Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-662
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.11.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
03.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի` «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏՍՊԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ  ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ


Քաղ. Երևան

3 նոյեմբերի 2006 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր  ընթացակարգով քննեց «2006 թվականի հունիսի 23-ին Մինսկում ստորագրված` «2003 թվականի ապրիլի 28-ի` «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների երկաթուղիների տեխնիկական պատսպարման միասնական համակարգի ստեղծման մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 2006 թվականի հոկտեմբերի 16-ին:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «2003 թվականի ապրիլի 28-ի` «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների երկաթուղիների տեխնիկական պատսպարման միասնական համակարգի  ստեղծման մասին» համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2004 թվականի ապրիլի 28-ին:

2. Համաձայնագրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը  պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում 2004 թվականին կատարված կառուցվածքային փոփոխություններով:

3. Ստորագրելով արձանագրությունը` Հայաստանի Հանրապետությունը փաստորեն պարտավորվում է ճանաչել դրանում ամրագրված փոփոխությունները, ըստ որոնց` վերոհիշյալ Համաձայնագրով Ռուսաստանի Դաշնության երկաթուղային զորքերի դաշնային ծառայության ստանձնած պարտավորությունների կրող է դառնում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը (Երկաթուղային զորքերի հրամանատարությունը):   

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2006 թվականի  հունիսի 23-ին Մինսկում ստորագրված` «2003 թվականի ապրիլի 28-ի` «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների երկաթուղիների տեխնիկական պատսպարման միասնական համակարգի ստեղծման մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն  սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան


3 նոյեմբերի 2006 թվականի
ՍԴՈ-662