ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 մարտի 2025 թ. |
N 15-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Որոշում է.
1. Սահմանել, որ՝
1) Ազգային ժողովի հերթական ընտրությունների և հանրաքվեի ժամանակ ընտրական տեղամասերը կազմավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր, 15 օր և 9 օր առաջ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 30 օր, 15 օր և 9 օր առաջ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի ստորագրությամբ վավերացված գրությամբ բնակչության պետական ռեգիստրը վարող լիազորված պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազոր մարմին) ու Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում համապատասխանաբար զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողների թիվը,
2) զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողների թիվը լիազոր մարմին ու Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է ըստ այն համայնքների, որտեղ, ծառայության վայրով պայմանավորված, քվեարկելու են զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողները,
3) լիազոր մարմինը զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողների թիվը հաշվի է առնում ընտրական տեղամասերը կազմավորելիս:
2. Լիազոր մարմինն ու ընտրական հանձնաժողովները զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողների թիվը, ինչպես ընդհանուր, այնպես էլ ըստ ընտրական տեղամասերի, չեն հրապարակում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Վ. Հովակիմյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2025 թվական:
