ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1762(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ | Ն. Հովսեփյան |
դատավորներ՝ | Լ. Սոսյան |
Կ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Է. Հայրիյանի |
2007 թվականի նոյեմբերի 9-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գագիկ Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 07.08.2007 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Երեմ Հարությունյանի ընդդեմ Գագիկ Հարությունյանի և Եղեգնաձորի տարածքային նոտար Սոնա Պողոսյանի` ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ համարելու դիմումի մերժումն անվավեր ճանաչելու, բնակարանից վտարելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Գագիկ Հարությունյանի ընդդեմ Երեմ Հարությունյանի` բնակարանը տիրազուրկ ճանաչելու և այն իրեն ի սեփականություն հանձնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.08.2007 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
Սույն գործով Վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Հարությունյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Երեմ Հարությունյանի ներկայացուցիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ և 144-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը կասեցրել է քաղաքացիական գործի վարույթը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ անհնարին է սույն գործի քննությունը մինչև առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործով որոշում կայացնելը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող Երեմ Հարությունյանի հայցը վերաբերում է բնակության իրավունքին և ընդհանրապես կապ չունի սույն գործի հետ:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 07.08.2007 թվականի որոշումը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.
Քաղաքացիական գործի վարույթի կասեցումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով դատարանի պարտականությունն է, ոչ թե իրավունքը: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը սույն գործով քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին որոշում կայացնելիս չի խախտել նշված հոդվածը:
Վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները հաստատված չեն ապացույցներով:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների՝ օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:
Վերը նշված օրինադրույթների իմաստով դատարանի պարտավորությունն է կասեցնելու գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների:
Վերաքննիչ դատարանը կասեցրել է սույն քաղաքացիական գործի վարույթը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ անհնարին է սույն գործի քննությունը մինչև առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործով որոշում կայացնելը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող Երեմ Հարությունյանի հայցը վերաբերում է բնակության իրավունքին և ընդհանրապես կապ չունի սույն գործի հետ: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի նշել այն շարժառիթները, որոնց հիման վրա հանգել է հետևության այն մասին, որ առաջին ատյանի դատարանի վարույթ ընդունված Երեմ Հարությունյանի` բնակության իրավունքի պահանջի վերաբերյալ գործի քննությունն անհնարին է դարձնում Երեմ Հարությունյանի` ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ համարելու դիմումի մերժումն անվավեր ճանաչելու և բնակարանից Գագիկ Հարությունյանին վտարելու, ինչպես նաև Գագիկ Հարությունյանի` բնակարանը տիրազուրկ ճանաչելու և այն իրեն ի սեփականություն հանձնելու պահանջների վերաբերյալ սույն քաղաքացիական գործի քննությունը:
Ավելին, Վերաքննիչ դատարան ներկայացված «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» 25.07.2007 թվականի որոշումը վավերացած չէ դատավորի կնիքով:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը, որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տրվի կիրառման ենթակա նորմը պարունակող նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Սույն գործի փաստերի հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի և 144-րդ հոդվածի պահանջները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 07.08.2007 թվականի որոշումը:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ՝ |
Ս. Սարգսյան |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | |
Է. Հայրիյան |