Գլխավոր տեղեկություն
Համար
N 419-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.09.11/49(989) Հոդ.249.18
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
16.07.2013
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 օգոստոսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

16 հուլիսի 2013 թ.

ք. Երևան

N 419-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԴԱԲԱՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել գյուղատնտեսական կենդանիների դաբաղ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը՝ համաձայն հավելվածի:

 

 

Ա. Բախչագուլյան

 

 

Հավելված

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության

պետական ծառայության պետի

2013 թվականի հուլիսի 16-ի

N 419-Ն հրամանի

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԴԱԲԱՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Դաբաղը ընտանի և վայրի երկկճղակավոր կենդանիների սուր վարակիչ վիրուսային հիվանդություն է, որն ընթանում է կարճատև տենդով, բերանի խոռոչի լորձաթաղանթի, միջկճղակային տարածության, պսակի և կրծի հատվածի մաշկի բշտիկային (աֆթոզային) ախտահարումներով: Այն կարող է տարածվել չափազանց արագ և վարակել զգայունակ կենդանիների հոծ խմբեր` մեծ տնտեսական վնաս հասցնելով անասնապահությանը: Դաբաղով կարող են վարակվել նաև մարդիկ` հատկապես երեխաները:

2. Հիվանդության հարուցիչը ռիբովիրուսն է, որը պատկանում է Ribocubica դասին, Picornaviridae ընտանիքին, Aphtovirus խմբին, ունի 7 հիմնական տեսակներ՝ «A», «Օ», «C», «Sat-1», «Sat-2», «Sat-3», «Asia-1» և մի քանի տասնյակ ենթատեսակներ: Դաբաղի վիրուսը շատ զգայունակ է ջերմության և ջրածնի իոնների քանակի փոփոխության նկատմամբ: Արտաքին միջավայրում վիրուսի պահպանման լավագույն պայմաններն են ցածր ջերմաստիճանը, բարձր խոնավությունը և ջրածնային իոնների չեզոք միջավայրը: 37-380C պայմաններում վիրուսը զրկվում է իր ախտածնությունից 12-96 ժամվա ընթացքում: Թթվային և խիստ հիմնային միջավայրերում վիրուսները շատ արագ ոչնչանում են:

3. Վարակին բնորոշ կլինիկական նշաններն են հանդիսանում թքահոսությունը, բերանի խոռոչի լորձաթաղանթի, պսակի և միջկճղակային ճեղքի մաշկի, քթի հայելու և կրծի վրա բշտերի և էրոզիաների առկայությունը, մարմնի բարձր ջերմությունը, կաղությունը:

4. Վարակի աղբյուր են հանդիսանում հիվանդ կենդանիները, որոնք մեծ քանակությամբ վիրուս են արտազատում արտաքին միջավայր ոչ միայն հիվանդության կլինիկական նշանների դրսևորման փուլում, այլ նաև գաղտնի շրջանում և առողջացման ընթացքում: Գաղտնի շրջանը տևում է 1-7 օր, իսկ երբեմն` մինչև 14 օր: Վարակված կենդանիների օրգանիզմից դաբաղի վիրուսն արտաքին միջավայր կարող է արտազատվել արտաշնչվող օդի, թքի, մեզի, կաթի, սերմնահեղուկի, կղանքի, արյան վիրուսային էքսուդատի, պտղաջրերի, քթի, աչքերի և այլ արտազատուկների հետ:

5. Հիվանդացած-առողջացած, դաբաղի դեմ պատվաստված և հիվանդների հետ պահված կենդանիները երկար ժամանակ (մեկ տարվա չափով) կարող են մնալ վիրուսակիր և հանդիսանալ վարակի հարուցչի հնարավոր աղբյուր:

6. Դաբաղի վիրուսի փոխանցումը հիվանդ կենդանիներից առողջներին հնարավոր է երկու հիմնական ճանապարհով՝

1) հարուցչի ակտիվ փոխանցողների` վարակված կենդանիների և վիրուսի մեխանիկական փոխանցող հանդիսացող կենդանական ծագման մթերքի, մարդկանց, սպասարկող անձնակազմի արտահագուստի և կոշիկների, անընկալունակ կենդանիների, տրանսպորտային միջոցների և կենդանիների խնամքի առարկաների, ինչպես նաև տարբեր արտազատուկներով ախտահարված կերի և ջրի միջոցով.

2) դաբաղը կարող է տարածվել նաև վայրի կճղակավոր կենդանիների, թռչունների, կրծողների և միջատների միջոցով, բայց նրանց դերը դաբաղի համաճարակաբանական շղթայում մեծ չէ հանրապետության տարածքում:

7. Դաբաղի ախտորոշումը կատարվում է համաճարակաբանական, կլինիկական, ախտաբանաանատոմիական տվյալների և լաբորատոր պարտադիր հետազոտությունների դրական արդյունքների հիման վրա: Ախտորոշման ժամանակ պետք է բացառել խոզերի բշտային հիվանդությունը և բշտային էկզանթեման, բերանի բշտային բորբոքումը, ինչպես նաև բշտային համախտանիշով մյուս վարակներն ու թունավորումները:

8. Հակադաբաղային սահմանափակող միջոցառումները կազմակերպվում են ըստ անապահով կետի, վարակի օջախի, վարակի նկատմամբ սպառնալիքի գոտու և բուֆերային գոտու, որոնց սահմանները որոշում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ՝ լիազոր մարմին)` հաշվի առնելով տնտեսական կապերը, տարբեր բնապահպանական և աշխարհագրական պայմանները, ինչպես նաև բոլոր համաճարակաբանական գործոնները և անասնապահության վարման առանձնահատկությունները:

9. Դաբաղի նկատմամբ անապահով կետ է համարվում անասնապահական տնտեսությունները և դրանց տարածքները, անասնապահական ֆերմաներն իրենց օժանդակ հարմարություններով, արոտավայրերով, ջրամբարներով, երբեմն առանձին արոտավայրեր, կենդանիների տեղափոխման երթուղիների որոշակի հատվածներ և այլ տարածքներ, բնակավայրը իր վարչատարածքային բաժանմամբ, որոնց սահմանում արձանագրվել է դաբաղ հիվանդությունը:

10. Վարակի օջախ է համարվում շինությունը, առանձին անասնապահական ֆերման, զբոսաբակը, ամառային ճամբարը, արոտավայրը կամ դրա մի հատվածը, սպանդանոցները կամ այլ տարածքները, որտեղ առկա են դաբաղով հիվանդ կենդանիներ կամ նրանցից ստացված չվարակազերծված մթերքներ և հումք:

11. Վարակի նկատմամբ սպառնալիքի գոտի է համարվում բնակավայրը, տնտեսությունը, արոտավայրերը կամ անապահով կետի շրջակայքում գտնվող այն տարածությունը, որն անմիջականորեն հարակից է նրան և առկա է վիրուսի ներթափանցման հնարավոր վտանգ:

12. Բուֆերային գոտի է համարվում այն տարածքը կամ երկրի մնացած տարածքները կամ ապահով գոտիները, որտեղ դաբաղից պաշտպանելու համար իրականացվում են կենդանիների պարբերական պատվաստումներ:

 

II. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԴԱԲԱՂԻ ՎԻՐՈՒՍԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

13. Հայաստանի Հանրապետության տարածք դաբաղի վիրուսի թափանցումը կանխելու նպատակով արգելվում է՝

1) դաբաղի նկատմամբ անապահով երկրներից զգայունակ կենդանիների, կենդանական ծագման մթերքների և հումքի, կերի ու սերմնահեղուկի ներմուծումը.

2) կենդանիների արածեցումը սահմանին հարող, ինժեներական կառույցներից դուրս գտնվող արոտավայրերում:

14. Հիվանդության ներթափանցման անմիջական սպառնալիքի դեպքում անհրաժեշտ է սահմանամերձ վայրերում ստեղծել անասնազերծ գոտիներ՝ նպատակ ունենալով բացառել հիվանդության համաճարակաբանական շղթայի գործարկման համար ընկալունակ կենդանիների առկայությունը, արոտավայրերում կենդանիների համատեղ պահվածքի հնարավորությունը:

15. Կենդանիների ու կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի և սերմնահեղուկի ներմուծումն իրականացնել միայն դաբաղի նկատմամբ ապահով երկրներից:

16. Ներմուծվող կենդանիների կամ կենդանախմբերի մեջ դաբաղի կասկածի կամ հիվանդության նշանների առկայության դեպքում ներմուծվող խմբաքանակը ենթակա է սահմանային կարանտինի, որի ընթացքում բոլոր կենդանիները ենթարկվում են ախտորոշիչ հետազոտությունների՝ դաբաղի ենթատիպը որոշելու և հետագա գործողությունները կատարելու նպատակով:

17. Դաբաղի ենթատիպը որոշելուց հետո՝

1) եթե դաբաղի վիրուսի այն ենթատիպն է, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում կատարվում է անասնագլխաքանակի կանխարգելիչ պատվաստում, ապա թույլատրվում է ներմուծումը և կենդանիների պատվաստումը կատարվում է կամ սահմանային հսկիչ կետում կամ կենդանիների տեղակայման վայրում.

2) եթե դաբաղի վիրուսի այն ենթատիպն է, որը Հայաստանի Հանրապետության համար էկզոտիկ է և որի նկատմամբ երբևէ Հայաստանի Հանրապեությունում կանխարգելիչ պատվաստում չի կատարվել, ապա ներմուծումն արգելվում է և կարանտինացված կենդանիները ենթակա են ոչնչացման կամ, եթե հնարավոր է, հետվերադարձման.

3) կանխարգելիչ պատվաստումների, կարանտինում կենդանիների պահվածքի, ախտորոշումների, բուժման կամ ոչնչացման ծախսերը կատարվում են ներմուծողի կամ սեփականատիրոջ միջոցների հաշվին:

18. Հայաստանի Հանրապետությունում դաբաղի կանխարգելման նպատակով իրականացվում են դաբաղի նկատմամբ ընկալունակ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակի կանխարգելիչ պատվաստումներ արոտային պահվածքի անցնելուց և հեռավոր արոտներից վերադառնալուց 20 օր առաջ՝ ըստ օգտագործվող պատվաստանյութի կիրառման հրահանգի և անասնահամաճարակային միջոցառումների իրականացման պլանի և ժամանակացույցի, որը սահմանում է լիազոր մարմինը:

19. Ֆիզիկական և իրավաբանական անձինք օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում իմունականխարգելիչ միջոցառումների իրականացման համար, ընդգրկելով անասնագերեզմանոցների, բիոթերմիկ հորերի և կենդանիների դիակների թաղման այլ տեղերի կահավորման և սանիտարական վիճակում պահպանման կազմակերպատնտեսական միջոցառումները, ինչպես նաև կենդանիների սպանդի, մսի, մսամթերքների և կաշվե հումքի պահպանման համար պատշաճ պայմանների ստեղծումը:

 

III. ԴԱԲԱՂԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

20. Դաբաղ հիվանդության ախտորոշման հաստատումից հետո սահմանվում է կարանատին «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

21. Դաբաղի կասկածի դեպքում անասնատերն անմիջապես տեղեկացնում է տնտեսությունը կամ համայնքը սպասարկող անասնաբույժին, որն իր հերթին տեղեկացնում է լիազոր մարմնին, մեկուսացնում հիվանդ և հիվանդության մեջ կասկածվող կենդանիներին և ձեռնարկում հիվանդության տարածումը կանխող միջոցներ:

22. Դաբաղի կասկածի և/կամ ախտորոշման հաստատումից հետո անասնաբուժության բնագավառում քաղաքականություն մշակող և իրականացնող պետական մարմինը լիազոր մարմնի հետ համատեղ կազմակերպում և իրականացնում է՝

1) դեպքի վայրում և հարակից տարածքներում, այդ թվում՝ համայնքներում համաճարակաբանական հետազոտություն և վերլուծություն.

2) համաճարակային իրավիճակը, հիվանդության հնարավոր տարածման ուղիները և սահմանները պարզելուց հետո սահմանում է անապահով կետի վարակի օջախի, վարակի նկատմամբ սպառնալիքի գոտու և բուֆերային գոտու սահմանները.

3) վարակի մեջ կասկածվող կենդանիների կլինիկական զննում և ջերմաչափում` հատուկ ուշադրություն դարձնելով բերանի լորձաթաղանթի, ոտքերի, կրծի, քթի հայելու, լնդերի, իսկ խոզերի մոտ նաև դնչիկի ախտահարումների վրա.

4) կաթի, կաթնամթերքի, մսի, մսամթերքի, կենդանական ծագման հումքի և բոլոր տեսակի կերերի օգտագործման, տեղափոխման և իրացման նկատմամբ սահմանափակումներ:

23. Նախնական ախտորոշումը հաստատելու կամ հերքելու և վիրուսի տիպը, ենթատիպը որոշելու նպատակով հիվանդ կենդանիներից վերցվում է ախտաբանական նյութ, պահածոյացվում, փաթեթավորվում և 3-6 ժամվա ընթացքում ուղարկվում է լիազոր մարմին:

24. Դաբաղի ախտորոշման հետազոտություններ իրականացնելու համար վերցվում են լեզվի լորձաթաղանթի, խոզերի դնչիկի, խոշոր և մանր եղջերավոր անասունների, խոզերի և դաբաղի նկատմամբ մյուս զգայունակ կենդանիների պսակի և միջկճղակային ճեղքի վրա առաջացած բշտի պարունակյալը` բշտի պատերի հետ, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` վերցնում են արյան նմուշներ կենդանիների ամենաբարձր ջերմային ռեակցիաների ժամանակ, ինչպես նաև` գլխի և հարըմպանային հատվածի ավշային հանգույցները, ենթաստամոքսային գեղձը և սրտամկանը (բոլոր տեսակի կենդանիների մատղաշի դիակները):

24. Դաբաղի հետահայաց ախտորոշիչ հետազոտություններ իրականացնելու նպատակով վերցվում է կերակրափողակոկորդային լորձը` կենդանու հնարավոր վարակումից հետո ցանկացած ժամանակամիջոցում, ինչպես նաև արյան շիճուկների զույգ նմուշները, որոնցից մեկը պետք է վերցված լինի կենդանու կլինիկական նշանների դրսևորումից անմիջապես հետո, իսկ մյուսը` առողջացումից 14 օր հետո:

25. Բշտերը և նրանց պարունակյալը վերցվում են ամենաքիչը 5 գրամ քաշով: Մնացած նյութերի քանակությունը, որոնք անհրաժեշտ են վիրուսների անջատման և նրա հետագա նույնականացման համար, պետք է լինեն 10 գրամից ոչ պակաս: Նշված քանակության չապահովման դեպքում ախտաբանական նյութն ուղարկվում է հնարավորինս շատ քանակով, որը հետագայում պետք է շատացնել` բջջային կուլտուրաների և մյուս լաբորատոր համակարգերի վրա:

26. Քայքայման նշաններ չունեցող վերցված ախտաբանական նյութը տեղափոխվում է պտտվող կամ հղկված խցաններով ամրացվող սրվակների մեջ` սառեցված վիճակում, իսկ սառեցման հնարավորություն չունենալու դեպքում ավելացվում է պահածոյացնող հեղուկ: Բշտի պատերի համար պահածոյացնող հեղուկ է ծառայում չեզոք գլիցերինի և 0.9% կերակրի աղի լուծույթի տարբեր ծավալների խառնուրդը կամ էլ բջիջների կուլտիվացման նպատակով օգտագործվող, արյան շիճուկ չպարունակող սննդարար միջավայրերը:

27. Ախտաբանական նյութով սրվակները հերմետիկ փակվում են, պիտակավորվում, որի վրա նշվում է կենդանու տեսակը, ախտաբանական նյութի անունը և քանակը, պահածոյացնող նյութը, վերցման ժամկետը և ուղարկողի հասցեն: Սրվակները տեղադրվում են սառույցով կամ սառեցուցիչով հատուկ տուփերի մեջ և կնքված տեղափոխվում հետազոտող լաբորատորիա 48 ժամվա ընթացքում: Այն դեպքերում, երբ հնարավոր է ախտաբանական նյութն ուղարկել 6-12 ժամվա ընթացքում, ապա սառեցման կամ պահածոյացման կարիք չկա:

28. Դաբաղի նկատմամբ լաբորատոր հետազոտություն կատարելու համար ուղարկվող ախտաբանական նյութերը պետք է պարտադիր ունենան ուղեկցող փաստաթղթեր, որտեղ պետք է նշվի այդ հիվանդությունների նկատմամբ զգայունակ կենդանիների ընդհանուր գլխաքանակը, առաջին նշաններ երևալու ժամանակը, վերջին պատվաստման ժամկետը, օգտագործված պատվաստանյութի խմբաքանակը, հիվանդացած և անկած կենդանիների քանակը, ախտաբանական նյութի վերցման ժամանակը և որոշակի տվյալներ հիվանդության կլինիկական արտահայտման և ընթացքի մասին:

29. Դաբաղի ախտորոշման հաստատումից հետո ստեղծվում և սկսում են գործել դաբաղի դեմ պայքարի կենտրոնական, մարզային և համայնքային հանձնաժողովներ: Նշված հանձնաժողովները համակողմանի հսկողություն են սահմանում հիվանդության կանխարգելման, հետագա տարածում թույլ չտալու և վերացման նպատակով իրականացվող անասնաբուժասանիտարական և սահմանափակող միջոցառումների կատարման ընթացքի վրա, անհրաժեշտության դեպքում օպերատիվ օգնություն ցուցաբերելով համայնքներին, այդ աշխատանքները լիարժեք իրականացնելու համար:

 

IV. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԴԱԲԱՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՊԱՀՈՎ ԿԵՏՈՒՄ

 

30. Դաբաղ հիվանդության նախնական ախտորոշման հաստատումից հետո տվյալ տարածքը, համայնքը կամ տարածաշրջանը կամ մարզը լիազոր մարմնի կողմից հայտարարվում է դաբաղի նկատմամբ անապահով, որոշվում են սահմանները և այդ տարածքում «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում է կարանտին, տեղադրվում են շուրջօրյա կարանտինային պահակակետեր՝ լիազոր մարմնի առաջարկությամբ:

31. Դաբաղի կարանտին հայտարարված տարածքում կիրառվում են արգելքներ ու սահմանափակումներ, մասնավորապես՝

1) արգելվում է անապահով կետից բոլոր տեսակի կենդանիների, այդ թվում նաև թռչունների դուրսբերումը, տեղափոխումը և իրացումը.

2) արգելվում է բոլոր տեսակի կենդանական և բուսական ծագման մթերքների, հումքի, կերերի արտահանումը, ինչպես նաև հարուցիչներով ախտահարված գույքի, խնամքի առարկաների, տեխնիկական և տրանսպորտային միջոցների դուրսբերումը կարանտինային գոտու սահմաններից.

3) արգելվում է բոլոր տեսակի կենդանիների վերախմբավորումները անասնապահական տնտեսության ներսում և տնտեսությունից դուրս՝ առանց անասնաբույժի թույլտվության.

4) արգելվում է կողմնակի անձանց մուտքն անասնաշենքեր և կենդանիներ պահելու համար նախատեսված այլ շինություններ և տարածքներ՝ բացառությամբ խնամող անձնակազմի օբյեկտներ.

5) անապահով տարածքում չի թույլատրվում իրականացնել կենդանիների, կենդանական ծագման մթերքների, հումքի և կերերի զանգվածային վաճառք, ինչպես նաև կազմակերպել միջոցառումներ, որոնք կարող են առաջացնել կենդանիների, մարդկանց և տրանսպորտային միջոցների մեծաքանակ կուտակումներ.

6) անապահով տարածքում ստացված կաթը թույլատրվում է օգտագործել տեղում, միայն վարակազերծելուց հետո (պաստերիզացիա` 850C-ում 30 րոպե կամ եռացում` 5 րոպե): Կարանտինացման տարածքում բնակվող քաղաքացիներին պատկանող կովերից ստացված կաթի և կաթնամթերքի վաճառքն արգելվում է.

7) անապահով տարածքում արգելվում է արհեստական սերմնավորման նպատակով սերմնահեղուկի ստացումն ու արտահանումը.

8) արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն անապահով տարածքով, երթևեկությունն իրականացվում է շրջանցող ճանապարհներով և ցուցանակներով նշված երթուղիներով.

9) անապահով տարածք թույլատրվում է միայն հատուկ նշանակության ավտոմեքենաների մուտքն ու ելքը համայնքային հանձնաժողովի կողմից տրված գրավոր թույլտվությամբ, այն պայմանով, որ դուրս գալուց առաջ ավտոմեքենան, ուղևորների արտահագուստն ու կոշիկները պարտադիր ենթարկվեն ախտահանության: Այդ նպատակով կարանտինային հսկիչ կետերից մեկում պետք է տեղադրված լինի ախտահանիչ խցիկ, որտեղ պետք է լինեն անհրաժեշտ նյութեր և պարագաներ` արտահագուստի և կոշիկների, ինչպես նաև սարքավորումների, տրանսպորտային միջոցների ախտահանության համար:

32. Տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը կազմակերպում և ապահովում է հետևյալ միջոցառումները՝

1) փակել անապահով կետից տանող բոլոր ճանապարհները, նշանակել անհրաժեշտ քանակության կարանտինային շուրջօրյա պահակակետեր, տեղադրել համապատասխան նախազգուշական ցուցանակներ.

2) կարանտինային պահակակետերը ապահովել անհրաժեշտ քանակությամբ հերթապահ մասնագետներով, բացի այդ կահավորեն արգելաձողերով, ախտահանիչ ավազանով և անհրաժեշտ այլ միջոցներով.

3) անապահով տարածքի բոլոր կենդանիներին տեղափոխել մսուրային պահվածքի կամ արածեցման համար հատկացնել առանձին արոտավայրեր.

4) դաբաղի նկատմամբ զգայունակ բոլոր տեսակի կենդանիներին հաշվառել.

5) բնակչությանը իրազեկել կարանտինի պայմաններում կենդանիների պահվածքի և խնամքի կանոններին, ինչպես նաև բացատրական աշխատանք տանել հիվանդության վտանգավորության և հետևանքների մասին.

6) անապահով տարածքում գտնվող բոլոր թռչուններին պահել փակ շինություններում, իսկ շներին` կապած վիճակում.

7) անասնաշենքերը, զբոսաբակերը, արտահագուստը, կոշիկները, խնամքի առարկաները, տրանսպորտային միջոցները պարբերաբար ենթարկել մաքրման և ախտահանության.

8) անասնապահական շենքերի և շինությունների մուտքերի մոտ տեղադրել ախտահանիչ լուծույթով փռոցներ.

9) անկախ վերջին պատվաստման ժամկետից, անապահով տարածքում դաբաղի նկատմամբ զգայունակ, կլինիկապես առողջ բոլոր խոշոր եղջերավոր և մանր եղջերավոր կենդանիներին պարտադիր ենթարկել հակադաբաղային պատվաստման։

33. Կարանտինի ընթացքում անապահով կետում գտնվող կենդանական և բուսական ծագման մթերքները, հատիկային և մնացած կերերը, որոնց հետ դաբաղով հիվանդ կենդանիները չեն շփվել, թույլատրվում է օգտագործել միայն կարանտինային տարածքի սահմաններում, իսկ հիվանդների հետ շփվածները ենթակա են օգտագործման միայն տվյալ տնտեսությունում կամ տարածքում կամ համայնքում:

34. Եթե կարանտինի տակ գտնվող տարածքում առկա է երկաթուղային կայարան, ապա կարանտինի ժամանակահատվածում գնացքներն այդ տարածքով պետք է անցնեն առանց կանգառի, իսկ օդանավակայանի առկայության պայմաններում արգելվում է կենդանիների, կենդանական ծագման մթերքների, հումքի, կերերի և բոլոր տեսակի անասնակերերի արտահանումը:

35. Անապահով կետի սահմաններից դուրս գտնվող կլինիկապես առողջ կենդանիների տեղաշարժը թույլատրվում է լիազոր մարմնի գիտությամբ:

36. Վարակի տարածումը կանխելու նպատակով խստագույն հսկողություն է սահմանվում անասունների տեղափոխման երթուղիներում, մսի կոմբինատներում, սպանդանոցներում, կենդանական ծագման մթերքների և հումքի վերամշակման արտադրամասերում և սառնարանային կոմբինատներում:

 

V. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԴԱԲԱՂԻ ՎԱՐԱԿԻ ՕՋԱԽՈՒՄ

 

37. Դաբաղ հիվանդության վարակի օջախում անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները՝

1) անասնաշենքում կամ արոտավայրի մի հատվածում հիվանդության արձանագրման դեպքում վարակված կենդանիներին արագ մեկուսացնել, հնարավորության դեպքում վարակի օջախը ցանկապատել և նշանակել շուրջօրյա հսկողություն.

2) օջախի մուտքի մոտ նշանակել կարանտինային հսկիչ կետ, անասնաշենքի մուտքի մոտ տեղադրել ախտահանիչ լուծույթով հագեցած փռոց, արգելել կողմնակի անձանց մուտքը.

3) կենդանիներին խնամող անձանց հետ տանել բացատրական աշխատանք, վարակի օջախ մտնելուց և դուրս գալուց խստորեն պահպանել անասնաբուժասանիտարական և հիգիենիկ կանոնները.

4) արգելել դաբաղի վարակի օջախից արտահանել որևէ կենդանի, կենդանական ծագման մթերք կամ հումք, անասնակեր, գույք, սարքավորում, կենդանիների խնամքի առարկաներ կամ այլ իրեր.

5) ստացված կաթը վերամշակել տեղում` հալած յուղի ստացման համար, իսկ մարդկանց և կենդանիների օգտագործման համար նախատեսված կաթը վարակազերծել` 5 րոպե եռացնելով կամ 850C-ում 30 րոպե պաստերիզացիայի ենթարկելով.

6) այն անասնաշենքերը, որոնցում առկա են հիվանդ կենդանիներ, ենթարկել ամենօրյա մաքրման և հարակից տարածքների հետ միասին՝ ախտահանության.

7) գոմաղբը, կերի մնացորդներն ու ցամքարը հավաքել և վարակի օջախի տարածքում ենթարկել կենսաջերմային մշակման կամ այրել: Անասնաշենքերում և դրանց հարող տարածքներում կազմակերպել պայքար կրծողների դեմ, բացառել կամ հնարավորինս կասեցնել թափառող շների, կատուների, թռչունների և այլ կենդանիների մուտքը.

8) դաբաղի նկատմամբ զգայունակ բոլոր կենդանիներին հաշվառել և պահել խիստ հսկողության տակ, հիվանդ կենդանիներին մեկուսացնել և բուժել.

9) դաբաղի օջախում անկած կենդանիների դիակները այրել տեղում կամ թաղել օջախի տարածքում.

10) կլինիկապես առողջ կենդանիներին ջերմաչափել և մարմնի նորմալ ջերմություն ունեցող կենդանիներին պատվաստել համապատասխան հակադաբաղային պատվաստանյութով՝ ըստ պատվաստանյութի օգտագործման հրահանգի.

11) պատվաստումից հետո նոր հիվանդ կենդանիներ հայտնաբերելու դեպքում դրանց մեկուսացնել և բուժել.

12) դաբաղի զանգվածային բռնկման դեպքում հիվանդ կենդանիներին չմեկուսացնել, այլ թողնել ընդհանուր անասնաշենքում և բուժել.

13) վիրուսի էկզոտիկ տեսակներով պայմանավորված դաբաղի բռնկման դեպքում օջախում գտնվող բոլոր վարակված կենդանիներին անխտիր ենթարկել սպանդի, իսկ անապահով կետի ու սպառնալիքի գոտու բոլոր զգայունակ կենդանիներին ենթարկել երկնվագ` 10-14 օր ընդմիջումով պատվաստման համապատասխան տեսակի պատվաստանյութով:

38. Ապահով գոտում դաբաղ հիվանդություն հայտնաբերելու դեպքում, եթե հիվանդությունը 1 կամ 2 տնտեսություններում է և վարակված կենդանիների թիվը մի քանիսն է, ապա վարակի հետագա տարածումը կանխելու համար նպատակահարմար է հիվանդ կենդանիներին տեղում ենթարկել սպանդի՝ օջախի տարածքում ստեղծելով ժամանակավոր սպանդահրապարակ, սպանդից հետո տարածքը ենթարկել մաքրման և ախտահանման:

39. Դաբաղով հիվանդ և բուժման վատ կանխատեսման արդյունքով կենդանիների հարկադիր մորթը կատարվում է լիազոր մարմնի թույլտվությամբ և անասնաբույժի մասնակցությամբ, որից հետո կազմվում է համապատասխան ակտ, որտեղ նշում են սպանդի ենթարկված կենդանու ներքին օրգանների և մսեղիքի արդյունքները: Բոլոր դեպքերում ներքին օրգանները չի թույլատրվում օգտագործել սննդի մեջ, դրանք վարակի օջախի տարածքում ենթակա են այրման կամ թաղման: Դաբաղով հիվանդ կենդանու միսը չի թույլատրվում վարակի օջախի սահմաններից դուրս բերել առանց ջերմային մշակման ենթարկելու:

 

VI. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԳՈՏՈՒՄ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

40. Դաբաղի վիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով արգելվում է առողջ համայնքների կենդանիների շփումը դաբաղի նկատմամբ անապահով կետերի կենդանիների հետ, ինչպես նաև բոլոր հնարավոր շփումներն այն անձանց հետ, որոնք սպասարկում են այդ կենդանիներին:

41. Դաբաղի վիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով՝

1) դադարեցվում է առևտրատնտեսական կապերն անապահով կետերի և սպառնալիքի գոտու համայնքների միջև.

2) հաշվառման են վերցվում դաբաղի նկատմամբ զգայունակ բոլոր տեսակի կենդանիները և պատվաստվում համապատասխան տեսակի հակադաբաղային պատվաստանյութով: Սպառնալիքի գոտի նոր բերված բոլոր կենդանիները 30 օր պահվում են կարանտինի պայմաններում, պատվաստվում դաբաղի համապատասխան տեսակի նկատմամբ և միայն դրանից հետո թույլատրվում է դրանց մուտքն ընդհանուր հոտ, ոչ ուշ, քան պատվաստումից 14 օր հետո.

3) ֆերմաներում կենդանիների պահվածքի և շահագործման նկատմամբ իրականացվում է խստագույն անասնաբուժասանիտարական հսկողություն. կենդանիների խնամքի համար առանձնացվում է անհրաժեշտ թվով սպասարկող անձնակազմ, արգելվում է կողմնակի անձանց մուտքը ֆերմաներ:

42. Կաթի վերամշակման ձեռնարկություններում, սպառնալիքի գոտուց բերված կաթը պարտադիր ենթարկվում է պաստերիզացման 760C ջերմաստիճանում 15-20 վայրկյան տևողությամբ: Եթե այդ ձեռնարկություններն ապահովված չեն պաստերիլիզատորներով, ապա կաթը պարտադիր եռացվում է: Տնտեսություններին վերադարձվող շիճուկը և կաթի վերամշակման մյուս մնացորդները ենթակա են եռացման 5 րոպե տևողությամբ:

43. Տարաները, որոնցում տնտեսություններից բերվել է կաթը, վերադարձնելուց առաջ խնամքով լվացվում են տաք ջրով (750C և բարձր ջերմաստիճանում), լվացող հեղուկներով և ախտահանվում:

44. Սույն հրահանգով նախատեսված դաբաղի կանխարգելմանը և վերացմանն ուղղված կազմակերպչատնտեսական միջոցառումների իրականացման և կարանտինային կանոնների պահպանման պատասխանատվությունը կրում են համայնքների, ձեռնարկությունների ղեկավարները և անասնատերերը, իսկ անասնաբուժական հատուկ միջոցառումների համար` սպասարկող և համայնքային անասնաբույժները:

45. Սպառնալիքի գոտու սահմանները որոշում է լիազոր մարմինը` օրենքով սահմանված կարգով:

46. Անապահով կետի և սպառնալիքի գոտու կենդանիներին դաբաղի դեմ պատվաստելուց հետո՝ 14 օրվա ընթացքում արգելվում է ենթարկել սպանդի:

 

VII. ԲՈՒՖԵՐԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

47. Բուֆերային գոտում պատվաստման ենթակա կենդանիների ու հակադաբաղային պատվաստանյութերի տեսակը և պատվաստման ժամանակաշրջանի տևողությունը որոշում է անասնաբուժության բնագավառում քաղաքականություն մշակող և իրականացնող մարմինը՝ հաշվի առնելով անասնահամաճարակային իրավիճակը և լիազոր մարմնի առաջարկությունները:

48. Բուֆերային գոտի բերվող բոլոր նոր կենդանիները ենթարկվում են պարտադիր պատվաստման:

49. Կենդանիների շարժի նկատմամբ իրականացվում է հսկողություն, չի թույլատրվում խառնել պատվաստված և չպատվաստված կենդանիներին:

50. Կենդանիների մոտ պարբերաբար իրականացվում է հետպատվաստային վարակամերժության մակարդակի հսկողություն:

 

VIII. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ԴԵՊԻ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐ ՏԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

51. Սեզոնային արոտավայրեր տեղափոխելուց առաջ համայնքների ղեկավարները և անասնաբույժ մասնագետները՝

1) ստուգում են դեպի արոտավայրեր տանող երթուղիները, ճշտում արոտավայրերում նրանց հարևանությամբ գտնվող համայնքների ապահովությունը և ջրելատեղերի համաճարակային ու անասնաբուժասանիտարական վիճակը.

2) արոտավայր տեղափոխելուց առաջ կազմակերպում և իրականացնում են զգայունակ կենդանիների հակադաբաղային պատվաստումներ, ինչպես նաև ճշտում երթուղու և նրա հարևանությամբ գտնվող բնակավայրերի համաճարակային իրավիճակը:

52. Այն դեպքում, եթե արոտավայրեր տանող երթուղին անցնում է դաբաղի նկատմամբ անապահով տարածքներով, ապա տեղական իշխանության մարմինները կարող են որոշում ընդունել երթուղու փոփոխման կամ կենդանիներին տրանսպորտային միջոցներով փոխադրելու մասին` պահպանելով անասնաբուժասանիտարական կանոններն երթուղու ողջ երկարությամբ:

53. Փոխադրման և արոտային սեզոնի ընթացքում կենդանիների անասնաբուժասանիտարական վիճակի և միջոցառումների կատարման ժամանակացույցի հսկողությունը, ինչպես նաև անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ստուգումն իրականացնում է լիազոր մարմինը:

54. Փոխադրամիջոցներով կենդանիներին տեղափոխելու ժամանակ դաբաղի բռնկման դեպքում միջոցներ են ձեռնարկվում կենդանիների մոտակա մսի կոմբինատում սպանդի ենթարկելու համար, այնուհետև իրականացնելով համապատասխան անասնաբուժասանիտարական միջոցառումներ: Տոհմային և այլ նպատակներով տեղափոխվող կենդանիներին անասնաբուժական ծառայության մասնագետների թույլտվությամբ` կախված համաճարակային իրավիճակից և կենդանիների տոհմային արժեքից, կարելի է սպանդի ենթարկել կամ պահել կարանտինում:

55. Ամառային արոտավայրերում գտնվելու ժամանակ դաբաղի բռնկման դեպքում կարանտինը «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի համաձայն սահմանվում և չեղյալ է ճանաչվում տվյալ անապահով տարածքի վրա՝ անկախ բնակավայրից հեռավորության և պատկանելության, որի դեպքում՝

1) չի թույլատրվում կենդանիներին արոտավայրերից տեղափոխել, այլ կատարվում է հիվանդ և հիվանդության մեջ կասկածվող կենդանիների մեկուսացում և բուժում` օգտագործելով եղած գոմերը, փարախները կամ այլ հնարավորությունները.

2) արոտավայրերի տվյալ հատվածը ցուցանակների, իսկ հնարավորության դեպքում նաև փշալարերի միջոցով ենթակվում է մեկուսացման, թույլ չտալով առողջ կենդանիների շփումը հիվանդների հետ և բացառելով նրանց կողմից միևնույն արոտների համատեղ օգտագործումը:

 

IX. ԿԱՐԱՆՏԻՆԻ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉՈՒՄԸ` ՀԱՆԵԼԸ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

56. Անապահով կետի կամ տարածքի կարանտինը չեղյալ է ճանաչվում՝ հանվում է հիվանդ կենդանիների առողջացման, սպանդի կամ ոչնչացման վերջին դեպքից և եզրափակիչ ախտահանությունից 21 օր հետո:

57. Կարանտինը հանելուց առաջ իրականացվում է ախտահարված օբյեկտների եզրափակիչ ախտահանություն: Այդ նպատակով անասնաշենքերը, դրանց հարակից տարածքները, զբոսաբակերը, արոտավայրերը նախապես ենթարկվում են մանրակրկիտ մեխանիկական մաքրման: Այնուհետև ախտահանիչ լուծույթներով կատարում են բուն ախտահանությունը, որի համար օգտագործվում են ֆորմալդեհիդի 2 %-անոց կամ կծու նատրիումի 3 %-անոց տաք լուծույթներ: Փոխադրամիջոցներն ախտահանվում են այդ նպատակի համար կահավորված հարթակներում կամ էլ ախտահանիչ խցերում ֆորմալդեհիդի 2 %-անոց լուծույթով: Անասնաշենքերի պատերը և միջնապատերը սպիտակեցվում են հանգեցրած կրի թարմ լուծույթով:

58. Դաբաղի օջախի կենդանիների արտաքին ծածկույթների վրա գտնվող վիրուսները վնասազերծելու նպատակով նախ խնամքով մաքրվում է դրանց մաշկը և վերջավորությունները, այնուհետև լվացվում և մշակվում են ֆորմալինի կամ կծու նատրիումի 1 %-անոց լուծույթով:

59. Եզրափակիչ անասնաբուժասանիտարական միջոցառումների կատարման հսկողությունից հետո լիազոր մարմնի տեսուչը կազմում է միջոցառումների պատշաճ կատարման վերաբերյալ ակտ, որը ստորագրում են անապահով տարածքի կամ համայնքի ղեկավարը և միջոցառումները կատարողները, ինչը հիմք է հանդիսանում կարանտինի չեղյալ ճանաչման համար:

60. Կարանտինը հանելուց հետո տեղական ինքնակառավարման մարմինների որոշմամբ շարունակվում են պահպանվել հետևյալ սահմանափակումները՝

1) հիվանդացած-առողջացած կամ էլ հիվանդ կենդանիների հետ համատեղ պահված կենդանիներին մեկ տարվա ընթացքում արգելվում է դուրս տանել համայնքի տարածքներից` ապահով տնտեսություններ, անասնաշուկաներ կամ հեռագնա ամառային արոտավայրեր.

2) չի թույլատրվում համայնք ներմուծել դաբաղի նկատմամբ զգայունակ կենդանիներ, առանց դաբաղի համապատասխան տեսակի նկատմամբ պատվաստման, այն էլ ոչ շուտ, քան պատվաստումից 14 օր հետո, իսկ չպատվաստվածներին` 12 ամսից ոչ շուտ:

61. Դաբաղի դեմ չպատվաստված կենդանիներին ամռանը 3 ամիս, իսկ մսուրային՝ աշուն-ձմեռային ժամանակաշրջանում 6 ամիս տևողությամբ, չի թույլատրվում արածեցնել այն արոտավայրերում, որտեղ արածել են հիվանդ և հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ կամ տեղափոխել այն երթուղիներով, որոնցով տեղափոխվել են այդպիսի կենդանիներ:

62. Կարանտինը հանելուց հետո 3 ամսվա ընթացքում վարակի օջախում գտնվող սպանդի ենթակա կենդանիներին չի թույլատրվում դուրս բերել տվյալ տարածաշրջանի սահմաններից, դրանք պետք է սպանդի ենթարկել հատուկ այդ նպատակի համար հատկացված վայրերում կամ մսի կոմբինատում և միսն օգտագործել տարածաշրջանի սահմաններում: Ուղեկցվող անասնաբուժական փաստաթղթերում պարտադիր պետք է նշել, թե այդ կենդանիներն երբ են հիվանդացել դաբաղով և երբ է հանվել կարանտինը տվյալ համայնքից:

63. Մսի կոմբինատի, սպանդանոցի, սպանդահրապարակի ղեկավարությունը և անասնաբուժական ծառայությունը պարտավոր են ընդունել այդ կենդանիներին առանձին խմբաքանակով: Միսը, սպանդային մյուս մթերքները թույլատրվում է օգտագործել միայն մարզի սահմաններում` առանց սահմանափակումների: Ենթամթերքների բրդով կամ մազով ծածկված մասերը՝ գլուխը, ոտքերը պետք է մշակվեն բոցի կամ գոլորշու միջոցով:

64. Դաբաղի նկատմամբ անապահով կետի տարածքում գտնվող կաթի վերամշակման արտադրամասերում և պանրագործարաններում արտադրված կաթնամթերքները թույլատրվում է օգտագործել միայն մարզի սահմաններում:

65. Անապահով կետում և վարակի օջախներում ստացված կաթը թույլատրվում է վերամշակման միայն կարանտինը հանելուց հետո՝ տվյալ մարզի տարածքում գործող կաթի վերամշակման կազմակերպություններում:

 

X. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

66. Մսի կոմբինատներում (սպանդանոցներ, սպանդահրապարակներ) դաբաղով հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ հայտնաբերելու դեպքում, ամբողջ խմբաքանակն անմիջապես ենթարկել սպանդի` համաձայն գործող հրահանգի: Միաժամանակ ձեռնարկություններում իրականացնել միջոցառումներ, որոնք բնորոշ են դաբաղի օջախին:

67. Արգելվում է միսը և սպանդի մյուս մթերքները իրացնել հում վիճակում: Անապահով կետերում և սպառնացող գոտում հիվանդ, հիվանդության մեջ կասկածվող, հիվանդացած առողջացած, ակտիվազրկված պատվաստանյութով պատվաստվելուց հետո 21 օրվա ընթացքում գտնվող կենդանիների սպանդից ստացված միսը և սպանդային մյուս մթերքներն ուղարկում են վերամշակման եփած կամ եփած ապխտած տեսակի երշիկներ, ջերմային մշակված խոհարարական մթերքներ կամ պահածոներ պատրաստելու համար: Եթե վերը նշվածը հնարավոր չի իրականացնել, ապա միսը վարակազերծվում է եփելու միջոցով:

68. Կոնքային և կրծքային վերջավորությունների, ուսագոտու և այլ հատվածների մկանային հյուսվածքի վրա բազմաթիվ և տարածված նեկրոզային օջախների առկայության դեպքում, ինչպես նաև դաբաղի բարդացած ձևի դեպքում, երբ ախտահարումն ուղեկցվում է վերջավորությունների, կրծի և այլ օրգանների թարախային բորբոքմամբ, մսեղիքը և օրգաններն օգտահանվում են: Մկաններում հատուկենտ նեկրոտիկ օջախների առկայության դեպքում ախտահարված մասերը հեռացվում են և ուղարկվում օգտահանման, իսկ օրգանների և մնացած մսի օգտագործման հարցը որոշվում է մանրէաբանական հետազոտության արդյունքների հիման վրա: Տնտեսությունից ոսկրերը բաց են թողնվում դրանք 2,5 ժամ եփելուց հետո կամ մշակվում տեղում` պատրաստելով կենդանական չոր կեր: Աղիները, կերակրափողը, միզափամփուշտը ենթակա են տեխնոլոգիական մշակման, ընդ որում՝ մյուս տեսակի հումքերից առանձին: Հետագայում դրանք ներսից և դրսից լվացվում են ֆորմալդեհիդի 0.5%-անոց լուծույթով կամ ընկղմվում կերակրի աղի հագեցած լուծույթի մեջ` լուծույթին խառնելով 0,08%-անոց քացախաթթու: Լուծույթներում աղիները պահվում են 4, իսկ կերակրափողը և միզափամփուշտը` 24 ժամ: Սույն եղանակով չվարակազերծված վերջնական մթերքներն ուղարկվում են օգտահանման:

69. Սույն հրահանգի կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը: