ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2025 թվականի N 665-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Թափոնների անձնագրավորման կարգը սահմանելու մասին» N 47-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման նախաբանից «և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մայիսի 30-ի «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 380-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի» բառերը հանել.
2) որոշման N 1 հավելվածի՝
ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Թափոններն առաջացնող իրավաբանական անձի ղեկավարը, անհատ ձեռնարկատերը կամ նրանց կողմից լիազորված անձինք, համաձայն «Թափոնների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1.1-ին մասի, թափոնների անձնագրավորման համար «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ) միջոցով կազմում և ոլորտում լիազորված մարմնի համաձայնեցմանն են ներկայացնում թափոնների անձնագրերը:»,
բ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում լիազոր մարմնի կողմից համաձայնեցված անձնագիրն էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացվում է թափոն առաջացնողին: Թափոն առաջացնողն անձնագիրն էլեկտրոնային հարթակի միջոցով հաստատելով՝ ծանուցում է ուղարկում լիազոր մարմնին:»,
գ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Անձնագիրն էլեկտրոնային հարթակի միջոցով համաձայնեցվում և հաստատվում է սույն կարգի 12-րդ կետով սահմանված անձնագրի բովանդակությանը համապատասխան, իսկ էլեկտրոնային հարթակից էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներբեռնվում է սույն կարգի N 2 հավելվածով սահմանված թափոնի անձնագրի տիտղոսաթերթի ձևին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2007 թվականի փետրվարի 2-ի N 19-Ն հրամանով հաստատված թափոնի անձնագրի օրինակելի ձևին համապատասխան։»,
դ. 10-րդ կետը «մասին» բառից հետո լրացնել «կամ, եթե արտադրական գործընթացում առաջացող և անձնագրավորված թափոնի տարեկան փաստացի քանակությունը գերազանցում է թափոնի անձնագրով ներկայացված քանակի 20 տոկոսը» բառերով,
ե. 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին կետով.
«11.1. Թափոն առաջացնողի կողմից տվյալ տեսակի թափոնի համար սույն կարգի 10-րդ կետով սահմանված հիմքով նոր անձնագիր ներկայացնելու և հաստատելու դեպքում նախկինում հաստատված անձնագիրը լիազոր մարմնի կողմից արխիվացվում է՝ գրանցամատյանում նշելով նոր անձնագրի համարը և հաստատման ամսաթիվը։»,
զ. 12-րդ կետի «բ» ենթակետում «և տվյալները» բառերը փոխարինել «կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և գտնվելու ու գործունեության վայրերը» բառերով,
է. 12-րդ կետի «դ» ենթակետը «քանակությունը» բառից առաջ լրացնել «տարեկան» բառով.
3) որոշման N 2 հավելվածում «գտնվելու» բառից հետո «վայրը» բառը փոխարինել «ու գործունեության վայրերը» բառերով, «և բնակության» բառերը՝ «, հաշվառման հասցեն ու գործունեության վայրը» բառերով և կետադրական նշանով, իսկ «200» թիվը՝ «20» թվով։
2. Թափոններն առաջացնող իրավաբանական անձի ղեկավարը, անհատ ձեռնարկատերը կամ նրանց կողմից լիազորված անձինք, մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, լիազոր մարմնի հետ թղթային տարբերակով համաձայնեցրած և հաստատած թափոնների անձնագրերը թվայնացնելու՝ էլեկտրոնային փաստաթղթի փոխարկելու նպատակով, ըստ անհրաժեշտության, կարող են էլեկտրոնային հարթակի միջոցով լիազոր մարմնի հետ համաձայնեցնել տվյալ թափոնի էլեկտրոնային անձնագիրը և հաստատել այն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2025 թվական:
