Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.16-2020.11.29 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
23.10.2020
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՎԴ/0063/01/17

ԱՎԴ/0063/01/17

Նախագահող դատավոր՝ Ն. Հովակիմյան

Դատավորներ՝

Ա. Ազարյան

Մ. Արղամանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

2020 թվականի հոկտեմբերի 23-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 26-ի որոշման դեմ ամբաստանյալ Արա Սարգսի Տեր-Պողոսյանի պաշտպան Գ.Ասատրյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում Նիկոլայ Վարդանյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 44167616 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հունվարի 31-ի որոշմամբ թիվ 44167616 քրեական գործով վարույթը կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը պարզված չլինելու հիմքով:

2017 թվականի փետրվարի 14-ին ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում Գայանե Մելքոնյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 44153317 քրեական գործը:

2017 թվականի մարտի 1-ին Արա Տեր-Պողոսյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի 2017 թվականի մարտի 2-ի որոշմամբ թիվ 44167616 քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է:

2017 թվականի մարտի 3-ին Արա Տեր-Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով ու ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի մարտի 3-ի որոշմամբ Արա Տեր-Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ մեղադրյալ Արա Տեր-Պողոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել ու փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել 1 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով, 2 դրվագ՝ 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով, 6 դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 1 դրվագ՝ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 333-րդ հոդվածի 1-ին մասով։

2017 թվականի օգոստոսի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2019 թվականի փետրվարի 13-ի դատավճռով Արա Տեր-Պողոսյանը մեղավոր է ճանաչվել 1 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով, 2 դրվագ՝ 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով, 6 դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 1 դրվագ՝ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 333-րդ հոդվածի 1-ին մասով։ Նշված դատավճռով Արա Տեր-Պողոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով պատիժ է նշանակվել՝ ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով 2 դրվագներից յուրաքանչյուրով՝ ազատազրկում 4 (չորս) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով 6 դրվագներից յուրաքանչյուրով՝ ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով, 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով, 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ա.Տեր-Պողոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Պատժի սկիզբը հաշվվել է 2017 թվականի մարտի 1-ից: Ամբաստանյալ Ա.Տեր-Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Վճռվել է նաև Արա Տեր-Պողոսյանից հօգուտ տուժող Նիկոլայ Վարդանյանի բռնագանձել 127.100 (հարյուր քսանյոթ հազար հարյուր) ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

3. Պաշտպան Գ․Ասատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի հունիսի 26-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը բեկանել և փոփոխել է՝ Ա.Տեր-Պողոսյանը՝ 1 դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 1 դրվագ՝ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 2 դրվագ՝ 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ և արդարացվել է։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով` 1 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով, 5 դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 333-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ա.Տեր-Պողոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Առաջին ատյանի դատարանի դատական ակտը մնացած մասով թողնվել է անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Ա.Տեր-Պողոսյանի պաշտպան Գ.Ասատրյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2020 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մյուս մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի փետրվարի 13-ի դատավճռով հաստատված է համարել, որ «2016 թվականի նոյեմբեր ամսին՝ քննությամբ չպարզված օրը, Արա Սարգիսի Տեր-Պողոսյանն ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, գիշերը գողություն կատարելու նպատակով գնացել է Արարատի մարզի Նոր-Կյուրին գյուղի ամառանոցների 21-րդ փողոցի 212-րդ հասցեում գտնվող՝ Նիկոլայ Վարդանյանին պատկանող տան մոտ և մուտքի դռան կախովի կողպեքը պահող դռան և դռան տուփի մեջ մտած երկաթե օղերը քաշելու և հանելու միջոցով բացել է այն ու ապօրինի մուտք գործելով բնակարան՝ գողացել է ընդհանուր զգալի չափերով՝ 127.100 ՀՀ դրամ արժեքով գույք, այն է՝ 5500 ՀՀ դրամ արժեքով մեկ հատ ալյումինե ձեռքի մսաղաց, յուրաքանչյուրը 3000 ՀՀ դրամ արժեքով երկու հատ ալյումինե ձեռքի սրճաղաց, 700 ՀՀ դրամ արժեքով 1 հատ էլեկտրական ջրատաքացուցիչ, յուրաքանչյուրը 4500 ՀՀ դրամ արժեքով 2 հատ էլեկտրական սափրիչ, 1000 ՀՀ դրամ արժեքով 1 հատ դռան կախովի կողպեք, 72.000 ՀՀ դրամ արժեքով մեկ հատ փայտե արկղ, յուրաքանչյուրը 1000 ՀՀ դրամ արժեքով 3 հատ սպիրտի աստիճանը չափելու սարք, 500 դրամ արժեքով գինու աստիճանը չափելու սարք, 2000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 150 մետր երկարությամբ պարան, 3000 դրամ արժեքով երկարացման լար, 3600 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ներժից դանակներ և գդալներ, 4000 ՀՀ դրամ արժեքով բաճկոն արհեստական կաշվից, 1000 ՀՀ դրամ արժեքով վերնաշապիկ, 300 դրամ արժեքով էլեկտրոստուգիչ սարք, 500 ՀՀ դրամ արժեքով կոշկակարի դանակ, 1500 ՀՀ դրամ արժեքով մուրճ, 500 ՀՀ դրամ արժեքով կոշկակարի բիզ, 5500 ՀՀ դրամ արժեքով դիսկ, 500 ՀՀ դրամ արժեքով սպիրալ, 1000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 300 գրամ մեխ, յուրաքանչյուրը 500 ՀՀ դրամ արժեքով 2 հատ լապտեր և 5000 ՀՀ դրամ արժեքով ձեռքի լապտեր: 2016 թվականի դեկտեմբերի 13-ին կատարվածի մասին Նիկոլայ Վարդանյանը հաղորդում է տվել ոստիկանության Մասիսի բաժին, ինչի հիման վրա էլ որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին:

2017 թվականի հունվար ամսվա վերջերին՝ քննությամբ չպարզված օրը, Արա Տեր-Պողոսյանն ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու միասնական հանցավոր մտադրությամբ, ժամը 02:30-ի սահմաններում գնացել է Արարատի մարզի Նոր-Կյուրին գյուղի ամառանոցների 21-րդ փողոցի Կալիպսե Գեդևոնի Մելքոնյանին պատկանող 168-րդ հասցեում գտնվող տան առաջին հարկում գտնվող, առանձին մուտքերով պահեստարան հանդիսացող երկու նկուղների մոտ, ապօրինի մուտք գործելով հաջորդաբար պահեստարան հանդիսացող երկու նկուղներ, այնտեղից գողացել է ընդհանուր զգալի չափերով՝ 181.000 ՀՀ դրամ արժեքով գույք, այն է՝ նկուղներից մեկի մուտքի դռան փականը կոտրելու միջոցով բացել է այն ու այնտեղից գողացել 100.000 ՀՀ դրամ արժեքով ալյումինե օղի թորելու սարքը, 20.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով չորս հատ ալյումինե թիթեղներ, 6000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով երկու կահույքի շիթեր, իսկ մյուս նկուղի դռան փականի վրա ամրացված շղթայի օղակներից մեկը կոտրելով՝ բացել է դուռը և այնտեղից գողացել 35.000 ՀՀ դրամ արժեքով էլեկտրական մսաղաց, 7000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 50 մետր երկարությամբ պղնձե մալուխ, 10.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 2 հատ ձեռքի ալյումինե մսաղաց և 3000 ՀՀ դրամ արժեքով մեկ հատ ալյումինե սուրճի աղաց: Գողոնը պահել է Արարատի մարզի Նոր-Կյուրին գյուղի 21-րդ փողոցի 204-րդ հասցեում գտնվող չբնակեցված ամառանոցի դարպասի հետնամասում, որտեղից քննչական փորձարարության ժամանակ հայտնաբերվել և վերցվել է 2 հատ 20 լիտրանոց տարա: Դրանից հետո ժամը 09:30-ի սահմաններում քննությամբ չպարզված մեքենայով օղի թորելու սարքի կաթսան տարել է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցի վերջնամասում 4-րդ փողոցի 52-րդ հասցեում գտնվող մթերային խանութին կից մետաղի ընդունման կետ հանդիսացող վագոն-տնակ և հանձնել է գործով վկա Ռազմիկ Աղախանյանին՝ ոչինչ չասելով դրա գողացված լինելու մասին: Դրանից մի քանի օր անց տարել և նույն տեղում հանձնել է նաև օղի թորելու սարքի խողովակը:
2017 թվականի փետրվարի 04-ին դեպքի վերաբերյալ Կալիպսե Մելքոնյանը հաղորդում է տվել ոստիկանության Մասիսի բաժնում և նրա հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ:

2017 թվականի մարտի 01-ին, երբ գողություններ կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին բերման է ենթարկվել Արարատի մարզի Նոր-Կյուրին գյուղի բնակիչ Արա Սարգսի Տեր-Պողոսյանը, վերջինս խոստովանական ցուցմունքներ է տվել այն մասին, որ Արարատի մարզի Նոր Կյուրին համայնքից կատարել է 8 դրվագ գողություններ, որոնց թվում նաև վերը նշված ու ոստիկանության Մասիսի բաժնում Նիկոլայ Վարդանյանի և Կալիպսե Մելքոնյանի կողմից գողություն կատարելու վերաբերյալ գրանցված հաղորդումներում նշված հասցեներում: Մնացած 6 դրվագ գողությունների վերաբերյալ ոստիկանության Մասիսի բաժնում հայտարարություններ չեն եղել և դրանք բացահայտվել են միայն Արա Տեր-Պողոսյանի տված ինքնախոստովանական ցուցմունքներում, այսպես.
2016 թվականի հուլիս ամսի սկզբներին՝ ցերեկը, քննությամբ չպարզված ժամին, Արա Սարգիսի Տեր-Պողոսյանը Արարատի մարզի Նոր-Կյուրին գյուղի 29-րդ փողոցի 7-րդ հասցեի կիսաբաց դարպասից, ապօրինի մուտք գործելով շինություն հանդիսացող Հովհաննես Լևոնի Սարգսյանի ամառանոցի տարածք, այնտեղից գողացել է 50.000 ՀՀ դրամ արժողությամբ հեծանիվ: Որոշ ժամանակ անց, Հովհաննես Սարգսյանը նկատելով, որ իր ամառանոցից գողացված հեծանիվը վարում է Արա Տեր-Պողոսյանը, պահանջել է վերադարձնել այն, որից հետո Արա Տեր-Պողոսյանը վերադարձրել է հեծանիվը:

Բացի այդ, 2017 թվականի հունվար ամսին, գիշերը՝ քննությամբ չպարզված օրը և ժամին, Արա Տեր-Պողոսյանը Կարեն Վաղինի Կիրակոսյանի բնակարանից գույքը գաղտնի հափշտակելու միասնական հանցավոր մտադրությամբ, ապօրինի մուտք գործելով Արարատի մարզի Նոր-Կյուրին գյուղի 21-րդ փողոցի նրան պատկանող 188-րդ հասցեում գտնվող բնակարան՝ սակայն արժեքավոր գույք չհայտնաբերելով դուրս է եկել, որից հետո առաջին հարկում գտնվող նկուղի դռան կողպեքը երկաթե կտորով կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել նկուղ և այնտեղից ևս արժեքավոր գույք չհայտնաբերելով դուրս է եկել նկուղից՝ իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելով, հեռացել է:
Բացի այդ, 2017 թվականի հունվար ամսին, գիշերը՝ քննությամբ չպարզված օրը, Արա Տեր-Պողոսյանը դռան կողպեքը երկաթե կտորով կոտրելու միջոցով, ապօրինի մուտք գործելով Աշոտ Ժորայի Կիրակոսյանին պատկանող Արարատի մարզի Նոր-Կյուրին գյուղի 21-րդ փողոցի 186-րդ հասցեում գտնվող պահեստարան հանդիսացող ամառանոցի նկուղ, այնտեղից գողացել է ընդհանուր զգալի չափերով՝ 16.000 դրամ արժեքով 4 հատ 20 լիտր տարողության ապակյա տարաներ:

Բացի այդ, 2017 թվականի հունվար ամսին, գիշերը՝ քննությամբ չպարզված օրը և ժամին, Արա Տեր-Պողոսյանն ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ դռան կողպեքը երկաթե կտորով կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել Արարատի մարզի Նոր-Կյուրին գյուղի 21-րդ փողոցի Սուրեն Հմայակի Մելքոնյանին պատկանող 172-րդ հասցեում գտնվող պահեստարան հանդիսացող ամառանոցի նկուղ, արժեքավոր գույք չհայտնաբերելով դուրս է եկել այնտեղից՝ իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելով, հեռացել է:

Բացի այդ, 2017 թվականի փետրվար ամսի սկզբներին, գիշերը՝ քննությամբ չպարզված օրը, Արա Տեր-Պողոսյանն ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ Արարատի մարզի Նոր-Կյուրին գյուղի 21-րդ փողոցի Խանբեկ Անդրանիկի Հակոբյանին պատկանող 121-րդ հասցեում գտնվող ամառանոցի բակի դռան կողպեքը երկաթե կտորով կոտրելով, բակում գտնվող նկուղի պատուհանի ճաղավանդակը ձեռքով քաշելով և պոկելով, ապա պատուհանի ապակին հանելով՝ ապօրինի մուտք է գործել պահեստարան հանդիսացող նկուղ և գողացել ընդհանուր զգալի չափերով՝ 32.000 ՀՀ դրամ արժողությամբ 8 հատ 20 լիտր տարողության ապակյա տարաներ:

Բացի այդ, 2017 թվականի փետրվար ամսվա կեսերին, գիշերը՝ քննությամբ չպարզված օրը, Արա Տեր-Պողոսյանը, դռան կողպեքը երկաթե կտորով կոտրելու միջոցով, ապօրինի մուտք գործելով Արարատի մարզի Նոր-Կյուրին գյուղի 21-րդ փողոցի Դավիթ Մկրտիչի Դավթյանին պատկանող 216-րդ հասցեում գտնվող պահեստարան հանդիսացող ամառանոցի նկուղ, այնտեղից գողացել է ընդհանուր զգալի չափերով՝ 93.000 ՀՀ դրամ արժողությամբ գույք՝ 55.000 դրամ արժեքով օղի թորելու կաթսա և այն ծածկող կափարիչ, 1 հատ 22.000 դրամ արժեքով «Արաքս» տեսակի БЦ-11-18У1,1 մոդելի ջրի պոմպ և յուրաքանչյուրը 4000 դրամ արժեքով 4 հատ 20 լիտր տարողության ապակյա տարաներ: Նշված ապրանքները տարել է Արարատի մարզի Նոր-Կյուրին գյուղի 21-րդ փողոցի 204-րդ հասցեում գտնվող չբնակեցված ամառանոց և պահել է դարպասի հետնամասում: Նշված վայրից հայտնաբերվել է 2 հատ 20 լիտր տարողության 2 հատ ապակյա տարա: Դրանից հետո, քննությամբ չպարզված մեքենայով տեղափոխել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցի 157-րդ հասցեում գտնվող մետաղի ընդունման կետ, որտեղ ամբողջը 10.000 ՀՀ դրամով վաճառել է երկաթի ընդունման կետի տիրոջ՝ Գրիգոր Մարգարի Մարգարյանի ընկերոջը՝ Սամվել Սերյոժայի Ավետիսյանին:

2017 թվականի մարտի 02-ին, կասկածյալ Արա Սարգիսի Տեր-Պողոսյանի մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ժամանակ վերջինս բացի վերը նշված դեպքերը մատնացույց է արել ևս երկու հասցե և հայտարարել է, որ այդ հասցեներից նույնպես գողություն է կատարել, այսպես՝
2017 թվականի հունվար ամսին, գիշերը՝ քննությամբ չպարզված օրը Արա Տեր-Պողոսյանը, Արարատի մարզի Նոր-Կյուրին գյուղի 21-րդ փողոցի 198-րդ հասցեի առաջին հարկում գտնվող նկուղի դռան կողպեքը ձեռքով քաշելով և բացելով, ապօրինի մուտք գործելով պահեստարան հանդիսացող Նիկոլայ Յուրայի Մոսինյանին պատկանող ամառանոցի նկուղ, այնտեղից գողացել է ընդհանուր զգալի չափերով՝ 9000 ՀՀ դրամ արժողությամբ գույք՝ 1000 դրամ արժեքով 1 հատ ալյումինե արկղ և յուրաքանչյուրը 4000 դրամ արժեքով 2 հատ 20 լիտր տարողության ապակյա տարաներ:

Բացի այդ, 2017 թվականի փետրվարի 11-ին, գիշերը՝ քննությամբ չպարզված օրը և ժամին, Արա Տեր-Պողոսյանը Հրաչյա Օնիկի Մանուկյանի բնակարանից գույքը գաղտնի հափշտակելու միասնական հանցավոր մտադրությամբ ապօրինի մուտք գործելով Արարատի մարզի Նոր-Կյուրին գյուղի 29-րդ փողոցի 6-րդ փակուղու նրան պատկանող 5-րդ հասցեում գտնվող բնակարանի բակ, առաջին հարկում գտնվող նկուղի դռան կողպեքը կոտրելով ապօրինի մուտք է գործել ներս, արժեքավոր գույք չհայտնաբերելով դուրս է եկել, այնուհետև բարձրանալով երկրորդ հարկում գտնվող բնակարան, մուտքի դռան կախովի կողպեքը երկաթե կտորով կոտրելով՝ ապօրինի մուտք է գործել բնակարան և կրկին արժեքավոր գույք չհայտնաբերելով դուրս է եկել այնտեղից՝ իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասնելով հեռացել է:

2017 թվականի ապրիլին ՀՀ ԱՆ Արմավիր ՔԿՀ-ի կալանավոր Արա Սարգիսի Տեր-Պողոսյանը Էջմիածնում հաղորդում տալով կատարել է երկու դրվագ սուտ մատնություն, այսպես՝ Արա Տեր-Պողոսյանն իր կողմից կատարված հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկվելուց խուսափելու նպատակով և նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, չի համապատասխանում իրականությանը` որով ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի օպեր գծով տեղակալ Արթուր Զաքարյանին հանիրավի մեղադրել է ծանր հանցագործության կատարման մեջ, այն է՝ իրեն խոշտանգելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանր հանցագործություն կատարելու մեջ՝ բաժնի աշխատասենյակներից մեկում իրեն մոտենալով, մազերից բռնելով և արմունկով մեջքին հարվածելով՝ պահանջել է, որ խոստովանի գողությունների դեպքերը: Նշված խոշտանգումների հետևանքով ինքը մարմնական վնասվածք չի ստացել, զգացել է ֆիզիկական ուժեղ ցավ:

Բացի այդ, նույն հաղորդմամբ կրկին քրեական պատասխանատվության ենթարկվելուց խուսափելու նպատակ հետապնդելով՝ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Արտակ Եղիազարյանին հանիրավի մեղադրել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Իբր Ա.Եղիազարյանը նախապես իրեն ցույց է տվել այն հանցագործությունների դեպքի վայրերը, որտեղից ինքը գողություններ է կատարել:
Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որի քննության ընթացքում Արա Տեր-Պողոսյանն իր ցուցմունքով պնդել է իր հաղորդմամբ տրված հանգամանքները և 2017 թվականի հունիսի 19-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Ժ.Թովմասյանի որոշմամբ թիվ 62210717 քրեական գործով ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի աշխատակիցներ Արթուր Զաքարյանի և Արտակ Եղիազարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309.1-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության դեպքերի բացակայության հիմքով:
2017 թվականի հունիսի 20-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Ժ.Թովմասյանի որոշմամբ թիվ 62210717 քրեական գործով ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի աշխատակիցներ Արտակ Եղիազարյանի ու Արման Խաչատրյանի նկատմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու կապակցությամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ վերջիններիս գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ քրեական գործի վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309.1-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության դեպքերի բացակայության հիմքով, կարճվել է (…):

Գնահատելով ամբաստանյալ Արա Սարգսի Տեր-Պողոսյանի կատարած հանցագործության եղանակը, բնույթը, հանրության համար վտանգավորության աստիճանը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, դրանք համադրելով սույն դատավճռում արձանագրված ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության հետ, դատարանը հանգում է այն հետևության, որ Արա Սարգիսի Տեր-Պողոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի ռեալ (իրական) կիրառման միջոցով միայն հնարավոր կլինի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների` ամբաստանյալին ուղղելու իրացվելիությունը»1:

6. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 26-ի որոշման համաձայն` «[ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ Նիկոլայ Մոսինյանի նկուղից կատարված գողության դրվագով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով առաջադրված մեղադրանքներով] ձեռք չեն բերվել թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցություն, որը հաղթահարելով անմեղության կանխավարկածը, անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն վերոգրյալ դրվագներով Արա Տեր-Պողոսյանի մեղավորության մասին` բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը:

Անդրադառնալով մնացած դրվագներով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքին, վերլուծելով քրեական գործով ձեռք բերված և Դատարանի կողմից դատաքննությամբ հետազոտված ապացույցները, դրանցից յուրաքանչյուրը գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, ինչպես նաև ստացման աղբյուրի և ձևավորման ընթացքի համատեքստում, այդ ապացույցներից յուրաքանչյուրը համադրելով մյուս աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում առկա է փոխկապակցված ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը, բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը, հիմք է տալիս անվերապահ հետևություն անելու առ այն, որ ամբաստանյալ Արա Տեր-Պողոսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով, 5 դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 1 դրվագ՝ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 1 դրվագ՝ 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ, որի համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի (…):

Ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի առնելով հանցավորի անձը բնութագրող տվյալները, կատարված արարքների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև ծանրացնող հանգամանքների բացակայությունը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արա Տեր-Պողոսյանի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կանոններով` հանցանքների համակցությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 5 դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 1 դրվագ՝ 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 1 դրվագ՝ 333 հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով` 5 տարի 3 ամիս ժամկետով, ինչը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10 հոդվածով ամրագրված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից` համապատասխանում է կատարված հանցանքների ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ու բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար ու կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48 հոդվածով նախատեսված պատժի նպատակները, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին և կանխել հանցագործությունները»2:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 25-րդ, 35-րդ և 127-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը: Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը առերևույթ թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական և նյութական իրավունքի հիմնարար խախտում, որն ազդել է գործի ելքի վրա՝ ամբաստանյալն անհիմն ենթարկվել է քրեական պատասխանատվության, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ մի շարք որոշումներով հայտնած դիրքորոշումներին:

8. Բողոքաբերի համոզմամբ, տուժող Նիկոլայ Վարդանյանի նախաքննության, դատաքննության ընթացքում տրված ցուցմունքները հակասական են, ոչ արժանահավատ, և բավարար չեն այդ դրվագով Արա Տեր-Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով մեղսագրվող հանցանքը հաստատված համարելու համար։

9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունիսի 26-ի որոշումը, ճանաչել և հռչակել Արա Տեր-Պողոսյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով առաջադրված մեղադրանքում, իսկ մնացած դրվագներով, որոնցով նա մեղավոր է ճանաչվել, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Արա Տեր-Պողոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք հիմնավորված են և պատճառաբանված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ Ա.Տեր-Պողոսյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։ 

11. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները տուժող Նիկոլայ Վարդանյանին պատկանող առանձնատնից հափշտակություն կատարելու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով նախատեսված արարքում ամբաստանյալ Ա.Տեր-Պողոսյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված դրվագով Ա.Տեր-Պողոսյանի մեղքը հաստատվում է գործով ձեռք բերված և ստորադաս դատարանների դատական ակտերում պատշաճ վերլուծված ապացույցների բավարար համակցությամբ, այն է՝ տուժող Ն.Վարդանյանի՝ հանցագործության մասին հաղորդմամբ3, ցուցմունքներով4, ամբաստանյալի՝ նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներով5, դատական քննության ընթացքում այդ դրվագով ևս իրեն մեղավոր ճանաչելու մասին հայտարարությամբ6, ինչպես նաև քննչական փորձարարություն կատարելու մասին 2017 թվականի մարտի 2-ի արձանագրությամբ7, որի համաձայն՝ Ա.Տեր-Պողոսյանը մատնացույց է արել տուժող Ն.Վարդանյանի տունը՝ մանրամասն նկարագրելով մուտք գործելու և հափշտակություն կատարելու հանգամանքները։ Անդրադառնալով Ն.Վարդանյանի ցուցմունքների միջև առկա հակասությունների և անարժանահավատության վերաբերյալ պաշտպանի փաստարկին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հակասություններն էական չեն և տուժողի ցուցմունքն անարժանահավատ չեն դարձնում։

12. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ Ա.Տեր-Պողոսյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են և պատճառաբանված։

13. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք հիմնավորված և պատճառաբանված են ամբաստանյալ Արա Տեր-Պողոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ հոդվածի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մաuին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիu դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

15. Վերոնշյալ իրավադրույթը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության է ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա8` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, կատարված հանցագործությունների քանակը, հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները:

16. Վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով գործում առկա նյութերը և հաշվի առնելով Արա Տեր-Պողոսյանի կատարած հանցագործությունների բնույթը, հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցանքների կատարման եղանակը, դրվագների քանակը, ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ ամբաստանյալ Արա Տեր-Պողոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելն անթույլատրելի համարելով ստորադաս դատարանները հանգել են ճիշտ հետևության։

17. Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ամբաստանյալ Արա Տեր-Պողոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են և պատճառաբանված։

18. Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առերևույթ առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք և կրկնելով նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանները չունեն բացարձակ բնույթ և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլնի, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում9՝ փաստում է, որ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել ամբաստանյալ Ա.Տեր-Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու հարցը:

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (...)

6) անցել են վաղեմության ժամկետները, (…)

5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(...)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` «(...) 2. Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (...)»:

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը։ Այդ հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցման։

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի գործով որոշմամբ, արձանագրելով՝ «(…) [Թ]եև [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում։ Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման»10։

22. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները։

Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը։ Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում11։

23. Վերոգրյալի հիման վրա, անդրադառնալով վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ամբաստանյալ Ա.Տեր-Պողոսյանին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1.Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը ոչ մեծ ծանրության հանցագործություն է, և այն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

24. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Տեր-Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված հանցագործությունը կատարել է 2017 թվականի ապրիլի 27-ին12։ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով որակված՝ Ա.Տեր-Պողոսյանին մեղսագրված արարքը կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2019 թվականի փետրվարի 13-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2019 թվականի հունիսի 26-ին13: Նշված որոշման դեմ վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ14:

25. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 19-23-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Տեր-Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2019 թվականի ապրիլի 27 դրությամբ, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել: Հետևաբար, Ա.Տեր-Պողոսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետը Վերաքննիչ դատարանի որոշումը կայացնելու օրվա դրությամբ արդեն իսկ անցած է եղել։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, պատշաճ ուշադրության չարժանացնելով նշված հանգամանքը, 2019 թվականի հունիսի 26-ի որոշմամբ չի քննարկել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Ա.Տեր-Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը:

26. Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Ա.Տեր-Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը չդադարեցնելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։ Իսկ ամբաստանյալ Ա.Տեր-Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Հիշյալ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ անձը չի վիճարկել իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում: Այլ խոսքով՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ անձն ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) չի վիճարկել իրեն առաջադրված մեղադրանքը:

27. Ելնելով վերոգրյալից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 26-ի որոշումը մասնակիորեն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, պետք է բեկանել և փոփոխել, և նշված հոդվածով Ա.Տեր-Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա․ Տեր-Պողոսյանի նկատմամբ նշանակված՝ 5 (հինգ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումից պետք է հանել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված և մասնակիորեն գումարված 5 (հինգ) ամիս ժամկետով ազատազրկումը15 և վերջնական թողնել կրելու 1 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով, 5 դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 1 դրվագ՝ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հանցանքների համակցության կանոններով նշանակված 4 (չորս) տարի 10 (տասը) ամիս ժամկետով ազատազրկումը՝ առանց գույքի բռնագրավման, պատժի կրման սկիզբը հաշվելով 2017 թվականի մարտի 1-ից։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 4151-րդ, 418.1-րդ 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արա Սարգսի Տեր-Պողոսյանի վերաբերյալ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 26-ի որոշումը մասնակիորեն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով` բեկանել և փոփոխել, Արա Սարգսի Տեր-Պողոսյանի նկատմամբ նշված հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

2. Ամբաստանյալ Արա Սարգսի Տեր-Պողոսյանի նկատմամբ նշանակված՝ 5 (հինգ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումից հանել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված և մասնակիորեն գումարված՝ 5 (հինգ) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական թողնել կրելու հանցանքների համակցության կանոններով 1 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով, 5 դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 1 դրվագ՝ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշանակված՝ 4 (չորս) տարի 10 (տասը) ամիս ժամկետով ազատազրկումը՝ առանց գույքի բռնագրավման։ Պատժի կրման սկիզբը հաշվել 2017 թվականի մարտի 1-ից։

3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասերով թողնել անփոփոխ։

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 118-137։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 57-80։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 89 ։

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 107-109, հատոր 3, թերթեր 144-146։

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 41-44։

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթ 10։

7 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 48-81։

8 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Մխիթար Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշումը։

10 Տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը։

11 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի մանրամասն վերլուծությունը տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումներում։

12 Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթ 61։

13 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։

14 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։

15 Տե՛ս Զադե Իբրահիմյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0099/01/10 որոշման 14-րդ կետը։

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական: