«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2004 թվականի N 1861-Ն
ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 89-րդ հոդվածի և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 28-րդ կետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել հիդրոտեխնիկական կառուցվածքների վթարների հետևանքների վերացման միջոցառումների իրականացման և վնասների հատուցման կարգը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
2005 թ. հունվարի 10 |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ
I. ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման, կոլեկտորադրենաժային, ափապաշտպան ու էլեկտրաէներգիայի արտադրման համակարգերում հիդրոտեխնիկական կառուցվածքների վթարների և դրանց հետևանքների վերացման միջոցառումների իրականացման գործընթացները:
2. Վթարներ են համարվում հիդրոտեխնիկական կառուցվածքներում առաջացած չնախատեսված երևույթները, որոնց պատճառով մասնակիորեն կամ ամբողջությամբ խախտվում է համակարգի բնականոն աշխատանքը:
3. Հիդրոտեխնիկական կառուցվածքներում տեղի ունեցած վթարների հետևանքները վերացվում են օպերատիվ կարգով` անկախ օրվա ժամից և բնակլիմայական պայմաններից:
ՎԹԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Հիդրոտեխնիկական կառուցվածքները շահագործող կազմակերպության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը վթարի մասին բոլոր ահազանգերը գրանցում է հատուկ մատյանում` նշելով վթարի տեղը, բնույթը, օրը, ժամը, և անհապաղ տեղյակ պահում հիդրոտեխնիկական կառուցվածքները շահագործող կազմակերպության ղեկավարին:
5. Հիդրոտեխնիկական կառուցվածքների վթարների վերացման միջոցառումների իրականացման համար հիդրոտեխնիկական կառուցվածքները շահագործող կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով և նշանակվում հանձնաժողովի ղեկավար:
6. Ելնելով վթարի բնույթից` հիդրոտեխնիկական կառուցվածքները շահագործող կազմակերպության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային ու Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության գործակալության պետական տեսչության տարածքային մարմիններին և բոլոր, առաջին հերթին` խոշոր սպառողներին անհապաղ հայտնում է վթարի և ջրամատակարարման դադարեցման մասին` նշելով վթարի ու դրա հետևանքների վերացման կանխատեսվող ժամկետը:
(6-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն, 10.10.19 N 1442-Ն)
7. Հանձնաժողովը տեղում պարզում է վթարի բնույթը և հետևանքները, դրանց առաջացման պատճառները և գրանցում կատարում համապատասխան մատյանում:
8. Հանձնաժողովը որոշում է վթարի վերացման համար անհետաձգելի աշխատանքների ծավալները:
9. Հիդրոտեխնիկական կառուցվածքները շահագործող կազմակերպությունը վթարի վերացման աշխատանքների կատարումը համաձայնեցնում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ:
10. Վթարի վերացման աշխատանքներն իրականացնելու համար հիդրոտեխնիկական կառուցվածքները շահագործող կազմակերպության ղեկավարի կողմից գրավոր հանձնարարական է տրվում վթարը վերացնող մասնագիտացված խմբի ղեկավարին` նշելով վթարի վերացման ժամկետները և վայրը:
11. Վթարը վերացնող մասնագիտացված խմբի անդամները, անվտանգության տեխնիկայի կանոնների համաձայն, հիդրոտեխնիկական կառուցվածքները շահագործող կազմակերպության պատասխանատու անձի կողմից պարբերաբար հրահանգավորվում են աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի կանոնների ապահովման պահանջների մասին:
12. Վթարը վերացնող մասնագիտացված խմբի ղեկավարը վթարի վերացման աշխատանքների ավարտի մասին գրավոր զեկուցում է հիդրոտեխնիկական կառուցվածքները շահագործող կազմակերպության ղեկավարին և տեղյակ պահում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության տարածքային մարմնին:
ՎԹԱՐՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
13. Վթարի վերացման աշխատանքները կազմակերպվում են վթարը վերացնող մասնագիտացված խմբի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:
14. Վթարների վերացման աշխատանքների ավարտից հետո վթարային հանգույցը փորձարկվում է, անհրաժեշտության դեպքում ախտահանվում, և հետազոտվում է ջրի որակը: Խմելու ջրի համակարգում տեղի ունեցած վթարի վերացումից հետո շահագործումը վերսկսվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության համաձայնությամբ:
15. Ջրամատակարարման համակարգերում հիդրոտեխնիկական կառուցվածքների վթարների վերացման աշխատանքների ավարտից հետո շահագործումը թույլատրվում է միայն վթարային հանգույցի փորձարկումից, ախտահանումից և ջրի որակի հետազոտումից հետո:
16. Վթարված ջրային համակարգի վերականգնումից և վերագործարկումից հետո կազմվում է վթարի վերացման մասին ակտ` նշելով օրը, ժամը, կատարված ծախսերը, և համապատասխան մատյանում կատարվում է գրանցում:
17. Հիդրոտեխնիկական կառուցվածքներում տեղի ունեցած վթարների և դրանց վերացման միջոցառումների մասին հաշվետվություն է ներկայացվում ջրային համակարգերի կառավարման մարմին:
18. Ելնելով վթարի բարդությունից` հիդրոտեխնիկական կառուցվածքները շահագործող կազմակերպությունը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 686 որոշման պահանջների համաձայն ձևավորված ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական միջգերատեսչական հանձնաժողովին` տեխնիկական առաջադրանքի կազմման, աշխատանքների իրականացման և վթարի վերացումից հետո հիդրոտեխնիկական կառուցվածքների շահագործման գործընթացների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով:
II. ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
19. Հիդրոտեխնիկական կառուցվածքների վթարի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքին, ֆիզիկական անձանց կյանքին և առողջությանը հասցված վնասը ենթակա է հատուցման` օրենքով սահմանված կարգով:
20. Վթարի պատճառով առաջացած վնասի չափը որոշվում է շահագրգիռ անձանց փոխադարձ համաձայնությամբ, իսկ տարաձայնությունների դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը փոփ. 25.09.14 N 1039-Ն, 10.10.19 N 1442-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |