ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2014 թվականի N 337-Ա
«ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԱՅԻՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը, 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ ու 36-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» (պետական գրանցման համարը` 11.140.00849) փակ բաժնետիրական ընկերությանը (քաղ. Աբովյան, Արզնու խճուղի 10) սեփականության իրավունքով պատկանող` 1411851893 դրամ սկզբնական և 1147722029 դրամ հաշվեկշռային արժեքներով (վերագնահատված), 14787,7 քառ. մետր մակերես ունեցող շենքով, ինչպես նաև գույքի զբաղեցրած` սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ` 7,0503 հեկտար հողատարածքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով:
4. «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել` միացնելով սույն որոշման 4-րդ կետի համաձայն վերանվանված «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված, ինչպես նաև սույն որոշման 4-րդ կետի համաձայն վերանվանված «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի գույքագրումը և հանձնումը, որից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեության համար անհրաժեշտ` անհատույց օգտագործման իրավունքով ամրացման ենթակա անշարժ գույքի վերաբերյալ:
7. Սույն որոշման 6-րդ կետի համաձայն իրականացված աշխատանքների արդյունքում գույքագրված և «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն (այսուհետ` պետական կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով չամրացված գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
8. Սահմանել, որ պետական կազմակերպության հիմնական գործունեության առարկան և նպատակներն են ՝
1) տուբերկուլոզով հիվանդների բժշկական օգնության և սպասարկման իրականացումը.
2) իր իրավասության սահմաններում` Հայաստանի Հանրապետության տարածքում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրից բխող տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված միջոցառումների իրականացման համակարգումը, կազմակերպումն ու դիտարկումը.
3) տուբերկուլոզի կանխարգելման աշխատանքների իրականացումը և համակարգումը.
4) մեթոդոլոգիական օժանդակության ցուցաբերումը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տուբերկուլոզային և հակատուբերկուլոզային ծառայություններին.
5) տուբերկուլոզի կանխարգելման նպատակով առողջ վարքագծի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը.
6) տուբերկուլոզի ժամանակին հայտնաբերման, ճիշտ ախտորոշման և հետագա մասնագիտական բուժման կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության այլ բժշկական կազմակերպություններին մեթոդական և կազմակերպչական օժանդակության ցուցաբերումը:
9. Սահմանել, որ պետական կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) գիտաբժշկական, փորձարարական հետազոտությունների իրականացում.
2) տուբերկուլոզային և հակատուբերկուլոզային ծառայությունների մասնագետների վերապատրաստումների կազմակերպում.
3) բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցում.
4) գիտական և գիտաբժշկական հետազոտությունների իրականացում` ինքնուրույն, ինչպես նաև այլ հիմնարկների և կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերով:
10. Սահմանել, որ պետական կազմակերպության հիմնարկները, մասնաճյուղերը և ներկայացուցչություններն ստեղծվում են լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարի՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:
11. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և սույն որոշման 1-ին կետում նշված ընկերության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի և բաժնետոմսերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային, ինչպես նաև ձեռք բերված բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների գրանցումը՝ սույն որոշման 1-ին կետում նշված ընկերության միջոցների հաշվին,
բ. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական կազմակերպության գործունեության և զարգացման ծրագիրը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում՝
ա. հաստատել միացման պայմանագիրը, միացող ընկերության գույքի, այլ գույքային իրավունքների և պարտավորությունների (ներառյալ վիճարկվող)` պետական կազմակերպությանը փոխանցման ակտը,
բ. հաստատել պետական կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը և արժեքը,
գ. անհրաժեշտության դեպքում հաստատել միացման կարգը և պայմանները, միացող ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը,
դ. հաստատել պետական կազմակերպության կանոնադրության փոփոխությունները,
ե. կատարված փոփոխությունները սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
(11-րդ կետը փոփ. 24.07.14 N 747-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. ապրիլի 3 Երևան |