ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԵՏԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՕՊ-Ի ԵՎ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՈՒԺԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՀՕՊ-Ի ԵՎ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՈՒԺԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԽՄԲԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
13 հոկտեմբերի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՀՕՊ-ի և ավիացիայի ուժերի ու միջոցների և Ռուսաստանի ռազմակայանի ՀՕՊ-ի և ավիացիայի ուժերի ու միջոցների կառավարման գծով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական հաշվարկի և Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի ռազմակայանի օպերատիվ խմբի խնդիրների և լիազորությունների մասին 2000 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Համաձայնագիրն ստորագրվել է 2000 թ. մարտի 16-ին` Մոսկվայում: Համաձայնագիրը համահունչ է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման մասին 1995 թ. փետրվարի 10-ի համաձայնագրի դրույթներին (ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է 1995 թ. նոյեմբերի 20-ին): Համաձայնագրով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՀՕՊ-ի և ավիացիայի ՄՀԿ մարտական հաշվարկի և ՀՀ տարածքում Ռուսաստանի ռազմակայանի` ՀՀ զինված ուժերի ՀՕՊ-ի և ավիացիայի ՄՀԿ-ում գտնվող օպերատիվ խմբի հիմնական խնդիրները և պատասխանատու մարմիններին առնչվող հարցերը, մասնավորապես, սահմանված է համապատասխան ստորաբաժանումների ենթակայությունը: Կողմերը պարտավորվել են իրադրության տարբեր պայմաններում որոշակի կարգով իրականացնել պաշտոնատար անձանց համապատասխան գործողություններ, ընդ որում, այդ գործողությունները համաձայնեցվում են ՀՀ զինված ուժերի ՀՕՊ-ի և ավիացիայի հրամանատարության հետ և դուրս չեն գալիս Կողմերի միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներից: Կողմերը պարտավորվել են նաև անհետաձգելի դեպքերում` ՀՕՊ-ի հերթապահ ուժերի ու միջոցների կողմից կրակ բացելու վերաբերյալ որոշում ընդունելիս, պահպանել որոշակի ընթացակարգ: Համաձայնագրով նախատեսված է, որ համապատասխան ստորաբաժանումների գործողությունների միջև համագործակցության փոխհամաձայնեցումն իրականացնում է ՀՀ զինված ուժերի ՀՕՊ-ի և ավիացիայի հրամանատարությունը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՀՕՊ-ի և ավիացիայի ուժերի ու միջոցների և Ռուսաստանի ռազմակայանի ՀՕՊ-ի և ավիացիայի ուժերի ու միջոցների կառավարման գծով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական հաշվարկի և Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի ռազմակայանի օպերատիվ խմբի խնդիրների և լիազորությունների մասին 2000 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
