ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունիսի 18-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 299-րդ հոդվածում 4-րդ մասի «678» թիվը փոխարինել «682» թվով:
Հոդված 2. Օրենսգրքի 609-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 628-րդ հոդվածում «ֆինանսական վարձակալություն» բառերը փոխարինել «լիզինգ» բառով:
Հոդված 4. Օրենսգրքի 35-րդ գլխի 6-րդ պարագրաֆը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«§ 6. ԼԻԶԻՆԳԸ
Հոդված 677. | Lիզինգը |
1. Լիզինգի պայմանագրով` լիզինգատուն պարտավորվում է լիզինգառուի նշած գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել լիզինգառուի որոշած վաճառողից և վճարի դիմաց հանձնել լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը: Այդ դեպքում լիզինգատուն պատասխանատվություն չի կրում լիզինգի առարկայի և վաճառողի ընտրության համար:
2. Լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ վաճառողի և ձեռք բերվող գույքի ընտրությունը կատարում է լիզինգատուն:
3. Լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ լիզինգով տրամադրված գույքը լիզինգի ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը անցնում է լիզինգառուի սեփականությանը` վերջինիս կողմից պայմանագրով նախատեսված գինը վճարելու պայմանով:
4. Լիզինգատուն լիզինգառուի համար գույք ձեռք բերելիս վաճառողին գրավոր ծանուցում է, որ գույքը նախատեսված է որոշակի անձի լիզինգով տրամադրելու համար:
5. Լիզինգի տարատեսակներն են հետադարձ լիզինգը, երկրորդային լիզինգը:
6. Լիզինգի գործառնություններ կարող են իրականացնել բանկերը կամ օրենքով սահմանված կարգով թույլտվություն (լիցենզիա) ստացած մասնագիտացված կազմակերպությունները:
Հոդված 678. | Վաճառողի և լիզինգատուի պատասխանատվությունը |
1. Լիզինգի պայմանագրով լիզինգառուն իրավունք ունի գույքի որակի ու կոմպլեկտայնության, դրա մատակարարման ժամկետները խախտելու և վաճառողի կողմից պայմանագիրն անպատշաճ կատարելու դեպքերում անմիջականորեն վաճառողին ներկայացնելու նրա և լիզինգատուի միջև կնքված առք ու վաճառքի պայմանագրից բխող պահանջներ: Ընդ որում, լիզինգառուն ձեռք է բերում գնորդի համար սույն օրենսգրքով նախատեսված իրավունքները և կրում է նրա պարտականությունները, բացի վաճառողի հետ առք ու վաճառքի պայմանագիրն առանց լիզինգատուի համաձայնության լուծելու իրավունքից ու ձեռք բերված գույքի համար վճարելու պարտականությունից:
2. Լիզինգառուն և լիզինգատուն վաճառողի հետ հարաբերություններում համիրավ պարտատերեր են (հոդված 365):
3. Եթե այլ բան նախատեսված չէ լիզինգի պայմանագրով, ապա լիզինգատուն լիզինգառուի առջև պատասխանատվություն չի կրում առք ու վաճառքի պայմանագրից բխող պահանջները վաճառողի կողմից չկատարվելու համար, բացառությամբ այն դեպքի, երբ վաճառող ընտրելու պատասխանատվությունը դրված է լիզինգատուի վրա: Վերջին դեպքում լիզինգառուն իրավունք ունի իր ընտրությամբ առք ու վաճառքի պայմանագրից բխող պահանջներն անմիջականորեն ներկայացնելու ինչպես գույքը վաճառողին, այնպես էլ լիզինգատուին, որոնք համապարտ պատասխանատվություն են կրում լիզինգառուի առջև:
4. Լիզինգառուի փոփոխության դեպքում լիզինգի առարկայի նկատմամբ վաճառողին պահանջ ներկայացնելու իրավունքներն անցնում են նոր լիզինգառուին, իսկ ենթալիզինգի դեպքում՝ ենթալիզինգառուին: Այս դեպքում լիզինգատուն տասնհինգօրյա ժամկետում պարտավոր է գրավոր ծանուցել վաճառողին նոր լիզինգառուի կամ ենթալիզինգառուի մասին:
Հոդված 679. | Հետադարձ լիզինգը |
1. Հետադարձ լիզինգի պայմանագիրը երկկողմ պայմանագիր է, որով լիզինգատուն պարտավորվում է վճարի դիմաց լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել նրանից սեփականության իրավունքով ձեռք բերված գույքը:
2. Հետադարձ լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ լիզինգով տրամադրված գույքը, լիզինգի ժամկետի լրանալուց հետո կամ մինչև դրա լրանալը, կրկին անցնում է լիզինգառուի սեփականությանը` վերջինիս կողմից պայմանագրով նախատեսված գինը վճարելու պայմանով:
Հոդված 680. | Երկրորդային լիզինգը |
1. Երկրորդային լիզինգը լիզինգի պայմանագրի դադարման, վաղաժամկետ դադարեցման կամ լուծման հետևանքով լիզինգատուին վերադարձված լիզինգի առարկայի կրկին հանձնումն է նոր լիզինգառուի տիրապետմանը և օգտագործմանը: Երկրորդային լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել լիզինգի առարկայի սեփականության իրավունքի փոխանցում լիզինգառուին:
2. Երկրորդային լիզինգի պայմանագիրը երկկողմ պայմանագիր է լիզինգատուի և լիզինգառուի միջև:
3. Երկրորդային լիզինգի ժամանակ լիզինգառուին է անցնում վաճառողին և լիզինգատուին՝ լիզինգի առարկայի նկատմամբ պահանջ ներկայացնելու իրավունքը՝ սույն օրենսգրքի 678-րդ հոդվածին համապատասխան:
Հոդված 681. | Ենթալիզինգը և վարձակալությունը |
1. Այն դեպքում, երբ լիզինգի պայմանագրով լիզինգառու են բանկը կամ սույն օրենսգրքի 677-րդ հոդվածի 6-րդ մասում նշված մասնագիտացված կազմակերպությունները, լիզինգառուն (ենթալիզինգատուն) իրավունք ունի, լիզինգի պայմանագրի պայմաններին համապատասխան, վճարի դիմաց լիզինգի առարկան փոխանցելու այլ անձի՝ ենթալիզինգառուի տիրապետմանը և օգտագործմանը:
2. Լիզինգի առարկան ենթալիզինգով փոխանցման համար լիզինգատուի գրավոր համաձայնությունը պարտադիր է:
3. Ենթալիզինգի դեպքում լիզինգառուն չի ազատվում լիզինգի պայմանագրով նախատեսված պատասխանատվությունից:
4. Ենթալիզինգի պայմանագիրը չի կարող կնքվել լիզինգի պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:
5. Ենթալիզինգի պայմանագրի նկատմամբ կիրառվում են լիզինգի պայմանագրի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:
6. Լիզինգառուն, որը բանկ չէ կամ սույն հոդվածի 1-ին մասում նշված մասնագիտացված կազմակերպություն, իրավունք ունի լիզինգի առարկան տրամադրելու վարձակալության միայն լիզինգատուի գրավոր համաձայնությամբ լիզինգի պայմանագրի պայմանների պահպանման պարագայում:
Հոդված 682. | Լիզինգի պայմանագրի ձևը |
1. Լիզինգի պայմանագիրը կնքվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:
2. Անշարժ գույքի լիզինգի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
Հոդված 683. | Lիզինգի պայմանագրից ծագող իրավունքների գրանցումը |
1. Անշարժ գույքի լիզինգի պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
2. Շարժական գույքի լիզինգի պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են գրանցման միայն օրենքով նախատեսված դեպքերում:
Հոդված 684. | Լիզինգի պայմանագրի առարկան |
1. Լիզինգի պայմանագրի առարկա կարող է լինել լիզինգի պայմանագրով հստակ և որոշակի սահմանված ցանկացած չսպառվող գույք:
2. Լիզինգի պայմանագրի գործողության ընթացքում լիզինգատուն իրավունք ունի պայմանագրով սահմանված կարգով հսկողություն իրականացնելու լիզինգի առարկայի օգտագործման նկատմամբ, այդ թվում՝ ենթալիզինգի և վարձակալության դեպքում:
Հոդված 684.1. | Լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը |
1. Լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնված լիզինգի առարկան լիզինգատուի սեփականությունն է:
2. Լիզինգի առարկայի տիրապետման և օգտագործման իրավունքն ամբողջ ծավալով անցնում է լիզինգառուին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 684.2. | Լիզինգի առարկան լիզինգառուին հանձնելը |
1. Լիզինգատուն պարտավոր է լիզինգի առարկան լիզինգառուին տրամադրել լիզինգի պայմանագրի պայմաններին համապատասխան:
2. Լիզինգի առարկան տրամադրվում է լիզինգով դրա բոլոր պատկանելիքներով ու դրան վերաբերող փաստաթղթերով (տեխնիկական անձնագիր, որակի հավաստագիր և այլն), եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 684.3. | Լիզինգային վճարը |
1. Լիզինգային վճարն այն գումարն է, որը վճարում է լիզինգառուն՝ լիզինգային պայմանագրով սահմանված չափով և ժամկետներում, որը բաղկացած է՝
1) լիզինգի առարկայի արժեքից (այդ թվում՝ մինչև լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահը կատարված նախնական վճարից) և պայմանագրով սահմանված տոկոսի գումարից, եթե լիզինգի պայմանագրով նախատեսվում է լիզինգի առարկայի սեփականության իրավունքի փոխանցում լիզինգառուին, կամ
2) լիզինգի պայմանագրով սահմանված տոկոսի գումարից, եթե լիզինգի պայմանագրով չի նախատեսվում լիզինգի առարկայի սեփականության իրավունքի փոխանցում լիզինգառուին:
Հոդված 684.4. | Լիզինգի առարկայի պահպանությունը և բարելավումները |
1. Լիզինգի պայմանագիրն օրենքով կամ պայմանագրով սահմանված դեպքերում դադարելու կամ լուծվելու դեպքում լիզինգառուն պարտավոր է լիզինգատուին վերադարձնել գույքը լիզինգառուի կողմից ստացված վիճակում` բնականոն մաշվածության հաշվառմամբ:
2. Լիզինգառուն պարտավոր է իր հաշվին իրականացնել լիզինգի առարկայի տեխնիկական սպասարկումը և ապահովել դրա պահպանությունը, ինչպես նաև կատարել լիզինգի առարկայի հիմնական և ընթացիկ վերանորոգումը, եթե այլ բան նախատեսված չէ լիզինգի պայմանագրով:
3. Լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հիմնական վերանորոգումը կատարում է լիզինգատուն, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
4. Լիզինգի առարկայի բարելավումների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 626-րդ հոդվածի պահանջները:
Հոդված 684.5. | Լիզինգի պայմանագրի լուծումը |
1. Լիզինգատուի պահանջով լիզինգի պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել, եթե՝
1) լիզինգառուի կողմից լիզինգի առարկայի օգտագործումը չի համապատասխանում լիզինգի պայմանագրի պայմաններին կամ լիզինգի առարկայի նշանակությանը.
2) լիզինգառուն խոչընդոտում է լիզինգատուին՝ իրականացնելու հսկողություն լիզինգի առարկայի նկատմամբ.
3) լիզինգառուն լիզինգի պայմանագրով սահմանված ժամկետում պարբերաբար կամ ավելի քան երկու անգամ անընդմեջ չի վճարել պայմանագրով սահմանված լիզինգային վճարի հերթական գումարը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
2. Լիզինգառուի պահանջով լիզինգի պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել, եթե՝
1) լիզինգատուն լիզինգառուի տիրապետմանը և օգտագործմանը չի տրամադրել լիզինգի առարկան պայմանագրով սահմանված ժամկետից 30 օր կետանցով, եթե կետանցն առաջացել է լիզինգատուի մեղքով, ինչպես նաև եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով.
2) լիզինգատուն չի իրականացրել լիզինգի առարկայի հիմնական վերանորոգումը, եթե, համաձայն օրենքի կամ պայմանագրի, դա նրա պարտականությունն է:
3. Լիզինգի պայմանագրով կարող են սահմանվել լիզինգատուի կամ լիզինգառուի պահանջով պայմանագիրը վաղաժամկետ լուծելու այլ հիմքեր:
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում պայմանագրի միակողմանի լուծման դեպքում բոլոր ծախսերը, կապված գույքի վերադարձման, այդ թվում` ապամոնտաժման, ապահովագրության և փոխադրման հետ, կրում է լիզինգառուն, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում՝ լիզինգատուն, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
5. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում լիզինգառուն իրավունք ունի պահանջելու հատուցել վնասները, եթե կետանցը թույլ է տրվել այնպիսի հանգամանքներում, որոնց համար պատասխանատվություն է կրում լիզինգատուն:
Հոդված 684.6. | Լիզինգի առարկայի բռնագանձումը |
1. Եթե լիզինգի առարկան ծանրաբեռնված է լիզինգի իրավունքով, ապա լիզինգի առարկայի բռնագանձման դեպքում լիզինգառուն լիզինգի առարկայի նկատմամբ պահպանում է իր իրավունքները՝ լիզինգի պայմանագրում նշված ծավալով և ժամկետներում:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հունիսի 29 Երևան ՀՕ-316-Ն |