Գլխավոր տեղեկություն
Համար
N 508-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.05.25/41(1221) Հոդ.453
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 2016 թվականի N 508-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 131-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) ուժը կորցրած ճանաչել որոշման NN 1 և 3 հավելվածների 7-րդ կետերը.

2) որոշման N 2 հավելվածի`

ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ հետևյալ խմբագրությամբ.

 

«

ՀՀ ֆինանսների նախարա-րություն

5. Պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրային բյուջետավորման ներդրման համար իրականացվող բարեփոխումներ

- 15 գերատեսչության կողմից 17 բյուջետային ծրագրի նկարագրերի (անձնագրերի) ներկայացում
- բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) կազմման հետ կապված խորհրդատվության տրամադրում համապատասխան գերատեսչություններին

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.4-րդ կետ

»,

բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
  

7. Հարկային վարչարարության կատարելագործում

- հարկային համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների օպտիմալացում՝ 4 տարածքային հարկային տեսչությունների վերակազմավորման արդյունքում հարկային տեսչությունների թվաքանակի նվազեցում (նախկին 22-ի փոխարեն կգործի 20 հարկային տեսչություն)
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպված վարձու աշխատողների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխա-տանքների կատարելագործում՝ գործատուների կողմից գրանցման հայտերի և աշխատանքային պայմանագրերի նույնականացման և գրանցման հայտերի ներկայացման ժամկետների խնդիրների կարգավորման նպատակով համապատասխան օրենսդրական նորմատիվ ակտերում փոփոխությունների իրականացում
- փաստաթղթերի՝ բացառապես էլեկտրոնային եղանակով դուրսգրմամբ պայմանավորված կամերալ (գրասենյակային) ուսումնասիրությունների իրականացման և ստուգման ակտերով պարտավորությունների առաջադրման համակարգի լայնածավալ կիրառում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.5.3-րդ կետ

»,

 

գ. 6-րդ կետի «Պատասխանատու մարմինը» սյունակը լրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով.

3) որոշման N 4 հավելվածի 5-9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

5.

Պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրային բյուջետավորման ներդրման համար իրականացվող բարեփոխումների վերաբերյալ

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի նպատակը ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի (ՀՀ կառավարության գործունեության ծրագիր) «2.2.4. Բյուջետային համակարգ» ենթաբաժնի հինգերորդ պարբերության երկրորդ ենթակետով ամրագրված «ստեղծվելու են անհրաժեշտ նախադրյալներ լիարժեք ծրագրային բյուջետավորման անցման համար` սկսած 2018 թվականից» դրույթի կատարման ապահովումն է:

ՀՀ ֆինանսների նախարարությունը 2005 թվականից նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում բյուջետավորման` մուտքերի (ծառայությունների մատուցման համար օգտագործվող ռեսուրսների) վրա հիմնված եղանակից արդյունքների վրա հիմնված եղանակին աստիճանական անցման նպատակով անհրաժեշտ պայմանների ստեղծման համար:

Արդյունքում՝ նշված անցումային գործընթացում արդեն ընդգրկվել են բոլոր պետական կառավարման մարմինները: ՀՀ պետական բյուջեների նախագծերը, ավանդական ձևաչափին զուգահեռ, մշակվել են նաև ծրագրային բյուջետավորման պահանջներին համապատասխանող ձևաչափով և ներառվել են համապատասխան տարիների բյուջետային փաստաթղթերում:

ՀՀ 2012 թվականի բյուջետային գործընթացում փորձնական կարգով ներդրվել են ծրագրային բյուջետավորման պահանջներից բխող նոր տարրեր` (ա) ՀՀ պետական բյուջեով ծախսային ծրագրեր իրականացնող բոլոր գերատեսչությունների գծով նոր ծրագրային կառուցվածքի և այդ ծրագրերի նոր դասիչների համակարգը, որի համաձայն էլ կազմվել են 2012 թվականի և հետագա տարիների ՀՀ պետական բյուջեների նախագծերը, և (բ) ծրագրերի կառուցվածքի վերափոխման արդյունքում բյուջետային համակարգում շուրջ 860-ի փոխարեն ձևավորվել է 153 ծրագիր:

Բյուջետային տեղեկատվությունն օգտագործողների և հանրության համար առավել հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի համար, սկսած 2011 թվականից, ՀՀ ֆինանսների նախարարության առաջնորդությամբ, առանձին գերատեսչություններ փորձարարական կարգով արդեն իսկ կազմել են 35 բյուջետային ծրագրերի նկարագրեր (անձնագրեր): Նշենք, որ բյուջետային ծրագրի նկարագիրը (անձնագիր) մի գործիք է, որը հնարավորություն է տալիս ամփոփելու և ներկայացնելու տվյալ ծրագրի գծով ծախսերի պլանավորման համար անհրաժեշտ բոլոր կարևորագույն ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշներն ու թիրախները:

ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի նիստի N 53 արձանագրային որոշմամբ հաստատվել է բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) հետագա կազմման ժամանակացույցը, որի համաձայն կամբողջանա և կստեղծվի 83 բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) միասնական համակարգ:

Համաձայն նշված որոշմամբ հաստատված ժամանակացույցի՝ ընթացքի մեջ են համանման ևս 15 անձնագրերի կազմման աշխատանքներ, և 2015 թվականին դրանց թիվը հասել է 50-ի:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում է`

- 15 գերատեսչության կողմից 2016 թվականին 17 բյուջետային ծրագրի նկարագրերը (անձնագրերը) ներկայացնելը,

- բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) կազմման հետ կապված խորհրդատվության տրամադրում համապատասխան գերատեսչություններին:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

6.

Արդիականացված սահմանային անցակետերի գործարկման վերաբերյալ

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի նպատակն է՝

1) «Բագրատաշեն», «Գոգավան» և «Բավրա» պետական սահմանային անցումային կետերի ենթակառուցվածքների ու սարքավորումների արդիականացմանը զուգահեռ քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների համար ապահովել սահմանի կառավարման ոլորտի մարմինների արդյունավետ աշխատանքը և սահմանահատման սահուն գործընթացը.

2) ապահովել Հայաստանի Հանրապետությունում մաքսային հսկողության ներքո ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ տեղափոխման, ինչպես նաև ԵԱՏՄ-ի ապրանքների` ԵԱՏՄ-ի անդամ չհանդիսացող երրորդ երկրի տարածքով տարանցիկ տեղափոխման, ԵԱՏՄ-ի գործող օրենսդրությանը համապատասխան տվյալների փոխանակման, մաքսային ձևակերպումների, հաշվառման և հսկողության էլեկտրոնային համակարգի ներդրումը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում են միջազգային առևտրի խթանում և քաղաքացիների սահուն ու առանց խոչընդոտների սահմանահատման ապահովում: Բացի դրանից, կբարելավվի երկրով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների արդյունավետ գործունեությունը, կմեծացվի մաքսային կետերում իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը, ինչպես նաև կբարձրացվի Հայաստանի Հանրապետության հեղինակությունն արտերկրում, օտարերկրյա գործարարների և հասարակական կարծիք ձևավորող կառույցների շրջանում:

Գերակա խնդրի լուծման արդյունքում հնարավոր կլինի միասնականացնել, դյուրացնել և պարզեցնել պետական սահմանի անցման կետերում գործող սահմանային վերահսկողության և մաքսային հսկողության ընթացակարգերը` բացառելու համար գործառույթների կրկնությունները, անհարկի վերահսկողության կամ հսկողության իրականացումը:

Ներդրված համակարգի արդյունք է հանդիսանալու դյուրինացված հսկողության մեխանիզմի կիրառումը` ապահովելով պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը և հաշվետվողականությունը: Համակարգն ապահովելու է բեռն ուղեկցող փաստաթղթերը և տարանցման հայտարարագրերն առաջին անգամ մաքսային մարմին ներկայացնելուց հետո՝ դրանցում առկա տեղեկատվությունը և ձևավորված հայտարարագրի տվյալները կամ դրանց մի մասն ըստ անհրաժեշտության մաքսային ծառայության այլ գործառնություններում կիրառելու հնարավորությունը:

Համակարգի ներդրման արդյունքում հնարավոր է դառնալու մինչև բեռի սահման հասնելը անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելը, ինչը կհեշտացնի և կարագացնի սահմանային հսկողությունը` միաժամանակ հանգեցնելով լրացուցիչ հսկողական գործառույթների վրա ծախսվող մարդկային ու տեխնիկական ռեսուրսների խնայողությանը:

7.

Հարկային վարչարարության կատարելագործման վերաբերյալ

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հարկային վարչարարության շարունակական բարելավման, հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով կարևորվում են հարկային համակարգի օպտիմալ կառուցվածքի սահմանմանը, համակարգված հարկային հսկողական մեխանիզմների ամբողջական ներդրմանն ուղղված շարունակական քայլերը՝ նպատակ ունենալով ապահովելու հարկային հսկողության հասցեական մոտեցումը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հարկային վարչարարության բարեփոխումների շրջանակում նախատեսվում է սահմանել հարկային համակարգի օպտիմալ կառուցվածք, կատարելագործել հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական մեխանիզմները, մեծացնել կիրառվող հսկողական գործիքների արդյունավետությունը: Արդյունքում կկատարելագործվեն հարկային հսկողության հիման վրա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպված վարձու աշխատողների հայտնաբերման համար իրականացվող աշխատանքները: Միաժամանակ, ամբողջական ծավալով կօգտագործվեն կամերալ ուսումնասիրությունների արդյունքները, և կներդրվի ստուգման ակտերով պարտավորությունների առաջադրման համակարգը, մասնավորապես, ուշադրության կենտրոնում կլինեն շրջանառության հարկ վճարողների գործունեության ռիսկերի գնահատումը, գործարքների փաստաթղթավորման հարցերը:

8.

Մեկ հարկային հաշվի ներդրման նախնական աշխատանքների իրականացման վերաբերյալ

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հնարավորինս պարզեցնել հարկ վճարողների կողմից ՀՀ պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների կատարման գործընթացը: Այդ նպատակով առաջարկվում է հարկային պարտավորությունների վճարման համար ներկայումս գործող բազմաթիվ գանձապետական հաշիվների փոխարեն բացել մեկ գանձապետական հաշիվ, որի դեպքում կկարգավորվեն մի շարք խնդիրներ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթի ընդունմամբ`

- կբացառվի մեկ հարկատեսակի գծով նախատեսված հաշվի փոխարեն այլ հարկատեսակի համար նախատեսված հաշվին սխալ վճարում կատարելը,

- սխալ վճարումների հետևանքով տույժեր այլևս չեն հաշվարկվի,

- կվերանա մեկ հարկատեսակից այլ հարկատեսակին հաշվանցում կատարելու և դրանից բխող անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտությունը (դիմումներ ներկայացնելը, եզրակացություններ կազմելը և այլն),

- կկրճատվեն հարկ վճարողների կողմից վճարված գումարների հաշվանցման ու վերադարձման գործող ընթացակարգերը և դրանց համապատասխան պահանջվող թղթատարությունը,

- կվերանա հարկ վճարողների մոտ «գերավճարների» կուտակման հնարավորությունը,

- կկրճատվի հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկների թիվը (հանվում է ակցիզային հարկի հաշվարկ ներկայացնելու պահանջը),

- եկամտային հարկի և արտոնագրային վճարների գծով ամսական վճարումները կդառնան տարեկան, իսկ հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների գծով պահված (գանձված) շահութահարկի գումարների ամսական վճարումները կդառնան կիսամյակային,

- բոլոր հարկատեսակների և վճարների գծով կնույնականացվեն հարկային հաշվարկներ ներկայացնելու և հարկային պարտավորությունների վճարման ժամկետները,

- կհստակեցվի և կպարզեցվի հարկ վճարողների պարտավորությունների մարման մեխանիզմը,

- ԱԱՀ-ով հարկման ժամանակաշրջանում կուտակված դեբետային մնացորդները հարկ վճարողները կարող են օգտագործել նաև հարկման այլ դաշտում գտնվելու դեպքում,

- կհանվեն տուգանքների՝ օրենքով սահմանված ժամկետներում չվճարման դեպքում դրանց կրկնապատկման դրույթները,

- կհստակեցվի և կպարզեցվի հարկ վճարողների պարտավորությունների մարման մեխանիզմը:

9.

Հարկային մարմնում տվյալների մշակման և վերլուծությունների իրականացման գործառույթների կենտրոնացման, մոնիթորինգի հիման վրա ռիսկերի գնահատման վերաբերյալ

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի սահմանումը պայմանավորված է հարկային համակարգում իրականացվող տվյալների մշակման աշխատանքների կենտրոնացման, համախմբման անհրաժեշտությամբ, ինչը կարևորվում է նաև ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետ գործարկման և կիրառության տեսանկյունից: Հարկային մարմնի կողմից շարունակվում է կարևորվել ռիսկերի վերհանման, գնահատման գործիքակազմի արդյունավետ կիրառությունը, ինչը պահանջում է նաև հարկային համակարգում վերլուծությունների իրականացման գործառույթների կենտրոնացում:

Բացի դրանից, ներկայումս, երբ հարկ վճարողների մասին տեղեկատվությունը հավաքագրվում և մշակվում է էլեկտրոնային եղանակով, խիստ կարևոր է դառնում այդ տեղեկատվության պահպանման հարցը:

Հարկ վճարողների հետ առցանց (online) աշխատելու պարագայում պակաս կարևոր չէ էլեկտրոնային կառավարման համակարգերի անխափան աշխատելու պայմանը, իսկ հնարավոր խափանման դեպքում՝ արագ և ճշգրիտ վերականգնման հարցը:

ՀՀ կառավորությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայի դեպքում՝ հավաքագրվող տեղեկատվության զգալի մասը հարկային գաղտնիք է, և անհրաժեշտ է լիովին վերացնել տեղեկատվության արտահոսքի հնարավորությունը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման արդյունքում Երևան և Դիլիջան քաղաքներում կգործարկվեն տվյալների մշակման կենտրոններ: Գործարկված կենտրոնների միջոցով տվյալների մշակման, վերլուծական աշխատանքները կիրականացվեն կենտրոնացված կարգով, միաժամանակ, զգալիորեն կբարելավվեն իրականացված վերլուծությունների հիման վրա ռիսկերի գնահատման աշխատանքները, կբարձրացվի ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետությունը:

Բացի դրանից, տեղադրված սերվերների հզորությունները կապահովեն համակարգերի արդյունավետ աշխատանքը: Նախատեսվում է ապահովել աշխատանքների զուգահեռությունը երկու կենտրոնում, ինչը հնարավորություն կտա ցանկացած խափանման դեպքում շարունակելու առցանց աշխատանքը, խափանված մասի վերանորոգումը, տվյալների վերականգնումը: Կենտրոնների միջև առկա տարածությունը կապահովի աշխատանքը նաև հնարավոր աղետների դեպքում: Միջազգային չափանիշներին համապատասխան՝ կապահովվեն նաև տվյալների գաղտնիությունը և պահպանումը:

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 23

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան