Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-23-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.01.25/5(1280) Հոդ.59
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Հիմնադրամն անձեռնմխելի կապիտալի և սույն հոդվածի 4-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դրամական միջոցների և գույքի համար վարում է առանձնացված հաշվառում՝ դրանց վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված և իր կողմից ներկայացվող հաշվետվություններում:»:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի կանոնադրությունը պարունակում է նաև անձեռնմխելի կապիտալի սկզբնական միջոցների, այդ թվում՝ յուրաքանչյուր նվիրատուի տրամադրած դրամական միջոցների, ինչպես նաև հիմնադրամի հիմնադրի (այսուհետ՝ հիմնադիր) տրամադրած կամ նրա ամրացրած սկզբնական այլ գույքի չափը և տեսակները և վերստուգիչի լիազորությունները:»:

 

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Անձեռնմխելի կապիտալ ունեցող հիմնադրամն ունի վերստուգիչ:»:

 

Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասությունն է նաև հիմնադրամի դրամական միջոցների տեղաբաշխման ձևերի, ուղղությունների և սահմանաչափերի հաստատումը, դիլերի ընտրությունը, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը և դրա լրացումների կամ փոփոխությունների հաստատումը:»:

 

Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի կառավարիչը իրավասու է նաև իրականացնելու անձեռնմխելի կապիտալի կառավարումը, պարտատոմսերի ձեռք բերման և սպասարկման նպատակով դիլերների և (կամ) գանձապետական պահառուի հետ կնքելու ծառայությունների մատուցման պայմանագրեր և վերահսկելու դրանց կատարումը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնելու անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը և դրա լրացումները կամ փոփոխությունները, ինչպես նաև իրականացնելու օրենքով և կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:»:

 

Հոդված 6. Օրենքի 34-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) հիմնադրամը ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ: Էական են համարվում այնպիսի խախտումները, որոնք ի հայտ են եկել հիմնադրամի գրանցումից հետո և, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի համաձայն, հիմնադրամի գրանցումը մերժելու հիմք են հանդիսանում:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին անձեռնմխելի կապիտալով հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ՝ հիմնադրամի գույքը փոխանցվում է նվիրատուներին՝ նրանց կողմից հիմնադրամին տրամադրված միջոցների չափին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան նվիրաբերած գումարը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պետական բյուջե:»:

 

Հոդված 7. Օրենքի 38-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերով.

2) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը», «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն» և «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով` համապատասխան հոլովաձևերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

«4. Եթե հիմնադրամն անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտն օգտագործել է անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին անհամապատասխան, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն իրավունք ունի պահանջելու անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամտին համարժեք գումար վճարել նվիրատուին կամ նշված գումարը վճարել պետական բյուջե:

Անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտը վճարվում է պետական բյուջե, եթե նվիրատուին այդ գումարը չի վճարվում, կամ անձեռնմխելի կապիտալը չի համալրվում։

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավունքից խախտումը հայտնաբերելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, հիմնադրամին գրավոր նախազգուշացնելուց և իր կողմից նշված ողջամիտ ժամկետում հիմնադրամի կողմից խախտումները չվերացնելուց հետո:»:

 

Հոդված 8. Օրենքի 39-րդ հոդվածում`

1) չորրորդ պարբերության «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ հինգերորդ պարբերությունով.

«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի նվիրատուները (կտակի դեպքում՝ նաև կտակարարի ժառանգները և կտակակատարները, իսկ վերակազմակերպված իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավահաջորդը) իրավունք ունեն հիմնադրամից պահանջելու տեղեկություններ՝ հիմնադրամի կանոնադրության, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրի, անձեռնմխելի կապիտալի ձևավորման, համալրման, անձեռնմխելի կապիտալի ներդրման ուղղությունների, տեսակի, ժամկետայնության, եկամտաբերության, անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված և բաշխված դրամական միջոցների, ինչպես նաև աուդիտորի եզրակացության վերաբերյալ: Հիմնադրամի մարմինները պարտավոր են պահանջված տեղեկություններն անվճար տրամադրել դիմողին` պահանջի ստացման օրվանից 7-օրյա ժամկետում:»:

 

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին գլխով.

 

«Գ Լ Ո Ւ Խ   6.1

 

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԿԱՊԻՏԱԼԸ

 

Հոդված 39.1.

Անձեռնմխելի կապիտալը

 

1. Հիմնադրամի անձեռնմխելի կապիտալ է համարվում հիմնադրամի ակտիվների համախումբը, որը ձևավորվում կամ համալրվում է հիմնադրամի ստեղծման պահին հիմնադրի ներդրումից, կտակային հանձնարարությամբ չծանրաբեռնված կտակից, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների կողմից այդ նպատակով տրամադրված միջոցներից, անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտներից և չի կարող ծախսվել կամ որևէ կերպ օտարվել` հանգեցնելով դրա անվանական արժեքի նվազմանը:

 

Հոդված 39.2. Անձեռնմխելի կապիտալի ձևավորումը և համալրումը

 

1. Անձեռնմխելի կապիտալի կազմում կարող են ընդգրկվել դրամական միջոցներ և (կամ) պետական պարտատոմսեր:

2. Անձեռնմխելի կապիտալը համարվում է ձևավորված հիմնադրամի բանկային հաշվին դրամական միջոցներ փոխանցելու կամ հիմնադրամին պետական պարտատոմսեր փոխանցելու պահից:

3. Անձեռնմխելի կապիտալի համալրումն անձեռնմխելի կապիտալը կազմող սկզբնական դրամական միջոցների ավելացումն է:

4. Անձեռնմխելի կապիտալը կարող է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ համալրվել անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող այն եկամուտների հաշվին, որոնք չեն ծախսվել տվյալ ֆինանսական տարվա ընթացքում:

5. Եթե ստացված գույքը կամ դրա մի մասը չի բավարարում սույն օրենքի 39.1-ին հոդվածի և սույն հոդվածի 1-ին մասի պահանջները, ապա հիմնադրամը պարտավոր է գույքն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, գույքն ամբողջությամբ կամ գույքի այն մասը, որը չի բավարարում սույն օրենքի պահանջները, վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում այն փոխանցել պետական բյուջե:

 

Հոդված 39.3. Անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը

 

1. Անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը ներառում է՝

1) տվյալ տարվա ընթացքում իրականացվող՝ հիմնադրամի կանոնադրական նպատակները.

2) կանխատեսվող եկամուտները և ծախսերը.

3) նախատեսվող միջոցառումները.

4) շահառուները.

5) շահառուների միջև անձեռնմխելի կապիտալից ստացված եկամուտների բաշխման կարգը և համամասնությունները.

6) վարչակառավարչական տարեկան ծախսերի ֆինանսավորման չափը.

7) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ այլ դրույթներ:

2. Անձեռնմխելի կապիտալից եկամուտներն օգտագործելու տարեկան ծրագիրը հաստատում, ինչպես նաև դրանում լրացումներ կամ փոփոխություններ կատարում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝ հիմնադրամի կառավարչի առաջարկությամբ:

3. Անձեռնմխելի կապիտալի եկամուտներն օգտագործելու տարեկան ծրագիրը, ինչպես նաև դրանում կատարված լրացումները և փոփոխությունները հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունվելուց հետո՝ 5-օրյա ժամկետում, հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/):

 

Հոդված 39.4. Անձեռնմխելի կապիտալի կառավարումը

 

1. Անձեռնմխելի կապիտալը կարող է կառավարվել բացառապես պետական պարտատոմսերում ներդրումներ կատարելու, դրանց տոկոսավճարներից և մարումից եկամուտներ ստանալու և ստացված եկամուտները սույն օրենքով սահմանված կարգով ծրագրին համապատասխան օգտագործելու միջոցով:

2. Անձեռնմխելի կապիտալը չի կարող ծախսվել կամ որևէ կերպ օտարվել՝ հանգեցնելով դրա անվանական արժեքի նվազմանը:

3. Անձեռնմխելի կապիտալի դրամական, այդ թվում՝ պետական պարտատոմսերի ցանկացած մարումից (հետգնումից) ստացվող միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդրվում են՝

1) Հայաստանի Հանրապետության պետական կարճաժամկետ պարտատոմսերում՝ դիլերի կամ գանձապետական պահառուի միջոցով.

2) Հայաստանի Հանրապետության պետական միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերում, ինչպես նաև պետական այլ պարտատոմսերում՝ դիլերի միջոցով:

4. Հիմնադրամի հաշվին և հանձնարարությամբ ներդրումներ կատարելու դեպքում դիլերի կողմից ձեռք են բերվում պետական այնպիսի պարտատոմսեր, որոնք ձեռք բերման պահի դրությամբ ապահովում են առավել բարձր եկամտաբերություն:

5. Հիմնադրամի կողմից արտարժութային միջոցների հաշվին պետական պարտատոմսեր ձեռք բերելու դեպքում ներդրվող արտարժույթը հիմնադրամի կողմից նախապես փոխանակվում է հայկական դրամի՝ փոխանակման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ տվյալ արտարժույթի միջին փոխարժեքից ոչ ցածր փոխարժեքով:

6. Պետական պարտատոմսեր ձեռք բերելուց հետո առկա դրամական միջոցների այն մնացորդը, որի հաշվին հնարավոր չէ ձեռք բերել պետական պարտատոմս, մնում է հիմնադրամի բանկային ցպահանջ հաշվում և առաջին իսկ հնարավորության դեպքում ներդրվում է պետական պարտատոմսերում:

7. Անձեռնմխելի կապիտալի համար հիմնադրամը բացում է առանձին բանկային հաշիվ և վարում է առանձնացված հաշվառում՝ դրանց վերաբերյալ տեղեկություններն արտացոլելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին և օրենքով սահմանված դեպքերում ներկայացվող մյուս հաշվետվություններում: Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամը կարող է բացել ենթահաշիվներ՝ հիմնադրի և յուրաքանչյուր նվիրատուի տրամադրած միջոցների համար:

 

Հոդված 39.5. Անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամտի տնօրինումը

 

1. Անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտը, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին համապատասխան, տրամադրվում է շահառուներին:

 

Հոդված 39.6. Հիմնադրամի գործունեության սահմանափակումները

 

1. Անձեռնմխելի կապիտալի առկայության դեպքում հիմնադրամը չի օգտվում սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 19-րդ հոդվածով նախատեսված իրավունքներից:

2. Անձեռնմխելի կապիտալի առկայության դեպքում հիմնադրամը չի կարող վերակազմակերպվել:»:

 

Հոդված 10. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. հունվարի 16

Երևան
ՀՕ-23-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան