Գլխավոր տեղեկություն
Համար
N 1449-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 09.09.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2020 թվականի N 1449-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-622-19.05.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխ
վարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

2020 թ. սեպտեմբերի 4

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Պ-622-19.05.2020-ԱՍ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) սահմանված ոչ լրիվ աշխատաժամանակ` ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանելու հնարավորություն նախատեսել նաև նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողի պահանջով` դրա մասին օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասում 3.1-ին կետ լրացնելով:

Նախագծով միաժամանակ առաջարկվում է սահմանել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված աշխատաժամանակից մեկ ժամ շուտ աշխատանքն ավարտելու հնարավորությունից կարող են օգտվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների՝ նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողները՝ վերջիններիս կողմից ներկայացված գրավոր դիմումի և տեղեկանքի հիման վրա, և գործատուն պարտավոր է աշխատողին վճարել պայմանավորված աշխատավարձը։ Նշված կարգավորումն առաջարկվում է նախագծի 2-րդ հոդվածով՝ օրենսգրքի 142-րդ հոդվածում նոր՝ 1.1-ին կետ լրացնելով:

Նախագծի 2-րդ հոդվածով օրենսգրքի 142-րդ հոդվածում լրացվող նոր 1.1-ին մասի վերաբերյալ հարկ է նկատել, որ դրանով բացառություն է նախատեսվում օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված աշխատողների համար: Մասնավորապես, օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված է, որ ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով:

Սակայն, հաշվի առնելով նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող կարգավորումը (որով առաջարկվում է օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 3.1-ին կետ՝ սահմանելով, որ ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողի պահանջով), կարելի է ենթադրել, որ նախագծի 2-րդ հոդվածով օրենսգրքի 142-րդ հոդվածում լրացվող նոր 1.1-ին մասում ևս խոսքը վերաբերում է օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասում նախագծով լրացվող 3.1-ին կետով նախատեսվող դեպքին: Ուստի, նախագծի վերաբերյալ առաջարկություններն ստորև ներկայացնում ենք՝ ելնելով այդ տրամաբանությունից:

Նախագծով առաջարկվող կարգավորումների ուսումնասիրության արդյունքում հայտնում ենք՝

Օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն աշխատանքային օրենսդրության նպատակն է`

1) սահմանել ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) աշխատանքային իրավունքների և ազատությունների պետական երաշխիքները.

2) նպաստել աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծմանը.

3) պաշտպանել աշխատողների և գործատուների իրավունքներն ու շահերը:

Այս առումով, անդրադառնալով նախագծի 1-ին հոդվածի կարգավորմանը, որի համաձայն առաջարկվում է ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանել նաև նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողի պահանջով, հարկ է նկատել, որ նշված կարգավորումը վերաբերելի է թե՛ պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազմակերպություններում, և թե՛ մասնավոր ոլորտում աշխատող անձանց: Տվյալ պարագայում հարկ է նկատել, որ հաճախ, պայմանավորված աշխատանքի բնույթով, աշխատանքային գործառույթներով, հնարավոր և (կամ) արդյունավետ չէ աշխատանքի կազմակերպումն իրականացնել ոչ լրիվ աշխատաժամանակով: Ուստի, նման կարգավորում նախատեսելիս, հարկ է հաշվի առնել ինչպես աշխատողի, այնպես էլ գործատուի օրինական շահերի զուգակցված պաշտպանությունը, ինչն էլ դրված է գործող իրավակարգավորման հիմքում:

Անդրադառնալով նաև նախագծի հիմնավորմանը՝ հարկ է նկատել, որ նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն նախագծի նպատակն է հնարավորություն տալ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազմակերպություններում նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողներին առավել արդյունավետ կազմակերպել իրենց աշխատանքային պարտականությունների կատարումը և երեխաների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու գործընթացը:

Այս առումով հարկ ենք համարում նշել, որ առաջարկվող կարգավորման մեջ արտացոլված և առարկայականացված չէ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված նպատակը: Մասնավորապես, նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ է դառնում, որ խոսքը նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխային խնամող աշխատողի մասին է, մինչդեռ նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող կարգավորմամբ ստացվում է, որ ոչ լրիվ աշխատաժամանակի հնարավորություն է ստանում նաև նախադպրոցական տարիքի երեխա ունեցող և վերջինիս խնամող այն աշխատողը, որի երեխան չի հաճախում նախադպրոցական ուսումնական հաստատություն: Արդյունքում, նախագծով նախատեսված կարգավորումը չի արտացոլում, ավելին, հակասում է նախագծի ընդունման հիմքում ընկած հիմնավորումներին:

Անդրադառնալով նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող կարգավորմանը՝ հարկ ենք համարում նշել հետևյալը՝

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն յուրաքանչյուր աշխատողի աշխատաժամանակի և հանգստի ժամանակի բաշխումը (փոփոխությունները) օրվա, շաբաթվա կամ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում, ինչպես նաև ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) սկիզբը և ավարտը սահմանվում են կազմակերպության ներքին կարգապահական կանոններով: Աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցները հաստատում է գործատուն, իսկ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով այն համաձայնեցնում է կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրն ստորագրած մարմնի հետ: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազմակերպություններում աշխատաժամանակի սկիզբը և ավարտը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազմակերպություններում աշխատաժամանակի սկիզբը և ավարտը սահմանելու մասին» N 2138-Ն որոշման 1-ին կետի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատաժամանակի սկիզբը սահմանված է ժամը 9:00-ն, իսկ ավարտը` 18:00-ն, աշխատողների հանգստանալու և սնվելու համար ընդմիջման ժամը` 13:00-14:00-ն:

Այս առումով, անդրադառնալով նախագծի 2-րդ հոդվածին, հարկ է նկատել, որ դրանով առաջարկվում է օրենսգրքի 142-րդ հոդվածը լրացնել նոր՝ 1.1-ին կետով՝ արդյունքում նախատեսելով բացառություն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 3.1-ին կետով նշված՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազմակերպություններում աշխատողների աշխատաժամանակի ռեժիմի սահմանման համար:

Տվյալ պարագայում հարկ ենք համարում նշել, որ հնարավոր են դեպքեր, երբ նախադպրոցական ուսումնական հաստատությունում աշխատանքային օրվա ոչ միայն ավարտը, այլ նաև սկիզբը չհամընկնեն աշխատողի աշխատանքային օրվա սկզբի և ավարտի հետ: Օրինակ, եթե աշխատողի աշխատանքային օրն սկսվում է ժամը 9:00-ին, միաժամանակ նույն ժամին է սկսվում նաև նախադպրոցական հաստատության աշխատանքային օրը, ապա աշխատողի համար խնդիր կլինի նաև առավոտյան ժամին աշխատանքի ներկայանալը: Առաջարկվող կարգավորման պարագայում խնդրահարույց է նաև այն դեպքը, երբ նախադպրոցական հաստատությունում աշխատանքն ավարտվի ոչ թե 17:30-ին, այլ ավելի շուտ: Ուստի, նախագծի ընդունման պարագայում, այսինքն, աշխատողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության արդյունքում, կարող է հետին պլան մղվել գործատուի օրինական շահը, այն է՝ աշխատանքի արդյունավետ կազմակերպումը:

Միաժամանակ հարկ ենք համարում անդրադառնալ նաև այն հարցին, որ նախագծի հիմնավորման համաձայն «առաջարկվող իրավական կարգավորումը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազմակերպություններում նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողներին կտա հնարավորություն լքելու աշխատանքի վայրը սահմանված աշխատաժամի ավարտից մեկ ժամ շուտ՝ բացառելով պայմանավորված աշխատավարձի պահումները»:

Նշվածի առնչությամբ, անդրադառնալով նաև նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող այն կարգավորմանը, համաձայն որի մինչև ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու ժամկետի ավարտը՝ աշխատողի կողմից ներկայացված գրավոր դիմումի և տեղեկանքի հիման վրա, աշխատանքային օրն ավարտվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված աշխատաժամանակից մեկ ժամ շուտ, իսկ գործատուն պարտավոր է աշխատողին վճարել պայմանավորված աշխատավարձը, հարկ ենք համարում նշել, որ տվյալ կարգավորումը նույնպես խնդրահարույց է՝ օրենսգրքի 187-րդ հոդվածի տեսանկյունից, համաձայն որի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, ինչպես նաև գործատուի և աշխատողի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակի (ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ) կիրառման դեպքերում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան:

Նախագծով առաջարկվող իրավակարգավորումների և նախագծին կից ներկայացված հիմնավորումների համադրման արդյունքում ստացվում է, որ փոփոխության արդյունքում նախադպրոցական տարիքի երեխա խնամող բոլոր աշխատողներին ընձեռվում է գործատուին ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանելու պահանջ ներկայացնելու հնարավորություն: Մինչդեռ, միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազմակերպություններում աշխատող նախադպրոցական տարիքի երեխա խնամող անձինք օրենսգրքի 142-րդ հոդվածում նախագծով լրացվող 1.1.-ին կետի ուժով պահպանում են պայմանավորված աշխատավարձն ստանալու իրավունքը:

Այսինքն, փաստացի տարբերակված մոտեցում է ցուցաբերվել, մի կողմից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների՝ որպես գործատուների համար՝ ի համեմատ այլ գործատուների, և, մյուս կողմից, նշված կազմակերպությունների աշխատողների համար՝ ի համեմատ մնացած աշխատողների:

Գտնում ենք, որ վերոնշյալ կարգավորումը խնդրահարույց է օրենսգրքով ամրագրված իրավահավասարության սկզբունքի տեսանկյունից, քանի որ նշված տարբերակված մոտեցումը, ըստ էության, զուրկ է օբյեկտիվ չափանիշից. տվյալ դեպքում որպես չափանիշ ծառայում են գործատուի կազմակերպաիրավական և (կամ) սեփականության ձևը և (կամ) ֆինանսավորման աղբյուրները:

Բացի դրանից, պարզ չէ և անհրաժեշտ է հստակեցնել «Մինչև ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու ժամկետի ավարտը» դրույթների կիրառման անհրաժեշտությունը, ինչպես նաև հստակեցնել, թե աշխատողի կողմից գործատուին ներկայացվող ինչ տեղեկանքի մասին է խոսքը:

Կարևոր է նշել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի ապրիլի 4-ի N 347-Ա որոշմամբ ստեղծվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ, որի 2019 թվականի սեպտեմբերի 16-ի նիստում որոշում է կայացվել մշակել և ներդնել ծրագրեր, մասնավորապես, նախադպրոցական և դպրոցական հաստատություններում երեխաների երկարօրյա խնամքի ապահովման ուղղությամբ, որի մասով հանձնարարականներ են տրվել համապատասխան պետական մարմիններին: Այս ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն իսկ մշակել և շրջանառության մեջ է դրել հանրակրթական ուսումնական հաստատություններում երկարօրյա ծառայությունների կարգի նախագիծը, որն առաջիկայում կհաստատվի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով: Միաժամանակ նախադպրոցական հաստատությունների մասով 2020 թվականի մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությունները, որով մասնավորապես սահմանվել են, որ նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի, ամենամյա արձակուրդի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Օրենքի փոփոխությունից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունման ժամկետ է սահմանվել 2021 թվականի մարտ ամիսը: Հետևաբար, առաջարկվող նախագիծը խնդրահարույց է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությանը համադրման տեսանկյունից:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք ձեռնպահ մնալ օրենքի նախագծի ընդունումից: