Գլխավոր տեղեկություն
Համար
N 187-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.04.2010-27.04.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.24/12(746) Հոդ.298
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.02.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 2010 թվականի N 187-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17.1-ին հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում հարկային մարմնի ներկայացուցիչների և հարկ վճարողների ընտրության, հարկային մարմնի ներկայացուցիչների նշանակման և ներկայացուցիչների աշխատանքների կազմակերպման հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու համար հարկ վճարողների և հարկային մարմնի ներկայացուցիչների ընտրության ու նշանակման կարգը` համաձայն N 1 հավեվածի.

2) հարկային մարմնի ներկայացուցիչների աշխատանքների կազմակերպման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև 2010 թվականի մարտի 15-ը`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հարկային ներկայացուցիչ նշանակելու համար օրենքով սահմանված հիմքերը բավարարող` սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգով կազմված հարկ վճարողների 2010 թվականի ցանկը.

2) սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգին համապատասխան` հաստատել հարկային մարմնի ներկայացուցիչների թեկնածուների 2010 թվականի ցանկը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. մարտի 10

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

փետրվարի 18-ի N 187-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 17.1-ին հոդվածով հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու համար սահմանված հիմքերը բավարարող հարկ վճարողների, ինչպես նաև հարկային մարմնի ներկայացուցիչների (այսուհետ` ներկայացուցիչներ) ընտրության ու նշանակման հետ կապված հարցերը:

 

II. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ` ՊԵԿ)`

1) հարկային մարմնի տեղեկատվական համակարգում առկա տվյալներին համապատասխան դուրս է բերում օրենքով ներկայացուցիչ նշանակելու համար սահմանված հիմքերը բավարարող հարկ վճարողների նախնական ցանկը.

2) նախնական ցանկում ներառված հարկ վճարողների մոտ ներկայացուցիչների նշանակման նպատակահարմարությունը պարզելու, ինչպես նաև ընթացիկ հսկողության համար ներկայացուցիչների անհրաժեշտ քանակը որոշելու նպատակով յուրաքանչյուր հարկ վճարողի մասով իրականացնում է վերլուծություն` հաշվի առնելով, մասնավորապես`

ա. ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգին համապատասխան` միջին կամ բարձր ռիսկայնության գոտիներում հարկ վճարողի գտնվելու հանգամանքը,

բ. հարկ վճարողի հիմնական գործունեության առանձնահատկությունները.

3) վերլուծությունների արդյունքում հարկ վճարողների համար կազմում է ներկայացուցիչ նշանակելու նպատակահարմարության և ներկայացուցիչների անհրաժեշտ թվի վերաբերյալ եզրակացություն.

4) սույն կետով նախատեսված եզրակացությունների հիման վրա կազմում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ներկայացուցիչ նշանակելու ենթակա, օրենքով սահմանված հիմքերը բավարարող հարկ վճարողների ցանկը` հարկ վճարողների ցանկում ընդգրկվելու համապատասխան հիմնավորումներով:

3. Ներկայացուցիչ նշանակելու ենթակա հարկ վճարողների ցանկը յուրաքանչյուր հաշվետու տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացվում հաշվետու տարվան նախորդող ամսվա ընթացքում: Ներկայացուցիչ նշանակելու ենթակա հարկ վճարողների ցանկում հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում կարող են կատարվել փոփոխություններ:

 

III. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

4. ՊԵԿ-ի համակարգի հարկային ծառայողներից ներկայացուցիչներ նշանակելու նպատակով ընտրվում են ներկայացուցիչների թեկնածուներ` հետևյալ չափանիշներին համապատասխան`

1) հարկային ծառայության երեք և ավելի տարվա ստաժ.

2) հարկ վճարողների մոտ հսկողական աշխատանքների (ստուգումների, չափագրումների, ուսումնասիրությունների) իրականացման մեկ և ավելի տարվա ստաժ.

3) վերջին մեկ տարվա ընթացքում հարկային ծառայողի կարգապահական (բացառությամբ «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի) պատասխանատվության ենթարկված չլինելը:

5. Հարկային մարմնի ներկայացուցիչների թեկնածուների ցանկը ՊԵԿ-ի նախագահի կողմից հաստատվում է յուրաքանչյուր հաշվետու տարվա համար առնվազն մեկ անգամ:

 

IV. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

6. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հարկ վճարողների և ՊԵԿ-ի նախագահի կողմից հաստատված ներկայացուցիչների թեկնածուների ցանկերին համապատասխան` ներկայացուցիչները նշանակվում են հարկային մարմնի ղեկավարի հրապարակած գրավոր հրամանով: Հարկ վճարողի մոտ հսկողության անցկացման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել 183 օրացուցային օրը` մեկ օրացուցային տարվա համար կամ 250 աշխատանքային օրը` երկու օրացուցային տարիների համար:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

փետրվարի 18-ի N 187-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 17.1-ին հոդվածով սահմանված հիմքերը բավարարող հարկ վճարողների մոտ ընթացիկ հարկային հսկողության (այսուհետ` հսկողություն) ընթացքում հարկային մարմնի ներկայացուցիչների (այսուհետ` ներկայացուցիչներ) աշխատանքների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Ներկայացուցիչները հսկողությունն իրականացնում են այն ռեժիմով, որով աշխատում են հարկ վճարողները, եթե հարկային մարմնի ղեկավարի հրամանում ավելի մեղմ ռեժիմ սահմանված չէ: Ներկայացուցչին այլ ներկայացուցչով փոխարինելը կամ հսկողության աշխատանքային ռեժիմի փոփոխությունը կատարվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով, որի մասին հարկ վճարողը ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Հսկողության անցկացման ժամկետը չպետք է գերազանցի հարկ վճարողի մոտ ներկայացուցիչ նշանակելու մասին հարկային մարմնի ղեկավարի գրավոր հրամանում նշված ժամկետը:

3. Հարկ վճարողների մոտ հսկողության շրջանակներում ներկայացուցիչները`

1) ընտրանքային կարգով իրականացնում են առաքվող, բացթողնվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի և ապրանքների (այսուհետ` առաքվող արտադրանք և վաճառվող ապրանք), մատուցվող ծառայությունների փաստացի ծավալների ու գների հաշվառում և ուսումնասիրություն, այդ թվում` ըստ ապրանքների անվանումների (անվանացանկի), ծառայությունների տեսակների, ապրանքների տեսականու (ըստ դրանց տեսակների, մոդելների, չափերի, գույների կամ այլ հատկանիշների): Ներկայացուցիչները հարկ վճարողի տարածքներում իրավունք ունեն բացառապես դիտելու պատրաստի արտադրանքի առաքման, տրամադրման, տեղափոխման կամ վաճառքի գործընթացը` այդ տարածքներ մուտք գործելով հարկ վճարողի պաշտոնատար անձի անմիջական մասնակցությամբ.

2) իրականացնում են առաքվող արտադրանքի և վաճառվող ապրանքների, մատուցվող ծառայությունների` հարկային օրենսդրությամբ սահմանված փաստաթղթավորման, հաշվառման և գրանցման ընթացակարգերի ուսումնասիրություններ: Արտադրանքի առաքման, ապրանքի վաճառքի և ծառայության մատուցման գործարքների փաստաթղթավորման և հաշվառման (գրանցման) կարգի նկատմամբ օրենքով սահմանված պահանջների կատարման ապահովման նպատակով ընտրանքային կարգով, կոնկրետ գործարքի մասով հարկ վճարողից պահանջում են կատարել առաքվող արտադրանքի և (կամ) վաճառվող ապրանքների գույքագրումներ, այդ թվում` ըստ ապրանքների անվանումների (անվանացանկի), ապրանքների տեսականու (ըստ դրանց տեսակների, մոդելների, չափերի, գույների կամ այլ հատկանիշների).

3) ծանոթանալու նպատակով հարկ վճարողից պահանջում են ներկայացնել բացառապես հսկողությանն անմիջապես առնչվող փաստաթղթեր, տվյալներ և տեղեկություններ առաքվող արտադրանքի և վաճառվող ապրանքների, մատուցվող ծառայությունների փաստացի ծավալների ու գների, դրանց իրացումից ստացվող հասույթի վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում` ըստ ապրանքների անվանումների (անվանացանկի), ծառայությունների տեսակների, ապրանքների տեսականու (ըստ դրանց տեսակների, մոդելների, չափերի, գույների կամ այլ հատկանիշների).

4) իրականացնում են հարկ վճարողի կողմից հարկային օրենսդրության և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների խախտումների կանխարգելիչ միջոցառումներ (այդ թվում` սույն կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված հսկողության ընթացքում), ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, տրամադրում են տեղեկատվություն հարկային օրենսդրության և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների, դրանց խախտման համար սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ:

4. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ուսումնասիրության ընթացքում հարկային մարմնի սահմանած կարգով ու ժամկետներում կազմում են տեղեկանք (տեղեկանքներ), որոնց մեկ օրինակը կազմելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում առձեռն կամ փոստով տրամադրում են հարկ վճարողի պաշտոնատար անձին: Հարկ վճարողի պաշտոնատար անձը ծանոթանում է տեղեկանքին` դրա մասին տեղեկանքում կատարելով համապատասխան գրառում, իսկ համաձայն չլինելու կամ առարկությունների դեպքում տեղեկանքի ներկայացմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի ներկայացուցչին է ներկայացնում իր գրավոր առարկությունները: Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ուսումնասիրությունների ընթացքում ընթացակարգերի և հարկային օրենսդրության խախտումներ, անճշտություններ, անհամապատասխանություններ (այսուհետ` խախտումներ) հայտնաբերելու դեպքում դրանց վերաբերյալ կազմում են տեղեկանք` երկու օրինակից (որին կցվում են նաև գույքագրման արդյունքները), որը խախտումն արձանագրելուց հետո, բայց ոչ ուշ, քան դրան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը, առձեռն կամ փոստով տրամադրում է հարկ վճարողի պաշտոնատար անձին: Հարկ վճարողի պաշտոնատար անձն արձանագրված խախտումների հետ համաձայնվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում է տեղեկանքը և վերացնում խախտումը, որի մասին տեղեկանքում հարկային մարմնի ներկայացուցչի կողմից կատարվում է համապատասխան գրառում: Արձանագրված խախտումների հետ համաձայն չլինելու դեպքում հարկ վճարողի պաշտոնատար անձը երեք աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի ներկայացուցչին է ներկայացնում իր գրավոր առարկություններն ու բացատրությունները:

5. Հարկային ներկայացուցիչները հարկ վճարողի մոտ իրականացվող ընթացիկ հսկողության ընթացքում հարկային մարմնի սահմանած կարգով վերադաս հարկային մարմնի հարկային ներկայացուցիչների աշխատանքները համակարգող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում են ներկայացնում հարկային հսկողության արդյունքների` սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված տեղեկանքների և տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություն: Հաշվետվությունը ներառում է`

1) ընդհանուր նկարագրական տեղեկություններ հարկ վճարողի գործունեության տեսակների, ոլորտի, գործունեության իրականացման վայրերի, կառուցվածքային ստորաբաժանումների, դրանց տեղաբաշխվածության ու աշխատանքային ռեժիմի վերաբերյալ.

2) սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված փաստաթղթերը, տվյալներն ու տեղեկությունները.

3) սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկանքները (այդ թվում` գույքագրման արդյունքներն ու հարկ վճարողի գրավոր առարկություններն ու բացատրությունները).

4) տեղեկատվություն հարկ վճարողի կողմից հարկային օրենսդրության և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների խախտումների կանխարգելիչ միջոցառումների, ըստ անհրաժեշտության հարկային օրենսդրության և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների, դրանց խախտման համար սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման մասին տեղեկատվության տրամադրման դեպքերի վերաբերյալ:

6. Հարկային մարմինը սույն կարգով նախատեսված հաշվետվությունները և տեղեկանքները (այդ թվում` գրավոր առարկությունները) կցում է հարկ վճարողի հարկային գործին, որոնք կարող են օգտագործվել հարկ վճարողի տնտեսական գործունեության վերլուծությունների, ինչպես նաև օրենքով նախատեսված ստուգումների ժամանակ` հարկ վճարողի հարկվող օբյեկտներն ու հարկային պարտավորությունները հաշվարկելու համար:

7. Ներկայացուցիչների աշխատանքը կազմակերպվում է ռոտացիայի սկզբունքով: Հարկային ներկայացուցչի ռոտացիան իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով: Սույն կարգի իմաստով, ռոտացիան ներկայացուցչի` մի հարկ վճարողի մոտից մեկ այլ հարկ վճարողի մոտ տեղափոխումն է կամ նույն հարկ վճարողի մոտ հարկային մարմնի ներկայացուցչի փոխարինումը: Հարկային ներկայացուցիչները ենթակա են ռոտացիայի առնվազն երեք ամիսը մեկ անգամ, իսկ վերադաս հարկային մարմնի հարկային ներկայացուցիչների աշխատանքները համակարգող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի միջնորդության և պատճառաբանված հիմնավորման դեպքում` առնվազն վեց ամիսը մեկ անգամ: Հարկային մարմնի ղեկավարը ներկայացուցիչների ռոտացիա իրականացնելու մասին որոշումն ընդունում է ռոտացիա իրականացնելուց առնվազն մեկ շաբաթ առաջ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան