ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկի որոշման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկ վճարողների շրջանակը, եկամտային հարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը:
Հոդված 2. |
Եկամտային հարկի հասկացությունը |
1. Եկամտային հարկը հարկ վճարողների կողմից (օրենքով սահմանված դեպքերում հարկային գործակալի` կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի միջոցով) սույն օրենքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ
Հոդված 3. |
Եկամտային հարկ վճարողները |
1. Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկ վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ (այսուհետ` ռեզիդենտ) և Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ (այսուհետ` ոչ ռեզիդենտ) ֆիզիկական անձինք, այդ թվում` անհատ ձեռնարկատերերը և նոտարները (այսուհետ` հարկ վճարողներ):
2. Սույն օրենքի իմաստով ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ որի կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձը:
Սույն օրենքի իմաստով կենսական շահերի կենտրոն է համարվում այն վայրը, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Մասնավորապես համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում է, եթե այնտեղ է գտնվում տունը կամ բնակարանը (որտեղ բնակվում է նրա ընտանիքը) և նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը:
3. Սույն օրենքի իմաստով ոչ ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան ռեզիդենտ չէ:
Հոդված 4. |
Հարկվող օբյեկտը |
1. Ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացման ենթակա հարկվող եկամուտը:
2. Ոչ ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում հայաստանյան աղբյուրներից ստացման ենթակա հարկվող եկամուտը:
3. Հարկվող եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողի համախառն եկամտի և սույն օրենքով սահմանված նվազեցվող եկամուտների ու ծախսերի դրական տարբերությունն է, եթե սույն օրենքով հարկվող օբյեկտի որոշման առումով այլ բան սահմանված չէ:
Հոդված 5. |
Համախառն եկամուտը |
1. Համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողի կողմից ստացման ենթակա բոլոր եկամուտների հանրագումարն է:
2. Եկամուտ է համարվում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կամ ցանկացած այլ հիմքով հարկ վճարողի ստացման ենթակա գույքը, ինչպես նաև բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացման ենթակա եկամուտները:
3. Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացման ենթակա եկամուտները համախառն եկամտում հաշվի են առնվում ազատ (շուկայական) գներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Ֆիզիկական անձանց կողմից արտարժույթով ստացման ենթակա եկամուտները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց ստացման իրավունքի ձեռքբերման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:
Հոդված 6. |
Նվազեցվող եկամուտները |
1. Սույն օրենքի իմաստով նվազեցվող եկամուտներ են համարվում`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարվող նպաստների գումարը, բացառությամբ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպաստների գումարների.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարվող բոլոր տեսակի կենսաթոշակները (այդ թվում` սահմանված կարգով կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգին կամավորության սկզբունքով մասնակցելու դեպքերում վճարվող կենսաթոշակները), բացառությամբ սահմանված կարգով կենսաթոշակների կամավոր կուտակային համակարգին մասնակցության շրջանակներում վճարվող կենսաթոշակների.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարները` հարկ վճարողի հարկվող եկամտի 5 տոկոսը չգերազանցող չափով.
4) ապահովագրական հատուցումները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կատարած կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարների հաշվին սահմանված կարգով ստացման ենթակա հատուցումների (այդ թվում` կենսաթոշակների).
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով պետության կողմից հարկ վճարողի համար կատարվող կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարները.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` պետության, գործատուի) կատարած կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարների հաշվին մինչև կենսաթոշակների ստացման իրավունքի ձեռքբերման` օրենքով սահմանված ժամկետը լրանալը ստացման ենթակա եկամուտները.
7) զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, փրկարարական ծառայության ծառայողների ծառայության հետ կապված եկամուտները.
8) զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն տրվող միանվագ վճարները.
9) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում վճարվող պատվովճարները, դրամական օգնություններն ու օժանդակությունները.
10) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան վճարվող ալիմենտները (ապրուստավճարները).
11) արյուն ու կրծքի կաթ հանձնելու և դոնորության այլ տեսակների համար ֆիզիկական անձանց ստացման ենթակա եկամուտները.
12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողներին տրվող փոխհատուցման վճարները), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների.
13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացման ենթակա գույքը և դրամական միջոցները.
14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հարկային մարմիններում հաշվառված ոչ առևտրային կազմակերպությունների միջոցներից կանոնադրական գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց դրամական և բնամթերային ձևով ցույց տրվող օգնության գումարները.
15) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց անհատույց տրվող գույքը և դրամական միջոցները.
16) պարենային բավարարման արժեքը, ինչպես նաև այդ բավարարման փոխարեն վճարվող գումարները.
17) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի վաճառքից հարկային գործակալ չհանդիսացողներից ֆիզիկական անձանց ստացման ենթակա գումարները, բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հետևանքով գույքի վաճառքից ստացման ենթակա գումարների.
18) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, ասպիրանտներին, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողներին, հոգևոր ուսումնական հաստատությունների ունկնդիրներին պետության կողմից վճարվող, ինչպես նաև այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունները կամ սույն մասի 14-րդ և 15-րդ կետերում նշված կազմակերպությունները.
19) այն գումարները, որոնք օրենքով սահմանված կարգով ստացվում են որպես պատճառված վնասի փոխհատուցում, բացառությամբ կորցված եկամտի փոխհատուցման.
20) ստացման ենթակա վարկերի և փոխառությունների գումարները, բացառությամբ պարտատիրոջ կողմից վարկի կամ փոխառության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին).
21) աշխատողի կամ աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով օգնության գումարները.
22) Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում և մրցություններում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները.
23) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումները.
24) մրցույթներում և մրցություններում ստացված դրամական մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում տասը հազար դրամը չգերազանցող չափով.
25) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բարձրագույն ուսումնական հաստատությանը հատկացված վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի 10 տոկոսի ուսման տարեկան վարձի փոխհատուցման գումարները.
26) պետական պարգևները (մրցանակները).
27) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամից հատուցման ենթակա գումարները, բացառությամբ ավանդի գումարին հաշվեգրված և հատուցման ենթակա տոկոսների.
28) ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման գումարները.
29) պետության կամ համայնքների կարիքների համար ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու դիմաց այդ ֆիզիկական անձանց, ինչպես նաև դրանում հաշվառված (գրանցված) ֆիզիկական անձանց վճարվող գումարները.
30) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային վարչարարության օժանդակության նպատակով անցկացվող վիճակահանությամբ տրամադրվող պարգևավճարները և բոնուսները.
31) ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող հարկատուների` ձեռագործ գորգերի իրացումից ստացման ենթակա եկամուտը.
32) գործատուների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման` յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև տասը հազար դրամի չափով:
Հոդված 7. |
Արժեթղթերից ստացված եկամուտների հաշվառումը հարկվող օբյեկտում |
1. Սույն հոդվածով այլ բան սահմանված չլինելու դեպքում հարկ վճարողի հարկվող օբյեկտի որոշման ժամանակ համախառն եկամուտը նվազեցվում է`
1) ստացման ենթակա շահաբաժինների չափով: Սույն օրենքի իմաստով շահաբաժին է համարվում իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում (հիմնադրամում) մասնակցությունից (բաժնեմասից, բաժնետոմսից, փայաբաժնից) ստացվող եկամուտը.
2) գանձապետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից, Համահայկական բանկի թողարկած պարտատոմսերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձևով ստացման ենթակա եկամտի չափով.
3) գանձապետական պարտատոմսերի և պետական այլ արժեթղթերի, Համահայկական բանկի թողարկած պարտատոմսերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացման ենթակա եկամտի չափով.
4) բաժնետոմսերի կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացման ենթակա եկամտի չափով.
5) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացվող միջոցների (այդ թվում` դրանց օտարումից, փոխանակումից, այլ նմանատիպ գործարքներից, շահաբաժինների բաշխումից կամ նման այլ ձևով կատարված բաշխումներից, ինչպես նաև պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին կատարված գործարքներից) չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված եկամուտները ներառվում են համախառն եկամտում, եթե`
1) ստացվում են որպես վճարման միջոց տրված մուրհակի, վճարագրի կամ վճարային այլ արժեթղթի օտարումից կամ
2) իրականում ստացվում է որպես ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների դիմաց վարձատրություն կամ փոխարինում է նման վարձատրությանը, անկախ արժեթղթի դիմաց իրական ներդրման կամ փոխատվության փաստի առկայությունից:
3. Անկախ ինվեստիցիոն բրոքեր կամ դիլեր համարվող հարկ վճարողն իր համախառն եկամտում կարող է չներառել սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված եկամուտները, եթե`
1) հարկ վճարողի գրանցամատյանում (կամ գործարքների գրանցման այլ տեղում) արժեթուղթը մինչև դրա ձեռքբերման աշխատանքային օրվա ավարտը գրանցվել է որպես ներդրման նպատակով ձեռքբերված արժեթուղթ, և
2) վերջինս արժեթուղթը չի օտարում ձեռքբերման օրվանից հետո` քսանչորս ամսվա ընթացքում: Սույն ենթակետի իմաստով օտարում է համարվում նաև արժեթուղթը գրավադրելը, օտարման իրավունքով լիազորագրային կառավարման հանձնելը, օտարման իրավունք նախատեսող լիազորագրով այլ անձի հանձնելը կամ որևէ այլ գործարք, որ վկայում է դրա կատարման պահին արժեթղթի քողարկված փաստացի օտարումն այլ անձի:
4. Եթե հարկ վճարողն իրավունք ունի համախառն եկամտում չներառելու սույն հոդվածով սահմանված եկամուտը և, սույն օրենքի որևէ այլ հոդվածի համաձայն, իր համախառն եկամտում չի ներառում արժեթղթի ձեռքբերման գինը, ապա սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն` իր համախառն եկամտում կարող է չներառել միայն տվյալ արժեթղթի ձեռքբերման գնի և իրացումից ստացված եկամտի (հասույթի) տարբերությունը:
Հոդված 8. |
Գյուղատնտեսական արտադրանքից ստացման ենթակա եկամուտների հաշվառումը հարկվող օբյեկտում |
1. Հարկվող օբյեկտի որոշման ժամանակ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկ վճարողի համախառն եկամուտը սույն հոդվածով սահմանված կարգով նվազեցվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացման ենթակա եկամտի չափով, ինչպես նաև այլ գործունեությունից ստացման ենթակա եկամտի չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական և այլ գործունեությունից ստացման ենթակա եկամուտների հանրագումարում չի գերազանցում տասը տոկոսը: Այլ գործունեությունից ստացման ենթակա եկամուտների տեսակարար կշիռը գյուղատնտեսական և այլ գործունեությունից ստացման ենթակա եկամուտների հանրագումարում տասը տոկոսը գերազանցելու դեպքում այլ եկամուտների ամբողջ գումարի չափով համախառն եկամտից սույն մասով սահմանված նվազեցում չի կատարվում:
2. Սույն հոդվածի իմաստով գյուղատնտեսական արտադրանք են համարվում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող`
1) հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերը.
2) տեխնիկական մշակաբույսերը.
3) պալարապտղային, բանջարաբոստանային մշակաբույսերը և փակ գրունտի արտադրանքը.
4) դաշտային մշակման կերային մշակաբույսերը.
5) կերարտադրության այլ արտադրանքը.
6) պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության արտադրանքը.
7) ծառերի և թփերի սերմերը, պտուղներում եղած սերմերը.
8) ծառերի և թփերի սածիլները.
9) ծառերի և թփերի տնկիները.
10) անասնաբուծության արտադրանքը.
11) խոզաբուծության արտադրանքը.
12) ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանքը.
13) թռչնաբուծության արտադրանքը.
14) ձիաբուծության, էշաբուծության և ջորիաբուծության արտադրանքը.
15) եղջերաբուծության և ուղտաբուծության արտադրանքը.
16) ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքը.
17) ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանքը:
3. Գյուղատնտեսական արտադրանքի գծով ստացման ենթակա եկամտի ճշգրիտ հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է` հիմնվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կադաստրային զուտ եկամտային տվյալների վրա:
Հոդված 9. |
Ոչ ռեզիդենտի ստացման ենթակա եկամուտների հաշվառումը հարկվող օբյեկտում |
1. Ոչ ռեզիդենտի հարկվող օբյեկտը որոշելիս, բացի սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված եկամուտներից, ոչ ռեզիդենտի համախառն եկամտում չի ներառվում նաև ոչ ռեզիդենտին հայաստանյան աղբյուրներից վճարման ենթակա եկամուտը` կապված արտաքին տնտեսական գործունեության հետ:
2. Սույն օրենքի կիրառման նպատակով արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները Հայաստան ներկրելու հետ կապված (ապրանքների մաքսային փաստաթղթերի առկայության և տվյալ գործառնությունում միջնորդների բացակայության դեպքում) գործունեությունը, որի դեպքում ռեզիդենտն ապրանքների սեփականատեր է դառնում մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը:
3. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտների հարկումը կատարվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Սույն օրենքի իմաստով հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ են համարվում`
1) Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները.
2) Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտը.
3) Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից (արտադրանքի, ապրանքների իրացումից և ծառայությունների մատուցումից) ստացված եկամուտները.
4) պասսիվ եկամուտները և ցանկացած այլ հիմքով հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները:
4. Պասսիվ եկամուտներ են համարվում ոչ ռեզիդենտի կողմից իր գույքի կամ այլ ակտիվների ներդրմամբ (տրամադրմամբ) Հայաստանի Հանրապետության տարածքում բացառապես այլ անձանց գործունեությունից ստացված եկամուտները, մասնավորապես`
1) շահաբաժինները.
2) տոկոսները.
3) ռոյալթիները.
4) Հայաստանում գտնվող գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտը.
5) Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը.
6) փոխադրման ծառայությունների (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտները:
Գ Լ ՈՒ Խ 3
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 10. |
Եկամտային հարկի դրույքաչափերը |
1. Բացառությամբ սույն հոդվածի 2-8-րդ մասերում նշված դեպքերի`
1) հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է հետևյալ դրույքաչափերով.
Ամսական հարկվող եկամտի չափը |
Հարկի գումարը |
Մինչև 120000 դրամ |
Հարկվող եկամտի 24.4 տոկոսը |
120000 դրամից ավելի |
29.280 դրամին գումարած 120.000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը |
2) հարկային գործակալի միջոցով չհարկված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.
Տարեկան հարկվող եկամտի չափը |
Հարկի գումարը |
մինչև 1.440.000 դրամ |
Հարկվող եկամտի 24.4 տոկոսը |
1.440.000 դրամից ավելի |
351.360 դրամին գումարած 1.440.000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը |
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով կուտակված միջոցները օրենսդրությամբ սահմանված դեպքերում ֆիզիկական անձի կողմից միանվագ ստացման դեպքում եկամտային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափերով` հաշվի չառնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կատարած կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարների հաշվին սահմանված կարգով ստացման ենթակա կենսաթոշակներից եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի չառնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները:
4. Ռոյալթիների և գույքի վարձակալությունից ստացման ենթակա եկամուտներից, ինչպես նաև բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող` անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների անհատ ձեռնարկատեր չհամարվող այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում` շենքի ընդհանուր տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն համարվող ոչ բնակելի տարածքների) 10 տոկոսը, սակայն ոչ ավելի քան 500 քառակուսի մետր մակերեսը, իսկ բնակելի թաղամասերում (կամ համալիրներում) չորս անհատական բնակելի տների քանակը (այսուհետ` չհարկվող շեմ) գերազանցող տարածքների վաճառքից ստացման ենթակա եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի չառնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները: Ընդ որում, չհարկվող շեմը նշված չափով կիրառվում է բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի մակերեսի կամ բնակելի թաղամասերում (համալիրներում) անհատական բնակելի տների համար միայն մեկ անգամ` անկախ շենքի տարբեր բնակարանների կամ անհատական բնակելի տների իրացման ժամկետներից և կառուցապատող և (կամ) փայատեր ֆիզիկական անձանց քանակից:
Սույն օրենքի իմաստով ռոյալթի է համարվում գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրի կամ արդյունաբերական առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացման ենթակա հատուցումը:
5. Տոկոսների համար եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի չառնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները:
6. Հարկային գործակալը ֆիզիկական անձից գույք ձեռք բերելու դիմաց վճարման ենթակա եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի առնելով նաև սույն օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների դրույթները:
7. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և Հայաստանի Հանրապետությունում բնակության (հաշվառման) հասցեի պարտադիր նշումով) չկնքելու դեպքում հարկային գործակալը հարկ վճարողին եկամուտներ հաշվարկելիս եկամտային հարկը հաշվարկում և պահում է 11 տոկոս դրույքաչափով` վճարման ենթակա եկամուտների նկատմամբ` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկ վճարողին հաշվարկված եկամուտները հիմնավորվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով կամ կրճատ հաշիվ-ապրանքագրերով:
8. Հաստատագրված վճար վճարող անհատ ձեռնարկատերի համար եկամտային հարկը հաշվարկվում է 3 տոկոս դրույքաչափով` սույն օրենքով սահմանված կարգով որոշված հարկվող եկամտից:
Հոդված 11. |
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց եկամտային հարկի դրույքաչափերը |
1. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց եկամուտներ վճարելիս հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է օրենքով սահմանված ընդհանուր կարգով` հետևյալ դրույքաչափերով.
1) ապահովագրությունից ստացման ենթակա ապահովագրական հատուցումներից և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացման ենթակա եկամուտներից` 5 տոկոս.
2) ռոյալթիներից, տոկոսներից, գույքը վարձակալության տալուց ստացման ենթակա եկամուտներից, գույքի արժեքի հավելաճից և այլ պասսիվ եկամուտներից (բացի փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից)` 10 տոկոս.
3) սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում չնշված` հայաստանյան աղբյուրներից ստացման ենթակա այլ եկամուտներից` սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով` սույն օրենքով սահմանված կարգով որոշված հարկվող եկամտից:
2. Սույն հոդվածում նշված դրույքաչափերով հարկային գործակալի պահած (գանձած) գումարները համարվում են Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի համար եկամտային հարկի վերջնական գումար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա ռեզիդենտ է կամ Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն` հաշվի առնելով սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետի պայմանները, որի դեպքում եկամտային հարկը հաշվարկվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով:
Գ Լ ՈՒ Խ 4
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
Հոդված 12. |
Հարկային գործակալի կողմից եկամտային հարկը պահելը |
1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի, հարկ վճարողներին եկամուտներ հաշվարկելիս եկամտային հարկը պահում (գանձում) է հարկային գործակալը:
Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ազատվում են ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ եկամտային հարկի պահումից, ապա ծրագիր իրականացնող կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կարող են հարկային մարմիններ ներկայացվող հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ և իրականացնել ֆիզիկական անձանց հաշվարկվող եկամուտներից հարկի պահում: Այս դեպքում հարկային գործակալը հարկի պահումը կատարում է հայտարարությունը ներկայացնելու ամսվանից սկսած:
2. Հարկային գործակալը հարկի պահում (գանձում) չի իրականացնում, եթե`
1) վճարվող եկամուտները ձեռնարկատիրական գործունեության (ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) արդյունք են, և հարկային գործակալի հետ կնքվում է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր` նշելով հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), անձնագրի տվյալները, Հայաստանի Հանրապետությունում բնակության հասցեն և ձեռնարկատիրական գործունեության իրականացման պետական գրանցման վկայականի համարը, կամ
2) եկամուտները վճարման ենթակա են նոտարին:
Հոդված 13. |
Եկամտային հարկի հաշվարկման կարգը և հաշվարկների ներկայացումը |
1. Հարկային գործակալները յուրաքանչյուր ամիս սույն օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված դրույքաչափերով հաշվարկում են եկամտային հարկը` դրանից պակասեցնելով վարձու աշխատողների համար հաշվարկած և տվյալ ամսում փաստացի վճարված` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպաստների, ինչպես նաև վարձու աշխատողի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարները: Ընդ որում, սույն մասով սահմանված նպաստները պակասեցված են համարվում պակասեցման ամսվան հաջորդող ամսվա 20-ից:
Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի ընդհանուր գումարը բավարար չէ սույն հոդվածով սահմանված նպաստները վճարելու համար, ապա հարկային գործակալը նպաստը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցվում է պետական բյուջեից մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել սահմանված ձևի եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, որտեղ ներառվում են մասնավորապես`
1) անհատական տեղեկություններ (անուն, ազգանուն, հայրանուն, բնակության (հաշվառման) վայրի հասցե, սոցիալական քարտի համարը) տվյալ հարկային գործակալից եկամուտներ ստացող (բացառությամբ միայն պասսիվ եկամուտներ ստացող) ֆիզիկական անձանց, նրանց համար հաշվարկված եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձանց մասով` նաև հաշվարկված և պահված կուտակային վճարների վերաբերյալ, ինչպես նաև «Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տեղեկություններ.
2) ամփոփ տեղեկություններ տվյալ հարկային գործակալից բացառապես պասսիվ եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց համար հաշվարկված պասսիվ եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ:
3. Եթե անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ստացման ենթակա եկամուտներից սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթներին համապատասխան եկամուտների ստացման աղբյուրի մոտ եկամտային հարկի պահում չի իրականացվում (գանձում չի կատարվում), ապա անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք եկամտային հարկը հաշվարկում են յուրաքանչյուր ամիս, որն արտացոլվում է սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հաշվարկում:
4. Հարկային գործակալները նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված եկամտային հարկի հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում կարող են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմիններին ներկայացնել ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:
Հոդված 14. |
Եկամտային հարկի գումարը բյուջե վճարելը |
1. Սույն օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան հաշվարկված եկամտային հարկը պետական բյուջե է վճարվում ֆիզիկական անձանց եկամուտների հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ:
Հոդված 15. |
Հարկային մարմնի և հարկային գործակալի կողմից տեղեկանքներ տրամադրելը |
1. Ոչ ռեզիդենտի դիմումի հիման վրա հայաստանյան աղբյուրներից պահված հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմինները տրամադրում են համապատասխան տեղեկանք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ձևով և կարգով:
2. Հարկային գործակալները պարտավոր են ֆիզիկական անձանց պահանջով նրանց տրամադրել հաշվարկված և վճարված եկամուտների, պահված հարկի գումարների, ինչպես նաև գործատուի կողմից աշխատողի համար կատարված կուտակային կենսաթոշակային վճարումների մասին տեղեկանքներ:
Գ Լ ՈՒ Խ 5
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 16. |
Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների հաշվառումը |
1. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված համախառն եկամտի որոշման ժամանակ կիրառվում է հաշվառման հաշվեգրման եղանակը` իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 17. |
Հարկվող օբյեկտի որոշման առանձնահատկությունները |
1. Ձեռնարկատիրական գործունեությունից եկամտային հարկի հարկվող օբյեկտի որոշման ժամանակ, բացի սույն օրենքով սահմանված նվազեցվող եկամուտներից, համախառն եկամուտը նվազեցվում է ձեռնարկատիրական գործունեությունից և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացման ենթակա եկամուտների հետ անմիջականորեն կապված և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով` ֆիզիկական անձի ներկայացրած տարեկան եկամուտների մասին հաշվարկի հիման վրա:
2. Ծախսերի թվին են դասվում մասնավորապես`
1) նյութական ծախսերը.
2) աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները.
3) գործատուի կողմից վարձու աշխատողի համար կատարված կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումները` տվյալ վարձու աշխատողի աշխատավարձի 5 տոկոսը չգերազանցող մասով.
4) ամորտիզացիոն մասհանումները.
5) վարձակալական վճարները.
6) ապահովագրական վճարները.
7) չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները.
8) վարկերի և այլ փոխառությունների տոկոսները.
9) երաշխիքների, երաշխավորությունների, ակրեդիտիվների և բանկային այլ ծառայությունների համար վճարները.
10) գովազդային ծախսերը.
11) ներկայացուցչական ծախսերը.
12) հովանավորչական ծախսերը.
13) դատական ծախսերը.
14) գործուղման ծախսերը.
15) պատճառած վնասի հատուցումը.
16) տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները, բացառությամբ պետական կամ համայնքների բյուջեների, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների դիմաց գանձվող տույժերի, տուգանքների և գույքային այլ պատժամիջոցների.
17) աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման ծառայությունների ծախսերը.
18) ֆակտորինգային, հավատարմագրային (լիազորագրային) գործառնությունների ծախսերը.
19) հաշվետու տարում հայտնաբերված` դրան անմիջապես նախորդող երեք տարիներին պակաս ցույց տրված ծախսերը:
3. Ծախս չեն համարվում այլ անձի կանոնադրական կապիտալում հարկ վճարողի կատարած ներդրումները:
4. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում ամորտիզացիոն մասհանումների և այլ ծախսերի հաշվարկման, համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի, ծախսատեսակների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նորմերի, համախառն եկամտից ծախսերի նվազեցման իրականացման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությունից ստացված հաշվետու տարվա վնասների մասով կիրառվում են իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված նորմերը:
5. Փաստաթղթերով ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 18. |
Եկամտային հարկի գումարի հաշվարկումը |
1. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով սահմանված դրույքաչափերով եկամտային հարկի փաստացի գումարի վերջնական հաշվարկումը կատարում է հարկ վճարողն ինքնուրույնաբար և սահմանված կարգով արտացոլում է տարեկան եկամուտների մասին հաշվարկում:
Հոդված 19. |
Եկամտային հարկի կանխավճարները |
1. Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից (բացառությամբ հաստատագրված վճարներով հարկվող գործունեության) եկամուտներ ստացող հարկ վճարողը պարտավոր է կատարել եկամտային հարկի կանխավճարներ` սույն հոդվածի 2-8-րդ մասերով սահմանված կարգով և ժամկետներում:
2. Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ նախորդ տարվա եկամտային հարկի փաստացի գումարի մեկ վեցերորդի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ: Սահմանված ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու և օրենքով սահմանված այլ դեպքում հարկային մարմիններն այդ կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Ձեռնարկատիրական գործունեությունը նոր սկսող հարկատուն կարող է եկամտային հարկի կանխավճարներ չկատարել մինչև հաջորդ տարվա հունիսի 15-ը` այդ մասին նախօրոք հայտնելով հարկային մարմիններին:
4. Այն հարկ վճարողը, որը նախորդ տարում ունեցել է վնաս, կամ որի նախորդ տարվա եկամտային հարկի գումարը չի գերազանցել հինգ հարյուր հազար դրամը, կամ որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող, կարող է տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնելուց հետո կանխավճարներ չվճարել: Մինչև նախորդ տարվա փաստացի եկամտային հարկի գումարի հաշվարկումը հարկ վճարողը եկամտային հարկի կանխավճարները առաջին անգամ մարտի 15-ից ոչ ուշ կատարում է նախորդ տարվա վերջին կանխավճարի չափից ոչ պակաս:
5. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող օբյեկտը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն: Կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի եկամտային հարկի երկու երրորդից պակաս լինելու դեպքում հարկ վճարողը վճարում է տույժ` փաստացի եկամտային հարկի մեկ վեցերորդի և տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման օրվանից մինչև հարկային մարմնին փաստացի եկամտային հարկի գումարը հայտնի դառնալու (տարեկան եկամուտների մասին հաշվարկի ներկայացման) օրը:
6. Հարկ վճարողը հաշվետու տարվա ավարտից հետո, ելնելով հաշվարկված հարկվող օբյեկտից, հաշվարկում է եկամտային հարկի գումարը` դրանից հաշվանցելով տվյալ հաշվետու տարվա համար վճարված կանխավճարների գումարները:
7. Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտային հարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն: Այս դեպքում կանխավճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային մարմնին փաստացի եկամտային հարկի գումարը հայտնի դառնալու (տարեկան եկամուտների մասին հաշվարկի ներկայացման) օրը, բայց մայիսի 1-ից ոչ ուշ: Կանխավճարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն:
8. Եթե կատարված կանխավճարների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու տարվա փաստացի եկամտային հարկի գումարից, ապա վերահաշվարկ է կատարվում միայն եկամտային հարկի գծով, և հարկ վճարողը պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել պետական բյուջե: Այս դեպքում կանխավճարների գծով տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային մարմնին փաստացի եկամտային հարկի գումարը հայտնի դառնալու (տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնելու) օրը: Եկամտային հարկի գումարի վճարումն ուշացնելու համար տույժերի հաշվարկը սկսվում է մայիսի 1-ից` եկամտային հարկի գումարի չվճարված մասի նկատմամբ, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված չափերով:
9. Հաստատագրված վճարներով հարկվող գործունեության մասով հարկ վճարողները եկամտային հարկի կանխավճարային մուծումները կատարում են յուրաքանչյուր ամիս 5000 դրամի չափով` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը:
Հոդված 20. |
Եկամտային հարկի նվազագույն գումարը |
1. Սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով որոշված եկամտային հարկի կանխավճարի գումարը յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված մեծության մեկ տոկոսից պակաս լինելու դեպքում հարկ վճարողը (բացառությամբ հաստատագրված վճարներով հարկվող գործունեության մասի) պարտավոր է կատարել նվազագույն եկամտային հարկի եռամսյակային վճարումներ:
2. Նվազագույն եկամտային հարկը վճարվում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծությունից` մեկ տոկոս դրույքաչափով:
3. Նվազագույն եկամտային հարկը հաշվարկվում է նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների (բացառությամբ հիմնական միջոցների, ինչպես նաև արժեթղթերի և ֆոնդային ապրանքների), արտադրանքի (բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված արտադրանքի) իրացումից և ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամտի (որը չի ներառում նշված եկամուտների ստացման համար վճարած անուղղակի հարկերը) և նույն ժամանակահատվածում այդ եկամտի 50 տոկոսը չգերազանցող մասով` հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերության նկատմամբ, բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի:
Ընթացիկ տարում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող հարկ վճարողները ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում նվազագույն եկամտահարկը հաշվարկում են սույն կետին համապատասխան հաշվարկված եկամտից` առանց հաշվի առնելու հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումները:
4. Սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի հաստատած սակագներ կիրառող հարկ վճարողների, առողջապահության և կրթության ոլորտներում ծառայություններ մատուցող, թերթերի և ամսագրերի տպագրության և իրացման, թանկարժեք քարերի մշակման, ինչպես նաև միջազգային բեռնափոխադրման ոլորտում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նվազագույն եկամտային հարկի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ:
5. Նվազագույն եկամտային հարկի տարեկան հանրագումարի և հաշվետու տարվա փաստացի եկամտային հարկի դրական տարբերությունը նվազեցվում է հետագա տարիների եկամտային հարկից:
Հոդված 21. |
Անվճարունակության գործընթացում գտնվող անհատ ձեռնարկատերերի կողմից եկամտային հարկի վճարման առանձնահատկությունը |
1. Անհատ ձեռնարկատերերի անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն` հարկ վճարողին անվճարունակ ճանաչելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից եկամտային հարկի վճարումները կասեցվում են մինչև պարտատերերի պահանջների բավարարման` օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթը հասնելը:
Գ Լ ՈՒ Խ 6
ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԱՐԿԸ ԵՎ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ
Հոդված 22. |
Տարեկան եկամուտների մասին հաշվարկի ներկայացման կարգը և ժամկետները |
1. Հարկ վճարող ֆիզիկական անձինք պարտավոր են հարկային տարվա համար տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել տարեկան եկամուտների մասին հաշվարկ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերի:
2. Տարեկան եկամուտների մասին հաշվարկի ներկայացումը պարտադիր չէ այն ֆիզիկական անձանց համար, որոնց կողմից հաշվետու տարվա ընթացքում ստացվել կամ ստացման ենթակա են եղել`
1) բացառապես սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված եկամուտներ կամ
2) բացառապես այնպիսի եկամուտներ, որոնցից եկամտային հարկը հաշվարկելու, պահելու (գանձելու) և բյուջե վճարելու պարտավորությունը դրված է հարկային գործակալի վրա:
3. Սույն հոդվածով սահմանված կարգով տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնելու դեպքում ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների մասին հաշվարկում ներառում են հարկային տարվա ընթացքում ստացման ենթակա բոլոր եկամուտները` անկախ սույն հոդվածի 2-րդ մասի դրույթներից:
4. Անչափահաս անձանց եկամուտները հայտարարագրում են նրանց ծնողները (խնամակալները):
5. Մինչև հարկային տարին ավարտվելը հարկ վճարողի կողմից գործունեությունը (եկամտի աղբյուրի) դադարեցնելու դեպքում ֆիզիկական անձը պարտավոր է տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնել սույն հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում:
6. Տարեկան եկամուտների մասին հաշվարկ չներկայացնելը հարկ վճարողին չի ազատում սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերին համապատասխան հարկային պարտավորությունները կատարելուց:
7. Հաշվետու ժամանակաշրջանի համար տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնելուց հետո հարկ վճարողներն իրավունք ունեն ճշգրտումներ մտցնելու դրանցում արտացոլված տվյալներում` տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում:
Հոդված 23. |
Տարեկան եկամուտների մասին հաշվարկի հիման վրա հարկի վերջնահաշվարկը և վճարման ժամկետները |
1. Տարեկան եկամուտների մասին հաշվարկի հիման վրա կատարվում է եկամտային հարկի վերջնահաշվարկ` հաշվի առնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները:
2. Տարեկան եկամուտների մասին հաշվարկի արդյունքներով եկամտային հարկ վճարողը պարտավոր է եկամտային հարկի գումարը վճարել պետական բյուջե տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ից ոչ ուշ:
3. Տարեկան եկամուտների մասին հաշվարկի արդյունքներով հարկ վճարողի` բյուջե ավել վճարած (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) հարկի գումարները ենթակա են վերադարձման հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Հոդված 24. |
Կրկնակի հարկման բացառումը |
1. Ռեզիդենտների` Հայաստանի Հանրապետությունից դուրս ստացված եկամտի գումարը ներառվում է Հայաստանի Հանրապետությունում հայտարարագրվող տարեկան եկամտի ընդհանուր գումարի մեջ և հաշվի է առնվում հարկի չափը որոշելիս:
2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների վճարած (գանձված) եկամտային հարկը պակասեցվում է հարկի այն գումարի չափով, որը նրանից գանձվել է օտարերկրյա պետություններում` դրանց օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ այն եկամուտներից օտարերկրյա պետություններում գանձված հարկի գումարի, որը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան, ենթակա է նվազեցման համախառն եկամտից: Ընդ որում, պակասեցվող (հաշվանցվող) հարկի գումարի չափը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից` սույն օրենքի դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում վճարման ենթակա հարկի գումարին:
Գ Լ ՈՒ Խ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 25. |
Սույն օրենքի խախտման համար ֆիզիկական անձանց և հարկային գործակալների պատասխանատվությունը |
1. Սույն օրենքի խախտման համար հարկ վճարողները և հարկային գործակալները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Սույն օրենքի դրույթների համաձայն` եկամտային հարկը աղբյուրի մոտ չպահելու (չգանձելու) դեպքում հարկային պարտավորությունը (այդ թվում` եկամտային հարկը սահմանված ժամկետներում բյուջե չվճարելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կրում է հարկային գործակալը:
3. Հարկային գործակալի կողմից, սույն օրենքի դրույթների համաձայն, ֆիզիկական անձանց հաշվարկված եկամուտներից ժամանակին չպահված (կամ պակաս պահված) հարկի գումարները ֆիզիկական անձանցից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են պահվել ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ հարկերի սահմանված չափից ավելի պահված (գանձված) գումարները հաշվանցվում են առաջիկա պահումների հաշվին կամ վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում` սահմանված չափից ավելի գանձման օրվան հաջորդող երեք օրացուցային տարվա համար:
4. Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի հաշվարկում սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավել ցույց տալու դեպքում անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` ավել ցույց տրված վնասի 26 տոկոսի չափով:
5. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում հաշվարկում և վճարում է այդ (չձևակերպված) վարձու աշխատողի համար եկամտային հարկ` 60.000 դրամի չափով: Նշված դրույթը չի կիրառվում վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը, իսկ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագիրքը սահմանված կարգով չվարելու կամ սահմանված կարգի խախտումով վարելու դեպքերում (այդ դեպքում եկամտային հարկը հաշվարկվում (վերահաշվարկվում) է ընդհանուր սահմանված կարգով):
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից գործատուն իր միջոցների հաշվին կրում է վարձու աշխատողներին սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվա յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատավարձից պահված և վճարված եկամտային հարկի ամբողջ գումարի չափով լրացուցիչ պարտավորություն, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարձու աշխատողից եկամտային հարկի պահումը հանգեցրել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տվյալ վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշվող մեծության նվազման:
Սույն մասով սահմանված պատասխանատվության միջոցը չի կիրառվում այն դեպքերում, երբ տվյալ հաստիքային միավորի համար վարձու աշխատողը փոխարինվել է տվյալ գործատուի մոտ չաշխատող այլ վարձու աշխատողով:
Հոդված 26. |
Հաշվետվությունների և տեղեկությունների միավորումը |
1. Սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի ամփոփ հաշվարկի տվյալները կարող են ներառված լինել «Եկամտային հարկի ու կուտակային վճարների անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածում նշված անձնավորված հաշվետվության մեջ:
2. Նշված տվյալները լիազոր մարմին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ:
Հոդված 27. |
Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը |
1. Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է հարկային մարմինը` դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
Հոդված 28. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքները:
Հոդված 29. |
Անցումային դրույթներ |
1. 2013 թվականի ընթացքում կամ մինչ այդ առաջացած եկամտահարկի կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունները 2013 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում, և դրանք ենթակա են կատարման «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում:
2. 2013 թվականի առաջին եռամսյակի համար եկամտային հարկի կանխավճարները հաշվարկվում են`
1) եկամտահարկի գծով 2012 թվականի վերջին կանխավճարի չափից ոչ պակաս չափով (եթե մինչև 2013 թվականի մարտի 15-ը հարկ վճարողի կողմից 2012 թվականի եկամտահարկի գումարը դեռևս հաշվարկված չէ) կամ
2) 2012 թվականի եկամտահարկի գումարի մեկ վեցերորդի չափով (եթե մինչև 2013 թվականի մարտի 15-ը հարկ վճարողի կողմից հաշվարկվել է 2012 թվականի եկամտահարկի գումարը):
2013 թվականի առաջին եռամսյակի համար եկամտային հարկի կանխավճարները վճարվում են մինչև 2013 թվականի մարտի 15-ը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 30 |