Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.40
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.07.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ
ՎԴ/1864/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/1864/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Մաթևոսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. Աբելյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2010 թվականի հուլիսի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գագիկ Թովմասյանի և Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքները ՀՀ վարչական դատարանի 04.02.2010 թվականի վճռի դեմ` ըստ Նարինե, Լիանա, Օֆելյա Թովմասյանների հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Գագիկ Թովմասյանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման, Արամ Թովմասյանի` Երևանի քաղաքապետի 03.12.2008 թվականի թիվ 5631-Ա որոշումը, 17.02.2009 թվականի անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Թովմասյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, Գագիկ Թովմասյանի և Արամ Թովմասյանի միջև 18.04.2009 թվականին կնքված թիվ 1648 անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և պայմանագրի հիման վրա Արամ Թովմասյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Երևանի քաղաքապետին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նարինե, Լիանա, Օֆելյա Թովմասյանները պահանջել են մասնակի անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 03.12.2008 թվականի թիվ 5631-Ա որոշումը, 17.02.2009 թվականի անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Թովմասյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, անվավեր ճանաչել Գագիկ Թովմասյանի և Արամ Թովմասյանի միջև 18.04.2009 թվականին կնքված անշարժ գույքի թիվ 1648 նվիրատվության պայմանագիրը և պայմանագրի հիման վրա Արամ Թովմասյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, պարտավորեցնել Երևանի քաղաքապետին ընդունելու բարենպաստ վարչական ակտ։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 04.02.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի` Գագիկ և Արամ Թովմասյանների միջև 18.04.2009 թվականին կնքված թիվ 1648 անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը մասնակի` նվիրված գույքի 3/8 մասով, պայմանագրի հիման վրա 21.04.2009 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական Է4-8 մատյանի 000261 համարի տակ Գագիկ և Արամ Թովմասյանների անվամբ կատարված բաժնային սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի` յուրաքանչյուրը 3/8 մասերով ճանաչվել է անվավեր, իսկ հայցը մնացած մասով մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Գագիկ Թովմասյանը և Երևանի քաղաքապետը։

Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Ըստ Գագիկ Թովմասյանի վճռաբեկ բողոքի Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը, 3-րդ հոդվածի 4-րդ մասը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

 Դատարանը, հիմք ընդունելով Օֆելյա և Լիանա Թովմասյանների կողմից տրված և թիվ 8 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից կնքված համաձայնագիրը, ինչպես նաև Նարինե, Օֆելյա և Լիանա Թովմասյանների անձնագրերի պատճեններում առկա հաշվառման նշումները, եզրահանգել է, թե վերջիններս Երևանի Սարի թաղի 6-րդ շարքի թիվ 42 տունը փաստացի տիրապետում են որպես սեփական գույք և այդ տան նկատմամբ Գագիկ Թովմասյանից բացի, պետք է ճանաչվեր նաև նրանց սեփականության իրավունքը: Մինչդեռ հայցվորիների կողմից վիճելի գույքը որպես սեփականը չտիրապետելու հանգամանքը հաստատվում է հետևյալ փաստերով.

 վիճելի հասցեի տունը կառուցվել է 1938 թվականին,

 վիճելի տունը կառուցել է Գագիկ Թովմասյանի պապը` Թովմաս Թովմասյանը, իսկ հետագա կառուցման աշխատանքները կատարել է Գագիկ Թովմասյանի հայրը` Վազգեն Թովմասյանը` 1958-1997 թվականներին,

 Վազգեն Թովմասյանը և Օֆելյա Շավարշյանը Գագիկ Թովմասյանի ծնողներն են, հետևաբար ծնողների մահից հետո վերջինս նրանց առաջին հերթի ժառանգն է,

 Նարինե Թովմասյանն ի սկզբանե չի բնակվել վիճելի տանը, այլ 1985 թվականին ամուսնանալուց հետո տեղափոխվել է ամուսնու հայրական տուն, իսկ աղջիկներից Օֆելյա Թովմասյանը 2006 թվականին ամուսնացել է և մինչ օրս չի բնակվում վիճելի տանը,

 հայցվորները չեն մասնակցել վիճելի տան կառավարմանը` չեն կառուցել և չեն կատարել կապիտալ վերանորոգման աշխատանքներ կամ այլ անբաժանելի բարելավումներ, ինչպես նաև հոգ չեն տարել գույքի պահպանման համար` չեն վճարել հողի հարկի կամ գույքահարկի վճարումներ,

 Վազգեն Թովմասյանը, կառավարել և հոգ է տարել գույքի պահպանման համար` կատարել է գույքահարկի, հողի հարկի վճարումները: Անշարժ գույքի բարեխիղճ տիրապետողը և սեփականատերը Վազգեն Թովմասյանն է:

 

2. Ըստ Քաղաքապետի վճռաբեկ բողոքի Դատարանը սխալ է մեկնաբանել Օրենքի 1-ին հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Համաձայն թաղային լիազոր ներկայացուցչի 12.08.2009 թվականի տեղեկանքի, Նարինե և Լիանա Թովմասյանները վիճելի տանը բնակվել են մինչև 2008 թվականի նոյեմբերը, իսկ Օֆելյա Թովմասյանը` մինչև 2006 թվականի փետրվարը: Այսինքն` վերջիններս նշված հասցեի գույքը փաստացի չեն տիրապետել: Նման պարագայում, երբ հայցվորները չեն բնակվել Սարի թաղի 6-րդ շենքի հ 42 տանը, այսինքն` փաստացի չեն տիրապետում, հետևաբար «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում ամրագրված պայմաններից մեկի` տիրապետման փաստի բացակայության դեպքում նույնաբովանդակ վարչական ակտը կհակասեր վերը նշված օրենքին և կառաջացներ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմք, այն է` հայցվորներին կտրամադրվեր ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել և փոփոխել Դատարանի 04.02.2010 թվականի վճիռը` հայցը մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի Սարի թաղի 6-րդ շարքի թիվ 42 տունը կառուցվել է 1938 թվականին, որի զբաղեցրած և դրա սպսարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը կազմում է 133,99 քմ (հատոր 2-րդ գ.թ. 32, 98)։

2) Երևանի Սարի թաղի 6-րդ շարքի թիվ 42 տան սեփականատերն էր Գագիկ Թովմասյանի պապը` Թովմաս Թովմասյանը, որի մահից հետո գույքը տիրապետել է Գագիկ Թովմասյանի հայրը` Վազգեն Թովմասյանը (հատոր 1-ին, գ.թ. 63-66, 18-21)։

3) Վազգեն Թովմասյանը և Օֆելյա Շավարշյանը Գագիկ Թովմասյանի ծնողներն են, որոնք մահացել են համապատասխանաբար 20.09.1997 թվականին և 12.10.2008 թվականին (հատոր 1-ին, գ.թ.145)։

4) Գագիկ Թովմասյանը և Նարինե Թովմասյանն ամուսանցել են 1985 թվականին, համատեղ ամուսնության ընթացքում ունեցել են երկու դուստր` Օֆելյա Թովմասյան` ծնված 1985 թվականին, և Լիանա Թովմասյան` ծնված 1986 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 14, 142, հատոր 2-րդ, գ.թ. 8)։

5) Նարինե և Լիանա Թովմասյանները Երևանի Սարի թաղի 6-րդ շարքի թիվ 42 տանը բնակվել են 1985 թվականից մինչև 2008 թվականի նոյեմբեր ամիսը, իսկ Օֆելյա Թովմասյանը` 1985 թվականից մինչև 2006 թվականի փետրվար ամիսը: Համաձայն թիվ 8 տեղամասի լիազոր ներկայացուցչի 28.07.2009 թվականի տեղեկանքի` Երևանի Սարի Թաղի 6-րդ շարքի թիվ 42 տանը միակ հաշվառված բնակվողը Գագիկ Թովմասյանն է, իսկ նույն հասցեում հաշվառված Նարինե, Լիանա, Օֆելյա Թովմասյանները ներկայումս չեն բնակվում (հատոր 1-ին, գ.թ. 143, հատոր 2-րդ, գ.թ. 53)։

6) Երևանի Սարի թաղի 6-րդ շարքի թիվ 42 տանը Գագիկ Թովմասյանը հաշվառվել է 16.12.1989 թվականին, Նարինե Թովմասյանը` 1985 թվականին, Օֆելյա Թովմասյանը` 2002 թվականին, Լիանա Թովմասյանը` 2003 թվականին (հատոր 2-րդ գ.թ. 36, 37)։

7) Երևանի քաղաքապետի 03.12.2008 թվականի թիվ 5631-Ա որոշմամբ Սարի Թաղի 6-րդ շարքի թիվ 42 տան նկատմամբ վերականգնվել է Գագիկ Թովմասյանի գույքային իրավունքները, ճանաչվել է նրա սեփականության իրավունքը, որի հիման վրա 17.02.2009 թվականին տրվել է սեփականության իրավունքի թիվ 2603274 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 8-11)։

8) 18.04.2009 թվականի «Անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագրի» համաձայն` Գագիկ Թովմասյանը Արամ Թովմասյանին է նվիրել Երևանի Սարի Թաղի 6-րդ շարքի թիվ 42 տան 1/2-ը, որի հիման վրա վերջինիս 21.04.2009 թվականին տրվել է թիվ 2628489 սեփականության իրավունքի վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 72-75)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հիմնավոր են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

«Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Երևան քաղաքի վարչական տարածքում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված և նույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա (ներառյալ` բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում) այն անհատական բնակելի տները և դրանց կից բնակելի նշանակության օժանդակ շինությունները, դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերը, որոնց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը և (կամ) հողհատկացման հիմքերը, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ապա նույն օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը` որպես սեփական գույք:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում Երևանի քաղաքապետի որոշումը կայացվում է սեփականության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության առկայության դեպքում, բացառությամբ, եթե նույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր սեփականության իրավունքի մասնակիցները գրանցված ամուսիններ են, և դիմումը ներկայացրել է ամուսիններից մեկը:

Վերոհիշյալ իրավանորմերից բխում է, որ վերոնշյալ օրենքով կարգավորվում են օրենքով սահմանված կարգով կառուցված բնակելի տների (օրինական կառույցների), դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերի նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերի և (կամ) հողհատկացման հիմքերի պահպանված չլինելու դեպքում օրինական կառույցի սեփականատիրոջ իրավունքների վերականգնման հարցերը:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

Դատարանը, հիմնվելով վիճելի հասցեում հայցվորների հաշվառման փաստի և «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի վրա, եկել է այն եզրահանգման, որ Երևանի քաղաքապետի 03.12.2008 թվականի թիվ 5631-Ա որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ, քանի որ անտեսվել է հայցվորների կողմից ևս վիճելի գույքը որպես սեփականը տիրապետելու, դրա նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու հանգամանքը:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Սարի թաղի 6-րդ շարքի թիվ 42 տունը կառուցվել է 1938 թվականին, որի սեփականատերն էր Գագիկ Թովմասյանի պապը` Թովմաս Թովմասյանը, որի մահից հետո գույքը տիրապետել է Գագիկ Թովմասյանի հայրը` Վազգեն Թովմասյանը: Վերջինիս, ապա իր կնոջ` Օֆելյա Թովմասյանի մահից հետո որպես վերջիններիս առաջին հերթի ժառանգ վիճելի գույքը տիրապետել է նրանց որդին` Գագիկ Թովմասյանը: Այսինքն` Գագիկ Թովմասյանին է անցել վիճելի գույքի սեփականատեր հանդիսացող իր իրավանախորդների` այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման համար ՀՀ օրենսդրությամբ ամրագրված իրավունքները:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը սույն գործով կիրառելի չէ և վերաբերում է այն դեպքերին, երբ գույքը ձեռք է բերվել համատեղ ամուսնության ընթացքում: Մինչդեռ, սույն գործով վեճի առարկան Գագիկ Թովմասյանի իրավանախորդների սեփականությունն էր, որոնց մահից հետո այդ գույքի փաստացի տիրապետման ուժով ժառանգությունն ընդունած ժառանգ է համարվում Գագիկ Թովմասյանը, որի իրավունքներն էլ բացառապես կարող էր վերականգնվել վիճելի գույքի նկատմամբ:

Վերոգրյալից հետևում է, որ վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի առաջացման համար միայն այդ հասցեում հաշվառվելը և բնակվելը բավարար չեն «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար, քանի որ օրենքը կարգավորում է ոչ թե սեփականության իրավունքի ծագման, այլ արդեն իսկ ծագած սեփականության իրավունքի վերականգնման խնդիրը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքների հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 04.02.2010 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը և այն փոփոխել` Նարինե, Լիանա, Օֆելյա Թովմասյանների հայցը մերժել։ Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Նարինե, Լիանա, Օֆելյա Թովմասյաններից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` հայցադիմումի և 20.000 ՀՀ դրամ` վճռաբեկ բողոքի համար չվճարված պետական տուրքի գումարներ։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ս. Անտոնյան

ՎԱբելյան

 

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան