ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/11184/05/17 2024 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/11184/05/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
Լ․ ՀԱԿՈԲՅԱՆ | |
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ ք․ ՄԿՈՅԱՆ |
2024 թվականի հոկտեմբերի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով Սուսաննա Նալբանդյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 28.11.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ռուզաննա, Մերի և Աննա Գրիգորյանների ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Սուսաննա և Թամարա Նալբանդյաններ՝ Երևանի քաղաքապետարանի 18.05.2016 թվականի թիվ 1792-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ռուզաննա, Մերի և Աննա Գրիգորյանները պահանջել են անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 18.05.2016 թվականի թիվ 1792-Ա որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս․ Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 17․06․2022 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28․11․2023 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 17․06․2022 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան ամբողջ ծավալով նոր քննության։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուսաննա Նալբանդյանը (ներկայացուցիչ՝ Յուրի Շիրինյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2.Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի պատասխանի այն փաստարկին, որ հայցվորները չէին կարող ունենալ իրավական ակնկալիքներ Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցու նրբանցքի համար 10 շենքի թիվ 13/1 բնակարանը ձեռք բերելու առնչությամբ, քանի որ նրանք Երևան քաղաքի ավագանու 23.12.2015 թվականի թիվ 451-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 4-րդ կետի 1-ին ենթակետով, ինչպես նաև «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված պայմաններին չբավարարելու ուժով ի սկզբանե չէին կարող հանդիսանալ մասնավորեցման սուբյեկտ։
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ անշարժ գույքը ձեռք բերելու համար կարևոր պայմաններից մեկը, ըստ վերը նշված նորմերի և ծրագրի պայմանների, նշված հասցեում հաշվառված լինելը կամ մշտապես բնակվելն է, իսկ հայցվորներն այդ նույն հիմքով արդեն իսկ ձեռք էին բերել իրենց բնակարանը՝ ք․ Երևան, Շենգավիթ, Ս. Տարոնցի նրբանցք 10 շենք, 13 հասցեում, հետևաբար՝ վերջիններս չէին կարող հաշվառված լինել կամ մշտապես բնակվել Երևանի քաղաքապետարանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանում, որը, դեռևս 18.07.1979 թվականի վճռի համաձայն, վարձակալական հիմունքներով հանձնվել էր բողոքաբերին, ում անհատույց մասնավորեցման իրավունքն էլ առաջացել էր նշված գույքի նկատմամբ։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործի նոր քննության ընթացքում հայցվորները չեն ներկայացրել նոր դիրքորոշում, որով կհիմնավորվեր վերջիններիս շահագրգիռ անձ լինելու հանգամանքը, ինչն ինքնին կարող էր հանգեցնել գործի վարույթը կարճելուն։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ գործի նոր քննության ժամանակ Դատարանը պետք է պարզի սույն գործի ընդդատության հարցը, ապա սույն գործով միայն Երևանի քաղաքապետարանի 18.05.2016 թվականի թիվ 1792-Ա որոշումը վիճարկվելու և Երևանի քաղաքապետարանի ու Սուսաննա Նալբանդյանի միջև կնքված նվիրատվության պայմանագիրը չվիճարկելու պայմաններում՝ գործի վերահասցեագրման հարցի քննարկումն անհիմն է։
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.11.2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 17.06.2022 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշմանը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը․
1) Երևան քաղաքի Լենինյան շրջանի ժողդատարանի թիվ 2-851 գործով 18.07.1979 թվականի վճռով Սուսաննա Գրիգորյանի հայցը բավարարվել է, Սողոմոն Տարոնցի փողոցի նրբանցքի 10 շենքի թիվ 13 Ռուզաննա Գրիգորյանի անվամբ եղած վարձակալական հիմունքներով երկու սենյականոց մեկուսացված բնակարանից 14.0քմ բնակելի մակերես ունեցող առանձին մուտքով մեկ սենյակը վարձակալական հիմունքներով հատկացվել է Սուսաննա Գրիգորյանին, իսկ 17,5քմ բնակելի մակերես ունեցող առանձին մուտքով մեկ սենյակը հատկացվել է Ռուզաննա Գրիգորյանին, օժանդակ հարմարությունները կողմերին թողնվել է ընդհանուր օգտագործման (հատոր 1-ին, գ.թ. 135):
2) ՀՀ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2596078 վկայականի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-011-004-088 մատյանի 077 համարի տակ ք.Երևան, Շենգավիթ համայնք, Ս.Տարոնցու նրբանցք, 10 շենք, 13 բնակարանի նկատմամբ 11.11.2008 թվականին գրանցվել է Աննա Վլադիմիրի Գրիգորյանի, Ռուզաննա Արտավազդի Գրիգորյանի, Մերի Վլադիմիրի Գրիգորյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը 17,4քմ մակերեսով բնակարանի նկատմամբ, միևնույն ժամանակ «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» բաժնում առկա է լրացուցիչ նշում, որ «Շենքի հատակագիծը» բաժնում առկա 18,7քմ կոմունալ և օժանդակ հարմարություններն ընդհանուր օգտագործման տարածք են, բացի այդ, «Շենքի հատակագիծը» բաժնում 14,2քմ հատվածը շտրիխապատված է (հատոր 1-ին, գ.թ. 21-23):
3) ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02032016-01-0112 վկայականի համաձայն` Երևան, Շենգավիթ, Ս. Տարոնցու նրբանցք 10 շենք, 13/1 բնակարանի նկատմամբ 02.03.2016 թվականին գրանցվել է Երևան համայնքի սեփականության իրավունքը` ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման հիման վրա (հատոր 1-ին, գ.թ. 119-120):
4) Երևանի քաղաքապետի 18.05.2016 թվականի «Երևանի Սողոմոն Տարոնցու նրբանցքի թիվ 10 շենքի թիվ 13/1՝ 14.25քմ ընդհանուր մակերեսով և 18.85քմ ընդհանուր համատեղ սեփականությունն անհատույց օտարելու» թիվ 1792-Ա որոշմամբ Երևան համայնքի սեփականություն համարվող, Երևանի Սողոմոն Տորոնցու նրբանցքի հ. 10 շենքի հ. 13/1՝ 14.25 քմ ընդհանուր մակերեսով և 18.85 քմ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանը նվիրվել է Սուսաննա, Մանվել և Թամարա Նալբանդյաններին (հատոր 1-ին, գ.թ. 17):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «շահագրգիռ անձ» հասկացության բովանդակությանը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի համատեքստում։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածը սահմանում է այն անձանց շրջանակը, ովքեր իրավունք ունեն դիմել ՀՀ վարչական դատարան: Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով վարչադատավարական կարգով դատական պաշտպանությունը երաշխավորվում է այն ֆիզիկական և իրավաբանական անձի համար, ով համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Վերը նշված նորմերից բխում է, որ անձն իրավասու է վարչադատավարական կարգով դատական պաշտպանություն հայցել ընդդեմ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի այն վարչական ակտի, գործողության կամ անգործության, որով ենթադրաբար խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել իր իրավունքներն ու ազատությունները։ Անձն իրավասու չէ վիճարկելու այն վարչական ակտի, գործողության կամ անգործության իրավաչափությունը, որն ինքնին չի շոշափում իր որևէ իրավունք կամ ազատություն։ (տե´ս, Հայկ Հարությունյանն ընդդեմ Երևան համայնքի թիվ ՎԴ/0012/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.02.2023 թվականի որոշումը):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարան դիմելու անհրաժեշտ պայմանը հայցվորի՝ «շահագրգիռ անձ» հանդիսանալու հանգամանքն է:
ՀՀ սահմանադրական դատարանը 04․04․2008 թվականի թիվ ՍԴՈ-747 որոշմամբ ամրագրել է. «Համաձայն ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի՝ անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտություն ծագում է այն դեպքում, երբ նա խնդիր ունի վերականգնելու իր ենթադրյալ խախտված իրավունքները: Սահմանադրական այս դրույթի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ յուրաքանչյուր դեպքում անձն իր՝ դատարան դիմելու իրավունքը կարող է իրացնել միայն այն դեպքում, երբ տվյալ գործի առնչությամբ ունի իրավական շահագրգռվածություն: Սահմանադրական այս դրույթին համահունչ (…) վիճարկվող 2-րդ հոդվածի 1-ին մասը դատարան դիմելու իրավունքը վերապահել է շահագրգիռ անձին, այն է՝ անձին, ում իրավունքները ենթադրաբար խախտվել են»:
ՀՀ սահմանադրական դատարանը միաժամանակ գտել է, որ «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և յուրաքանչյուր կոնկրետ գործով, ելնելով տվյալ գործի կոնկրետ հանգամանքներից, գործը քննող դատարանն է իրավասու գնահատելու այս հասկացությունը և պարզելու, թե արդյո՞ք տվյալ անձը գործի ելքում ունի իրավական շահագրգռվածություն:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը: ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե´ս, Կարինե Ջլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը սահմանում է ՀՀ վարչական դատարանի գործերի առարկայական ընդդատության ընդհանուր շրջանակը։ Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը, վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով, հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, ներառյալ` արհեստակցական միությունների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը:
Սույն դեպքում «շահագրգիռ անձ» հասկացության բովանդակությունը բացահայտելով Օրենսգրքի 10-րդ հոդվածի համատեքստում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմում ներկայացրած անձի՝ կոնկրետ գործով շահագրգիռ անձ հանդիսանալու հանգամանքը գնահատման է ենթակա ոչ թե a priori, այլ ՀՀ վարչական դատարանին ընդդատյա վեճերի համատեքստում։ Այսինքն՝ Օրենսգրքի 3-րդ հոդվածի իմաստով շահագրգիռ անձը ոչ թե ենթադրյալ խախտված իրավունքը կրող սուբյեկտն է ընդհանրապես, այլ այն անձն է, ում ենթադրյալ խախտված իրավունքը պաշտպանության է ենթակա հենց վարչական արդարադատության շրջանակներում։ Հետևաբար, ՀՀ վարչական դատարան ներկայացված կոնկրետ վեճով հայցվորի՝ շահագրգիռ անձ հանդիսանալու հանգամանքի հաստատումն ինքնին ենթադրում է խնդրո առարկա վեճի՝ ՀՀ վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքի հաստատում և բացառում է տվյալ վեճի՝ ՀՀ վարչական դատարանին ընդդատության հարցը կասկածի տակ դնելու կամ հերքելու իրավական հնարավորությունը։ Այլ կերպ, եթե դատարանը տվյալ կոնկրետ գործով ճանաչում է հայցվորի շահագրգիռ անձի կարգավիճակը՝ դրանով իսկ ընդունում է նաև, որ տվյալ վեճն ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ դիմելով ՀՀ վարչական դատարան՝ Ռուզաննա, Մերի և Աննա Գրիգորյանները պահանջել են անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 18.05.2016 թվականի թիվ 1792-Ա որոշումը։ Նշված որոշմամբ Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 02.03.2016 թվականի թիվ 02032016-01-0112 վկայական) Երևանի Սողոմոն Տարոնցու նրբանցքի հ. 10 շենքի հ. 13/1՝ 14.25քմ ընդհանուր մակերեսով և 18.85քմ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանը նվիրվել է նույն բնակարանի բնակիչներ Սուսաննա, Մանվել, Թամարա Նալբանդյաններին՝ որպես համատեղ սեփականություն:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Խանդանյան) 12.11.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է` հիմքում դնելով այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 18.05.2016 թվականի թիվ 1792-Ա որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի նյութերով չի հիմնավորվել Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցու նրբանցքի թիվ 10 շենքի 13/1 հասցեում գտնվող գույքը Սուսաննա և Թամարա Նալբանդյաններին նվիրելու համար օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր նախապայմանների առկայությունը:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա․ Առաքելյան, դատավորներ՝ Կ․ Մաթևոսյան, Ա․ Բաբայան) 17․02․2021 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 12.11.2019 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է ամբողջ ծավալով նոր քննության։ Բողոքարկվող դատական ակտի ուսումնասիրության արդյունքում՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից գնահատման առարկա չի դարձվել հայցվորների իրավական շահագրգռվածություն ունենալու՝ սույն գործի լուծման հետագա ընթացքն ապահովելու կարևոր երաշխիք հանդիսացող հանգամանքը: Արդյունքում, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը գտել է, որ հայցվորների շահագրգռվածության հարցի պարզումը Երևանի Սողոմոն Տարոնցու նրբանցքի հ. 10 շենքի հ. 13/1՝ 14.25քմ ընդհանուր մակերեսով և 18.85քմ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանի նկատմամբ ունի սույն գործով էական նշանակություն, և եզրահանգել, որ նշված հարցը պարզելուց հետո նոր միայն հնարավոր կլինի անդրադառնալ հայցադիմումով ներկայացված՝ վիճարկվող ակտի անվավերության հիմքում դրված հանգամանքների քննարկմանը:
Դատարանի 17․06․2022 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով (հայցադիմումը ներկայացրել են դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձինք): Դատարանը, մասնավորապես, գտել է․ «(․․․) վիճելի տարածքի նկատմամբ հայցվորները ի սկզբանե չեն ունեցել որևէ ենթադրյալ իրավունք (ըստ գործում առկա վկայականի)` բազմաբնակարան շենքում գտնվող վերջիններիս հատկացված բնակարանի հատվածի նկատմամբ, իրավունքների պետական գրանցումը կատարվել է 2008 թվականին, պատասխանողի նկատմամբ անշարժ գույքի մնացած մասով (ըստ գործում առկա վկայականի) իրավունքների պետական գրանցումը կատարվել է 2009 թվականին, վկայականներում առկա են նաև նշումներ` ընդհանուր համատեղ օգտագործվող տարածքի մասին, սույնով դատարանը փաստում է, որ կողմերը որևէ կերպ կաշկանդված չեն անձամբ որոշելու իրենց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի հետագա ճակատագիրը, հետևաբար նաև հայցվորների կողմից վիճարկվող որոշմամբ որևէ կերպ չեն խախտվում հայցվորների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ գլխով, մարդու և քաղաքացու իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ամրագրված որևէ իրավունք, ուստի հայցվորների մոտ բացակայում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում Երևանի քաղաքապետարանի 18.05.2016 թվականի թիվ 1791-Ա որոշումը վիճարկելու իրավունքը»։
Վերաքննիչ դատարանի բողոքարկվող՝ 28.11.2023 թվականի որոշմամբ Դատարանի 17․06․2022 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան ամբողջ ծավալով նոր քննության։ Վերաքննիչ դատարանը անհիմն է համարել Դատարանի եզրահանգումն առ այն, որ գործով հայցադիմումը ներկայացվել է դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձանց կողմից: Այս առնչությամբ Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել հետևյալ փաստական հանգամանքները․ « (․․․) ի սկզբանե Սողոմոն Տարոնցի փողոցի նրբանցքի 10 շենքի թիվ 13 Ռուզաննա Գրիգորյանի անվամբ եղած վարձակալական հիմունքներով երկու սենյականոց մեկուսացված բնակարանից 14.0 քմ բնակելի մակերես ունեցող առանձին մուտքով մեկ սենյակը վարձակալական հիմունքներով հատկացվել է Սուսաննա Գրիգորյանին, իսկ 17,5 քմ բնակելի մակերես ունեցող առանձին մուտքով մեկ սենյակը հատկացվել է Ռուզաննա Գրիգորյանին, ընդ որում՝ օժանդակ հարմարավետությունները կողմերին թողնվել է ընդհանուր օգտագործման:
Այնուհետև, ք.Երևան, Շենգավիթ համայնք, Ս.Տարոնցի նրբանցք, 10 շենք, 13 բնակարանի նկատմամբ 11.11.2008 թվականին գրանցվել է հայցվորներ Աննա Վլադիմիրի Գրիգորյանի, Ռուզաննա Արտավազդի Գրիգորյանի, Մերի Վլադիմիրի Գրիգորյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը։ Ուշագրավ է, որ «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» բաժնում առկա է լրացուցիչ նշում, որ «Շենքի հատակագիծը» բաժնում առկա 18,7քմ կոմունալ և օժանդակ հարմարությունները ընդհանուր օգտագործման տարածք են: Այսինքն, նշյալ վկայականով հաստատվել է, որ 18,7քմ կոմունալ և օժանդակ հարմարություններն ընդհանուր օգտագործման տարածք են։
Ավելին, 02․03․2016 թվականին գրանցվել է Երևան համայնքի սեփականության իրավունքը Երևան, Շենգավիթ, Ս. Տարոնցի նրբանցք 10 շենք, 13/1 բնակարանի նկատմամբ, իսկ համապատասխան վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում նշվել է, որ 18․85քմ մակերեսն ընդհանուր համատեղ է Ս․Տարոնցի նրբանցք 10 շենք 13 բնակարանի հետ։
Ի վերջո, վիճարկվող որոշմամբ Երևան համայնքի սեփականություն համարվող Երևանի Սողոմոն Տարոնցու նրբանցքի թիվ 10 շենքի թիվ 13/1՝ 14.25քմ ընդհանուր մակերեսով և 18.85քմ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանը նվիրվել է Սուսաննա և Թամարա Նալբանդյաններին:
(․․․) սույն դեպքում խոսքը գնում է նվիրատվության օբյեկտ հանդիսացող նույն բնակարանի մասին, որն ունեցել է ընդհանուր օգտագործման տարածք։ Ստացվում է, որ 18.05.2016 թվականի թիվ 1792-Ա որոշմամբ անհատույց հիմունքներով Սուսաննա և Թամարա Նալբանդյաններին է օտարվել 14.25քմ ընդհանուր մակերեսով և 18.85քմ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանն այն պարագայում, երբ նշյալ թիվ 13/1 բնակարանի մի մասը՝ 18,85քմ կոմունալ և օժանդակ հարմարությունները, հանդիսացել են ընդհանուր օգտագործման տարածք, որն օգտագործվում է մինչ օրս, մասնավորապես, սույն գործով հայցվորների կողմից, տվյալ 18,85քմ մակերեսը հանդիսանում է Երևան համայնքի ու հայցվորների ընդհանուր համատեղ սեփականությունը։
Ավելորդ չէ նշել, որ գործի նյութերում առկա 12․04․2019 թվականի «Արտյոմ» համատիրության նախագահի տեղեկանքի համաձայն՝ «Սողոմոն Տարոնցի նրբանցք 10 շենքի 13բն-ում և 13ա բնակարաններում բնակվել են 2015 թվականից առ այսօր՝ Ռուզաննա Արտավազդի Գրիգորյանը (ծնված՝ 12.01.1957 թվականին), Մերի Վլադիմիրի Գրիգորյանը (ծնված՝ 07.03.1985 թվականին) և Աննա Վլադիմիրի Գրիգորյանը (ծնված՝ 27.04.1987 թվականին), որը հաստատել են հարևանները իրենց ստորագրություններով, որը հաստատել և ստորագրել եմ ես ու ներկայացրել եմ Ձեզ (...)»։
Ըստ հայցվորների՝ Երևանի քաղաքապետի կողմից որոշում կայացնելիս և գույքն օտարելիս հաշվի չի առնվել հայցվորների Երևանի Սողոմոն Տարոնցու նրբանցքի համար 10 շենքի թիվ 13/1 բնակարանի 18,85քմ մակերեսով տարածքի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականությունը՝ վերջիններից չեն ստացվել համաձայնությունները (…)։ Ավելին, հայցվորները, հանդիսանալով ք.Երևան, Շենգավիթ համայնք, Ս. Տարոնցի նրբանցք, 10 շենք, 13 բնակարանի նկատմամբ համասեփականատեր և փաստացի օրինական օգտագործելով նաև 18,85քմ մակերեսով ընդհանուր տարածքը, կարող էին ակնկալիքներ ունենալ Երևանի քաղաքապետի կողմից օտարված գույքը ձեռք բերելու առնչությամբ»։
Վերաքննիչ դատարանը, գործն ուղարկելով նոր քննության, կարևորել է հետևյալ հարցերի պարզումը․
«- հատկապես ո՞ր իրավական նորմերն են կիրառելի սույն գործով վեճը լուծելու համար,
- ի՞նչ շահերի պաշտպանությանն են ուղղված այդ իրավական նորմերը,
- արդյոք, իրավահարաբերության մասնակիցների միջև առկա՞ է վերադասության-ենթակայության հարաբերություն, ծագած իրավահարաբերությունները կրու՞մ եմ հանրային, թե՝ մասնավոր բնույթ։
Արդյունքում, եթե պարզի, որ սույն գործով վեճը կրում է մասնավոր բնույթ, ըստ այդմ, այն ենթակա չէ ՀՀ վարչական դատարանի քննությանը, անհրաժեշտ կլինի վերահասցեագրել այն ըստ ենթակայության (ընդդատության)` դրանով իսկ ապահովելով անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրագործման հնարավորությունը»։
Ամփոփելով սույն գործի դատավարական նախապատմությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի 12.11.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17․02․2021 թվականի որոշմամբ վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության՝ հայցվորների՝ սույն գործով հայցադիմում ներկայացնելու իրավական շահի առկայության հարցը պարզելու նպատակով։
Դատարանը, գործի քննությունն իրականացնելով վերաքննիչ ատյանի կողմից սահմանված ծավալի շրջանակներում և ըստ այդմ՝ գնահատելով հայցվորների իրավական շահի առկայության հարցը, 17․06․2022 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճել է՝ վերջիններիս դիտարկելով որպես հայցադիմում ներկայացնելու իրավունք ակնհայտորեն չունեցող անձինք։ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը, վերաքննիչ բողոքի քննության արդյունքում եզրահանգել է, որ հայցվորներն օժտված են շահագրգիռ անձի կարգավիճակով։ Միաժամանակ գործն ուղարկելով նոր քննության՝ Վերաքննիչ դատարանը կասկածի տակ է դրել գործի ՀՀ վարչական դատարանին ընդդատության հարցը և նոր քննության շրջանակներում կարևորել է այդ հարցի պարզումը։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի՝ ՀՀ վարչական դատարանին ընդդատության հարցը կասկածի տակ դրվել չէր կարող, և այդ հարցի լուծումը չէր կարող թողնվել գործի նոր քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ․
Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի լիազորությունները։ Այդ նորմի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը․
1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն վարչական դատարանի կայացրած՝ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վարչական դատարանի դատական ակտը՝ բեկանված մասով գործն ուղարկելով վարչական դատարան՝ նոր քննության, և սահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնելով անփոփոխ.
3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վարչական դատարանի ակտը` կայացնելով նոր դատական ակտ, եթե վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ (․․․)։
Օրենսգրքի 144-րդ հոդվածը սահմանում է վերաքննիչ բողոքի սահմանները։ Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար։ Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ վերաքննիչ դատարանն ընդունում է նույն օրենսգրքով կամ վարչական դատարանի սահմանած ժամկետում դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված ապացույցները, բացառությամբ այն դեպքի, երբ համարում է, որ դրանք գործի լուծման համար էական նշանակություն չունեն։ (․․․) Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ վարչական դատարանում հաստատված փաստն ընդունվում է որպես հիմք, եթե բողոքում այդ փաստը չի վիճարկվում, կամ վերաքննիչ դատարանն անհրաժեշտ չի համարում կրկին հետազոտել այն։
Օրենսգրքի 146-րդ հոդվածը սահմանում է վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացվող որոշման բովանդակությանը ներկայացվող պահանջները։ Մասնավորապես, նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ որոշման պատճառաբանական մասը բովանդակում է`
«1) (․․․) գ. այն փաստերը, որոնք հաստատել է վարչական դատարանը և վերաքննիչ բողոքում վիճարկվել են, և վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի մասով վարչական դատարանը սխալ է թույլ տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցներին։ Նման դեպքերում վերաքննիչ դատարանը պետք է նշի, թե վարչական դատարանի հաստատած փաստի փոխարեն ինչ նոր փաստ է հաստատված համարում, կամ վարչական դատարանի հաստատած որ փաստը հաստատված չի համարվում` պատճառաբանելով նման եզրահանգումը և հղում կատարելով վարչական դատարանի հետազոտած համապատասխան ապացույցներին,
դ. այն փաստերը, որոնք չի հաստատել վարչական դատարանը, և այդ հանգամանքը վիճարկվել է վերաքննիչ բողոքում, և վերաքննիչ դատարանը վարչական դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա դրանք համարել է հաստատված` հղում կատարելով վերաքննիչ բողոք բերած անձի համապատասխան դիրքորոշմանը և առաջին ատյանի դատարանի հետազոտած այն ապացույցներին, որոնք ընկած են փաստի հաստատման հիմքում,
ե. այն փաստերը, որոնք հաստատել է վերաքննիչ դատարանը.(…)
3) սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված լիազորությունը կիրառելու դեպքում` գործի նոր քննության ծավալը կամ նշում այն մասին, որ գործը պետք է քննվի ամբողջ ծավալով. (…)»։
Թեև օրենսդիրը, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին վերապահելով գործը նոր քննության ուղարկելու լիազորություն, ուղղակիորեն չի սահմանել այս լիազորությունն իրացնելու հիմքերը, այնուհանդերձ, Օրենսգրքի վերը նշված նորմերն իրենց համակցության մեջ ուրվագծում են գործը նոր քննության ուղարկելու լիազորությունն իրացնելու հիմքերը։ Մասնավորապես, վերը նշված նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ գործը նոր քննության ուղարկելու հիմքում որպես առաջնային չափանիշ արդարադատության արդյունավետության շահն է, այդ թվում՝ ողջամիտ ժամկետում գործի քննությունը կազմակերպելու անհրաժեշտությունը։
Վերը նշված նորմերի համադրված վերլուծության արդյունքում և գործը նոր քննության ուղարկելու լիազորության իրացման հիմքում որպես ուղենիշ դիտարկելով արդարադատության արդյունավետության շահը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործը նոր քննության ուղարկելու լիազորության իրացումը հնարավոր և անհրաժեշտ է այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված՝ առաջին ատյանի դատարանի թույլ տված դատավարական կամ նյութական իրավունքի տվյալ սխալը չի կարող վերացվել վերաքննիչ դատարանի կողմից։ Նոր քննության անհրաժեշտությունն առկա է, երբ առաջին ատյանի թույլ տված դատական սխալը վերացնելու համար պահանջվում են այնպիսի դատավարական գործողություններ, որոնք կատարելու իրավասությամբ վերաքննիչ ատյանն օժտված չէ։ Մասնավորապես, գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը կարող է իրացվել, եթե առաջին ատյանի դատարանի կողմից գործը քննվել է սխալ հայցատեսակի շրջանակներում կամ եթե առաջին ատյանի դատարանի կողմից ապացուցման առարկայի մեջ չի ներառվել որևէ փաստ, որը վերաքննիչ ատյանի գնահատմամբ էական նշանակություն ունի վեճի լուծման համար կամ եթե առկա է լրացուցիչ ապացույցների հավաքագրման (փորձաքննության նշանակում, զննում կատարել, վկաների հարցաքննություն) անհրաժեշտություն կամ եթե առաջին ատյանը, սահմանափակվելով հայցի մի հիմքով (որի առնչությամբ վերաքննիչ ատյանի գնահատմամբ՝ վճիռը հիմնավոր չէ), քննարկման առարկա չի դարձրել մյուս հիմքերը։ Եթե վերաքննիչ դատարանը բավարար հիմքեր ունի Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված լիազորությունն իրացնելու համար, սակայն փոխարենը գործն ուղարկում է նոր քննության, նման իրավիճակում վտանգվում է արդադարատության արդյունավետության շահը, այդ թվում՝ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջի կատարումը։
Վերոհիշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե գործի վերաքննության փուլում ՀՀ վերաքննիչ դատարանը վեճի հանրային-իրավական բնույթը, ըստ այդմ նաև՝ ՀՀ վարչական դատարանին ընդդատության հարցը վիճելի է համարում, ապա դրան գնահատական տալու անհրաժեշտությունն ինքնին հիմք չէ գործը նոր քննության ուղարկելու կամ նոր քննության ծավալում նշված հարցը ներառելու համար։ Նման իրավիճակում վեճի՝ ՀՀ վարչական դատարանին ընդդատության հարցը քննարկման և լուծման է ենթակա ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից։ Նշվածը բխում է նաև Օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի այն կարգավորման տրամաբանությունից, որ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե գործը քննվել է ընդդատության կանոնների խախտմամբ։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չէր կարող նոր քննությանն առաջադրել ընդդատության հարցի լուծման խնդիր նախևառաջ այն պատճառով, որ եթե վերաքննիչ ատյանում կասկած է առաջանում վեճի՝ ՀՀ վարչական դատարանին ընդդատության հարցի վերաբերյալ, այդ հարցը քննարկման և լուծման է ենթակա ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից և չի կարող թողնվել առաջին ատյանի դատարանի լուծմանը նոր քննության շրջանակներում։
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը, սույն գործով արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան, արձանագրում է նաև, որ Վերաքննիչ դատարանի կողմից վեճի՝ ՀՀ վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը չէր կարող կասկածի տակ դրվել այն պայմաններում, երբ նույն որոշմամբ Վերաքննիչ դատարանն ինքը հաստատված է համարել հայցվորների շահագրգիռ անձ հանդիսանալու հանգամանքը։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ Վերաքննիչ դատարանի կողմից հայցվորների՝ սույն գործով շահագրգիռ անձի կարգավիճակը ճանաչելն ինքնին բացառում էր քննության առարկա վեճի՝ ՀՀ վարչական դատարանին ընդդատյա լինելու հարցը Վերաքննիչ դատարանի կողմից կասկածի տակ դրվելու հնարավորությունը։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից նոր քննությանը սույն վեճի՝ ՀՀ վարչական դատարանին ընդդատության հարցի լուծման խնդիր առաջադրելը, հիմնավոր և իրավաչափ չէ։
Ինչ վերաբերում է հայցվորների շահագրգիռ անձ լինելու հանգամանքին, ապա այդ առնչությամբ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումը՝ հիմք ընդունելով գործում առկա հետևյալ ապացույցները․
- Երևան քաղաքի Լենինյան շրջանի ժողդատարանի թիվ 2-851 գործով 18.07.1979 թվականի վճռով Սուսաննա Գրիգորյանի հայցը բավարարվել է, Սողոմոն Տարոնցու փողոցի նրբանցքի 10 շենքի թիվ 13 Ռուզաննա Գրիգորյանի անվամբ եղած վարձակալական հիմունքներով երկու սենյականոց մեկուսացված բնակարանից 14.0քմ բնակելի մակերես ունեցող առանձին մուտքով մեկ սենյակը վարձակալական հիմունքներով հատկացվել է Սուսաննա Գրիգորյանին, իսկ 17,5քմ բնակելի մակերես ունեցող առանձին մուտքով մեկ սենյակը հատկացվել է Ռուզաննա Գրիգորյանին, օժանդակ հարմարությունները կողմերին թողնվել է ընդհանուր օգտագործման (հատոր 1-ին, գ.թ. 135):
- ՀՀ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2596078 վկայականի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-011-004-088 մատյանի 077 համարի տակ ք.Երևան, Շենգավիթ համայնք, Ս.Տարոնցու նրբանցք, 10 շենք, 13 բնակարանի նկատմամբ 11.11.2008 թվականին գրանցվել է Աննա Վլադիմիրի Գրիգորյանի, Ռուզաննա Արտավազդի Գրիգորյանի, Մերի Վլադիմիրի Գրիգորյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը 17,4քմ մակերեսով բնակարանի նկատմամբ, միևնույն ժամանակ «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» բաժնում առկա է լրացուցիչ նշում, որ «Շենքի հատակագիծը» բաժնում առկա 18,7քմ կոմունալ և օժանդակ հարմարությունները ընդհանուր օգտագործման տարածք են, բացի այդ, «Շենքի հատակագիծը» բաժնում 14,2քմ հատվածը շտրիխապատված է (հատոր 1-ին, գ.թ. 21-23):
- ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02032016-01-0112 վկայականի համաձայն` Երևան, Շենգավիթ, Ս.Տարոնցու նրբանցք 10 շենք, 13/1 բնակարանի նկատմամբ 02.03.2016 թվականին գրանցվել է Երևան համայնքի սեփականության իրավունքը` ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման հիման վրա։ «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում առկա է լրացուցիչ նշում, որ 18․85քմ մակերեսը ընդհանուր համատեղ է Ս․ Տարոնցի նրբանցք 10շ․, 13 բնակարանի հետ (հատոր 1-ին, գ.թ. 119-120):
- Սուսաննա և Թամարա Նալբանդյանների լիազորված անձ Մարգարիտա Հովսեփյանի կողմից Ռուզաննա, Մերի և Աննա Գրիգորյաններին ուղղված գրության համաձայն՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 18.05.2016 թվականի թիվ 1792-Ա և16.03.2017 թվականի թիվ 809-Ա որոշումները և հաշվի առնելով, որ նշված որոշումներով անշարժ գույքից 18,85քմ մակերեսն ընդհանուր համատեղ է Ռուզաննա, Մերի և Աննա Գրիգորյաններին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Տարոնցու նրբանցքի 10 շենքի թիվ 13 բնակարանի հետ՝ խնդրել է նամակը ստանալու պահից 5 օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել Սուսաննա և Թամարա Նալբանդյանների իրավունքները գրանցելու համաձայնության մասին (հատոր 1-ին, գ.թ. 19):
Այսպիսով, արձանագրելով, որ սույն վեճի՝ ՀՀ վարչական դատարանին ընդդատության հարցը այլևս քննարկման առարկա չի կարող դառնալ գործի նոր քննության փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ենթակա է ողջ ծավալով ըստ էության նոր քննության՝ հաշվի առնելով, որ Դատարանի կողմից գործի վարույթը կարճվել է Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով, և գործի փաստական հանգամանքների ըստ էության քննություն չի իրականացվել։
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի 14․06․2019 թվականի բողոքարկվող որոշմամբ արդեն իսկ սույն գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան նոր քննության՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անփոփոխ թողնել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ սույն որոշման պատճառաբանություններով։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանըս
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 28.11.2023 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Հ. Բեդևյան |
Զեկուցող |
Լ․ ՀԱԿՈԲՅԱՆ |
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ ք․ ՄԿՈՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2024 թվական: