Ա Ռ Ա Ջ Ի Ն Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք
ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (ԹԻՎ 2)
(Գանգատ թիվ 24723/05)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
4 փետրվարի 2016թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի գործով (թիվ 2)
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Միրյանա Լազարովա Տրայկովսկա [Mirjana Lazarova Trajkovska], Նախագահ,
Լեդի Բիանկու [Ledi Bianku],
Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],
Ալեշ Պեյչալ [Aleš AlesPejchal],
Ռոբերտ Սպանո [Robert Spano],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Պաուլին Կոսկելո [Pauliine Koskelo], դատավորներ,
և Անդրե Ուամպաշ [Andrռ Wampach], Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2016 թվականի հունվարի 12-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն, կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի քաղաքացի պրն Լավրենտի Կիրակոսյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հունվարի 14-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 24723/05) հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել են Լոնդոնում գործող Մարդու իրավունքների քրդական ծրագրի (ՄԻՔԾ) [Kurdish Human Rights Project (KHRP)] իրավաբաններ պրն Մ. Մյուլլերը, պրն Թ. Օթթին և պրն Ք. Յըլդըզը, Երևանում գործող փաստաբան պրն Տ. Տեր–Եսայանը և պրակտիկ գործունեությամբ չզբաղվող իրավաբան պրն Ա Ղազարյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3. Դիմումատուն պնդել է, մասնավորապես, որ իր բնակարանը ենթարկվել է ապօրինի խուզարկության և' հիմքերի, և' կատարման եղանակի մասով, և դրա արդյունքներն օգտագործվել են որպես ապացույց՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար:
4. 2009 թվականի հունվարի 20–ին գանգատն ուղարկվել է Կառավարություն։
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմումատուն ծնվել է 1960 թվականին և բնակվում է Հայաստանի Քարակերտ գյուղում։
Ա. Դիմումատուի վարչական կալանքը
6. Դիմումատուն 1995 թվականից «Ազգային դեմոկրատական միություն» ընդդիմադիր կուսակցության անդամ է հանդիսացել: 1997 թվականից գլխավորել է կուսակցության՝ Բաղրամյանի տարածքում գտնվող տեղական գրասենյակները:
7. 2004 թվականի մարտ և ապրիլ ամիսներին Երևանում մի շարք բողոքի ցույցեր են կազմակերպվել ընդդիմադիր կուսակցությունների կողմից, որոնք բարձրաձայնում էին 2003 թվականի փետրվար-մարտ ամիսների նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ենթադրյալ խախտումների հետ կապված իրենց քննադատությունը և կասկածի տակ դնում վերընտրված Նախագահի օրինականության հարցը: Ըստ երևույթին, դիմումատուն մասնակցել է այդ ցույցերին: Նա պնդել է, որ իշխանությունները վրեժխնդիր էին լինում՝ ձերբակալելով, ահաբեկելով և խուզարկելով ընդդիմության կողմնակիցներին:
8. 2004 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 17:10–ին, դիմումատուն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին, որտեղ նրա դեմ վարչական գործ է հարուցվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու համար:
9. Նույն օրը Արմավիրի մարզային դատարանը [Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան] դիմումատուին ենթարկել է տասնօրյա վարչական կալանքի:
10. Տասնօրյա վարչական պատիժը պետք է հաշվարկվեր 2004 թվականի ապրիլի 10-ի ժամը 17:10–ից: Դիմումատուն տեղափոխվել է Էջմիածին քաղաքում գտնվող՝ անազատության վայր, որտեղ կրել է իր պատիժը:
Բ. Դիմումատուի բնակարանի խուզարկությունը
11. 2004 թվականի ապրիլի 20-ին՝ չպարզված ժամի, Արմավիրի մարզային դատարանը քննել և բավարարել է քննիչի միջնորդությունը, որն ակնհայտորեն ներկայացվել էր նույն օրը՝ պահանջելով խուզարկել դիմումատուի բնակարանը: Դատարանի որոշմամբ նշվում էր.
«Նախաքննության մարմինը հիմնավորված է համարել, որ 2004 թվականի մարտի 27-ի կեսօրին՝ մոտավորապես ժամը 12-ին, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչները [Կ.Կ. և Բ.Կ.] Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրում առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իշխանության՝ իրենց պաշտոնական պարտականությունները կատարող ներկայացուցիչների՝ [մասնավորապես] Լեռնագոգ գյուղի գյուղապետի [Ս.Մ.] և գյուղական խորհրդի աշխատակազմի ղեկավարի [Ա.Մ.] նկատմամբ: Համաձայն օպերատիվ տեղեկությունների՝ [Բ.Կ.-ն և Կ.Կ.-ն] պատահարի ժամանակ զենք են կրել: Նշված զենքը թաքցնելու նպատակով նրանք այն փոխանցել են Քարակերտ գյուղի՝ Բաղրամյանի տարածաշրջանի եզդիների միության անդամ հանդիսացող բնակչին [դիմումատու], որն այդ զենքը կարող էր թաքցրած լինել Քարակերտ գյուղում գտնվող իր բնակարաններից մեկում:
Այս փաստի առնչությամբ Արմավիրի մարզային դատախազությունը 2004 թվականի մարտի 27-ին հարուցել է թիվ 65200604 քրեական գործը:
Հաշվի առնելով այն փաստը, որ քրեական գործին առնչվող փաստերը բավարար հիմքեր են տալիս ենթադրելու, որ ապօրինաբար պահվող զենքը և զինամթերքը, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ և արժեքներ կարող են գտնվել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող [դիմումատուի] բնակարանում, դատարանը հետևաբար գտնում է, որ միջնորդությունը հիմնավորված է և պետք է բավարարվի»:
12. Որոշման մեջ նշվել է, որ այն կարող էր վիճարկվել 15 օրվա ընթացքում՝ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում:
13. Դիմումատուն պնդել է, որ այդ օրը՝ վարչական պատժի ավարտից մի քանի ժամ առաջ, նրան Էջմիածնի՝ ազատազրկման վայրից տեղափոխել են Բաղրամյանի ոստիկանության բաժանմունք: Այդտեղից ոստիկանության առնվազն տասը ծառայողների ուղեկցությամբ նրան տուն են տեղափոխել:
14. Խուզարկության արձանագրության համաձայն՝ խուզարկությունը կատարվել է ժամը 17:10-ից մինչև 18:55-ը՝ Բաղրամյանի ոստիկանության բաժանմունքի՝ ոստիկանության 7 ծառայողների` Ե.Մ.-ի, Բ.Մ.-ի, Մ.Գ.-ի, Ա.Գե.-ի, Ս.Մ.-ի, Գ.Ե.-ի և Ա.Գա.-ի կողմից: Ոստիկանական խմբի ղեկավարը երկու հարևաններին՝ Գ.Գ.-ին և Մ.Ս.-ին, խնդրել է մասնակցել խուզարկությանը որպես ընթերակա: Դիմումատուից պահանջվել է հանձնել ենթադրաբար իր բնակարանում պահվող ապօրինի զենքը: Դիմումատուն հայտնել է, որ բնակարանում ապօրինի առարկաներ չունի: Խուզարկության արդյունքում նախասենյակում դրված եռուցիչի մեջ հայտնաբերվել է կանեփանման խոտաբույս պարունակող պոլիէթիլենային տոպրակ: Դիմումատուն հայտնել է, որ չգիտի, թե դա ինչ է և ում է պատկանում: Արձանագրության վերջում նշվել է, որ դիմումատուն հրաժարվել է ստորագրել արձանագրությունը՝ առանց հիմնավորումներ ներկայացնելու:
15. Ըստ դիմումատուի և երկու ընթերակաների՝ դիմումի ձևին կցված ցուցմունքների համաձայն՝ խուզարկությունը կատարվել է հետևյալ կերպ: Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ բնակարան վերադառնալով՝ դիմումատուն իր հղի կնոջը գտել է կրիտիկական վիճակում, որի մոտ, ըստ երևույթին, վիժում էր սկսվել, իսկ իր մեկ տարեկան տղան լաց էր լինում նրա կողքին: Նրան տեսնելով՝ դիմումատուի կինը կորցրել է գիտակցությունը: Բժիշկ են կանչել, և մի քանի հարևան կանայք են եկել օգնելու: Այդ պահին ոստիկանական խմբի ղեկավարը դիմումատուին տեղեկացրել է, որ նրա բնակարանը պետք է խուզարկվի՝ նրան հակիրճ ներկայացնելով խուզարկություն կատարելու մասին համապատասխան որոշումը: Դիմումատուն պնդել է, որ ընթերականեր Գ.Գ.-ին և Մ.Ս.-ին խնդրել են մասնակցել միայն այն ժամանակ, երբ խուզարկությունն արդեն սկսվել էր: Ինչպես պարզվում է, Գ.Գ.-ն պատերազմի վետերան էր, որը կոնտուզիա էր ստացել և լրջորեն վնասվել, իսկ Մ.Ս.-ն 74 տարեկան էր: Խուզարկությունը կատարվել է ոստիկանության ավելի քան 10 ծառայողների կողմից, որոնք նաև օգտագործել են հատուկ վարժեցված երկու շուն: Բնակարանը խուզարկելուց և ոչինչ չգտնելուց հետո ոստիկանության ծառայողները սկսել են խուզարկել բակը և հարակից կառույցները: Դիմումատուն պնդել է, որ դրսի հատվածում կատարվող խուզարկության ընթացքում իր բնակարանի մուտքի դուռը բաց է մնացել, և մարդիկ, այդ թվում՝ ոստիկանության ծառայողները եկել են և գնացել: Ավելին, ոստիկանության ծառայողների մի խումբ կանգնել է մուտքի դռան առջև, մինչ մյուսները շարունակել են խուզարկությունը: Բնակարանից դուրս հատվածում ոչինչ չգտնելով՝ ոստիկանական խմբի ղեկավարը հայտարարել է, որ պետք է կրկին խուզարկեն բնակարանի ներսը, որին ընթերակա Գ.Գ.-ն առարկել է: Լրացուցիչ խուզարկությունից հետո ոստիկանության ծառայողները գտել են վերևում հիշատակված պոլիէթիլենային տոպրակը: Ընթերակաները նշել են, որ իրենց առարկությունները չեն արձանագրվել: Ավելին, ոստիկանության ծառայողները նրանց համոզել են և սպառնացել, որ ստորագրեն արձանագրությունը:
16. Դիմումատուն պնդել է, որ նրան կրկին տեղափոխել են ոստիկանության բաժին, որտեղ ոստիկանության պետը խոստացել է, որ եթե նա հրաժարվի իր քաղաքական համոզմունքներից և դուրս գա կուսակցությունից, կանեփի առնչությամբ հետագա գործողություններ չեն ձեռնարկվի: Դիմումատուն հրաժարվել է այդպիսի գործարք կնքելուց:
17. Դիմումատուն այնուհետև պնդել է, որ նրան ամբողջ գիշեր պահել են ոստիկանության բաժնում: Նրան կերակուր են տվել, այդ թվում՝ համբուրգեր: Կերակուրն ուտելուց մոտավորապես 15-ից 20 րոպե հետո նա սրտխառնոց է ունեցել, սկսել է փսխել և կորցրել է գիտակցությունը: Շտապ օգնություն է կանչվել, և կատարվել են ներարկումներ: Ըստ դիմումատուի՝ իր կերակուրի մեջ թմրանյութ է ավելացված եղել:
Գ. Դիմումատուի դեմ քրեական գործով վարույթը
18. 2004 թվականի ապրիլի 21-ին, Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, դիմումատուի դեմ քրեական գործով վարույթ է հարուցվել՝ ապօրինի թմրանյութ պահելու մասով: Նույն օրը՝ ժամը 23:18-ին, դիմումատուն պաշտոնապես ձերբակալվել է:
19. Նույն օրը քննիչը որոշել է դիմումատուին ենթարկել դատաթունաբանական փորձաքննության: Դիմումատուն պնդել է, որ չի ստացել տվյալ որոշման պատճենը: Նա տեղափոխվել է Նարկոլոգիական հանրապետական կենտրոն, որտեղ նրանից մեզի նմուշ են վերցրել:
20. Ըստ երևույթին, նույն օրը տվյալ գործով փաստաբան է ներգրավվել։ Հետագայում պարզ է դառնում, որ դիմումատուն հարցաքննվել է և հերքել թմրանյութ պահելու մեղադրանքը:
21. Չպարզված օրը պոլիէթիլենային տոպրակը և մոտավորապես 59 գրամ կշռով բուսական ծագման նյութը քննության են ենթարկվել դատական փորձագետի կողմից, և պարզվել է, որ դա կանեփ է:
22. 2004 թվականի ապրիլի 23-ին դիմումատուն պաշտոնապես մեղադրվել է ապօրինի թմրանյութ պահելու մեջ և դատարանի որոշմամբ կալանավորվել է:
23. Նույն օրը ստացվել է փորձագետի թունաբանական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն դիմումատուի մեզի նմուշում հայտնաբերվել են կանեփի օգտագործման նշաններ:
24. Նույն օրը փաստաբանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզային դատախազին՝ պահանջելով դադարեցնել հետապնդումն այն հիմքով, որ, inter alia (ի թիվս այլնի), խուզարկությունը կատարվել է բազմաթիվ դատավարական խախտումներով: Համանման բողոք է ներկայացվել 2004 թվականի ապրիլի 27-ին:
25. Ըստ դիմումատուի՝ իր փաստաբանը չպարզված օրը պահանջել է, որ դատական փորձագետի կողմից կատարվի կանեփի և պոլիէթիլենային տոպրակի լրացուցիչ փորձաքննություն: Պահանջը մերժվել է: Նա այնուհետև պնդել է, որ քննության ընթացքում ոստիկանության ծառայողները ճնշում են գործադրել ընթերակաների վրա, որ նրանք չմասնակցեն այն առերեսումներին, որոնք ակնհայտորեն դիմումատուն էր պահանջել:
26. 2004 թվականի մայիսի 7-ին դիմումատուի փաստաբանը դիմել է Արմավիրի մարզային դատախազին՝ վիճարկելով քննիչի անկողմնակալությունը և խուզարկությունն անօրինական ձևով անցկացնելու մասով մանրամասն բողոք ներկայացնելով, պնդելով, inter alia, որ կանեփ պարունակող տոպրակը դրվել է ոստիկանության՝ խուզարկությունը կատարող ծառայողների կողմից:
27. 2004 թվականի հունիսի 9-ին դիմումատուի փաստաբանն Արմավիրի մարզային դատախազին բողոք է ներկայացրել այն մասին, որ խուզարկություն կատարելու մասին որոշման համար պատշաճ հիմքեր չեն բերվել, և խուզարկությունը կատարվել է բազմաթիվ դատավարական խախտումներով: Փաստաբանը վիճարկել է, որ խախտումների հետ կապված իր պնդումներն ուսումնասիրելու ժամանակ քննիչը որևէ ապացույց ձեռք չի բերել: Նման ապացույցներ կարելի էր ձեռք բերել՝ հարցաքննելով դիմումատուի հարևաններին և այն բժշկին, որը դիմումատուի կնոջն առաջին օգնություն էր ցույց տվել, և որը ներկա էր եղել խուզարկությանը, ինչպես նաև կատարելով դիմումատուի և ընթերակաների առերեսում:
28. Չպարզված օրը դիմումատուի քրեական գործը ներկայացվել է Արմավիրի մարզային դատարան:
29. Ըստ երևույթին, մարզային դատարանի վարույթի ընթացքում դիմումատուի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով, որ խուզարկության արդյունքները հանվեն՝ որպես անօրինական ճանապարհով ձեռք բերված ապացույց: Հետագայում պարզ է դառնում, որ մարզային դատարանը այս միջնորդության հետ կապված որևէ որոշում չի կայացրել:
30. Ընթերականեր Մ.Ս.-ն և Գ.Գ.-ն ցուցմունք են տվել քննությունն իրականացնող դատարանում: Դիմումատուի փաստաբանի կողմից տրված հարցերին ի պատասխան՝ Մ.Ս.-ն նշել է, inter alia, որ նա և Գ.Գ.-ն, որքանով հնարավոր էր, հետևել են ոստիկանության ծառայողներին՝ մինչ նրանք ոստիկանության այլ ծառայողների հետ միասին մտնում էին սենյակ և դուրս գալիս: Դեպքերի մասով իր նկարագրության ժամանակ Գ.Գ.-ն, ի թիվս այլ հանգամանքների, նշել է, որ ոստիկանության ծառայողներից մեկին օգնել է վերցնել եռուցիչը, որում հայտնաբերվել էր պոլիէթիլենային տոպրակ և մեկ ափսե: Նա հետագայում նշել է, որ և' պոլիէթիլենային տոպրակը, և' ափսեն պատված են եղել փոշով: Այնուամենայնիվ, պոլիէթիլենային տոպրակի հետ համեմատած՝ ափսեն ավելի փոշոտ էր: Եվ' Մ.Ս.-ն, և' Գ.Գ.-ն նշել են, որ չեն հիշում՝ արդյոք նրանց տեղեկացրել են առարկություններ հայտնելու իրենց իրավունքի մասին, որոնք նրանք կարող էին ներառել խուզարկության արձանագրության մեջ, և որ դիմումատուն հրաժարվել է այն ստորագրել՝ նշելով, որ հայտնաբերված տոպրակն իրեն չի պատկանում:
31. 2004 թվականի հունիսի 22-ին Արմավիրի մարզային դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել և դատապարտել է նրան մեկուկես տարի ժամկետով ազատազրկման: Այդ որոշումը կայացնելիս մարզային դատարանը հիմք է ընդունել, inter alia, ոստիկանության՝ խուզարկությունը կատարած ծառայողների՝ ներառյալ Ե.Մ.-ի, Ա. Ղ.-ի, Մ.Գ.-ի, Մ.Մ.-ի, Լ.Ֆ.-ի, Ա. Գա.-ի և երկու ընթերակաների ցուցմունքները, ինչպես նաև դիմումատուի մեզի նմուշի անալիզի արդյունքները:
32. 2004 թվականի հունիսի 29-ին դիմումատուի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Փաստաբանը վիճարկել է, inter alia, որ դիմումատուի բնակարանի խուզարկությունը կատարվել է մի շարք դատավարական խախտումներով, և հետևաբար դրա արդյունքները չեն կարող օգտագործվել որպես ապացույց: Մասնավորապես, նա պնդել է, որ խուզարկություն կատարելու մասին որոշումը ծանոթանալու համար դիմումատուին չի ներկայացվել, այս առնչությամբ նրանից ստորագրություն չի վերցվել, և նրա առարկությունները չեն ներառվել խուզարկության արձանագրության մեջ: Նա այնուհետև պնդել է, որ խուզարկությունը թույլատրվել է դատարանի կողմից՝ ոստիկանության կողմից պատրաստված նյութերի հիման վրա, և հետևաբար չունի բավարար հիմքեր: Նա նաև նշել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ մարզային դատարանը չպետք է հիմնվեր ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, քանի որ նրանք կանչվել և քննվել են միայն իրենց դատավարական պարտականությունների կատարման, այլ ոչ այն խախտումների կապակցությամբ, որոնք դիմումատուի պնդմամբ կատարվել են: Ավելին, մարզային դատարանը հաշվի չի առել ընթերակաների այն փաստարկները, որոնք հաստատում էին դիմումատուի պնդումները խախտումների մասով:
33. 2004 թվականի օգոստոսի 10-ին Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել դիմումատուի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը՝ գտնելով, inter alia, որ գործի քննության ժամանակ էական դատավարական խախտումներ տեղի չեն ունեցել: Վերաքննիչ դատարանը հիմնվել է միևնույն ապացույցի վրա՝ բացառությամբ ոստիկանության ծառայողների կողմից տրված ցուցմունքների:
34. Տասնօրյա պարտադիր ժամկետի ընթացքում սույն որոշման դեմ բողոք չի ներկայացվել, հետևաբար այն դարձել է վերջնական:
35. 2004 թվականի սեպտեմբերի 6-ին դիմումատուն պայմանական վաղաժամկետ ազատվել է:
36. 2004 թվականի նոյեմբերի 15-ին հատուկ հավատարմագրված փաստաբանը դիմումատուի անունից Վերաքննիչ դատարանի վերջնական որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել: Նա պահանջել է, որ Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանվի և գործն ուղարկվի լրացուցիչ քննության՝ պայմանավորված այն դատավարական խախտումներով, որոնք տեղի են ունեցել քննության, այդ թվում՝ խուզարկության իրականացման ընթացքում:
37. 2004 թվականի դեկտեմբերի 10-ին Վճռաբեկ դատարանն ըստ էության քննել է բողոքը և որոշել է մերժել այն՝ գտնելով, որ, inter alia, դատավարական իրավունքի այնպիսի էական խախտում տեղի չի ունեցել, որը պահանջում է գործն ուղարկել լրացուցիչ քննության:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Քրեական դատավարության օրենսգիրք (ուժի մեջ է 1999 թվականի հունվարի 12–ից)
38. Տվյալ ժամանակահատվածում գործող օրենսգրքի համապատասխան դրույթները նախատեսում են.
Հոդված 105. Որպես ապացույց չթույլատրվող նյութերը
«1. Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել [հետևյալ] նյութերը՝ ... 5) [նյութեր, որոնք ձեռք են բերվել] քննչական կամ [այլ] դատավարական գործողության կատարման կարգի խախտմամբ...»:
Հոդված 106. Ապացույցի օգտագործման անթույլատրելիության հաստատումը
«1. Փաստական տվյալների` որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը, ինչպես նաև վարույթում դրանց սահմանափակ օգտագործման հնարավորությունը հաստատում է վարույթն իրականացնող մարմինը` սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ:
2. Ապացույցի թույլատրելիությունը հիմնավորելու պարտականությունն ընկած է այն ձեռք բերող կողմի վրա: Եթե ապացույցը ձեռք բերելիս պահպանվել են սույն օրենսգրքի բոլոր պահանջները, ապացույցի անթույլատրելիությունը հիմնավորելու պարտականությունը կրում է դրա թույլատրելիությունը վիճարկող կողմը:»:
Հոդված 225. Խուզարկություն կատարելու հիմքերը
«1. Քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որևէ շենքում կամ այլ տեղ կամ որևէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև այլ առարկաներ և փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու և վերցնելու համար:
...
3. Բնակարանի խուզարկությունը կատարվում է միայն դատարանի որոշմամբ:»:
Հոդված 227. Խուզարկությանը և առգրավմանը ներկա գտնվող անձինք
«1. Խուզարկությունը և առգրավումը կատարվում է ընթերակաների մասնակցությամբ:
2. Անհրաժեշտության դեպքում խուզարկությանը և առգրավմանը մասնակցում են թարգմանիչ և մասնագետ:
3. Խուզարկություն և առգրավում կատարելիս պետք է ապահովվի այն անձի և նրա ընտանիքի չափահաս անդամի ներկայությունը, որոնց ներկայությամբ կատարվում է խուզարկությունը կամ առգրավումը: Նրանց ներկայությունն անհնարին լինելու դեպքում հրավիրվում է բնակարանային շահագործման կազմակերպության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ:
...
5. Անձինք, որոնց մոտ կատարվում է խուզարկություն կամ առգրավում, ինչպես նաև ընթերակաները, մասնագետները, թարգմանիչները, ներկայացուցիչները, պաշտպաններն իրավունք ունեն ներկա գտնվել քննիչի բոլոր գործողություններին, անել հայտարարություններ, որոնք պետք է մտցվեն արձանագրության մեջ:»:
Հոդված 228. Առգրավում և խուզարկություն կատարելու կարգը
«1. Քննիչն իրավունք ունի մուտք գործել բնակելի կամ այլ շինություն` խուզարկություն կամ առգրավում կատարելու մասին որոշման հիման վրա:
2. Խուզարկություն կամ առգրավում կատարելուց առաջ քննիչը պարտավոր է անձին, որի մոտ կատարվում է խուզարկություն կամ առգրավում, ծանոթացնել [խուզարկություն կատարելու մասին] որոշմանը: Այդ մասին նրանից վերցվում է ստորագրություն:
3. Խուզարկություն կատարելիս քննիչը կամ մասնագետը կարող է օգտագործել տեխնիկական միջոցներ, որի մասին [տվյալ փաստը] նշվում է խուզարկության արձանագրության մեջ:
4. Քննիչը պարտավոր է ձեռնարկել միջոցներ, որպեսզի չհրապարակվեն առգրավման և խուզարկության փաստը, ինչպես նաև դրանց արդյունքները և խուզարկվողի անձնական կյանքի հանգամանքները:
5. Քննիչն իրավունք ունի խուզարկության կամ առգրավման վայրում գտնվող անձանց արգելել հեռանալու այդ տեղից, ինչպես նաև հաղորդակցություն ունենալու միմյանց և այլ անձանց հետ` մինչև քննչական գործողության ավարտը:
...
7. Խուզարկություն կատարելիս որոշումը ներկայացնելուց և հրապարակելուց հետո քննիչն առաջարկում է հանձնել առգրավման ենթակա առարկաները և փաստաթղթերը կամ թաքնված անձին: Եթե դրանք հանձնվում են կամովին, ապա այդ մասին նշվում է արձանագրության մեջ: Որոնվող առարկաների, փաստաթղթերի կամ թաքնված անձի չհանձնվելու կամ ոչ ամբողջությամբ հանձնվելու դեպքում [այնուհետև] կատարվում է խուզարկություն:
8. Վերցված բոլոր առարկաները և փաստաթղթերը ներկայացվում են քննչական գործողության մասնակիցներին, մանրամասն նկարագրվում են արձանագրության մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում` կնքվում քննիչի կնիքով:
9. Խուզարկություն և առգրավում կատարելիս քննիչն իրավունք ունի բացել փակված շինություններն ու պահեստարանները, եթե դրանց տերը հրաժարվում է կամովին բացել դրանք:»:
Հոդված 230. Խուզարկության և առգրավման արձանագրությունը
«1. Խուզարկությունը և առգրավումն ավարտելիս քննիչը կազմում է համապատասխան արձանագրություններ, որոնց մեջ պետք է նշվեն` քննչական գործողության կատարման տեղը, ժամանակը, հանգամանքները, արդյոք կամովին են հանձնվել որոնվող առարկաները և անձինք, խուզարկություն կատարող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ընթերակաների անունները, ազգանունները և հասցեները, ինչպես նաև քննչական գործողության այլ մասնակիցների անունները, ազգանունները, պաշտոնները և դատավարական կարգավիճակը:
2. Ամբողջ վերցվածի մասին պետք է նշվի քննչական գործողության արձանագրության մեջ` ճշգրիտ նշելով դրանց քանակը, չափը, քաշը, անհատական հատկանիշները և այլ առանձնահատկությունները:
3. Եթե քննչական գործողությունները կատարելիս փորձեր են եղել ոչնչացնելու կամ թաքցնելու հայտնաբերված առարկաները կամ փաստաթղթերը, ապա այդ մասին նշվում է արձանագրության մեջ:
4. Քննիչը պարտավոր է արձանագրությանը ծանոթացնել քննչական գործողության բոլոր մասնակիցներին, որոնք [մասնակիցները] ծանոթանալուց հետո ստորագրում են արձանագրությունը և իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ մտցնելու իրենց դիտողությունները:»:
Հոդված 231. Խուզարկության և առգրավման արձանագրության պատճենի հանձնման պարտադիր լինելը
«1. Խուզարկության կամ առգրավման արձանագրության պատճենը ստորագրությամբ հանձնվում է այն անձին, ում մոտ կատարվում է քննչական գործողությունը, կամ նրա ընտանիքի չափահաս անդամներին, իսկ նրանց բացակայության դեպքում` այն բնակարանային շահագործման կազմակերպության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին, որի տարածքում կատարվել է քննչական գործողությունը …»:
Հոդված 278. Դատական վերահսկողության ոլորտը
«1. Դատարանը քննում է քննչական, օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու … միջնորդությունները:
...
3. Դատարանի` սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ընդունվող որոշումները կարող են վերանայվել վերադաս դատարանի կողմից` դատախազի, միջնորդություն հարուցած մարմնի, այն անձանց կամ նրանց ներկայացուցիչների բողոքի հիման վրա, որոնց շահերը շոշափվում են:»:
Հոդված 289. Քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու, ինչպես նաև դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին դատարանի որոշումների բողոքարկումը և ստուգումը
«Քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու, ինչպես նաև դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին դատական որոշումների բողոքարկումը և ստուգումը կատարվում են սույն օրենսգրքի 287 և 288 հոդվածներով նախատեսված կանոններով [որոնցով սահմանվում է, որ բողոքները պետք է ներկայացվեն վերաքննիչ դատարան]:»:
Հոդված 290. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների բողոքարկումը դատարան
«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
...
3. Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում:
4. Բողոքը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում` այդ մասին տեղյակ պահելով դիմողին և վարույթն իրականացնող մարմնին: Դիմողի կամ վարույթն իրականացնող մարմնի [ներկայացուցչի] չներկայանալը չի խոչընդոտում բողոքը քննելուն, սակայն դատավորը կարող է պարտադիր համարել նշված անձանց ներկայությունը: Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր: Վարույթն իրականացնող մարմինը [ներկայացուցիչը] և դիմողը բացատրություններ տալու իրավունք ունեն:
5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: Դատավորի որոշման պատճենն ուղարկվում է դիմողին և վարույթն իրականացնող մարմնին:»:
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ
Տարեկան զեկույց. 2004 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին
39. Սույն Զեկույցի 3.10 գլխում, որը վերաբերում է անօրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցի անթույլատրելիությանը, ներառված է դիմումատուի մասնավոր դեպքի ընդհանուր նկարագիրը: Համապատասխան քաղվածքով նախատեսվում է`
«Օրինակ, Լավրենտի Կիրակոսյանի հանրահայտ գործով պաշտպանության կողմը միջնորդել է անթույլատրելի ճանաչել իրեղեն ապացույց համարվող թմրանյութը: Միջնորդության հիմքում եղել է այնպիսի ապացույց, որը հայտնաբերվել է բնակարանում օրենքի խախտմամբ իրականացված խուզարկությամբ, մասնավորապես չեն ապահովվել պահանջվող թվով ընթերականեր, խուզարկություն կատարողները դուրս են մնացել մասնակցող երկու ընթերակաների տեսադաշտից:
Միջնորդության քննարկումը դատարանն հետաձգել է, իսկ հետագայում այդ հարցին ընդհանրապես չի անդրադարձել:
Այսպիսի մոտեցումը հակասում է օրենքի իմաստին և պահանջին, քանի որ ապացույցն անթույլատրելի ճանաչելու իմաստը հենց նրանում է, որ այն կարող է հանգեցնել վարույթի կարճմանը, խափանման միջոցի փոփոխման հիմքերի առաջացմանը, գործը լրացուցիչ քննության վերադարձնելուն և նաև հետագա դատաքննության անհրաժեշտության բացառմանը:»:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
40. Դիմումատուն բողոք է ներկայացրել այն մասին, որ խուզարկություն կատարելու մասին որոշմամբ և դրա կատարման եղանակով խախտվել են Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքները, որն ունի հետևյալ բովանդակությունը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:»:
Ա. Ընդունելիությունը
Կառավարության առարկությունը չսպառման և վեցամսյա ժամկետի կանոնի չպահպանման մասով
ա) Կողմերի փաստարկները
(i) Կառավարությունը
41. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները և չի ներկայացրել իր բողոքները վերջնական որոշումը կայացնելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 35–րդ հոդվածի 1–ին կետով։
42. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն վերաքննիչ բողոք չի ներկայացրել Արմավիրի մարզային դատարանի կողմից 2004 թվականի ապրիլի 20-ին կայացված՝ խուզարկություն կատարելու մասին որոշման դեմ: Նա իր դեմ ներկայացված քրեական մեղադրանքի հարցը լուծող դատարաններ բողոք է ներկայացրել միայն խուզարկություն կատարելու մասին որոշման հիմքերի և կատարման եղանակի առնչությամբ: Դիմումատուն նաև խուզարկություն կատարելու մասին որոշման և դրա կատարման եղանակի դեմ առանձին վարույթներ չի սկսել՝ Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 290-րդ հոդվածի համաձայն: Եթե դիմումատուն խուզարկություն կատարելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրած լիներ կամ առանձին վարույթներում վիճարկած լիներ դրա օրինականությունը, դատարանները հնարավորություն կունենային կարգադրելու նախաքննության մարմնին, այս պարագայում՝ ոստիկանությանը, վերացնել դիմումատուի իրավունքների խախտումները, եթե պարզվեր, որ այդպիսի խախտումներ տեղի են ունեցել: Այն հանգամանքներում, երբ դիմումատուն Վերաքննիչ դատարանում չի վիճարկել խուզարկություն կատարելու մասին որոշումը և դիմումատուի դեմ հարուցված քրեական գործով վարույթով բավարար հնարավորություն չի ընձեռվել որոշելու [խուզարկություն կատարելու մասին] որոշման կամ դրա կատարման եղանակի օրինականությունը, վեցամսյա ժամկետը պետք է սկսված համարել 2004 թվականի ապրիլի 20-ից՝ այն օրվանից, երբ կայացվել է խուզարկություն կատարելու մասին որոշումը:
(ii) Դիմումատուն
43. Դիմումատուն նշել է, որ խուզարկություն կատարելու մասին որոշումը բողոքարկելու կամ դրա դեմ առանձին վարույթներ սկսելու իրավունքից օգտվելն իր համար չէր կարող իրավական պաշտպանության արդյունավետ միջոց լինել: Խուզարկությունը կատարելուց հետո որոշման հիմնավորվածությունը վիճարկելը կարող էր ավելորդ լինել և չէր կարող վերաբերել դրա կատարման եղանակին: Դիմումատուն իր դեմ ներկայացված քրեական մեղադրանքի հարցը լուծող ներպետական դատարաններում վիճարկել է խուզարկություն կատարելու մասին որոշման և դրա կատարման օրինականությունը և այդպիսով սպառել է իր համար հասանելի իրավական պաշտպանության ներպետական միջոցները, քանի որ, իր կարծիքով, այս ճանապարհով կարող էր իր համար ապահովվել դատական պաշտպանություն ենթադրյալ խախտումների առնչությամբ: Համապատասխանաբար, Վճռաբեկ դատարանի 2004 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը՝ նրա դեմ քրեական վարույթով վերջնական որոշումը, վեցամսյա ժամկետի մեկնարկային կետն է եղել:
բ) Դատարանի գնահատականը
44. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառելու կանոնը պարտավորեցնում է այն անձանց, որոնք ցանկանում են պետության դեմ գործ հարուցել որևէ միջազգային դատական ատյանում, առաջին հերթին օգտվել ներպետական իրավական համակարգով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից՝ դրանով իսկ պետությանը զերծ պահելով միջազգային ատյանի առջև իրենց գործողությունների համար պատասխան տալուց՝ մինչև իր սեփական իրավական համակարգի միջոցով խնդիրները լուծելու հնարավորություն ունենալը։ Այս կանոնը պահպանելու համար դիմումատուն պետք է օգտվի իրավական պաշտպանության միջոցների նորմալ հնարավորությունից, որոնք հասանելի են և բավարար՝ ենթադրյալ խախտումների դիմաց փոխհատուցում ստանալու համար (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Վուսկովիչը և այլոք ընդդեմ Սերբիայի (նախնական առարկություններ) [ՄՊ] [Vučković and Others v. Serbia (preliminary objection) [GC]], թիվ 17153/11 և 29 այլք, § § 70 և 71, 2014 թվականի մարտի 25, Ասենովը և այլոք ընդդեմ Բուլղարիայի [Assenov and Others v. Bulgaria], 1998 թվականի հոկտեմբերի 28, § 85, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998-VIII)։
45. Պետք է սպառվեն իրավական պաշտպանության միայն այն միջոցները, որոնք արդյունավետ են։ Չսպառելու մասին պնդող Կառավարությունը պարտավորվում է Դատարանում ապացուցել, որ իրավական պաշտպանության այդ միջոցը եղել է արդյունավետ, տվյալ ժամանակահատվածում տեսականորեն ու գործնականում հասանելի, այսինքն` այն հասանելի է եղել, դրա միջոցով հնարավոր է եղել դիմումատուի բողոքների մասով փոխհատուցում տրամադրել, ինչպես նաև դրանով ընձեռվել է հաջողության հասնելու ողջամիտ հեռանկար։ Այն դեպքում, երբ այս ապացուցման պարտականությունը կատարված է, դիմումատուն պարտավորվում է ապացուցել, որ Կառավարության կողմից առաջարկվող իրավական պաշտպանության միջոցը, ըստ էության, սպառված է եղել կամ որոշ պատճառներով գործի կոնկրետ հանգամանքներում եղել է ոչ պատշաճ և անարդյունավետ, կամ որ առկա են եղել հատուկ հանգամանքներ, որոնք նրան ազատել են այդ պահանջի կատարումից (տե՛ս Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի (որոշում) [Kalashnikov v. Russia (dec.)], թիվ 47095/99, ՄԻԵԴ 2001‑XI (քաղվածքներ) և Մելնիկն ընդդեմ Ուկրաինայի [Melnik v. Ukraine], թիվ 72286/01, § 67, 2006 թվականի մարտի 28)։
46. Դատարանն այնուհետև նշում է, որ եթե իրավական պաշտպանության միջոցները հասանելի չեն, կամ եթե դրանք համարվում են անարդյունավետ, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վեցամսյա ժամկետը, ըստ էության, սկսվում է բողոքարկված ակտի ամսաթվից (տե՛ս Բայրամը և Յիլդիրիմն ընդդեմ Թուրքիայի (որոշում) [Bayram and Yıldırım v. Turkey (dec.)], թիվ 38587/97, ՄԻԵԴ 2002‑III): Այսպիսով, ժամկետը սկսվում է միայն իրավական պաշտպանության այն միջոցների սպառման արդյունքում ստացված վերջնական որոշումը կայացնելուց հետո, որոնք պատշաճ և արդյունավետ են բողոքարկվող հարցի կապակցությամբ փոխհատուցում տրամադրելու համար: Այս առնչությամբ սպառելու պահանջը և վեցամսյա ժամկետի կանոնը փոխկապակցված են:
47. Սույն գործով խուզարկություն կատարելու մասին որոշումը կայացվել է 2004 թվականի ապրիլի 20-ին Արմավիրի մարզային դատարանի կողմից: ՔԴՕ-ի 289-րդ հոդվածի համաձայն՝ քննչական գործողություններ իրականացնելու, ինչպես նաև դրանց մի տեսակը հանդիսացող՝ խուզարկություններ կատարելու մասին դատական որոշումները ենթակա են Վերաքննիչ դատարանի կողմից վերանայման: Ըստ երևույթին, նման վերաքննիչ բողոքները կարող են վերաբերել միայն դատական որոշման էությանը, այլ ոչ դրա կատարման եղանակին: Չնայած խուզարկություն կատարելու մասին որոշմամբ սահմանվել է վերաքննիչ բողոք ներկայացնելու համար տասնհինգօրյա ժամկետ, ՔԴՕ-ի համապատասխան դրույթներով այդպիսի բողոքներ ներկայացնելու ժամկետներ չեն սահմանվում: Դիմումատուն ոչ թե խուզարկություն կատարելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, այլ ավելի շուտ իր դեմ ներկայացված քրեական մեղադրանքի հարցը լուծող դատարաններում վիճարկել է դրա օրինականությունը և կատարման եղանակը:
48. Այն հանգամանքներում, երբ 8-րդ հոդվածի համաձայն բերված բողոքը վերաբերում է խուզարկության հիմքերին և դրա կատարման եղանակին, Դատարանը համարում է, որ բողոքը սպառման մասով անհրաժեշտ է տարբերակել երկու տեսանկյունից, քանի որ առաջ են գալիս տարբեր նկատառումներ:
49. Ինչ վերաբերում է խուզարկություն կատարելու մասին որոշման հիմքերին, Դատարանը նշում է, որ խուզարկությունը կատարվել է խուզարկություն կատարելու մասին որոշումը կայացնելու օրը: Ավելին, խուզարկությունը կատարվել է վարչական կալանքի վերջին օրը՝ դիմումատուին իր տուն տեղափոխելուց անմիջապես հետո, և խուզարկության արձանագրության մեջ առկա չէ նշում այն մասին, որ խուզարկությունը սկսվելուց առաջ դիմումատուն ծանոթացել է որոշմանը: Սա ինքնին կասկած է առաջացնում այն մասին, թե արդյոք գործնականում դիմումատուի համար հնարավոր է եղել որոշման հիմքերը վիճարկելու համար վերաքննիչ բողոք ներկայացնել: Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ, չնայած այն փաստին, որ Կառավարությունը չի տրամադրել իրավական պաշտպանության միջոցի կիրառման՝ հաջող թե անհաջող որևէ օրինակ, որի վրա նրանք հիմնվել են, Վերաքննիչ դատարանը ուներ խուզարկություն կատարելու մասին որոշման հիմքերի մասով լրացուցիչ դատական վերանայում իրականացնելու իրավասություն: Ամեն դեպքում Դատարանը ցանկություն չի հայտնում ենթադրություններ անելու այն հարցի շուրջ, թե ինչպիսին կարող էին լինել բողոքարկման վարույթի արդյունքները, և արդյոք իրավական պաշտպանության այս միջոցը կարող էր իսկապես արդյունավետ լինել սույն գործի հատուկ հանգամանքներում, քանի որ դեռևս պետք է հաստատվի՝ արդյոք դիմումատուի դեմ դատական վարույթի ընթացքում խուզարկություն կատարելու մասին որոշման օրինականության վիճարկումը այս տեսակի բողոքների համար սպառման համապատասխան եղանակ է եղել: Դատարանն այս կապակցությամբ նշում է, որ դիմումատուի գործը քննող ներպետական դատարանները կոչված էին լուծելու նրա դեմ մեղադրանքի հարցը, այլ ոչ խուզարկություն կատարելու մասին որոշման օրինականությունը: Դատարանն այնուհետև դիտարկում է, որ դիմումատուի բողոքների մեծ մասն առնչվել է խուզարկություն կատարելու մասին որոշման կատարման եղանակին, և ամեն դեպքում քրեական գործը քննող դատարաններն այն վերացնելու իրավասություն չեն ունեցել: Այս հանգամանքներում, Դատարանը համարում է, որ չի հաստատվել այն հանգամանքը որ դիմումատուի դեմ ներկայացված քրեական մեղադրանքի հարցը քննող դատարաններում խուզարկություն կատարելու մասին որոշման հիմքերի ենթադրյալ անվավերության հարցը բարձրացնելը եղել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, որը պետք է սպառվեր: Համապատասխանաբար և այն հանգամանքներում, երբ դիմումատուն ինքը պնդում է, որ բողոքարկման իրավունքի օգնությանը դիմելն արդյունավետ միջոց չէր, խուզարկություն կատարելու մասին որոշման հիմքերի առնչությամբ բողոքի մասով վեցամսյա ժամկետը պետք է հաշվարկվի 2004 թվականի ապրիլի 20-ից՝ որոշումը կայացնելու և այն իրականացնելու օրվանից: Գանգատը Դատարան ներկայացնելով 2005 թվականի հունվարի 14-ին, դիմումատուն իր բողոքի տվյալ մասի առնչությամբ չի բավարարել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:
50. Անդրադառնալով խուզարկություն կատարելու մասին որոշման կատարման եղանակին՝ Դատարանը նշում է, որ, ինչպես նշվել է վերևում, ՔԴՕ-ի 289-րդ հոդվածի համաձայն բերված բողոքը չէր կարող կիրառելի լինել այդ հարցի նկատմամբ: Դատարանն այնուհետև նշում է, որ, այնուամենայնիվ, ՔԴՕ-ի 290-րդ հոդվածով նախատեսվում է հետաքննության մարմնի կամ քննիչի անօրինական գործողությունների առնչությամբ դատարաններ բողոքներ ներկայացնելու հնարավորություն՝ այդ գործողությունների վերաբերյալ բողոքը դատախազի կողմից չբավարարվելուց հետո: Նույն դրույթի համաձայն՝ դատարաններ բողոք կարող է ներկայացվել այն օրվանից հետո 2 ամսվա ընթացքում, երբ բողոքը ներկայացվել է դատախազին և պատասխան չի ստացվել: Գործից պարզ է դառնում, որ դիմումատուն այս կապակցությամբ դատարաններ որևէ բողոք չի ներկայացրել:
51. Այսպիսով, դիմումատուն խուզարկություն կատարելու մասին որոշման կատարման առնչությամբ բողոք է ներկայացրել դատախազին 2004 թվականի ապրիլի 23-ին և 27-ին, մայիսի 7-ին և հունիսի 9-ին (տե՛ս վերևում՝ 24-րդ, 26-րդ և 27-րդ պարբերությունները), բայց ինչպես պարզվում է, նրա բողոքների առնչությամբ որևէ պաշտոնական որոշում չի կայացվել: Դատարանի դիտարկմամբ դիմումատուի գործն Արմավիրի մարզային դատարան է ներկայացվել 2004 թվականի հունիսի սկզբին, մինչդեռ դիմումատուն պետք է դատարաններ դիմեր դատախազին բողոքներ ներկայացնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում: Դատարանն այնուհետև դիտարկում է, որ խուզարկություն կատարելու մասին որոշման կատարման եղանակի հարցը սերտորեն և անքակտելիորեն կապված է դիմումատուի դեմ ներկայացված ապացույցների գնահատման և թույլատրելիության, այդ թվում խուզարկության արդյունքների հետ: Հետևաբար կարող ենք ընդունել, որ քննության ավարտին մի շարք բողոքներ ներկայացնելով և դրանք անպատասխան մնալուց հետո՝ նախքան գործն ըստ էության քննության համար քննող դատարանին փոխանցելը, դիմումատուի համար անհիմն չէր լինի այս հարցը քննող դատարանում բարձրացնելը (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Ռոմանովան ընդդեմ Ռուսաստանի [Romanova v. Russia], թիվ 23215/02, § 172, 2011 թվականի հոկտեմբերի 11): Այսպիսի հանգամանքներում պայմաններում, չնայած այն փաստին, որ մարզային դատարանը որևէ կերպ չի անդրադարձել խուզարկություն կատարելու մասին որոշման կատարման եղանակի առնչությամբ դիմումատուի փաստարկներին, չի կարող համարվել, որ դիմումատուն, իր դեմ ներկայացված քրեական մեղադրանքի հարցը քննող դատարաններում սույն հարցը բարձրացնելով, օգտվել է իրավական պաշտպանության անարդյունավետ միջոցներից: Համապատասխանաբար և սույն գործի հատուկ հանգամանքներում կարող է համարվել, որ դիմումատուն կատարել է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իր պարտականությունները՝ խուզարկություն կատարելու մասին որոշման կատարման եղանակի առնչությամբ իր բողոքների մասով:
52. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտորեն անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Գործի ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
53. Դիմումատուն նշել է, որ իր բնակարանի խուզարկությունը կատարվել է ներպետական օրենսդրության բազմաթիվ դատավարական խախտումներով: Նրան մասնավորապես չի ընձեռվել պատշաճ հնարավորություն՝ ծանոթանալու խուզարկություն կատարելու մասին որոշմանը, ինչը հակասում է ՔԴՕ-ի 228-րդ հոդվածին: Ընթերակաները, որոնք երկուսն էլ տարեց էին, ներկա չեն գտնվել, երբ հիմնական տունը, որտեղ կանեփը հայտնաբերվել է, կրկին խուզարկվել է, և նրանց մեկնաբանությունները չեն նշվել խուզարկության արձանագրության մեջ՝ խախտելով ՔԴՕ-ի 227-րդ հոդվածի պահանջները: Վերջապես, դիմումատուն ներկա չի գտնվել գույքի բոլոր հատվածների խուզարկությանը և դիմումատուի դիտողությունները չեն ընդգրկվել խուզարկության արձանագրության մեջ՝ ՔԴՕ-ի 230-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
54. Կառավարությունն ընդունել է, որ դիմումատուի բնակարանի խուզարկությամբ միջամտություն է կատարվել անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին: Նրանք նշել են, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի երկրորդ պարբերության համաձայն այն արդարացված է, քանի որ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ անկարգությունների կամ հանցագործությունների կանխարգելման նպատակով։ Կառավարությունն այնուհետև նշել է, որ խուզարկություն կատարելու մասին որոշումը կատարվել է ՔԴՕ-ի 227-րդ, 228-րդ, 230-րդ հոդվածներով սահմանված դատավարական պահանջներին համապատասխան:
2. Դատարանի գնահատականը
55. Դատարանը նշում է, որ վիճարկելի չէ այն հանգամանքը, որ ոստիկանության կողմից դիմումատուի բնակարանի խուզարկությունը, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, դիմումատուի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին միջամտություն է: Հիմնական հարցն այն է, թե արդյոք այս միջամտությունն արդարացված է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով, հատկապես, արդյոք այն «օրենքին համապատասխան է» և «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»՝ տվյալ պարբերությունում թվարկված նպատակներից մեկի համար:
56. Հղում կատարելով իր նախորդ եզրահանգումներին (վերը նշված՝ 49-րդ և 51-րդ պարբերություններ)՝ Դատարանը միայն կքննի խուզարկություն կատարելու մասին որոշման կատարման հարցը:
57. Դատարանը կրկին նշում է, որ «օրենքին համապատասխան» արտահայտությամբ առաջին հերթին պահանջվում է, որպեսզի վիճարկվող միջոցառման համար ներպետական օրենսդրությամբ նախատեսված լինեն հիմքեր. երկրորդ՝ այն վերաբերում է համապատասխան օրենքի որակին՝ պահանջելով, որ այն հասանելի լինի համապատասխան անձին, որը, ավելին, պետք է կարողանա կանխատեսել դրա հետևանքներն իր համար, ինչպես նաև ինչքանով է այն համատեղելի օրենքի գերակայության հետ: Դրանով նաև պահանջվում է, որ քննվող միջոցը համապատասխանի միջամտություն նախատեսող ներպետական օրենքով սահմանված պահանջներին (տե՛ս Փերրին ընդդեմ Միացյալ Թագավորության [Perry v. the United Kingdom], թիվ 63737/00, § 45, ՄԻԵԴ 2003‑IX (քաղվածքներ)):
58. Դատարանը նշում է, որ ՔԴՕ-ի 227-րդ, 228-րդ, 230-րդ և 231-րդ հոդվածներով սահմանվում են դատավարական կանոններ՝ խուզարկություններ և առգրավումներ կատարելու համար: Հետևաբար, ներպետական օրենսդրությամբ նախատեսվում է միջամտության համար իրավական հիմք: Փաստորեն, դիմումատուն չի վիճարկում, որ միջոցառումները, որոնց մասով բողոք է ներկայացվել, հիմնված է եղել ներպետական օրենսդրության վրա, այլ բողոք է ներկայացնում այն մասին, որ խուզարկություն կատարելու մասին որոշումը կատարվել է դատավարական իրավունքի խախտմամբ: Դատարանի դիտարկմամբ դիմումատուն ներպետական դատարաններում բողոք է ներկայացրել խուզարկության իրականացման ընթացքում դատավարական խախտումների առնչությամբ, որոնք, թերևս առանց մանրամասն հիմնավորումներ ներկայացնելու, եկել են այն եզրակացության, որ դիմումատուի կողմից նշված դատավարական խախտումները չէին կարող էական համարվել՝ խուզարկությունը ներպետական օրենսդրության համաձայն դարձնելով անօրինական (տե՛ս վերևում՝ 33-րդ և 37-րդ պարբերությունները): Դատարանը չի կարող հանգել այլ եզրակացության: Այն կրկին հիշեցնում է, որ ներպետական օրենսդրության հետ համապատասխանությունն ուսումնասիրելու հարցում Դատարանի իրավասությունը սահմանափակ է, քանի որ առաջին հերթին ազգային իշխանությունները, հատկապես դատարանները պետք է մեկնաբանեն և կիրառեն այդ օրենքը (տե՛ս, ի թիվս շատ այլ վճիռների, Բարթհոլդն ընդդեմ Գերմանիայի [Barthold v. Germany], 1985 թվականի մարտի 25, § 48, Շարք Ա, թիվ 90): Դատարանը, հետևաբար, գտնում է, որ դիմումատուի կողմից բերված հիմքերը բավարար չեն, որպեսզի հաստատվի, որ միջամտությունը չի համապատասխանել Հայաստանի օրենսդրությանը: Այն կանդրադառնա այս հարցերին ստորև՝ միջամտության անհրաժեշտության մասով իր քննության ժամանակ: Դատարանը վերջապես նշում է, որ ինչ վերաբերում է համապատասխան իրավական դրույթների ընդունելիությանն ու կանխատեսելիությանը, որևէ հարց չի առաջանում, որոնց մասով, ավելին, դիմումատուի կողմից հարց չի ներկայացվել:
59. Դատարանը նշում է, որ դիմումատուի տունը խուզարկվել է, քանի որ հետախուզական տեղեկությունների հիման վրա ենթադրվել է, որ այդտեղ կարող էր պահված լինել զենք՝ մեկ այլ խումբ քրեական վարույթներով կասկածյալների կողմից: Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ դիմումատուի բնակարանի խուզարկությունն այնպիսի նպատակ է հետապնդել, որը համահունչ է Կոնվենցիային՝ հատկապես «անկարգության կամ հանցանքի կանխումը»: Դեռևս պետք է ուսումնասիրվի՝ արդյոք խուզարկություն կատարելու եղանակը համաչափ է եղել այդ իրավաչափ նպատակին:
60. Դիմումատուն պնդել է, որ խուզարկության կատարումը սխալ է ընթացել՝ կապված հետևյալ գործոնների հետ.
ա) ինքը խուզարկություն կատարելու մասին որոշմանը ծանոթանալու պատշաճ հնարավորություն չի ունեցել,
բ) ընթերակաները, որոնք երկուսն էլ տարեց էին, ներկա չեն գտնվել, երբ հիմնական տունը, որտեղ կանեփը հայտնաբերվել է, կրկին խուզարկվել է,
գ) իր դիտողությունները և ընթերակաների կողմից արված մեկնաբանությունները չեն նշվել խուզարկության արձանագրության մեջ,
դ) դիմումատուն ներկա չի գտնվել գույքի բոլոր հատվածների խուզարկությանը:
61. «ա» գործոնի առնչությամբ Դատարանը նշում է, որ ՔԴՕ-ի 228-րդ հոդվածով պահանջվում է, որ խուզարկություն կատարելու մասին որոշումը ներկայացվի այն անձին, որի մոտ կատարվում է խուզարկությունը, ինչը հաստատվում է ստորագրությամբ: Դիմումատուն չի ստորագրել որոշումը, բայց խուզարկության արձանագրությունից երևում է, որ նա հրաժարվել է այն ստորագրել՝ առանց հիմնավորումներ ներկայացնելու (տե'ս վերևում՝ 14-րդ պարբերությունը):
62. «բ» գործոնի առնչությամբ Դատարանը դիտարկում է, որ համաձայն ՔԴՕ-ի 227-րդ հոդվածի 1-ին մասի՝ խուզարկությունը պետք է կատարվի ընթերակաների ներկայությամբ: Դատարանը նշում է, որ դիմումատուն բողոք է ներկայացրել այն մասին, որ իր բնակարանի խուզարկությունը վերահսկվել է երկու հարևանների կողմից, որոնցից մեկը տարեց էր, իսկ մյուսը՝ պատերազմի վետերան, որը կոնտուզիա էր ստացել: Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ օրենքով չի սահմանվում, թե ով կարող է հանդես գալ որպես ընթերակա, ինչպես նաև չի երևում, որ դիմումատուն առարկել է Գ.Գ.-ի և Մ.Ս.-ի՝ խուզարկության գործընթացին մասնակցությանն այն հիմքով, որ նրանք չեն համապատասխանել որպես ընթերակա իրենց պարտականությունների արդյունավետ կատարման համար: Ավելին, ոչինչ չի վկայում այն մասին, որ տարեցներ Մ.Ս.-ի և Գ.Գ.-ի առողջական վիճակը նրանց թույլ չի տվել նկատել ոստիկանության ծառայողների կողմից հնարավոր չարաշահման դեպքերը: Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ ընթերակաները վիճարկելի ապացույցի հայտնաբերման ժամանակ ներկա չեն գտնվել տանը, դիմումատուի դեմ վարույթների ընթացքում այդ փաստը չի հաստատվել: Ընդհակառակը, և Բ Մ.Ս.-ն, և Բ Գ.Գ.-ն քննող դատարանում նշել են, որ նրանք անձամբ ականատես են եղել նախասենյակում դրված ջրի եռուցիչի միջից պոլիէթիլենային տոպրակի հայտնաբերմանը (տե'ս վերևում՝ 30-րդ պարբերությունը):
63. Ինչ վերաբերում է «գ» գործոնին, Դատարանը դիտարկում է, որ այնքանով, որքանով վերաբերելի է ընթերականերին, երկուսն էլ քննող դատարանում նշել են, որ չեն կարողանում հիշել՝ արդյոք ոստիկանության՝ խուզարկություն կատարող ծառայողները նրանց տեղեկացրել են այն մասին, որ իրենք իրավունք ունեն խուզարկության արձանագրության մեջ ներառելու իրենց առարկությունները՝ դրանց առկայության դեպքում (տե'ս վերևում՝ 30-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, նրանք չեն նշել, որ ունեցել են առարկություններ, որոնք չեն արձանագրվել: Այնքանով, որքանով վերաբերելի է դիմումատուին, նա պնդել է, որ հայտարարել է հայտնաբերված պոլիէթիլենային տոպրակի վերաբերյալ իր անտեղյակության մասին, և նշել է, որ այն դրվել է ոստիկանության կողմից: Դատարանը նշում է, որ քննող դատարանում Գ.Գ.-ն հաստատել է, որ դիմումատուն, իրոք, արել է այդպիսի հայտարարություն (նույն տեղում): Միևնույն ժամանակ Դատարանը նկատում է, որ չնայած խուզարկության արձանագրության մեջ նշվել է, որ դիմումատուն չի ստորագրել այն՝ առանց ներկայացնելու հրաժարվելու պատճառները, այդուհանդերձ, դիմումատուի հայտարարությունն այն մասին, որ ինքը տեղյակ չի եղել հայտնաբերված առարկաների մասին, դրանում արձանագրվել է (տե'ս վերևում՝ 14-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, չի կարող բացառվել, որ դիմումատուն կարող էր այլ առարկություններ ունենալ, որոնք չեն արտացոլվել խուզարկության արձանագրության մեջ, և այդ փաստը Դատարանի համար մնում է անհայտ:
64. Վերջապես, ինչ վերաբերում է «դ» գործոնին, դիմումատուն հատկապես այս հարցն իր դեմ հարուցված վարույթների ընթացքում չի բարձրացրել: Ամեն դեպքում, ինչպես նշվել է վերևում, Մ.Ս.-ն և Գ.Գ.-ն քննող դատարանում հաստատել են, որ ականատես են եղել նախասենյակում դրված եռուցիչի միջից պոլիէթիլենային տոպրակի հայտնաբերմանը (տե'ս վերևում՝ 62-րդ պարբերությունը):
65. Վկայակոչելով նախորդ չորս պարբերություններում արված իր դիտարկումները, Դատարանը նշում է, որ դիմումատուն կարող էր միայն սահմանափակ հնարավորություն ունենալ ծանոթանալու խուզարկություն կատարելու մասին որոշմանը, և հնարավոր է, որ նրա առարկությունները ամենայն ճշգրտությամբ չեն արտացոլվել խուզարկության արձանագրության մեջ: Այս գործոնները, այնուամենայնիվ, Դատարանի կարծիքով բավարար ծանրակշիռ չեն անհամաչափության եզրահանգումը հիմնավորելու համար:
66. Վերոգրյալի լույսի ներքո՝ Դատարանն այն կարծիքին է, որ որոշման կատարումը այս գործի հանգամանքներում չի կարող դիտվել որպես հետապնդվող իրավաչափ նպատակին անհամաչափ:
67. Որպես եզրահանգում՝ սույն գործի հանգամանքներում 8-րդ հոդվածի խախտում չի հայտնաբերվել:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6–ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
68. Դիմումատուն բողոք է ներկայացրել այն մասին, որ ինքը դատապարտվել է ապօրինի խուզարկության արդյունքում ձեռք բերված ապացույցի հիման վրա: Նա որպես հիմնավորում նշել է Կոնվենցիայի 6–րդ հոդվածի 1-ին կետը, որով, այնքանով, որքանով վերաբերելի է, սահմանվում է հետևյալը՝
«Յուրաքանչյուր ոք, ... նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի ... դատարանի կողմից .... արդարացի ... դատաքննության իրավունք»։
Ընդունելիությունը
1. Կողմերի փաստարկները
69. Դիմումատուն պնդել է, որ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը հիմնված է եղել ապօրինի ճանապարհով ձեռք բերված ապացույցի վրա, և որ քննող դատարանը չի արձագանքել ապացույցն անթույլատրելի ճանաչելու համար ներկայացված իր դիմումին:
70. Կառավարությունը նշել է, որ դիմումատուի բնակարանի խուզարկության արդյունքները որպես ապացույց ընդունելը չի ազդել քննության արդարության վրա:
2. Դատարանի գնահատականը
71. Դատարանը կրկին նշում է, որ իր պարտականությունն է, Կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն, ապահովել պայմանավորվող պետությունների կողմից Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը: Մասնավորապես, ազգային դատարանի կողմից փաստական կամ իրավական ենթադրյալ սխալների ուսումնասիրությունը նրա գործառույթը չէ, քանի դեռ [չեն խախտվել] և այնքանով, որքանով որ դրանցով խախտվել են Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքներն ու ազատությունները։ Թեև 6-րդ հոդվածով երաշխավորվում է արդարացի դատաքննության իրավունքը, այն, որպես այդպիսին, չի սահմանում ապացույցի ընդունելիության վերաբերյալ որևէ կանոն, ինչը, հետևաբար, ի սկզբանե ներպետական օրենքով կարգավորվող հարց է (տե'ս Շենկն ընդդեմ Շվեյցարիայի [Schenk v. Switzerland], 1988 թվականի հուլիսի 12, «« 45-46, Շարք Ա թիվ 140 և Տեիքսերիա Դ» Կաստրոն ընդդեմ Պորտուգալիայի [Teixeira de Castro v. Portugal], 1998 թվականի հունիսի 9, § 34, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998-IV):
72. Հետևաբար, սկզբունքորեն Դատարանի խնդիրը չէ որոշելը, թե արդյոք ապացույցների որոշակի տեսակները, օրինակ՝ ներպետական օրենսդրության իմաստով անօրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցը թույլատրելի են, թե՝ ոչ, կամ արդյոք դիմումատուն իրականում մեղավոր է, թե՝ ոչ։ Հարցը, որին պետք է պատասխան տրվի, այն է, թե արդյոք վարույթները՝ որպես ամբողջություն, ներառյալ՝ եղանակը, որի միջոցով ձեռք է բերվել ապացույցը, արդարացի են եղել, թե՝ ոչ։ Սա ներառում է վիճարկվող, անօրինականության հարցի և, եթե խոսքը գնում է Կոնվենցիայով սահմանված այլ իրավունքի խախտման մասին, հայտնաբերված խախտման բնույթի ուսումնասիրություն (տե'ս, inter alia, Բիկովն ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] [Bykov v. Russia [GC]], թիվ 4378/02, § 89, 2009 թվականի մարտի 10, Յալլոհն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Jalloh v. Germany [GC]], թիվ 54810/00, § § 94-95, ՄԻԵԴ 2006-IX, Խանն ընդդեմ Միացյալ Թագավորության [Khan v. the United Kingdom], թիվ 35394/97, § 34, ՄԻԵԴ 2000-V և ՓԻ.ՋԻ.-ն և ՋԵՅ.ԷՅՉ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [P.G. and J.H. v. the United Kingdom], թիվ 44787/98, § 76, ՄԻԵԴ 2001-IX):
73. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի հայտնաբերված խախտման ուսումնասիրությանը, Դատարանը դիտարկում է, որ հատկապես Խանի (վերևում հիշատակված՝ § § 25-28) և ՓԻ.ՋԻ.-ի և ՋԵՅ. ԷՅՉ.-ի (վերևում հիշատակված՝ § § 37-38) գործերով պարզվել է, որ գաղտնալսիչ սարքերի օգտագործումն իրականացվել է 8-րդ հոդվածի խախտմամբ, քանի որ նման սարքերի օգնությանը դիմելու համար ներպետական օրենսդրությամբ իրավական հիմքեր ապահովված չեն եղել, և դիմումատուի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին միջամտությունը չի կատարվել «օրենքին համապատասխան»: Այնուամենայնիվ, այդ ձևով ձեռք բերված տեղեկությունները որպես ապացույց ընդունելը սույն գործերի հանգամանքներում չի հակասում 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդարացիության պահանջներին (տե'ս Յալլոհի գործը՝ վերևում հիշատակված, § 98):
74. Դատարանն այնուհետև դիտարկում է, որ դատավարության ժամանակ առանց պատշաճ իրավական հիմքերի կամ անօրինական միջոցներով ձեռք բերված նյութի օգտագործումն ընդհանուր առմամբ չի խախտում 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արդարացիության չափորոշիչն այն դեպքում, երբ առկա են պատշաճ դատավարական երաշխիքներ, ինչպես նաև նյութի բնույթը և աղբյուրը չեն խախտվել, օրինակ, որևէ ճնշմամբ, հարկադրանքով կամ դրդմամբ, ինչը քրեական մեղադրանքի հարցը լուծելիս դրանց վրա հիմնվելը կդարձնի ոչ արդարացի: Նման տեղեկությունների ձեռքբերումն ավելի շուտ առաջ է բերում պայմանավորվող պետությունների՝ 8-րդ հոդվածի համաձայն անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը պատշաճ կերպով ապահովելու պարտականության հարցը (տե՛ս Չելկլին ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշում) [Chalkley v. the United Kingdom (dec.)], թիվ 63831/00, 2002 թվականի սեպտեմբերի 26): Սույն մոտեցումը վերջերս վերահաստատվել է Մեծ պալատի կողմից Բիկովի գործով (վերևում հիշատակված՝ § § 94-105):
75. Վերադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Դատարանը նշում է, որ դիմումատուի բնակարանում կանեփը հայտնաբերվել է դատական որոշման համաձայն կատարված խուզարկության արդյունքում: Դատարանը նաև նշում է, որ խուզարկության ժամանակ կատարվել են ներպետական օրենսդրության դատավարական խախտումներ:
76. Դատարանն այնուհետև նշում է, որ չնայած այլ ապացույցներ` ինչպես, օրինակ՝ դիմումատուի մեզի նմուշի քննության և փորձագիտական եզրակացությունների արդյունքները, նշվել են քննող դատարանի վճռում, վիճարկվող ապացույցը, փաստորեն, թմրանյութ պահելու մեղադրանքի առնչությամբ դիմումատուի դեմ միակ ապացույցն էր: Դատարանը նշում է, այնուամենայնիվ, որ ապացույցների առկայության հիմնավորվածությունը, ի տարբերություն վիճարկվող հարցի, պայմանավորված է գործի հանգամանքներով (տե՛ս Խանի գործը՝ վերևում հիշատակված, § 37):
77. Ճշմարիտ է, որ զարմանալիորեն ներպետական դատարանները մանրամասն չեն գնահատել խուզարկությունն անօրինական ձևով կատարելու վերաբերյալ դիմումատուի պնդումները, մի փաստ, որը մատնանշվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից (տե՛ս վերևում՝ 39-րդ պարբերությունը): Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ դիմումատուն բավականաչափ հնարավորություն է ունեցել քննելու ընթերականեր Գ.Գ.-ին և Մ.Ս.-ին, որոնք երկուսն էլ ներկա են գտնվել դատաքննությանը, բայց պնդել են իրենց նախնական հայտարարություններն այն մասին, որ իրենք անձամբ ականատես են եղել խուզարկության ժամանակ կանեփի հայտնաբերմանը: Չնայած դիմումատուն ներկայացրել է ընթերակաների կողմից արված հայտարարություններն այն մասին, որ ոստիկանության ծառայողները նրանց համոզել և սպառնացել են՝ ստորագրել խուզարկության արձանագրությունը (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը), այս պնդումներն առաջին անգամ են բարձրացվել Դատարանում: Ընթերակաները նմանատիպ հայտարարություններ չեն արել քննող դատարանում: Այսպիսի հանգամանքներում և հակառակն ապացուցող ծանրակշիռ ապացույցների բացակայության պարագայում Դատարանը չի կարող համարել, որ դիմումատուի դեմ վարույթը չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին՝ կապված վիճարկելի ապացույցների օգտագործման և դրանից հետևող եզրահանգումների հետ:
78. Վերջապես, Դատարանը չի կարող անտեսել ներպետական օրենսդրության խախտված դրույթների բնույթը և շրջանակը (տե՛ս mutatis mutandis, Փարրիսն ընդդեմ Կիպրոսի (որոշում) [Parris v. Cyprus (dec.)], թիվ 56354/00, 2002 թվականի հուլիսի 4) և այն փաստը, որ վիճարկվող ապացույցը ձեռք չի բերվել հարկադրանքի կամ ճնշման միջոցով (տե՛ս, a contrario (հակառակ դիտանկյունից), Յալլոհի գործը՝ վերևում հիշատակված, § § 103-108):
79. Այստեղից հետևում է, որ գանգատի այս մասն ակնհայտորեն անհիմն է և պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
80. Դիմումատուն այնուհետև մի շարք այլ բողոքներ է ներկայացրել Կոնվենցիայի 3–րդ, 5–րդ, 6–րդ, 10-րդ, 11-րդ, 13–րդ և 14-րդ հոդվածների և թիվ 7 Արձանագրության 2–րդ հոդվածի մասով։
81. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը և այնքանով, որքանով այդ բողոքները գտնվում են իր իրավասության ներքո, Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ։ Այստեղից հետևում է, որ գանգատի այդ մասը պետք է մերժվի ակնհայտորեն անհիմն լինելու հիմքով՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է 8-րդ հոդվածի հիման վրա ներկայացված բողոքը խուզարկություն կատարելու մասին որոշման կատարման եղանակի մասով ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.
2. Վճռում է, որ Կոնվենցիայի 8–րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2016 թվականի փետրվարի 4-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Անդրե Ուամպաշ Քարտուղարի տեղակալ |
Միրյանա Լազարովա Տրայկովսկա Նախագահ |
