Գլխավոր տեղեկություն
Համար
N 203-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.03.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.24/12(746) Հոդ.302
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.02.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 փետրվարի 2010 թվականի N 203-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի N 1322-Ն որոշման հավելվածի 9-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման 2010 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշմամբ հաստատված ծրագրի իրականացումն ապահովել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջոցով` նրա հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. մարտի 10

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

փետրվարի 11-ի N 203-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

Զբոսաշրջությունը, մասնագետների գնահատմամբ, համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժերից է: Զբոսաշրջությունը հանդիսանում է տնտեսական զարգացման հզոր կատալիզատոր` ապահովելով կապիտալի շրջապտույտի մեծ արագություն, ներդրումների հետգնում և շահութաբերություն:

Զբոսաշրջության կայուն զարգացումը նպաստում է կայուն տնտեսական զարգացմանը, շրջակա միջավայրի պահպանությանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, աղքատության հաղթահարմանը, պատմամշակութային ժառանգության և ավանդույթների պահպանությանն ու զարգացմանը, մշակութային արժեքների փոխադարձ արժևորմանը և այլն:

Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ՄԱԿ ԶՀԿ) վիճակագրական տվյալների համաձայն (UNWTO World Tourism Barometer)` վերջին տարիներին մինչև 2008 թվականը համաշխարհային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 4-4.5 տոկոս: 2007 թվականին այն անցել է 6 տոկոսի սահմանագիծը:

 Սակայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել նաև զբոսաշրջության վրա: 2008 թվականի ընթացքում համաշխարհային զբոսաշրջային այցելությունների աճի տեմպը նվազել է, 2007 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ, կազմել է 2 տոկոս և հասել 924 միլիոնի` 2007 թվականի ցուցանիշը գերազանցելով 16 միլիոնը: Համաշխարհային տնտեսական զարգացումների ներկա սցենարի պահպանման դեպքում 2009 թվականի ընթացքում կանխատեսվում է համաշխարհային զբոսաշրջային այցելությունների անկում` մինչև 3 տոկոսի չափով:

 Վերջին տարիներին, շնորհիվ զբոսաշրջության ոլորտում վարվող նպատակային պետական քաղաքականության, ինչպես նաև շահագրգիռ կողմերի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և բնակչության համագործակցության, զբոսաշրջությունը Հայաստանում արձանագրում է այցելուների թվի կայուն և դինամիկ աճ: 2001-2008 թվականներին Հայաստան կատարված միջազգային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 25 տոկոս:

2008 թվականին միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 558440` 2007 թվականի համեմատ աճելով 9.4 տոկոսով: Չնայած 2009 թվականի ընթացքում համաշխարհային զբոսաշրջային այցելությունների անկմանը` Հայաստանում, շնորհիվ վարվող պետական քաղաքականության և պետություն-մասնավոր հատված համագործակցության, դեռևս միջազգային զբոսաշրջային այցելությունների անկում չի արձանագրվել: 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 422807` 2008 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ (399691) աճելով 5.8 տոկոսով:

2010 թվականին Հայաստան միջազգային այցելությունների քանակի թիրախը ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում 600 000-ի սահմանագիծը հատելն է:

Վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային քաղաքականության շրջանակներում ծրագրային միջոցառումները հիմնականում ուղղված են եղել համաշխարհային շուկայում Հայաստանի, որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի, նկարագրի ձևավորման շարունակական կատարելագործմանը:

 Մասնավորապես, իրականացվել են հետևյալ ծրագրային միջոցառումները՝

1) հայրենական զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է Բեռլինում, Լոնդոնում, Փարիզում, Ռումինիայում, Միլանում, Թբիլիսիում, Հռոմում, Մադրիդում, Տոկիոյում, Ուլտրեխտում և Մոսկվայում անցկացվող միջազգային ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսներում և տոնավաճառներում, որը լուրջ խթան է Հայաստան այցելող միջազգային զբոսաշրջիկների թվի աճի համար.

 2) Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները պահանջարկի շուկաներում ներկայացնելու և զբոսաշրջիկներին անհրաժեշտ տեղեկատվությամբ նախապես ապահովելու նպատակով մշակվել, տպագրվել և տարածվել են բազմատեսակ գովազդատեղեկատվական նյութեր.

 3) 2009 թվականի ընթացքում «Հայաստան» զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը, տրամադրելով բազմաբնույթ տեղեկատվություն, սպասարկել է շուրջ 8765 զբոսաշրջիկ, որոնց թիվը 2006 թվականի համեմատ աճել է մոտավորապես 25 տոկոսով.

4) 2005-2009 թվականներին Հայաստանում ճանաչողական նպատակներով կազմակերպվել են Ճապոնիայից, Ռուսաստանից և եվրոպական մի շարք երկրներից ժամանած զբոսաշրջային օպերատորների և լրագրողների այցելություններ.

5) 2006-2008 թվականներին իրականացվել է ՍԻ-ԷՆ-ԷՆ (CNN) և Եվրանյուզ (EuroNews) հեռուստաալիքներով Հայաստանը ներկայացնող երկու տեսահոլովակների հեռարձակում:

2008 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի N 412-Ն որոշմանը համապատասխան իրականացվեցին Հայաստանը ներկայացնող վավերագրական ֆիլմի նկարահանման աշխատանքները` իսպանական հեղինակավոր Բազզ Բիզնես և Թրանսգլոուբ ընկերությունների հետ համագործակցությամբ: 2009 թվականին տեղի ունեցավ «Հայաստանը` Նոյի երկիր» ֆիլմի շնորհանդեսը, և ֆիլմը շրջանառության մեջ մտավ:

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել`

1) «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

2) 2008 թվականի փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած զբոսաշրջության զարգացման հայեցակարգը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի «Զբոսաշրջության զարգացման հայեցակարգից բխող 2008-2012 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1322-Ն որոշումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի հիմնական նպատակները`

1) ակտիվ և արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորելը և այն միջազգային շուկայում ներկայացնելն ու ամրապնդելն է.

2) Հայաստանի միջազգային ինտեգրմանը նպաստելն է:

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է`

1) ապահովել Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի աճի (5 տոկոս տեմպ)` համաշխարհային տնտեսության զարգացման ներկա սցենարի պայմաններում` 2010 թվականին ապահովելով 600000-ից ավելի զբոսաշրջային այցելություններ.

2) ապահովել Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ամրապնդումը համաշխարհային զբոսաշրջային շուկայում:

 

VI. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Համաշխարհային զբոսաշրջության զարգացման միտումների և նախորդ տարիների ընթացքում Հայաստանում զբոսաշրջության զարգացման պետական ծրագրերի իրականացման արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2010 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագրի նպատակի իրականացումը պայմանավորված է հետևյալ հիմնական խնդիրների լուծմամբ`

1) զբոսաշրջության բնագավառում արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացում, միջազգային զբոսաշրջային շուկայում հայրենական զբոսաշրջային արդյունքը պատշաճ ներկայացնելը.

2) համաշխարհային զբոսաշրջային շուկային Հայաստանի ինտեգրումը, ակտիվ և արդյունավետ միջազգային համագործակցությունը:

 

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

2010 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է հետևյալ հիմնական ուղղությունները`

1) զբոսաշրջության ոլորտում մարքեթինգային քաղաքականության իրականացում, գովազդատեղեկատվական ապահովման համակարգի շարունակական զարգացում և կատարելագործում.

2) զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության ծավալում:

 

1. Զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային քաղաքականության իրականացումը, գովազդատեղեկատվական ապահովման համակարգի շարունակական զարգացումը և կատարելագործումը

 

 2010 թվականին ծրագրվում է ակտիվացնել և զարգացնել իրականացվող մարքեթինգային քաղաքականությունը, ապահովել Հայաստանի` որպես զբոսաշրջության համար գրավիչ և ապահով երկրի նկարագրի ամրապնդումը համաշխարհային զբոսաշրջային շուկայում, ինչն իր հերթին կնպաստի Հայաստան զբոսաշրջային այցելությունների կայուն աճի պահպանմանը:

Հայաստանի զբոսաշրջային արդյունքի` համաշխարհային շուկայում ներկայացման հիմնական ձևերից է միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցությունը:

Նախորդ տարիներին Հայաստանի զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է շուրջ 30 զբոսաշրջային ցուցահանդեսներում: Մասնավորապես, Հայաստանի զբոսաշրջային արդյունքը, մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ և համաֆինանսավորմամբ, մշտապես ներկայացվում է համաշխարհային ճանաչում ունեցող զբոսաշրջային ցուցահանդեսներում, որոնք ամեն տարի կազմակերպվում են Բեռլինում (2001-2009 թթ.), Լոնդոնում (2001-2009 թթ.), Տոկիոյում (2002-2009 թթ.), Փարիզում (2008-2009 թթ.), Ռումինիայում (2008-2009 թթ.), Ուտրեխտում (2006-2009 թթ.), Միլանում (2005-2007 թթ.), Դովիլում (2007-2008 թթ.), Օրլանդոյում (2008 թ.), Հռոմում (2007 թ.), Թբիլիսիում (2002, 2003, 2005, 2006 և 2007 թթ.), Մայամիում (2003 թ.) և այլն:

Նշված ցուցահանդեսներին ակտիվ մասնակցության արդյունքում Հայաստանի զբոսաշրջության բնագավառի մասնավոր հատվածի բազմաթիվ ներկայացուցիչներ հնարավորություն են ստանում գովազդելու Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, ներկայացնելու իրենց զբոսաշրջային փաթեթները, ուղղակի շփումների միջոցով գործարար կապեր հաստատելու օտարերկրյա գործընկերների հետ:

Միջազգային ցուցահանդեսներին Հայաստանի անընդմեջ մասնակցությունը տեսանելի առաջընթաց է ապահովել զբոսաշրջության բնագավառում: Նման միջոցառումների իրականացումն իր նպաստն է բերում Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մասին տեղեկատվության տարածմանը, համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների հետ ավելի սերտ համագործակցությանը և Հայաստան միջազգային զբոսաշրջային այցելությունների կայուն աճի ապահովմանը:

2009 թվականի ընթացքում միջազգային ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցության արդյունքների վերլուծությունը թույլ է տալիս գնահատել միջոցառման արդյունավետությունն ու անհրաժեշտությունը:

Եթե 2001-2003 թվականներին Հայաստանը մասնակցել է ընդամենը երկու ցուցահանդեսի` 3-9 զբոսաշրջային օպերատորների մասնակցությամբ, ապա ներկայումս Հայաստանը տարվա ընթացքում ներկայանում է մի շարք միջազգային ցուցահանդեսների: Մասնավորապես, 2009 թվականին Հայաստանը մասնակցել է 6 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի (նվազագույնը 2 և առավելագույնը 13 զբոսաշրջային ընկերությունների մասնակցությամբ), ինչպես նաև Երևանում, արդեն ավանդույթի համաձայն, կազմակերպվել է «Խոսող քարերի երկիր - 2009» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը: Նշված ցուցանիշները պայմանավորված են այնպիսի գործոններով, ինչպիսիք են մասնավոր հատվածի ներկայացուցիչների (զբոսաշրջային օպերատորների)` նման միջոցառումներին մասնակցելու (համագործակցելով պետության հետ) շահագրգռվածությունը, պատրաստակամությունը և հնարավորությունները, պետություն-մասնավոր հատված համագործակցության մեջ պետության մասնակցության չափը: Վերջին տարիներին պետության մասնակցության չափն աստիճանաբար աճել է` 2008 թվականին կազմելով ավելի քան 30 տոկոս, ինչը դրական ազդեցություն է ունեցել նաև մյուս գործոնների վրա:

Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցության արդյունքները գնահատելու նպատակով դիտարկենք 2008 թվականի մի քանի օրինակ.

Բեռլինում կայացած «ITB, 08» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին մասնակցել է 13 զբոսաշրջային օպերատոր, որի ընթացքում կնքվել է միջինը 36 պայմանագիր` ապահովելով նվազագույնը 1080 զբոսաշրջային այցելություն:

Լոնդոնում կայացած «WTM, 08» զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել է 5 զբոսաշրջային օպերատոր, որի ընթացքում կնքվել է միջինը 20 պայմանագիր` ապահովելով նվազագույնը 600 զբոսաշրջային այցելություն:

Փարիզում կայացած «Top Resa» զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել է 5 զբոսաշրջային օպերատոր, որի ընթացքում կնքվել է միջինը 15 պայմանագիր` ապահովելով նվազագույնը 450 զբոսաշրջային այցելություն:

Ռումինիայում կայացած «TTG Incontri, 08» զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել է 4 զբոսաշրջային օպերատոր, որի ընթացքում կնքվել է միջինը 12 պայմանագիր` ապահովելով նվազագույնը 360 զբոսաշրջային այցելություն:

Այդպիսով, նվազագույն հաշվարկներով, 2008 թվականի ընթացքում 9 ցուցահանդեսում միջինը վեց զբոսաշրջային ընկերությունների մասնակցությամբ օտարերկրյա գործընկերների հետ կնքվել են շուրջ 189 պայմանագրեր` ապահովելով 5670 զբոսաշրջային այցելություն: Եվ, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ վիճակագրական տվյալներով (2006 թվականի սեպտեմբերից մինչև 2007 թվականի օգոստոսն իրականացվել է զբոսաշրջային այցելությունների վիճակագրական հետազոտություն` համագործակցությամբ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության և USAID CAPS ծրագրի) զբոսաշրջային փաթեթով Հայաստան այցելած մեկ զբոսաշրջիկն այցելության ընթացքում Հայաստանում ծախսում է միջինը 1400 ԱՄՆ-ի դոլար (առանց ավիատոմսի արժեքի), ապա ստացվում է, որ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 9 ցուցահանդեսի համար ծախսելով 25 մլն դրամ, Հայաստանի համար ապահովվում է ավելի քան 2 մլրդ 450 մլն դրամ եկամուտ:

Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցությունը, բացի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թվի աճից, նպաստում է նաև միջազգային շուկայում Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորմանը:

Զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսների ընթացքում տեղի ունեցած հանդիպումների և բանակցությունների արդյունքում մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներում տպագրվել են Հայաստանը ներկայացնող հոդվածներ` 10000 օրինակ տպաքանակով` «Lonely Planet» ուղեցույցում, մինչև 15000 օրինակ տպաքանակով` «Bradt Travel Guidebook»-ուղեցույցում, 8000 օրինակ տպաքանակով` «Trescher» ուղեցույցում: Ընթացքում են նաև հանրահայտ «Touring Club», «Polaris» և «Le Petit Fute» ուղեցույցների ներկայացուցիչների հետ Հայաստանի մասին հոդված տպագրելու ուղղությամբ ծավալվող աշխատանքները:

Ցուցահանդեսների ժամանակ կայացած հանդիպումների և բանակցությունների արդյունքում կազմակերպվել են նաև օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների և լրագրողների ճանաչողական այցեր Հայաստան:

 2010 թվականին նախատեսվում է ապահովել Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսների` ապահովելով Հայաստանի առավել ներկայանալի մասնակցությունը: Նշված միջոցառումների իրականացումը կնպաստի ցուցահանդեսների մասնակիցների թվի ավելացմանը, Հայաստանի` առավել ներկայանալի և արդյունավետ մասնակցությանը միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին` ապահովելով կնքվող պայմանագրերի թվի և, հետևաբար, զբոսաշրջային այցելությունների ու եկամուտների բազմապատիկ աճ:

2010 թվականին նախատեսվում է աջակցել նաև Հայաստանում կազմակերպվող «Խոսող քարերի երկիր» միջազգային 10-րդ հոբելյանական զբոսաշրջային ցուցահանդեսի կազմակերպմանը, ինչը կնպաստի Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ, ինչպես նաև տարածաշրջանում միջազգային զբոսաշրջային ցուցահանդես կազմակերպող երկրի նկարագրի ձևավորմանը:

Զբոսաշրջության զարգացման և երկրի զբոսաշրջային արդյունքի խթանման համար խիստ կարևոր են նաև գովազդատեղեկատվական նյութերի տպագրումն ու տարածումը: Խիստ կարևորվում է առկա տեղեկատվության մշտապես թարմացումը, ինչպես նաև նոր նյութերի մշակումը և տպագրումը:

2010 թվականի ընթացքում կապահովվեն գովազդատեղեկատվական նյութերի նոր որակը, տպաքանակի ավելացումը և տարածման աշխարհագրական ընդլայնումը: Գովազդատեղեկատվական նյութերի առկայությունը հնարավորություն կընձեռի Հայաստանի զբոսաշրջային արդյունքն ազգային մակարդակով ներկայացնելու և գովազդելու միջազգային ցուցահանդեսներում, տոնավաճառներում, համաժողովներում և ոլորտի մի շարք այլ միջոցառումների ժամանակ:

Գովազդատեղեկատվական նյութերն ընդգրկում են զբոսաշրջային քարտեզները, տեղեկագրերը, ուղեցույցները, ֆիլմերը և տեսահոլովակները, որոնք ուղղված են թե՛ զբոսաշրջիկների` մինչ Հայաստան ժամանելը երկրի մասին բավարար տեղեկատվությամբ ապահովմանը և թե՛ Հայաստանում նրանց շրջագայության դյուրացմանը:

2010 թվականին, ի լրումն նախորդ տարիներին մշակված և տպագրված գովազդատեղեկատվական նյութերի, կստեղծվեն այլ շարքի նոր նյութեր Հայաստանի վերաբերյալ, որոնք կթարգմանվեն նախկինում չտպագրված լեզուներով:

Գովազդատեղեկատվական նյութերն անվճար կտրամադրվեն «ՀԱՅԱՍՏԱՆ» զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն այցելած զբոսաշրջիկներին, ինչպես նաև արտերկրից Հայաստանի մասին հարցում կատարող մասնագետներին և զբոսաշրջիկներին:

Հայաստանի վերաբերյալ արդի և պատշաճ տեղեկատվություն տրամադրելու նպատակով 2010 թվականին նույնպես անհրաժեշտ կլինի վերանայել և թարմացնել Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների և գրավչությունների վերաբերյալ տեղեկատվական բազան` տեղադրված www.armeniainfo.am ինտերնետային էջում:

Այս աշխատանքները կնպաստեն Հայաստանի մասին անթերի և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելուն` օտարերկրյա և տեղացի զբոսաշրջիկներին: Ինտերնետային էջը տրամադրում է տեղեկատվություն Հայաստանի զբոսաշրջության բոլոր տեսարժան վայրերի, մշակութային գանձերի, ազգային արժեքների, զբոսայգիների, պատկերասրահների մասին, ինչպես նաև այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է Հայաստան ժամանող յուրաքանչյուր զբոսաշրջիկին: Ինտերնետի կայքի միջոցով զբոսաշրջիկին ներկայացվում են ինտերակտիվ քարտեզներ, ինչպես նաև տրվում է լիարժեք, ամբողջական տեղեկատվություն զբոսաշրջային գործակալությունների, հյուրանոցների և ռեստորանների մասին: Ինտերնետային էջի բացառիկ հատկանիշներից է նաև շաբաթական իրադարձությունների պարբերաբար նորացվող ցանկը, որը յուրաքանչյուր ոք կարող է ստանալ իր էլեկտրոնային փոստով` մեկ անգամ բաժանորդագրվելուց հետո:

Համագործակցելով մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների ու Հայաստանի Հանրապետության մարզպետարանների հետ` 2010 թվականի ընթացքում կմշակվեն, կձևավորվեն և կտպագրվեն անգլերենով տեղեկատվական ուղեցույցներ Հայաստանի մի շարք մարզերի մասին: Ուղեցույցները կպարունակեն տեղեկատվություն մարզերի տեսարժան վայրերի, թանգարանների, պատկերասրահների, եկեղեցիների, հյուրանոցների, ռեստորանների, զվարճանքի վայրերի և այլնի մասին: Կտպագրվեն նաև մարզերի քարտեզներ և գովազդային թերթիկներ: Աշխատանքներ կտարվեն հանրապետության մարզերում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ հիմնադրելու ուղղությամբ:

 Նախորդ տարիներին, ինչպես նաև 2009 թվականին, իրականացվել են օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների և օտարերկրյա լրագրողների ճանաչողական-ուսուցողական այցեր: Նման միջոցառումները նպատակաուղղված են օտարերկրյա զբոսաշրջային օպերատորներին և լրագրողներին Հայաստանի զբոսաշրջային արդյունքին տեղում ծանոթացնելուն և հայաստանյան զբոսաշրջային օպերատորների հետ գործնական կապեր հաստատելուն: Այցելելով Հայաստան և ծանոթանալով հայկական զբոսաշրջային արդյունքի հետ` զբոսաշրջային օպերատորները հնարավորություն են ստանում իրենց իսկ տպավորությունների հիման վրա գնահատելու և ներկայացնելու Հայաստանի զբոսաշրջային արդյունքը պահանջարկի շուկաներում:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ երկրի զբոսաշրջության կայուն աճն ու զարգացումն ապահովելու համար խիստ կարևորվում է ճանաչողական միջոցառումների կազմակերպումը, ինչից ելնելով, 2010 թվականին նույնպես նախատեսվում է ճանաչողական այցերի կազմակերպում նպատակային շուկա համարվող մի շարք երկրներից:

Այցերի հիմնական նպատակը հայկական մշակույթի, սովորույթների, պատմական ժառանգության և զբոսաշրջիկներին հետաքրքրող այն ամենը ներկայացնելն է, որոնք հետագայում օտարերկրյա լրագրողը ներկայացնում է իր երկրում հրատարակվող թերթերում և լուսաբանում ամսագրերում: Այս ամենը Հայաստանը` զբոսաշրջության համար գրավիչ երկիր գովազդելու ևս մեկ միջոց է: Այսպիսի այցերի կազմակերպումը նպաստում է Հայաստանի զբոսաշրջության մասին իրազեկության բարձրացմանը և օտարերկրյա զբոսաշրջիկին դեպի Հայաստան գրավելուն: Ճանաչողական այցերի կազմակերպման արդյունքում Հայաստանի մասին տպագրվում են բազմաթիվ ճանապարհորդական ուղղվածության հոդվածներ, ինչն ակնկալվում է նաև 2010 թվականին:

Տարբեր արտասահմանյան երկրների փորձն արդեն իսկ ապացուցել է, որ ամենամյա փառատոները և տոնակատարությունները, որոնք ունեն ազգային, մշակութային բնույթ և կազմակերպվում են զբոսաշրջության համար ակտիվ սեզոնի ընթացքում, գրավում են բազում զբոսաշրջիկների, ինչպես նաև նպաստում են միջազգային շուկայում Հայաստանի` որպես զբոսաշրջության համար գրավիչ և բարենպաստ նկարագրի ձևավորմանը:

2010 թվականին նախատեսվում է փառատոների և տոնակատարությունների կազմակերպում` ուղղված երկրի մշակույթը և պատմությունը ներկայացնելուն: 2010 թվականին, համագործակցելով մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, նախատեսվում է փառատոների և տոնակատարությունների շրջանակների ընդլայնում` ընդգրկելով հանրապետության տարբեր մարզերը:

Նման միջոցառումները նպաստում են զբոսաշրջության տարածքային զարգացմանը, ներքին զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև նոր զբոսաշրջային գրավչությունների բացահայտմանը, ձևավորմանը և պատմամշակութային հիմքի վրա զբոսաշրջության այլընտրանքային ձևերի զարգացմանը:

 

2. Զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության ծավալումը

 

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ կետով զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ապահովումը սահմանված է որպես պետական քաղաքականության հիմնական սկզբունք, իսկ նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով միջազգային կապերի զարգացմանը և միջազգային ինտեգրմանը նպաստող համակարգի ստեղծումը` որպես պետական քաղաքականության հիմնական նպատակ:

Պայմանավորված զբոսաշրջության ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնմամբ, ինչպես նաև միջազգային համագործակցության ակտիվացմամբ, նախատեսվում է 2010 թվականին իրականացնել ծրագրային միջոցառումներ, ինչն արդիական է տվյալ ժամանակահատվածում: Միջազգային համագործակցությունն էապես նպաստում է նաև ոլորտի մասնագետների վերապատրաստման գործընթացին, իսկ մարդկային ռեսուրսների զարգացումը թե՛ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և թե՛ զբոսաշրջության զարգացման հայեցակարգով սահմանված է որպես պետական քաղաքականության հիմնական խնդիր:

Միջազգային համագործակցության շրջանակներում 2010 թվականի միջոցառումները կուղղվեն`

1) զբոսաշրջության բնագավառում համագործակցության վերաբերյալ միջազգային համաձայնագրերի կատարմանը.

2) ՄԱԿ ԶՀԿ-ի և այլ կազմակերպությունների հետ համագործակցությանը և դրանց շրջանակներում իրականացվող ծրագրերին մասնակցությանը.

3) միջազգային համագործակցության շրջանակներում զբոսաշրջության բնագավառի մասնագետների (պետական և մասնավոր հատվածի) վերապատրաստմանը:

 

VI. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտ է ապահովել շահագրգիռ կողմերի` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների, բնակչության, ինչպես նաև զբոսաշրջիկների համագործակցությունը` ուղղված`

1) միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին Հայասատանի առավել ներկայանալի մասնակցության ապահովմանը.

2) առավել որակյալ, թարմ ու բովանդակալից գովազդատեղեկատվական նյութերի, դրանցում ներառված տեղեկատվության հավաստիության, գովազդատեղեկատվական նյութերի տարածման աշխարհագրության ընդլայնման ապահովմանը.

3) օտարերկրյա լրագրողների և փորձագետների` Հայաստան ճանաչողական այցերի արդյունավետության բարձրացմանը` այցերի առավել գրավիչ ու բովանդակալից ծրագրեր մշակելու միջոցով.

4) նոր, մրցունակ զբոսաշրջային երթուղիների ձևավորմանը` դրանցում ապահովելով նաև տեղական բնակչության ակտիվ մասնակցությունը.

5) զբոսաշրջության բնագավառի պետական կառավարման, ծրագրերի մշակման ու իրականացման, դրանց մոնիթորինգի արդյունավետությունը և արդյունքների իրական գնահատումն ապահովելու նպատակով տվյալների բազայի ձևավորմանը.

6) բնակչության` զբոսաշրջության բնագավառի պետական կարգավորման գործընթացների վերաբերյալ իրազեկմանը, ինչպես նաև իրականացվող ծրագրերի ներգրավմանը:

Ծրագրի ընթացքում իրականացվող մոնիթորինգի արդյունքում ի հայտ եկած խնդիրները` կապված պատմամշակութային ու բնության հուշարձանների, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, մշակութային միջոցառումների առավել արդյունավետ կազմակերպման, մարդկային ռեսուրսների զարգացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների, այդ թվում` նաև կապի, ճանապարհների ու դրանց կահավորման հետ, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը քննարկում և համապատասխան առաջարկություններ է ներկայացնում համապատասխան իրավասու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին` դրանց լուծում տալու նպատակով:

Մոնիթորինգի արդյունքում ի հայտ եկած ծրագրային լուծում պահանջող խնդիրները լուծելու նպատակով շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակվում և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն են ներկայացվում համապատասխան ծրագրեր:

 

VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման 2010 թվականի ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ 50 000.0 հազ. դրամի չափով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին (մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի համաֆինանսավորմամբ):

 

VIII. ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու
կատարողները

Կատարման ժամկետը

1

2

3

4

5

1.

Զբոսաշրջության ոլորտում մարքեթինգային քաղաքականության իրականացում, գովազդատեղեկատվական ապահովման համակարգի շարունակական զարգացում և կատարելագործում

Միջազգային շուկայում Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի շարունակական ամրապնդում (Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի N 1322-Ն որոշման հավելվածի 9-րդ կետով նախատեսված միջոցառման իրականացում):

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

2010 թ.
ընթացքում

1.1.

Մասնակցություն միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներին և տոնավաճառներին

2010 թվականին կապահովվի Հայաստանի մասնակցությունը միջազգային հեղինակավոր 3 զբոսաշրջային ցուցահանդեսների, որոնց կմասնակցեն ավելի քան 20 հայկական զբոսաշրջային օպերատորներ, ինչի արդյունքում կպահպանվեն, կամրապնդվեն օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների հետ գործարար կապերը, կհաստատվեն շուրջ 60 գործարար կապեր:
Հայաստանում կիրականացվի «Խոսող քարերի երկիր» 10-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

2010 թ.
1-ին, 2-րդ և 4-րդ եռամսյակ

1.2.

Հայաստանը ներկայացնող գովազդային նյութերի մշակում, թարմացում, տպագրում և տարածում

2010 թվականին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացված կլինեն պահանջարկի շուկաներում բազմալեզու տպագրական և տեսանյութերի (400 հատ), ինչպես նաև անընդհատ թարմացվող ինտերնետային կայքի միջոցով:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2010 թ.
ընթացքում

Հայաստանը և Հայաստանի մարզերը գովազդող և բնութագրող բրոշյուրների (400 հատ) մշակում, տպագրում և տարածում

Հայաստանի A1 ֆորմատի քարտեզի (400 հատ) տպագրում

www.armeniainfo.am կայքի բարելավում և թարմացում

Հայաստանը ներկայացնող տեսաֆիլմերի և հոլովակների պատրաստում (ՀՀ Սյունիքի և
ՀՀ Վայոց ձորի մարզերի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող տեսանյութեր 2 ժամ տևողությամբ)

 

2010 թ.
ընթացքում

1.3.

Ավանդական տոնակատարությունների կազմակերպում և անցկացում

Պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ 2010 թվականին նախատեսվում է 4 փառատոնի և տոնակատարության իրականացում, որին բացի տեղի բնակչությունից կմասնակցեն նաև բազմաթիվ միջազգային զբոսաշրջիկներ` նպաստելով միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորմանն ու ամրապնդմանը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

ՀՀ մշակույթի
նախարարություն

2010 թ.
ընթացքում

Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված տոնակատարություն

Հայոց ավանդական տոնածիսական ուտեստների մրցույթ-փառատոն

Գինու տոնի կազմակերպում

«Երաժիշտները հանուն խաղաղության» փառատոն

1.4.

Օտարերկրյա լրագրողների, տուրօպերատորների և փորձագետների` Հայաստան ճանաչողական այցերի կազմակերպում

 2010 թվականին ճանաչողական այցերի շրջանակներում Հայաստան կայցելեն 10 օտարերկրյա լրագրող և 10 արտասահմանյան տուրօպերատոր` ապահովելով Հայաստանի զբոսաշրջային արդյունքի խթանումը և ներկայացումը մասնագիտացված լրատվամիջոցներով: 2010 թվականին Հայաստան կայցելի 10 օտարերկրյա տուրօպերատոր` տեղում ծանոթանալու Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների հետ` ապահովելով հետագա համագործակցության զարգացումը և նոր կապերի ստեղծումը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

2010 թ.
ընթացքում

2.

Զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության ծավալում

 Կապահովի զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը, որը սահմանված է որպես պետական քաղաքականության հիմնական սկզբունք: 2010 թվականի միջոցառումները կուղղվեն ՄԱԿ ԶՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի մասնակցությանը և այդ ծրագրերի շրջանակներում զբոսաշրջության բնագավառի մասնագետների (պետական և մասնավոր հատվածի) վերապատրաստմանը:
Մասնակցություն Եվրոպական առողջարանների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի նիստին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ

2010 թ.
ընթացքում

3.

Ծրագրային միջոցառումների իրականացման համար աշխատակազմի վարձատրություն

Ծրագրային միջոցառումների իրականացման պատշաճ մակարդակի ապահովումը` անհրաժեշտ և համապատասխան աշխատակազմի հավաքագրման և վարձատրության միջոցով:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ

2010 թ.
ընթացքում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան