Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.05.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵԿԴ/0067/01/08

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

 Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 մասնակցությամբ դատախազ՝

Պ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

2020 թվականի մայիսի 25-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Դավիթ Ղևոնդի Մաթևոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 24-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի՝ հիմնարար խախտման հիմքով և Դավիթ Ղևոնդի Մաթևոսյանի ներկայացուցիչ՝ ՄՇուշանյանի՝ նոր հանգամանքի հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62202508 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2008 թվականի մարտի 2-ի որոշմամբ հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ, թիվ 62202508 քրեական գործը միացվել է 62202608 քրեական գործին:

Նույն օրը Դավիթ Ղևոնդի Մաթևոսյանը ձերբակալվել է:

2008 թվականի մարտի 4-ին ԴՄաթևոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008 թվականի մարտի 4-ի որոշմամբ Դ.Մաթևոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:

2008 թվականի մարտի 27-ին որոշում է կայացվել Դավիթ Ղևոնդի Մաթևոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննության մարմնի՝ 2008 թվականի մարտի 28-ի որոշմամբ թիվ 62202608 քրեական գործից անջատվել են Դավիթ Ղևոնդի Մաթևոսյանի վերաբերյալ գործի նյութերը:

2008 թվականի ապրիլի 8-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի հունիսի 16-ի դատավճռով Դ.Մաթևոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել ազատազրկման՝ 3 (երեք) տարի ժամկետով:

3 Դ.Մաթևոսյանի և պաշտպան ՎԳրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2008 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի հունիսի 16-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

4 Վերոնշյալ որոշման դեմ հավատարմագրված փաստաբանի միջոցով ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի հունվարի 22-ի որոշմամբ վերադարձվել է:

5. ԴՄաթևոսյանի թիվ 61730/08 գանգատի հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով 2019 թվականի հոկտեմբերի 10-ին վճիռ է կայացրել, որով ճանաչել է ԴՄաթևոսյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետով և 11-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման փաստը։

6 2019 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը հիմնարար խախտման հիմքով բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հունվարի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

6.1. 2020 թվականի հունվարի 10-ին ԴՄաթևոսյանի պաշտպան Մ.Շուշանյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը, բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հունվարի 16-ի որոշմամբ հարուցվել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ և բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ։

Դատավարության մյուս մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Նախաքննության մարմնի կողմից Դավիթ Մաթևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա մշտապես մասնակցելով ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա համախոհների կողմից 2008 թվականի փետրվարի 20-ից օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված և անընդմեջ իրականացվող, մայրաքաղաքի կենսագործունեությունը, ճանապարհատրանսպորտային երթևեկությունը, պետական հիմնարկների բնականոն գործունեությունը, ազգաբնակչության հանգիստն ու անդորրը խանգարող զանգվածային հրապարակային միջոցառումներին, երթերին, շուրջօրյա հանրահավաքներին և նստացույցերին` 2008 թվականի մարտի 01-ին` ժամը 07:00-ի սահմաններում, երբ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցները «Ազատության» հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասնակիցներից պահանջել են հնարավորություն ընձեռնել ստուգելու նրանց մոտ զենքի ու ռազմամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը և հերթական անգամ նախազգուշացրել օրենքի խախտմամբ կազմակերպված և իրականացվող միջոցառումը դադարեցնելու մասին, չենթարկվելով իշխանության ներկայացուցիչների` ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ հետախուզական բաժանմունքի աշխատակիցների օրինական պահանջներին, հրելու և քաշքշելու եղանակով վերջիններիս նկատմամբ գործադրել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն` կապված նրանց ծառայողական պարտականությունները կատարելու հետ (…)»1:

7.1. Առաջին ատյանի դատարանում, գործի քննության ընթացքում, ԴՄաթևոսյանը միջնորդել է դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել Արարատ Մահտեսյանին, Հովհաննես Մարությանին, Արմեն Օհանյանին, ինչը դատարանի կողմից մերժվել է2: 

7.2. Առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել է վկաներ` ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Հարություն Քարտաշյանի և Եղիյա Կարախանյանի ցուցմունքները, Դ.Մաթևոսյանի ցուցմունքը, ինչպես նաև անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելու, անձնական զննություն կատարելու, անձի ձերբակալման և առերես հարցաքննությունների մասին կազմված արձանագրություններն ու դիմադրություն ցույց տալու վերաբերյալ Հ.Քարտաշյանի և Ե.Կարախանյանի զեկուցագրերը3։

8 Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, 2008 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ փաստել է. «(...) Վերաքննիչ դատարանն ապացուցված է համարում, որ Դավիթ Մաթևոսյանն իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ոստիկանության աշխատակիցներ Հարություն Քարտաշյանի և Եղիյա Կարախանյանի նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Հետևաբար Դավիթ Մաթևոսյանի արարքին ինչպես նախաքննության մարմնի, այնպես էլ ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրվել է քրեաիրավական ճիշտ գնահատական:

(...) Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի այն պատճառաբանությանը, որ դատավճիռը կայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 86-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի խախտմամբ, դատարանն իր դատավճռի հիմքում չէր կարող դնել սույն գործով դատավարական գործողություններ իրականացրած օպերլիազորներ Հ.Քարտաշյանի և Ե.Կարախանյանի ցուցմունքները, ապա դա հիմնավոր չէ, քանի որ տվյալ դեպքում ոստիկանության աշխատակիցները սույն քրեական գործի հետ կապված որևէ դատավարական լիազորություններ չեն իրականացրել:

Քննարկելով պաշտպանության կողմի միջնորդությունը՝ դեպքին ականատես վկաներ Հովհաննես Մարությանին և Արմեն Օհանյանին հարցաքննելու վերաբերյալ, Վերաքննիչ դատարանը գտավ, որ այն ենթակա չէ բավարարման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով, նկատի ունենալով, որ նշված կողմի բերած հիմնավորումները բավարար չեն հանգելու հետևության, որ ներկայացված միջնորդությունն Առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է անհիմն: Բացի այդ պաշտպանության կողմի պնդումը, թե անհիմն կերպով չեն հարցաքննվել դեպքի օրը Դ.Մաթևոսյանի հետ եղած անձինք՝ Հ.Մարությանը և Ա.Օհանյանը, հիմնավոր չէ, քանի որ գործի նյութերից երևում է, որ նշված անձինք, նախքան ոստիկանության աշխատակիցների Դավիթ Մաթևոսյանին մոտենալը, այլ ոստիկանների կողմից հրավիրվել են պարզաբանումների և հեռացել են նրանց ուղեկցությամբ, այսինքն Հ.Մարությանը և Ա.Օհանյանը կատարված դեպքին ներկա չեն գտնվել:

Այս պայմաններում բողոքի հետևություններն այն մասին, որ մեղադրանքը կառուցվել է միայն մեղադրանքի կողմի վկաներ հանդիսացող անձանց ցուցմունքների հիման վրա և խախտվել են արդար դատաքննության, կողմերի հավասարության և խտրականության արգելման սկզբունքները, հիմնազուրկ է, քանի որ գործի քննության ընթացքում այդպիսի հանգամանքներ չեն հիմնավորվել (...)»4:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքաբեր՝ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 20-րդ կետը, 270-րդ հոդվածի 3-րդ կետը, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` Գևորգ Ճաղարյանի և այլոց վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստել է, որ Դ.Մաթևոսյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպումից չի երևում, թե մեղսագրված արարքն ինչում է արտահայտվել, դրանում նկարագրված չէ, թե ո՞վ կամ ովքե՞ր են իշխանության ներկայացուցիչ հանդիսացել, որի պարագայում անհիմն է խոսել ծառայողական պարտականությունների կատարման մասին:

Բողոք բերած անձը նշել է նաև, որ վերոգրյալի պայմաններում, Առաջին ատյանի դատարանը դատավճռում հաստատված է համարել Դ.Մաթևոսյանի կողմից ոստիկանության աշխատակիցներ Հ.Քարտաշյանի և Ե.Կարախանյանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքները, որոնք ուղղակի բացակայել են մեղադրանքի ձևակերպումից, իսկ վերջիններս սույն քրեական գործով տուժող չեն ճանաչվել, ինչպիսի մոտեցումն ընդունելի է համարվել նաև Վերաքննիչ դատարանի կողմից:

Արդյունքում, բողոքի հեղինակը գտել է, որ Դ.Մաթևոսյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը:

Բողոքաբերը, վկայակոչելով Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով արձանագրված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը, 67-րդ հոդվածը, Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածը՝ նշել է, որ ստորադաս դատարանները խախտել են ամբաստանյալի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով ամրագրված պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը, որը դրսևորվել է նրանում, որ դատաքննության ընթացքում պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան` հրավիրել և որպես վկա հարցաքննել Հովհաննես Մարությանին ու Արմեն Օհանյանին, ովքեր ականատես են եղել նկարագրված իրադարձությանը, ինչն էլ Առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է, իսկ մեղադրական դատավճռի հիմքում դրվել են բացառապես ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները:

9.1 Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել և փոփոխել Դ.Մաթևոսյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի հունիսի 16-ի դատավճիը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 24 որոշումը՝ ճանաչելով և հռչակելով Դավիթ Մաթևոսյանի անմեղությունը մեղսագրված արարքում։

10. Բողոքաբեր` ԴՄաթևոսյանի ներկայացուցիչ Մ.Շուշանյանը փաստել է, որ Եվրոպական դատարանի` Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի վճռով ճանաչվել է ԴՄաթևոսյանի՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 11-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման փաստը, որոնք ուղղակիորեն առնչվում են թե´ փաստերի, և թե´ իրավունքի հարցերի մասին Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքների կոպիտ և էական սխալներին, որպիսիք և հանգեցրել են Դ.Մաթևոսյանի վերոնշյալ իրավունքների խախտումներին:

Բողոքի հեղինակը, վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի, Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի և Ասատրյանն ընդդեմ Հայաստանի գործերով կայացված վճիռները, նշել է, որ գործերի վերաբացումը (վերանայումը) խախտված իրավունքի վերականգնման ամենապատշաճ միջոցն է, եթե իրականացվող վերաբացված (վերսկսված) դատավարությամբ կամ գործի վերաքննությամբ ապահովված լինեն արդար դատաքննության երաշխիքները:

10.1. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է հարուցել նոր հանգամանքի հիմքով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 24-ի որոշման վերանայման վարույթ և բողոքն ընդունել վարույթ, բեկանել վերը նշված որոշումը և ճանաչել ու հռչակել ԴՄաթևոսյանի անմեղությունը՝ հանցադեպի բացակայության հիմքով։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք սույն գործով առկա են Դավիթ Մաթևոսյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բացառիկ վերանայման հիմքեր:

12. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»:

Եվրոպական կոնվենցիային կից թիվ 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (…)»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիային կից թիվ 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համատեքստում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պետական իշխանությունները պետք է հարգեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը և թույլատրեն գործով վարույթի վերսկսում միայն այն դեպքերում, երբ այն կատարելու լեգիտիմ հիմքերը գերազանցում են իրավական որոշակիության սկզբունքը։ Մասնավորապես, այն դատական ակտի վերանայումը, որն օրինական ուժ է ստացել, չպետք է թույլատրվի միայն գործը վերաքննելու և նոր որոշում կայացնելու նպատակով, այլ պետք է հետապնդի դատական սխալները և արդարադատության իրականացման ընթացքում թույլ տրված խախտումները շտկելու նպատակ5:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, «հիմնարար խախտում» հասկացությունը ենթադրում է միայն դատավարական ընթացակարգի լուրջ խախտումը, որն էապես խաթարում է նախորդ դատավարության ամբողջականությունը, կարող է հիմք հանդիսանալ ոչ անձի օգտին գործի վերանայման համար, եթե նա արդարացվել է կամ մեղավոր է ճանաչվել նվազ ծանր հանցագործության համար, քան օրենքով նախատեսվածը, որը ենթակա էր կիրառման։ Հետևաբար, նման դեպքերում, դատախազի կամ վերադաս դատարանի կողմից զուտ գործով ապացույցների պարզ վերագնահատումը չի կարող բավարարել նշված չափանիշին։ Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է իրավիճակներին, երբ անձը մեղավոր է ճանաչվել, և գործի վերանայումը կարող է լինել իր օգտին, Եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության Բացատրական զեկույցի 31-րդ կետում ընգծված է, որ «4-րդ հոդվածը չի խոչընդոտում գործի կրկնակի քննությանը՝ հօգուտ դատապարտված անձի, և դատական ակտի ցանկացած այլ փոփոխությանը` ի շահ դատապարտյալի»: Նման դեպքերում, համապատասխանաբար, խախտման բնույթը նախևառաջ ենթակա է գնահատման` պարզելու համար, թե արդյո՞ք թույլ է տրվել պաշտպանական իրավունքի խախտում, և, ըստ այդմ, արդյո՞ք գործով առկա է եղել խոչընդոտ՝ արդարադատության պատշաճ իրականացման համար։ Վերջապես, թիվ 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի վերանայման հիմքերն ամեն դեպքում, in fine, պետք է լինեն այնպիսին, որ «ազդեն գործի ելքի վրա»՝ կամ հօգուտ անձի, կամ հակառակը6։

12.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «[Ն]ույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:

12.2. Վերը մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Մկրտիչ Սարգսյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշումներ արտահայտել առ այն, որ «(...) [Օ]րինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով։ Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն։

Հարկ է ընդգծել, որ «հիմնարար խախտումը» ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ)։ Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը՝ դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին։ (…)»7:

12.3. «Հիմնարար խախտման» էությանն անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը՝ թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ` ընդգծելով հետևյալը. «(…) [Հիմնարար խախտումը] պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: Քրեական արդարադատությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն, նրա նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, հանցագործությունից տուժած անձի իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելուն, նրան պատճառված վնասը հատուցելուն: Այսինքն` առերևույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական»8:

13. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

(...)

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները (…)»:

13.1. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով 2019 թվականի հոկտեմբերի 10-ին կայացված վճռում9, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- որոշելու համար, թե արդյոք վարույթն ընդհանուր առմամբ արդար է եղել, թե՝ ոչ, պետք է հաշվի առնել, թե արդյոք պահպանվել են պաշտպանության կողմի իրավունքները, և արդյոք դիմումատուին հնարավորություն է տրվել վիճարկելու ապացույցների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ։ Ի լրումն, ապացույցների որակը պետք է քննարկման առարկա հանդիսանա, ներառյալ` արդյոք այդ ապացույցների ձեռքբերման հանգամանքները կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության վերաբերյալ,

- որպես ընդհանուր կանոն՝ դատարաններն են գնահատում իրենց ներկայացված ապացույցները, ինչպես նաև այն ապացույցների վերաբերելիությունը, որոնք վկայակոչում է պաշտպանության կողմը: Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով նրանց թույլատրվում է, կրկին որպես ընդհանուր կանոն, որոշել՝ արդյոք անհրաժեշտ է անձանց որպես վկա կանչելը՝ կոնվենցիոն համակարգում այդ բառին տրված «ինքնուրույն» նշանակությամբ: Ապացույցները ձեռք բերելու համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել կողմերի իրավահավասարության սկզբունքին համապատասխանությանը, որն արդար դատաքննության հիմնարար հայեցակետերից մեկն է, և որով ենթադրվում է, որ դիմումատուին պետք է «տրվի իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու համապատասխան հնարավորություն, որը նրան չի դնի նրա համար էականորեն վատ իրավիճակում` համեմատած մյուս կողմի հետ»,

- չնայած սովորաբար ազգային դատարաններն են որոշում կայացնում վկային կանչելու անհրաժեշտության և նպատակահարմարության վերաբերյալ, հնարավոր է լինեն բացառիկ հանգամանքներ, որոնք կարող են Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ստիպել եզրակացնել, որ դա (վկաներ հրավիրելը) չանելն անհամատեղելի է եղել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ,

- եթե վկաներին հարցաքննելու մասին մեղադրյալի միջնորդությունն ավելորդ բարդություններ չի առաջացնում, բավարար հիմնավորված է, առնչվում է մեղադրանքի առարկային և հնարավոր է, որ ամրապնդի պաշտպանական կողմի դիրքերը կամ նույնիսկ հանգեցնի արդարացման դատավճռի, ապա ներպետական իշխանություններն այդ միջնորդությունը մերժելու համար պետք է ներկայացնեն համապատասխան հիմնավորումներ10,

- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննել է մի շարք գործեր, որոնց դեպքում հրապարակային միջոցառման ժամանակ անհատին իր պահվածքի պատճառով քրեական հետապնդման են ենթարկել և դատապարտել՝ հիմնվելով բացառապես այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այդ վարույթներում դատարանները պատրաստակամորեն և անվերապահորեն ընդունել են ոստիկանության ծառայողների ցուցմունքները և դիմումատուին որևէ հնարավորություն չեն տվել հակառակ ապացույցներ ներկայացնելու։ Այն վճռել է, որ այս մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաներն այն ոստիկանության ծառայողներն են եղել, որոնք ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում, դատարանները պետք է պարտադիր օգտագործեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու նրանց մեղադրական ցուցմունքները11:

13.2. Վերոգրյալ դրույթները կիրառելով քննարկվող գործի փաստական տվյալների նկատմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է. «(…) Ըստ երևույթին, դիմումատուի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթն իրականացվել է նույն կերպ։ Դիմումատուի նկատմամբ հարուցված քրեական գործը, որին, ինչպես [Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի] գործով դիմումատուին, մեղադրանք էր առաջադրվել Ազատության հրապարակում իր կողմից ենթադրաբար կատարված որոշ արարքների համար, ամբողջովին կառուցված էր ոստիկանության՝ վիճարկվող դեպքերին ակտիվորեն ներգրավված ծառայողների վկայությունների վրա, որոնց ցուցմունքները, ավելին, կարծես թե պարունակել են անհամապատասխանություններ, այդ թվում՝ դիմումատուի ձերբակալման վայրի վերաբերյալ: Դիմումատուի՝ վկաներ կանչելու վերաբերյալ միջնորդությունը, որը բավարար կերպով հիմնավորված էր և ուղղակիորեն վերաբերում էր իրեն ներկայացված մեղադրանքներին, դատաքննությունն իրականացնող դատարանի կողմից մերժվել էր շատ հակիրճ և ոչ համոզիչ պատճառաբանությամբ (…): Թեև վերաքննիչ դատարանը նույնաբովանդակ միջնորդությունը մերժելու իր եզրահանգումը պատճառաբանել է նրանով, որ այն անձինք, որոնց դիմումատուն ցանկանում էր կանչել, վկա չէին գտնվել նրա ձերբակալմանը. այն հիմնված էր ոստիկանության հենց այն ծառայողների ցուցմունքի վրա, որոնց ցուցմունքները դիմումատուն փորձում էր վիճարկել տվյալ վկաներին կանչելու միջոցով (…): Հետևաբար Դատարանը համարում է, որ ներպետական դատարանները մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, որոնք, ավելին, հիմնված են եղել հակասական ապացույցների վրա, չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու ոստիկանության այն ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք քրեական հետապնդման համար միակ վկաներն են եղել և ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում։ Կարելի է ասել, որ դեպքերի վերաբերյալ ոստիկանության [ծառայողների] կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելը մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցրել են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին (…)։

(…) Ինչ վերաբերում է դիմումատուի կողմից 2008 թվականի մարտի 27-ի իր հարցաքննության ժամանակ մեղքն ընդունելուն, ապա Դատարանը նշում է, որ դիմումատուն ավելի ուշ՝ դատական վարույթի ընթացքում, հրաժարվել է այդ ցուցմունքից և իրեն անմեղ է ճանաչել: Դատարանը չի կարող ենթադրություններ անել այն պատճառների վերաբերյալ, թե ինչու է դիմումատուն ընդունել այն և ավելի ուշ հրաժարվել դրանից, սակայն նշում է, որ նա, անկասկած, պետք է շարունակեր օգտվել 6-րդ հոդվածի երաշխիքներից և ունենար իր գործը պաշտպանելու և անհրաժեշտության դեպքում, ինչպես տվյալ գործով, իր դեմ ներկայացված ապացույցներն արդյունավետորեն վիճարկելու հնարավորություն՝ վկաներ կանչելու միջոցով:

(…) Վերոնշյալի հիման վրա Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթն ընդհանուր առմամբ իրականացվել է նրա՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ (…)»12։

13.3. Բացի այդ, Եվրոպական դատարանը վերոնշյալ վճռով ճանաչել է նաև Դ.Մաթևոսյանի` Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի խախտման փաստը` արձանագրելով հետևյալը. «(…) Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածով պաշտպանվում է միայն «խաղաղ հավաքների» իրավունքը՝ հասկացություն, որը չի ներառում այն ցույցերը, որոնց կազմակերպիչները և մասնակիցներն ունեն բռնի մտադրություններ: Հետևաբար 11-րդ հոդվածի երաշխիքները կիրառվում են բոլոր հավաքների նկատմամբ՝ բացի այն հավաքներից, որոնց կազմակերպիչներն ու մասնակիցներն ունեն այդպիսի մտադրություններ, հրահրում են բռնություն կամ այլ կերպ մերժում են ժողովրդավարական հասարակության հիմնասյուները (

(…) Ինչ վերաբերում է Կառավարության այն պնդմանը, որ դիմումատուի դատապարտումը կապված չի եղել 11-րդ հոդվածով սահմանված նրա իրավունքների հետ, Դատարանը նշում է, որ թեև դիմումատուի դեմ ոստիկանության ծառայողների ցուցմունքները, անշուշտ, վերաբերում էին հիմնականում դիմումատուի ձերբակալման հանգամանքներին, այդ թվում՝ ենթադրյալ դիմադրությանը, որը նա ցույց էր տվել ձերբակալման ընթացքում (…), դիմումատուին ներկայացված փաստացի մեղադրանքները և նրա հետագա դատապարտումը վերաբերել են նրա վարքագծին և արարքներին, որոնք նա ենթադրաբար կատարել էր Ազատության հրապարակում անցկացվող հավաքի ընթացքում, երբ իրականացրել է 11-րդ հոդվածով սահմանված իր իրավունքները, ինչպիսիք են հավաքը ցրելու ընթացքում անհնազանդություն հրահրելը և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելը (…):

(…) Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման և դատապարտման հետևանքով տեղի է ունեցել միջամտություն խաղաղ հավաքների ազատության նրա իրավունքին (…)»13։

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Դ.Մաթևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մշտապես մասնակցելով ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա համախոհների կողմից 2008 թվականի փետրվարի 20-ից օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված և անընդմեջ իրականացվող, մայրաքաղաքի կենսագործունեությունը, ճանապարհատրանսպորտային երթևեկությունը, պետական հիմնարկների բնականոն գործունեությունը, ազգաբնակչության հանգիստն ու անդորրը խանգարող զանգվածային հրապարակային միջոցառումներին, երթերին, շուրջօրյա հանրահավաքներին և նստացույցերին` 2008 թվականի մարտի 01-ին` ժամը 07:00-ի սահմաններում, երբ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցները «Ազատության» հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասնակիցներից պահանջել են հնարավորություն ընձեռնել ստուգելու նրանց մոտ զենքի ու ռազմամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը և հերթական անգամ նախազգուշացրել օրենքի խախտմամբ կազմակերպված և իրականացվող միջոցառումը դադարեցնելու մասին, չենթարկվելով իշխանության ներկայացուցիչների` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ հետախուզական բաժանմունքի աշխատակիցների օրինական պահանջներին, հրելու և քաշքշելու եղանակով վերջիններիս նկատմամբ գործադրել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն` կապված նրանց ծառայողական պարտականությունները կատարելու հետ14,

- Առաջին ատյանի դատարանում, գործի քննության ընթացքում, Դ.Մաթևոսյանը միջնորդել է դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել Արարատ Մահտեսյանին, Հովհաննես Մարությանին, Արմեն Օհանյանին, ինչը դատարանի կողմից մերժվել է15,

- Առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել է վկաներ` ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ ՀՔարտաշյանի և ԵԿարախանյանի ցուցմունքները, Դ.Մաթևոսյանի ցուցմունքը, ինչպես նաև անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելու, անձնական զննություն կատարելու, անձի ձերբակալման և առերես հարցաքննությունների մասին կազմված արձանագրություններն ու դիմադրություն ցույց տալու վերաբերյալ վերը նշված ոստիկանության աշխատակիցների զեկուցագրերը16,

- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, դատական ակտում նշել է, որ ապացուցված է համարում, որ Դ.Մաթևոսյանն իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ոստիկանության աշխատակիցներ Հ.Քարտաշյանի և Ե.Կարախանյանի նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ17:

15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների, Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, ինչպես նաև հաշվի առնելով այդ դիրքորոշումների համատեքստում արդար դատաքննության իրավունքի ներկայիս զարգացումը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Դ.Մաթևոսյանի մեղադրանքը հիմնավորելիս, առավելապես հիմնվելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա` չեն ապահովել Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մատնանշված՝ արդար դատաքննության իրավունքի երաշխիքները։ Դատարանները Դ.Մաթևոսյանի մեղքը հիմնավորող ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր հատկացնելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին՝ պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում, ինչը ողջամտորեն կասկածի տակ է դնում նրանց ցուցմունքների վստահելիությունն ու արժանահավատությունը։ Մասնավորապես, սույն գործով վճռորոշ ապացույցները, որոնցով ուղղակիորեն հիմնավորվել է Դ.Մաթևոսյանի մասնակցությունը նրան վերագրված արարքի կատարմանը, վիճարկվող իրադարձությունների անմիջական մասնակից` ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ ՀՔարտաշյանի և ԵԿարախանյանի ցուցմունքներն են:

Նման պայմաններում, ստորադաս դատարանները չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու այն ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք ակտիվ դեր են ունեցել Դ.Մաթևոսյանին մեղսագրվող արարքի կատարման ժամանակահատվածում: Ավելին, ինչպես նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում, պաշտպանական կողմին հնարավորություն չի ընձեռվել արդյունավետորեն վիճարկելու ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ։ Այսինքն՝ բողոքաբերների փաստարկներն այն մասին, որ պաշտպանական կողմին հնարավորություն չի ընձեռվել արդյունավետորեն վիճարկելու ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ, ընդունելի են Վճռաբեկ դատարանի համար, քանի որ պաշտպանական կողմին հնարավորություն չի տրվել դատարան հրավիրելու մի շարք վկաների և ապացուցողական զանգվածում ներառելու նրանց ցուցմունքները, որոնք կասկածի տակ էին դնում ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված տվյալներն ու հիմնավորում դեպքի հանգամանքների վերաբերյալ պաշտպանության կողմի առաջ քաշված վարկածը։ Այլ կերպ, ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված տվյալներն անվերապահորեն ընդունելը՝ առանց պաշտպանական կողմին լիարժեք հնարավորություն ընձեռելու մրցակցային դատավարության պայմաններում արդյունավետորեն վիճարկելու իր դեմ տրված ցուցմունքների արժանահավատությունը, հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման18:

Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանիգործով վճիռը նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի հունվարի 22-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար։

16. Միևնույն ժամանակ, հիմնարար խախտման հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքի սահմաններում, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել այն փաստարկը, թե արդյո՞ք սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

161 ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի`

1) ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրավունք.

(…)

3) իր պաշտպանությունը նախապատրաստելու և իր ընտրած փաստաբանի հետ հաղորդակցվելու համար բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու իրավունք (…)»:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

(...)

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

ա. իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին,

բ. բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար (…)»:

162 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի դրույթն ընդգծում է առաջադրվող «մեղադրանքի» մասին մեղադրյալին ծանուցելուն հատուկ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Հանցագործության վերաբերյալ մանրամասն տվյալները կարևոր դեր են խաղում քրեական դատավարությունում այն իմաստով, որ դրանց հայտարարման պահից է անձը համարվում պաշտոնապես ծանուցված նրա դեմ առաջ քաշված մեղադրանքի փաստական և իրավական հիմքերի մասին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ մեղադրանքի բնույթի և առիթների մասին տեղեկացված լինելու իրավունքը պետք է դիտել պաշտպանության նախապատրաստության իրավունքի լույսի ներքո19։

163 Վճռաբեկ դատարանը Գևորգ Ճաղարյանի և մյուսների գործով որոշման մեջ մեղադրանքի ձևակերպումը դիտարկելով որպես արդար դատաքննության հիմնարար իրավունքի ապահովման միջոց` իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «() [Դ]րանում, բացի հանցավորի մասին տվյալներից, հանցագործության տեղից, ժամանակից և եղանակից, մանրամասնորեն և հստակ պետք է նշվեն արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը` հանցագործության դեպքի և դրա հետ կապված հանգամանքների մանրակրկիտ նկարագրությունը: Արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացման առումով անընդունելի է, երբ իրավասու պաշտոնատար անձը համապատասխան դատավարական փաստաթղթերում մեղադրանքը ձևակերպելիս սահմանափակվի միայն քրեական օրենքով արգելված արարքի ընդհանրական նկարագրությամբ: ()

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պահանջների պահպանմամբ մեղադրանքը ձևակերպելու դեպքում միայն առաջադրված մեղադրանքը հնարավորություն կտա մեղադրյալին պատշաճ կերպով իրականացնել իր պաշտպանության իրավունքը, ինչպես նաև կապահովվի կողմերի դատավարական իրավահավասարությունը` սեփական դիրքորոշումը հիմնավորելու և մյուս կողմի փաստարկները հերքելու համար: Նշված սկզբունքներից ցանկացած շեղում կհանգեցնի արդար դատաքննության հիմնարար արժեքի առարկայազրկման»20:

17 Սույն գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ԴՄաթևոսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը չի համապատասխանում «մեղադրանքի» վերաբերյալ միջազգային և ներպետական պահանջներին ու Վճռաբեկ դատարանի կողմից Գ.Ճաղարյանի և մյուսների գործով որոշմամբ սահմանված չափանիշներին։ Մասնավորապես, մեղադրանքի ձևակերպումը պարունակում է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի դիսպոզիցիայի նկարագրությունը: Մեղադրանքի մեջ նշված չեն այնպիսի փաստական տվյալներ, որոնք հնարավորություն կընձեռեին հիմնավորված կերպով եզրահանգելու, որ ԴՄաթևոսյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասին, այն է՝ մեղադրանքի բովանդակությունից հնարավոր չէ պատկերացում կազմել, թե ու՞մ նկատմամբ է գործադրվել բռնություն21, ինչը նաև հնարավորություն չի տալիս պարզելու թե արդյո՞ք այն անձինք, ում նկատմամբ ենթադրաբար բռնություն է գործադրվել, հանդիսացել են իշխանության ներկայացուցիչներ և կատարել են ծառայողական պարտականություններ, ավելին՝ չի պարզվել թե ու՞մ և ինչպիսի՞ վնաս է պատճառվել, ու ինչպե՞ս է որոշվել, որ ԴՄաթևոսյանի կողմից գործադրվել է հենց կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, ԴՄաթևոսյանին առաջադրված մեղադրանքում մանրամասնորեն և հստակ չեն նշվել արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստական տվյալները` հանցագործության դեպքի և դրա հետ կապված հանգամանքների մանրակրկիտ նկարագրությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ մեղադրանքի այդպիսի անորոշ ձևակերպման պայմաններում, խախտվել է քրեական օրենքով արգելված արարքի կատարման մեջ մեղադրվող անձի իրավունքը՝ տեղեկանալու իր դեմ առաջադրված մեղադրանքի փաստական հիմքի մասին, որպիսի պայմաններում չի ապահովվել նաև անձի պաշտպանության իրավունքի իրացումը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է արդար դատաքննության իրավունքի հիմնարար խախտման:

18 Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Նշվածը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանելու ստորադաս դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, ճանաչելու և հռչակելու Դ.Մաթևոսյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում և քրեական գործի վարույթը կարճելու` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

19. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի և Դավիթ Ղևոնդի Մաթևոսյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Մ.Շուշանյանի վճռաբեկ բողոքները բավարարել: Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի հունվարի 22-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Դավիթ Ղևոնդի Մաթևոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008 թվականի հունիսի 16-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 24-ի որոշումը բեկանել:

3. Դավիթ Ղևոնդի Մաթևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել, քրեական գործի վարույթը կարճել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում՝ հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

___________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 169-173:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 62-66:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 104-108։

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 190-195։

5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bratyakin v. Russia գործով 2006 թվականի մարտի 9-ի որոշումը, գանգատ թիվ 72776/01։

6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mihalache v. Romania գործով 2019 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 54012/10, կետ 133։

7 Տե՛ս Մկրտիչ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-20-րդ կետերը։

8 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.3-րդ կետը։

9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 10-ի Matevosyan v. Armenia գործով վճիռը, գանգատ թիվ 61730/08:

10 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mushegh Saghatelyan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08, 202-204-րդ կետեր, Murtazaliyeva v. Russia գործով 2018 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 36658/05, 139-159-րդ կետեր։

11 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kasparov and Others v. Russia գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 64-րդ կետ, Navalnyy and Yashin v. Russia գործով 2014 թվական դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 76204/11, 83-րդ կետ, Frumkin v. Russia գործով 2016 թվականի հունվարի 5-ի վճիռը, գանգատ թիվ 74568/12, 165-րդ կետ։

12 Տե՛ս Matevosyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 61730/08, կետեր 41-43:

13 Տե'ս Matevosyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 61730/08, կետեր 50, 52, 54:

14 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

15 Տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը:

16 Տե՛ս սույն որոշման 7.2-րդ կետը:

17 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

18 Տե՛ս Matevosyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 61730/08, 41-րդ կետ, mutatis mutandis, Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08:

19 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Seliverstov v. Russia գործով 2008 թվականի սեպտեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 19692/02, կետեր 16-17:

20 Տե՛ս Գևորգ Ճաղարյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵՇԴ/0002/01/11 որոշման 21-րդ կետը։

21 Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալՎահան Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԱՐԴ/0038/01/13 որոշման 14-15-րդ կետերը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: