ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2025 թվականի N 656-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԹՈՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ և 24-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համարը` 42.120.1373462, ամսաթիվ` 2024 թվականի փետրվարի 28, հասցեն՝ ք. Աբովյան, Արզնիի խճուղի, 10 շենք) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով այն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համարը` 273.140.01317, ամսաթիվ` 1996 թվականի մարտի 8, հասցեն՝ ք. Երևան, Արմենակ Արմենակյան փող., 153):
2. Սահմանել, որ՝
1) «Թոքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն է, և վերջինիս են անցնում միացած իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 ամսվա ընթացքում՝
1) հաստատել միացման պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգը և պայմանները, բաժնետոմսերի փոխարկման կարգը.
2) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխության պետական գրանցման գործընթացը.
3) ապահովել «Թոքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
29.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
