Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.12.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.239
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0018/02/09

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0018/02/09

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան

Դատավորներ՝ Ն. Հովսեփյան

               Ա. Մկրտչյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռուզաննա Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռուզաննա Հարությունյանի ընդդեմ Արթիկի Դ. Ղազարյանի անվան մանկական երաժշտական դպրոցի (այսուհետ` Դպրոց)` նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդը բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռուզաննա Հարությունյանը պահանջել է վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդը ամբողջ ժամանակահատվածի համար: Ռուզաննա Հարությունյանը փոփոխելով հայցապահանջը, հրաժարվել է հարկադիր պարապուրդի համար բռնագանձման պահանջից:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 08.04.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի: Վճռվել է Ռուզաննա Հարությունյանին վերականգնել նախկին աշխատանքում, իսկ հարկադիր պարապուրդի հետևանքով չվճարված աշխատավարձի համար վճարելու պահանջի մասով` կարճել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.06.2009 թվականի որոշմամբ բեկանվել է Դատարանի 08.04.2009 թվականի վճռի` հայցի բավարարման մասը և այն փոփոխվել է` նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասին հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուզաննա Հարությունյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, 220-րդ հոդվածը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, և նույն հոդվածի 113-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում բացակայում է Ռուզաննա Հարությունյանին աշխատանքից ազատելու ժամանակ նրա մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան այլ աշխատանք չլինելու վերաբերյալ փաստը հիմնավորող որևէ ապացույց:

Վերաքննիչ դատարանը, դատական ակտը բեկանելով և այն փոփոխելով, չի պատճառաբանել, թե որ ապացույցի հիման վրա է հիմնավորված համարել, որ երաժշտական դպրոցում առկա չէ հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան այլ աշխատանք:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում բացակայում են երաժշտական դպրոցում աշխատողների քանակը և պաշտոնների անվանումները սահմանող փաստաթղթերը:

Դպրոցում իրականում կրճատումներ չեն եղել, և նույնիսկ Ռուզաննա Հարությունյանի աշխատանքի ազատման պահին էլ առկա էր այլ աշխատանք:

Բացի այդ, Արթիկի համայնքի ավագանու 27.03.2009 թվականի նիստի թիվ 7 որոշման քաղվածքի համաձայն` երաժշտական դպրոցում ավելացել է երաժշտական դասատուի հաստիք, իսկ 29.05.2009 թվականի նիստի թիվ 10 որոշման քաղվածքի համաձայն, որը Դատարանում գործի քննության ժամանակ առկա չի եղել, Արթիկի երաժշտական դպրոցում ևս ավելացվել է երաժշտական դասատուի հաստիք, որը սույն գործի համար նշանակություն ունեցող ապացույց է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.06.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.04.2009 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Դպրոցի տնօրենի 01.09.1984 թվականի թիվ 47 հրամանի քաղվածքի համաձայն` 01.09.1984 թվականից Ռուզաննա Հարությունյանը Դպրոցում ընդունվել է աշխատանքի որպես դասատու (գ.թ. 37):

2. Արթիկի քաղաքապետի 26.11.2008 թվականի թիվ 246 գրությամբ` ուղղված Դպրոցի տնօրեն Է. Գևորգյանին, հայտնվել է, որ տեղական բյուջեի սղության պատճառով նախատեսվում է կառուցվածքային փոփոխություններ և հաստիքների կրճատումներ: Տվյալ գրությամբ նշված չեն, թե որ հաստիքներն են կրճատվում (գ.թ. 31):

3. Դպրոցի տնօրենի 27.01.2009 թվականի թիվ 12 հրամանի քաղվածքի համաձայն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ինչպես նաև հիմք ընդունելով քաղաքապետարանի 26.11.2008 թվականի թիվ 246 գրությունը՝ տեղական բյուջեի սուղ միջոցների պատճառով հաստիքային միավորների կրճատման վերաբերյալ, 27.01.2009 թվականից Ռուզաննա Հարությունյանը ազատվել է աշխատանքից (գ.թ. 6):

4. Արթիկի համայնքի ավագանու 13.01.2009 թվականի նիստի թիվ 3 որոշման քաղվածքի համաձայն` ավելացել են տեղական եկամուտները, փակվել են կրեդիտորական պարտքերը և հնարավորություն է ստեղծվել համայնքային հիմնարկների և համայնքի ղեկավարի աշխատակազմի հաստիքացուցակներում կատարել հաստիքների ավելացում: (գ.թ. 51-52):

5. Սույն գործում առկա չէ Դպրոցում պաշտոնների անվանումները սահմանող փաստաթղթերի և աշխատողների թվաքանակի կրճատման վերաբերյալ որևէ ապացույց:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

 Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ իրավական հարցադրումները.

Արդյոք տեղական բյուջեի սղության պատճառով նախատեսված կառուցվածքային փոփոխությունների և հաստիքների կրճատումների հետևանքով Դպրոցում կրճատվել է Ռուզաննա Հարությունյանի հաստիքը և արդյո՞ք Ռուզաննա Հարությունյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն ունեցել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված հիմքերով գործատուն աշխատանքային պայմանագիրը կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:

Սույն գործով Դատարանը, հայցի բավարարման հիմքում դնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասը և հաստատված համարելով, որ սույն գործով աշխատանքից ազատման իրավական հիմքը հաստիքների կրճատումն է, ինչպես նաև այն, որ 13.01.2009 թվականի նիստի թիվ 3 որոշմամբ ավելացել է ընդհանուր առմամբ 33 հաստիք, հանգել է այն հետևության, որ գործատուն Ռուզաննա Հարությունյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելիս ունեցել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք:

Վերաքննիչ դատարանը, դատական ակտը բեկանելով և այն փոփոխելով, նույնպես հաստատված է համարել, որ սույն գործով աշխատանքից ազատման իրավական հիմքը հաստիքների կրճատումն է և հանգել է այն հետևության, որ հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու հնարավորությունը գործատուի մոտ բացակայել է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես՝ Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):

Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված չեն այն ապացույցները, որոնց հիման վրա Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ սույն գործով աշխատանքից ազատման իրավական հիմքը հաստիքների կրճատումն է, և երաժշտական դպրոցում առկա չէ Ռուզաննա Հարությունյանի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք:

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործում բացակայում է երաժշտական դասատուի հաստիքի կրճատումն հիմնավորող որևէ ապացույց:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր չէ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան