040.0035.28.01.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
28 հունվարի 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունվարի 1998 թվականի N 35
քաղ. Երևան
ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետությունում իրականացվող մանրածախ առևտուրը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մանրածախ առևտրի հիմնական կանոնները (կցվում է):
2. Սահմանել, որ պարենային և ոչ պարենային ապրանքների մանրածախ առևտրի կանոնները` ըստ ապրանքային հիմնական խմբերի, հաստատում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 19-ի «Մանրածախ առևտրի հիմնական կանոնները հաստատելու մասին» N 272 որոշման 1-ին և 2-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ի N 35 ՈՐՈՇՄԱՄԲ |
ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌեվՏՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների և անհատ ձեռներեցների (այսուհետև` ձեռնարկություններ) կողմից մանրածախ առևտրի կազմակերպման և իրականացման կանոնները:
2. Մանրածախ առևտրի հիմնական կանոններում (այսուհետև` կանոններ) օգտագործվող հիմնական հասկացությունները`
Մանրածախ առևտուր` անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանքների առուծախ:
Մանրածախ առևտուրն իրականացվում է խանութների, տաղավարների*), կրպակների, ինքնաշխատ սարքերի (ավտոմատներ), ինչպես նաև շրջիկ կետերի և շրջածախ առևտրի միջոցներով (այսուհետև` խանութ):
Խանութ` մանրածախ առևտրի իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված, գնորդների սպասարկման համար առևտրական դահլիճ ունեցող մշտակա (ստացիոնար) շենք կամ շինություն:
Կրպակ` մանրածախ առևտրի իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված, գնորդների սպասարկման համար առևտրական դահլիճ չունեցող ոչ հիմնական տիպի շինություն:
Շրջիկ կետեր` ավտոկրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, մոտոսայլակներ, ձիասայլեր, ավտոցիստեռններ և այլն:
Շրջածախ առևտրի միջոցներ` վաճառասեղաններ, ձեռնասայլակներ, վաճառարկղեր, զամբյուղներ և այլն:
3. Խանութն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադիր փաստաթղթերով և սույն կանոններով:
4. Գնորդների սպասարկման համար առևտրական դահլիճ չունեցող մշտակա ձեռնարկությունների, ինչպես նաև շրջիկ կետերի և շրջածախ առևտրի միջոցներով մանրածախ առևտրի կազմակերպումն ու իրականացումը, սույն կանոններից բացի, կարգավորվում են նաև առևտրի այլ կանոններով:
5. Խանութը պետք է բավարարի սահմանված տեխնիկական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային անվտանգության և այլ նորմերի պահանջները:
6. Խանութի ճակատային մասում, գնորդներին տեսանելի տեղում, փակցվում է ցուցանակ, որտեղ նշվում են խանութի ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն, աշխատանքային ռեժիմը:
7. Խանութը, համաձայն նորմատիվ փաստաթղթերի, ապահովվում է գործունեության համար անհրաժեշտ առևտրատեխնոլոգիական, սառնարանային սարքավորումներով և գույքով:
8. Խանութում օգտագործվող կշեռքները, կշռաքարերը և չափման այլ միջոցները պետք է դրոշմված լինեն սահմանված կարգով:
Խանութը պատասխանատվություն է կրում չափման միջոցների (կշեռքներ, կշռաքարեր, չափիչ տարողություններ, մետրեր և այլն) վիճակի ու ճիշտ օգտագործման համար, ապահովում է համապատասխան մարմինների կողմից դրանց ստուգումը, դրոշմումը:
9. Վաճառքի համար ցուցադրված յուրաքանչյուր ապրանքանմուշ պետք է ունենա հստակ լրացված գնապիտակ:
10. Գնորդների պահանջով նրանց տրվում է տեղեկատվություն ապրանքի ծագման և հիմնական սպառողական հատկությունների մասին, անհրաժեշտության դեպքում ներկայացվում են ապրանքի համապատասխանության փաստաթղթերը:
Գնորդներին հնարավորություն է տրվում ինքնուրույն կամ խանութի աշխատողի օգնությամբ ստուգելու գնված ապրանքի քաշի, չափի ճշտությունը: Այդ նպատակով խանութում պետք է լինեն ստուգիչ կշեռքներ և չափման այլ միջոցներ:
11. Արգելվում է`
ա) նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող, ապրանքային տեսքը կորցրած, պիտանիության և երաշխիքային ժամկետներն անցած ապրանքների վաճառքը, եթե դրա մասին նախապես գրավոր հայտարարված չէ (բացառությամբ դեղամիջոցների, որոնց վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի գրավոր թույլտվության առկայության դեպքում).
բ) պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների վաճառքը` առանց ապրանքների համապատասխանության սերտիֆիկատների:
12. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով գնորդների հետ հաշվարկն իրականացվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով:
13. Գնված ապրանքների փոխանակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
14. Խանութի յուրաքանչյուր աշխատող պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոնները և աշխատատեղի սանիտարական պատշաճ վիճակը, աշխատանքի ընթացքում կրել կազմակերպության ղեկավարի կողմից տրված անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան և զբաղեցրած պաշտոնի նշմամբ, վավերացված` ձեռնարկության կնիքով:
Պարենային ապրանքները վաճառքի համար նախապատրաստող և վաճառք իրականացնող աշխատողները պարտավոր են սահմանված կարգով անցնել նախնական և պարբերական բժշկական զննություն:
(14-րդ կետը լրաց. 13.12.02 N 2035-Ն)
15. Խանութում, գնորդներին տեսանելի տեղում, փակցվում են սույն կանոնները և տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու թույլտվությունը (լիցենզիան):
16. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
17. Սույն կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան լիազորված մարմինը:
_________
*) Գնորդների սպասարկման համար առևտրական դահլիճ ունեցող տաղավարները դասվում են խանութների շարքը: