Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.07.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.6
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.07.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ 1/0002/02/08

Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ 1/0002/02/08

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան

Դատավորներ՝ Ն. Հովսեփյան

               Ա. Մկրտչյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. Աբելյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2010 թվականի հուլիսի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էդուարդ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վարդևան Խդրյանի ընդդեմ Էդուարդ Մարտիրոսյանի, Գևորգ Մարտիրոսյանի և Հայկանուշ Մարտիրոսյանի` 42.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Էդուարդ Մարտիրոսյանի, Գևորգ Մարտիրոսյանի ընդդեմ Վարդևան Խդրյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Արայիկ Շառոյանի` գումարի վերադարձման պարտավորությունը դադարած համարելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարդևան Խդրյանը պահանջել է բռնագանձել Էդուարդ, Գևորգ և Հայկանուշ Մարտիրոսյաններից 42.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։

Հյուսիսային քաղաքացիական դատարանի 16.04.2008 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2008 թվականի որոշմամբ բեկանվել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի 16.04.2008 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության։

Հյուսիսային քաղաքացիական դատարանի 25.02.2009 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ըստ տարածքային ընդդատության փոխանցվել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան)։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Էդուարդ և Գևորգ Մարտիրոսյանները պահանջել են դադարած համարել գումարի վերադարձման պարտավորությունը։

Դատարանի 04.08.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.02.2010 թվականի որոշմամբ Դատարանի 04.08.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էդուարդ Մարտիրոսյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։

 Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ, 112-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գործը քննել է Էդուարդ Մարտիրոսյանի բացակայությամբ` առանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին նրան պատշաճ ծանուցելու։ Կայացվող դատական ակտն ուղղակիորեն վերաբերում է վերջինիս իրավունքներին և պարտականություններին, որպիսի պարագայում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր օրենքով սահմանված կարգով ծանուցել քննվող գործով տեղի ունեցող դատական նիստերի մասին։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.02.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Սույն գործի քննությունը Վերաքննիչ դատարանում ավարտվել է 04.02.2010 թվականին, իսկ բողոքարկվող որոշումը հրապարակվել է 18.02.2010 թվականին (հատոր 7-րդ, գ.թ. 157, 160)։

2. Ի պատասխան Վերաքննիչ դատարանում 17.12.2009 թվականի ժամը 11։20-ին կայանալիք դատական նիստին Էդուարդ Մարտիրոսյանի պատշաճ ծանուցումն ապահովելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 27.11.2009 թվականի թիվ ԴԴ 7-24542 գրության` Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը 17.12.2009 թվականի թիվ 23/35-107/517 գրությամբ հայտնել է, որ Երևանի Արշակունյաց 3ա շենքի թիվ 11 բնակարանի բնակիչ Էդուարդ Մարտիրոսյանը գտնվում է ՌԴ-ում, սակայն ծանուցվել է 17.12.2009 թվականին կայանալիք դատական նիստի մասին (հատոր 7-րդ, գ.թ. 78, 150)։

3. Վերաքննիչ դատարանի` 17.12.2009 թվականի ժամը 11։20-ին նշանակված դատական նիստում Էդուարդ Մարտիրոսյանի ծանուցումն ապահովելու նպատակով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է (հատոր 7-րդ, գ.թ. 102)։

4. Ի պատասխան Վերաքննիչ դատարանում 04.02.2010 թվականի ժամը 11։20-ին կայանալիք դատական նիստին Էդուարդ Մարտիրոսյանի պատշաճ ծանուցումն ապահովելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 21.12.2009 թվականի թիվ ԴԴ 7-26782 գրության` Գյումրիի քաղաքապետի տեղակալը 25.01.2010 թվականի թիվ 1/4-011/196 գրությամբ հայտնել է, որ Գյումրիի 8-րդ զինավան, 11-րդ շենքի թիվ 27 բնակարանի բնակիչ Էդուարդ Մարտիրոսյանի վերաբերյալ, ինչպես նաև նրա ներկայիս փաստացի գտնվելու վայրի մասին Գյումրիի քաղաքապետարանում տեղեկություններ չկան (հատոր 7-րդ, գ.թ. 147, 155)։

5. Գործում առկա չէ 04.02.2010 թվականի ժամը 11։20-ին նշանակված դատական նիստի մասին Էդուարդ Մարտիրոսյանի պատշաճ ծանուցելու փաստը հաստատող որևէ ապացույց։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով։

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 78-րդ հոդվածի կիրառման հարցին։

Վճռաբեկ դատարանը նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում (տես՝ Վերգուշ Վարդանյանի հայցն ընդդեմ Եղիշ Թորոսյանի, Արամայիս Օհանջանյանի և Միշա Գրիգորյանի՝ ընդհանուր գույքում բաժինն առանձնացնելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի թիվ 3-19(ՎԴ) որոշումը)։

Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանում 17.12.2009 թվականին կայանալիք դատական նիստին Էդուարդ Մարտիրոսյանի պատշաճ ծանուցումն ապահովելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 27.11.2009 թվականի թիվ ԴԴ 7-24542 գրությանն ի պատասխան` Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը 17.12.2009 թվականի թիվ 23/35-107/517 գրությամբ հայտնել է, որ Երևանի Արշակունյաց 3ա շենքի թիվ 11 բնակարանի բնակիչ Էդուարդ Մարտիրոսյանը գտնվում է ՌԴ-ում, սակայն ծանուցվել է 17.12.2009 թվականին կայանալիք դատական նիստի մասին։ Մինչդեռ անտեսելով այդ հանգամանքը` Վերաքննիչ դատարանն այնուամենայնիվ 17.12.2009 թվականի ժամը 11։20-ին նշանակված դատական նիստում Էդուարդ Մարտիրոսյանի ծանուցումն ապահովելու նպատակով հետաձգել է վերաքննիչ բողոքի քննությունը։

Այնուհետև Վերաքննիչ դատարանը 04.02.2010 թվականի ժամը 11։20-ին կայանալիք դատական նիստին Էդուարդ Մարտիրոսյանի պատշաճ ծանուցումն ապահովելու վերաբերյալ 21.12.2009 թվականի թիվ ԴԴ 7-26782 գրությամբ դիմել է Գյումրիի քաղաքապետարան, որն էլ 25.01.2010 թվականի թիվ 1/4-011/196 գրությամբ հայտնել է, որ Գյումրիի 8-րդ զինավան, 11-րդ շենքի թիվ 27 բնակարանի բնակիչ Էդուարդ Մարտիրոսյանի վերաբերյալ, ինչպես նաև նրա ներկայիս փաստացի գտնվելու վայրի մասին Գյումրիի քաղաքապետարանում տեղեկություններ չկան։ 04.02.2010 թվականին Վերաքննիչ դատարանում քննվել և ավարտվել է սույն գործի քննությունը, իսկ դատական ակտը հրապարակվել է 18.02.2010 թվականին։

 Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չի հաստատվել Վերաքննիչ դատարանի կողմից 04.02.2010 թվականի ժամը 11։20-ին նշանակված դատական նիստի մասին բողոք բերած անձին պատշաճ ծանուցելու ուղղությամբ ակտիվ գործողություններ ձեռնարկելու հանգամանքը, ինչի արդյունքում վերջինս զրկվել է դատական նիստին ներկա գտնվելու և իր իրավունքները պաշտպանելու դատավարական իրավունքից։

Ավելին, տիրապետելով Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի 17.12.2009 թվականի թիվ 23/35-107/517 գրությամբ տրված տեղեկությանն առ այն, որ Էդուարդ Մարտիրոսյանը գտնվում է ՌԴ-ում և իմանալով Երևանի Կենտրոն վարչական շրջանի կողմից նրան ծանուցելու հնարավորության մասին` այդուհանդերձ Վերաքննիչ դատարանը 04.02.2010 թվականին կայանալիք դատական նիստի մասին ծանուցումն ապահովելու համար բավարարվել է միայն այդ մասին Գյումրիի քաղաքապետարան գրություն ուղարկելով։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը Էդուարդ Մարտիրոսյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին և գործը քննել է նրա բացակայությամբ։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցին անդրադառնալ դատական ակտ կայացնելիս։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ս. Անտոնյան

ՎԱբելյան

 

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ