Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ
Ընդունման ամսաթիվ
27.06.2022
Ստորագրող մարմին
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Ստորագրման ամսաթիվ
27.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՇԴ/0021/01/20

Գործ թիվ ՇԴ/0021/01/20

Նախագահող դատավոր՝

  Մ. Արղամանյան

Դատավորներ՝

 Ա. Ազարյան

 Ա. Մնացականյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

27 հունիսի 2022 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Գոռ Վրույրի Կարախանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մարտի 15-ի որոշման դեմ պաշտպան Հ.Ղարաքեշիշյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի հունվարի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 68101120 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով։ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի՝ 2020 թվականի հունվարի 27-ի որոշմամբ նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին և նույն օրը քրեական գործն ընդունվել է նշված վարչության ավագ քննիչ Գ.Թորոսյանի (այսուհետ՝ նաև Նախաքննության մարմին) վարույթ:

2020 թվականի հունվարի 27-ին Գոռ Վրույրի Կարախանյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունվարի 28-ի որոշմամբ Գոռ Կարախանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունվարի 29-ի որոշմամբ Գ.Կարախանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մարտի 4-ի որոշմամբ Գ.Կարախանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով։

2020 թվականի մարտի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան): Դատական քննության նախապատրաստական փուլում Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի մարտի 24-ի որոշմամբ Գ.Կարախանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ։

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2020 թվականի հունիսի 18-ի դատավճռով Գ.Կարախանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 4 (չորս) ամիս 22 (քսաներկու) օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ և 69-րդ հոդվածների կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվակցվել է արգելանքի տակ գտնվելու ժամկետը և ամբողջությամբ գումարվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ նշանակված հանրային աշխատանքների չկրած մասն ու Գ.Կարախանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման և հանրային աշխատանքներ՝ 1.906 (հազար ինը հարյուր վեց) ժամ տևողությամբ։ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Գ.Կարախանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 4 (չորս) տարի ժամկետով՝ մշտական բնակության վայրը չփոխելու պարտականություն դնելով:

Գ.Կարախանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2021 թվականի մարտի 15-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի դատավճիռը մասնակիորեն բեկանել է և քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Գ.Կարախանյանի պաշտպան Հ.Ղարաքեշիշյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքում դատախազը փաստել է. «(…) Գտնում եմ, որ [Առաջին ատյանի դատարանը] դատական ակտի պատճառաբանական մասում ճիշտ չի գնահատել գործի փաստական հանգամանքները և հաշվի չի առել ամբաստանյալ Գոռ Վրույրի Կարախանյանի կատարած հանցավոր արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև նախկինում կատարված համասեռ հանցագործության հանգամանքը, ինչի արդյունքում հանգել է սխալ հետևության առ այն, որ սույն գործով առկա են ամբաստանյալ Գոռ Վրույրի Կարախանյանի նկատմամբ ազատազրման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու օբյեկտիվ հիմքերը»։ Արդյունքում բողոքաբերը խնդրել է. «Վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ, բեկանել Գոռ Վրույթի Կարախանյանի վերաբերյալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թիվ ՇԴ/0021/01/20 քրեական գործով 2020 թվականի հունիսի 18-ին կայացված դատավճիռը՝ Գ.Կարախանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը համարելով անթույլատրելի»1։

6. Վերաքննիչ դատարանի՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը մասնակիորեն բեկանելու մասին որոշման համաձայն՝ «(…) Ամբաստանյալ Գոռ Կարախանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս [Ա]ռաջին ատյանի դատարանը սխալ է կիրառել քրեական օրենքը, ինչն արտահայտվել է հետևյալում:

(…) Ի խախտումը ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի (…) պահանջների՝ [Առաջին ատյանի] դատարանն իր 2020 թվականի հունիսի 18-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով Գոռ Կարախանյանին դատապարտելով ազատազրկման 4 տարի 4 ամիս 22 օր ժամկետով, ոչ միայն պատիժ է նշանակել օրերով, այլև անտեսելով պատիժների հաշվակցման կանոնները, ըստ որի հանրային աշխատանքները հաշվակցվում է ազատազրկման ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով երեք ժամի դիմաց, նշանակված պատժին լրիվ գումարել է նրա նկատմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ նշանակված 2200 ժամ հանրային աշխատանքների չկրած մասը 1.906 ժամ տևողությամբ և Գոռ Կարախանյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 4 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման և հանրային աշխատանքներ 1.906 ժամ տևողությամբ:

Շիրակի մարզի դատախազության դատախազ Դ.Զիլֆիմյանը վերաքննիչ բողոք բերելով [Առաջին ատյանի] դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի դատավճռի դեմ՝ միջնորդել է բեկանել այն և Գոռ Կարախանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը համարել անթույլատրելի՝ առանց անդրադառնալու դատարանի կողմից թույլ տրված քրեական օրենքի վերոնշյալ խախտումներին, որի պայմաններում վերաքննիչ դատարանը կաշկանդված լինելով դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում վերանայելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի պահանջով, իրավասու չէ ավելի լայն ծավալով քննելու գործը՝ վերջնարդյունքում Գոռ Կարախանյանի նկատմամբ պատիժ նշանակելով ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի վերոշարադրյալ պահանջների պահպանմամբ, ինչը ինքնին կարող է հանգեցնել նաև ամբաստանյալի վիճակի վատթարացման:

(…) [Վ]երաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ առաջին ատյանի դատարանի կողմից թույլ են տրվել քրեական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, չհիմնավորված դատավճռի կայացմանը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա, դատական ակտը բեկանելու հիմք է, ուստի վերաքննիչ բողոքը պետք է մասնակիորեն բավարարել, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի հունիսի 18-ի դատական ակտը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության»2:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքաբերը նախ և առաջ փաստել է, որ Վերաքննիչ դատարանը պետք է դատական ակտը վերանայեր դատախազի բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, որոնք վերաբերում էին Գ.Կարախանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափությանը, այլ ոչ թե Վերաքննիչ դատարանի կողմից բարձրացված՝ պատժի ժամկետները հաշվարկելու ու պատիժը հաշվակցելու խնդրին, ինչը հիմք է տալիս եզրահանգելու, որ վերաքննիչ վերանայման սահմաններից դուրս գալու օրենսդրությամբ հստակեցված հիմքերի բացակայության պայմաններում Վերաքննիչ դատարանը դուրս է եկել ներկայացված բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից։

Ըստ բողոքաբերի, վերաքննիչ վերանայման սահմաններից դուրս արձանագրված խախտումն ուղղելու նպատակով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելը և նոր քննության ուղարկելը հանգեցնելու է Գ.Կարախանյանի վիճակի վատթարացման։ Այս համատեքստում բողոքի հեղինակը նշել է նաև, որ Գ.Կարախանյանի համար կանխատեսելի չէր Վերաքննիչ դատարանի համապատասխան դիրքորոշումը և վերջինս զրկված է եղել վերաքննիչ բողոքի պատասխանում այդ առնչությամբ իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից, ուստի, ըստ բողոք բերած անձի, խախտվել է նաև արդար դատաքննության իրավունքը։

7.1. Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 68-րդ և 69-րդ հոդվածների պահանջների մեկնաբանման հարցում եկել է սխալ եզրահանգման: Ըստ բողոքաբերի նշված և վերաբերելի իրավական նորմերի համակցված վերլուծությունը հիմք չի տալիս եզրահանգելու, որ դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելիս հանրային աշխատանքների ձևով նշանակված պատիժն ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցելու իմպերատիվ պահանջ է նախատեսված։ Ըստ բողոքաբերի այս հարցում դատարանն օժտված է հայեցողությամբ, այսինքն՝ օրենսդիրը նախատեսում է ինչպես այն առանձին ի կատար ածելու, այնպես էլ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցելու հնարավորությունը։

Անդրադառնալով ազատազրկման ժամկետը հաշվարկելու կանոնների խախտման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պնդմանը, բողոքաբերը նշել է, որ թեև Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել խախտում, սակայն այն իր բույթով ձևական է։

8. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մարտի 15-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի դատավճռին։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք պատժի ժամկետները հաշվարկելու և պատիժը հաշվակցելու կանոնների խախտման հիմքով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը մասնակիորեն բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:

Վերաքննության գործառութային առանձնահատկությունների համատեքստում Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ վերաքննիչ դատարանը, որպես կանոն, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայում է ստորադաս ատյանի դատական ակտի հիմնավորվածությունն ու իրավաչափությունը։ Վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ոչ միայն կանխորոշում են այն հարցերի շրջանակը, որոնք պետք է քննարկման առարկա դարձվեն վերաքննիչ վարույթի շրջանակներում, այլև նախանշում են վերաքննիչ վերանայման սահմանները. վերաքննիչ դատարանն իրավունք չունի իր դատական ակտը հիմնավորել այնպիսի էական փաստարկումներով, որոնք ներկայացված չեն վերաքննիչ բողոքում։ Վերաքննիչ դատարանն իրավասու է դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից միայն այն դեպքում, երբ առկա է դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն անվերապահորեն պետք է հանգեցնի դատական ակտի բեկանման (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մաս) կամ առկա է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր): Մյուս բոլոր դեպքերում վերաքննիչ դատարանը կաշկանդված է դատական վերանայման սահմանների վերաբերյալ կանոններով, հետևաբար իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ, վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից դուրս արձանագրել դատական սխալ և ուղղել այն: Վերաքննիչ վերանայման սահմաններից դուրս գալու հիմքերի սահմանափակ և խիստ որոշակի շրջանակը կոչված է բացառելու վերադաս դատական ատյանի կողմից բողոքում չնշված, անկանխատեսելի հանգամանքներով սահմաններից դուրս գալը։ Հակառակ պարագայում, վերադաս դատարանը կիրականացնի գործի լրիվ ծավալով ըստ էության քննություն, ինչն անհամատեղելի կլինի մրցակցության սկզբունքից բխող՝ սահմանափակ վերանայման՝ օրենսդրորեն ամրագրված գաղափարի հետ3:

10. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․

- Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ նյութական իրավունքի նորմերի խախտման հիմքով վերաքննիչ բողոք է բերել դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը՝ փաստարկելով, որ ամբաստանյալ Գ.Կարախանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում Առաջին ատյանի դատարանը հանգել է սխալ հետևության4։

- Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու մասին՝ փաստարկելով, որ դատարանն ամբաստանյալ Գ.Կարախանյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս ոչ միայն ազատազրկման ժամկետը հաշվարկել է օրերով, այլև խախտել է պատժի հաշվակցման կանոնը. որոշակի ժամկետով նշանակված ազատազրկմանը չի հաշվակցել հանրային աշխատանքների ձևով նշանակված պատժի չկրած մասը։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ կաշկանդված լինելով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում դատական ակտի վերանայման օրենսդրական պահանջով, իրավասու չի ուղղել նշված խախտումները, քանի որ վերաքննիչ բողոքի առարկան սահմանափակված է բացառապես ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի եզրահանգման իրավաչափ չլինելու հիմնավորումներով։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանը, առանց անդրադառնալու վերաքննիչ բողոքում բարձրացված հարցին, գտել է, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել պատժի ժամկետները հաշվարկելու և պատիժը հաշվակցելու կանոնների խախտում, ուստի դատավճիռը պետք է բեկանել և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության5։

11. Վերոշարադրյալ փաստական հանգամանքների վերլուծությունից բխում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն որոշման 9-րդ կետում նշված հիմքերի բացակայության պայմաններում, դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից՝ ի վնաս ամբաստանյալ Գ.Կարախանյանի։ Այսինքն՝ անդրադառնալով պատժի ժամկետները հաշվարկելու և հաշվակցելու կանոնների խախտման հարցին՝ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով հանդերձ, որ կաշկանդված է դատական վերանայման սահմանների վերաբերյալ կանոններով, իր կողմից կայացված դատական ակտը ոչ իրավաչափորեն հիմնավորել է այնպիսի էական փաստարկումներով, որոնք ներկայացված չեն եղել վերաքննիչ բողոքում: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Գ.Կարախանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի առնչությամբ Առաջին ատյանի դատարանի կողմից տրված լուծման հիմնավորվածությանը և իրավաչափությանը, այսինքն, ներկայացված վերաքննիչ բողոքն ըստ էության քննարկման առարկա չի դարձրել։ Նման պայմաններում, խախտվել է առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապը, դատավարության մասնակցին տրված երաշխիքն առ այն, որ իր գործով դատական քննության ընթացքում վերաքննիչ դատարանը չի կատարի դատավարական հակառակորդի գործառույթ, ինչն անհամատեղելի է մրցակցության սկզբունքից բխող՝ սահմանափակ վերանայման՝ օրենսդրորեն ամրագրված պահանջի հետ։

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սահմանափակված լինելով բողոքի առարկայով և սահմաններով, իրավասու չէր բողոքի սահմաններից դուրս գալով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ վատթարացնելով ամբաստանյալ Գ․Կարախանյանի վիճակը։

Ընդհանրացնելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատժի ժամկետները հաշվարկելու և պատիժը հաշվակցելու կանոնների խախտման հիմքով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը մասնակիորեն բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր չէ։

13. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մարտի 15-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումը, պետք է քննության առնի մեղադրողի վերաքննիչ բողոքը` դրա հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավասու չէ անդրադառնալու բողոքաբերի՝ սույն որոշման 7.1-րդ կետում նշված փաստարկին։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Գոռ Վրույրի Կարախանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մարտի 15-ի որոշումը բեկանել ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Ամբաստանյալ Գոռ Վրույրի Կարախանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

__________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 50-60։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 145-160։

3 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Սաքունցի բողոքի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԼԴ/0001/11/10, Գեղամ Ղազարյանի գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11, Արթուր Խուրշուդյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԱՔԴ/0065/01/11, Լուկաշ Վերանյանի գործով 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ԵԿԴ/0074/01/17, Հենրիկ Բարսեղյանի ու Արման Մարջանյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԿԴ/0259/01/16 և Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումները։

4 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան