ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԼԴ2/0018/11/20 | ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ | ||
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի |
8 ապրիլ 2022 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հունվարի 15-ի որոշման դեմ դիմող Մարինե Աբրահամյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ դիմող Մարինե Աբրահամյանի բողոքը՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Վ.Գրիգորյանի՝ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ 2020 թվականի մայիսի 30-ի որոշման և դրա դեմ դիմող Մ.Աբրահամյանի կողմից ներկայացված բողոքը մերժելու մասին Լոռու մարզի դատախազ Գ.Մանուկյանի որոշման դեմ, մերժվել է:
2. Դիմողի ներկայացուցիչ Զ.Փոստանջյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ թողել է առանց քննության՝ բողոքին ներկայացվող պահանջները պահպանված չլինելու հիմքով:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմողի ներկայացուցիչ Զ.Փոստանջյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի մայիսի 12-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի մարտի 31-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
4. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով դիմողի ներկայացուցիչ Զ.Փոստանջյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում բողոքաբեր Մարինե Աբրահամյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1-րդ կետերով սահմանված վերաքննիչ բողոքի պահանջները, այսինքն բացակայում են վերաքննիչ բողոքի հիմքերը, մասնավորապես չի նշվել, թե առկա է արդյոք դատական սխալ, թե ոչ, ինչում է դրսևորվել ենթադրյալ դատական սխալը, և նյութական կամ դատավարական ինչ իրավունք է խախտվել և ինչ ազդեցություն է ունեցել գործի ելքի վրա: Այլ կերպ՝ դիմողն իր վերաքննիչ բողոքում ըստ էության շարադրել է միայն գործի դատավարական նախապատմությունը, չնշելով որևէ դատական սխալ` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի կոնկրետ և հստակ խախտում, որը կարող էր ազդել գործի ելքի վրա: Հետևաբար չեն նշվել նաև գործի ելքի վրա ենթադրյալ դատական սխալի ազդեցության վերաբերյալ հիմնավորումները:
Այսինքն՝ վերաքննիչ բողոքում նշված փաստարկները բավարար չեն արձանագրելու, որ վերաքննիչ բողոքում առկա է ենթադրյալ դատական սխալի մասին նշում: Մասնավորապես, վերաքննիչ բողոքում նշված փաստարկներից անհասկանալի է, թե ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանը նյութական կամ դատավարական ո՞ր նորմն է սխալ կիրառել կամ չի կիրառել կամ սխալ մեկնաբանել, և դա ենթադրաբար ի՞նչ ազդեցություն է ունեցել գործի ելքի վրա կամ ինչու՞մ է դրսևորվել ենթադրյալ խախտումը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքում թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1-րդ կետերով սահմանված՝ բողոքին ներկայացվող պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով դատական բողոքարկման իրավունքի իրացման համար էական խոչընդոտ հանդիսացող խախտումներ են, ինչպես նաև օբյեկտիվորեն զրկում են Վերաքննիչ դատարանին բողոքարկվող դատական ակտի վերանայման սահմանների հարցում հստակ հետևության հանգելու և այն որոշելու անհրաժեշտ հնարավորությունից:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ վերաքննիչ բողոքին առնչվող բովանդակային և էական պահանջների պահպանված չլինելու հիմքով վերաքննիչ բողոքը առանց քննության թողնելը, բացի օրենքով նախատեսված ուղղակի պահանջ լինելուց, հետապնդում է նաև իրավական որոշակիության ապահովման և իրավունքի չարաշահման նախադրյալները բացառելու իրավաչափ նպատակ, և այդ նպատակի ու կիրառվող միջոցի միջև առկա է համաչափության ողջամիտ հարաբերակցություն:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում դիմողը, վերաքննիչ բողոքին ներկայացվող բովանդակային պահանջների խախտման փաստի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, հետևաբար բողոքաբեր Մարինե Աբրահամյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանի ներկայացրած բողոքը պետք է թողնել առանց քննության ներկայացվող պահանջները պահպանված չլինելու հիմքով»1։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
5. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, իր կողմից ներկայացրած բողոքն առանց քննության թողնելու փոխարեն, քրեադատավարական նորմերի ուժով, այն պետք է վերադարձներ իրեն՝ ընձեռելով հնարավորություն շտկելու թույլ տրված սխալները և կրկին ներկայացնելու բողոքը։
Բողոքաբերի կարծիքով, իր բողոքն առանց քննության թողնելով, Վերաքննիչ դատարանը խուսափել է արդարադատություն իրականացնելուց, քանի որ նույնիսկ այն դեպքում, երբ իր վերաքննիչ բողոքում նշված չէր դատական սխալը, Վերաքննիչ դատարանը պետք է ցույց տալով թերությունը` իրեն հնարավորություն տար շտկելու սխալը:
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հունվարի 15-ի որոշումը և վերանայման արդյունքում կայացնել նոր դատական ակտ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
7. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն այն պատճառաբանությամբ, որ չի պահպանվել բողոքի հիմքը և հիմնավորումը ներկայացնելու վերաքննիչ բողոքին առաջադրվող պահանջը, հանգեցրել է դիմող կողմի՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքների խախտման:
8. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:
9. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով2,
- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը3,
- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն4,
- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա5: Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի6:
10. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով դատարանի մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ «Դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սաhմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները»7:
11. ՀՀ Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ փաստել է. «(...) [Վ]երաքննիչ բողոքում հայտնաբերված թերությունների կամ սխալների նկատմամբ պետք է դրսևորվի տարբերակված մոտեցում, ինչի հետևանքով անհրաժեշտ կլինի նաև սահմանազատել դրանցից հետևող հնարավոր իրավական հետևանքները: Եթե ձևական պահանջների խախտման դեպքում չափազանց խիստ հետևանքներ նախատեսելը կսահմանափակի անձի հիմնական իրավունքի իրացման հնարավորությունը, ապա բովանդակային պահանջների խախտման հանդեպ անհամաչափ մեղմ գնահատականը կարող է այդ իրավունքի չարաշահման նախադրյալներ ստեղծել:
(...)
Այսպիսով, եթե վերաքննիչ բողոք ներկայացրել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է (բացակայում է այն վերականգնելու հիմնավոր որևէ պատճառ), կամ այն բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման և նման այլ այնպիսի հիմքերի առկայությամբ, երբ անձը վերաքննիչ դատարանի գնահատմամբ փաստի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, ապա վերջինիս իրացման արգելքը, ինչը նախատեսված է [ՀՀ քրեական դատավարության] [օ]րենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասում, իրավական պատշաճ գործընթացի արդյունքում կարող է գնահատվել իրավաչափ։ Մինչդեռ, վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական որևէ նախապայմանի խախտման հիմքով, երբ առկա է այն շտկելու իրավական ողջամիտ հնարավորություն, անձին Սահմանադրությամբ երաշխավորված դատական բողոքարկման իր իրավունքի իրացումից զրկելը, սահմանափակելը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման և իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև այդ բնագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպատակներից։ Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ, վեճի առարկա իրավակարգավորմամբ նախատեսված ձևական պահանջների չպահպանման հիմքով սահմանափակելով անձի հիմնական իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, այդ թվում՝ արդարադատության մատչելիության իրավունքը, խախտվել է Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքը։ Սահմանադրության 75-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից այդ իրավակարգավորումը չի համապատասխանում իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման ընթացակարգի չափանիշներին (...)»8։
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի`
(...)
5) բողոքի հիմքերը և պահանջը.
51) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը. (...)»:
13. Մեջբերված նորմի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը Հարություն Հարությունյանի գործով արձանագրել է, որ եթե կոնկրետ դեպքում առկա է վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող` բնույթով ձևական նախապայմանի խախտում, ապա այն շտկելու ողջամիտ հնարավորության առկայության պայմաններում բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով, Վերաքննիչ դատարանը primа facie ոչ իրավաչափորեն սահմանափակում է անձի դատարան դիմելու և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքը9:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 17-ի որոշման դեմ ամբաստանյալի բողոքը թողնվել է առանց քննության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 51-րդ կետերով սահմանված պահանջների խախտմամբ բերված լինելու պատճառաբանությամբ10։
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքը գնահատելով սույն որոշման 8-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ եթե կոնկրետ դեպքում առկա է եղել վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող՝ բնույթով ձևական նախապայմանի խախտում, ապա այն շտկելու ողջամիտ հնարավորության առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելը հիմնավոր համարվել չի կարող։ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող դատավարական պահանջներին տրված նման մեկնաբանությամբ ամբաստանյալի բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով, ոչ իրավաչափորեն սահմանափակել է դատարան դիմելու անձի իրավունքը, որի արդյունքում խախտվել են անձի՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքները:
16. Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն այն պատճառաբանությամբ, որ չի պահպանվել բողոքի հիմքը և հիմնավորումը ներկայացնելու վերաքննիչ բողոքին առաջադրվող պահանջը, հանգեցրել է դիմող կողմի՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքների խախտման:
Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի հունվարի 15-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Դիմող Մարինե Աբրահամյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հունվարի 15-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_____________________
1 Տե՛ս նյութեր հատոր 2-րդ, թերթեր 23-28։
2 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:
3 Տե՛ս նույն տեղում:
4 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:
5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:
6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:
8 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.3-4.5-րդ կետերը:
9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Հարությունյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԱՐԱԴ/0033/15/19 որոշման 16-17-րդ կետերը:
10 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
Նախագահող` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ | |
Ե. Դանիելյան | |
Ա. ՊՈՂՈՍՅԱՆ | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: