Գլխավոր տեղեկություն
Համար
N 1799-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.11.2020-24.12.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 18.11.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2020

 

17.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 նոյեմբերի 2020 թվականի N 1799-Լ

 

ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 17-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

17.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 16-ի N 1799-Լ որոշման

 

ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում: Սոցիալական աջակցությունն Արցախի քաղաքացուն տրամադրվում է նաև այն դեպքում, եթե նա վերադարձել է Արցախ։

2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով (այսուհետ՝ նվազագույն աշխատավարձ)։ Եթե շահառուն Հայաստանի Հանրապետությունում ստանում է կենսաթոշակ կամ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ Արցախում ստանում է կենսաթոշակ, ապա միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է նվազագույն աշխատավարձի և շահառուի 2020 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի կամ ծերության, հաշմանդամության կերակրողին կորցնելու դեպքում նպաստի դրական տարբերության չափով։

3. Արցախի քաղաքացին, որն ունի Արցախի հաշվառում, չի կարող հանդիսանալ սույն միջոցառման շահառու, եթե՝

1) նրա անվամբ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա համար Հայաստանի Հանրապետությունում հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ.

2) նրա անվամբ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա համար Արցախի պետական կամ համայնքային բյուջեից հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ.

3) նա հանդիսանում է 18-ից (18 տարին լրացել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը) մինչև 58 (58 տարին լրացել է 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո) տարեկան արական սեռի անձ, բացառությամբ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից:

(3-րդ կետը խմբ. 27.11.20 N 1890-Լ)

4. Սույն միջոցառման այն շահառուն, որը չունի սեփականության (այդ թվում՝ բաժնային) իրավունքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույք (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի), տրամադրվում է լրացուցիչ աջակցություն՝ 15,000 դրամի չափով:

5. Սույն միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը և լրացուցիչ աջակցությունը տրամադրվում է ծնողին (օրինական ներկայացուցչին), անկախ ծնողի՝ սույն միջոցառման շահառու լինելու հանգամանքից:

(5-րդ կետը փոփ. 27.11.20 N 1890-Լ)

6. Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը:

7. Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի միջոցով:

(հավելվածը խմբ., փոփ. 27.11.20 N 1890-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան