Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ
Ընդունման ամսաթիվ
30.06.2022
Ստորագրող մարմին
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Ստորագրման ամսաթիվ
30.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0180/13/19

Գործ թիվ ԵԴ/0180/13/19

Նախագահող դատավոր՝  Ա.Ազարյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

30 հունիսի 2022 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով, քննության առնելով դատապարտյալ Հասմիկ Սեյրանի Պապոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մայիսի 15-ի որոշման դեմ պաշտպան Լ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի ապրիլի 30-ի դատավճռով Հասմիկ Սեյրանի Պապոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ, Հ.Պապոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի մարտի 11-ի դատավճռով Հասմիկ Սեյրանի Պապոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ, Հ.Պապոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, և տուգանք՝ 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

1.1. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետի միջնորդությունը բավարարվել է, և դատապարտյալ Հասմիկ Պապոյանի նկատմամբ նշանակված 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանք պատժատեսակը փոխարինվել է 2.200 (երկու հազար երկու հարյուր) ժամ տևողությամբ հանրային աշխատանքներ պատժատեսակով:

1.2. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մայիսի 2-ի որոշմամբ Հասմիկ Պապոյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժի չկրած մասից՝ 10 (տասը) ամիս 17 (տասնյոթ) օր ժամկետով:

2. 2019 թվականի նոյեմբերի 13-ին և 26-ին դատապարտյալ Հ.Պապոյանի պաշտպան Լ.Ասլանյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայություն՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» (այսուհետ նաև՝ Համաներման մասին օրենք) ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառմամբ դատապարտյալ Հ.Պապոյանին 2.200 (երկու հազար երկու հարյուր) ժամ տևողությամբ հանրային աշխատանքներ պատժատեսակից ազատելու վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պետի պաշտոնակատար Վ.Խալաթյանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 16-ի գրությամբ պաշտպան Լ.Ասլանյանի միջնորդությունը մերժվել է:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի մարտի 11-ի որոշմամբ դատապարտյալ Հ.Պապոյանի պաշտպան Լ.Ասլանյանի բողոքը՝ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պետի պաշտոնակատար Վ.Խալաթյանի անգործության դեմ, մերժվել է:

4. Պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի մայիսի 15-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի մարտի 11-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։

5. Վերաքննիչ դատարանի՝ վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Լ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի հունիսի 6-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պետի պաշտոնակատար Վ.Խալաթյանի կողմից պաշտպան Լ.Ասլանյանի միջնորդության վերաբերյալ կազմված գրության համաձայն՝ «(...) «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանվում է, որ համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը, իսկ 4-րդ հոդվածի 9-րդ մասի 6-րդ կետի «բ» պարբերության համաձայն՝ օրենքի կատարումը վերապահվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը՝ այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել են, և նրանց վարքագծի նկատմամբ իրականացվող վերահսկողությունը 2018 թվականի նոյեմբերի 7-ից դադարեցվել է:

Ինչ վերաբերում է միջնորդությանը կից Ձեր կողմից ներկայացված ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 22-ի թիվ ԵԱԴԴ 0104/01/17 որոշմանը, ապա տեղեկացնում եմ, որ այն չի վերաբերում Հասմիկ Պապոյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներին, քանի որ պատժի կրման ընթացքում համաներումը կիրառելի չէ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված որոշմամբ մեղադրյալի նկատմամբ կիրառվել է Համաներման օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջը, ինչպես նաև օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետի «գ» պարբեության պահանջը՝ համաներումը չկիրառել (...) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ վերջին տասը տարվա ընթացքում քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի՝ համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա, և որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար: Այսինքն, որոշմամբ նախատեսված համաներման արգելքը վերաբերել է դրա կիրառման պահին նախորդած 10 տարիների ընթացքում համաներում կիրառված լինելուն»1։

7. Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի մարտի 11-ի որոշմամբ արձանագրել է, որ «(...) Լուսինե Ասլանյանի պահանջը՝ «Հասմիկ Սեյրանի Պապոյանին ազատել իր նկատմամբ նշանակված 2.200 (երկու հազար երկու հարյուր) ժամ հանրային աշխատանքների տեսակի պատժից՝ համաներման հիմքով», չի կարող քննության առարկա դառնալ առաջին ատյանի դատարանում, քանի որ 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՕ-414-Ն օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ օրենքի կիրառման ապահովումը այն անձանց նկատմամբ, որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի, վերապահված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը:

(...)

Լ.Ասլանյանը նույն պահանջով դիմելով իրավասու մարմնին ստացել է մերժում և այն բողոքարկել է ընդհանուր իրավասության դատարան: Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ որևէ կարգավորում, որով առաջին ատյանի դատարանը կարող է քննության առարկա դարձնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության մարմնի որոշման դեմ կամ անգործություն դրսևորելու վերաբերյալ պահանջը: Կոնկրետ դեպքում Լ.Ասլանյանը, ըստ էության, վիճարկում է վարչական մարմնի ակտը, քանի որ այդ մարմինը թեև մերժումը ներկայացրել է գրության տեսքով, սակայն այն ունի պատճառաբանական մաս, ինչը հիմք է արձանագրելու, որ կայացրել է որոշում՝ պահանջը մերժելու մասին:

Բացի այդ, «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության դատախազությունը «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատիժների և հարկադրանքի այլ միջոցների նկատմամբ հսկողություն իրականացնելու շրջանակում հսկողություն է իրականացնում պրոբացիայի ծառայության կողմից ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ»:

(...)

Դատարանը գտնում է, որ Լ.Ասլանյանը ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետի ժ/պ Վ.Խալաթյանի՝ 16.12.2019թ. թիվ Ե/Պ-1-884 գրությունը պետք է նախ բողոքարկեր դատախազություն և իր բողոքը մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ դրա վերաբերյալ պատասխան չստանալու դեպքում, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում դատախազի որոշումների և գործողությունների կամ անգործությունների դեմ բողոք ներկայացներ առաջին ատյանի դատարան:

Ամփոփելով վերոգրյալը՝ դատարանը գտնում է, որ Լուսինե Ասլանյանի բողոքը՝ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետի ժ/պ Վ.Խալաթյանի անգործության դեմ, ենթակա է մերժման, քանի որ այն, ըստ էության, քննության առարկա չի կարող դառնալ և դատարանն իրավասու չէ բողոքը թողնել առանց քննության»2։

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանը, քրեադատավարական օրենքի պահանջների պահպանմամբ ուսումնասիրելով և գնահատելով դատարանում ստացված նյութերում առկա ապացույցները ու եզրակացնելով, որ Հասմիկ Պապոյանի պաշտպան Լուսինե Ասլանյանի կողմից չեն պահպանվել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության նախատեսված դատավարական ընթացակարգը, այն է` ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կողմից դրսևորած անգործությունը չի բողոքարկել դատախազություն, ուստի առանց անդրադառնալու բողոքի հիմքերին, մերժել է բերված բողոքը, ըստ էության հանգել է իրավաչափ հետևության, որը բխում է սույն գործի փաստական տվյալներից և գործող օրենսդրության պահանջներից` արդյունքում կայացնելով օրինական դատական ակտ:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2020թ. մարտի 11-ի որոշումն օրինական է, հիմնավորված, բեկանելու հիմքերը բացակայում են (…)»3։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական և հիմնավորված չեն, թույլ է տրվել նյութական իրավունքի խախտում: Մասնավորապես, բողոքաբերը, մեջբերելով Պրոբացիայի ծառայության մասին ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված իրավադրույթները, նշել է, որ շահառուն իրավունք ունի բողոքարկելու պրոբացիայի ծառայության գործողությունները կամ անգործությունը վերադասության կարգով կամ դատարան: Տվյալ դեպքում, ըստ բողոքաբերի, վերադասության կարգով և դատարան բողոքարկելը հավասարազոր է, մեկը մյուսի նկատմամբ գերակայությամբ օժտված չէ: Հետևաբար, բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանները եկել են սխալ եզրահանգման՝ պրոբացիայի ծառայության գործողությունը կամ անգործությունը նախևառաջ պարտադիր վերադասության կարգով բողոքարկելու կապակցությամբ դատողություններ կատարելիս:

Մեջբերելով Վճռաբեկ դատարանի՝ Մհեր Հովհաննիսյանի գործով 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵՇԴ/0019/15/17 որոշումը, բողոքաբերը նշել է, որ պրոբացիայի ծառայության գործողությունների կամ անգործության դեմ բողոքը կարող է ներկայացվել վերադասության կարգով կամ դատարան կամ այլ մարմիններ, և որևէ նշում չկա նախապես դատախազական հսկողությունը սպառելու և նոր միայն դատարան դիմելու վերաբերյալ:

9.1. Բացի այդ, բողոքաբերը, մեջբերելով Վճռաբեկ դատարանի՝ Արամ Սարգսյանի, Կարապետ Ռուբինյանի գործերով որոշումները, արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմնի անգործությունն անմիջականորեն դատարան բողոքարկելն անձի իրավունքն է, ոչ թե՝ պարտականությունը: Այդ մասին է վկայում Վճռաբեկ դատարանի կողմից օգտագործված կարող է եզրույթը, որի մեկնաբանման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտել է, որ անձը կաշկանդված չէ անգործությունը նախ՝ դատախազին, հետո միայն՝ դատարան բողոքարկելուց:

9.2. Միևնույն ժամանակ, անդրադառնալով պրոբացիայի ծառայության պետի պաշտոնակատար Վ.Խալաթյանի գրությանը, բողոքաբերը նշել է, որ հիշյալ գրությամբ չեն պարզաբանվել բողոքարկման կարգն ու ժամկետները, ինչը որոշման պարտադիր և անհրաժեշտ պայման է:

9.3. Անդրադառնալով Հ.Պապոյանին համաներման հիմքով պատժից ազատելու իրավաչափությանը, բողոքաբերը նշել է, որ պրոբացիայի ծառայության պետը, մերժելով իր միջնորդությունը, պատճառաբանել է, որ Հասմիկ Պապոյանի նկատմամբ 2009 թվականի հունիսի 5-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 38-213-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը 2009 թվականի հոկտեմբերի 30-ին կարճվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով: Փաստորեն, նշվածից երևում է, որ մինչև 2019 թվականի հոկտեմբերի 30-ն առկա է եղել Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի սահմանափակումը, սակայն հաշվի առնելով, որ համաներում կիրառելուց հետո 10 տարին լրացել է 2019 թվականի հոկտեմբերի 30-ին, ուստի, ներկայումս Հ.Պապոյանի նկատմամբ նշված սահմանափակումն առկա չէ:

10. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել ստորադաս դատարանի որոշումը, կայացնել նոր դատական ակտ և Հ.Պապոյանի նկատմամբ կիրառել Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերը, ըստ էության, բարձրացրել է դատապարտյալ Հ.Պապոյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառման իրավաչափության հարցը: Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված նորմը, և հաշվի առնելով այդ կապակցությամբ Մխիթար Էլոյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները4` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նախևառաջ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել ստորադաս դատարանների կողմից դատական ակտերն օրինական կազմով կայացված լինելու հարցը, քանի որ սույն գործով առերևույթ առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. դատապարտյալ Հ.Պապոյանի պաշտպան Լ.Ասլանյանի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած բողոքն ընդդատյա՞ է արդյոք քրեական գործեր քննող առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

13. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի (...) քննության իրավունք»:

14. ՀՀ Սահմանադրական դատարանը, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ ՍԴՈ-1439 որոշման շրջանակներում անդրադառնալով դատական որոշումների կատարման փուլում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա գործերի (նյութերի) շրջանակին, արձանագրել է հետևյալը. «(…) [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի «Առաջին ատյանի դատարաններին ընդդատյա գործերը» վերտառությամբ 44-րդ հոդվածի համաձայն՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննում է բոլոր քրեական գործերը, քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ:

Համադրելով վերոգրյալ դրույթը՝ [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի 41-րդ հոդվածում ոչ սպառիչ թվարկված դատարանի լիազորությունների հետ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատավճիռն ի կատար ածելու ուղարկելը, ինչպես նաև դատավճիռն ի կատար ածելիս ծագող հարցեր լուծելն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իրականացնում է քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործերի (նյութերի) քննության շրջանակներում: Իսկ քրեադատավարական օրենսդրությամբ դատարանի այդ լիազորությունների իրականացման կարգը սահմանված է [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի «Դատական որոշումների կատարումը» վերտառությամբ 49-րդ գլխում, որին համապատասխան՝ դատարանի կողմից լուծման ենթակա հարցերը վերաբերում են, մասնավորապես, դատարանի որոշումը կատարման հանձնելու կարգադրությանը, դատական որոշումն ի կատար ածելու փուլում դատապարտյալի իրավունքների ապահովմանը՝ կապված դատական որոշման կատարման հետ, դատական որոշման վերաբերյալ կասկածների և անհստակությունների լուծմանը, դատական որոշման կատարման հետաձգմանը, տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելուն, պատիժը կրելուց ազատելուն հիվանդության պատճառով, այն դատապարտյալին պատժից ազատելուն, որի նկատմամբ դատական որոշման կատարումը հետաձգված է, ինչպես նաև դատական որոշման կատարման հետաձգումը վերացնելուն, պատժից պայմանական վաղակետ ազատելուն և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելուն, դատապարտյալի հետախուզմանը, բուժական հիմնարկում գտնվելու ժամանակի հաշվանցմանը պատժի ժամկետի մեջ:

Ինչ վերաբերում է [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետին, համաձայն որի՝ դատարանի լիազորությունների շարքին է դասվում նաև «օրենքով նախատեսված դեպքերում այլ հարցեր լուծելը», ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեադատավարական օրենսդրությամբ, այդ թվում՝ այլ օրենքով, այս կամ այն հարցի, գործի կամ նյութի քննությունը կհամարվի դատարանի ընդդատությանը վերապահված, եթե այդ օրենքով այն ուղղակիորեն նախատեսված կլինի որպես քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանի լիազորություն:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, վերոհիշյալ կանոնակարգումների համաձայն, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա են պատժի կատարման հետ կապված միայն օրենքով նախատեսված գործերը: Այդ պատճառով սահմանադրական օրենքը քրեական մասնագիտացման դատավորին ընդդատյա՝ պատժի կատարման հետ կապված գործերը որոշակիացնելու համար ընտրել է օրենքով հատուկ նախատեսված լինելու կանխատեսելի չափանիշը:

Ներկայիս օրենսդրական կարգավորումների պայմաններում այդպիսին են [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի 49-րդ գլխով սահմանված հարցերը կամ գործերը (…)»։

Արդյունքում, ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «մինչև Ազգային ժողովի կողմից սույն որոշմամբ արտահայտված առկա համակարգային իրավական անորոշության հաղթահարումը, քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) բողոքարկման հետ կապված գործերը ենթակա են քննության ՀՀ վարչական դատարանի կողմից, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, քանի դեռ պատժի կատարման հետ կապված կոնկրետ գործի, նյութի կամ հարցի քննության իրավասությունն օրենքով հստակ վերապահված չէ քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանին:

Միաժամանակ, Օրենսգրքի 41-րդ հոդվածում՝ դատապարտյալի բողոքները քննելու դատարանի լիազորության բացակայությունը չի կարող փոխհատուցվել Օրենսգրքի 49-րդ գլխով նախատեսված ընդհանուր ընթացակարգերի կիրառմամբ, քանի որ դրանցով չեն լուծվում մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես՝ տարածքային ընդդատության, բողոքի քննության ժամկետների, կարգի առանձնահատկությունների, ապացուցման բեռի բաշխման, ինչպես նաև կայացվելիք դատական ակտի բովանդակության և դրա բողոքարկման հետ կապված խնդիրները»5:

14.1. Վճռաբեկ դատարանը, ՀՀ Սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Տիգրան Չավուշյանի գործով արձանագրել է, որ դատապարտյալի նկատմամբ համաներման ակտ կիրառելու հետ կապված հարցերի լուծումը քրեադատավարական օրենսդրությամբ ուղղակիորեն սահմանված չէ որպես քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանի լիազորություն, ինչպես նաև նախատեսված չեն այդ հարցերի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ քրեաիրավական և քրեադատավարական կառուցակարգեր և ընթացակարգեր, որպիսի պայմաններում այդ հարցերի քննությունը և լուծումը դուրս է քրեադատավարական տիրույթից և գտնվում է ՀՀ վարչական դատարանի իրավասության շրջանակում: Այլ կերպ՝ պատժի կրման ընթացքում համաներման ակտի դրույթների կիրառելիության հետ կապված վեճերը, հետևաբար նաև դրանց վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի գործողությունների (անգործության) և որոշումների դեմ բերված բողոքներն ընդդատյա չեն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին6։

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պետի պաշտոնակատար Վ.Խալաթյանը 2019 թվականի դեկտեմբերի 16-ի գրությամբ մերժել է համաներման կիրառմամբ դատապարտյալ Հ.Պապոյանին հանրային աշխատանքներ տեսակի պատժից ազատելու վերաբերյալ պաշտպան Լ.Ասլանյանի միջնորդությունը7,

- Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի մարտի 11-ի որոշմամբ պաշտպան Լ.Ասլանյանի բողոքը՝ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պետի պաշտոնակատար Վ.Խալաթյանի անգործության դեմ, մերժվել է:

Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ որևէ կարգավորում, որով առաջին ատյանի դատարանը կարող է քննության առարկա դարձնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության մարմնի որոշման դեմ կամ անգործություն դրսևորելու վերաբերյալ պահանջը: Կոնկրետ դեպքում Լ.Ասլանյանը, ըստ էության, վիճարկում է վարչական մարմնի ակտը, քանի որ այդ մարմինը թեև մերժումը ներկայացրել է գրության տեսքով, սակայն այն ունի պատճառաբանական մաս, ինչը հիմք է արձանագրելու, որ կայացրել է որոշում՝ պահանջը մերժելու մասին:

Առաջին ատյանի դատարանն արձանագրել է նաև, որ պաշտպան Լ.Ասլանյանը ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պետի պաշտոնակատար Վ.Խալաթյանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 16-ի գրությունը պետք է նախ բողոքարկեր դատախազություն և իր բողոքը մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ դրա վերաբերյալ պատասխան չստանալու դեպքում, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից՝ մեկ ամսվա ընթացքում, դատախազի որոշումների և գործողությունների կամ անգործության դեմ բողոք ներկայացներ առաջին ատյանի դատարան8:

- Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողել է օրինական ուժի մեջ՝ արձանագրելով, որ պաշտպան Լ.Ասլանյանի կողմից չի պահպանվել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ընթացակարգը9:

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14.1-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պետի պաշտոնակատար Վ.Խալաթյանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 16-ի գրության դեմ ներկայացված բողոքով դատապարտյալ Հ.Պապոյանի պաշտպանը բարձրացրել է համաներման ակտի դրույթների կիրառելիության հարցը, որը քրեադատավարական օրենսդրությամբ ոչ միայն սահմանված չէ որպես քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանի լիազորություն, այլև բացակայում են այդ հարցի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ քրեաիրավական և քրեադատավարական կառուցակարգերը և ընթացակարգերը, ուստի դրա վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պետի պաշտոնակատար Վ.Խալաթյանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 16-ի գրության դեմ բերված բողոքն ընդդատյա չէ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին և կարող է քննության առնվել վարչադատավարական տիրույթում՝ վարչական դատարանի կողմից, որպիսի մոտեցումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հունվարի 22-ի թիվ ՍԴՈ-1439 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:

17. Վճռաբեկ դատարանն անդրադառնալով նաև ստորադաս դատարանների այն դատողությանը, որ պաշտպան Լ.Ասլանյանը ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության դրսևորած անգործությունը դատախազական հսկողության կարգով չբողոքարկելով չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված դատավարական ընթացակարգը, գտնում է, որ այն հիմնավոր չէ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացվում է քրեական հետապնդման մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) նկատմամբ, որոնք նախորդում են գործի դատական քննությանը, և նպատակ են հետապնդում կանխելու մինչդատական վարույթի ընթացքում անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների անհամարժեք սահմանափակումը: Սույն գործով, սակայն, բողոքարկման առարկա է հանդիսանում պատժի կրման ընթացքում համաներման ակտի դրույթների կիրառելիության հետ կապված հարցը, ինչը դուրս է մինչդատական վարույթի շրջանակից, հետևաբար չէր կարող բողոքարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով:

18. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Հ.Պապոյանի պաշտպան Լ.Ասլանյանի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած բողոքն ընդդատյա չէ քրեական գործեր քննող առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին և չի կարող բողոքարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգով:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն այլևս չի անդրադառնում բողոքաբերի կողմից բարձրացված մյուս փաստարկներին:

19. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի պահանջների խախտում, կիրառել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը, որը տվյալ դեպքում կիրառելի չէր, սխալ են պատճառաբանել իրենց կողմից կայացված ակտերը, սակայն կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Հ.Պապոյանի պաշտպան Լ.Ասլանյանի ներկայացրած բողոքը պետք է մերժել, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մայիսի 15-ի որոշումը՝ թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշման կայացման պայմաններում Հ.Պապոյանը զրկված չէ ՀՀ վարչական դատարան համանման բողոք ներկայացնելու իրավունքից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415․1-րդ, 418․1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Դատապարտյալ Հասմիկ Սեյրանի Պապոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մայիսի 15-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

_____________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 4-5:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 17-19:

3 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 62-73:

4 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Մխիթար Էլոյանի և մյուսների գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը:

5 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հունվարի 22-ի թիվ ՍԴՈ-1439 որոշումը:

6 Մանրամասն տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Տիգրան Չավուշյանի գործով 2021 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ԿԴ3/0003/13/20 որոշումը:

7 Տե'ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը:

8 Տե՛ս, սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը։

9 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Ե. Դանիելյան

 

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան