Որևէ անհատի կամ անհատների խմբի ինքնությունը հրապարակայնորեն չի բացահայտվում՝ առանց նրանց հստակ արտահայտված համաձայնության:
ՄԱՍ II
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
ՀՈԴՎԱԾ 5
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Հաղորդագրությունները կարող են ներկայացվել Կողմ պետության իրավազորության ներքո գտնվող այն անհատի կամ անհատների խմբի կողմից կամ անունից, որը պնդում է, որ այդ Կողմ պետության կողմից ներքոնշյալ փաստաթղթերից որևէ մեկով ամրագրված իրավունքներից որևէ մեկի խախտման զոհ է, որի կողմ է հանդիսանում պետությունը.
ա) Կոնվենցիա,
բ) Կոնվենցիայի՝ «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրություն,
գ) Կոնվենցիայի՝ «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրություն:
2. Երբ հաղորդագրությունը ներկայացվում է անհատի կամ անհատների խմբի անունից, այն պետք է զուգակցվի վերջիններիս համաձայնությամբ, եթե հեղինակը չի հիմնավորում առանց այդպիսի համաձայնության նրանց անունից հանդես գալու իրավունքը:
ՀՈԴՎԱԾ 6
ՄԻՋԱՆԿՅԱԼ ՄԻՋՈՑՆԵՐԸ
1. Հաղորդագրությունն ստանալուց հետո և մինչև ըստ էության որոշում կայացնելը՝ ցանկացած պահի, Կոմիտեն կարող է համապատասխան Կողմ պետության անհապաղ քննարկմանը փոխանցել պահանջ այն մասին, որ Կողմ պետությունը ձեռնարկի այնպիսի միջանկյալ միջոցներ, որոնք կարող են բացառիկ հանգամանքներում անհրաժեշտ լինել՝ ենթադրյալ խախտումների զոհին կամ զոհերին պատճառվող հնարավոր անդառնալի վնասից խուսափելու համար:
2. Կոմիտեի՝ սույն հոդվածի 1-ին պարբերությունում սահմանված իր հայեցողական լիազորությունների իրականացումը չի ենթադրում հաղորդագրության ընդունելիության կամ ըստ էության քննության վերաբերյալ որոշման կայացում:
ՀՈԴՎԱԾ 7
ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Կոմիտեն հաղորդագրությունն անընդունելի է համարում այն դեպքում, երբ՝
ա) հաղորդագրությունն անանուն է,
բ) հաղորդագրությունը գրավոր չէ,
գ) հաղորդագրությունն այդպիսի հաղորդագրություններ ներկայացնելու իրավունքի չարաշահում է կամ սույն Կոնվենցիայի և (կամ) դրա կամընտիր արձանագրությունների դրույթների հետ անհամատեղելի է,
դ) նույն հարցն արդեն ուսումնասիրվել է Կոմիտեի կողմից կամ ուսումնասիրվել կամ ուսումնասիրվում է միջազգային քննության կամ կարգավորման այլ ընթացակարգով,
ե) չեն սպառվել իրավական պաշտպանության բոլոր հասանելի ներպետական միջոցները։ Այս կանոնը չի գործում այն դեպքում, երբ իրավական պաշտպանության միջոցների կիրառումը առանց հիմնավոր պատճառի ձգձգվում է կամ հավանական չէ, որ կհանգեցնի արդյունավետ օգնության,
զ) հաղորդագրությունն ակնհայտորեն անհիմն է կամ բավարար կերպով հիմնավորված չէ,
է) հաղորդագրության առարկա փաստերը տեղի են ունեցել նախքան համապատասխան Կողմ պետության համար սույն արձանագրության ուժի մեջ մտնելը, եթե այդ փաստերը չեն շարունակել տեղի ունենալ այդ ամսաթվից հետո,
ը) հաղորդագրությունը չի ներկայացվել իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հեղինակը կարող է ապացուցել, որ հաղորդագրությունն այդ ժամկետում ներկայացնելը հնարավոր չի եղել:
ՀՈԴՎԱԾ 8
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑԵԼԸ
1. Եթե Կոմիտեն հաղորդագրությունն անընդունելի չի համարում` առանց հղում կատարելու համապատասխան Կողմ պետությանը, ապա Կոմիտեն սույն արձանագրության համաձայն իրեն ուղարկված ցանկացած հաղորդագրություն հնարավորինս շուտ ներկայացնում է համապատասխան Կողմ պետության ուշադրությանը:
2. Կողմ պետությունը գրավոր բացատրություններ կամ հայտարարություններ է ներկայացնում Կոմիտե՝ պարզաբանելով հարցը և իրավական պաշտպանության այն միջոցը, եթե այդպիսին առկա է, որը Կողմ պետությունը կարող է տրամադրած լինել: Կողմ պետությունն իր պատասխանը ներկայացնում է հնարավորինս շուտ՝ վեց ամսվա ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 9
ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Կոմիտեն համապատասխան կողմերին տրամադրում է իր միջնորդական ծառայությունները՝ Կոնվենցիայով և (կամ) դրա կամընտիր արձանագրություններով սահմանված պարտավորությունները հարգելու սկզբունքի հիման վրա հարցի՝ հաշտության համաձայնության ճանապարհով լուծման նպատակով:
2. Կոմիտեի հովանու ներքո ձեռք բերված հաշտության համաձայնությամբ փակվում է հաղորդման՝ սույն արձանագրությամբ սահմանված քննարկումը:
ՀՈԴՎԱԾ 10
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
1. Կոմիտեն սույն արձանագրությամբ սահմանված կարգով ստացած հաղորդագրությունները քննարկում է հնարավորինս արագ, իրեն ներկայացված բոլոր փաստաթղթերի լույսի ներքո՝ պայմանով, որ այդ փաստաթղթերը փոխանցվեն համապատասխան կողմերին:
2. Սույն արձանագրությամբ սահմանված կարգով ստացած հաղորդագրություններն ուսումնասիրելիս Կոմիտեն անց է կացնում դռնփակ նիստեր:
3. Եթե Կոմիտեն պահանջել է միջանկյալ միջոցներ, ապա դա արագացնում է հաղորդման քննարկումը:
4. Տնտեսական, սոցիալական կամ մշակութային իրավունքների խախտումներ ենթադրող հաղորդագրություններն ուսումնասիրելիս Կոմիտեն դիտարկում է Կողմ պետության՝ Կոնվենցիայի 4-րդ հոդվածին համապատասխան ձեռնարկած միջոցների ողջամտությունը: Դա անելիս Կոմիտեն հաշվի է առնում, որ Կողմ պետությունը կարող է ընդունել Կոնվենցիայում առկա տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների իրականացմանն ուղղված՝ քաղաքականության մի շարք հնարավոր միջոցառումներ:
5. Հաղորդագրությունն ուսումնասիրելուց հետո Կոմիտեն համապատասխան կողմերին անհապաղ փոխանցում է հաղորդման վերաբերյալ իր տեսակետները իր առաջարկությունների հետ միասին, եթե այդպիսիք առկա են:
ՀՈԴՎԱԾ 11
ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐԸ
1. Կողմ պետությունը պատշաճ ուշադրություն է դարձնում Կոմիտեի տեսակետներին, ինչպես նաև, եթե այդպիսիք առկա են, առաջարկություններին, և Կոմիտե է ներկայացնում գրավոր պատասխան, այդ թվում՝ տեղեկություններ, Կոմիտեի տեսակետների և առաջարկությունների լույսի ներքո ձեռնարկված և նախատեսված ցանկացած գործողության վերաբերյալ: Կողմ պետությունն իր պատասխանը ներկայացնում է հնարավորինս շուտ՝ վեց ամսվա ընթացքում:
2. Կոմիտեն կարող է Կողմ պետությանն առաջարկել հետագայում տեղեկություններ ներկայացնել ցանկացած միջոցառման մասին, որը նա ձեռնարկել է Կոմիտեի տեսակետների, առաջարկությունների կամ հաշտության համաձայնության արդյունքում, եթե այդպիսիք առկա են, այդ թվում, եթե Կոմիտեն նպատակահարմար է գտնում, Կողմ պետության կողմից Կոնվենցիայի 44-րդ հոդվածի, Կոնվենցիայի՝ «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի» մասին կամընտիր արձանագրության 12-րդ հոդվածի կամ Կոնվենցիայի՝ «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրության 8-րդ հոդվածի համաձայն ներկայացրած հետագա զեկույցներում, եթե կիրառելի է:
ՀՈԴՎԱԾ 12
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն արձանագրության Կողմ պետությունը ցանկացած պահի կարող է հայտարարել, որ ճանաչում է Կոմիտեի՝ այնպիսի հաղորդագրություններ ստանալու և քննարկելու իրավասությունը, որոնցով մի Կողմ պետությունը պնդում է, որ մեկ այլ Կողմ պետություն չի կատարում հետևյալ փաստաթղթերից որևէ մեկով սահմանված իր պարտավորությունները.
ա) Կոնվենցիա,
բ) Կոնվենցիայի՝ «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրություն,
գ) Կոնվենցիայի՝ «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրություն:
2. Կոմիտեն չի ստանում հաղորդագրություններ այն Կողմ պետության վերաբերյալ, որը չի արել այդպիսի հայտարարություն, ինչպես նաև՝ հաղորդագրություններ այն Կողմ պետությունից, որը չի արել այդպիսի հայտարարություն։
3. Կոմիտեն համապատասխան կողմերին տրամադրում է իր միջնորդական ծառայությունները՝ Կոնվենցիայով և դրա կամընտիր արձանագրություններով սահմանված պարտավորությունները հարգելու սկզբունքի հիման վրա հարցի՝ հաշտության համաձայնության ճանապարհով լուծման նպատակով:
4. Կողմ պետությունները սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն արված հայտարարությունն ի պահ են հանձնում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որը դրա պատճենները փոխանցում է մյուս Կողմ պետություններին: Հայտարարությունը կարող է ցանկացած պահի հետ կանչվել այդ մասին Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցագրի միջոցով: Հայտարարությունը հետ կանչելը չպետք է ազդեցություն ունենա այնպիսի հարցի քննարկման վրա, որը, սույն հոդվածի համաձայն, արդեն փոխանցված հաղորդման առարկա է. հայտարարությունը հետ կանչելու մասին ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալուց հետո այլևս սույն հոդվածի համաձայն որևէ Կողմ պետության կողմից արված որևէ հաղորդագրություն չի ընդունվում, մինչև համապատասխան Կողմ պետությունը նոր հայտարարություն չի անում:
ՄԱՍ III
ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
ՀՈԴՎԱԾ 13
ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԼՈՒՐՋ ԿԱՄ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
1. Եթե Կոմիտեն ստանում է հավաստի տեղեկություններ, որոնցում նշվում է Կողմ պետության կողմից Կոնվենցիայում կամ դրա՝ «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» և «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրություններում սահմանված իրավունքների լուրջ կամ պարբերական խախտումների մասին, ապա Կոմիտեն Կողմ պետությանն առաջարկում է համագործակցել տեղեկությունների ուսումնասիրության հարցում և այդ նպատակով անհապաղ ներկայացնել տվյալ տեղեկությունների վերաբերյալ իրենց նկատառումները:
2. Հաշվի առնելով ցանկացած նկատառում, որը կարող է ներկայացնել համապատասխան Կողմ պետությունը, ինչպես նաև իրեն հասանելի ցանկացած այլ հավաստի տեղեկություն, Կոմիտեն կարող է իր մեկ կամ ավելի անդամներին հանձնարարել անցկացնել քննություն և անմիջապես զեկուցել իրեն: Թույլտվության առկայության դեպքում և Կողմ պետության համաձայնությամբ քննությունը կարող է ներառել այցելություն այդ պետության տարածք:
3. Այդպիսի քննությունն անցկացվում է գաղտնի, և վարույթի բոլոր փուլերում պետք է ձգտել ստանալ համապատասխան Կողմ պետության համագործակցությունը:
4. Այդպիսի քննության արդյունքում ստացված եզրակացություններն ուսումնասիրելուց հետո Կոմիտեն այդ եզրակացությունները ցանկացած մեկնաբանության և առաջարկության հետ միասին անհապաղ փոխանցում է համապատասխան Կողմ պետությանը:
5. Համապատասխան Կողմ պետությունը Կոմիտեի փոխանցած եզրակացությունները, մեկնաբանությունները և առաջարկություններն ստանալուց հետո հնարավորինս շուտ՝ վեց ամսվա ընթացքում, Կոմիտե է ներկայացնում իր նկատառումները:
6. Սույն հոդվածի 2-րդ պարբերության համապատասխան կատարված քննության մասով վարույթն ավարտվելուց հետո Կոմիտեն կարող է համապատասխան Կողմ պետության հետ խորհրդակցելուց հետո որոշել սույն արձանագրության 16-րդ հոդվածով նախատեսված իր զեկույցում ներառել վարույթի արդյունքների մասին ամփոփ հաշվետվություն:
7. Յուրաքանչյուր Կողմ պետություն սույն արձանագրության ստորագրման կամ վավերացման կամ դրան միանալու պահին կարող է հայտարարել, որ չի ճանաչում Կոմիտեի՝ սույն հոդվածով նախատեսված իրավասությունը 1-ին պարբերությունում թվարկված բոլոր փաստաթղթերում կամ դրանցից որոշների մեջ սահմանված իրավունքների մասով:
8. Ցանկացած Կողմ պետություն, որը հայտարարություն է արել սույն հոդվածի 7-րդ պարբերության համաձայն, կարող է ցանկացած պահի հետ կանչել այդ հայտարարությունը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցագրի միջոցով։
ՀՈԴՎԱԾ 14
ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՀԱՋՈՐԴՈՂ ՔԱՅԼԵՐԸ
1. Անհրաժեշտության դեպքում Կոմիտեն կարող է 13-րդ հոդվածի 5-րդ պարբերությունում նշված վեցամսյա ժամկետի ավարտից հետո համապատասխան Կողմ պետությանն առաջարկել իրեն տեղեկացնել այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել և նախատեսվել են՝ սույն արձանագրության 13-րդ հոդվածով սահմանված կարգով անցկացված քննության արդյունքում:
2. Կոմիտեն կարող է Կողմ պետությանն առաջարկել հետագայում տեղեկություններ ներկայացնել ցանկացած միջոցառման մասին, որը նա ձեռնարկել է 13-րդ հոդվածով սահմանված կարգով անցկացրած քննության արդյունքում, այդ թվում, եթե Կոմիտեն նպատակահարմար է գտնում, Կողմ պետության կողմից Կոնվենցիայի 44-րդ հոդվածի, Կոնվենցիայի՝ «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրության 12-րդ հոդվածի կամ Կոնվենցիայի՝ «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրության 8-րդ հոդվածի համաձայն ներկայացրած հետագա զեկույցներում, եթե կիրառելի է:
ՄԱՍ IV
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 15
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
1. Կոմիտեն կարող է, համապատասխան Կողմ պետության համաձայնությամբ, Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալություններին, հիմնադրամներին ու ծրագրերին և այլ իրավասու մարմինների փոխանցել այն հաղորդագրությունների և քննությունների վերաբերյալ իր տեսակետները կամ առաջարկությունները, որոնց մասով կա այդ տեսակետների և առաջարկությունների վերաբերյալ տեխնիկական խորհրդատվության կամ աջակցության կարիք` Կողմ պետության դիտարկումների ու առաջարկությունների հետ միասին, եթե այդպիսիք առկա են:
2. Կոմիտեն կարող է նաև համապատասխան Կողմ պետության համաձայնությամբ այդ մարմինների ուշադրությունը հրավիրել սույն արձանագրության համաձայն քննարկվող հաղորդագրություններից բխող ցանկացած հարցի վրա, որը կարող է նրանցից յուրաքանչյուրին իր իրավասության ոլորտում օգնել որոշում կայացնել այն միջազգային միջոցների նպատակահարմարության վերաբերյալ, որոնք կարող են օգնել Կողմ պետություններին առաջընթաց գրանցել Կոնվենցիայում և (կամ) դրա կամընտիր արձանագրություններում ճանաչված իրավունքների իրականացման հարցում:
ՀՈԴՎԱԾ 16
ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԶԵԿՈՒՅՑ
Կոմիտեն, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 5-րդ պարբերության համապատասխան, երկու տարին մեկ Գլխավոր ասամբլեային ներկայացվող իր զեկույցում ներառում է իր կողմից սույն արձանագրության համաձայն իրականացված գործունեության ամփոփ նկարագիրը:
ՀՈԴՎԱԾ 17
ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Յուրաքանչյուր Կողմ պետություն ստանձնում է պատշաճ ու ակտիվ միջոցներով և՛ չափահասներին, և՛ երեխաներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցողներին, հավասարապես հասանելի ձևաչափերով լայնորեն հայտնի դարձնել և տարածել սույն արձանագրությունը և դյուրացնել մատչելիությունը Կոմիտեի տեսակետների և առաջարկությունների վերաբերյալ տեղեկություններին, մասնավորապես այն հարցերի վերաբերյալ, որոնում ներգրավված է Կողմ պետությունը:
ՀՈԴՎԱԾ 18
ՍՏՈՐԱԳՐԵԼԸ, ՎԱՎԵՐԱՑՆԵԼԸ ԵՎ ՄԻԱՆԱԼԸ
1. Սույն արձանագրությունը ստորագրման համար բաց է ցանկացած պետության համար, որը ստորագրել, վավերացրել է Կոնվենցիան կամ դրա երկու կամընտիր արձանագրություններից որևէ մեկը կամ միացել է դրանց:
2. Սույն արձանագրությունը ենթակա է վավերացման ցանկացած պետության կողմից, որը վավերացրել է Կոնվենցիան կամ դրա երկու կամընտիր արձանագրություններից որևէ մեկը կամ միացել է դրանց: Վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:
3. Սույն արձանագրությունը բաց է ցանկացած պետության միանալու համար, որը վավերացրել է Կոնվենցիան կամ դրա երկու կամընտիր արձանագրություններից որևէ մեկը կամ միացել է դրանց:
4. Սույն արձանագրությանը միանալն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելով։
ՀՈԴՎԱԾ 19
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում տասներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց երեք ամիս հետո:
2. Տասներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո սույն արձանագրությունը վավերացնող յուրաքանչյուր պետության համար սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց երեք ամիս հետո։
ՀՈԴՎԱԾ 20
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
1. Կոմիտեն իրավասություն ունի միմիայն Կոնվենցիայում և (կամ) դրա առաջին երկու կամընտիր արձանագրություններում սահմանված իրավունքներից որևէ մեկի՝ Կողմ պետության կողմից թույլ տրված խախտումների մասով, որոնք տեղի են ունեցել սույն արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո:
2. Եթե պետությունը դառնում է սույն արձանագրության կողմ դրա ուժի մեջ մտնելուց հետո, ապա պետության պարտավորությունները Կոմիտեի հանդեպ վերաբերում են միայն Կոնվենցիայում և (կամ) դրա առաջին երկու կամընտիր արձանագրություններում սահմանված իրավունքների խախտումներին, որոնք տեղի են ունենում սույն արձանագրությունը տվյալ պետության համար ուժի մեջ մտնելուց հետո:
ՀՈԴՎԱԾ 21
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Ցանկացած Կողմ պետություն կարող է սույն արձանագրության մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկություն անել և այն ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին։ Գլխավոր քարտուղարը ցանկացած առաջարկվող փոփոխություն ուղարկում է Կողմ պետություններին՝ խնդրելով, որ նրանք ծանուցեն, թե արդյո՞ք հավանություն են տալիս առաջարկները քննարկելու և դրանց վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով Կողմ պետությունների ժողովի անցկացմանը։ Այն դեպքում, երբ այդ հաղորդագրությունն ուղարկելու օրվանից չորս ամսվա ընթացքում Կողմ պետությունների առնվազն մեկ երրորդը հավանություն է տալիս այդպիսի ժողով գումարելուն, Գլխավոր քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո գումարում է ժողով։ Ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցած Կողմ պետությունների երկու երրորդ ձայների մեծամասնությամբ ընդունված ցանկացած փոփոխություն Գլխավոր քարտուղարի կողմից ներկայացվում է Գլխավոր ասամբլեայի հաստատմանը և այնուհետև` բոլոր Կողմ պետությունների ընդունմանը։
2. Սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն ընդունված և հաստատված փոփոխությունն ուժի մեջ է մտնում ի պահ հանձնված ընդունման մասին փաստաթղթերի թիվը փոփոխությունն ընդունելու օրվա դրությամբ Կողմ պետությունների ընդհանուր թվի երկու երրորդին հասնելուց հետո՝ երեսուներորդ օրը: Դրանից հետո փոփոխությունը ցանկացած Կողմ պետության համար ուժի մեջ է մտնում ընդունման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուն հաջորդող երեսուներորդ օրը: Փոփոխությունը պարտադիր է դառնում միայն այն Կողմ պետությունների համար, որոնք այն ընդունել են:
ՀՈԴՎԱԾ 22
ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ
1. Ցանկացած Կողմ պետություն ցանկացած պահի կարող է չեղյալ հայտարարել սույն արձանագրության իրավասությունն իր նկատմամբ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցելու միջոցով։ Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու մասին ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու օրվանից մեկ տարի անց։
2. Մասնակցությունը չեղյալ հայտարարելն ազդեցություն չի ունենում մինչև մասնակցությունը չեղյալ հայտարարելն ուժի մեջ մտնելու օրը սույն արձանագրության 5-րդ կամ 12-րդ հոդվածներով սահմանված կարգով ներկայացված հաղորդագրության կամ 13-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցված քննության վերաբերյալ սույն արձանագրությամբ սահմանված դրույթների շարունակական կիրառման վրա:
ՀՈԴՎԱԾ 23
ԱՎԱՆԴԱՊԱՀԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԿՈՂՄԻՑ
1. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը սույն արձանագրության ավանդապահն է։
2. Գլխավոր քարտուղարը բոլոր պետություններին տեղեկացնում է՝
ա) սույն արձանագրությամբ սահմանված կարգով ստորագրումների, վավերացումների և միանալու մասին,
բ) սույն արձանագրության և վերջինիս 21-րդ հոդվածով սահմանված կարգով կատարված դրա ցանկացած փոփոխության ուժի մեջ մտնելու օրվա մասին,
գ) սույն արձանագրության 22-րդ հոդվածով սահմանված կարգով կատարված՝ ցանկացած մասնակցության չեղյալ հայտարարման մասին:
ՀՈԴՎԱԾ 24
ԼԵԶՈՒՆԵՐԸ
1. Սույն արձանագրությունը, որի արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության արխիվներին։
2. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը սույն արձանագրության հաստատված պատճենները փոխանցում է բոլոր պետություններին։
