Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.03.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԼԴ/0090/01/20

Նախագահող դատավոր՝  Ռ. Բարսեղյան

Դատավորներ՝

 Տ. Սահակյան

 Լ. Աբգարյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 

30 մարտի 2022 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Արտակ Վահագնի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի մարտի 12-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնում (այսուհետ` նաև Նախաքննության մարմին) հարուցվել է թիվ 71155820 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

Նախաքննության մարմնի` 2020 թվականի մարտի 20-ի որոշմամբ Արտակ Վահագնի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Նախաքննության մարմնի` 2020 թվականի մարտի 26-ի որոշմամբ Ա.Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2020 թվականի հունիսի 2-ի որոշմամբ Ա.Հակոբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննության մարմնի` 2020 թվականի հունիսի 4-ի որոշմամբ թիվ 71155820 քրեական գործից մաս է անջատվել և դրան շնորհվել է 71104620 համարը։

2020 թվականի հունիսի 8-ին թիվ 71104620 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2020 թվականի հուլիսի 9-ի դատավճռով Արտակ Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Էդմոն Հարությունյանը:

3. Լոռու մարզի դատախազի տեղակալ Ա.Շիրոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2020 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ ներկայացված բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 9դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Արտակ Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «խախտելով «Զենքի մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 22-րդ հոդվածների պահանջները՝ չունենալով հրազեն կամ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված թույլտվություն, Վանաձոր քաղաքի Բարեկամություն 18 հասցեի նկուղից ապօրինի ձեռք է բերել և մինչև 2020 թվականի մարտի 11-ն իր կողմից փաստացի շահագործվող «ՎԱԶ-2107» մակնիշի 41 GC 001 հաշվառման համարանիշի ավտոմեքենայում ապօրինի պահել և փոխադրել է գործարանային արտադրության, 1986 թվականի, ակոսափող հրազեն հանդիսացող, 5.45 տրամաչափի «CH-2975» համարի «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիր և ռազմամթերք հանդիսացող թվով 45 հատ գործարանային արտադրության 5.45մմ տրամաչափի փամփուշտներ՝ իր փամփուշտատուփով:

 2020 թվականի մարտի 11-ին՝ ժամը 20:40-ին «ՎԱԶ-2107» մակնիշի 41 GC 001 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է «CH-2975» համարի «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիրը, իսկ թվով 45 հատ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներն ու փամփուշտատուփը հայտնաբերվել է Էդմոն Հարությունյանի անձնական խուզարկությամբ»1։

6. Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Ա.Հակոբյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «() Ամբաստանյալ Ա.Հակոբյանն իր կատարած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի՝ ազատազրկման ձևով:

Դատարանը, որպես Ա.Հակոբյանի անձը բնութագրող տվյալ հաշվի է առնում այն, որ նա բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել, մասնակցել է սպորտային մրցաշարերին, առկա է պատվոգիր:
 Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասը, որպես ամբաստանյալ Ա.Հակոբյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առնում այն, որ նա նախաքննության ընթացքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար, խնամքին է թոշակառու, վատառողջ մայրը:

Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն:

(…)
[Առաջին ատյանի դատարանը [վերլուծելով] սույն գործի փաստական տվյալները, գնահատելով ամբաստանյալ Ա.Հակոբյանի կատարած արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, նրա անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև այն, որ նրա խնամքին է վատառողջ և թոշակառու մայրը և որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը նրա ընտանիքի անդամի կյանքի պայմանների վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ, հանգում է հետևության, որ վերոգրյալ հանգամանքների համակցությունն էապես նվազեցնում է ամբաստանյալի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և, որ վերջինիս ուղղվելը հնարավոր է առանց փաստացի պատիժ կրելու: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պետք է նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառել»
2։

7. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «() Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալ Արտակ Հակոբյանի նկատմամբ նշանակված պատիժն արդարացի է, օրինական ու հիմնավորված, թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ` հետևաբար Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու օբյեկտիվ հիմքեր չկան:

(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Արտակ Հակոբյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը քննարկելիս` Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, ըստ էության բազմակողմանի ստուգման ու պատշաճ գնահատման ենթարկելով ամբաստանյալի կատարած հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը և իրավացիորեն գտել է, որ Արտակ Հակոբյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով համապատասխան ժամկետով փորձաշրջան:

Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները և հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի վերը շարադրված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, հանգում է հետևության, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն գտել է, որ ամբաստանյալ Արտակ Հակոբյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը փաստացի կրելու, և հնարավոր է համարում ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով` հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին»3։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Գարուշ Մադաթյանի, Պարույր Բայրամյանի և այլոց գործերով Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Մասնավորապես, բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալ Ա.Հակոբյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, պատշաճ գնահատականի չեն ենթարկել վերջինիս կատարած արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող հանգամանքները:

Այսպես` պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել Ա.Հակոբյանի կողմից ապօրինի ձեռք բերված, փոխադրված և պահված՝ հանցագործության առարկա հանդիսացող հրազենի տեսակը՝ դրա գնդացիր լինելու հանգամանքը և ռազմամթերքի քանակը՝ թվով 45 գործարանային արտադրության փամփուշտները: Բացի այդ, առհասարակ անդրադարձ չի կատարվել հրազենը և ռազմամթերքը պահելու և փոխադրելու հանգամանքներին: Մասնավորապես այն, որ փամփուշտները հայտնաբերվել են ոչ թե ինչ-որ վայրում՝ օրինակ՝ նկուղում կամ այլ թաքստոցում, այլ՝ ավտոմեքենայի մեջ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ դրա չհայտնաբերման պարագայում այն կարող էր օգտագործվել:

Բողոքաբերը նշել է նաև, որ բացահայտված չէ զենքի և փամփուշտների ձեռքբերման աղբյուրը, իսկ ամբաստանյալ Ա.Հակոբյանի այն պնդումները, իբրև դրանք պատկանել են հանգուցյալ պապին, ով մասնակցել է հայրենական պատերազմին և այդ հրազենն ու փամփուշտները բերել է իր հետ, անհիմն են, քանի որ գնդացիրը 1986 թվականի արտադրության է:

Բողոքի հեղինակը, անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից որպես ամբաստանյալ Ա.Հակոբյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող դիտարկված հանգամանքներին, եզրահանգել է, որ գործում առկա չեն ամբաստանյալ Ա.Հակոբյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու անձը բնութագրող այնպիսի տվյալներ, որոնցով կհիմնավորվեր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով ամբաստանյալի՝ նախկինում դատապարտված չլինելու հանգամանքին, բողոքաբերը նշել է, որ իրավահպատակ վարքագիծը բնորոշ է հասարակության լայն շրջանակին և բխում է անձի կողմից քաղաքացիական հասարակությունում հաստատված կարգը պահպանելու պարտականությունից, հետևապես այն չի կարող դիտարկվել որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք։

Բողոքաբերը գտել է նաև, որ անհրաժեշտ է հաշվի առնել Ա.Հակոբյանի կողմից արարքն ուղղակի դիտավորությամբ կատարելը, ինչն էլ ավելի է մեծացնում անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ գործում առկա չեն ամբաստանյալ Ա.Հակոբյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու անձը բնութագրող այնպիսի հանգամանքներ, որոնցով կհիմնավորվեր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անհրաժեշտությունը։

9. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 9-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 30-ի որոշումը ու վերացնել ամբաստանյալ Ա.Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Ա.Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»։

Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարած անձանց նկատմամբ պատիժ նշանակելու հարցերին անդրադարձել է Գառնիկ Գալստյանի գործով որոշման շրջանակներում՝ արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը.

«(…) ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված] հանցագործության վերաբերյալ գործերով պատժի անհատականացման սկզբունքի տեսանկյունից արարքի հանրային վտանգավորության աստիճանն որոշելիս դատարանը, ի թիվս այլնի, պետք է հաշվի առնի.

- հանցագործության առարկաները ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու նպատակը և շարժառիթները,

- ձեռքբերման աղբյուրը, ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու միջոցները, հանգամանքները,

- առարկայի տեսակը, քանակը, հատկությունները:

Վկայակոչված հանգամանքներն այլ հանգամանքների հետ համակցությամբ ազդում են արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա և պետք է իրենց համապատասխան գնահատականը ստանան յուրաքանչյուր գործով պատիժ նշանակելիս»4:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները»:

Վերոնշյալ իրավադրույթը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության է ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև, պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված, ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա5` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն6:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա, խախտելով «Զենքի մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 22-րդ հոդվածների պահանջները՝ չունենալով հրազեն կամ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված թույլտվություն, Վանաձոր քաղաքի Բարեկամություն 18 հասցեի նկուղից ապօրինի ձեռք է բերել և մինչև 2020 թվականի մարտի 11-ն իր կողմից փաստացի շահագործվող «ՎԱԶ-2107» մակնիշի 41 GC 001 հաշվառման համարանիշի ավտոմեքենայում ապօրինի պահել և փոխադրել է գործարանային արտադրության, 1986 թվականի, ակոսափող հրազեն հանդիսացող, 5.45 տրամաչափի «CH-2975» համարի «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիր և ռազմամթերք հանդիսացող թվով 45 հատ գործարանային արտադրության 5.45մմ տրամաչափի փամփուշտներ՝ իր փամփուշտատուփով:

2020 թվականի մարտի 11-ին՝ ժամը 20:40-ին «ՎԱԶ-2107» մակնիշի 41 GC 001 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է «CH-2975» համարի «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիրը, իսկ թվով 45 հատ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներն ու փամփուշտատուփը հայտնաբերվել են Էդմոն Հարությունյանի անձնական խուզարկությամբ7։

Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Ա.Հակոբյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, անձը բնութագրող տվյալները, որոշել է ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտարկել առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելը, անկեղծորեն զղջալը և նախաքննության ընթացքում խոստովանական ցուցմունքներ տալը, ինչպես նաև այն որ, ամբաստանյալի խնամքին է գտնվում նրա թոշակառու, վատառողջ մայրը։ Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ ամբաստանյալը բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել, մասնակցել է սպորտային մրցաշարերին, առկա է պատվոգիր8։

 

Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն գտել է, որ ամբաստանյալ Արտակ Հակոբյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը փաստացի կրելու, և հնարավոր է համարում ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին9։

14. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Հակոբյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալի կողմից կատարած հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող հետևյալ գործոնները.

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ ամբաստանյալը ոտնձգել է մարդու և հասարակության անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերության դեմ,

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ իր կողմից փաստացի շահագործվող ավտոմեքենայի մեջ պահել և փոխադրել է հրազեն և ռազմամթերք,

գ) հանցագործության առարկայի տեսակը և քանակը, մասնավորապես՝ ամբաստանյալի մոտ հայտնաբերվել են՝ 1986 թվականի արտադրության, ակոսափող հրազեն հանդիսացող՝ 5.45 տրամաչափի «CH-2975» համարի «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիր և ռազմամթերք հանդիսացող թվով 45 հատ գործարանային արտադրության 5.45մմ տրամաչափի փամփուշտներ՝ իր փամփուշտատուփով։

Վճռաբեկ դատարանի համոզմամբ՝ վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են ինչպես հանցավորի, այնպես էլ կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը։ Ուստի, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից հաշվի առնված հանգամանքներն ինքնին չեն կարող բավարար լինել՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրացումն ապահովելու համար։

 15. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալ Ա.Հակոբյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, պատշաճ վերլուծության չեն ենթարկել կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են հանցագործության առարկայի ձեռքբերման աղբյուրը, ձեռք բերելու, պահելու և փոխադրելու միջոցներն ու հանգամանքները, զենքի տեսակը և փամփուշտների քանակը:

 Մինչդեռ, ամբաստանյալ Ա.Հակոբյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցվեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք անտեսելը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման:

 Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ կատարված արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են հանցավորի անձի և կատարված արարքի վտանգավորության աստիճանը, ուստի, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից ամբաստանյալ Ա.Հակոբյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ նախկինում դատապարտված չլինելը, դրական բնութագրվելը, խնամքին թոշակառու, վատառողջ մոր առկայությունը, առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելը, ինքնախոստովանական ցուցմունքներ տալն ինքնին չեն կարող բավարար լինել՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրացմանը հասնելու համար։

Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:

16. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն դատողությանը, որ նախկինում դատապարտված չլինելը չէր կարող դիտարկվել որպես Ա.Հակոբյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախկինում դատապարտված չլինելը ստորադաս դատարաններն իրավաչափորեն գնահատել են որպես ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանք։

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալ Ա.Հակոբյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն` թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում: Ուստի անհրաժեշտ է Ա.Հակոբյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը: Արտակ Վահագնի Հակոբյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելու մասով պետք է վերացնել՝ Արտակ Վահագնի Հակոբյանին թողնելով կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արտակ Վահագնի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 9-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 30-ի որոշումը բեկանել և փոփոխել: Արտակ Հակոբյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել՝ Արտակ Վահագնի Հակոբյանին թողնելով կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով:

2. Պատժի կրման սկիզբը հաշվել Արտակ Վահագնի Հակոբյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 140:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 251-256:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 47-57:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14 որոշման 22-րդ կետը:

5 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները։

7 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: