Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-143-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2009-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.09.24/59(649) Հոդ.973
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի օգոստոսի 21-ին

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածից հանել «կամ պարզեցված հարկեր» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում`

 

1) «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) սահմանված ժամկետում հարկային տեսչություն ներկայացնել (մասնավորապես` ըստ պատկանելության հանձնել կամ ուղարկել փոստով կամ ներկայացնել էլեկտրոնային համակարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով) հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթեր և տեղեկություններ.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» կետով.

«թ) իր գործունեության իրականացման յուրաքանչյուր հասցեում առավել տեսանելի տեղում (իսկ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, oպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրերում` համապատասխան ցուցանակների վրա) փակցնել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն` նշելով հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության տվյալ վայրի հասցեն և տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները)»:

 

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ԱՏԳ ԱԱ 2009, 2201, 2202, 2203 ծածկագրերին դասվող ապրանքների արտադրության ծավալների հաշվառումը իրականացվում է համապատասխան ծախսաչափային հանգույցների (ներառյալ` հաշվիչների, այսուհետ` ծախսաչափային հանգույցներ) միջոցով: Ծախսաչափային հանգույցները տեղադրվում են այդ ապրանքների արտադրության և լցման համապատասխան հոսքագծերի վրա: Ծախսաչափային հանգույցներին վերաբերող չափագիտական կանոնները և նորմերը, հոսքագծերի վրա դրանց տեղադրման տեղը, տեղադրման ու կապարակնքման կարգերը, ինչպես նաև շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արտադրված ապրանքների ծավալների մասին ծախսաչափային հանգույցի տվյալները դուրս են բերվում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար, որն արձանագրվում է հարկային մարմնի և հարկ վճարողի ներկայացուցիչների համատեղ ակտով:»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 22.1. Ավելացված արժեքի հարկ (կամ դրան փոխարինող հաստատագրված վճար) վճարողների (այսուհետ սույն հոդվածի իմաստով` հարկ վճարողներ) կողմից արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների, ներառյալ` դրանց համար հիմք հանդիսացած հաշվապահական, արտադրատեխնոլոգիական փաստաթղթերի և այլ ներքին հաշվառման տվյալների (այսուհետ` հաշվետվություններ) և վերջիններիս մոտ օրենքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքների միջև էական շեղումների (տարբերությունների) առկայությունը սույն օրենքի 22-րդ հոդվածի իմաստով դիտարկվում է որպես հարկվող oբյեկտների հաշվառման սահմանված կարգի կոպիտ խախտում:

Սույն հոդվածի կիրառման իմաստով էական շեղում (տարբերություն) է համարվում չափագրումների արդյունքով արձանագրված արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) և հարկ վճարողի կողմից հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների համապատասխան տվյալների միջև 20 և ավելի տոկոսի (իսկ օգտակար հանածոների արդյունահանման ֆիզիկական ծավալների դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան չափի) տարբերությունը:

Հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվետվությունների տվյալների և վերջիններիս մոտ օրենքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքների միջև էական շեղման (տարբերության) առկայության դեպքում ստուգվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի հարկային պարտավորությունները օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում են չափագրումների արդյունքներով արձանագրված տվյալների (ներառյալ` ծախսերի և կորուստների) հիման վրա հաշվարկված արտադրության և շրջանառության ծավալների նկատմամբ: Չափագրումների արդյունքով արձանագրված տվյալների հիման վրա հարկային մարմինների կողմից հարկ վճարողների հարկային պարտավորությունները հաշվարկելիս հաշվի է առնվում նաև սովորաբար տվյալ ոլորտի գործունեության տեսակի համար դիտարկվող համադրելի (համարժեք) ժամանակահատվածի հիմնական գործոնների ազդեցությունը` խելամիտ աստիճանի ջանքերի ներդրմամբ իրականացված ուսումնասիրությունների շնորհիվ: Սույն հոդվածով սահմանված կարգը հարկային պարտավորությունների հաշվարկման առումով չի կիրառվում տարվա ընթացքում գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած այն հարկ վճարողների վրա, որոնք նախապես այդ մասին տեղեկացրել են հարկային տեսչությանը` նշելով գործունեության ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածը (սկիզբը և ավարտը): Նշված դեպքում սույն հոդվածով սահմանված կարգը կիրառվում է միայն գործունեության իրականացման ժամանակահատվածի նկատմամբ:»:

 

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածի նախավերջին մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.4-րդ, 28.5-րդ և 28.6-րդ հոդվածներով.

 

«Հոդված 28.4. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման գործարքների համար երկկողմանի հաշվարկային փաստաթուղթ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս չգրելու դեպքում (այդ թվում` գնորդի պահանջով) ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող, աշխատանքներ կատարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից, ինչպես նաև այդպիսի ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ ձեռք բերած կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող վարձու աշխատանքի դեպքերի) գանձվում է տուգանք` այդ գործարքների լրիվ արժեքով հատուցման գումարի 20 տոկոսի չափով, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

Սույն հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների կողմ հանդիսացող այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ, որոնք`

ա) իրականացրել են յուրաքանչյուր միանվագ գործարքի մասով 150.0 հազար դրամը, իսկ այդպիսի գործարքների հանրագումարով ամսական 1.5 միլիոն դրամը չգերազանցող ձեռքբերումներ, կամ

բ) այդ գործարքների համար որպես հաշվարկային փաստաթուղթ տրամադրել կամ ստացել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ կամ կրճատ հաշիվ ապրանքագրեր, կամ

գ) որոնց մոտ առկա չեն այդ գործարքների համար դուրս գրված կամ ստացված հաշվարկային փաստաթղթերը, սակայն առկա այլ փաստաթղթերը (մասնավորապես` հաշվարկային փաստաթղթերի պատճենները, հարկային հաշիվների վերաբերյալ երկկողմանի ներկայացված տեղեկությունները) բավարար են պարզելու, որ այդպիսի փաստաթղթերը դուրս են գրվել կամ ստացվել, կամ

դ) ապրանքներ մատակարարելիս, ծառայություններ մատուցելիս կամ աշխատանքներ կատարելիս օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով դուրս են գրել հաշվարկային փաստաթղթերը` նշելով իրենց տվյալները, սակայն գնորդը հրաժարվել է ստանալ հաշվարկային փաստաթուղթը, որի վերաբերյալ հաշվարկային փաստաթղթում կատարվել է համապատասխան նշում, կամ

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ձևով այդ գործարքների կատարմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմիններին տեղեկություններ են ներկայացրել առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի (բացառությամբ սույն մասի «ա» կետով սահմանված դեպքի) Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների ձեռքբերման, ծառայությունների կամ աշխատանքների ստացման գործարքների վերաբերյալ, և որը հիմնավորվել է տեղեկությունների ներկայացման օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմինների կողմից երրորդ անձի միջոցով կատարված հսկիչ գնումների արդյունքում:

Սույն հոդվածին համապատասխան` հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններում ներառման ենթակա են նաև այն հաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները, որոնցում նշված գործարքները կատարվել են սույն օրենքի 31 հոդվածով սահմանված էական պայմաններից տարբերվող պայմաններով, որը սահմանված կարգով հիմնավորվելուց հետո հիմք է հանդիսանում նաև սույն օրենքի 31 հոդվածով սահմանված կարգով և չափերով պատասխանատվության չկիրառման համար:

Սույն հոդվածին համապատասխան իրականացված հսկիչ գնումների արդյունքների մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է հարկ վճարողին:

 

Հոդված 28.5. Սույն օրենքի 15 հոդվածի «թ» կետով նախատեսված տեղեկությունները չփակցնելու դեպքում առևտրային կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է 50 հազար դրամի չափով տուգանք` յուրաքանչյուր հասցեում չփակցրած տեղեկության մասով, իսկ խախտումն արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում նշված տեղեկությունները չփակցնելու կրկնական փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չփակցրած տեղեկության մասով` 500 հազար դրամի չափով:

 

Հոդված 28.6. Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2009, 2201, 2202, 2203 ծածկագրերին դասվող ապրանքատեսակների արտադրությունը առանց սույն օրենքի 20 հոդվածով սահմանված ծախսաչափային հանգույցների իրականացման դեպքում արտադրողից գանձվում է տուգանք` առանց ծախսաչափային հանգույցի արտադրություն կազմակերպելու ժամանակաշրջանի համար հաշվարկվող հաշվարկային շրջանառության 25 տոկոսի չափով: Տուգանքի կիրառման նպատակով հաշվարկային շրջանառությունը որոշվում է որպես առանց ծախսաչափային հանգույցի արտադրությունը կազմակերպելու ժամանակաշրջանում աշխատանքային գրաֆիկով աշխատանքային ժամերի թվի, հոսքային գծի առավելագույն ժամային արտադրողականության և այդ ժամանակաշրջանում կիրառված` միավոր արտադրանքի բացթողման միջին գնի արտադրյալ:

Ծախսաչափային հանգույցների շահագործման կանոնները խախտելու համար ԱՏԳ ԱԱ 2009, 2201, 2202, 2203 ծածկագրերին դասվող ապրանքատեսակներ արտադրողներից գանձվում է տուգանք` մեկ միլիոն դրամի չափով:»:

 

Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածի վերջին պարբերությունը «աճողական կարգով» բառերից հետո լրացնել «, ավելացված արժեքի հարկ վճարող համարվողների հարկ վճարողի հաշվառման համարները և անվանումները» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 31-րդ հոդվածի վերջին պարբերությունը «պարտավորություն» բառից հետո լրացնել «կամ ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերող անձը սույն օրենքի 28.4-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացրել է տեղեկություններ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքի մասին, որը սահմանված կարգով հիմնավորվել է հարկային մարմինների կողմից» բառերով:

 

Հոդված 9. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ այն հոդվածների և դրույթների, որոնց կիրառման համար սույն հոդվածով այլ ժամկետ է սահմանված:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված տուգանքները կիրառվում են` սկսած Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նույն հոդվածով սահմանված տեղեկությունների ներկայացման ձևը և կարգը հաստատելու վերաբերյալ ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից:

4. Օրենքի 28.6-րդ հոդվածը կիրառվում է 2010 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 12

Երևան

ՀՕ-143-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան