ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2014 թվականի N 670-Ն
ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ, ԾԱՆՐ, ՎՆԱՍԱԿԱՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բարձր լեռնային վայրերում աշխատելու դեպքում տրվում է հավելում՝ 8000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով.
2) պետական պաշտոններ զբաղեցնող անձանց` առողջության համար ծանր, վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առողջության համար առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված հավելումները պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վճարվում է հիմնական աշխատավարձի հետ միասին` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պարբերականությամբ և ժամկետում:
3. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության 2014 թ. հուլիսի 10 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան