040.0159.30.05.97
«Վավերացում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
30 մայիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 1997 թ. N 159
քաղ. Երևան
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 16-ի «Շինարարության պատվերի տեղադրման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի հաստատման մասին» N 572 որոշումը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 16-ի N 572 որոշմամբ հաստատված կարգի մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 13 որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին կապիտալ ներդրումների տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների ընթացակարգի վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով ստեղծել միջգերատեսչական մրցութային հանձնաժողով և հաստատել դրա մշտական գերատեսչական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի անհատական կազմն ու կանոնադրությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների (այսուհետև` մրցույթ) նպատակը ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև անցկացվող մրցակցության հիման վրա շինարարական արտադրության արդյունավետության, շինարարության որակի և կառուցվող օբյեկտների հուսալիության բարձրացումն է:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների միջոցների հաշվին իրականացվող օբյեկտների շինարարության (նոր և անավարտ շինարարություն, հիմնանորոգում) և նախագծման (բացի ճարտարապետական լուծումներից), տեխնիկական վերահսկման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 51 տոկոս և դրանից ավելի ֆինանսավորման դեպքում խառը ֆինանսավորվող օբյեկտների շինարարության ու նախագծման վրա:
Սույն կարգի գործողությունը տարածվում է նաև պետական վարկային միջոցներով իրականացվող օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման վրա, եթե համապատասխան պայմանագրով այլ կարգ չի նախատեսված:
3. Սույն կարգի գործողությունը չի տարածվում հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման վրա: Նման օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման մրցույթի անցկացման անհրաժեշտությունը որոշում է պատվիրատուն:
4. Մրցույթը կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը` պատվիրատուն, որը սահմանվում է կամ շինարարության պետական պատվերի ծրագրով, կամ Հայաստանի Հանրապետության կառավարության, կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի առանձին որոշումներով:
5. Մրցույթն անցկացվում է հրապարակայնորեն:
6. Օբյեկտների պատվերի տեղադրման մրցույթ անցկացվում է, եթե`
ա) նախագծային և հիմնանորոգման աշխատանքների նախահաշվային արժեքը գերազանցում է 2,5 մլն դրամը.
բ) կապիտալ շինարարության նախահաշվային արժեքը գերազանցում է 10.0 մլն դրամը:
Նշված արժեքից ցածր նախահաշվային արժեք ունեցող օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման մրցույթի նպատակահարմարությունը որոշում է պատվիրատուն:
7. Մրցույթի արդյունքները հաստատում է պատվիրատուն, եթե օբյեկտի նախահաշվային արժեքը չի գերազանցում 20 մլն դրամը:
(7-րդ կետը փոփ. 05.02.98 N 59)
8. 20 մլն դրամից բարձր նախահաշվային արժեք ունեցող օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման մրցույթի արդյունքները հաստատում է պատվիրատուն` միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո:
Պատվիրատուն 10-օրյա ժամկետում պարտավոր է նշված օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման մրցույթի արդյունքները ներկայացնել միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի քննարկմանը:
(8-րդ կետը փոփ. 05.02.98 N 59)
9. Միջգերատեսչական մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով պատվիրատուի ներկայացրած նյութերը, եզրակացություն է տալիս մրցույթի անցկացման ընթացակարգի` սույն կարգի պահանջներին համապատասխանության վերաբերյալ:
Մեկշաբաթյա ժամկետում գրավոր եզրակացությունը ներկայացվում է պատվիրատուին: Պատվիրատուն, միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի դրական եզրակացությունն ստանալուց հետո, եռօրյա ժամկետում հաստատում է մրցույթի արդյունքները:
Եթե միջգերատեսչական մրցութային հանձնաժողովն ընդունում է որոշում, որ մրցույթն անցկացվել է սույն կարգի դրույթների խախտումով, պատվիրատուն, միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո, 10-օրյա ժամկետում պարտավոր է հայտարարել նոր մրցույթ:
10. Մրցույթին կարող են մասնակցել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա պետությունների ձեռնարկություններ` բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերից:
11. Մրցույթին միաժամանակ չեն կարող մասնակցել ձեռնարկությունները և դրանց դուստր ձեռնարկությունները, ձեռնարկությունների տնտեսական միավորումները և դրանց անդամակցող ձեռնարկությունները:
12. Մրցույթին, որպես կանոն, ներկայացվում են այն օբյեկտները, որոնք ունեն սահմանված կարգով հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթեր, իսկ անավարտ շինարարության դեպքում` նաև օբյեկտի փաստացի վիճակը բնութագրող նյութեր այդ թվում` նախկին պատվիրատուի հաշվեկշռում արտացոլված և անավարտ շինարարության փաստացի գույքագրման արդյունքները:
(12-րդ կետը լրաց. 05.02.98 N 59)
13. Պատվիրատուն կարող է անցկացնել մրցույթի հետևյալ տեսակները.
II. ՄՐՑՈՒՅԹԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ա) բաց մրցույթ
Բաց մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Բաց մրցույթն անցկացվում է սույն կարգի III և IV բաժինների պահանջներին համապատասխան: Բաց մրցույթ անցկացնելու դեպքում արգելվում է ներկայացված առաջարկությունների շուրջ պատվիրատուի և մասնակիցների միջև ցանկացած բանակցություն:
բ) երկփուլանի մրցույթ
Երկփուլանի մրցույթ անցկացվում է միայն այն դեպքերում, երբ հնարավոր չէ միանշանակ որոշել օբյեկտի բոլոր տեխնիկական ցուցանիշներն ու արժեքը:
Առաջին փուլում հավակնորդները ներկայացնում են օբյեկտի շինարարության իրականացման ծրագիրը և առաջարկությունների ընդհանուր բնութագիրը` հնարավոր տեխնիկական, որակային, գնային և այլ ցուցանիշներ: Երկրորդ փուլում պատվիրատուն հրավիրում է այն հավակնորդներին, որոնց առաջարկությունները համապատասխանում են առաջին փուլում սահմանված պայմաններին և նրանցից պահանջում է ներկայացնել վերջնական գնային առաջարկությունները:
Մրցութային փաստաթղթերում պետք է նշվի, որ հավակնորդները հրավիրվում են մասնակցելու երկփուլանի մրցույթի, ինչպես նաև երկրորդ փուլի անցկացման ժամկետն ու տեղը:
Երկփուլանի մրցույթ անցկացվում է սույն կարգի III և IV բաժինների պահանջներին համապատասխան:
Պատվիրատուն պարտավոր է երկփուլանի մրցույթի երկրորդ փուլին հրավիրել այն բոլոր հավակնորդներին, որոնց առաջարկություններն առաջին փուլում չեն մերժվել: Երկրորդ փուլում պատվիրատուն կարող է ճշգրտել առաջին փուլում ներկայացված տեխնիկական, որակային, գնային ցուցանիշները, ինչպես նաև նախատեսել նոր` լրացուցիչ պայմաններ:
գ) սահմանափակ մրցույթ
Սահմանափակ մրցույթ անցկացվում է միայն այն դեպքերում, երբ օբյեկտի շինարարական աշխատանքներն իրենց բարդության կամ հատուկ բնույթի պատճառով կարող են իրականացվել սահմանափակ կապալառուների կողմից, ինչպես նաև հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման ժամանակ:
Սահմանափակ մրցույթի անցկացման դեպքում պատվիրատուն արդյունավետ և ընդունելի առաջարկությունն ընտրում է իր ընտրած հավակնորդների հետ բանակցությունների հիման վրա:
Սահմանափակ մրցույթի անցկացման ժամանակ մրցութային փաստաթղթերը պետք է պարունակեն առնվազն հետևյալ տվյալները`
ա) պատվիրատուի անվանումը և հասցեն.
բ) օբյեկտի տեխնիկական, որակային և գնային ցուցանիշները.
գ) առաջարկությունն արդյունավետ և ընդունելի ճանաչելու պայմանները.
դ) առաջարկությունը ներկայացնելու ձևը և ժամկետը:
Սահմանափակ մրցույթ կարող է անցկացվել միայն միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի համաձայնության դեպքում:
Պատվիրատուն պարտավոր է սահմանափակ մրցույթին հրավիրել երեքից ոչ պակաս հավակնորդի:
Պատվիրատուի և մրցույթում հաղթող ճանաչված կապալառուի միջև պայմանագիրը կնքվում է սույն կարգի 31-րդ կետի պահանջներին համապատասխան:
Սահմանափակ մրցույթի անցկացման դեպքում պատվիրատուի և հավակնորդների միջև տարվող բանակցությունները պետք է լինեն խորհրդապահորեն (կոնֆեդենցիալ) և կողմերից որևէ մեկի անհամաձայնության դեպքում ենթակա չեն հրապարակման:
դ) արժենշմամբ մրցույթ
Արժենշմամբ մրցույթ անցկացվում է միայն այն դեպքերում, երբ օբյեկտի նախահաշվային արժեքը չի գերազանցում 20 մլն դրամը, ինչպես նաև այն օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման համար, որոնց շինարարությունն իրականացվելու է բազմակի կիրառված նախագծերով և որոնց շուկայական գինը ձևավորված է: Արժենշմամբ մրցույթ կարող է անցկացվել միայն միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի համաձայնության դեպքում: Արժենշմամբ մրցույթին պետք է մասնակցի առնվազն երեք հավակնորդ:
Յուրաքանչյուր հավակնորդ իրավունք ունի ներկայացնելու միայն մեկ գնային առաջարկ: Օբյեկտի համար գնային առաջարկը ներկայացվում է ամբողջությամբ` առանց մանրամասնելու աշխատանքի տեսակներն ու ծավալները:
Պատվիրատուի և հավակնորդի ներկայացված գնային առաջարկի շուրջ բանակցություններ վարել չի թույլատրվում: Պատվիրատուն պարտավոր է պայմանագիր կնքել այն հավակնորդի հետ, որը ներկայացրել է ամենացածր գնային առաջարկը:
14. Պատվիրատուն, միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի համաձայնությամբ, կարող է բանակցությունների հրավիրել միայն մեկ հավակնորդի`
ա) եթե տվյալ օբյեկտի շինարարությունն իր բարդության կամ հատուկ բնույթի պատճառով կարող է իրականացնել միայն մեկ կապալառու կազմակերպություն, կամ եթե օբյեկտի շինարարական աշխատանքները (անավարտ շինարարության օբյեկտներ) նախկինում սկսել է տվյալ կապալառու կազմակերպությունը, և կատարվել է շինմոնտաժային աշխատանքների ընդհանուր ծավալի 20 տոկոսը և դրանից ավելին.
բ) արտակարգ իրավիճակներ առաջանալու դեպքում, երբ մրցույթի մյուս տեսակների կիրառումն աննպատակահարմար է ժամանակի սղության պատճառով.
գ) եթե առաջացել է տվյալ օբյեկտում լրացուցիչ ծավալների կատարման անհրաժեշտություն, և այդ ծավալների արժեքը չի գերազանցում օբյեկտի արժեքի 20 տոկոսը:
III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
15. Պատվիրատուն մրցույթն անցկացնելու նպատակով ստեղծում է մրցութային հանձնաժողով:
16. Պատվիրատուն`
ա) համաձայնեցնելով միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի հետ` սահմանում է մրցույթի անցկացման տեսակը և պայմանները.
բ) սահմանում է մրցույթին մասնակցելու համար առաջարկություններ ներկայացնելու ժամկետները, ներկայացվող փաստաթղթերի օրինակելի թիվը.
գ) որոշում է մրցույթին մասնակցելու համար վճարի չափը` ելնելով մրցույթի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ ծախսերից: Մրցույթին մասնակցելու համար վճարված գումարը ենթակա չէ վերադարձման.
դ) պատրաստում է մրցույթի կազմակերպման ու անցկացման հետ կապված փաստաթղթերի փաթեթը` անհրաժեշտ թվով` համաձայն սույն կարգի N 1 հավելվածի.
ե) ապահովում է մրցույթի անցկացման վերաբերյալ տեղեկատվական հայտարարության տարածումը` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի:
Մրցույթի անցկացման վերաբերյալ տեղեկատվական հայտարարությունը պետք է հրապարակվի մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով: Հայտարարությունը, որպես կանոն, հրապարակվում է ոչ ուշ, քան մրցութային առաջարկություններն ընդունվելուց մեկ ամիս առաջ.
զ) սահմանում է մրցույթի մասնակիցների առաջարկությունների գնահատման չափանիշները` հաշվի առնելով հետևյալ գործոնները`
առաջարկվող շինարարության (նախագծման) գինը,
շինարարության (նախագծման) տևողությունը,
պայմանագրային պարտավորությունների չկատարման, այդ թվում նաև օբյեկտի ժամկետանց շահագործման հանձնման, ֆինանսական հետևանքները,
առևտրային (կոմերցիոն), տեխնիկական-բնապահպանման և կազմակերպական առավելությունները.
է) որոշում է մրցույթին մասնակցելու երաշխիքային գումարի չափը, բայց 200 հազ. դրամից ոչ պակաս: Մրցույթի մասնակիցների հայեցողությամբ երաշխիքային գումարը կարող է լինել բանկային փոխանցման, մուրհակի կամ բանկային երաշխավորագրի տեսքով:
Եթե մրցութային առաջարկության հետ գումարի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացվում, ապա առաջարկությունը չի ընդունվում: Մրցույթում հաղթող չճանաչված հավակնորդին երաշխիքային գումարը վերադարձվում է մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո 3 օրվա ընթացքում, իսկ մրցույթում հաղթող ճանաչված հավակնորդին նշված գումարը վերադարձվում է կապալի պայմանագրի ձևակերպումից հետո:
Երաշխիքային գումարը չի վերադարձվում հավակնորդին, երբ`
հավակնորդը հրաժարվում է իր առաջարկություններից`
մրցութային փաթեթները բացելուց հետո. մրցույթում հաղթող ճանաչված հավակնորդը ժամանակին չի ապահովում պայմանագրի ստորագրումը և դրա պայմանների կատարումը:
17. Նախատեսված ժամկետում և նախորոշված վայրում, մրցույթի մասնակիցների կամ նրանց լիազորած ներկայացուցիչների ներկայությամբ, պատվիրատուն բացում է ստացված առաջարկություններով բոլոր ծրարները, հայտարարում ու գրանցում մրցույթի մասնակիցների անվանումները և առաջարկությունները, ինչպես նաև տալիս լրացուցիչ տեղեկատվություն, եթե այն նախատեսված է մրցույթի պայմաններով: Առաջարկությունների բովանդակության վերաբերյալ տեղեկությունները չեն հրապարակվում:
18. Սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերի առկայության և մրցույթի պայմանների պահպանման դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն նշելով ընդունված և չընդունված բոլոր առաջարկությունները, դրանց չընդունման պատճառները և առաջարկություններ ներկայացնողների անվանումները:
Սահմանված ձևին և մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու ժամանակին չներկայացված փաստաթղթերը չեն դրվում քննարկման, և փաստաթղթերը ներկայացնող հավակնորդները զրկվում են մրցույթին մասնակցելու իրավունքից:
19. Առաջարկությունների հանձնման ժամկետը համարվում է գրանցման ամսաթիվը` առձեռն ստացականով հանձնելու դեպքում:
20. Հավակնորդի մրցութային առաջարկությունը, համաձայն սույն կարգի N 3 հավելվածի, ընդունվում է կնքված կրկնակի ծրարներով: Ծրարներից մեկը պարունակում է առաջարկությունների տեխնիկական-կազմակերպական մասը (առանց գների), մյուսը` առևտրային (կոմերցիոն) բոլոր գներով և ժամկետներով: Կնքված ծրարներն ընդունվում են երկուական օրինակից, որոնցից մեկական օրինակ պահվում է պատվիրատուի մոտ շինարարության ավարտից հետո մեկ տարի ժամկետով:
(20-րդ կետը լրաց. 05.02.98 N 59)
21. Եթե ստացված առաջարկությունները համապատասխանում են մրցույթի պայմաններին և սույն կարգին, ապա դրանք չեն կարող մերժվել:
IV. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ և ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ
22. Մրցութային առաջարկությունը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը`
ա) հավակնորդի առաջարկությունը (հավելված N 3).
բ) կապալի պայմանագրի պայմանները.
գ) բանկային կամ այլ երաշխավորագիր (կանխավճարի չափով).
դ) երաշխիքային գումարի առկայությունը:
23. Հավակնորդները կարող են միջգերատեսչական մրցութային հանձնաժողով ներկայացնել համատեղ մրցութային առաջարկություն:
Մրցույթում հաղթելու դեպքում պատվերը բաշխվում է հավակնորդների միջև` նախապես համաձայնեցված պայմաններով:
24. Մրցույթի մասնակիցների անվանումները գրանցելուց և հրապարակելուց հետո արգելվում է առաջարկություններում որևէ էական փոփոխություն կատարել:
Էական են համարվում այն շեղումները և երկիմաստ հասկացությունները, որոնք`
ազդում են աշխատանքների ծավալների, որակի և դրանց կատարման վրա,
սահմանափակում են պատվիրատուի իրավունքները և հավակնորդի պարտականությունները,
անհավասար պայմանների մեջ են դնում մրցույթի մյուս մասնակիցներին:
25. Մրցութային առաջարկություններն ուսումնասիրելիս առանձին մեխանիկական սխալների բացահայտման դեպքում պատվիրատուն կարող է մրցույթի մասնակցին փաստաթղթերում ուղղումներ կատարելու հնարավորություն ընձեռել:
Մեխանիկական սխալ է համարվում, եթե`
տարբերություն կա թվերով և տառերով գրված մեծությունների միջև (այս դեպքում ընդունվում է տառերով գրվածը).
սխալ է միավորի գնի և ծավալի բազմապատկումից ստացված գումարը (այս դեպքում այն ուղղվում է, պայմանով, որ օբյեկտի առաջարկված վերջնական արժեքը մնում է անփոփոխ):
Եթե հավակնորդը չի ընդունում նշված սխալների ուղղումը, ապա առաջարկությունը վերադարձվում է:
Միավորի գնի հաշվարկները համարվում են մասնակցի առևտրային (կոմերցիոն) գաղտնիքը և ենթակա չեն փորձաքննության ու հաստատման այլ կազմակերպությունների կողմից:
26. Մրցութային առաջարկությունների գնահատումն իրականացվում է փակ ընթացակարգով:
Բացատրություններ ստանալու նպատակով պատվիրատուն հավակնորդից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ` նրա որակավորման, տեխնիկական հագեցվածության և աշխատանքային փորձի, ֆինանսական միջոցների առկայության, վճարունակության, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների, հարկերի մուծումների, վերջին երեք տարվա պետական պատվերի կատարման ընթացքի վերաբերյալ:
27. Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի ներկայացրած առաջարկությունն ունի աշխատանքների իրականացման ամենացածր արժեքը:
28. Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո պատվիրատուն կազմում է համապատասխան արձանագրություն` նշելով հաղթող ճանաչված մասնակցին:
29. Պատվիրատուն մրցույթի արդյունքների հաստատումից հետո 3-օրյա ժամկետում հաղթող ճանաչված մասնակցին հեռագրով տեղյակ է պահում առաջարկության ընդունման մասին` այնուհետև այն հաստատելով պատվիրված նամակով:
Այդ նամակում պետք է նշվի այն գումարը, որն անհրաժեշտ է պայմանագրում նշված աշխատանքները կատարելու և ավարտելու համար:
Պատվիրատուն միաժամանակ մրցույթի մյուս մասնակիցներին անմիջապես պետք է հայտնի նրանց առաջարկությունների մերժման մասին:
30. Մրցույթը համարվում է չկայացած այն դեպքում, երբ սահմանված ժամկետում պատվիրատուն ոչ մի առաջարկություն չի ստանում կամ ստացված առաջարկությունները չեն համապատասխանում մրցույթի պայմաններին:
Միայն մեկ առաջարկության առկայության դեպքում միջգերատեսչական մրցութային հանձնաժողովն իրավասու է կայացնելու համապատասխան որոշում:
Եթե մրցույթի մասնակիցների առաջարկած արժեքներից նվազագույնը գերազանցում է հաստատված նախահաշվային արժեքը, ապա`
ա) 5 և ավելի տոկոսով գերազանցելու դեպքում մրցույթը համարվում է չկայացած.
բ) մինչև 5 տոկոս գերազանցելու դեպքում միջգերատեսչական մրցութային հանձնաժողովն իրավասու է ընդունելու համապատասխան որոշում:
(30-րդ կետը լրաց. 05.02.98 N 59)
31. Մրցույթի արդյունքների հաստատումից հետո 5-օրյա ժամկետում մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի և օբյեկտի պատվիրատուի միջև կնքվում է պայմանագիր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
32. Մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպությունը համաշինարարական աշխատանքների կատարման համար կարող է ներգրավել այլ կապալառու կազմակերպությունների, բայց պայմանագրով նախատեսված այդ աշխատանքների արժեքի 50 տոկոսից ոչ ավելի չափով:
33. Մրցույթի արդյունքներով կապալառու կազմակերպության հետ կնքված պայմանագիրը փոփոխման ենթակա չէ, բացի պայմանագրով նախատեսված դեպքերից: Պայմանագիր կնքելուց հետո կամ շինարարության ընթացքում ի հայտ եկած բոլոր լրացուցիչ աշխատանքները, որոնք չեն կարող գերազանցել ընդհանուր ծավալի 20 տոկոսը, իրականացվում են լրացուցիչ պայմանագրով, սահմանված կարգով հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա:
5 տոկոսից ավելիի (20 տոկոսը չգերազանցող) դեպքում պայմանագիրը կնքելուց հետո կամ շինարարության ընթացքում ի հայտ եկած բոլոր լրացուցիչ աշխատանքներն իրականացվում են միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
(33-րդ կետը լրաց. 05.02.98 N 59)
34. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կապիտալ ներդրումների ծրագրի հաստատումից հետո, պատվիրատուն մեկամսյա ժամկետում ըստ օբյեկտների անցկացնում է նաև օբյեկտների շինարարության տեխնիկական վերահսկման մրցույթ:
35. Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:
36. Տեխնիկական վերահսկման մրցույթի հիմնական չափանիշներն են`
ա) նախորդ երեք տարվա գործունեությունը.
բ) մասնագիտական մակարդակը (աշխատանքային ստաժը, կրթությունը, այն օբյեկտների ցանկը, որոնց շինարարությանը մասնակցել են).
գ) տեխնիկական վերահսկման ծախսերի սահմանաչափը:
(36-րդ կետը լրաց. 05.02.98 N 59)
37. Տեխնիկական վերահսկման մրցույթի կազմակերպումն ու անցկացումն իրականացվում է սույն կարգի III և IV բաժիններում նախատեսված ընթացակարգով:
38. Մրցույթի ընթացքում և պատվիրատուի կողմից մրցույթի արդյունքների հիման վրա ընդունված որոշման վերաբերյալ ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
V. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼիԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
39. Միջգերատեսչական մրցութային հանձնաժողովը`
ա) համակարգում է օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման մրցույթները կազմակերպող պատվիրատուների գործողությունները.
բ) համաձայնեցնում է մրցույթի տեսակի ընտրությունը և մրցույթի պայմանները սույն կարգի պահանջներին համապատասխան.
գ) եզրակացություններ է տալիս մրցույթի անցկացման ընթացակարգի` սույն կարգի պահանջներին համապատասխանության վերաբերյալ.
դ) իրավունք ունի պատվիրատուից պահանջելու և ստանալու մրցույթների անցկացման վերաբերյալ տեղեկատվություն.
ե) պատվիրատուին խորհրդատվություններ է տալիս մրցույթների կազմակերպման և անցկացման վերաբերյալ.
զ) ներկայացնում է առաջարկություններ մրցույթների կազմակերպման և անցկացման կարգի կատարելագործման վերաբերյալ:
Հավելված N 1 |
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄՇՏԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԿԱԶՄԸ
ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության ներկայացուցիչ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Երևանի քաղաքապետի տեղակալ
Պետական պատվեր տեղադրող պատվիրատուի լիազոր ներկայացուցիչ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վարչության պետ
ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը խմբ. 17.09.97 N 387, 22.10.99 N 660, 22.06.00 N 330, լրաց. 13.07.00 N 390)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Գ. Շահբազյան |
Հավելված N 1 |
ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Մրցույթին մասնակցելու հրավեր
Օբյեկտի նկարագրությունը (շինարարության վայրը, աշխատանքների ծավալը, կատարման ժամկետները, բանվորական գծագրերը, գների ամփոփագրերը, ֆինանսավորման պայմանները, աշխատանքների կատարման որակի նկատմամբ ներկայացվող պահանջները և այլ տվյալներ)
Մրցույթի անցկացման կարգն ու պայմանները
Հավակնորդի առաջարկության ձևը (հավելված N 3)
Պայմանագրի ընդհանուր պայմանները
Տեղեկատվություն մրցույթին մասնակցողի որակավորման վերաբերյալ
Բանկային կամ այլ երաշխավորագրերի ներկայացման պայմանները
Հավելված N 2 |
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Օբյեկտի անվանումը
Օբյեկտի հիմնական բնութագիրը
Պատվիրատուի անվանումը, հասցեն
Նախագծողի անվանումը
Շինարարական հրապարակի գտնվելու վայրը
Շինարարությունն սկսելու և ավարտելու ամսաթիվը
Հաշվարկային հաշիվը
Մրցույթին մասնակցության վճարի չափը
Մրցութային առաջարկությունները ներկայացնելու վայրի
հասցեն և ժամկետները
Մրցութային առաջարկությունների գնահատման ժամկետները
Պայմանագրի ստորագրման համար նախատեսվող ժամկետը
Ֆինանսավորման պայմանները
Պայմանագրային պարտավորությունների չկատարման հետևանքները
Լրացուցիչ տեղեկատվություն
Հավելված N 3 |
ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Օբյեկտի անվանումը _______________________________________________
(արդյունաբերական շենք, բնակելի տուն և այլն)
Մրցութային հանձնաժողովի (կամ պատվիրատուի) անվանումը _________ ________________________________________________________________________
1. Ուսումնասիրելով մրցութային փաստաթղթերը, մենք` ներքոստորագրյալներս, որ իրավասու ենք ստորագրելու առաջարկությունը, համաձայն ենք ձեռք բերել օբյեկտի շինարարության պատվերը և կատարել պայմանագրի պայմաններին համապատասխան անհրաժեշտ աշխատանքներ` ____դրամ գումարով:
2. Եթե մեր առաջարկությունն ընդունվի, ապա պարտավորվում ենք աշխատանքներն սկսել ____օրվա ընթացքում` պայմանագիրը կնքելու օրվանից սկսած, և պայմանագրով նախատեսված բոլոր աշխատանքները կատարել ____ օրվա ընթացքում:
3. Մեր առաջարկություններն ուժի մեջ են և կատարման համար պարտադիր մինչև մրցութային փաստաթղթերում սահմանված ժամկետի ավարտը:
Ղեկավար _________________________________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
Ցուցանիշի անվանումը | Չափի միավորը |
Մեծությունը |
1. Պայմանագրի կնքման օրվանից սկսած մինչև աշխատանքներն սկսելու ժամկետը |
օր |
|
2. Բոլոր աշխատանքների կատարման ժամկետը, այդ թվում ըստ փուլերի` |
օր |
|
ա) |
||
բ) | ||
գ) |
||
3. Օբյեկտի ձեռքբերման համար առաջարկված գինը, այդ թվում` |
դրամ |
|
ա) | ||
բ) | ||
գ) | ||
4. Օբյեկտի ժամկետանց թողարկման տուգանքի չափն ըստ օրերի` |
դրամ |
|
ա) | ||
բ) |
||
գ) |
||
5. Միջանկյալ վճարումների նվազագույն չափը |
դրամ |
|
6. Միջանկյալ վճարումների կատարման ժամկետը |
օր |
|
7. Կանխավճարներ |
% |
|
8. Այլ ցուցանիշներ |
Մրցութային առաջարկության ձևը լրացնող կազմակերպության անվանումը
________________________________________________________
հասցեն ___________________________________________________
Կազմակերպության անունից ստորագրող լիազորված անձի պաշտոնը
_________________________________________________________
անունը, ազգանունը, ստորագրությունը ________________________________
_________________________________________________________
(կարգը խմբ. 17.09.97 N 387, փոփ., լրաց. 05.02.98 N 59, խմբ. 22.10.99 N 660, 22.06.00 N 330, լրաց. 13.07.00 N 390)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.08.2000, N 531 | 22.08.2000, N 159 | |
13.07.2000, N 390 | 13.07.2000, N 159 | |
22.06.2000, N 330 | 22.06.2000, N 159 | |
22.10.1999, N 660 | 22.10.1999, N 159 | |
05.02.1998, N 59 | 06.03.1998, N 159 | |
17.09.1997, N 387 | 04.10.1997, N 159 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|