«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006234
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
4 հուլիսի 2006 թ. |
N 342-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ (ԿԱՄ) ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
(նախաբանը փոփ. 18.09.12 թիվ 253-Ն)
1. Հաստատել «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մասին» ուղեցույցը՝ համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ (ԿԱՄ) ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. Սույն ուղեցույցը «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգող արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում հայաստանյան մասնակիցների մասնակցությունը:
2. Սույն ուղեցույցի համաձայն՝ հայաստանյան մասնակիցներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և այլ կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից տրված լիցենզիայի հիման վրա իրավասու են մատուցել վճարահաշվարկային ծառայություններ, և որոնք դիմել են Կենտրոնական բանկ՝ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցելու թույլտվություն ստանալու համար:
3. «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն ուղեցույցի 1-ին կետի կիրառման նպատակով սահմանվում է, որ հայաստանյան մասնակցի նկատմամբ վերահսկողության իրականացման կամ հայաստանյան մասնակցին արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցելու թույլտվության տրամադրման ժամանակ կամ համակարգի գործունեության կանոններում որոշակի տեսակի փոփոխությունների տեղի ունենալու դեպքում հայաստանյան մասնակցի կողմից Կենտրոնական բանկին տեղեկացնելու ժամանակ, սույն ուղեցույցի 4-րդ կետում նշված հիմքերից (դեպքերից) ցանկացածի բացահայտման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել մասնակցությունը արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում կամ ուժը կորցրած ճանաչել իր կողմից տրված` մասնակցելու թույլտվությունը:
4. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում հայաստանյան մասնակցի մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը կարող են վտանգվել այն դեպքերում, երբ՝
1) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորի (այսուհետ՝ Օպերատոր) գործունեությունը կարգավորվում է այն երկրի օրենսդրությամբ, որը ներառված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի թիվ 292-Ն որոշմամբ հաստատված «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրություն չունեցող պետությունների և տարածքների ցանկում».
2) Օպերատորը կամ վերջինիս սեփականատերերից որևէ մեկը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի կողմից սահմանված ահաբեկչության մեջ կասկածվող անձանց ու կազմակերպությունների ցանկերում.
3) Օպերատորը Հայաստանի Հանրապետությունում ծառայություններ է մատուցելու (մատուցում է) միայն մեկ հայաստանյան մասնակցի միջոցով կամ Օպերատորը այլ երկրների համեմատ անհավասար պայմաններ է սահմանում (ստեղծում) համակարգին հայաստանյան մասնակիցների մասնակցության համար կամ Օպերատորը մասնակցության անհավասար պայմաններ է սահմանում տարբեր հայաստանյան մասնակիցների համար կամ Օպերատորն իր վարքագծով հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը: Սույն ենթակետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն հայցող (կամ մասնակցող) հայաստանյան մասնակիցը կամ համակարգի Օպերատորը կարող է ներկայացնել համապատասխան հիմնավորում սույն ենթակետով սահմանված հիմքերի առկայության անխուսափելիության կամ անհրաժեշտության վերաբերյալ: Այդ հիմնավորումները Կենտրոնական բանկի կողմից ընդունվելու դեպքում սույն ենթակետով նախատեսված հիմքերը չեն համարվի արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում հայաստանյան մասնակցի մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությանը և (կամ) իրացվելիությանը և (կամ) վճարունակությանը վտանգող հիմքեր.
4) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի Օպերատորի կողմից ընդունված համակարգի գործունեության կանոններում (և/կամ) հայաստանյան մասնակցի և Օպերատորի միջև կնքված պայմանագրում, և/կամ ցանկացած այլ փաստաթղթում, որով կարգավորվում են հայաստանյան մասնակցի և Օպերատորի միջև հարաբերությունները՝
ա. սահմանված է Օպերատորի իրավասությունը զրկելու հայաստանյան մասնակցին արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում անդամակցությունից, և միաժամանակ սահմանված չեն զրկելու պայմանները (պատճառները, հիմքերը) և ընթացակարգերը (այդ թվում՝ տեղեկացման), կամ վերջիններս սահմանված են ոչ հստակ (կարող են ոչ միանշանակորեն մեկնաբանվել), կամ
բ. հայաստանյան մասնակցին արգելվում է այլ նմանատիպ վճարահաշվարկային համակարգերում մասնակցությունը, կամ
գ. սահմանված չեն իրացվելիության, վարկային, հաշվարկային կամ տեխնիկական ռիսկերի զսպման, սահմանափակման մեխանիզմներ, որոնց բացակայության կամ անբավարարության հետևանքով հայաստանյան մասնակիցը կարող է կրել ֆինանսական կորուստներ (որոնք կարող են բացասաբար անդրադառնալ հայաստանյան ֆինանսական շուկայի այլ մասնակիցների վրա), կամ կարող է խարխլվել վերջինիս բարի համբավը,
դ. առանց բանկային հաշվի բացման դրամական փոխանցումների իրականացման արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում (այսուհետ՝ Արագ փոխանցումների համակարգ) սահմանված չէ Օպերատորի պարտավորությունն ապահովել իր համակարգի սպասարկումը հայաստանյան մասնակցի բոլոր տարածքային ստորաբաժանումներում, այդ թվում` սահմանված չէ Օպերատորի պարտավորությունն իր համակարգին միացված հայաստանյան մասնակցի բոլոր տարածքային ստորաբաժանումների և (կամ) համակարգը սպասարկող ինքնասպասարկման սարքավորումների (սպասարկման կետերի) գտնվելու վայրերի (առնվազն բնակավայրերի) վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրել համակարգի ծրագրային ապահովման համակարգում կամ էլեկտրոնային տեղեկատուներում և ուղղակի ձևով (առանց հղումների) իր ինտերնետային կայքում տեսանելի վայրում, ինչպես նաև ապահովել այդ տեղեկատվության հասանելիությունը համակարգի բոլոր սպասարկման կետերում,
ե. սահմանված են վճարահաշվարկային համակարգի անդամակցությունից մեկամսյա ժամկետից շուտ զրկելու կամ միակողմանիորեն պայմանագիրը լուծելու հիմքեր (պայմաններ), բացառությամբ հետևյալ դեպքերի՝
ե1) հայաստանյան մասնակցի կողմից իր պարտավորությունների չկատարումը, կամ
ե2) Օպերատորի երկրի իրավասու մարմնի կողմից այնպիսի որոշման ընդունումը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պարտավորեցնում կամ որևէ այլ կերպ պարտադրում է Օպերատորին մեկամսյա ժամկետից շուտ հայաստանյան մասնակցին զրկել անդամակցությունից, կամ
ե3) Հայաստանի Հանրապետության՝ Ֆինանսական գործառնությունների հատուկ հանձնախմբի չհամագործակցող երկրների ցուցակներում ընդգրկված լինելը, կամ
ե4) հայաստանյան մասնակցի սեփականատերերի (մասնակիցների) փոփոխությունը, կամ
ե5) հայաստանյան մասնակցին անվճարունակ ճանաչելը կամ սնանկ ճանաչելու հայցով դատարան դիմելը, կամ ֆինանսական գործունեություն իրականացնելու լիցենզիայից (թույլտվությունից) զրկելը:
5) Հանրային նշանակություն ունեցող Արագ փոխանցումների համակարգի գործունեության կանոններում (և/կամ) հայաստանյան մասնակցի և Օպերատորի միջև կնքված պայմանագրում, և/կամ ցանկացած այլ փաստաթղթում, որով կարգավորվում են հայաստանյան մասնակցի և Օպերատորի միջև հարաբերությունները սահմանված չէ՝
ա. Արագ փոխանցումների համակարգի Օպերատորի պարտավորությունը հայաստանյան բոլոր մասնակիցների հետ տվյալ համակարգին անդամակցությունը դադարեցնելուց (Հայաստանի Հանրապետությունում գործունեությունը դադարեցնելուց) առնվազն երեք ամիս առաջ տեղեկացնել հայաստանյան բոլոր մասնակիցներին, բացառությամբ հետևյալ դեպքերի՝
ա1) Արագ փոխանցումների համակարգի Օպերատորի երկրի իրավասու մարմնի կողմից այնպիսի որոշման ընդունումը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պարտավորեցնում կամ որևէ այլ կերպ պարտադրում է համակարգի Օպերատորին եռամսյա ժամկետից շուտ դադարեցնել հայաստանյան բոլոր մասնակիցների հետ տվյալ համակարգին անդամակցությունը (դադարեցնել Հայաստանի Հանրապետությունում գործունեությունը), կամ
ա2) Հայաստանի Հանրապետության՝ Ֆինանսական գործառնությունների հատուկ հանձնախմբի չհամագործակցող երկրների ցուցակներում ընդգրկված լինելը:
բ. Արագ փոխանցումների համակարգի օպերատորի պարտավորությունը տվյալ համակարգում վերջնահաշվարկը կատարել օրական կտրվածքով:
6) Արագ փոխանցումների համակարգի օպերատորը հանրային նշանակության համակարգ դասվելու մասին տեղեկացումը ստանալուց հետո առավելագույնը երկու ամսվա ընթացքում, չի ապահովում հայաստանյան առնվազն երկու մասնակցի այդ համակարգին անդամակցելու հնարավորությունը: Սույն ենթակետով նախատեսված տեղեկացումը ուղարկվում է Արագ փոխանցումների համակարգի օպերատորին՝ համաձայն սույն ուղեցույցի հավելվածի:
7) Հայաստանի Հանրապետությունում ստացված դրամական փոխանցումների ընդհանուր ծավալում յուրաքանչյուր առանձին Արագ փոխանցումների համակարգով ստացված դրամական փոխանցումների մասնաբաժինը յուրաքանչյուր ամսվան նախորդող վեց ամիսների միջինացված տվյալների (այսուհետ՝ Կիսամյակային արդյունք) համաձայն գերազանցում է 30 տոկոսը և սույն ուղեցույցով սահմանված Կենտրոնական բանկի կողմից տեղեկացման օրվանից երկու ամսվա ընթացքում Կիսամյակային արդյունքի համաձայն Արագ փոխանցումների համակարգի մասնաբաժինը չի նվազում 30 տոկոսից: Ընդ որում, սույն ենթակետով նախատեսված Արագ փոխանցումների համակարգով իրականացված դրամական փոխանցումների մասնաբաժինը հաշվարկվում է և Արագ փոխանցումների համակարգի օպերատորը դրա վերաբերյալ տեղեկացվում է Կենտրոնական բանկի կողմից՝ համաձայն սույն ուղեցույցի հավելվածի:
8) Օպերատորը չի ապահովում սույն ուղեցույցի 4-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված պահանջները:
(4-րդ կետը լրաց. 23.09.08 թիվ 275-Ն, 09.11.10 թիվ 302-Ն, փոփ., լրաց. 18.09.12 թիվ 253-Ն, խմբ. 24.09.13 թիվ 221-Ն)
5. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորի կամ հաշվարկային բանկի գործունեության դադարեցման կամ վերջիններիս երկրի իրավասու մարմնի կողմից ժամանակավոր ադմինիստրացիայի, կառավարչի կամ նման այլ մարմնի նշանակման դեպքերում, հայաստանյան մասնակցի տվյալ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում հետագա մասնակցության հարցը քննարկվում է Կենտրոնական բանկի կողմից՝ հայաստանյան մասնակցի ֆինանսական կայունության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգվելու տեսանկյունից:
6. Սույն ուղեցույցի իմաստով՝ Արագ փոխանցումների համակարգը հանրային նշանակություն ունի, եթե.
ա. այդ համակարգով իրականացվում են ֆինանսական շուկաներում գործառնությունների հետ կապված հաշվարկները, կամ
բ. այն որոշակի տեսակի վճարումներ կատարելու միակ համակարգն է Հայաստանի Հանրապետությունում, կամ
գ. օրացուցային տարվա չորս եռամսյակներից առնվազն երկուսում տվյալ համակարգով իրականացված դրամական փոխանցումների ծավալը գերազանցել է նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում նման համակարգերով կատարված դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի 10 (տասը) տոկոսը:
(6-րդ կետը խմբ. 24.09.13 թիվ 221-Ն)
7. Համակարգը համարվում է սույն ուղեցույցի 6-րդ կետով սահմանված հանրային նշանակություն ունեցող՝ Կենտրոնական բանկի կողմից համակարգի Օպերատորին տեղեկացնելու օրվանից: Սույն կետով նախատեսված տեղեկացումները Կենտրոնական բանկի կողմից ուղարկվում են Օպերատորին՝ Օպերատորի կողմից գրավոր (թղթային կամ էլեկտրոնային եղանակով) ուղարկված տեղեկացման մեջ նշված հասցեով և եղանակով: Այն դեպքում, երբ Օպերատորը սույն կետով նախատեսված տեղեկացումը չի ուղարկում, ապա Կենտրոնական բանկի սույն գլխով նախատեսված տեղեկացումները ուղարկվում են Օպերատորի ինտերնետային կայքում զետեղված կամ այլ կերպ հայտնի դարձած էլեկտրոնային կամ փոստային հասցեով: Ընդ որում, սույն կետով սահմանված տեղեկացումը համակարգի Օպերատորին ուղարկվում է նաև այն դեպքում, երբ համակարգը դադարում է լինել հանրային նշանակություն ունեցող:
(7-րդ կետը լրաց. 24.09.13 թիվ 221-Ն)
(հավելվածը լրաց. 23.09.08 թիվ 275-Ն, 09.11.10 թիվ 302-Ն, փոփ., լրաց. 18.09.12 թիվ 253-Ն, խմբ., լրաց. 24.09.13 թիվ 221-Ն)
Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի
թիվ 342-Ն որոշմամբ հաստատված ««Արտասահմանյան վճարահաշվարկային
համակարգում մասնակցության հետևանքով Հայաստանի
Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը
և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու
մասին» ուղեցույցի
Արագ փոխանցումների համակարգով ստացված փոխանցումների մասնաբաժնի չափի, ինչպես նաև Արագ փոխանցումների համակարգը որպես հանրային նշանակություն ունեցող համակարգ դասվելու վերաբերյալ տեղեկացումը
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը տեղեկացնում է Արագ փոխանցումների համակարգի օպերատորին Հայաստանի Հանրապետության տարածքում Կիսամյակային արդյունքի համաձայն Արագ փոխանցումների համակարգերով ստացված փոխանցումների ընդհանուր ծավալում տվյալ համակարգով ստացված փոխանցումների մասնաբաժնի չափի վերաբերյալ:
2. Կենտրոնական բանկը Արագ փոխանցումների համակարգի օպերատորին տեղեկացնում է նաև տվյալ համակարգը, սույն ուղեցույցի իմաստով, որպես հանրային նշանակություն ունեցող համակարգ դասվելու մասին:
3. Սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկացումը Արագ փոխանցումների համակարգի օպերատորին է ուղարկվում սույն ուղեցույցի 6-րդ կետի «գ» պարբերության հիման վրա, օրացուցային տարվան հաջորդող փետրվարի 15-ին: Ընդ որում, եթե սույն կետով նախատեսված տեղեկացման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա Կենտրոնական բանկը տեղեկացնում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:
4. Սույն հավելվածով նախատեսված տեղեկացումները Կենտրոնական բանկի կողմից ուղարկվում են Արագ փոխանցումների համակարգի օպերատորին՝ վերջինիս կողմից հայտնած իր համար նախընտրելի ձևով: Այն դեպքում, երբ Արագ փոխանցումների համակարգի օպերատորի կողմից սույն գլխով նախատեսված տեղեկացման ուղարկման համար նախընտրելի ձև Արագ փոխանցումների համակարգի օպերատորը չի հայտնում, ապա այդ տեղեկացումը ուղարկվում է վերջինիս՝ իր ինտերնետային կայքում զետեղված էլեկտրոնային փոստին կամ այլ հասցեով:
(հավելվածը լրաց. 24.09.13 թիվ 221-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.04.2021, թիվ 55-Ն | 17.05.2021, N 342-Ն | |
24.09.2013, թիվ 221-Ն | 25.10.2013, N 342-Ն | |
18.09.2012, թիվ 253-Ն | 25.10.2012, N 342-Ն | |
09.11.2010, թիվ 302-Ն | 25.12.2010, N 342-Ն | |
23.09.2008, թիվ 275-Ն | 01.11.2008, N 342-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|