Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-359-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.15-2021.11.28 Պաշտոնական հրապարակման օրը 25.11.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.11.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի նոյեմբերի 17-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«48) ծառայության մատուցում՝ մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացում՝ որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց: Սույն կետի կիրառության իմաստով՝ ծառայության մատուցում է համարվում նաև՝

ա. համատեղ գործունեության մասնակցի կողմից, որպես համատեղ գործունեության մեջ կատարվող ներդրում, համատեղ գործունեության հաշվետու մասնակցին ծառայության մատուցումը, եթե այդ ծառայությունը մատուցվում է մինչև հաշվետու մասնակցի կողմից Օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված հայտարարության ներկայացումը,

բ. էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցումը (այսուհետ՝ էլեկտրոնային ծառայություն)՝ տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցի (էլեկտրակապի) միջոցով ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ համացանցի (ինտերնետի) միջոցով, որի մատուցումն անհնար է առանց տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման: Էլեկտրոնային ծառայությունների ցանկը սահմանում է Կառավարությունը, որը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում.»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի և Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության միջև կատարվող էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործարքների դեպքում ձևավորվող հարկման բազաները որոշվում են էլեկտրոնային ծառայության մատուցման պահը համարվող օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 39-րդ հոդվածում՝

1) 1-ին և 2-րդ մասերի առաջին պարբերության «ծառայության մատուցման» բառերը փոխարինել «ծառայության, բացառությամբ էլեկտրոնային ծառայության, մատուցման» բառերով.

2) 2-րդ մասի 2-րդ կետի «1-ին մասի» բառերը փոխարինել «1-ին և 2.1-ին մասերի» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրը համարվում է՝

1) Հայաստանի Հանրապետությունը, եթե էլեկտրոնային ծառայությունն ստանում է կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, կամ անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, որի բնակության վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը.

2) Հայաստանի Հանրապետությունը, եթե էլեկտրոնային ծառայությունն ստանում է Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատությունը (մասնաճյուղը, ներկայացուցչությունը), այդ թվում՝ այն դեպքերում, երբ էլեկտրոնային ծառայություններն ուղղակիորեն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, սակայն դրանց օգտագործումը (սպառումը) փաստացի կատարվում է դրանց մշտական հաստատության (մասնաճյուղի, ներկայացուցչության) կողմից.

3) Հայաստանի Հանրապետությունը, եթե էլեկտրոնային ծառայությունն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, որի գործադիր մարմնի մշտական գտնվելու վայրը (կառավարման վայրը) գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, և այդ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում փաստացի իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև ստանում ծառայություններ.

4) անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից էլեկտրոնային ծառայություն ստանալու դեպքում տվյալ պետությունը, եթե բավարարվում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

ա. էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձի բնակության վայրը գտնվում է տվյալ պետությունում,

բ. բանկի գտնվելու վայրը, որում բացված է հաշիվը, որն օգտագործվում է էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձի կողմից այդ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար, կամ էլեկտրոնային փողերով հաշվարկների իրականացման համակարգի օպերատորի գտնվելու վայրը, որի միջոցով էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձը վճարում է էլեկտրոնային ծառայությունների համար, գտնվում է տվյալ պետության տարածքում,

գ. էլեկտրոնային ծառայությունների ստացման նպատակով ֆիզիկական անձի օգտագործած ցանցային հասցեն գրանցված է տվյալ պետությունում (վերաբերում է համապատասխան հասցեի տարածքին),

դ. հեռախոսահամարի երկրի միջազգային ծածկագիրը, որն օգտագործում է ֆիզիկական անձը ծառայություններ ստանալու համար կամ նշվում է դրանց դիմաց վճարումների ժամանակ, տրված է տվյալ պետության կողմից:

Այն դեպքերում, երբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով սույն կետին համապատասխան ծառայության մատուցման վայր են համարվում Հայաստանի Հանրապետությունը և այլ պետությունը, ծառայությունների մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե Հայաստանի Հանրապետությունում միաժամանակ առկա են սույն կետի «ա»-«դ» ենթակետերով սահմանված ավելի մեծ թվով պայմաններ, քան այլ պետությունում, իսկ սույն կետի «ա»-«դ» ենթակետերով սահմանված հավասար թվով պայմանների միաժամանակյա առկայության դեպքում ծառայություն մատուցողը էլեկտրոնային ծառայության մատուցման վայրը որոշում է ինքնուրույն:».

4) 4-րդ մասի 1-ին կետի «ծառայությունների» բառը փոխարինել «ծառայությունների, բացառությամբ էլեկտրոնային ծառայությունների,» բառերով, իսկ 2-րդ կետի «ծառայությունը համարվում է» բառերը՝ «ծառայությունը, բացառությամբ էլեկտրոնային ծառայության, համարվում է» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 40-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանադակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայությունների մատուցման պահ է համարվում մատուցված էլեկտրոնային ծառայության դիմաց վճարումը և (կամ) մասնակի վճարումը կատարելու օրը ներառող եռամսյակի վերջին օրը՝ վճարմանը և (կամ) մասնակի վճարմանը համապատասխան:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 69-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ամիսը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու եռամսյակը:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը «հարկ վճարող» բառերից հետո լրացնել «, կամ եթե Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցում է էլեկտրոնային ծառայություններ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 75-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «իրականացնելու դեպքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքի,» բառերով, իսկ նույն մասի «թղթային եղանակով հարկային մարմնի՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանն սպասարկող ստորաբաժանում է ներկայացնում» բառերը փոխարինել «ներկայացնում է» բառերով.

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման մասով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ՝ հարկային մարմնի սահմանած ձևին և լրացման կարգին համապատասխան:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 78-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «սահմանված դեպքերում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքի,» բառերով.

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման մասով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունն ԱԱՀ-ի գումարները վճարում է պետական բյուջե մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, Կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 288-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.

«9.1. Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հարկային մարմնում հաշվառվում է Կառավարության սահմանած կարգով: Հարկային մարմնում հաշվառված՝ էլեկտրոնային ծառայություն մատուցող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:»:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի և 9-րդ հոդվածի դրույթների կիրարկումն ապահովող որոշումները Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. նոյեմբերի 25

Երևան
ՀՕ-359-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2021 թվական: