Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-264
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.25/41(173) Հոդ.998
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.11.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2001 թվականի նոյեմբերի 20-ին

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 17.11.17 ՀՕ-213-Ն)

Սույն օրենքը կարգավորում է էկոլոգիական անընդմեջ կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, իրավական, կազմակերպական և ֆինանսատնտեսական հիմքերը:

Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ Էկոլոգիապես անվտանգ շրջակա միջավայրում ապրելու` մարդու սահմանադրական իրավունքի և կարևորագույն պետական խնդրի` էկոլոգիական ապահովման նպատակով շրջակա բնական միջավայրի պահպանության գործում յուրաքանչյուրի սահմանադրական պարտականությունների իրականացումը պահանջում է քաղաքացիների էկոլոգիական մշակույթ, որը ձեռք է բերվում էկոլոգիական անընդմեջ կրթության ընթացքում:

(նախաբանը փոփ., լրաց. 17.11.17 ՀՕ-213-Ն)

Գ Լ ՈՒ Խ  1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

պետական քաղաքականությունը էկոլոգիական անընդմեջ կրթության բնագավառում` պետական կառավարման լիազորված մարմինների գործունեությունն է` նպատակաուղղված էկոլոգիական անընդմեջ կրթության իրականացման պայմանների ստեղծմանը, պետական մարմինների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և ֆիզիկական անձանց գործունեությանը, անձի և հասարակության էկոլոգիական մշակույթի ձևավորմանը.

էկոլոգիական կրթություն` անընդմեջ գործընթաց է` նպատակաուղղված անձի էկոլոգիական գիտելիքների ուսուցմանը, էկոլոգիական դաստիարակությանը, էկոլոգիական մշակույթի արմատավորմանը, շրջակա միջավայրի պահպանության, բնօգտագործման և էկոլոգիական անվտանգության բնագավառում անձի ճիշտ և խելամիտ կողմնորոշմանը, ունակությունների դրսևորմանը և վարքագծի ձևավորմանը.

էկոլոգիական դաստիարակություն` էկոլոգիական մշակույթի հիմքն ու անբաժանելի մասն է, շրջակա միջավայրի նկատմամբ բարոյագիտակցական վերաբերմունքի մակարդակի բարձրացմանը նպատակաուղղված անընդմեջ, համակարգված գործընթաց, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին ձեռք բերել գիտելիքներ և կարողություններ, ձևավորել հմտություններ և բացահայտել ունակություններ, դրսևորել բարոյական չափանիշներ և վարքագիծ` բնության հետ փոխներգործության ընթացքում.

էկոլոգիական գիտելիք` հասարակական իմացության այն ոլորտն է, որը նպատակաուղղված է շրջահայաց բնօգտագործմանն ու մարդու առողջության համար անվտանգ շրջակա բնական միջավայրի ապահովմանը.

էկոլոգիական գիտելիքների նվազագույն` հասարակության ամեն մի անձին անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալը, որը ծառայում է անվնաս ու սակավաթափոն արտադրության, բնական պաշարների և էներգիայի խնայողության, տնտեսական և այլ գործունեության, ինչպես նաև շրջակա բնական միջավայրի վերականգնման և դրա նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորման նպատակին.

էկոլոգիական մշակույթ՝ մարդու և բնության ներդաշնակ փոխազդեցության զարգացման մակարդակ, որը բնութագրվում է մարդկության կողմից էկոլոգիական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման գիտակցությամբ ու գիտական հիմնավորվածությամբ, ինչը նպաստում է առողջ ապրելակերպին, սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը, երկրի և յուրաքանչյուր անձի էկոլոգիական անվտանգությանը, սերունդների համերաշխությանը՝ օգտագործելով բնության հնարավորությունները:

(1-ին հոդվածը խմբ. 07.02.17 ՀՕ-42-Ն, փոփ. 17.11.17 ՀՕ-213-Ն, 04.03.20 ՀՕ-119-Ն)

 

Հոդված 2. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը փոփ. 17.11.17 ՀՕ-213-Ն)

 

Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից և իրավական այլ ակտերից:

(2-րդ հոդվածը փոփ. 17.11.17 ՀՕ-213-Ն)

 

Հոդված 3. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ և ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական անընդմեջ կրթության օրենքի նպատակն է`

ա) ապահովել մարդու և հասարակության անընդմեջ, համալիր, միասնական էկոլոգիական գիտելիքների մատուցումը.

բ) նպաստել էկոլոգիական դաստիարակության և մշակույթի ձևավորմանը, մարդու, հասարակության ու շրջակա բնական միջավայրի փոխներգործությունների ներդաշնակեցմանը, էկոլոգիապես գրագետ անձի ձևավորմանը:

Օրենքի խնդիրներն են`

ա) էկոլոգիական գիտելիքների հաղորդման իրավունքի ապահովումը և պաշտպանումը.

բ) էկոլոգիական ուսուցման, դաստիարակման և էկոլոգիական մշակույթի ձևավորման ու զարգացման իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական, հոգեբանական և այլ երաշխիքների ապահովումը.

գ) գոյություն ունեցող տեղեկատվական ու կրթական կառույցների համակարգում առաջադրված խնդիրների կենսագործման մեխանիզմների ապահովումը:

(3-րդ հոդվածը փոփ., խմբ. 17.11.17 ՀՕ-213-Ն)

 

Հոդված 4.

Պետական քաղաքականության սկզբունքները էկոլոգիական անընդմեջ կրթության և դաստիարակության ոլորտներում

(վերնագիրը խմբ. 07.02.17 ՀՕ-42-Ն)

 

Էկոլոգիական անընդմեջ կրթության և դաստիարակության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝

ա) քաղաքացու էկոլոգիական գիտելիքների անհրաժեշտ նվազագույնն ստանալու պետական երաշխիքի ապահովումը.

բ) էկոլոգիական կրթության և դաստիարակության պարտադիր լինելը կրթական համակարգի բոլոր մակարդակներում, դրա շարունակականությունը և համալիր բնույթը.

գ) էկոլոգիական կրթության և դաստիարակության հարցերի ընդգրկումը էկոլոգիական նպատակային և ճյուղային բոլոր պետական ծրագրերում.

դ) էկոլոգիական կրթության և դաստիարակության ուղղվածությունը շրջակա բնական միջավայրի պահպանության խնդիրների լուծման ընթացքում.

ե) մշակույթների ու ավանդույթների բազմաձևության ապահովումը, ազգային կոլորիտի պահպանումը՝ որպես էթնոէկոլոգիական համակարգ.

զ) միասնական` բնագիտական ու մշակութաբանական փոխադարձաբար կապված արժեքների ձևավորումը մարդու և բնության համար.

է) էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառում նորարարական գիտական գործունեության խրախուսումը.

ը) էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառում սովորողների, մանկավարժների, ինչպես նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվական միջոցների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության խրախուսումը.

թ) էկոլոգիական կրթության ընդլայնումը կայուն զարգացման այլ ոլորտների` տնտեսական, սոցիալական և մշակութային, փոխկապակցված հիմնախնդիրների ներառմամբ.

ժ) էկոլոգիական կրթության որակի շարունակական բարելավումը միջազգային չափանիշներին համապատասխան:

(4-րդ հոդվածը խմբ. 07.02.17 ՀՕ-42-Ն, լրաց. 17.11.17 ՀՕ-213-Ն)

 

Հոդված 5. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

 

Պետության էկոլոգիական կրթական և տեղեկատվական դաշտի մասն են կազմում զանգվածային տեղեկատվական միջոցների համակարգը, մարդկային գործունեության տարբեր ոլորտների (արտադրություն և ծառայություններ), մշակույթի և հանգստի, զբոսաշրջության և սպորտի, բնական (արգելոցներ, արգելավայրեր, բնական հուշարձաններ, ազգային պարկեր) և պատմաճարտարապետական համալիրների, քաղաքային և գյուղական տարածքների օբյեկտները, որոնք կրթական հաստատությունների ցանցի հետ նպատակաուղղված են ստեղծելու համապատասխան պայմաններ հասարակության և անհատի էկոլոգիական մշակույթի ձևավորման համար:

Սույն օրենքը տարածվում է պետական մարմինների, պետական և հասարակական կազմակերպությունների և միավորումների վրա, որոնք իրականացնում են կրթական, արտադրական, բնօգտագործման գործունեություն, զանգվածային տեղեկատվական համակարգի, ինչպես նաև անհատների և հասարակության այն շերտերի վրա, որոնք զբաղվում են էկոլոգիական կրթության հարցերով:

(5-րդ հոդվածը փոփ. 17.11.17 ՀՕ-213-Ն)

 

 Գ Լ ՈՒ Խ  2.

 

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

 

Հոդված 6. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգը Հայաստանի Հանրապետության միասնական կրթական համակարգի բաղադրիչն է: Այն պետական կրթական չափորոշիչների, կրթական հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի և ուղղվածության կրթական ծրագրերի, դասընթացների, ուսումնական հաստատությունների և կրթության կառավարման մարմինների փոխկապակցված ամբողջությունն է:

 

Հոդված 7. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Էկոլոգիական անընդմեջ կրթությունը ներառում է հետևյալ մակարդակները.

ա) նախադպրոցական էկոլոգիական կրթություն և դաստիարակություն (էկոլոգիական կրթությունն ընտանիքում և նախադպրոցական հաստատություններում).

բ) միջնակարգ էկոլոգիական կրթություն.

գ) միջին մասնագիտական էկոլոգիական կրթություն.

դ) բարձրագույն մասնագիտական էկոլոգիական կրթություն.

ե) հետբուհական էկոլոգիական կրթություն.

զ) հասարակության լայն խավերի էկոլոգիական կրթություն և դաստիարակություն, այդ թվում` զինված ուժերում:

Կրթության համակարգի բոլոր օղակներում էկոլոգիական ուղղվածության առարկաների դասավանդումն իրականացվում է պետական կրթական չափորոշիչներին, ինչպես նաև կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան:

Էկոլոգիական կրթությունը հանրակրթական (այդ թվում` նախադպրոցական) մակարդակում իրականացվում է էկոլոգիական ուղղվածություն ունեցող առարկաներում (ուսումնական պարապմունքներում) ներառված թեմաների միջոցով:

(7-րդ հոդվածը խմբ. 17.11.17 ՀՕ-213-Ն)

 

Հոդված 8. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

Էկոլոգիական կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպման հիմքը էկոլոգիական կրթության պետական համալիր ծրագիրն է:

Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական կրթությունն իրականացվում է միասնական պետական ծրագրերով: Դրանք մշակում են պետական կառավարման լիազորված մարմինները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները: Հասարակական կազմակերպությունների իրավասությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Ծրագրերը մշակվում են պետական չափորոշիչների պահանջներին համապատասխան:

 

Հոդված 9. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության էկոլոգիական կրթության պետական համալիր, նպատակային, ճյուղային, տարածքային պետական ծրագրերի իրականացման, ֆինանսավորման և արտոնագրման հարցերը լուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Էկոլոգիական կրթության պետական ծրագրերի իրականացման ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 17.11.17 ՀՕ-213-Ն)

 

Հոդված 10. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Էկոլոգիական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

ա) այդ բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակումն ու դրանց կենսագործման համար պայմանների ստեղծումը, հանրապետական մակարդակով էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգի կազմակերպումը.

բ) էկոլոգիական կրթության պետական համալիր ծրագրի և էկոլոգիական կրթության հարցեր բովանդակող նպատակային և ճյուղային պետական այլ ծրագրերի մշակումն ու կենսագործումը.

գ) մասնակցությունը միջազգային էկոլոգիական կրթական ծրագրերի մշակմանը.

դ) էկոլոգիական կրթության կազմակերպման հարցերի վերաբերյալ կրթական հաստատությունների ու կազմակերպությունների գործունեության արտոնագրման և պետական հավատարմագրման կարգի սահմանումը.

ե) պետական ծառայողների և շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա վնասակար ազդեցություն ունեցող գործունեության հետ կապված մասնագետների, ինչպես նաև կրթության, առողջապահության, գիտության ու մշակույթի համակարգերի աշխատողների էկոլոգիական-մասնագիտական պատրաստվածության ստուգման և ատեստավորման կարգի սահմանումը.

զ) էկոլոգիական կրթության համակարգի համար մասնագետ-էկոլոգների, գիտական, մանկավարժական կադրերի և պետական ծառայողների պատրաստումն ու որակավորման բարձրացումը.

է) էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգի տեղեկատվական ու գիտամեթոդական ապահովումը:

 

Հոդված 11. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն էկոլոգիական անընդմեջ կրթության բնագավառում կարգավորվում են «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

Հոդված 12. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ

 

Էկոլոգիական կրթության բնագավառում հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիներն իրավունք ունեն`

ա) առաջարկություններ նախապատրաստել էկոլոգիական կրթության բնագավառում պետական քաղաքականության կատարելագործման ու իրագործման վերաբերյալ.

բ) մասնակցել էկոլոգիական կրթության հանրապետական նախագծերի մշակման մրցույթներին.

գ) մասնակցել էկոլոգիական կրթության բնագավառի միջազգային համագործակցության ծրագրերի նախապատրաստմանը:

Հասարակական կազմակերպությունները և քաղաքացիներն էկոլոգիական կրթության գործունեություն են իրականացնում պետական արտոնագրով, որն ստանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, էկոլոգիական կրթության պետական չափորոշիչներին համապատասխան:

Էկոլոգիական կրթության գործունեություն իրականացնող կազմակերպությունները և քաղաքացիներն իրավունք ունեն հայտ ներկայացնել և ստանալ էկոլոգիական հավաստի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է կրթական գործընթացն իրականացնելու համար:

Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալ էկոլոգիական կրթություն:

Ծնողները և նրանց փոխարինող անձինք պարտավոր են երեխաների մոտ դաստիարակել հոգատար և պատասխանատու վերաբերմունք բնության նկատմամբ:

 

Հոդված 13. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Էկոլոգիական կրթության բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Միջազգային համագործակցությունն իրականացվում է պետական կառույցների բոլոր մակարդակներում` միջազգային համաձայնագրերին համապատասխան, ինչպես նաև կրթական հաստատությունների և ֆիզիկական անձանց հետ` պայմանագրերի միջոցով:

 

Հոդված 14. ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Օրենքի կիրարկման վերահսկողությունն իրականացնում են գործադիր իշխանության հանրապետական մարմինները, որոնք զբաղվում են կրթության, շրջակա միջավայրի պահպանության և բնօգտագործման հարցերով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանված կարգով պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում էկոլոգիական կրթության պետական ծրագրի իրականացման ընթացքի մասին:

 

Հոդված 15. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
           Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
17 դեկտեմբերի 2001 թ.
ՀՕ-264