Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-472-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.12.2008-25.07.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.07/1(236) Հոդ.3
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 4-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունը

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմը (այսուհետ նաև՝ Աշխատակազմ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված պետական կառավարչական հիմնարկ է, որը գործում է սույն օրենքով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված կարգով։

2. Աշխատակազմում պետական ծառայությունը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին (այսուհետ՝ Ազգային ժողով) վերապահված լիազորությունների և գործառույթների իրականացման ապահովմանը։

3. Աշխատակազմում պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական ծառայության բաղկացուցիչ մասն է։

 

Հոդված 2. Սույն օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների դասակարգման և պետական ծառայության դասային աստիճանների, պետական ծառայության պաշտոնի նշանակման, պետական ծառայողների ատեստավորման և վերապատրաստման, պետական ծառայողների իրավական վիճակի, պետական ծառայության կազմակերպման և ղեկավարման, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերությունները։

 

Հոդված 3. Աշխատակազմում պետական ծառայությունը կարգավորող օրենսդրությունը

 

1. Աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, ինչպես նաև այլ օրենքներով և իրավական ակտերով։

2. Աշխատակազմում պետական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե սույն օրենքով այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն։

3. Աշխատակազմում պետական ծառայողների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, այլ օրենքներով և Աշխատակազմի ղեկավարի հաստատած աշխատանքային կարգապահական ներքին կանոններով։

 

Հոդված 4. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

1) Աշխատակազմում պետական ծառայություն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված լիազորությունների ու գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով և քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ իրականացվող մասնագիտական գործունեություն (այսուհետ` նաև պետական ծառայություն).

2) Աշխատակազմում պետական ծառայության պաշտոն՝ պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն.

3) Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկ՝ սույն օրենքով սահմանված կարգով հաստատված պետական ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.

4) Աշխատակազմում պետական ծառայող՝ Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող անձ (այսուհետ նաև՝ պետական ծառայող).

5) Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնի անձնագիր՝ տվյալ պաշտոնն զբաղեցնող Աշխատակազմում պետական ծառայողի համար սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար Աշխատակազմում պետական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև Աշխատակազմում պետական ծառայության դասային համապատասխան աստիճան ունենալու պահանջները սահմանող, սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.

6) Աշխատակազմում պետական ծառայության դասային աստիճան՝ Աշխատակազմում պետական ծառայողի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ.

7) Աշխատակազմի ղեկավար՝ Աշխատակազմի ղեկավարման և Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների և այլ աշխատանքներ կատարող անձանց գործունեության համակարգման լիազորություններով օժտված պաշտոնատար անձ.

8) Աշխատակազմում պետական ծառայողների ատեստավորում՝ զբաղեցրած պաշտոններին Աշխատակազմում պետական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշում.

9) Աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստում՝ Աշխատակազմում պետական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործում՝ սույն օրենքով սահմանված կարգով:

2. Սույն օրենքի իմաստով` Աշխատակազմում պետական ծառայողներ չեն համարվում Ազգային ժողովի նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների խորհրդականները, մամուլի քարտուղարները, օգնականները և ռեֆերենտները, Ազգային ժողովի պատգամավորի օգնականները, Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորական խմբերի փորձագետները (մասնագետները), ինչպես նաև տեխնիկական սպասարկման և պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձինք։ Այդ անձանց հաստիքները ներառվում են Աշխատակազմի հաստիքացուցակում, իսկ այդ հաստիքների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Աշխատակազմի կանոնադրությամբ:

(4-րդ հոդվածը լրաց. 27.11.08 ՀՕ-213-Ն)

 

Հոդված 5. Սույն օրենքի գործողության ոլորտը

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա։

 

Հոդված 6. Աշխատակազմում պետական ծառայության հիմնական սկզբունքները

 

Աշխատակազմում պետական ծառայության հիմնական սկզբունքներն են՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների գերակայությունը, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունը.

2) Աշխատակազմում պետական ծառայության կայունությունը.

3) Աշխատակազմում պետական ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջների միասնականությունը և օրենքի առջև պետական ծառայողների իրավահավասարությունը.

4) Աշխատակազմում պետական ծառայության հրապարակայնությունը.

5) Աշխատակազմում պետական ծառայողների քաղաքական զսպվածությունը.

6) Աշխատակազմում պետական ծառայողների պրոֆեսիոնալիզմը.

7) Աշխատակազմում պետական ծառայողների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը.

8) Աշխատակազմում պետական ծառայողների պատասխանատվությունն իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

9) Աշխատակազմում պետական ծառայողների գործունեության վերահսկելիությունը և հաշվետու լինելը:

 

Գ Լ Ո Ւ Խ 2

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

 

Հոդված 7. Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների դասակարգումը

 

1. Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոններն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

2. Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) պետական ծառայության գլխավոր պաշտոններ.

3) պետական ծառայության առաջատար պաշտոններ.

4) պետական ծառայության կրտսեր պաշտոններ:

3. Աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին և 2-րդ ենթախմբերի, իսկ պետական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի:

4. Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

5. Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

6. Աշխատակազմում պետական ծառայողների դասային աստիճանները պահպանվում են պետական կառավարման այլ մարմիններում պետական (քաղաքացիական) ծառայողների մյուս պաշտոններում նշանակվելիս, իսկ պետական (քաղաքացիական) ծառայողների մյուս դասային աստիճանները՝ Աշխատակազմում պետական ծառայության պաշտոններում նշանակվելիս:

 

Հոդված 8. Աշխատակազմում պետական ծառայության դասային աստիճանները
 

1. Աշխատակազմում պետական ծառայողներին, սույն օրենքով սահմանված կարգով, շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.

1) Աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին և 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ.

2) Աշխատակազմում պետական ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան.

3) Աշխատակազմում պետական ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

4) Աշխատակազմում պետական ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:

2. Աշխատակազմում պետական ծառայողներին պետական ծառայության 1-ին և 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի նախագահի ներկայացմամբ:

3. Աշխատակազմում պետական ծառայողներին Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանները շնորհում է Ազգային ժողովի նախագահը` Աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:

4. Աշխատակազմում պետական ծառայողներին Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները շնորհում է Աշխատակազմի ղեկավարը:

5. Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ Աշխատակազմում պետական ծառայողին շնորհվում է պետական ծառայության համապատասխան դասային աստիճան:

Աշխատակազմում պետական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան շնորհվում է ատեստավորման արդյունքում:

Առաջին անգամ Աշխատակազմում պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին պետական ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո:

6. Աշխատակազմում պետական ծառայողը պետական ծառայության դասային աստիճանից զրկվում է սույն օրենքի 31-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ, 9-րդ, 10-րդ և 15-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվելու դեպքերում` դատական կարգով, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքի:

 

Հոդված 9. Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնի անձնագիրը

 

1. Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում է Ազգային ժողովի նախագահը: Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաև աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.

1) Աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոններ՝ բարձրագույն կրթություն, Աշխատակազմում պետական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ Աշխատակազմում առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժ և պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ քաղաքացիական ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

2) Աշխատակազմում պետական ծառայության գլխավոր պաշտոններ՝ բարձրագույն կրթություն, Աշխատակազմում պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ Աշխատակազմում առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժ և պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ քաղաքացիական ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

3) Աշխատակազմում պետական ծառայության առաջատար պաշտոններ՝ բարձրագույն կրթություն, Աշխատակազմում պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երկու տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

4) Աշխատակազմում պետական ծառայության կրտսեր պաշտոններ՝ առանց աշխատանքային ստաժի և փորձի:

2. Մինչև 2004 թվականի հունվարի 1-ը Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաև աշխատանքային ստաժի և փորձի հետևյալ չափանիշները.

1) Աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոններ՝ պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ.

2) Աշխատակազմում պետական ծառայության գլխավոր պաշտոններ՝ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

3) Աշխատակազմում պետական ծառայության առաջատար պաշտոններ՝ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

 

Հոդված 10. Աշխատակազմում պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք

 

Սույն օրենքով սահմանված կարգով Աշխատակազմում պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն Աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

 

Հոդված 11. Աշխատակազմում պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձինք

 

1. Աշխատակազմում պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեն այն անձինք, ովքեր՝

1) դատական կարգով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել են պետական (քաղաքացիական) ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում են այնպիսի հիվանդությամբ, որն Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել են հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) խուսափել են ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:

2. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 12. Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնի նշանակումը

 

1. Աշխատակազմում պետական ծառայության պաշտոններում նշանակումներ կատարվում են սույն օրենքի 13-14-րդ հոդվածներով սահմանված կարգով: Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակված անձինք, սույն օրենքով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերի բացակայության դեպքում, անփոփոխելի են:

2. Աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Ազգային ժողովի նախագահը:

3. Աշխատակազմում պետական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում նշանակում ու այդ պաշտոններից ազատում է Աշխատակազմի ղեկավարը:

4. Աշխատակազմում առաջին անգամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 13. Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնում նշանակման կարգը

 

1. Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցվում են մրցութային կարգով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում, բացառությամբ պետական ծառայության կրտսեր պաշտոնների, այդ պաշտոնի զբաղեցման համար անցկացվում է փակ մրցույթ: Փակ մրցույթին կարող են մասնակցել տվյալ թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանող՝ Աշխատակազմում պետական ծառայողները:

3. Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանող՝ Աշխատակազմում պետական ծառայողների բացակայության, փակ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքերում, ինչպես նաև պետական ծառայության կրտսեր թափուր պաշտոնների համար անցկացվում է բաց մրցույթ՝ սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Փակ մրցույթի, ինչպես նաև սույն օրենքի 14-րդ հոդվածի ութերորդ մասով սահմանված դեպքերում մեկից ավելի պետական ծառայողների հաղթող ճանաչվելու դեպքում թափուր պաշտոնում նշանակվում է այն թեկնածուն, որը, ըստ հետևյալ հերթականության, ունի՝

1) պետական ծառայության առավել բարձր դասային աստիճան.

2) Աշխատակազմում պետական ծառայության առավել երկար ստաժ.

3) քաղաքացիական ծառայության առավել երկար ստաժ.

4) առավել բարձր գիտական աստիճան և (կամ) գիտական կոչում:

Սույն մասում նշված բոլոր պայմանների հավասարության դեպքում տվյալ պաշտոնում նշանակումը կատարվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի իններորդ մասով սահմանված հարցազրույցի արդյունքներով:

 

Հոդված 14. Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթը

 

1. Սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակում չկատարելու արդյունքում, ինչպես նաև Աշխատակազմում պետական ծառայության կրտսեր թափուր պաշտոն առաջանալու դեպքերում այդ պաշտոններն զբաղեցվում են բաց մրցույթով (այսուհետ նաև՝ մրցույթ), բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն թափուր պաշտոններ զբաղեցնելու համար Ազգային ժողովի նախագահը, իսկ Աշխատակազմում պետական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր թափուր պաշտոնների համար՝ Աշխատակազմի ղեկավարը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում են մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

3. Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներն անցկացնում են սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով ստեղծված մրցութային հանձնաժողովները, իսկ անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Աշխատակազմը:

4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե նա չի բավարարում սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

5. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

6. Մրցույթն անցկացվում է մեկ` թեստավորման փուլով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հարցազրույցի միջոցով:

7. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

Թեստերը կազմվում են Ազգային ժողովի նախագահի սահմանած կարգով՝ համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից՝ մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.

2) պետական ծառայության առանձին տեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն.

3) Աշխատակազմի գործառույթներին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն:

Համակարգչում զետեղված հարցաշարը, ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է հրապարակվի:

Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան: Հարցերի (խնդիրների) ճիշտ պատասխանները հրապարակման ենթակա չեն և պահպանվում են Ազգային ժողովի նախագահի սահմանած կարգով:

Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ՝ գաղտնիությունն ապահովելու նպատակով:

Թեստավորման փուլում հաղթող են ճանաչվում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած և առավելագույն միավորներ հավաքած մինչև 3 մասնակիցներ: Եթե առավելագույն միավորներ հավաքել են 3-ից ավելի մասնակիցներ, ապա հաղթող են ճանաչվում առավելագույն միավորներ հավաքած բոլոր մասնակիցները:

8. Թեստավորման փուլի արդյունքներով մեկից ավելի հաղթող ճանաչվելու դեպքում տվյալ թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասի պայմաններին համապատասխան, իսկ դրանում նշված բոլոր պայմանների հավասարության դեպքում՝ սույն հոդվածի իններորդ մասով սահմանված հարցազրույցի արդյունքներով:

9. Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է Աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ նրանց գործնական կարողություններն ստուգելու և մրցույթի արդյունքներն ամփոփելու նպատակով:

Հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

Հարցազրույցի արդյունքում հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր փակ գաղտնի քվեարկության արդյունքում հավաքել են մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

10. Մրցույթի արդյունքները պաշտոնապես հրապարակվում են մրցույթի արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո:

11. Մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` նույն օրը, համապատասխան մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին տալիս է եզրակացություն: Եզրակացությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին, սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով, նշանակում է համապատասխան պաշտոնում:

12. Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը փակ գաղտնի քվեարկության արդյունքում չի հավաքել մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, կամ դիմում տված քաղաքացիներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին, ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

Կրկնակի մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

Եթե կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա Աշխատակազմում պետական ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար նոր մրցույթը հայտարարվում է կրկնակի մրցույթ անցկացնելուց երկու ամիս հետո:

13. Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար հայտարարված բաց մրցույթներին Աշխատակազմի պետական ծառայողները կարող են մասնակցել ընդհանուր հիմունքներով:

14. Սույն օրենքի հիման վրա փակ և բաց մրցույթների անցկացման կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

 

Հոդված 15. Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնի նշանակվելիս Աշխատակազմում պետական ծառայողի երդումը

 

1. Աշխատակազմում պետական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնն ստանձնում է իրեն պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի և նրա հրավիրած անձանց ներկայությամբ տրված հետևյալ երդմամբ.

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողի պաշտոնը՝ հանդիսավոր երդվում եմ հավատարիմ ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել պետական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականություններս»:

2. Երդումը տրվում է անհատական կարգով՝ Աշխատակազմում յուրաքանչյուր պետական ծառայողի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Աշխատակազմում պետական ծառայողն ստորագրում է երդման` իր ընթերցած տեքստը, որը զետեղվում է նրա անձնական գործում:

 

Հոդված 16. Աշխատակազմում պետական ծառայության ստաժը

 

1. Աշխատակազմում պետական ծառայության ստաժը ներառում է Աշխատակազմում պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու ողջ ժամանակաշրջանը, ինչպես նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական կառավարման մարմիններում աշխատած ողջ ժամանակաշրջանը:

2. Աշխատակազմում ունեցած պետական ծառայության ստաժը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ պետական ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում:

3. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով և օրենսդրությամբ սահմանված կարգով Աշխատակազմում պետական ծառայողի գործուղման դեպքում պահպանվում է նրա՝

1) Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնը, վարձատրությունը և պետական ծառայության ստաժը, մինչև մեկ տարի ժամկետով գործուղման դեպքում՝ նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի թույլտվությամբ.

2) Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնը և պետական ծառայության ստաժը, մեկից մինչև երեք տարի ժամկետով գործուղման դեպքում՝ Ազգային ժողովի նախագահի թույլտվությամբ:

4. Ազգային ժողովի նախագահի թույլտվությամբ երեք տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում՝ Աշխատակազմում պետական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, իսկ գործուղման ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը (ուսուցման ժամանակը) հավասարեցվում է պետական ծառայության ստաժին:

5. Սույն օրենքի 31-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով՝ Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական կամ հայեցողական պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է պետական ծառայության ստաժին:

 

Հոդված 17. Աշխատակազմում պետական ծառայողին փոխարինելը և նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը
 

Աշխատակազմում պետական ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն առաջանալու՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, Աշխատակազմում պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքում այդ պաշտոնում նշանակվելու համար մասնակից չընտրվելու, Աշխատակազմում պետական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, սույն օրենքի 16-րդ հոդվածի երրորդ մասի 1-2-րդ կետերով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող պետական ծառայողի կողմից՝ մինչև երկու ամիս ժամկետով, բացառությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, սույն օրենքի 16-րդ հոդվածի երրորդ մասի 1-2-րդ կետերով նախատեսված դեպքերի: Այդ ժամկետի ավարտից հետո, կամ փոխարինողի բացակայության, կամ սույն կետով նախատեսված մյուս դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի և այդ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող քաղաքացու միջև կնքված ժամկետային աշխատանքային պայմանագրով: Ժամկետային աշխատանքային պայմանագիրը կնքվում է Աշխատակազմում պետական ծառայողի բացակայության ժամկետով: Ժամկետային աշխատանքային պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է Աշխատակազմում պետական ծառայողի ծառայության ներկայանալու օրը:

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

Հոդված 18. Աշխատակազմում պետական ծառայողի ատեստավորումը

 

1. Յուրաքանչյուր տարի Աշխատակազմում պետական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Աշխատակազմում պետական ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

3. Աշխատակազմում պետական ծառայողի արտահերթ ատեստավորում կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Աշխատակազմում պետական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի գրավոր, պատճառաբանված որոշման հիման վրա կամ պետական ծառայողի ցանկությամբ:

5. Ատեստավորումն անցկացվում է Աշխատակազմում պետական ծառայողի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն՝

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող Աշխատակազմում պետական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող՝ Աշխատակազմում պետական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող Աշխատակազմում պետական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև Աշխատակազմում ժամանակավոր անաշխատունակ պետական ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

7. Ատեստավորման ենթակա Աշխատակազմում պետական ծառայողները, ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է Աշխատակազմում պետական ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ Աշխատակազմում պետական ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում Աշխատակազմում պետական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին վեց ամիսը մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:

Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում Աշխատակազմում պետական ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է պաշտոնից՝ ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով, ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա Աշխատակազմում պետական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:

Աշխատակազմում պետական ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել Աշխատակազմում պետական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

9. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով.

1) փաստաթղթային.

2) թեստավորման և հարցազրույցի:

10. Աշխատակազմում այն պետական ծառայողները, ովքեր ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար սույն օրենքով նախատեսված պետական ծառայության առավելագույն դասային աստիճան, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:

Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա՝ հարցազրույցի միջոցով:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել Աշխատակազմում պետական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

11. Աշխատակազմում պետական ծառայողների ատեստավորումն անցկացնում են սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված ատեստավորման հանձնաժողովները:

12. Փաստաթղթային ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովներն ընդունում են հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:

13. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են Աշխատակազմում պետական այն ծառայողները՝

1) ովքեր փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.

2) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովներն ընդունել են սույն հոդվածի տասներկուերորդ մասի 2-րդ կետում նշված որոշումը:

Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում և արդյունքներն ամփոփում են ատեստավորման հանձնաժողովները՝ սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:

14. Ատեստավորման հանձնաժողովները թեստավորման և հարցազրույցի արդյունքներով ընդունում են հետևյալ որոշումներից մեկը.

1) շնորհել ավելի բարձր դասային աստիճան.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ վերապատրաստում անցնելու և վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստանալու պայմանով.

4) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Ատեստավորման հանձնաժողովների որոշումները պարտադիր են պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց համար:

15. Աշխատակազմում պետական ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք մինչև այդ արդյունքները՝ Աշխատակազմում պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնելը:

16. Ատեստավորման արդյունքներն ատեստավորման օրվանից եռօրյա ժամկետում ներկայացվում են Աշխատակազմում պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) Աշխատակազմում պետական ծառայողին պետական ծառայության ավելի բարձր դասային աստիճան շնորհելու կամ տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասու մարմնին համապատասխան միջնորդություն ներկայացնելու մասին.

2) Աշխատակազմում պետական ծառայողի վերապատրաստում անցնելու մասին.

3) Աշխատակազմում պետական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Նման որոշում կայացվում է նաև, եթե Աշխատակազմում պետական ծառայողը վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական:

17. Աշխատակազմում պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:

Աշխատակազմում պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը Աշխատակազմում պետական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրանց աշխատանքի ներկայանալու օրվանից եռօրյա ժամկետում:

18. Սույն օրենքի հիման վրա Աշխատակազմում պետական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

 

Հոդված 19. Աշխատակազմում պետական ծառայողի վերապատրաստումը
  

1. Աշխատակազմում պետական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է Աշխատակազմում պետական ծառայողի ատեստավորման արդյունքների հիման վրա, Աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագիրը փոփոխվելու, ինչպես նաև Աշխատակազմում պետական ծառայողի կամ Աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ՝ Աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա:

2. Աշխատակազմում յուրաքանչյուր պետական ծառայող առնվազն երեք տարին մեկ անգամ ենթակա է պարտադիր վերապատրաստման:

3. Աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

4. Աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստում անցկացնող ուսումնական հաստատությունների ցանկը և այդ ուսումնական հաստատությունների կողմից Աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստում անցկացնելու ծրագրերը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

5. Սույն օրենքի հիման վրա Աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը հաստատում է Աշխատակազմի ղեկավարը:

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

 

Հոդված 20. Աշխատակազմում պետական ծառայողի հիմնական իրավունքները
 

1. Աշխատակազմում պետական ծառայողի հիմնական իրավունքներն են՝

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

4) սահմանված կարգով որոշումներ ընդունելը.

5) աշխատանքի վարձատրության, առողջության պաշտպանության, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.

6) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.

7) իրավական պաշտպանությունը, այդ թվում՝ քաղաքական հետապնդումներից.

8) պետական ծառայության դասային աստիճանի՝ սահմանված կարգով բարձրացումը.

9) պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.

10) մրցույթի և ատեստավորման արդյունքները բողոքարկելը, այդ թվում՝ դատական կարգով.

11) Աշխատակազմում պետական ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի քննությանը մասնակցելը և առաջարկություններ ներկայացնելը:

2. Աշխատակազմում պետական ծառայողն ունի նաև սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

 

Հոդված 21. Աշխատակազմում պետական ծառայողի հիմնական պարտականությունները

 

1. Աշխատակազմում պետական ծառայողի հիմնական պարտականություններն են՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և իրավական այլ ակտերի պահանջները կատարելը.

2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ ներկայացնելը.

4) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց՝ սահմանված կարգով տված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը.

5) օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելը.

6) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.

7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.

8) օրենքով սահմանված դեպքում և կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը:

2. Աշխատակազմում պետական ծառայողն ունի նաև սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պարտականություններ:

 

Հոդված 22. Աշխատակազմում պետական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Աշխատակազմում պետական ծառայողն իրավունք չունի՝

1) կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

4) թույլ տալ պետական ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումներ՝ իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.

5) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

8) որպես պետության ներկայացուցիչ՝ գույքային գործարքներ կնքել սույն հոդվածի երրորդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

2. Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պետական ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Աշխատակազմում պետական ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:

3. Աշխատակազմում պետական ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

 

Հոդված 23. Աշխատակազմում պետական ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

 

1. Աշխատակազմում պետական ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք՝

1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.

2) հանձնարարականներ տվողի և կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են:

2. Սույն հոդվածի առաջին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքում Աշխատակազմում պետական ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց։ Եթե վերադասը (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը կամ հանձնարարական տվողը) գրավոր հաստատում են տրված հանձնարարականը, ապա Աշխատակազմում պետական ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության, և այդ մասին գրավոր տեղեկացնել Աշխատակազմի ղեկավարին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև Ազգային ժողովի նախագահին: Աշխատակազմում պետական ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած անձը:

 

Հոդված 24. Աշխատակազմում պետական ծառայողի սոցիալական երաշխիքները
 

1. Աշխատակազմում պետական ծառայողի համար երաշխավորվում են`

1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) վարձատրություն, իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի համար հավելավճար և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ.

3) ամենամյա վճարովի արձակուրդ.

4) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը և դրա համար նախատեսված վարձատրությունը.

5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.

6) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում՝ նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, Աշխատակազմում պետական ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովում՝ բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

8) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում:

2. Աշխատակազմում պետական ծառայողին Ազգային ժողովի նախագահի կողմից սահմանված դեպքերում և կարգով հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:

 

Հոդված 25. Աշխատակազմում պետական ծառայողի վարձատրությունը

 

Աշխատակազմում պետական ծառայողների աշխատանքի վարձատրությունն իրականացվում է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` քաղաքացիական ծառայողների վարձատրությանը համարժեք չափով և կարգով:

 

Հոդված 26. Աշխատակազմում պետական ծառայողի սոցիալական ապահովությունը

 

Աշխատակազմում պետական ծառայողի սոցիալական, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 27. Աշխատակազմում պետական ծառայողի իրավական վիճակը Աշխատակազմի վերակազմակերպման ժամանակ

 

Աշխատակազմի վերակազմակերպումն Աշխատակազմում պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ վերակազմակերպումն ուղեկցվում է հաստիքների կրճատմամբ: Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է պետական ծառայության առավել բարձր դասային աստիճան ունեցող Աշխատակազմում պետական ծառայողին, այս պայմանի հավասարության դեպքում՝ Աշխատակազմում պետական ծառայության առավել երկար ստաժ ունեցող Աշխատակազմում պետական ծառայողին, իսկ վերջին պայմանի հավասարության դեպքում` առավել երկար ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող Աշխատակազմում պետական ծառայողին:

 

Հոդված 28. Աշխատակազմում պետական ծառայողի անձնական գործը
 

1. Աշխատակազմում պետական ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարում է Աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:

2. Աշխատակազմում պետական ծառայողների անձնական գործերի վարման կարգը հաստատում է Աշխատակազմի ղեկավարը:

 

Գ Լ ՈՒ Խ 6

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

 

Հոդված 29. Աշխատակազմում պետական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

 

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար Աշխատակազմում պետական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.

5) կարգապահական տույժի հանում:

Աշխատակազմում պետական ծառայողի նկատմամբ կարող են նաև կիրառվել օրենքով սահմանված խրախուսման այլ տեսակներ:

2. Աշխատակազմում պետական ծառայողի նկատմամբ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

 

Հոդված 30. Աշխատակազմում պետական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները գերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Աշխատակազմում պետական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն:

2. Մինչև կարգապահական տույժ նշանակելը պետք է բացատրություն պահանջվի կարգապահական խախտում թույլ տված Աշխատակազմում պետական ծառայողից:

Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը:

Կարգապահական տույժի մասին Աշխատակազմում պետական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

Եթե Աշխատակազմում պետական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված:

Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը` որպես սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով նախատեսված խրախուսանքի տեսակ:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգապահական տույժերն Աշխատակազմում պետական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

 

Հոդված 31. Աշխատակազմում պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

 

1. Աշխատակազմում պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

1) անձնական դիմումը.

2) սույն օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կիրառելը.

3) սույն օրենքի 22-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքը.

4) սույն օրենքով նախատեսված ատեստավորման արդյունքները.

5) հաստիքների կրճատումը.

6) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը՝ չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը.

7) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

8) Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնի նշանակելու՝ սույն օրենքով սահմանված կարգը խախտելը.

9) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

10) ազատազրկման դատապարտվելը.

11) Աշխատակազմում պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը.

12) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

13) սույն օրենքի 16-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքը.

14) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

15) դատական կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

16) սույն օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը.

17) համապատասխան մարմնի լուծարումը:

2. Աշխատակազմում պետական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած՝ նրա մահվան կապակցությամբ:

3. Սույն հոդվածի առաջին մասի 4-6-րդ և 12-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի և մինչև երեք տարեկան երեխա խնամող Աշխատակազմում պետական ծառայողները:

 

Հոդված 32. Աշխատակազմում պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը

 

1. Աշխատակազմում պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

2. Աշխատակազմում պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ և Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ, Աշխատակազմում պետական ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:

 

Հոդված 33. Աշխատակազմում պետական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու որոշումը դատական կարգով բողոքարկելը

 

1. Աշխատակազմում պետական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնից ազատելու որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

2. Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անօրինական ճանաչվելու դեպքում Աշխատակազմում պետական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:

 

Գ Լ ՈՒ Խ 7

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Հոդված 34. Աշխատակազմում պետական ծառայության կառավարման և ղեկավարման մարմինները
 

1. Աշխատակազմում պետական ծառայության կառավարման մարմինն Ազգային ժողովի նախագահն է:

2. Ազգային ժողովի նախագահը՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննում է Աշխատակազմում պետական ծառայության վերաբերյալ առաջարկությունները, դիմումները և բողոքները.

2) Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով կազմավորված մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմից նշանակում է նախագահ և քարտուղար.

3) հաստատում է մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը.

4) համաձայնություն է տալիս Աշխատակազմում պետական ծառայողի նկատմամբ մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կարգապահական տույժ կիրառելու, ինչպես նաև պաշտոնից ազատելու դեպքերում.

5) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:

3. Աշխատակազմում պետական ծառայության ղեկավարման մարմինն Աշխատակազմի ղեկավարն է, որն ապահովում է Աշխատակազմում պետական ծառայության կայունությունը:

Աշխատակազմի ղեկավարը պետական ծառայող է, որը պաշտոնում նշանակվում է սույն օրենքով սահմանված կարգով:

Աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակված անձը, սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերի բացակայության դեպքում, անփոփոխելի է:

Աշխատակազմի ղեկավարի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով, Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով:

4. Աշխատակազմի ղեկավարի լիազորությունները դադարեցվում են, եթե՝

1) նա դիմում է այդ մասին.

2) լրացել է նրա 65 տարին.

3) նա ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

4) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

5) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող.

6) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

7) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:

Աշխատակազմի ղեկավարի լիազորությունները համարվում են դադարած` նրա մահվան կապակցությամբ:

5. Սույն հոդվածով նախատեսված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման նպատակով Աշխատակազմի կառավարման և ղեկավարման մարմինները կարող են ստեղծել խորհրդակցական մարմիններ:

 

Հոդված 35. Աշխատակազմում պետական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները

 

1. Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների յուրաքանչյուր մրցույթի և պետական ծառայողների յուրաքանչյուր ատեստավորման համար համակարգչում զետեղված և պատահական ընտրված թեկնածուներից կազմվում են հանձնաժողովներ՝ մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ:

2. Աշխատակազմում պետական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովների և այդ պաշտոնները զբաղեցնող Աշխատակազմում պետական ծառայողների ատեստավորման հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել նաև համապատասխան բնագավառների մասնագետներ:

3. Մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

 

Գ Լ ՈՒ Խ 8

 

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 36. Վեճերի լուծումը և պատասխանատվությունը Աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար

 

1. Աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են Աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:

2. Սույն օրենքը խախտող անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ 9

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 37. Օրենքի ուժի մեջ մտնելը
 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հոդված 38. Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքացուցակը հաստատելը

 

Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքացուցակը ենթակա են հաստատման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:

 

Հոդված 39. Աշխատակազմի աշխատողներին Աշխատակազմում պետական ծառայողներ համարելը

 

1. Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող աշխատողները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երրորդ ամսվա ամսի 1-ից համարվում են Աշխատակազմում պետական ծառայողներ՝ հաշվի առնելով սույն օրենքի 9-11-րդ հոդվածների, 22-րդ հոդվածի երրորդ մասի և 32-րդ հոդվածի պահանջները:

2. Սույն հոդվածով սահմանված կարգով Աշխատակազմում պետական ծառայող համարված աշխատողներին պետական ծառայության առաջին համապատասխան դասային աստիճանը շնորհվում է սույն օրենքով նախատեսված առաջին ատեստավորման արդյունքում:

 

Հոդված 40. Աշխատակազմում ժամկետային աշխատանքային պայմանագրերի լուծումը

 

Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող ժամկետային աշխատանքային պայմանագրերով աշխատողների հետ կնքված պայմանագրերը համարվում են լուծված սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երրորդ ամսվա ամսի 1-ից, եթե այդ պայմանագրերով դրանց լուծման ավելի վաղ ժամկետներ նախատեսված չեն:

 

Հոդված 41. Աշխատակազմում պետական ծառայողների առաջին վերապատրաստումը

 

Աշխատակազմում պետական ծառայողների առաջին վերապատրաստումն անցկացվում է Աշխատակազմի ղեկավարի հաստատած ծրագրերին համապատասխան՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցերորդ ամսվա ամսի 1-ից:

 

Հոդված 42. Աշխատակազմում պետական ծառայողների առաջին ատեստավորումը

 

Աշխատակազմում վերապատրաստում անցած պետական ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթերորդ ամսվա ամսի 1-ից:

 

Հոդված 43. Նախկինում կիրառված կարգապահական տույժերը հաշվի առնելը

 

Սույն օրենքի 31-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի հիմքով պետական ծառայողին պաշտոնից ազատելիս հաշվի են առնվում մինչ այդ նրա նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը:

 

Հոդված 44. Աշխատակազմում պետական ծառայող համարված անձանց նախկինում շնորհված դասային և հատուկ կոչումները պահպանելը

 

Աշխատակազմում պետական ծառայող համարված անձանց նախկինում շնորհված դասային և հատուկ կոչումները (որակավորման դասերը) պահպանվում են դրանք շնորհելու համար հիմք համարվող իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ռ. Քոչարյան

 

2002 թ. դեկտեմբերի 26

Երևան

ՀՕ-472-Ն