Գլխավոր տեղեկություն
Համար
N 634
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.2002-29.05.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.06.19/19(194) Հոդ.454
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.05.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.05.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2002 թվականի N 634
քաղ. Երևան

ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման կարգը (կցվում է):

2. Սահմանել ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված բուժօգնության ու սպասարկման պետական պատվերի շրջանակներում կատարվող բժշկական քննությունը՝ համաձայն հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 7-ի «Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման և բժշկական օգնության ու սպասարկման կարգը հաստատելու մասին» N 325 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 30-ի N 634 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

նախազորակոչային ԵՎ զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման

 

1. Սույն կարգի համաձայն բժշկական հսկողության և հաշվառման ենթակա են նախազորակոչային տարիքի (16-18 տարեկան), զորակոչային տարիքի (18-27 տարեկան), ինչպես նաև 27 տարեկանից հետո ասպիրանտուրան ավարտած զինվորական ծառայություն չանցած արական սեռի բոլոր անձինք:

2. 16 տարեկան արական սեռի անձինք բժշկական հաշվառման են վերցվում ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների (բուժմիավորումների ամբուլատոր-պոլիկլինիկական ստորաբաժանումների) տեղամասային թերապևտի, ընտանեկան բժշկի, իսկ մանկական ու մեծահասակների միավորված պոլիկլինիկաներում` տեղամասային մանկաբույժի կողմից՝ ըստ համապատասխան զինվորական կոմիսարիատի:

3. Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված բուժօգնության և սպասարկման շրջանակներում իրականացվող նախազորակոչային տարիքի (16-18 տարեկան), ինչպես նաև զորակոչային տարիքի անձանց բժշկական քննությունը կազմակերպում են տեղամասային թերապևտը, ընտանեկան բժիշկը (տեղամասային մանկաբույժը):

4. Տեղամասային թերապևտը և ընտանեկան բժիշկը (տեղամասային մանկաբույժը) իրականացնում են իրենց կողմից հաշվառման վերցված նախազորակոչային տարիքի (16-18 տարեկան), ինչպես նաև զորակոչային տարիքի անձանց պարբերական բժշկական քննությունը: Համապատասխան զինվորական կոմիսարիատը նշված քննության անցկացման ժամանակացույցը համաձայնեցնում է ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների տնօրենի, անհրաժեշտության դեպքում` տեղական ինքնակառավարման մարմինների, հաստատությունների, կազմակերպությունների ղեկավարների հետ:

5. Պարբերական բժշկական քննության ընթացքում հիվանդություն կամ ֆիզիկական թերզարգացում հայտնաբերվելու դեպքում նախազորակոչային տարիքի (16-18 տարեկան) անձինք տեղամասային թերապևտի, ընտանեկան բժշկի (տեղամասային մանկաբույժի) կողմից վերցվում են հաշվառման:

6. Նախազորակոչային տարիքի անձանց բուժումն ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում կատարվում է պետության կողմից երաշխավորված բուժօգնության ու սպասարկման շրջանակներում, իսկ հիվանդանոցային պայմաններում բուժումը կազմակերպելու համար հիմք է հանդիսանում տեղամասային թերապևտի, ընտանեկան բժշկի (տեղամասային մանկաբույժի) կողմից տրված և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների տնօրենի կնիքով հաստատված ուղեգիրը:

7. Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունները, մինչև զորակոչի սկիզբը տարածքային զինվորական կոմիսարիատի հետ ճշտելով զորակոչի ենթակա անձանց ցուցակները, զորակոչիկների բժշկական քարտերի քաղվածքներն ուղարկում են զինվորական կոմիսարիատ` զորակոչիկների բժշկական քննությունն անցկացնելու համար:

8. Զորակոչիկների բժշկական քննության ավարտից հետո տարածքային զինվորական կոմիսարիատը հիվանդ զորակոչիկների քարտերի քաղվածքները վերադարձնում է ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություն՝ կցելով այն անձանց ցուցակները, որոնք`

ա) բուժման (բժշկական հսկողության) կարիք ունեն.

բ) բուժման համար տարկետման կարիք ունեն (մինչև մեկ տարի) (ներկայացվում են կենտրոնական բժշկական հանձնաժողովի քննարկմանը).

գ) պիտանի չեն խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար (ներկայացվում են կենտրոնական բժշկական հանձնաժողովի քննարկմանը).

դ) պիտանի չեն զինվորական ծառայության համար և ենթակա են հաշվառումից հանվելու (ներկայացվում են կենտրոնական բժշկական հանձնաժողովի քննարկմանը):

9. Զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Բուժման համար հիմք է հանդիսանում զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի կողմից տրված և զինվորական կոմիսարի կնիքով հաստատված ուղեգիրը:

10. Նախազորակոչային տարիքի (16-18 տարեկան) անձանց բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման համար պատասխանատվությունը դրվում է ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների տնօրենների վրա:

11. Զորակոչային տարիքի անձանց բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման համար պատասխանատվությունը դրվում է զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի ավագ բժշկի և համապատասխան զինվորական կոմիսարի (հանձնաժողովի նախագահ) վրա:

12. Սույն կարգից բխող գերատեսչական նորմատիվ ակտերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 30-ի N 634 որոշման

 

Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված բուժօգնության ու սպասարկման պետական պատվերի շրջանակներում կատարվող բժշկական քննությունը

 

Տարիքը

Մասնագետները

Հետազոտությունները

15 և 16 տարեկան

տեղամասային թերապևտ,
ընտանեկան բժիշկ (տեղամասային մանկաբույժ)

ընդհանուր բժշկական զննում, մարդաչափություն, պատվաստումներ, շնչաչափություն (սպիրոմետրիա), ուժաչափություն (դինամոմետրիա)

17 տարեկան (նախազորակոչային տարիք)

տեղամասային թերապևտ, ընտանեկան բժիշկ (տեղամասային մանկաբույժ), վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, ստոմատոլոգ, հոգեբույժ,
մաշկավեներաբան

համալիր բժշկական քննություն, մարդաչափություն, պատվաստումներ, շնչաչափություն (սպիրոմետրիա), ուժաչափություն (դինամոմետրիա), ֆլուորոգրաֆիա, արյան խմբի և
ռեզուս պատկանելության որոշում, ցուցումների դեպքում՝ մեզի և արյան ընդհանուր քննություն

18-27 տարեկան, ինչպես նաև 27 տարեկանից հետո ասպիրանտուրան ավարտած՝ զինվորական ծառայություն չանցած անձինք

տեղամասային թերապևտ, ընտանեկան բժիշկ (տեղամասային մանկաբույժ), վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, ստոմատոլոգ, հոգեբույժ, մաշկավեներաբան

համալիր բժշկական քննություն, մարդաչափություն, պատվաստում, շնչաչափություն (սպիրոմետրիա), ուժաչափություն (դինամոմետրիա), ֆլուորոգրաֆիա, միկրոպրեցիպիտացիայի ռեակցիա, արյան խմբի և ռեզուս պատկանելության որոշում
(եթե կատարված չէ), մեզի և արյան ընդհանուր կլինիկական (անհրաժեշտության դեպքում) քննություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան