Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.11.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.11.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0112/11/19

Գործ թիվ ԵԴ/0112/11/19

Նախագահող դատավոր՝

 Ռ.Մխիթարյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

 

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

24 նոյեմբերի 2022 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62229318 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ թիվ 62229318 քրեական գործը 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 190-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն՝ նախաքննությունը շարունակելու համար:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2019 թվականի փետրվարի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը (այսուհետ նաև՝ Քննչական դեպարտամենտ) հաղորդագրություն է տարածել դեպարտամենտի վարույթում քննվող թիվ 62229318 քրեական գործով Ս.Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:

1.1. Դիմող Ս.Քոչարյանի ներկայացուցիչ Հ.Ալումյանը Քննչական դեպարտամենտի վերոնշյալ գործողության դեմ 2019 թվականի փետրվարի 27-ին բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ միջնորդելով պարտավորեցնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին հրապարակայնորեն հերքել վերը նշված հաղորդագրությունը և հրապարակայնորեն ներողություն խնդրել Ս.Քոչարյանից այդ հաղորդագրության մեջ տեղ գտած արտահայտությունների համար:

2. Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ ներկայացուցիչ Հ.Ալումյանի բողոքը բավարարել է մասնակիորեն՝ ճանաչելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի՝ 2019 թվականի փետրվարի 19-ի հաղորդագրությամբ Ս.Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումը:

3. Վերոգրյալ որոշման դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Արամյանը և ներկայացուցիչ Հ.Ալումյանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի մայիսի 8-ի որոշմամբ ներկայացուցիչ Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով թողնվել է առանց քննության: Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 5-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը:

Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մարտի 26-ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական և հիմնավոր չեն, կայացվել են քրեադատավարական օրենքի էական խախտումներով, որոնք հիմք են վիճարկվող որոշումները բեկանելու համար: Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի հաղորդագրությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի իմաստով չի կարող դիտվել որպես «հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշում կամ գործողություն» և մամլո հաղորդագրությունը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չի կարող լինել:

Ինչ վերաբերում է 2019 թվականի փետրվարի 19-ի հաղորդագրության մեջ տեղ գտած արտահայտությունների համար մեղադրյալից հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, ապա բողոքաբերը փաստել է, որ ներկայացված պահանջն ինքնին դուրս է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կանոնակարգումներից, ինչը, բողոքաբերի պնդմամբ, արձանագրել է նաև Առաջին ատյանի դատարանը:

5.1. Անդրադառնալով հաղորդագրության բովանդակությանը՝ բողոքաբերը նշել է, որ դրանով թույլ չի տրվել Ս.Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտում: Մասնավորոպես, ըստ բողոքաբերի՝ քննարկվող հրապարակման մեջ ըստ էության արձանագրվել է, որ նախաքննության փուլում գտնվող քրեական գործով Ս.Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք, շարադրվել է մեղադրանքի ձևակերպումը և առկա է ծանուցում առ այն, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

5.2. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը՝ մերժելով դիմողի ներկայացուցիչ Հ.Ալումյանի բողոքը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանը, հիմնավորումները և պահանջը.

6. Դիմողի ներկայացուցիչ Հ.Ալումյանը վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ բողոքում մատնանշված մոտեցումները չեն բխում գործի փաստական հանգամանքներից և հակասում են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 2-րդ կետին, 13-րդ հոդվածին, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք նորմերին:

6.1. Ըստ ներկայացուցչի, եթե Վճռաբեկ դատարանը քննի վերոնշյալ բողոքը, ապա պետք է մատնանշի, թե ի՞նչ դատավարական եղանակով կարող է անձը պաշտպանել իր անմեղության կանխավարկածը, քանի որ նման իրավիճակներում անձը չունի իր խախտված իրավունքի պաշտպանության ներպետական միջոց:

Ներկայացուցիչը նշել է, որ ՀՀ Սահմանադրությունը, Եվրոպական կոնվենցիան և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը պարտավորեցնում են պետությանն ապահովել, որպեսզի անձն ունենա տվյալ իրավունքի պաշտպանության միջոց: Հետևաբար, ըստ ներկայացուցչի՝ Ս.Քոչարյանին Քննչական դեպարտամենտի գործողությունների բողոքարկման հնարավորություն տրամադրելը Հայաստանի Հանրապետության պարտականությունն է, և ներկայացված բողոքի քննության արդյունքում, Վճռաբեկ դատարանը պարզապես կարող է հստակեցնել, թե կոնկրետ ի՞նչ ընթացակարգով պետք է անձը նմանօրինակ իրավիճակներում պաշտպանի իր իրավունքը ենթադրյալ խախտումից:

6.2.Վերոշարադրյալի հիման վրա՝ ներկայացուցիչը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի՝ 2019 թվականի փետրվարի 19-ի հաղորդագրության համաձայն՝ «(…) «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իր գործառույթների իրականացման շրջանակներում միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հետևողական պայքար մղելով տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության հետ, Քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Քրեական գործով հաստատված փաստական տվյալների համաձայն՝ վերջինը կազմակերպել և ղեկավարել է իր հիմնադրած ՍՊ ընկերություններից մեկի պատասխանատու աշխատակիցների կողմից օրենքով սահմանված, հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու և առանձնապես խոշոր չափերով եկամտային հարկ չվճարելու գործընթացը, որից հետո, նպատակ ունենալով խեղաթյուրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամտի՝ պետական բյուջե չվճարված հարկի ծագման աղբյուրը և իրական բնույթը, այն օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների՝ այդ եկամուտները գույքի ձեռք բերմանն ուղղելու եղանակով: Մասնավորապես՝ երրորդ անձի կողմից տնտեսվարող սուբյեկտներից մեկում ներդրած, դեռևս ծագման առումով առանձին իրավական գնահատականի արժանի 5.300.000 ԱՄՆ դոլարն անհատույց ստանալու նպատակով՝ Սեդրակ Քոչարյանը ձեռնամուխ է եղել շինծու գործարքներով այդ գումարն իր հիմնադրած ընկերության անվամբ ձևակերպելուն և դրա միջոցով ստանալուն: Ցանկանալով խուսափել դրանից բխող հարկային պարտավորությունները կատարելուց՝ վերջինը վերոհիշյալ ՍՊ ընկերության տնօրենին հանձնարարել է կնքել 2 շինծու անհատույց փոխառության պայմանագրեր և դրանց տալ նաև հաշվապահական ձևակերպում, ինչի հետևանքով 5.300.000 ԱՄՆ դոլարը փոխանցվել է Սեդրակ Քոչարյանի անձնական հաշվեհամարին՝ իբրև տված փոխառության վերադարձ:

Դրա հետ մեկտեղ, իր հիմնադրած հիշյալ ընկերության տնօրենը, օրենսդրության պահանջների խախտմամբ, որպես հարկային գործակալ պարտավոր լինելով պահել և ՀՀ պետական բյուջե փոխանցել Սեդրակ Քոչարյանի կողմից երրորդ անձից անհատույց որպես եկամուտ ստացած գումարից եկամտային հարկը, Սեդրակ Քոչարյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ, պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկը նվազեցնելու նպատակով, ընկերության հարկման համար հիմք հանդիսացող համապատասխան ամփոփ հաշվարկում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ, որի հետևանքով չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 916.706.560 ՀՀ դրամի չափով հարկեր (տույժերով և տուգանքներով հանդերձ՝ 1.968.627.338 ՀՀ դրամ):

Դրանից հետո, նպատակ ունենալով իր և ընտանիքի մյուս անդամների հետ փոխկապակցված ընկերությունների միջև մի շարք գործարքների կնքմամբ խեղաթյուրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով հիշյալ եկամտի՝ պետական բյուջե չվճարված հարկի գումարի իրական բնույթը և ծագման աղբյուրն ու այն ներդնել օրինական շրջանառության մեջ, Սեդրակ Քոչարյանն այն միախառնել է բանկային հաշվին եղած 5.682.960 ԱՄՆ դոլարի հետ և օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների, փոխարկման, այդ եկամուտները «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցը ձեռքբերմանն ուղղելու եղանակով:

Գործով ձեռք բերված, փոխկապակցված, հավաստի, բավարար ապացույցների համակցությամբ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար, իսկ նրա հիմնադրած ՍՊ ընկերության տնօրեն Ալեքսան Սամսոնի Ոսկանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, ով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոցներ ընտրվել են չհեռանալու մասին ստորագրությունները:

Սեդրակ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների բազմաթիվ անշարժ գույքերի և այլ ակտիվների ձեռքբերման օրինականությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ քննչական գործողություններ, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»2:

8. Դատախազի՝ ներկայացուցիչ Հ.Ալումյանին հասցեագրված 2019 թվականի մարտի 11-ի թիվ 7-27-19 գրության համաձայն՝ «(…) [Ն]ախաքննություն իրականացնող մարմնին մամուլի հաղորդագրություններ հրապարակելու կապակցությամբ որոշակի գործողությունների պարտադրելը, այդ թվում՝ բովանդակությունը հերքելուն կամ դրա հետ կապված հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելը, դուրս են դատախազությանը ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների շրջանակից: (…) Ձեր կողմից ներկայացված միջնորդությունը (…) չի պարունակում քրեադատավարական օրենքով նախատեսված գործողություններ կատարելու կամ որոշումներ կայացնելու պահանջ, ուստի և չի կարող քննության առնվել ՀՀ քրեական դատավարության օրենսգքով նախատեսված կարգով»3:

9. Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի կարգով բողոքարկման ենթակա են պետական մարմինների և պաշտոնատար անձանց այն որոշումները և գործողությունները, որպիսիք կայացվել են օրենսգրքի 53-րդ, 55-րդ և 56-րդ հոդվածներում նախատեսված իրենց ընդհանուր լիազորությունների շրջանակներում:

Տվյալ դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի տառացի մեկնաբանման պայմաններում, եթե ընդունենք, որ բողոքարկման ենթակա են միայն այն որոշումները և գործողությունները, որոնք ուղղակիորեն թվարկված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ապա միգուցե, առանձին վերցրած, պետական մարմնի տարածած հաղորդագրությամբ անմեղության կանխավարկածի հնարավոր խախտման փաստը չի կարող վիճարկվել նշված կարգով: Սակայն Դատարանը, հաշվի առնելով վերը նշված օրենսդրական կարգավորումները և դրա շուրջ արված իրավական մեկնաբանությունները, գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը չի կարող այդպես նեղ ընկալվել և դրանով իսկ վտանգել անձանց դատական պաշտպանության իրավունքը, քանի որ քննարկվող հոդվածի 1-ին մասի իմաստով «որոշում և գործողություն» եզրույթի տակ պետք է դիտել քրեական գործի շրջանակներում, գործի հետ կապված պետական իրավասու մարմնի ընդհանուր լիազորությունների մեջ մտնող ցանկացած որոշում և/կամ գործողություն, որով հնարավոր է խախտված լինի քրեական գործի այս կամ այն մասնակցի իրավունքները և շահերը: Ընդ որում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համատեքստում պետք է դիտարկել նաև հենց այդ որոշումների և գործողությունների կատարման ընթացքում և դրա հետ կապված առաջացած հետևանքների բողոքարկման հնարավորությունը: Այլ խոսքով՝ «սույն օրենսգրքով նախատեսված որոշումներ և գործողություններ» ձևակերպման տակ պետք է հասկանալ նաև վարույթն իրականացնող մարմնի՝ իր լիազորություններից բխող և դրա իրականացման ճանապարհին կատարվող այն գործողությունները, որոնք վերջինը կատարել է տվյալ գործի ընթացքում, դրա շրջանակներում և դրա կապակցությամբ:

Սույն իրավիճակում հարկ է նկատել, որ խնդրո առարկա հանդիսացող հաղորդագրությունը հրապարակվել է ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջում, որի բովանդակությունը կազմել է հենց վարույթն իրականացնող մարմինը և դեռ ավելին՝ իրենց թույլտվությամբ է այն հրապարակվել: (…)

(…) [Գ]ործի քննություն իրականացնող սուբյեկտը, ով ունի մեղադրանք առաջադրելու անվիճելի լիազորություն, իր այդ քայլով փորձել է հերքել հնարավոր այն կասկածները, որ առաջադրված մեղադրանքը շինծու է: Ուստի անմեղության կանխավարկածի ենթադրյալ խախտումը հանդիսանում է քննիչի կողմից լիազորությունների իրականացման ճանապարհին իր իսկ գործողությունների արդյունքում առաջացած հետևանք, որը չի կարող անջատ դիտվել վերջինի դատավարական լիազորություններից: Այսինքն, եթե քննիչը չունենար գործի քննություն իրականացնելու, մեղադրանք առաջադրելու լիազորություն, ապա բնական է, որ օբյեկտիվորեն չէր էլ կարող իր քայլերով խախտել անձի իրավունքը, իսկ մյուս կողմից այդ դեպքում կարող էր առաջանալ նախաքննական գաղտնիքի հրապարակման հարց, քանի որ դրա սահմանափակման բացարձակ իրավասությունը կրկին պատկանում է քննիչին: (…)

Եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ անմեղության կանխավարկածի խախտման հարցը չի կարող քննարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով, ապա, բոլոր դեպքերում, այն ենթակա է դատական կարգով քննության, քանի որ դա բխում է անձի դատական պաշտպանություն ստանալու իրավունքից: (…)

Դատարանը գտնում է, որ հրապարակված հաղորդագրությունը պարունակում է մի շարք ձևակերպումներ, որոնց բովանդակությունը ողջամտորեն վկայում է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման մասին, քանի որ նշված տեղեկատվությունը զուսպ և նրբանկատորեն արված չեն, դատողություններում գոնե մեկ անգամ չի օգտագործվել «վարույթն իրականացնող մարմինը կարծում է», «ենթադրվում է», «առերևույթ», «ամենայն հավանականությամբ» և նմանատիպ այլ արտահայտություններ: Փոխարենը՝ օգտագործվել է հաստատական մտքեր, որով կարծես՝ անձի մեղավորությունն արդեն ապացուցված է: Այսինքն՝ Դատարանի համար ընդունելի է պաշտպանական կողմի այն մտավախությունը, որ վերը նշված հաղորդագրությունը հանրության, մասնավորապես՝ ողջամիտ դիտորդի մոտ կարող է առաջացնել այն հավատը, որ Սեդրակ Քոչարյանը մեղավոր է: Հատկանշական է, որ նշված հաղորդագրությունն օրերի ընթացքում լայն տարածում է ստացել զանգվածային լրատվության ոլորտում և հասանելի դարձել հանրության բոլոր շերտերին, ինչն ավելի է բարձրացնում անմեղության կանխավարկածի խախտման հավանականությունը: (…)

Այսպիսով՝ Դատարանը, հաշվի առնելով վերը նշված մեկնաբանությունները, գալիս է այն եզրահանգման, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտվել է:

Անդրադառնալով քննարկվող հաղորդագրությունը հրապարակայնորեն հերքել և Սեդրակ Քոչարյանից ներողություն խնդրել պարտավորեցնելու մասով բողոքաբերի խնդրանքներին՝ Դատարանը գտնում է, որ այդ մասով բողոքը ենթակա է մերժման, քանի որ ՀՀ քրեական դատավարության շրջանակներում Դատարանն ինչպես ներողություն խնդրելու, այնպես էլ հրապարակավ հերքելու պարտականություն սահմանելու իրավական հնարավորություն և լիազորություն չունի: Հետևաբար, հաշվի առնելով, որ տվյալ դեպքում կարող է ուղղակի ճանաչվել և արձանագրվել անձի իրավունքների խախտման փաստը՝ գտնում է, որ բարձրացված հարցերի քննարկումը դուրս է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներից:

Միաժամանակ, հարկ է փաստել, որ հիշյալ պահանջի չբավարարումը չի կարող որևէ կերպ վկայել խախտված իրավունքի վերականգնված չլինելու մասին, քանի որ սույն որոշմամբ արձանագրված անմեղության կանխավարկածի խախտումը և դրա հրապարակայնացումը, այդ թվում նաև՝ հենց ԶԼՄ-ների միջոցով, արդեն իսկ բավարար է խախտումը վերականգնելու համար: Իսկ վարույթն իրականացնող մարմինը ոչ մի դեպքում կաշկանդված չէ անմեղության կանխավարկածի վերականգնումն էլ ավելի ամրապնդելու համար որոշակի քայլեր ձեռնարկել, օրինակ՝ հանդես գալ լրացուցիչ հայտարարությամբ, հաղորդագրությունը վերաձևակերպել և այլն»4:

10. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 5-ի որոշումը, արձանագրել է հետևյալը. «(…) Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չեն կարող չհանդիսանալ նաև վարույթն իրականացնող մարմնի` իր լիազորություններից բխող և դրանց իրականացման ընթացքում նրա կողմից, վերջինիս նախաձեռնությամբ կամ թողտվությամբ (համաձայնությամբ) կատարվող այն բոլոր գործողությունները (անգործությունը), որոնք խախտում են անձի իրավունքները և դրանց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:

Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է մինչդատական վարույթի ընթացքում մեղադրյալի անմեղության կանխավարկածին, որպիսին հիմնարար իրավունք է, իսկ դրա խախտմանը հանգեցնող գործողության կամ անգործության բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում կարող է հանգեցնել անձի` իր խախտված իրավունքների կամ ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու իրավունքի արժեզրկման: (…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քրեական հետապնդման մարմնի` անձի անմեղության կանխավարկածի խախտման հանգեցնող գործողությունների կամ անգործության մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա հանդիսանալու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` (…) պատճառաբանությունների ու եզրահանգման հետ ընդհանուր առմամբ չհամաձայնելու իրավաչափ հիմքեր չկան: (…)

Այլ կերպ՝ Սեդրակ Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի բողոքն ըստ էության քննելով՝ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել դատական սխալ՝ նյութական կամ դատավարական իրավույնքի այնպիսի խախտում, որը կարող էր ազդել գործի ելքի վրա։ (...)

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ հիմքեր չկան չհամաձայնելու Առաջին ատյանի դատարանի հետևությանն առ այն, որ նշված հաղորդագրությամբ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտվել է։ Այլ կերպ` Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը ևս հիմնավոր է, այդ հարցում նույնպես թույլ չի տրվել դատական սխալ` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը կարող էր ազդել գործի ելքի վրա»5:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11.Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման կապակցությամբ քրեադատավարական ընթացակարգով իրավական պաշտպանություն հայցելու մեխանիզմների հստակեցման, անմեղության կանխավարկածի խախտումը որպես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտարկելու չափանիշների որոշակիացման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու և իրավունքի զարգացման խնդիր։ Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն ունենալ համանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք ստորադաս դատարանների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի՝ 2019 թվականի փետրվարի 19-ին տարածած հաղորդագրության կապակցությամբ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման հիմքով բերված բողոքը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնելը:

 

I. Անմեղության կանխավարկածը՝ որպես հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի հիմնարար իրավունք.

13. Եվրոպական կոնվենցիայի՝ 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան»:

Նույն կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»։

13.1. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի մեկնաբանման շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- հայտարարությունն այն մասին, որ անձին պարզապես կասկածում են հանցագործություն կատարելու մեջ, պետք է հստակորեն տարբերակվի այն բացահայտ արված հայտարարությունից, որ անհատը, թեպետ դեռ չի կայացվել վերջնական մեղադրական եզրակացություն, կատարել է տվյալ հանցագործությունը6,

- անմեղության կանխավարկածի խախտում է այն դեպքը, երբ դատական որոշման կամ պաշտոնատար անձի կողմից արված հայտարարության մեջ կարծիք է արտահայտվում հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի մեղքի վերաբերյալ՝ նախքան նրա մեղքը կհաստատվի օրենքով սահմանված կարգով7,

- անմեղության կանխավարկածը որպես քրեական գործի վարույթի դատավարական երաշխիք, ի թիվս այլնի, որոշակի պահանջներ է սահմանում՝ կապված դատական իշխանության մարմինների կամ այլ հանրային պաշտոնատար անձանց կողմից կասկածյալի (մեղադրյալի, ամբաստանյալի) մեղավորության վերաբերյալ կանխակալ արտահայտությունների հետ8՝ շեշտադրելով վերջիններիս կողմից կատարվող հայտարարություններում բառերի ընտրության կարևորությունն այն դեպքում, երբ խոսքը գնում է հանցանքի կատարման մեջ օրենքով սահմանված կարգով չմեղադրված և չդատապարտված անձանց մասին9։

Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անմեղության կանխավարկածի խախտում է համարել դատախազի կողմից գործի վարույթը կարճելու որոշմամբ տրված հետևյալ ձևակերպումը. «հանցանքի կատարման պահին [դիմումատուն] ևս կրել է (...) վնաս» և «զրկանքներ կրելով [դիմումատուն] քավել է իր մեղքը»10։

14. «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Քրեական հանցագործության մեջ յուրաքանչյուր մեղադրվող իրավունք ունի համարվելու անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով»:

14.1. Մարդու իրավունքների կոմիտեն՝ նշված հոդվածի շրջանակներում նշել է, որ անմեղության կանխավարկածը ենթադրում է նաև իրավունք՝ արժանանալու այդ սկզբունքին համապատասխան վերաբերմունքի։ Հետևաբար, այն պարտականություն է հանրային իշխանության բոլոր ներկայացուցիչների համար՝ ձեռնպահ մնալու վարույթի արդյունքը կանխորոշելուց11։

15. ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: (…)»:

17. Անմեղության կանխավարկածի սկզբունքի վերաբերյալ սահմանադրաիրավական և քրեադատավարական վերոնշյալ նորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն Արմեն Բաղդասարյանի գործով արձանագրել է, որ հանցագործության կատարման մեջ կասկածվողի կամ մեղադրվողի մեղքն ապացուցված կարող է համարվել միայն դատարանի` օրենքով սահմանված կարգով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այլ խոսքով՝ կասկածյալի կամ մեղադրյալի մեղավորությունը կարելի է հաստատված համարել միայն այն դեպքում, երբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ12:

18. Վերը վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անմեղության կանխավարկածի սկզբունքը երաշխավորում է հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի՝ միջազգայնորեն ճանաչված հիմնարար իրավունքը՝ համարվելու անմեղ մինչև մեղադրական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Այդ սկզբունքի վրա են խարսխված քրեադատավարական առանցքը կազմող մի շարք ինստիտուտներ։ Այդ պառճառով, ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և Մարդու իրավունքների կոմիտեն, այնպես էլ Վճռաբեկ դատարանը մշտապես կարևորել են անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանումը քրեական վարույթի ողջ ընթացքում՝ սկսած դրա ամենավաղ փուլից։

19. Սակայն, գործնականում անմեղության կանխավարկածը կարող է խախտվել՝ իր բնույթով ընթացակարգային և նյութական առումներով։ Օրինակ՝ ընթացքի մեջ գտնվող վարույթի շրջանակներում անձի անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններ անելը, որը չի ազդում գործով վերջնական որոշման կայացման վրա, անմեղության կանխավարկածի ընթացակարգային խախտում է13։ Մինչդեռ, անմեղության կանխավարկածի այնպիսի խախտումները, որոնք պաշտպանության կողմի ապացույցների անտեսմամբ, ազդում են դատական ակտի կամ այլ վերջնական որոշման բովանդակության վրա (ինչպես օրինակ՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով սույն որոշման 13.1-րդ կետում ներկայացված վճռի), իրենց բնույթով նյութական են14։

20. Հատկանշական է տարբերակել, որ եթե անմեղության կանխավարկածի նյութական բնույթի խախտումները կարող են թույլ տրվել, որպես կանոն, քրեական վարույթի հանրային մասնակիցների կողմից, ապա ընթացակարգային բնույթի խախտումներ կարող են կատարել ինչպես հանրային մասնակիցները, այնպես էլ վարույթի մասնավոր մասնակիցները, ավելին՝ նույնիսկ վարույթի մասնակից չհանդիսացող պետական իշխանության ներկայացուցիչներ, մարմիններ, պաշտոնատար անձինք, զանգվածային լրատվության միջոցներ, այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք: Այսինքն՝ հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի անմեղության կանխավարկածը կարող է խախտվել ինչպես վարույթն իրականացնող մարմնի, այնպես էլ առհասարակ քրեական դատավարության սուբյեկտի կարգավիճակ չունեցող անձանց կողմից:

21. Նման պայմաններում առաջ է գալիս անմեղության կանխավարկածի խախտման կապակցությամբ արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու անհրաժեշտությունը, որը նույնպես կարևորվում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմինների կողմից։ Այս առումով հատկանշական են Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները։ Այս համատեքստում դատարանը մի շարք գործերով ընդգծել է, որ Եվրոպական կոնվենցիայի այդ հոդվածը պահանջում է ներպետական պաշտպանության միջոցի առկայություն՝ Եվրոպական կոնվենցիայով նախատեսված՝ «վիճարկելի» բողոքի էությունը քննելու և համապատասխան օգնություն տրամադրելու համար, չնայած որ պայմանավորվող պետություններին տրվում է որոշակի թույլատրելի հայեցողության շրջանակ՝ կապված այն ձևի հետ, որով նրանք կատարում են Եվրոպական կոնվենցիայի այս դրույթով նախատեսված իրենց պարտականությունները15։ Բացի այդ, դատարանը կարևորել է, որ 13-րդ հոդվածով պահանջվող պաշտպանության միջոցը պետք է լինի «արդյունավետ»՝ ինչպես գործնականում, այնպես էլ օրենսդրության մեջ, ընդ որում՝ դրա կիրառումը չպետք է անարդարացիորեն խոչընդոտվի պետության գործողություններով կամ բացթողումներով16։ Ավելին, հարկ է նաև հիշատակել, որ ազգային դատական համակարգերի արդյունավետության խնդիրների վերաբերյալ 2004 թվականի մայիսի 12-ի թիվ R (2004) 6 հանձնարարականի հավելվածում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն անդամ պետություններին հորդորել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերանայել իրենց իրավական համակարգերը և, ըստ անհրաժեշտության, օրենսդրության կամ դատական որոշումների միջոցով ամրագրել անհրաժեշտ և պատշաճ միջոցներ` երաշխավորելու համար Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված` իրավական պաշտպանության արդյունավետությունը17։

Հետևաբար, վերոգրյալի հաշվառմամբ, կարևոր է որոշակիացնել անմեղության կանխավարկածի խախտման կապակցությամբ արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու լեգիտիմ հնարավորությունների շրջանակը։

 

II. Անմեղության կանխավարկածի խախտման դեպքում իրավական պաշտպանություն հայցելու մեխանիզմները.

22. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն` «1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

(…)

5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: Դատավորի որոշման պատճենն ուղարկվում է դիմողին և վարույթն իրականացնող մարմնին»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով»:

23. Գործնականում անմեղության կանխավարկածը կարող է խախտվել տարբեր եղանակներով։ Ուստի, ելնելով պետություններին տրված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների որոշակիացման թույլատրելի հայեցողության շրջանակից՝ կարևոր է քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ խախտված անմեղության կանխավարկածի կապակցությամբ իրավական պաշտպանություն հայցելու ընթացակարգերը տարբերակել իրավունքի այլ ճյուղերով նախատեսված իրավական պաշտպանության հնարավորություններից։

Այս առումով քրեադատավարական գործիքակազմը, մասնավորապես՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգը, կիրառելի է օրենսդրի կողմից սահմանված անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում։ Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը կիրառելի է «օրենսգրքով նախատեսված որոշումների [կայացման] և գործողությունների [կատարման]» արդյունքում խախտված անմեղության կանխավարկածի կապակցությամբ իրավական պաշտպանություն հայցելիս։ Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից բխում է, որ հետագա դատական վերահսկողության առարկան քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշումներն են և գործողությունները: Այլ կերպ՝ մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կարգով կարող են բողոքարկվել վերոնշյալ սուբյեկտների՝ քրեական վարույթի շրջանակում կայացված այն որոշումներն ու կատարված այն գործողությունները, որոնք ենթադրաբար հակասում են քրեադատավարական օրենքի պահանջներին։ Ուստի, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգը կարող է կիրառելի լինել քրեադատավարական իրավահարաբերությունների շրջանակում թույլ տրված անմեղության կանխավարկածի խախտումների դեպքում։

Մինչդեռ, գործնականում հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի անմեղության կանխավարկածը կարող է խախտվել ոչ միայն դատավարական (դատավարական գործողություններով կամ դատավարական որոշումներով), այլ նաև ոչ դատավարական գործունեության (մամլո ասուլիսներին մասնակցելով, հրապարակային արտահայտություններ, մամլո հաղորդագրություններ անելու) արդյունքում: Ըստ այդմ էլ, անմեղության կանխավարկածի ենթադրյալ խախտման դեպքում իրավական պաշտպանություն հայցելու մեխանիզմները պետք է տարբերակվեն՝ ելնելով այդ խախտման բնույթից և այն թույլ տվող անձի ex officio կարգավիճակից։

24. Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անմեղության կանխավարկածի խախտման դեպքում մինչ քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ իրավական պաշտպանություն հայցելը, կարևոր է պատշաճ գնահատման ենթարկել, թե ա) արդյո՞ք անմեղության կանխավարկածը ենթադրաբար խախտելիս ex officio անձը հանդես է եկել որպես քրեադատավարական սուբյեկտ, բ) արդյո՞ք անմեղության կանխավարկածը ենթադրաբար խախտվել է քրեադատավարական բնույթ կրող, քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում։ Նշվածի առումով պետք է նկատի ունենալ, որ անձի անմեղությունը խախտող պաշտոնատար անձի՝ քրեադատավարական սուբյեկտ լինելու հանգամանքը դեռևս բավարար չէ քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ իրավական պաշտպանություն հայցելու կառուցակարգը գործադրելու համար։ Այսպես, պետք է նկատի ունենալ, որ քրեադատավարական սուբյեկտները կարող են կատարել նաև ոչ դատավարական գործողություններ, օրինակ՝ քրեական վարույթն իրականացնող քննիչը կարող է հանրային հետաքրքրություն ներկայացնող գործով քննչական մարմնի անունից հարցազրույց տալ զանգվածային լրատվության միջոցներին և իր հայտարարություններով կասկածի տակ դնել հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի անմեղությունը։ Մեկ այլ օրինակի դեպքում՝ համապատասխան քննչական մարմինը կարող է տեղեկատվություն հրապարակել իր պաշտոնական կայքէջում կամ սոցիալական ցանցի էջում՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող գործով և ևս իր հայտարարություններով կասկածի տակ դնել հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի անմեղությունը։ Նման դեպքերում, թեև անձի անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններն արվում են քրեադատավարական սուբյեկտի կամ մարմնի կողմից, սակայն հանցանքի կատարման վերաբերյալ հանրությանը տեղեկատվություն տրամադրելու համար ո՛չ հարցազրույց տալը, ո՛չ էլ կայքէջում համապատասխան տեղեկատվություն տրամադրելը քրեադատավարական բնույթ չունեն, դրանք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ չեն։ Հետևաբար, համանման իրավիճակներում անձն իր անմեղության կանխավարկածի խախտված իրավունքի կապակցությամբ իրավական պաշտպանություն չի կարող հայցել քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ։

Ուստի, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության քրեադատավարական կառուցակարգը կարող է անմեղության կանխավարկածի խախտման դեպքում իրավական պաշտպանության արդյունավետ գործիքակազմ ծառայել միայն, եթե վերոհիշյալ իրավունքը ենթադրաբար խախտվել է վարույթն իրականացնող մարմնի դատավարական գործունեության ընթացքում վերջինիս կայացրած որոշումներով կամ կատարած դատավարական գործողություններով։ Այս առումով, որպես օրինակ կարող է դիտարկվել Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործը, որտեղ դիմումատուն իր նկատմամբ գործի վարույթը կարճելու դատավարական որոշման մեջ տեղ գտած, իր անմեղության կանխավարկածը խախտող ձևակերպումների կապակցությամբ իրավական պաշտպանություն էր հայցել քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ՝ դրանց իրավաչափությունը վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում18։ Մեկ այլ օրինակ կարող է դիտարկվել Մելինե Մարգարյանի գործը, որտեղ անմեղության կանխավարկածի խախտում էր թույլ տրվել առաջին ատյանի դատարանի դատավճռով19։

25. Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով երաշխավորված՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի համատեքստում, քննարկելով անմեղության կանխավարկածի ենթադրյալ խախտման դեպքում իրավական պաշտպանության հնարավոր եղանակների հարցը, կայուն նախադեպային իրավունք է ձևավորել, որ իրավունքի պաշտպանության քաղաքացիաիրավական միջոցները կարող են արդյունավետ լինել: Մասնավորապես, մի շարք գործերով պատվի և արժանապատվության քաղաքացիաիրավական պաշտպանության միջոցները, որոնք նյութական փոխհատուցման հետ մեկտեղ նախատեսում են իրավունքի խախտման փաստի ճանաչում և խախտման դադարեցում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից գնահատվել են իբրև արդյունավետ Եվրոպական կոնվենցիայի իմաստով20:

26. Հետևաբար, վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեադատավարական իրավահարաբերություններից դուրս, դատավարական բնույթ չկրող գործողություններով անձի անմեղության կանխավարկածի խախտման դեպքում հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձն իրավական պաշտպանություն կարող է հայցել քաղաքացիական դատավարության ընթացակարգով։ Այս առումով կարևոր է նկատի ունենալ, որ մինչև մեղադրական դատական ակտի կայացումը և դրա օրինական ուժի մեջ մտնելը, անձի անմեղությունը կասկածի տակ դնող հայտարարությունները կամ գործողությունները կարող են դիտարկվել որպես միջամտություն՝ անձի պատվի և արժանապատվության նկատմամբ։ Նման պայմաններում, վարույթն իրականացնող մարմնի ոչ դատավարական գործունեության կամ քրեական վարույթի շրջանակում ոչ դատավարական սուբյեկտների կողմից անձի անմեղության կանխավարկածի ենթադրյալ խախտման դեպքում վերջինս կարող է օգտվել օրինակ՝ վիրավորանքի կամ զրպարտության համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից, որոնք փոխհատուցման հետ մեկտեղ նախատեսում են նաև ներողություն խնդրելու, համապատասխան տեղեկությունը հերքելու հնարավորություն։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս առումով արդեն իսկ ձևավորվել է համապատասխան իրավակիրառ պրակտիկա, երբ անմեղության կանխավարկածի խախտման կապակցությամբ հայցվել է իրավական պաշտպանություն՝ քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմի կիրառմամբ21։

27. Սույն գործի նյութերից երևում է, որ՝

- 2019 թվականի փետրվարի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը հաղորդագրություն է տարածել դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործով Ս.Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ22,

- Քննչական դեպարտամենտի գործողությունների դեմ Ս.Քոչարյանի ներկայացուցիչ Հ.Ալումյանի բողոքին ի պատասխան՝ դատախազը 2019 թվականի մարտի 11-ի գրությամբ արձանագրել է, որ նախաքննություն իրականացնող մարմնին մամուլի հաղորդագրություններ հրապարակելու կապակցությամբ որոշակի գործողություններ պարտադրելը, այդ թվում՝ բովանդակությունը հերքելուն կամ դրա հետ կապված հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելը, դուրս են դատախազությանը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների շրջանակից, և ներկայացված միջնորդությունը չի պարունակում քրեադատավարական օրենքով նախատեսված գործողություններ կատարելու կամ որոշումներ կայացնելու պահանջ, ուստի և չի կարող քննության առնվել ՀՀ քրեական դատավարության օրենսգքով նախատեսված կարգով23,

- Առաջին ատյանի դատարանը, 2019 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ ճանաչելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի՝ 2019 թվականի փետրվարի 19-ի տարածած հաղորդագրությամբ Ս.Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումը, նախ՝ անդրադարձել է կոնկրետ դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված հետագա դատական վերահսկողության կիրառելիության հարցին՝ արձանագրելով, որ անմեղության կանխավարկածի ենթադրյալ խախտումը քննիչի կողմից լիազորությունների իրականացման ճանապարհին իր իսկ գործողությունների արդյունքում առաջացած հետևանք է, որը չի կարող անջատ դիտվել վերջինի դատավարական լիազորություններից: Բովանդակային քննարկման առարկա դարձնելով հրապարակված հաղորդագրությունը՝ Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ այն պարունակում է մի շարք ձևակերպումներ, որոնց բովանդակությունը ողջամտորեն վկայում է Ս.Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման մասին, վերը նշված հաղորդագրությունը հանրության, մասնավորապես՝ ողջամիտ դիտորդի մոտ, կարող է առաջացնել այն հավատը, որ Ս.Քոչարյանը մեղավոր է։ Անդրադառնալով քննարկվող հաղորդագրությունը հրապարակայնորեն հերքելու և Սեդրակ Քոչարյանից ներողություն խնդրելու պարտավորություն սահմանելու մասին բողոքաբերի խնդրանքներին՝ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ այդ մասով բողոքը ենթակա է մերժման, քանի որ ՀՀ քրեական դատավարության շրջանակներում դատարանն ինչպես ներողություն խնդրելու, այնպես էլ հրապարակավ հերքելու պարտականություն սահմանելու իրավական հնարավորություն և լիազորություն չունի: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը նշել է, որ եթե նույնիսկ պայմանականորեն ընդունվի, որ անմեղության կանխավարկածի խախտման հարցը չի կարող քննարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով, ապա, բոլոր դեպքերում, այն ենթակա է դատական կարգով քննության, քանի որ դա բխում է անձի դատական պաշտպանություն ստանալու իրավունքից24,

- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 5-ի որոշումը, արձանագրել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չեն կարող չլինել նաև վարույթն իրականացնող մարմնի` իր լիազորություններից բխող և դրանց իրականացման ընթացքում նրա կողմից, վերջինիս նախաձեռնությամբ կամ թողտվությամբ (համաձայնությամբ) կատարվող այն բոլոր գործողությունները (անգործությունը), որոնք խախտում են անձի իրավունքները և դրանց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման25:

28. Սույն որոշման 22-26-րդ կետերում վկայակոչված իրավանորմերը և արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելով սույն որոշման նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքների նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել այն հանգամանքը, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի կողմից հաղորդագրություն տարածելը վարույթն իրականացնող մարմնի՝ քրեադատավարական օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում կատարված գործողություն չէ, որի ուժով դրա օրինականությունը և հիմնավորվածությունը հնարավոր կլիներ վիճարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով։ Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն փաստարկին, թե «գործի հետ կապված պետական իրավասու մարմնի ընդհանուր լիազորությունների մեջ մտնող ցանկացած որոշում և/կամ գործողություն» պետք է քննարկման առարկա դարձվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այդ մոտեցումն ըստ էության վերացնում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմանները, որն ուղղակիորեն հակասում է օրենսդրի՝ բողոքարկվող որոշման կամ գործողության՝ օրենսգրքով նախատեսված լինելու և ըստ այդմ՝ դատավարական բնույթ կրելու պահանջին։

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կոնկրետ դեպքում, անգամ անմեղության կանխավարկածի սկզբունքի ենթադրյալ խախտում արձանագրելու դեպքում, դատարանի կողմից խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականություն սահմանելն առաջացնելու էր որոշման կատարման անհնարինություն, քանի որ մամլո հաղորդագրության տեքստի հերքումը կամ դրա խմբագրումը դուրս է վարույթն իրականացնող մարմնի քրեադատավարական լիազորությունների շրջանակից, որպիսի հանգամանքը հաստատել է նաև Առաջին ատյանի դատարանը՝ ներողություն խնդրելուն պարտավորեցնելու մասով մերժելով բողոքը։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, սույն որոշման 26-րդ կետում ներկայացված դիրքորոշման հաշվառմամբ, փաստում է, որ կոնկրետ դեպքում իրավական պաշտպանության արդյունավետ միջոց կարող էր լինել խախտված իրավունքների վերականգնման քաղաքացիաիրավական գործիքակազմի կիրառումը, այդ կերպ նաև երաշխավորելով անձի դատական պաշտպանության իրավունքը, որը դրվել էր Առաջին ատյանի դատարանի դատական ակտի պատճառաբանությունների հիմքում։

29. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի՝ 2019 թվականի փետրվարի 19-ին տարածած հաղորդագրության դեմ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման հիմքով բերված բողոքը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնելը հիմնավոր չէ։

30. Վերոշարադյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքաբերի կողմից բարձրացված՝ սույն որոշման 5.1-ին և 5.2-րդ կետերում ներկայացված փատարկներին:

31. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի ապրիլի 5-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 2-ի որոշումը բեկանելու և փոփոխելու համար։

Միաժամանակ, վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարան ներկայացրած` դիմող Ս.Քոչարյանի ներկայացուցիչ Հ.Ալումյանի բողոքը պետք է մերժել։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի ապրիլի 5-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 2-ի որոշումը բեկանել և փոփոխել: Դիմող Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի ներկայացուցիչ Հ.Ալումյանի բողոքը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

___________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե'ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 9-11:

3 Տե'ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 64-65:

4 Տե'ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 84-98:

5 Տե'ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 73-97:

6 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Matijasevic v. Serbia գործով 2006 թվականի սեպտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 23037/04, 48-րդ կետ։

7 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Garycki v. Poland գործով 2007 թվականի փետրվարի 6-ի վճիռը, գանգատ թիվ 14348/02, 66-րդ կետ։

8 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Allenet de Ribemont v. France գործով 1996 թվականի օգոստոսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 15175/89, 35-36-րդ կետեր, Nesták v. Slovakia գործով 2007 թվականի փետրվարի 27-ի վճիռը, գանգատ թիվ 65559/01, 88-րդ կետ։

9 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Daktaras v. Lithuania գործով 2000 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 42095/98, 41-րդ կետ:

10 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Virabyan v. Armenia գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճիռը, գանգատ թիվ 40094/05, 193-րդ կետ:

11 Տե'ս Human Rights Committee, General Comment 13, Article 14 (Twenty-first session, 1984), Compilation of General Comments and General Recommendations Adopted by Human Rights Treaty Bodies, U.N. Doc. HRI/GEN/1/Rev.1 at 14 (1994), կետ 7:

12 Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Բաղդասարյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 որոշման 14-րդ և 15-րդ կետերը։

13 Տե'ս Amal Clooney, Philippa Webb, The Right to a Fair Trial in International Law, Oxford University Press (2020), էջ 249:

14 Տե'ս նույն տեղում։

15  Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Petropavlovskis v. Latvia գործով 2015 թվականի հունվարի 13-ի վճիռը, գանգատ թիվ 44230/06, 91-րդ կետ:

16 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Paul and Audrey Edwards v. The United Kingdom գործով 2002 թվականի մարտի 14-ի վճիռը, գանգատ թիվ 46477/99, 96-97-րդ կետեր:

17 Տե՛ս Ազգային դատական համակարգերի արդյունավետության խնդիրների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2004 թվականի մայիսի 12-ի թիվ R (2004) 6 հանձնարարականի հավելվածը, 4-րդ կետ։

18 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Virabyan v. Armenia գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճիռը, գանգատ թիվ 40094/05, 82-95-րդ կետեր:

19 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Մելինե Մարգարյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0081/01/ 11 որոշումը, 19-25-րդ կետեր։

20 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Januškevičienė v. Lithuania գործով 2019 թվականի սեպտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 69717/14, 58-62-րդ կետեր։

21 Տե'ս օրինակ՝ Արա Մինասյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի՝ թիվ ԵԴ/17717/02/18 գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։

22 Տե΄ս սույն որոշման 7-րդ կետերը։

23 Տե΄ս մանրամասն սույն որոշման 8-րդ կետը:

24 Տե΄ս մանրամասն սույն որոշման 9-րդ կետը:

25 Տե΄ս մանրամասն սույն որոշման 10-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Լ. Թադևոսյան

 

 

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան