ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի հոկտեմբերի 22-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 199.1-րդ հոդվածով`
«Հոդված 199.1. | Վարկային պատմություն և վարկային տեղեկատվություն ապօրինի ստանալը, օգտագործելը կամ հրապարակելը |
1. Առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության վարկային պատմություն ապօրինի ստանալը, վարկային բյուրոյի տվյալների բազա ապօրինի թափանցելը կամ վարկային պատմությունը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունն ապօրինի օգտագործելը կամ հրապարակելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության այդ տեղեկատվությունն ապօրինի հրապարակելը կամ օգտագործելն այն անձի կողմից, ում այդ գաղտնիքը հայտնի է մասնագիտական կամ ծառայողական գործունեության հետ կապված, որը կատարվել է շահադիտական կամ այլ անձնական դրդումներով, և եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս է պատճառվել`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 17 Երևան ՀՕ-195-Ն |