Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1348
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.03.15/16(1291) Հոդ.154
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
14.02.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

14 փետրվարի 2017 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 426.2-ՐԴ ԵՎ 426.3-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 49-ՐԴ ԳԼԽԻ ՆՈՐՄԵՐԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 84-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ 12-ՐԴ ԳԼԽԻ ՆՈՐՄԵՐԻ, «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ (2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի ՀՕ-83-Ն)` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի և նույն վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի, 66-րդ հոդվածի, 426.2-րդ և 426.3-րդ հոդվածների, 49-րդ գլխի նորմերի, ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի, 84-րդ հոդվածի, «Պատժից ազատելը» վերտառությամբ 12-րդ գլխի նորմերի, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (2016 թվականի մայիսի 16-ի ՀՕ-83-Ն)՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Կրկին անգամ դատվելու անթույլատրելիությունը» վերտառությամբ 21-րդ հոդվածի համաձայն.

«1. Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար:

2. Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում:

3. Քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը, եթե այն կարող է հանգեցնել անձի վիճակի վատթարացման, բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերի:

4. Դատախազը քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը կարող է վերացնել որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում: Դրանից հետո քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից՝ այդպիսի որոշում կայացնելուց հետո` վեց ամսվա ժամկետում:

5. Սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերի կանոնները չեն գործում սույն օրենսգրքի 121 բաժնով նախատեսված դեպքերում:

6. Սույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածը փոփոխության և լրացման է ենթարկվել 25.05.2006թ. ՀՕ-91-Ն, 21.02.2007թ. ՀՕ-93-Ն և 28.11.2007թ. ՀՕ-270-Ն ՀՀ օրենքներով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Արդարացվածը» վերտառությամբ 66-րդ հոդվածի համաձայն.

«1. Արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված որևէ հիմքով, կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ:

2. Արդարացվածն իրավունք ունի բողոքարկել իր նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը կամ արդարացման դատավճիռը:

3. Արդարացվածն իրավունք ունի նաև պահանջել իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները:

4. Արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալ`

1) աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է.

2) գույքի բռնագրավմամբ` այն պետության եկամուտ դարձնելու, քննություն իրականացնող մարմինների կողմից առգրավվելու, գույքի վրա կալանք դնելու հետևանքով պատճառված վնասը.

3) վճարված դատական ծախսերը.

4) փաստաբանին վճարված գումարները.

5) դատավճիռն ի կատար ածելիս վճարված կամ առգրավված տուգանքը:

5. Գումարները, որոնք ծախսվել են անձին անազատության մեջ պահելու համար, դատական ծախսերը, ինչպես նաև անազատության մեջ պարտադիր աշխատանքներ կատարելու համար այդ անձի աշխատավարձը չեն կարող հանվել այն գումարից, որը ենթակա է վճարման քրեական վարույթն իրականացնող մարմնի սխալի հետևանքով պատճառված վնասը հատուցելու համար:

6. Այն դեպքում, երբ քրեական գործի վարույթը կարճվել է, քրեական հետապնդումը դադարեցվել է կամ արդարացման դատավճիռ է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով, սույն հոդվածով նախատեսված վնասի հատուցումը կատարվում է միայն քաղաքացիական դատավարության կարգով` քաղաքացիական հայցի լուծումից հետո:

7. Այն դեպքում, երբ արդարացման դատավճիռը կամ քրեական գործը կարճելու կամ հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, որի հիման վրա կատարվել է վնասի հատուցում, վերացվել է և համապատասխան անձի նկատմամբ նույն գործով կայացվել է մեղադրական դատավճիռ, գումարները, որոնք վճարվել են որպես վնասի հատուցում, կարող է առգրավել դատարանը, որոշման կատարման շրջադարձման կարգով:

8. Արդարացվածն իրավունք ունի նաև`

1) վերականգնվել նախկին աշխատանքում (նախկին պաշտոնում), իսկ դրա անհնարինության դեպքում` ստանալ համարժեք աշխատանք (պաշտոն) կամ նախկին աշխատանքը (պաշտոնը) կորցնելու հետևանքով պատճառված վնասի դրամական փոխհատուցում.

2) ազատազրկման, կալանքի կամ ազատության սահմանափակման ձևով պատիժը կրել, ինչպես նաև կարգապահական գումարտակում պահվելու ժամանակը բոլոր տեսակի աշխատանքային ստաժների մեջ հաշվակցել.

3) հետ ստանալ նախկինում զբաղեցրած բնակելի տարածքը, իսկ դրա անհնարինության դեպքում` ստանալ բնակմակերեսով և գտնվելու վայրով համարժեք բնակելի տարածք.

4) զինվորական և այլ կոչումների վերականգնման` հաշվի առնելով երկարամյա ծառայությունը:

9. Արդարացվածի պահանջով`

1) դատարանը կամ քննություն իրականացնող մարմինները պարտավոր են այդ մասին երկշաբաթյա ժամկետում հայտնել անձի նախկին և ներկա աշխատանքի, ուսման, բնակության վայր.

2) լրատվության միջոցը, որը հրապարակել է քրեական գործի վարույթով կասկածյալին կամ մեղադրյալին նշանակվող տեղեկություններ, պարտավոր է մեկ ամսվա ընթացքում հայտնել գործով կայացված վերջնական որոշման մասին:

10. Քրեական հետապնդման մարմինը պարտավոր է գրավոր ներողություն հայցել արդարացվածից:

11. Արդարացվածի մահվան կամ անգործունակության դեպքում պահանջի իրավունքը սույն հոդվածի չորրորդ, հինգերորդ և իններորդ մասերով անցնում է նրա մոտակա հերթի ժառանգներին»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը լրացվել է 25.10.2011թ. ՀՕ-266-Ն ՀՀ օրենքով, որի համաձայն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասը «պատճառված» բառից հետո լրացվեց «վնասի» բառով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք» վերտառությամբ 426.2-րդ հոդվածի համաձայն.

«Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեն`

1) այդ հանգամանքի հետ առնչվող գործին մասնակցած շահագրգռված անձինք, բացառությամբ քրեական հետապնդման մարմինների.

2) այն անձինք, ովքեր օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ ունեցել են այդ իրավունքը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ նույն օրենքի 32 հոդվածի 3-րդ կամ 5-րդ կետերի ուժով զրկված են եղել սահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից.

3) այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից համապատասխան դատական ակտի կայացման պահին ունեցել են միջազգային պայմանագրի պահանջներին (ժամկետներին) համապատասխան միջազգային դատարան դիմելու իրավունք.

4) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածն օրենսգրքում լրացվել է 28.11.2007թ. ՀՕ-270-Ն ՀՀ օրենքով, իսկ այնուհետև փոփոխության է ենթարկվել 26.12.2008թ. ՀՕ-237-Ն և 20.05.2010թ. ՀՕ-96-Ն ՀՀ օրենքներով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Դատական ակտերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր երևան եկած հանգամանքների հետևանքով» վերտառությամբ 426.3-րդ հոդվածի համաձայն.

«1. Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են, եթե`

1) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված է վկայի, տուժողի ցուցմունքների, թարգմանչի կատարած թարգմանության ակնհայտ սխալ կամ փորձագետի եզրակացության ակնհայտ կեղծ լինելը, ինչպես նաև իրեղեն ապացույցների, քննչական ու դատական գործողությունների արձանագրությունների և այլ փաստաթղթերի կեղծված լինելը, որոնք հանգեցրել են չհիմնավորված կամ անօրինական դատավճիռ կայացնելուն.

2) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված են դատավորների հանցավոր գործողությունները, որոնք նրանք թույլ են տվել տվյալ գործը քննելիս.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված են գործի քննությունը կատարող անձանց այնպիսի հանցավոր գործողություններ, որոնք հանգեցրել են դատարանի չհիմնավորված և անօրինական դատավճիռ կամ գործը կարճելու վերաբերյալ որոշում կայացնելուն.

4) ի հայտ են եկել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ինչպես նաև ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով վարույթը կարճվել է:

2. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու համար բողոք կարող է բերվել 4 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:

3. Եթե վաղեմության ժամկետները լրանալու, համաներման ակտ ընդունվելու կամ առանձին անձանց ներում շնորհելու պատճառով, ինչպես նաև մեղադրյալի մահվան հետևանքով դատական ակտ կայացնելն անհնարին է, ապա սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերում մատնանշված նոր երևան եկած հանգամանքները պարզվում են սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարվող քննությամբ:

4. Արդարացման դատավճռի և գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումների վերանայումը թույլատրվում է միայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքում:

5. Այն դատական ակտի վերանայումը, որով մեղադրական դատավճիռ է կայացված այնպիսի հանգամանքներ ի հայտ գալու հետևանքով, որոնք ցույց են տալիս դատապարտյալի անմեղությունը կամ նրա կողմից ավելի թեթև հանցանք կատարելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ժամկետներով սահմանափակված չէ:

6. Դատապարտյալի մահը արգելք չէ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտը վերանայելուն՝ դատապարտյալի կամ այլ անձանց իրավունքների վերականգնման նպատակով:

7. Սույն հոդվածի դրույթները կիրառելի են նաև այն քրեական գործերով, որոնցով դատավճիռ չի կայացվել»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածն օրենսգրքում լրացվել է 28.11.2007թ. ՀՕ-270-Ն ՀՀ օրենքով, իսկ այնուհետև փոփոխության է ենթարկվել 26.12.2008թ. ՀՕ-237-Ն ՀՀ օրենքով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ «Դատական որոշումների կատարումը» վերտառությամբ 49-րդ գլուխը ներառում է 13 հոդված, որոնցով ամրագրված իրավակարգավորումները վերաբերում են դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելուն և դրանց ի կատար ածելուն, դատարանի որոշումը կատարման հանձնելու կարգադրությանը, դատական որոշումն ի կատար ածելու փուլում դատապարտյալի իրավունքների ապահովմանը, դատական որոշման վերաբերյալ կասկածները և անհստակությունները լուծելուն, դատական որոշման կատարումը հետաձգելուն, հիվանդության պատճառով պատիժը կրելուց ազատելուն, դատական որոշման կատարման հետաձգումը վերացնելուն, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելուն և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելուն, դատապարտյալի հետախուզմանը, ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ պատիժը կրելու ժամանակ պահելու պայմանները փոխելուն, բուժական հիմնարկում գտնվելու ժամանակը պատժի ժամկետի մեջ հաշվանցելուն:

ՀՀ քրեական օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2003թ. ապրիլի 18-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2003թ. ապրիլի 29-ին և ուժի մեջ է մտել 2003թ. օգոսոտսի 1-ին:

ՀՀ քրեական օրենսգրքի` «Քրեական օրենքի հետադարձ ուժը» վերտառությամբ 13-րդ հոդվածի համաձայն`

«1. Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն:

2. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի:

3. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածը որևէ փոփոխության կամ լրացման չի ենթարկվել:

ՀՀ քրեական օրենսգրքի՝ «Դատվածությունը» վերտառությամբ 84-րդ հոդվածի համաձայն`

«1. Անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածությունը մարվելու կամ հանվելու պահը:

2. Դատվածությունը, սույն օրենսգրքին համապատասխան, հաշվի է առնվում հանցագործության ռեցիդիվի դեպքում և պատիժ նշանակելիս:

3. Դատվածություն չունեցող են համարվում այն անձինք, ովքեր դատարանի դատավճռով դատապարտվել են առանց պատիժ նշանակելու կամ դատարանի դատավճռով ազատվել են պատիժը կրելուց կամ պատիժը կրել են այնպիսի արարքի համար, որի հանցավորությունն ու պատժելիությունը վերացված են օրենքով:

4. Դատվածությունը մարվում է՝

1) պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում՝ փորձաշրջանն անցնելուց հետո.

2) ազատազրկումից ավելի մեղմ պատժի դատապարտված անձանց նկատմամբ՝ նշանակված պատիժը կրելուց մեկ տարի անցնելուց հետո.

3) ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ՝ պատիժը կրելուց երեք տարի անցնելուց հետո.

4) ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ՝ պատիժը կրելուց հինգ տարի անցնելուց հետո.

5) առանձնապես ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ՝ պատիժը կրելուց ութ տարի անցնելուց հետո:

5. Եթե անձն օրենքով սահմանված կարգով պայմանական վաղաժամկետ ազատվել է պատիժը կրելուց, կամ պատժի չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ պատժով, ապա դատվածությունը մարելու ժամկետը հաշվարկվում է հիմնական պատիժը և լրացուցիչ պատիժը կրելուց ազատելու պահից:

6. Եթե անձը պատիժը կրելուց հետո դրսևորել է անբասիր վարքագիծ, ապա նրա խնդրանքով դատարանը կարող է դատվածությունը հանել մինչև դատվածությունը մարելու ժամկետը լրանալը, բայց ոչ շուտ, քան այդ ժամկետի կեսը լրանալը:

7. Եթե անձը մինչև դատվածությունը մարվելը նոր հանցանք է կատարում, ապա դատվածության մարման ժամկետն ընդհատվում է: Առաջին հանցագործության համար դատվածությունը մարվելու ժամկետը հաշվարկվում է վերստին՝ վերջին հանցագործության համար պատիժը (հիմնական և լրացուցիչ) փաստորեն կրելուց հետո: Այդ դեպքում անձը երկու հանցագործությունների համար էլ դատված է համարվում մինչև դրանցից առավել ծանր հանցագործության համար դատվածությունը մարվելու ժամկետը լրանալը:

8. Դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները: Սույն նորմն արգելք չէ օրենքով սահմանափակումներ նախատեսելու՝ դատավորի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի, ոստիկանության ծառայողի, քրեակատարողական ծառայողի, ազգային անվտանգության մարմիններում ծառայողի պաշտոններ զբաղեցնելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը փոփոխվել և լրացվել է 09.06.2004թ. ՀՕ-97-Ն, 22.02.2007թ. ՀՕ-127-Ն, 28.11.2007թ. ՀՕ-256-Ն, 19.05.2014թ. ՀՕ-33-Ն ՀՀ օրենքներով:

ՀՀ քրեական օրենսգրքի` «Պատժից ազատելը» վերտառությամբ 12-րդ գլուխը ներառում է 6 հոդվածներ, որոնցով ամրագրված իրավակարգավորումները վերաբերում են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելուն, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելուն, հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց պատիժը կրելը հետաձգելուն կամ պատժից ազատելուն, ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելուն, արտակարգ հանգամանքների հետևանքով պատժից ազատելուն և մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով պատժից ազատելուն:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-83-Ն ՀՀ օրենքը (այսուհետ` օրենք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016թ. մայիսի 16-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2016թ. հունիսի 7-ին և ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 25-ին:

Օրենքի 5-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածը:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

11.02.2016 թվականին Ա. Կիրակոսյանը ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ՏԴ2/0074/01/15 դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է տուգանքի` 1.000.000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամի չափով:

15.08.2016 թվականին ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Ավան և Նոր Նորք բաժանմունքի պետը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով վերանայել դատապարտյալ Ա. Կիրակոսյանի նկատմամբ 11.02.2016 թվականին ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված ՏԴ2/0074/01/15 դատավճիռը: Որպես դատավճռի վերանայման հիմք է նշվել այն հանգամանքը, որ 25.06.2016 թվականին ուժի մեջ է մտել ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016թ. մայիսի 16-ին ընդունված` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-83-Ն ՀՀ օրենքը, որի 5-րդ հոդվածի համաձայն` ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը:

Իր հերթին, դատապարտյալ Ա. Կիրակոսյանը նույն դատարան ներկայացրած դիմումով խնդրել է իր նկատմամբ կիրառել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-83-Ն օրենքը և վերանայել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված ՏԴ2/0074/01/15 դատավճիռը:

2016 թվականի հոկտեմբերի 4-ին դատարանը որոշել է կասեցնել գործի վարույթը և դիմել ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի, 66-րդ հոդվածի, 426.2-րդ և 426.3-րդ հոդվածների, 49-րդ գլխի նորմերի, ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի, 84-րդ հոդվածի, «Պատժից ազատելը» վերտառությամբ 12-րդ գլխի նորմերի, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (2016 թվականի մայիսի 16-ի ՀՕ-83-Ն)` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

 

3. Դիմողը, վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներ, գտնում է, որ.

1) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, 426.2-րդ և 426.3-րդ հոդվածներն այնքանով, որքանով սահմանելով ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման հիմքերը, չեն նախատեսել արարքի հանցավորությունը և պատժելիությունը վերացնող օրենքին հետադարձ ուժ տալու նպատակով ուժի մեջ մտած դատավճիռները վերանայելու հնարավորություն, ինչպես նաև նույն օրենսգրքի` «Դատական որոշումների կատարումը» վերտառությամբ 49-րդ գլխի դրույթներն այնքանով, որքանով սահմանելով դատական ակտերի կատարման փուլում ծագող հարցերի տեսակները, դրանց լուծման դատավարական կարգը և պայմանները, չեն նախատեսում արարքի հանցավորությունը և պատժելիությունը վերացնող օրենքին հետադարձ ուժ տալու հարցի լուծման հետ կապված որևէ դրույթ, հակասում են ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 68-րդ, 69-րդ, 72-րդ և 79-րդ հոդվածներին.

2) ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածը, 84-րդ հոդվածը, «Պատժից ազատելը» վերտառությամբ 12-րդ գլխի դրույթները և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-83-Ն ՀՀ օրենքն այնքանով, որքանով չեն նախատեսում արարքի հանցավորությունը վերացնող օրենքի հիման վրա պատիժը կրող անձանց պատժից ազատելու առանձին կանոնակարգումներ, և հիշյալ հիմքով պատիժը կրելուց ազատված անձի դատվածությունը չի մարվում կամ հանվում օրենքի ուժով, ի տարբերություն այն անձանց, ովքեր դեռևս չեն դատապարտվել, և այն անձանց, ովքեր դատապարտվել և կրել են պատիժը, հակասում են ՀՀ Սահմանադրության 3-րդ, 28-րդ, 29-րդ, 72-րդ և 79-րդ հոդվածներին:

Ըստ դիմողի`

ա/ «… ՀՀ քրեական և քրեական դատավարական օրենսգրքերի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ նրանցում լիարժեք կանոնակարգված չեն ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածում ամրագրված դրույթների գործնական կիրառությունը պատշաճ ապահովելու համար անհրաժեշտ նյութաիրավական և դատավարական կառուցակարգերը, իսկ եղածներն ուղղակի խախտում են անձի իրավունքներն ու օրինական շահերը և դրանով իսկ ստեղծում են սահմանադրաիրավական խնդիր…»,

բ/ «… ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմ-սկզբունքը, որը համահունչ է ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածին, ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր և հատուկ մասի հետագա դրույթներում մանրամասն կարգավորման չի ենթարկվել, որի արդյունքում ստեղծվել է իրավական անորոշություն և վտանգվել է ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական կիրառությունը»:

Վերոհիշյալ հետևությունը դիմողը հիմնավորում է հետևյալ փաստարկներով. «…թեև քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածում նշվում է, որ արարքի հանցավորությունը վերացնող օրենքն ունի հետադարձ ուժ և տարածվում է նաև մինչ այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարքը կատարած այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի պատժից ազատելու հիմքերը և պայմանները կանոնակարգող նորմերում նախատեսված չէ այդ հիմքով պատժից ազատելու որևէ դրույթ, ուստի հարց է ծագում, թե իրավակիրառողները և մասնավորապես դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի որ նորմի, դրույթի հիման վրա կամ որ դրույթով, նորմով ղեկավարվելով պետք է անձին ազատեն պատժից, այն ինչ իրավական հետևանքներ կարող է ունենալ անձի համար և այլն»:

Դիմողը պնդում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի` «Պատժից ազատելը» վերտառությամբ 12-րդ գլխում, ինչպես նաև վիճարկվող օրենքում բացակայում են արարքի հանցավորությունը վերացնող օրենքի հիման վրա պատիժ կրող անձանց պատժից ազատելու վերաբերյալ դրույթներ: Դիմողը նաև նշում է, որ «…արարքի հանցավորությունը վերանալու հիմքով անձին պատժից ազատելու դեպքում (որը կիրառվում է դատական պրակտիկայում) անձի համար առաջանում են անբարենպաստ իրավական հետևանքներ նույն հիմքով քրեական հետապնդման չենթարկվող և այն անձանց համեմատ, ովքեր կրել են պատիժը, սակայն ունեն դատվածություն, քանի որ պատժից ազատելու դեպքում, ի տարբերություն վերջին երկու դեպքերի, անձն ունենում է դատվածություն»: Ըստ դիմողի` նման տարբերակված մոտեցումը հետևանք է նրա, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածում նախատեսված չէ, որ արարքի հանցավորությունը վերացնող օրենքին հետադարձ ուժ տալու հիմքով պատիժը կրելուց ազատվող անձը օրենքի ուժով համարվում է դատվածություն չունեցող կամ նրա դատվածությունը հանվում կամ մարվում է օրենքի ուժով»:

Դիմողը գտնում է, որ խնդրո առարկա իրավիճակում առաջանում է նաև խտրականության արգելման և օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքների ապահովման խնդիր, քանի որ` «…եթե քրեական գործով դեռևս դատավճիռ չի կայացվել կամ արդեն իսկ անձը կրել է իր նկատմամբ նշանակված պատիժը, ապա առաջին դեպքում` ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի Ս. Գրիգորյանի վերաբերյալ 2010 թվականի նոյեմբերի 5-ի ԼԴ/0286/01/09 որոշման` այդ անձի նկատմամբ որոշում է կայացվում քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին` արարքում հանցակազմի բացակայության հիմքով, այսինքն արդարացման հիմքով, իսկ երկրորդ դեպքում` օրենքի ուժով նա համարվում է դատվածություն չունեցող և ըստ այդմ` հավասարվում այն անձին, ով արդարացվածի կարգավիճակ է ձեռք բերում, մինչդեռ եթե անձը պատիժ է կրում, ապա արարքի հանցավորությունը վերացնող օրենքի հիման վրա անձին պատժից ազատելու դեպքում նա ունենում է դատվածություն, որպիսի պայմաններում, բացի այլ անձանց հետ անհավասար վիճակում հայտնվելուց, այդ անձի համար առաջանում են նաև դատվածության հետ կապված այլ իրավական հետևանքներ…»:

Դիմողը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12.1-րդ բաժնում ընդգրկված դրույթների և, մասնավորապես, 426.2-րդ և 426.3-րդ հոդվածների վերլուծության արդյունքում հանգում է այն եզրակացությանը, որ անձի վիճակը բարելավող նոր քրեական օրենքի ընդունումը չի հանդիսանում նոր կամ նոր երևան եկած հանգամանք, և, հետևաբար, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հիմք չի հանդիսանում, որ նույն օրենսգրքի` դատական ակտերի կատարման փուլում ծագող հարցերը կանոնակարգող 49-րդ գլխի նորմերում բացակայում է հիշյալ օրենքին հետադարձ ուժ տալով անձին քրեական պատժից ազատելու վերաբերյալ որևէ դրույթ:

Դիմողը նշում է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում բացակայում են անձի վիճակը բարելավող քրեական օրենքին հետադարձ ուժ տալու դատավարական կարգին վերաբերող նորմեր:

 

4. Պատասխանողը նույնպես կարծում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առկա է օրենքի բաց, ինչը չի ապահովում ՀՀ Սահմանադրության պահանջների լիակատար իրացումը:

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար պատասխանողն արձանագրում է, որ թեև և՛ ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածով, և՛ ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածով նախատեսվել է նյութաիրավական հիմք արարքի հանցավորությունը վերացնող օրենքների՝ անձանց նկատմամբ հետադարձ ուժով կիրառվելու մասին, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ այս ինստիտուտի կիրառման համար դատավարական կարգ ընդհանրապես նախատեսված չէ, ինչը, պատասխանողի կարծիքով, վտանգում է նյութաիրավական նորմի պատշաճ իրացումը:

Օրենսդրական բացի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների ուսումնասիրության արդյունքներով պատասխանողն արձանագրում է, որ օրենսդրական բացը կարող է հակասահմանադրական ճանաչվել, եթե կոնկրետ գործով միաժամանակ առկա են Սահմանադրական դատարանի սահմանած չափանիշները՝ կոնկրետ սահմանադրական իրավունքի խախտում կամ այդ խախտման պոտենցիալ հնարավորություն և օրենսդրության մեջ այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքների բացակայություն: Կոնկրետ դեպքում, ըստ պատասխանողի, առկա օրենսդրական բացը վտանգում է անձի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով (Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը), 63-րդ հոդվածով (Արդար դատաքննության իրավունքը) և 72-րդ հոդվածով (Հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքը) երաշխավորված իրավունքների պատշաճ իրացումը, ինչն ստեղծում է սահմանադրական հիշյալ իրավունքների խախտման պոտենցիալ հնարավորություն, որը հնարավոր չէ հաղթահարել օրենսդրության մեջ առկա այլ իրավական երաշխիքներով:

Վերոգրյալի հիման վրա պատասխանողը գտնում է, որ ՀՀ Ազգային ժողովի խնդիրն է լրացնել այդ բացը՝ ապահովելով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների իրացման գործուն դատաիրավական կառուցակարգ:

Համաձայնելով մինչև դատարանի վճիռ կայացնելը արարքի հանցավորությունը վերացնող օրենքի կիրառման ոլորտում գտնվող անձանց և պատժի կրման ժամանակ արարքի հանցավորությունը վերացնող օրենքի կիրառման ոլորտում գտնվող անձանց միջև անհավասար և խտրական վիճակի առաջացման վերաբերյալ դիմողի մոտեցմանը` պատասխանողը կարծիք է հայտնում, որ արարքի հանցավորությունը վերացնող օրենքի առկայության պայմաններում, անկախ այն կիրառելու դատավարական փուլից, անձը պետք է ստանա արդարացվածի կարգավիճակ, քանզի արարքի հանցավորությունը վերացնող օրենքով հաստատվում է հանցակազմի հատկանիշների բացակայության փաստը:

Վկայակոչելով իրավական անորոշության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներ` պատասխանողը կարծում է նաև, որ առկա օրենքի բացը հանգեցրել է իրավական անորոշության` իրավակիրառողի, այդ թվում՝ դատարանների համար: Ըստ պատասխանողի՝ կոնկրետ դեպքում օրենքի բացն ստեղծել է իրավական անորոշության այնպիսի մակարդակ, որ անգամ սույն գործով ՀՀ սահմանադրական դատարան դիմած դատարանը չի կարող հաղթահարել այն: Պատասխանողը գտնում է, որ նման պայմաններում առավել ևս խոսք լինել չի կարող համապատասխան դրույթների իրավական որոշակիության մակարդակի բավարար լինելու մասին` քաղաքացիներին օրենքի պատվիրանների հասանելիության տեսակետից:

 

5. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նախ հստակեցնել սահմանադրաիրավական վեճի շրջանակները և անդրադառնալ քննարկման առարկա դիմումի` ՀՀ Սահմանադրության /2005 թվականի փոփոխություններով/ 101-րդ հոդվածի 7-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածով նախատեսված պահանջները բավարարելու հարցին: Խնդիրը նրանում է, որ նշված դրույթների պահանջներից մեկն այն է, որ դատարանների և գլխավոր դատախազի կողմից վիճարկվող նորմատիվ ակտը կամ դրա դրույթը պետք է առնչվի վերջիններիս վարույթում գտնվող կոնկրետ գործին, նշված վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա լինի: Այսպես. դիմողի վարույթում գտնվող ԵԱՆԴ/0016/15/16 գործի փաստական հանգամանքներից բխում է, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Ավան և Նոր Նորք բաժանմունքի պետը և այնուհետև դատապարտյալ Ա. Կիրակոսյանը դատարան ներկայացրած համապատասխանաբար միջնորդությամբ և դիմումով խնդրել են վերանայել դատապարտյալի նկատմամբ կայացրած դատավճիռը, այն է` ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 11.02.2016թ. ՏԴ2/0074/01/15 օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, և դատապարտյալի նկատմամբ կիրառել վիճարկվող օրենքը:

Ուստիև, դիմումի` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարելու հարցը պարզելու համար անհրաժեշտ է բացահայտել դատական ակտի վերանայման հասկացության բովանդակությունը` արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու հարցի համատեքստում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համակարգային վերլուծությունը վկայում է այն մասին, որ բացառությամբ մեկ դեպքի, որը չի առնչվում սույն գործի փաստական հանգամանքներին, մնացած բոլոր դեպքերում օրենսդիրն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման հնարավորություն նախատեսել է միայն նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի շրջանակներում: Բացի դրանից`

- քրեական գործով դատարանի դատավճիռը և այլ որոշումները կարող են վերանայել միայն համապատասխան վերադաս դատարանները` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով /ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 6-րդ մաս/,

- արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, եթե դատապարտյալը եռամսյա ժամկետում չի դիմում դատարան դատական ակտի վերանայման նպատակով, ապա դատախազը եռամսյա ժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում, համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան /ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասություն/,

- յուրաքանչյուր դատապարտյալ ունի սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից դատավճռի և որոշման վերանայման իրավունք /ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 7-րդ մաս/:

Սահմանադրական դատարանի գնահատմամբ դիմողի` վարույթում գտնվող կոնկրետ գործն անմիջականորեն առնչվում է արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձ ուժով կիրառելու արդյունքում դատական ակտի վերանայման հարցին, և վիճարկվող դրույթների և իրավական ակտի շրջանակներից դիմողի վարույթում գտնվող կոնկրետ գործին կարող են առնչվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի՝ «Քրեական օրենքի հետադարձ ուժը» վերտառությամբ 13-րդ հոդվածը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք» վերտառությամբ 426.2-րդ հոդվածը և արարքի պատժելիությունը վերացնող ՀՕ-83-Ն օրենքը:

Դիմողի կողմից վիճարկվող մյուս դրույթներն իր վարույթում գտնվող գործին չեն առնչվում: Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, ընդհանուր առմամբ, վերաբերում են այն բացառիկ դեպքերին, երբ օրենսդիրը թույլատրում է օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման և քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայության պայմաններում քրեական գործը նորոգելը, եթե այն կարող է հանգեցնել անձի վիճակի վատթարացման, մինչդեռ տվյալ դեպքում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը բարելավում է անձի վիճակը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը գլխավորապես ներառում է արդարացվածի իրավական կարգավիճակին առնչվող իրավակարգավորումներ, որոնք ևս անմիջականորեն չեն առնչվում արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձ ուժով կիրառելու արդյունքում դատական ակտի վերանայման հարցին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածով ամրագրված իրավակարգավորումը վերաբերելի է նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտերի վերանայման հիմքերին և ժամկետներին, մինչդեռ արարքի հանցավորությունը և պատժելիությունը վերացնող օրենքին հետադարձ ուժ տալու նպատակով ուժի մեջ մտած դատավճիռները վերանայելու հնարավորություն սահմանելու հարցն այդ հոդվածի կարգավորման առարկայից դուրս է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելու հանգամանքն իր բնույթով և քրեադատավարական օրենսդրության ողջ տրամաբանության շրջանակներում նոր, այլ ոչ թե նոր երևան եկած հանգամանք է հանդիսանում, և նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման հիմքերը սահմանված են այլ հոդվածով ամրագրված իրավակարգավորումների շրջանակներում՝ ՀՀ ՔԴՕ 426.4-րդ հոդվածով, որի սահմանադրականության հարցը դիմողի կողմից չի բարձրացվում: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ գլխի նորմերը, ինչպես նաև դատվածության իրավական հետևանքներին, դատվածությունը մարելու և հանելու հարցերին առնչվող ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը և պատժից ազատելու հարցերին նվիրված՝ 12-րդ գլխի նորմերը նույնպես անմիջականորեն չեն առնչվում արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձ ուժով կիրառելու արդյունքում դատական ակտի վերանայման հարցին:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումը մասամբ չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, և սույն գործի վարույթը մասնակի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի, 66-րդ հոդվածի, 426.3-րդ հոդվածի, 49-րդ գլխի նորմերի, ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի, «Պատժից ազատելը» վերտառությամբ 12-րդ գլխի նորմերի մասով ենթակա է կարճման՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի և 32-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքերով:

Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողը բարձրացնում է արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու գործընթացում օրենքի բացի և դրանով պայմանավորված՝ իրավական անորոշության խնդիր: Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ, 426.2-րդ հոդվածների և վիճարկվող ՀՕ-83-Ն օրենքի սահմանադրականության հարցը սույն գործով քննության առարկա կդարձվի բացառապես արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու մասով:

 

6. ՀՀ Սահմանադրության` «Հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքը» վերտառությամբ 72-րդ հոդվածի երրորդ նախադասության համաձայն՝ արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:

Սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ հիշյալ դրույթի բովանդակությանը և դրա համատեքստում քննարկել արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու արդյունքում դատական ակտի վերանայման խնդիրը: Այդ կապակցությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ.

առաջին` սահմանադիրն արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքների համար նախատեսում է վերջիններիս` ժամանակի մեջ գործողության հատուկ կարգ, այն է` այդպիսի օրենքները տարածվում են մինչ այդ օրենքների ուժի մեջ մտնելը ծագած համապատասխան հարաբերությունների վրա,

երկրորդ` ի տարբերություն անձի վիճակը բարելավող այլ օրենքների, սահմանադիրն արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձությունը չի պայմանավորում վերջինիս` այդ օրենքներով նախատեսված լինելու հանգամանքով,

երրորդ` անմիջական գործողությամբ օժտված սահմանադրաիրավական վերոհիշյալ դրույթով ամրագրված իրավակարգավորման շրջանակներում սահմանադիրն արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու պահանջը տարածում է քրեադատավարական և քրեակատարողական բոլոր գործընթացներում ներգրավված, ի թիվս այլոց, այն անձանց վրա, ում արարքի պատժելիությունը վերացվել է, և սահմանադրաիրավական այս սկզբունքի գործողությունը չի պայմանավորում քրեադատավարական կամ քրեակատարողական այս կամ այն փուլով, ինչն արտացոլվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասում, որի համաձայն` արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն,

չորրորդ` ելնելով մարդու արժանապատվության անխախտելիության և մարդու անօտարելի արժանապատվության` իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք հանդիսանալու սահմանադրաիրավական պահանջներից և հիմնական իրավունքների անմիջականորեն գործողության սկզբունքից` անձի նկատմամբ արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելը ենթադրում է, որ վերանում են արարքի պատժելիություն սահմանող օրենքի կիրառման արդյունքում անձի համար առաջացած բոլոր անբարենպաստ իրավական հետևանքները, այսինքն` անձի նկատմամբ արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը վերականգնվում է մինչև արարքի պատժելիություն սահմանող օրենքի կիրառումն առկա վիճակը,

հինգերորդ` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի կիրառումը պետք է իրականացվի դատարանի կողմից արարքի համար պատիժ սահմանող օրենքի կիրառմամբ ընդունված դատավճռի վերանայման միջոցով:

Արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ ուժի կիրառումն ապահովելու վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ արարքի պատժելիության վերացումը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից /տես՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 05.11.2010թ. ԼԴ/0286/01/09 որոշումը/ գնահատվում է որպես արարքի մեջ հանցակազմի բացակայություն, ինչը ենթադրում է, որ ապաքրեականացված արարքի փաստով քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման` հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի պահանջները: Հատկանշական է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի հիշյալ իրավական դիրքորոշումը վերաբերելի է միայն քրեական գործով մինչդատական և դատական վարույթների շրջանակներում անձի նկատմամբ արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու հարցին: Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համակարգային վերլուծությունը վկայում է այն մասին, որ քրեական գործով մինչդատական վարույթի շրջանակներում հիշյալ օրենքի կիրառումն իրականացվում է քրեական հետապնդման մարմնի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, առաջադրված մեղադրանքը վերացնելու կամ մեղադրանքից հրաժարվելու մասին որոշումներով, իսկ դատական վարույթի շրջանակներում` դատարանի` քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ,

վեցերորդ` Սահմանադրության վերոհիշյալ դրույթից բխում է, որ արարքի պատժելիությունը վերացնող օրենքի կիրառման արդյունքում դատարանի կողմից դատավճռի վերանայման հիմքն արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելու հանգամանքն է,

յոթերորդ` պատիժը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելն անմիջականորեն առնչվում է անձի այնպիսի հիմնական իրավունքներին, ինչպիսիք են դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, և ինչպես հանցագործություններ սահմանելու և պատիժներ նշանակելու, այնպես էլ արարքի պատժելիությունը վերացնելու գործընթացները պետք է հիմնված լինեն ոչ միայն ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածով ամրագրված՝ հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքի, այլ նաև հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համաչափության և որոշակիության սահմանադրաիրավական պահանջների անմիջական գործողության ապահովման վրա, քանի որ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:

 

7. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համակարգային վերլուծությունը վկայում է այն մասին, որ օրենսդիրը ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածով նախատեսված՝ արարքի հանցավորությունը վերացնող օրենքների՝ անձանց նկատմամբ հետադարձ ուժով կիրառելու վերաբերյալ հատուկ քրեադատավարական կարգ չի սահմանում, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի շրջանակներում ամրագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, եթե դատապարտյալը եռամսյա ժամկետում չի դիմում դատարան դատական ակտի վերանայման նպատակով, ապա դատախազը եռամսյա ժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում, համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան:

Սույն գործի շրջանակներում առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման հնարավորությունը, բացառությամբ մեկ դեպքի, որը չի առնչվում սույն գործի փաստական հանգամանքներին, օրենսդիրը պայմանավորում է միայն նոր կամ նոր երևան եկած հանգամանքների առկայությամբ: Ուստի Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ սույն գործով վիճարկվող 426.2-րդ հոդվածի հետ համակարգային փոխկապակցվածության մեջ գնահատել նաև նույն օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավակարգավորումների սահմանադրականության հարցը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող 426.2-րդ հոդվածը, որպես նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք, ի թիվս այլոց, նշում է այդ հանգամանքին առնչվող գործին մասնակցած շահագրգռված անձանց (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի հիշյալ դրույթի իմաստով` դատապարտյալները), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին և նրա տեղակալներին (սահմանադիրը ՀՀ դատախազությունը դիտարկում է որպես միասնական համակարգ, ուստի Սահմանադրական դատարանը խնդրահարույց չի համարում այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածը որպես պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքն ուժի մեջ մտնելու հիմքով դատական ակտի վերանայման համար դատարան դիմող սուբյեկտ նշում է դատախազին, իսկ նույն օրենսգրքի 426.2-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Գործերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր հանգամանքների հետևանքով» վերտառությամբ 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանաբար սահմանում է.

«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

2.1) Արդարադատության խորհուրդն ընդունել է որոշում, որով տվյալ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված այլ նոր հանգամանքների դեպքերում...»:

Վերոգրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ, արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու հատուկ քրեադատավարական կարգի բացակայության պայմաններում, մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումների հստակեցումը և իրավակարգավորման բացի հաղթահարումը, ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու, ինչպես նաև անձի հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի շրջանակներում դատական ակտերի` նոր հանգամանքներով վերանայման հիմքերի ցանկում, ի թիվս այլնի, նախատեսված է նաև հետևյալ հիմքը` «ուժի մեջ է մտել արարքի հանցավորությունը վերացնող օրենք.» (տես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի՝ «Նոր հանգամանքներով վերանայման հիմքերը» վերտառությամբ 442-րդ հոդվածը):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով, 60-րդ հոդվածի 1-ին կետով, 63, 64 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի, 66-րդ հոդվածի, 426.2-րդ և 426.3-րդ հոդվածների, 49-րդ գլխի նորմերի, ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի, 84-րդ հոդվածի, «Պատժից ազատելը» վերտառությամբ 12-րդ գլխի նորմերի, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (2016 թվականի մայիսի 16-ի ՀՕ-83-Ն)՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասնակի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի, 66-րդ հոդվածի, 426.3-րդ հոդվածի, 49-րդ գլխի նորմերի, ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի, 12-րդ գլխի նորմերի մասով, կարճել:

2. ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

3. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-83-Ն ՀՀ օրենքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

4. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից՝ արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով։

5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

14 փետրվարի 2017 թվականի

ՍԴՈ-1348

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան