040.0778.27.11.00
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2000 թվականի N 778
քաղ. Երևան
«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3, 4, 7, 12, 24, 30, 32, 33, 34, 36, 37, 39 և 40 հոդվածներով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը (կցվում է).
բ) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նշանակման ու սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (կցվում է):
Օրենքով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար համապատասխան պետական մարմինների սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումների կողմից տրվում է տեղեկանք (ձևը կցվում է)՝ արտոնությունների կոնկրետ տեսակների նշումով.
գ) զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում հաշվառվող, այդ թվում՝ արտոնյալ պայմաններով, ծառայողական կամ այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները (կցվում է):
2. Զինծառայողների ամսական դրամական բավարարման մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը, զինվորական կոչման դրույքաչափը և սույն որոշման 3-րդ կետով սահմանված երկարամյա ծառայության համար այդ դրույքաչափերից հաշվարկվող տոկոսային հավելումները:
3. Սահմանել զինծառայողների զինվորական ծառայության ստաժի համար հավելումներ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ամսական պաշտոնային դրույքաչափի և զինվորական կոչման դրույքաչափի նկատմամբ հետևյալ տոկոսաչափերով՝
2-5 տարվա՝ | 5 տոկոսի, |
5-10 տարվա՝ | 10 տոկոսի, |
10-15 տարվա՝ | 15 տոկոսի, |
15-20 տարվա՝ | 20 տոկոսի, |
20-25 տարվա՝ | 25 տոկոսի, |
25 տարվանից ավելի՝ | 30 տոկոսի չափով: |
4. Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած և զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողների ամսական դրամական բավարարմանը նշանակել հավելում՝ 20 տոկոսի չափով:
5. Սահմանել, որ 1998 թվականի դեկտեմբերի 1-ից հետո կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները հաշվարկվում են փաստացի վճարվող, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված առավելագույն պաշտոնային դրույքաչափերով:
Զինծառայողների կենսաթոշակները հաշվարկելիս համապատասխան մարմինների ղեկավարների կողմից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում տնտեսված գումարների հաշվին աշխատողներին վճարվող լրավճարները և պարգևավճարները դրամական բավարարման մեջ չեն ներառվում:
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների այն մասնակիցներին, որոնց համար վարձատրության չափ սահմանված չի եղել, հաշմանդամության, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակների հաշվարկումը կատարելիս հիմք է ընդունվում 24.360 դրամ սահմանված վարձատրության ամսական չափը:
(5-րդ կետը լրաց. 08.05.03 N 489-Ն)
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը՝
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով՝ մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն զինծառայողների ամսական դրամական բավարարման, ինչպես նաև պարենային և հանդերձանքի ապահովության կամ դրա փոխարեն իրենց ցանկությամբ դրամական փոխհատուցում ստանալու կարգի ու պայմանների վերաբերյալ.
բ) մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն այն պաշտոնների ցանկի վերաբերյալ, որոնք կարող են զբաղեցնել պետական կառավարման մարմիններ, հիմնարկներ, կազմակերպություններ և ուսումնական հաստատություններ աշխատանքի գործուղված զինծառայողները:
(6-րդ կետը փոփ. 09.03.01 N 178)
6.1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ մինչև 2001 թվականի մարտի 20-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետում նշված ցանկի վերաբերյալ:
(6.1 կետը լրաց. 09.03.01 N 178)
7. Առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում զինծառայողներին տրվող դրամական օգնության հաշվարկման համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ամսական նվազագույն պաշտոնային դրույքաչափը, զինվորական կոչման դրույքաչափը և դրանց նկատմամբ սույն որոշման 3-րդ կետով սահմանված տոկոսաչափերով հաշվարկված զինվորական ստաժի համար հավելումները:
8. Ժամկետային զինծառայողներին տարեկան 10 օր տևողությամբ լրացուցիչ արձակուրդ տրվում է ծառայության հետևյալ տեսակների և պայմանների դեպքում՝
ա) սահմանված կարգով հայտարարված արտակարգ իրավիճակների պայմաններում ծառայություն.
բ) մարտական գործողություններին մասնակցություն, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանքի կատարում.
գ) բարձր լեռնային շրջաններում (ծովի մակերևույթից 2000 մետր և ավելի բարձրություն) ծառայություն.
դ) հրթիռային վառելիքին առնչվող ծառայություն.
ե) թունավոր նյութերի, իոնացնող և ռադիացիոն ճառագայթման աղբյուրներին առնչվող ծառայություն.
զ) թռիչքային (օդաչուական) անձնակազմում ծառայություն.
է) գաղտնալսումներ.
ը) ՀԱԷԿ-ի պահպանության ծառայություն.
թ) կալանքի տակ գտնվող անձանց տուբերկուլյոզային դիսպանսերներում պահպանության ծառայություն.
ժ) ֆրեզագրեգատներին և օդամղիչներին առնչվող ծառայություն.
ժա) վթարային վերականգնողական ծառայություն.
ժբ) ջրասուզակների ծառայություն (տարեկան առնվազն 265 ժամ ջրի տակ անցկացրած).
ժգ) ազդանյութերի (ռեագենտներ) լուծազատմանն առնչվող ծառայություն.
ժդ) տեխնածին կամ բնական աղետների հետևանքների՝ ռադիոակտիվ, քիմիական, անասունների համաճարակների և կենսաբանական ախտահարման օջախների վերացմանն առնչվող ծառայություն:
Ծառայության նշված տեսակների տարեկան նորմաները սահմանվում են համապատասխան նախարարության կամ գերատեսչության ղեկավարի կողմից։
(8-րդ կետը խմբ. 12.06.01 N 523)
9. (9-րդ կետն ուժը կորցրել է 12.06.01 N 523)
10. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում զինծառայողների հետազոտման և բուժման ծախսերի փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում զինծառայողների հետազոտման և բուժման՝ ծախսերի հետագա փոխհատուցմամբ, կարգը հաստատելու մասին» N 517 որոշմամբ հաստատված կարգով:
11. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը՝ մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն զինծառայողների առողջարանային բուժումը կազմակերպելու կարգի ու պայմանների վերաբերյալ:
(11-րդ կետը փոփ. 09.03.01 N 178)
12. Ծառայողական բնակելի տարածությունների բացակայության դեպքում ծառայության անցկացման վայրում մշտական բնակելի տարածություն չունեցող զինծառայողներին (բացի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներից) բնակելի տարածության վարձակալության համար օրական վճարվում է դրամական փոխհատուցում՝ փաստացի վճարված գումարների չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված ծառայողական գործուղումների գիշերավարձի հետևյալ չափերից՝
ա) ընտանիքի՝ մինչև 3 անդամ ունենալու դեպքում՝
Երևան քաղաքում՝ | 75 տոկոս, |
այլ քաղաքներում՝ | 40 տոկոս, |
այլ բնակավայրերում՝ | 25 տոկոս. |
բ) ընտանիքի 4 և ավելի անդամ ունենալու դեպքում՝ 50 տոկոսով ավելի:
13. Ծառայողական բնակելի տարածությունների բացակայության դեպքում բնակարաններ ձեռք բերելու համար զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում՝ յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 26-ի «Զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքները բնակարաններով ապահովելու համար Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցները բաշխելու մասին» N 714 որոշմամբ սահմանված կարգով:
14. Ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով զինծառայողներին այլ բնակավայրեր գործուղելու հետ կապված ծախսերը փոխհատուցվում են տվյալ պահին գործող գործուղման ծախսերի նորմաներով:
15. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը՝ մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ՝
ա) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիների, զոհված (մահացած) զինծառայողների երեխաների՝ պետական ուսումնական հաստատություններ ընդունելության կարգի վերաբերյալ.
բ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների՝ պետական ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում մրցույթից դուրս ընդունելության համար ըստ մասնագիտությունների հատկացվող տեղերի վերաբերյալ:
(15-րդ կետը փոփ. 09.03.01 N 178)
16. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կողմից ներկայացված ցուցակների հիման վրա միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարներ է հատկացնում՝
ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, ինչպես նաև մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքում՝ տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 100-ապատիկի չափով,
բ) ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում՝ տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 50-ապատիկի չափով:
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կողմից ներկայացված ցուցակների հիման վրա միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարներ է հատկացնում՝
ա) առաջին խմբի հաշմանդամներին՝ տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 50-ապատիկի չափով.
բ) երկրորդ խմբի հաշմանդամներին՝ տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 40-ապատիկի չափով.
գ) երրորդ խմբի հաշմանդամներին՝ տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 30-ապատիկի չափով։
Միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարը չի վճարվում, եթե զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:
17. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հատկացված միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարները վճարվում են ըստ բնակության վայրի՝ տեղական գանձապետական բաժանմունքների միջոցով:
18. Զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորությունը, գերեզմանների բարեկարգումը, տապանաքարերի պատրաստումն ու տեղադրումը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի «Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման մասին» N 341 որոշմամբ սահմանված կարգով:
19. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում նախատեսել համապատասխան միջոցներ՝ զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության համար օրենքով սահմանված ծախսերի իրականացման համար:
20. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 26-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նշանակման կարգի և նրանց սոցիալական ապահովության ու արտոնությունների մասին» N 277 որոշումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 14-ի N 319, 1995 թվականի փետրվարի 11-ի N 71, 1995 թվականի հունիսի 6-ի N 312, 1997 թվականի ապրիլի 1-ի N 62 որոշումների խմբագրությամբ), 1994 թվականի փետրվարի 28-ի «Հաշմանդամ դարձած զինծառայողների պարտադիր պետական ապահովագրության գումարների չափի մասին» N 95 որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման N 3 հավելվածի 2-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ |
|
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու
1. Մարտական գործողությունների մասնակից են համարվում 1990-1994 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտերին՝ ոչ պակաս, քան 3 ամիս ընդհանուր տևողությամբ, մասնակցած անձինք, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձած անձինք՝ անկախ մարտական գործողություններին մասնակցելու ժամկետից, ովքեր՝
ա) ծառայել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում,
բ) կանչվել են եռամսյա վարժական հավաքների,
գ) գտնվել են սահմանված կարգով գրանցված կամավորական ջոկատների կազմում,
դ) ընդգրկվել են ռազմական կամ մարդատար օդանավերի (ուղղաթիռների) անձնակազմերում և իրականացրել ռազմական գործողությունների գոտու սպասարկումը,
ե) հատուկ կամ մարտական առաջադրանքներով գործուղվել են ռազմական գործողությունների գոտի,
զ) գործուղվել կամ մասնակցել են ռազմական գործողությունների գոտում հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներին:
2. Մարտական գործողություններին՝ 3 ամսվանից պակաս տևողությամբ, մասնակցած, մարտական գործողությունների ժամանակ վիրավորված, ինչպես նաև մարտական գործողություններին օժանդակած անձինք մարտական գործողությունների մասնակից կարող են համարվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կողմից ստեղծված հանձնաժողովի որոշմամբ:
3. Մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կողմից տրված տեղեկանքները:
4. Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս մարտական գործողությունների մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ կարող է տրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն:
5. Մարտական գործողությունների մասնակիցներին՝ նրանց կարգավիճակը հավաստող վկայական, ինչպես նաև իրավունքների ու արտոնությունների մասին տեղեկանք տրվում է սույն կարգի 2-րդ կետում նշված հանձնաժողովի կողմից` 15-օրյա ժամկետում:
Մարտական գործողությունների մասնակիցների վկայականները պատվիրվում, պատրաստվում և պահվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, իսկ դրանց բաշխումը կատարվում է նշված հանձնաժողովի որոշումների հիման վրա:
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նշանակման ու սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի
1. Երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար զինծառայողի դիմումի հետ միասին ներկայացվում են՝
ա) տարիքը հաստատող փաստաթուղթ (անձնագիրը կամ ծննդյան վկայականի պատճենը),
բ) ծառայության և աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթեր (քաղվածք անձնական գործից և աշխատանքային գրքույկից՝ վավերացված գործատուի կողմից),
գ) քաղվածք զորացրման հրամանից,
դ) տեղեկանք բնակավայրից (քաղաքներում՝ թաղային համայնքից կամ բնակարանային շահագործման մարմնից, իսկ գյուղական վայրերում՝ գյուղական համայնքից) իրենց խնամքի տակ գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամների մասին,
ե) ընտանիքի անաշխատունակ անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,
զ) դրամական բավարարման վկայականը,
է) լուսանկար (4 x 6 սմ չափսի):
2. Հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար դիմումի հետ միասին ներկայացվում են՝
ա) սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերը,
բ) քաղվածք բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի (ԲՍՓՀ) բժշկական քննության ակտից,
գ) Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության կամ վարչության ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը հիվանդության պատճառական կապի մասին:
3. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակելու համար դիմումի հետ միասին ներկայացվում են՝
ա) սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերը,
բ) կերակրողի մահվան վկայականի պատճենը (քաղվածք նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռից),
գ) տեղեկանք բնակավայրից (քաղաքներում՝ թաղային համայնքից կամ բնակշահագործման մարմնից, իսկ գյուղերում՝ գյուղական համայնքից) կերակրողի՝
18 տարին չլրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված զավակների մասին,
18 տարին չլրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված եղբայրների, քույրերի և թոռների մասին՝ աշխատունակ ծնողներ չունենալու և չաշխատելու մասին նշումով,
կենսաթոշակային տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված ծնողների, կնոջ և ամուսնու մասին՝ չաշխատելու մասին նշումով,
8 տարին չլրացած զավակներին, եղբայրներին, քույրերին կամ թոռներին խնամող ծնողի, կնոջ (ամուսնու), պապի, տատի, եղբոր կամ քրոջ (անկախ տարիքից և աշխատունակությունից) մասին՝ չաշխատելու մասին նշումով, պապի և տատի մասին՝ աշխատունակ զավակներ չունենալու ու չաշխատելու մասին նշումով.
դ) խնամքի տակ գտնվող անաշխատունակ անձանց անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,
ե) քաղվածք ԲՍՓՀ-ի բժշկական քննության ակտից (անհրաժեշտության դեպքում):
4. Օրենքով սահմանված երաշխիքներից և արտոնություններից օգտվելու համար՝
ա) ռազմագերիների և անհայտ կորածների ընտանիքների անդամները դիմումի հետ միասին ներկայացնում են գերվածի կամ անհայտ կորածի՝
զորամասի հրամանատարության կողմից տրված տեղեկանքը անհայտ կորելու հանգամանքների մասին,
անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,
տեղեկանք բնակավայրից,
լուսանկար (ցանկացած չափսի),
ամուսնության վկայականի պատճենը,
երեխաների ծննդյան վկայականների պատճենները.
բ) հաշմանդամ ճանաչված զինծառայողները (նրանց հավասարեցված անձինք) դիմումի հետ միասին ներկայացնում են՝
համապատասխան նախարարության կամ վարչության ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի որոշման (տեղեկանքի) պատճենը,
հաշմանդամության խմբի մասին ԲՍՓՀ-ի որոշման պատճենը.
գ) զոհված (մահացած) զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների անդամները դիմումի հետ միասին ներկայացնում են զոհվածի (մահացածի)՝
զորամասի հրամանատարության կողմից տրված տեղեկանքը զոհվելու (մահանալու) հանգամանքների, տեղի և ժամանակի մասին,
մահվան վկայականի պատճենը,
տեղեկանք մահվան մասին,
ծննդյան վկայականի պատճենը,
լուսանկար (ցանկացած չափսի),
ամուսնության վկայականի պատճենը,
երեխաների ծննդյան վկայականների պատճենները։
5. Զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները սոցիալական ապահովության իրավունքներից ու երաշխիքներից օգտվելու համար ներկայացնում են՝
ա) զինվորական գրքույկը կամ անձնագիրը,
բ) երկարամյա ծառայության կենսաթոշակի վկայականը,
գ) հաշմանդամության կենսաթոշակի վկայականը,
դ) սոցիալական կենսաթոշակի վկայականը,
ե) տեղեկանք իրավունքներից և երաշխիքներից օգտվելու մասին՝ տրված համապատասխան նախարարության կամ վարչության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումների կողմից,
զ) տեղեկանք տրված զորամասի հրամանատարության կողմից (ըստ անհրաժեշտության),
է) տեղեկանք տրված զինկոմիսարիատի կողմից (ըստ անհրաժեշտության):
Ձև
ՏԵՂԵԿԱՆՔ
օրենքով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և երաշիքներից օգտվելու մասին
Տրվում է ________________________________________________________________________ |
այն մասին, որ նա օգտվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների |
սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի |
__________________________________________ |
հոդվածով (հոդվածներով) սահմանված հետևյալ իրավունքներից և երաշխիքներից՝ |
1. ______________________________________________________________ |
2. ______________________________________________________________ |
3. _______________________________________________________________ |
Տրվում է ներկայացնելու |
_______________________________________ (հասցեատիրոջ անվանումը) |
Կ.Տ. |
Ստորաբաժանման ղեկավար |
_____________________________ |
_____ ________________________ 200 թ. |
Հաստատված է |
Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ
նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության
ստաժում հաշվառվող, այդ թվում՝ արտոնյալ պայմաններով,
ծառայողական կամ այլ բնույթի գործունեության տեսակների
ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները
1. Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար զինվորական ծառայության ստաժում հաշվառվում են՝
ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության համակարգերի շարքային և հրամանատարական անձնակազմերում զբաղեցրած պաշտոններով ծառայությունը, ինչպես նաև նրանց՝ ուսումնական հաստատություններում ուսման ժամանակաշրջանը՝ անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից,
բ) զինվորական ծառայությունը նախկին ԽՍՀՄ զինված ուժերում, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգերում, ինչպես նաև նրանց՝ ուսումնական հաստատություններում ուսման ժամանակաշրջանը՝ անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից,
գ) մինչև զինվորական ծառայության անցնելը պահեստից զորակոչված սպայական անձնակազմի՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում մինչև 5 տարի ուսման (ստացիոնար) ժամանակաշրջանը՝ ուսման մեկ տարին 6 ամիս հաշվելու պայմանով,
դ) անօրինական դատապարտված կամ անօրինական քրեական հետապնդման ենթարկված այն զինծառայողների կալանքի տակ, ազատազրկման վայրում և աքսորում գտնվելու ժամանակաշրջանը, որոնց նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ կամ ընդունվել քրեական գործը կարճելու մասին որոշում՝ հանցագործության դեպքի, հանցակազմի բացակայության կամ հանցագործության կատարման մեջ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով,
ե) մինչև զինվորական ծառայության անցնելը նախկին ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի և քաղաքացիական ավիացիայի համակարգերում օդաչուական ու ինժեներատեխնիկական անձնակազմի աշխատանքային ստաժը:
2. Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար զինվորական ծառայության ստաժում արտոնյալ պայմաններով հաշվառվում են զինծառայության հետևյալ տեսակները՝
մեկ ամսվա ծառայությունը 3 ամիս հաշվվելու պայմանով՝
ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զինծառայությունը՝ հատուկ մարտական առաջադրանք կատարելու դեպքում,
բ) մարտական գործողություններ կամ հատուկ առաջադրանք կատարելիս վիրավորված, կոնտուզիա, հաշմանդամություն կամ հիվանդություն ստացած զինծառայողների անընդհատ բուժման ժամանակաշրջանը,
գ) զինծառայությունն Աֆղանստանում և այլ երկրների տարածքներում, որտեղ տեղի են ունեցել մարտական գործողություններ (բացի այն զինծառայողներից, որոնք արձակվել են զինծառայությունից կամ գործուղվել այդ պետություններից զինծառայողի կոչումը վարկաբեկող արարքների կապակցությամբ), ինչպես նաև այդ երկրներում վիրավորվելու, կոնտուզիա, հաշմանդամություն կամ հիվանդություն ստանալու կապակցությամբ բուժհիմնարկներում անընդհատ բուժման ժամանակաշրջանը,
դ) 1986 թվականի ապրիլից մինչև 1987 թվականի դեկտեմբերի 31-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին զինծառայողների մասնակցության ժամանակաշրջանը,
ե) անօրինական քրեական հետապնդման ենթարկված և անօրինական դատապարտված ու հետագայում արդարացված զինծառայողների՝ կալանքի տակ, ազատազրկման վայրերում և աքսորում գտնվելու ժամանակաշրջանը,
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում.
մեկ ամսվա ծառայությունը 2 ամիս հաշվվելու պայմանով՝
ա) զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների օդաչուների ծառայությունը՝ թռիչքների տարեկան նորմերի կատարման դեպքում (նորմերը հաստատվում են համապատասխան մարմինների կողմից),
բ) գերության ժամանակաշրջանը, եթե զինծառայողը կամավոր չի գերվել և գերության ընթացքում հանցագործություն չի կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ,
գ) 1961 թվականի հունվարի 1-ից մինչև 1982 թվականի դեկտեմբերի 31-ը զինվորական մասնագետների (բացի օդաչուներից) այն երկրներ գործուղման ժամանակաշրջանը, որոնց բանակները մարտական գործողություններ են կատարել կամ ռազմական օգնություն են ցույց տվել այլ երկրների (անկախ այդ մարտական գործողություններին նշված զինծառայողների մասնակցությունից),
դ) բարձր լեռնային վայրերում՝ 1976 թվականի հունվարի 1-ից սկսած՝ ծովի մակերևույթից 2500 մետր և ավելի, իսկ 1997 թվականի օգոստոսի 11-ից՝ 2000 մետր և ավելի բարձրության, զինծառայությունը,
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում.
մեկ ամսվա ծառայությունը 1,5 ամիս հաշվվելու պայմանով՝
ա) պարաշյուտիստների ծառայությունը՝ համապատասխան մարմինների կողմից թռիչքների տարեկան նորմերի կատարման դեպքում, և սակրավորների ծառայությունը,
բ) հատուկ ստորաբաժանումներում զինծառայող կանանց ծառայությունը՝ համապատասխան մարմինների կողմից սահմանված պաշտոնների ցանկի համաձայն,
գ) զինծառայությունը արտակարգ դրություն հայտարարված տարածքներում,
դ) զինծառայությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում՝ 1992 թվականի փետրվարի 1-ից մինչև 1994 թվականի մայիսի 1-ը,
ե) լեռնային վայրերում՝ 1973 թվականի ապրիլի 1-ից սկսած՝ ծովի մակերևույթից 1500 մետր և ավելի, իսկ 1998 թվականի նոյեմբերի 30-ից՝ 1700-2000 մետր բարձրության, զինծառայությունը,
զ) 1988 թվականի հունվարի 1-ից մինչև 1990 թվականի դեկտեմբերի 1-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին զինծառայողների մասնակցության ժամանակաշրջանը,
է) Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ղեկավարների կողմից որոշված այն ժամանակաշրջանը, որի ընթացքում զինծառայողները մասնակցել են զանգվածային անկարգությունների հետ կապված արտակարգ պայմաններում հասարակական կարգի պահպանմանը և պետական ապահովության ապահովմանը,
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
(2-րդ կետը փոփ. 28.06.01 N 571)
Ծանոթագրություն: |
Զինծառայողների զինվորական ծառայության ստաժի համար սահմանված հավելումների հաշվարկման և առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում զինծառայողներին տրվող դրամական օգնության համար զինծառայության ստաժում հաշվառվում է սույն կարգի 1-ին կետի «ա», «բ», «դ» և «ե» ենթակետերով սահմանված զինծառայությունը, ինչպես նաև մեկ ամսվա ծառայությունը 2 ամիս հաշվելու պայմանով զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների օդաչուների ծառայությունը՝ թռիչքների տարեկան նորմերի կատարման դեպքում: |
(Ծանոթագրությունը փոփ. 28.06.01 N 571)