Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի, 2020 թ. N 48
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները.
ա/ Սահմանել Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման և գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց ու «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի՝ Սոթքի ոսկու հանքավայրի, «Էկոկաթ» ընկերության աշխատակիցների և Վարդենիս համայնքից Ակունք համայնքում գտնվող «ԱՐԱՔՍ-2» ԱԿ–ի կաթի մթերման կետ կաթ մթերողների տեղաշարժի, Մ11 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության.
բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Վարդենիս համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի ապրիլի 22-ը՝ ժամը 08:00-ն, Վարդենիս համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը․
գ/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Վարդենիս համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով.
դ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված գյուղատնտեսական և այգեգործական աշխատանքներ իրականացնելու և Վարդենիս համայնքից Ակունք համայնքում գտնվող «ԱՐԱՔՍ-2» ԱԿ–ի կաթի մթերման կետ կաթի մթերման նպատակով անձանց ելքն ու մուտքը թույլատրել միայն Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցչի կողմից ստորագրված՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևանմուշի առկայության դեպքում.
ե/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված՝ «Էկոկաթ» ընկերության և «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի՝ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների ելքն ու մուտքը թույլատրել միայն Պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշմամբ սահմանված գործատուի տեղեկանքի առկայության դեպքում.
զ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված՝ Մ11 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից Վարդենիս համայնքի ներսում սահմանել վերակարգեր և բացառել երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը Վարդենիս համայնքի վարչական սահմաններում.
(1-ին կետը խմբ., լրաց. 22.04.20 N 50)
2. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը.
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 28-ը՝ ժամը 23։59-ը:
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Հավելված Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 21-ի N 48 որոշման |
Ձևանմուշ Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 18-ի N 45 որոշման
Գեղարքունիքի մարզպետարանի կողմից տրամադրված տեղեկանք
Տրված՝ « ..... » ապրիլի, 2020 թ.
Անձի անուն, ազգանուն _____________________________________________________
Անձը հաստատող փաստաթղթի համար_______________________________________
Այգեգործական կամ գյուղատնտեսական նշանակության հողակտորի հասցեն __________________________________________________________________________ __________________________________________________________________________
Այցելությունների օրեր և ժամեր ______________________________________________
Տեղեկանքի գործողության ժամկետը (օր) ______________________________________
Մարզպետարանի ներկայացուցչի անուն, ազգանուն ____________________________ __________________________________________________________________________
Մարզպետարանի ներկայացուցչի ստորագրություն՝ ____________________________ |
(հավելվածը լրաց. 22.04.20 N 50)
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 21-ին: