ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2017 թվականի N 541-Ն
«ԱՄԲԵՐԴ ԱՄՐՈՑ», «ԲԵՐԴ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԱՄԲԵՐԴ ԱՄՐՈՑ», «ԲԵՐԴ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 13-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի համայնքում (12.9909 հեկտար) գտնվող «Բերդ» և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Անտառուտի (19,3438 հեկտար) և Օրգովի (25,7330 հեկտար) համայնքներում գտնվող «Ամբերդ ամրոց» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցները:
2. Սահմանել`
1) «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքը՝ 45.07 հեկտար.
2) «Բերդ» պատմամշակութային արգելոցի տարածքը՝ 12.9909 հեկտար:
3. Սահմանել, որ «Ամբերդ ամրոց» և «Բերդ» պատմամշակութային արգելոցների պահպանման և շահագործման ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Անտառուտի (19,3438 հեկտար) և Օրգովի (25,7330 հեկտար) համայնքների ղեկավարներին պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը սահմանված կարգով փոխադրել հատուկ պահպանվող հողերի դասին:
5. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` իրականացնել հսկողություն սույն որոշման 4-րդ կետի կատարման նկատմամբ:
6. Ստեղծել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ամբերդ ամրոց» և «Բերդ» պատմամշակութային արգելոցների մասնաճյուղերը:
7. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Ամբերդ ամրոց» և «Բերդ» պատմամշակութային արգելոցների զբաղեցրած հողամասերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անվամբ սեփականության իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով կնքել համապատասխան 45.07 և 12.9909 հեկտար հողերի անհատույց անժամկետ օգտագործման պայմանագիր` դրանում սահմանելով, որ սույն կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Ամբերդ ամրոց» և «Բերդ» պատմամշակութային արգելոցների մասնաճյուղերի կանոնադրությունների հաստատումը:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման մեջ փոփոխություն կատարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 312-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» ենթակետով.
«ե) արգելոցի տարածքում զբոսավարի, ուղեկցորդի, էքսկուրսային, մշակութային և հանրային սննդի ծառայությունների մատուցում` սահմանված ռեժիմներին համապատասխան.».
2) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23-րդ և 24-րդ կետերով.
«23. «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց
24. «Բերդ» պատմամշակութային արգելոց».
4) որոշման N 2 հավելվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» ենթակետով.
«ե) արգելոցի տարածքում զբոսավարի, ուղեկցորդի, էքսկուրսային, մշակութային և հանրային սննդի ծառայությունների մատուցում` սահմանված ռեժիմներին համապատասխան:»:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. մայիսի 23 Երևան
վարչապետԿ. Կարապետյան