Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.08.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.08.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՐԴ/0018/13/19

Գործ թիվ ԱՐԴ/0018/13/19

Նախագահող դատավոր՝  Ռ. Մխիթարյան

Դատավորներ՝

 Կ. Մարդանյան

 Ա. Մնացականյան

 

         

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

         

26 օգոստոսի 2022 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Խաչիկ Գարուշի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հունվարի 13-ի որոշման դեմ պաշտպան Ա.Օրդակյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռով Խաչիկ Գարուշի Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։

1.2. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հունիսի 30-ի որոշմամբ Խ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքը, փոխարինվել է 1.000 (հազար) ժամ հանրային աշխատանքներով:

1.3. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային բաժնի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Խ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված 1.000 (հազար) ժամ հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելու մասին, մերժվել է:

1.4. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային բաժնի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Խ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված հանրային աշխատանքների չկրած մասն ազատազրկմամբ փոխարինելու մասին, մերժվել է:

1.5. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի մարտի 19-ի որոշմամբ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը թողնվել է անփոփոխ։

2. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)՝ 2019 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային բաժնի պետի միջնորդությունը՝ Խ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված 1.000 (հազար) ժամ հանրային աշխատանքների չկրած մասը՝ 704 (յոթ հարյուր չորս) ժամ հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելու մասին, մերժվել է:

3. Արմավիրի մարզի դատախազության դատախազ Է.Բաբայանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2020 թվականի հունվարի 13-ի որոշմամբ բողոքը բավարարել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 31-ի որոշումը բեկանել և փոփոխել է՝ Խ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված հանրային աշխատանքներ պատժի չկրած մասը փոխարինելով 7 (յոթ) ամիս 24 (քսանչորս) օր ժամկետով ազատազրկմամբ՝ ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Ա.Օրդակյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

5. Բողոքի հեղինակի համոզմամբ` Վերաքննիչ դատարանը ճիշտ չի մեկնաբանել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթը, ինչի հետևանքով Խ.Խաչատրյանի գործողությունները մեկնաբանել է յուրովի և հանգել ոչ ճիշտ հետևության՝ թույլ տալով քրեադատավարական օրենքի էական խախտում, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարել է արդարադատության բուն էությունը՝ խախտելով սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

5.1. Բողոքաբերը նշել է, որ Խ.Խաչատրյանը ոչ թե չարամտորեն խուսափել է հանրային աշխատանքները կատարելուց, այլ հնարավորություն չի ունեցել դրանք կատարելու, ինչի մասին տեղյակ է պահել հսկողություն իրականացնող իրավասու մարմնին, որպիսի պայմաններում, սակայն, Վերաքննիչ դատարանը նույնացրել է «անհնարինություն» և «չարամտորեն խուսափել» եզրույթները՝ հանգելով սխալ հետևության:

5.2. Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանը՝ 2017 թվականի հունիսի 30-ի որոշմամբ, դատապարտյալ Խ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներ պատժատեսակով փոխարինելով հետադարձ ուժ է տվել անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքներին՝ հաշվի չառնելով, որ Խ.Խաչատրյանը հանցանքը կատարել է մինչև 2017 թվականի ապրիլի 8-ը, որպիսի պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 431.1-րդ հոդվածները վերջինիս նկատմամբ կիրառելի չէին:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հունվարի 13-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 31-ի որոշմանը կամ մերժել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային բաժնի պետի` 2019 թվականի հունիսի 19-ի միջնորդությունը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. 2018 թվականի ապրիլի 4-ից մինչև հուլիսի 31-ը դատապարտյալ Խ.Խաչատրյանն Արմավիրի մարզի Թաիրով համայնքի միջնակարգ դպրոցում կատարել է դատարանի որոշմամբ նշանակվածից 296 ժամ հանրային աշխատանքները:

8. Խ.Խաչատրյանը 2019 թվականի հունիսի 13-ին գրավոր հայտարարություն է տվել այն մասին, որ «(…) [Ու]նեմ բազմանդամ ընտանիք, որի կերակրողը միայն ես եմ, գտնվում եմ սոցիալապես վատ վիճակում, աշխատում եմ տաքսու վարորդ, որով հազիվ կարողանում եմ կերակրել ընտանիքս։ Որդիս ունի առողջական խնդիրներ, որի պատճառով գրեթե ամեն օր գնում եմ հիվանդանոց, որտեղ կատարում են հեմոդիալեզ, այդ իսկ պատճառով ես ժամանակ չեմ կարողանում ունենալ կատարել դատարանի որոշումով նշանակված հանրային աշխատանքները։ Խոստանում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ եմ կատարել հանրային աշխատանքները (…)»2:

9. ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային բաժնի պետի՝ 2019 թվականի հունիսի 13-ի միջնորդության համաձայն՝ «(…) 04.04.2018թ.-ից մինչև 31.07.2018թ.-ը (դատապարտյալ) շահառու՝ Խաչատուր Գարուշի Խաչատրյանը 296 ժամ հանրային աշխատանքներ է կատարել Արմավիրի մարզի Թաիրով համայնքի միջնակարգ դպրոցում, որից հետո հրաժարվել է այն կատարելուց (…)։

13.06.2019թ.-ին (դատապարտյալ) շահառու՝ Խաչատուր Գարուշի Խաչատրյանը գրավոր հայտարարություն է տվել այն մասին, որ ինքը բազմազավակ ընտանիքի հայր է, զավակն ունի առողջական խնդիրներ և ինքը ֆինանսա-տնտեսական ծանր վիճակից ելնելով չի կարող կատարել դատական ակտով նշանակված հանրային աշխատանքները՝ հրաժարվում է այն կատարելուց (…)»3:

10. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) Դատարանն ուսումնասիրելով գործի նյութերը, լսելով դատավարության մասնակիցներին գտնում է, որ միջնորդությունը ենթակա է մերժման, նկատի ունենալով, որ դատապարտյալ (շահառու) Խաչիկ Գարուշի Խաչատրյանը դատարանին հայտնեց, որ պատրաստ է կատարելու իր նկատմամբ նշանակված հանրային աշխատանքներ պատժատեսակի չկատարած մասը, վերջինիս խնամքին են չորս անչափահաս երեխաները, ընտանիքի միակ կերակրողն է, գտնվում է ֆինանսական ծանր վիճակում և ՀՀ ԱՆ ՊԾ Արմավիրի մարզային բաժնի պետի կողմից ներկայացրած միջնորդության բավարարման դեպքում դատապարտյալ (շահառու) Խաչիկ Գարուշի Խաչատրյանի ընտանիքը կգտնվի էլ ավելի ծանր վիճակում, ուստի ՀՀ ԱՆ ՊԾ Արմավիրի մարզային բաժնի պետի կողմից ներկայացրած միջնորդությունը պետք է մերժել և դատապարտյալ (շահառու) Խաչիկ Գարուշի Խաչատրյանին պետք է հնարավորություն տալ կատարելու հանրային աշխատանքների չկրած մասը»4:

11. Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է հետևյալը. «(…) [Վ]երաքննիչ դատարանի գնահատմամբ (…) Խաչիկ Խաչատրյանը խուսափում է իր նկատմամբ նշանակված հանրային աշխատանքները կատարելուց, որը դրսևորվել է դրանք կատարելուց հրաժարվելով։ Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Խաչիկ Խաչատրյանը շուրջ մեկ տարի, ընտանեկան պայմաններից ելնելով, ընդհանրապես չի կատարել իր նկատմամբ նշանակված հանրային աշխատանքները։ Ընդ որում՝ նշանակված հանրային աշխատանքները չի կատարել նաև այն բանից հետո, երբ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ նշանակված հանրային աշխատանքների չկրած մասն ազատազրկմամբ փոխարինելու մասին միջնորդությունը մերժվել է։ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Խաչիկ Խաչատրյանի դրսևորած վերոհիշյալ վարքագիծը վկայում է այն մասին, որ վերջինս չարամտորեն խուսափում է կատարել իր նկատմամբ նշանակված հանրային աշխատանքների չկրած մասը։

Ինչ վերաբերում է վիճարկվող դատական ակտում բերված հիմնավորմանն այն մասին, որ դատապարտյալ Խաչիկ Խաչատրյանը պատրաստակամություն է հայտնել կատարել իր նկատմամբ նշանակված հանրային աշխատանքներ պատժատեսակի չկատարած մասը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Խաչիկ Խաչատրյանի կողմից դրսևորած վարքագիծն արդեն իսկ վկայում է նրա կողմից պարբերաբար և չարամտորեն իր նկատմամբ նշանակված հանրային աշխատանքների չկրած մասը կատարելուց խուսափելու մասին։

Անդրադառնալով միջնորդության մերժման հիմքում դրված մյուս հանգամանքին, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ դրանց չկրած մասը կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ փոխարինելու կառուցակարգի գործադրումը չի կարող կախման մեջ դրվել դատապարտյալի ընտանեկան դրությունից, քանի որ նման մոտեցումը ոչ միայն չի բխում գործող օրենսդրական կարգավորումից, այլև համահունչ չէ իրավական որոշակիության սկզբունքին, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի դերին և նշանակությանը:

(…) [Վ]երաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ դատապարտյալ Խաչիկ Խաչատրյանի նկատմամբ նշանակված հանրային աշխատանքների չկրած մասն ազատազրկմամբ փոխարինելու մասին միջնորդությունը մերժելով Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ և ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 35-րդ հոդվածների խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա։ Նշված խախտումները իրենց բնույթով էական են և հիմք են Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը բեկանելու, ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Արմավիրի մարզային բաժնի պետ Կ.Ստեփանյանի միջնորդությունը բավարարելու և դատապարտյալ Խաչիկ Խաչատրյանի նկատմամբ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 30-ի որոշմամբ սահմանված 1000 (հազար) ժամ հանրային աշխատանքներ պատժի չկրած մասը՝ 704 (յոթ հարյուր չորս) ժամ հանրային աշխատանքները 7 (յոթ) ամիս 24 (քսանչորս) օր ժամկետով ազատազրկմամբ փոխարինելու համար՝ ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց»5:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք Խ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված հանրային աշխատանքների չկրած մասը ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

13. 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանրային աշխատանքները դատարանի կողմից նշանակված, իրավասու մարմնի կողմից որոշված վայրում չվարձատրվող, դատապարտյալի կողմից հանրության համար օգտակար աշխատանքների կատարումն է։

2. Հանրային աշխատանքները կարող են նշանակվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարած, առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։

(...)

5. Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների չկրած մասը դատարանը փոխարինում է կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ՝ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց»:

2004 թվականի դեկտեմբերի 24-ին ընդունված ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 32-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «Պատիժը կրելու կարգն ու պայմանները խախտելու դեպքում պրոբացիայի ծառայողը եռօրյա ժամկետում դատապարտյալին ծանուցագրով հրավիրում է տարածքային մարմին, պարզում է կատարված խախտման պատճառը՝ անհրաժեշտության դեպքում պահանջելով համապատասխան փաստաթղթեր, որի արդյունքում կազմվում է արձանագրություն: Հարգելի պատճառների բացակայության դեպքում պրոբացիայի ծառայողը դատապարտյալին գրավոր նախազգուշացնում է օրենքով սահմանված պատասխանատվության մասին»:

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պատիժը կրելու կարգն ու պայմանները խախտելու դեպքում տարածքային մարմինը դատապարտյալին նախազգուշացնում է օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

2. Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափող դատապարտյալի վերաբերյալ տարածքային մարմինը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ հանրային աշխատանքների չկրած մասը կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ փոխարինելու մասին` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված ժամկետների սահմաններում:

3. Հանրային աշխատանքների ձևով պատիժը կրելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, ով՝

1) մեկ ամսվա ընթացքում կատարել է հանրային աշխատաժամերի հաշվառման քարտով նախատեսված աշխատանքների իննսուն տոկոսից պակաս հանրային աշխատանքներ` առանց հարգելի պատճառի.

2) հանրային աշխատանքների կատարման ժամանակ մեկ ամսվա ընթացքում երկուսից ավելի անգամ կոպտորեն խախտել է աշխատանքային կարգապահության կանոնները.

3) ծանուցվելու դեպքում երկու և ավելի անգամ անընդմեջ կամ օրենքով նախատեսված դեպքում չի ներկայացել տարածքային մարմին.

4) հրաժարվում է հանրային աշխատանքներ կատարելուց»:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոնշյալ նորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ պատիժը կրելու կարգն ու պայմանները խախտելու դեպքում պատժի կրման նկատմամբ վերահսկողություն իրականացնող տարածքային մարմինը դատապարտյալին նախազգուշացնում է օրենքով սահմանված պատասխանատվության մասին, իսկ այն դեպքում, երբ դատապարտյալը չարամտորեն խուսափում է հանրային աշխատանքների կատարումից, տարածքային մարմինը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ հանրային աշխատանքների չկրած մասը կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ փոխարինելու մասին:

ՀՀ Սահմանադրական դատարանը, թիվ ՍԴՈ-1082 որոշման շրջանակներում, չարամտությունը բնորոշել է որպես քրեորեն դատապարտելի սուբյեկտիվ գործոն և հասարակական առավել վտանգավոր երևույթ, որն օբյեկտիվորեն հանգեցնում է փոխարինվող պատժի խստացմանը (ազատությունից զրկելու հետ կապված պատժով փոխարինմանն ու կիրառմանը), հետևաբար` նաև իրավակարգավորման արդյունավետ միջոցի գործադրմանը: Դրանով նպատակ է հետապնդվում վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, կանխել հանցագործությունները, այսինքն՝ երաշխավորել սահմանադրական կարգի հիմունքների պահպանումը6:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Խ.Խաչատրյանը, 2018 թվականի ապրիլի 4-ից մինչև հուլիսի 31-ը կատարելով դատարանի որոշմամբ նշանակվածից 296 ժամ հանրային աշխատանքները, 2019 թվականի հունիսի 13-ին գրավոր հայտարարություն է տվել այն մասին, որ ունի բազմանդամ ընտանիք, որի կերակրողը ինքն է, գտնվում է ծանր սոցիալական վիճակում, որդին ունի առողջական խնդիրներ, որի պատճառով գրեթե ամեն օր գնում է հիվանդանոց և ժամանակ չի ունենում կատարելու դատարանի որոշումը, միաժամանակ պատրաստակամություն է հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում կատարել նշանակված հանրային աշխատանքը7:

- ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային բաժնի պետը 2019 թվականի հունիսի 13-ի միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ Խ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված աշխատանքների չկրած մասը՝ 704 (յոթ հարյուր չորս) ժամը, ազատազրկմամբ փոխարինելու մասին, նշելով, որ Խ.Խաչատրյանը գրավոր հայտարարություն է տվել, որ բազմազավակ ընտանիքի հայր է, զավակն ունի առողջական խնդիրներ և ֆինանսա-տնտեսական ծանր վիճակից ելնելով չի կարող կատարել դատական ակտով նշանակված հանրային աշխատանքները՝ հրաժարվում է այն կատարելուց8:

- Առաջին ատյանի դատարանը մերժել է պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Խ.Խաչատրյանը ընտանիքի միակ կերակրողն է և նրա խնամքի տակ են չորս անչափահաս երեխաները, ուստի ներկայացրած միջնորդությունը բավարելու դեպքում Խ.Խաչատրյանի ընտանիքը կհայտնվի էլ ավելի ծանր վիճակում, բացի այդ վերջինս դատարանում գործի քննության ժամանակ պատրաստակամություն է հայտնել կատարելու իր նկատմամբ նշանակված հանրային աշխատանքների չկատարած մասը9:

- Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ դատապարտյալ Խ.Խաչատրյանի դրսևորած վարքագիծը վկայում է, որ վերջինս չարամտորեն խուսափում է իր նկատմամբ նշանակված հանրային աշխատանքները կատարելուց, որը դրսևորվել է դրանք կատարելուց հրաժարվելով10։

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-րդ կետում շարադրված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ Խ.Խաչատրյանի խնամքին են գտնվում չորս անչափահաս երեխաներ, ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է վերջինիս զավակի առողջական խնդիրներ ունենալու և դրանով պայմանավորված հեմոդիալիզային բուժում ստանալու անհրաժեշտության մասին հայտարարության մեջ առկա տվյալները, իսկ Վերաքննիչ դատարանը բավարարվել է նշելով, որ հանրային աշխատանքներ պատժատեսակը կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ փոխարինելիս անձի ընտանեկան դրությունը չի կարող որևէ նշանակություն ունենալ: Վերոգրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված հանգամանքը սույն գործով կարող էր ունենալ էական նշանակություն և միայն դրա առկայությունը հավաստելու կամ հերքելու և գործում առկա այլ տվյալների հետ համադրելու արդյունքում հնարավոր կլինի Խ.Խաչատրյանի վարքագծին ճիշտ գնահատական տալ:

16. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Խ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված հանրային աշխատանքների չկրած մասը ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված չէ:

17. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 5.2-րդ կետում նշված փաստարկին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն չի կարող քննարկման առարկա դարձվել սույն գործի շրջանակներում, քանի որ վերաբերում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտին:

18. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով հանրային աշխատանքներ պատժատեսակը ազտազրկմամբ փոխարինելու օրենսդրական կարգավորումների հետադարձ ուժի հարցին:

Մասնավորապես, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:

2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ (…)»:

Սույն հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու համար վճռորոշ նշանակություն ունի այն հանգամանքը, թե մինչ այդ օրենսդրությունն ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձանց վերաբերյալ առկա՞ է արդյոք օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ, թե ոչ: Եթե նման ակտ առկա չէ, ապա պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, այսինքն տարածվում է մինչ այդ օրենսդրությունն ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձանց վրա:

Նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Հանրային աշխատանքները կատարելուց խուսափելու դեպքում այն փոխարինվում է ազատազրկմամբ` հանրային աշխատանքների 8 ժամը հաշվարկելով ազատազրկման 1 օրվա դիմաց: Հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելիս ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել այն հոդվածի սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն ժամկետը, որով նախատեսված հանցագործության համար անձը դատապարտվել է: Եթե հաշվարկի արդյունքով ազատազրկման ժամկետը պակաս է ստացվում այն հոդվածի սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված նվազագույն ժամկետից, որով նախատեսված հանցագործության համար անձը դատապարտվել է, ապա պատիժը նշանակվում է հաշվարկի արդյունքով ստացված ժամկետի չափով»:

19. Հանրային աշխատանքներ պատժատեսակը ազատազրկմամբ փոխարինելու օրենսդրական կարգավորումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն սահմանում է առավել մեղմ պատիժ, քան նախատեսված էր Խ.Խաչատրյանի կողմից արարքը կատարելու պահին գործող օրենքով: Մասնավորապես, եթե 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված օրենսդրությամբ հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների չկրած մասը փոխարինվում էր կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ՝ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց, ապա ըստ նոր կարգավորումների՝ հանրային աշխատանքները կատարելուց խուսափելու դեպքում այն փոխարինվում է ազատազրկմամբ` հանրային աշխատանքների ութ ժամը հաշվարկելով ազատազրկման 1 օրվա դիմաց:

20. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել նյութական օրենքի խախտում, մասնավորապես սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ և ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 35-րդ հոդվածները, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է, ինչը կարող էր ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը։ Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործն Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության ուղարկելու հիմք են։ Գործի նոր քննության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումներն ու հանգի համապատասխան հետևության, հաշվի առնելով նաև քրեական նոր օրենսդրության կարգավորումները:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Խաչիկ Գարուշի Խաչատրյանի վերաբերյալ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 31-ի որոշումը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հունվարի 13-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 5:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 3-4:

4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 26-27:

5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 96-103:

6 Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի` 2013 թվականի ապրիլի 23-ի թիվ ՍԴՈ-1082 որոշումը:

7 Տե՛ս սույն որոշման 7-8-րդ կետերը:

8 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան