ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի ապրիլի 30-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողով է ուղարկում և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում Ազգային ժողովի նիստում ներկայացնում է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագիրը:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Ազգային ժողով ներկայացվող Կենտրոնական բանկի հաշվետվությունը բաղկացած է Կենտրոնական բանկի վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների վերաբերյալ հաշվետվություններից:»:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատը տալիս է եզրակացություն:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.
«1.1. Կենտրոնական բանկը մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը կազմում և Ազգային ժողով է ուղարկում սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաշվետվությունը:».
3) 2-րդ մասը «հրապարակում է» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Ազգային ժողովին, կառավարությանը և շահագրգիռ պետական այլ մարմիններին է ուղարկում» բառերով.
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողով է ուղարկում և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում Ազգային ժողովի նիստում ներկայացնում է նախորդ տարվա դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը:»:
Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Կենտրոնական բանկը կառավարությանը պաշտոնական եզրակացություն է ներկայացնում նաև պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ: Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությանը կից կառավարությունը ներկայացնում է Ազգային ժողովի քննարկմանը` օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածում`
1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի` ամբողջությամբ վերցրած միասնականությունը և սահունությունը պահպանելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է տրամադրել վեց ամսից ավելի ժամկետ ունեցող վարկեր, որոնց մարման ժամկետը չի կարող գերազանցել հինգ տարին:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.
«1.1. Սույն հոդվածով սահմանված Կենտրոնական բանկի կողմից բանկերին վարկավորելու վերաբերյալ որոշումներն ընդունում է Կենտրոնական բանկի խորհուրդը:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|